Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թեև Չապլինի թոռն է, բայց չի սիրում , երբ իրեն դնում են Չապլինի թոռան տեղը

Ջեյմս Թիերեն չի սիրում, երբ հիշեցնում են այն մասին, որ ինքը մեծ կատակերգակ Չարլի Չապլինի թոռն է: «Բոլորն ունեն ծնողներ, տատիկներ ու պապիկներ և մենք նրանցից յուրաքանչյուրից ինչ-որ բան ենք վերցնում: Սակայն, իմ դեպքում դա միշտ Չապլինն է, Չապլինը և Չապլինը»,- բողոքում է նա:

Բայց նա միայն ակնհայտ արտաքին նմանություն չունի իր պապի հետ: Նա, ինչպես և Չապլինը, ունի այս ու այն կողմ ալեկոծվող մազերի բաշ և կապտա-մոխրագույնի փափուկ երանգով աչքեր: Բացի այդ Ջեյմսը պապից ժառանգել է իր մարմինը վիրտուոզ տիտապետելու վարպետություն: Ինչպես և Չարլի Չապլինը, նա նույնպես օժտված է հիանալի արտիստականությամբ, մնջախաղացի ու ակրոբատի տաղանդով, ռեժիսորի անուրանալի ձիրքով, կոմպոզիտորի օժտվածությամբ, դաշնակահարի ու ջութակահարի կատարողական արվեստով:

Ինչպես և Չապլինը, Ջեյմս Թիերեն բեմական շարժման ունակություններով հասել է այնպիսի պլաստիկայի, որ Վացլավ Նիժինսկու գնահատականը՝ հասցեագրված նրա նշանավոր պապին, կարելի է հանգիստ փոխադրել նաև թոռան հասցեով:

Թիերեն (նա ծնվել է 1974 թ.-ի մայիսի 2-ին) հարցազրույցներից մեկում ասել է. «Ես տեսնում եմ, որ բոլորը մեզ համեմատում են իրար հետ, սակայն դա իմ վրա երբեք ազդեցություն չի թողել: Իմ մասնագիտությունն՝ իմ ընտրությունն է: Հակառակ դեպքում, ես երբեք դրանով չէի զբաղվի: Ես մշտապես զգում եմ, որ պետք է ինձ բացահայտեմ»:

4 տարեկան հասակում Ջեյմսը և նրա 3-ամյա քույրը՝ Աուրելիան հյուրախաղային ճամփորդությունների էին մեկնում ծնողների հետ և նրանց շոուի մեջ խաղում էին չորս ոտանի ճամպրուկի դեր: Նրանց հայրը՝ Ժան-Բատիստ Թիերեն և մայրը՝ Վիկտորիա Չապլինը 1970-ականների վերջերին հիմնեցին իրենց սեփական «Le Cirque Invisible» կրկեսը, որի բեմադրություններն արմատականորեն տարբերվում էին դասական ներկայացումներից՝ դրանցում կիրառվող անօգտագործելի թափուկների և վարժեցված կենդնիների շնորհիվ:

«Մայրս՝ Վիկտորիան, շատ ռոմանտիկ պատմություն ունի: Նա 18 տարեկան է եղել, ապրել է Լոզանից ոչ հեռու, Վեվում, տատիկիս՝ Ունայի ու պապիկիս՝ Չարլիի հետ և հաճախել է պարի դասերի: Պապս (Չարլի Չապլինը) պլանավորել է նրան նկարահանել իր նոր «The Freak» («Այլանդակը») ֆիլմում: Այդ պատճառով նրա նկարը հրապարակվել է մի հանդեսում, հարցազրույցի հետ միասին, որտեղ հիշատակվում են մորս այն խոսքերը, որ ինքը ցանկանում է դառնալ կրկեսի ծաղրածու: Հայրս (ֆրանսիացի դերասան, ով նկարահանվել է կինոյի այնպիսի դասականների ֆիլմերում, ինչպիսիք են Ալեն Ռենեն և Ֆեդերիկո Ֆելինին) կարդացել է այդ հարցազրույցը և մայրիկիս գրել, որ ինքը ցանկանում է ստեղծել կրկեսի նոր տեսակ: Մայրս պատասխանել է նրան: Հայրս եկել է Լոզան և նրանք գաղտնի հանդիպել են: Գաղտնի, քանի որ նա գիտեր՝ Չարլին և Ունան դեմ կլինեին ապագա հորս: Դրանից հետո նրանք պարզապես փախան: Մայրս, ով գրեթե նույն տարիքին էր, ինչ-որ Ունան, երբ ամուսնացավ Չարլիի հետ, շատ գեղեցիկ էր՝ կապտամոխրագույն հսկայական աչքերով և սպիտակ մաշկով: Նա հիմա 55 տարեկան է և մինչև այժմ էլ այդ տեսքն ունի: Իսկ «The Freak»-ն այդպես էլ չնկարահանվեց»:

Վիկտորիայի և Ժան-Բատիստի երեխաներին կրթում էին տանը՝ վարձված ուսուցիչները: Բայց, երբ Ջեյմսը դարձավ 12 տարեկան, տեղափոխվեց Փարիզ և ընդունվեց ամերիկյան դպրոց, որտեղ կատարելագործեց անգլերենի իմացությունը: «Դպրոցում սովորող երեխաների մեծ մասը դիվանագետների երեխաներ էին: Ես ծաղրածուի որդի էի: Գիտե՞ք, թե որքա՞ն արատավոր կարող են լինել երեխաները: Մենք ետնապահներն էինք, անլիարժեքները: Մի տեղից մյուսը կատարած մեր Ճանապարհորդությունները մեզ սովորեցրել էին անկայուն վիճակներին: Բայց ինչ-որ մշտական բան մեր մեջ, այնուամենայնիվ, կար. Դա այն էր, որ մենք դիտում էինք մեր ծնողներին աշխատանքը»,- ասել է նա:

Այս կրթարանից զատ, Ջեյմսը որպես պրակտիկանտ-դերասան սովորում էր «Piccolo Teatro di Milano» հիանալի թատրոնում, ուսանում էր Հարվարդի թատերական դպրոցում և Փարիզում գտնվող Ազգային կոնսերվատորիայի դրամատիկական արվեստի բաժնում:

Նրա գեղեցիկ արտաքին տվյալները հնարավորություն էին ընձեռել այդ ժամանակ նկարահանվել մի քանի կինոնկարներում:

15 տարեկան հասակում Ջեյմսը նկարահանվեց Փիթեր Գրինուեյի «Պրոսպերոյի գրքերը» ֆիլմում, որտեղ մարմնավորում է Արիելի կերպարը և ցուցադրում է իր ակրոբատիկական ունակությունները: «Վատել» կինոնկարում նա խաղում է հերցոգ դե Լոնգվիլի դերը: Իսկ «Twice upon a Time» ֆիլմում կերտած կերպարի համար 2006 թ.-ին առաջադրվեց «Սեզար» մրցանակի, որպես բազմախոստում դերասան:

Գնչուական ծագմամբ ռեժիսոր Թոնի Գաթլիֆի «Ինքն իրեն» (Korkoro, 2009թ.) կինոնկարում Թիերեն կերպավորել է գնչու Թալոշ Ռոլին, որը շատ վառ և հաջողված էր ստացվել: Թերևս դա գալիս էր նաև այն բանից, որ նրա հերոսը երեխայի խելք ուներ և աշխարհին նայում էր միամիտ աչքերով:

Իսկ ֆիլմը պատմում է ֆաշիստների կողմից օկուպացված Ֆրանսիայի մասին: Ի դեպ, մարմնավորելով այդ գնչուի կերպարը, Ջեյմսն ինչ-որ առումով խաղացել է նաև համաձայն իր արյան կանչի, քանի որ վերջերս պարզվել է, որ Չապլինը նույնպես ունի գնչուական արմատներ:

1998թ.-ին Թիերեն հիմնում է սեփական թատերական ընկերությունը, որը անվանում է «La Compagnie Du Hanneton»: Նա բեմադրում է մի քանի ներկայացումներ, որոնք բարձր են գնահատվում քննադատների շրջանում, 4 անգամ արժանանում է «Մոլյեր» մրցանակի: Նա իր թատրոնում ցուցադրում էր յուրահատուկ մի ոճ, որը մնջախաղի ու ակրոբատիկայիզարմանալի մի համաձուլվածք էր:

Թեև Ջեյմսը ամեն կերպ ժխտում է Չարլի Չապլինի արվեստի ազդեցությունն իր ներկայացումների ու ոճի վրա, բայց և այնպես դիտողի մոտ ակամա զուգահեռներ անցկացնելու բնազդներ են առաջանում նրա հնարքները դիտելու ժամանակ: Ինչպես նրա հանճարեղ պապի, այնպես էլ իր մոտ յուրաքանչյուր շարժումը, յուրաքանչյուր ակնարկը ներծծված է ոչ շինծու զգացմունքայնությամբ: Գենետիկան, այնուամենայնիվ գործում է: Պարզապես միևնույն ընտանիքը մարդկությանը պարգևել է երկու հոյակապ միմերի՝ Չարլի Չապլինին և Ջեյմս Թիերեին:

Տեսանյութեր

Դիտվել է 1265 անգամ
12345678910