Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գեներալի տարվա եղանակները


Գեներալի տարվա եղանակները

(Տրագիկոմեդիա 3 գործողությամբ)


Գործող անձինք


1. Անձինք, որոնք հանդես են գալիս բեմում

ԳԵՆԵՐԱԼ

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ

ՄԵԽԱՆԻԿ

ՆՇԱՆԱՌՈՒ


2.Անձինք, որոնք բեմում ընդհանրապես չեն երևում և հանդես են գալիս ձայնով

ԳԱՐՈՒՆ

ԱՄԱՌ

ԱՇՈՒՆ

ՁՄԵՌ

ՈՐԴՒ (Կաքավ քույրիկի որդին)

ԱՂՋԻԿ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻ

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻ



1-ին գործողություն


Պատկեր 1-ին

Գեներալի խնամքով քողարկված դաշտային հրամանատարական կետը, որի խորքում, կենտրոնում՝ բարձրության վրա, դեպի հետնաբեմ ուղղված գնդացիր կա: Գնդացիրից աջ՝ տարբեր մեծության արկղերի ու հրանոթի արկի դատարկ պարկուճների խառը կիտուկ է երևում (կիտուկը թաքցնում է Գեներալի գաղտնի պահարանը), իսկ ձախ կողմում՝ կախված է դույլ-լվացարան:

Բեմի առաջնամասի կենտրոնում դրված է թնդանոթային արկերի միմյանց վրա դարսված դատարկ արկղերով հավաքված ինքնաշեն սեղան, որի մի ծայրին երևում է դաշտային շարժական ռադիոկայանը, իսկ մյուս ծայրին տափաշիշ ու մետաղե երկու բաժակ:

Լսվում են հեռավոր ճակատամարտի ձայներ:

Իր չափերից ակնհայտորեն մեծ համազգեստ հագած Գեներալը վճռական քայլերով մոտենում է արկղերի ու հրանոթային պարկուճների կիտուկին, դրանք հերթականությամբ հեռացնելով՝ ազատում է գաղտնի պահարանի դեմը, իր պարանոցից կախված բանալիով բացում է երկաթյա դուռը, մի ձեռքով պահարանից ուտեստով լցված ափսե է հանում, մյուսով՝ ալկոհոլի շիշ ու բաժակ, որոնք տանում, խնամքով դնում է սեղանին՝ տափաշշի ու մետաղե բաժակների կողքին: Հետո նորից մոտենում է պահարանին, աղմուկով վրա բերում ու պարանոցից կախված բանալիով փակում է երկաթյա դուռը, ապա՝ արկղերն ու հրանոթային դատարկ պարկուճներն իրար վրա անկանոն շարելով՝ կրկին այն քողարկում:

Հնչում է ռադիոկայանի ազդանշանը:

ԱՂՋԻԿ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻ (Ձայն)- Գեներալ, շտաբը կանչում է Գեներալին... Շտաբը կանչում է Գեներալին...

ԳԵՆԵՐԱԼ (Դժգոհ, հրանոթային արկի վերջին դատարկ պարկուճը մի կերպ հարմարեցնում է հավաքված կիտուկին ու շտապ մոտենում է ռադիոկայանին) – Եկա, եկա... (Միացնում է ռադիոկայանի հակադարձ կապը) Գեներալը լսում է շտաբին, Գեներալը համակ ուշադրությամբ լսում է շտաբին...

ԱՂՋԻԿ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻ (Ձայնը: Ծիծաղում է ու արագ իրեն զսպում)-Գեներալ այս պատերազմից իմ ամենահաճելի հիշողությունը կմնա ձեր ոչ կանոնադրային ռադիոկանչը... (Նմանակելով Գեներալին) «Համակ ուշադրությամբ... »

ԳԵՆԵՐԱԼ – Իսկ ինչու՞, այդտեղ շտաբում, չեք ասում, որ առանց իմ ռադիոկանչի հաղթանակը չէր հասնի նաև լքյալ գյուղ...

ԱՂՋԻԿ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻ(Ձայնը: Հարգալից)- Ասում ենք, ասում ենք, Գեներալ, բայց, անկեղծ ասած, միայն այն ժամանակ, երբ շոկոլադ ենք ուտում: (Ծիծաղում է)

ԳԵՆԵՐԱԼ – Շոկոլադը լավ է, մանավանդ, եթե եվրոպական է:

ԱՂՋԻԿ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻ (Ձայնը) – Ես ձեզ շատ լավ եմ հասկանում, Գեներալ: Շտաբում ասում են, մեր Գեներալն իսկական գեներալ է, նրա նվիրած շոկոլադն էլ՝ իսկական շոկոլադ է:

ԳԵՆԵՐԱԼ – Ուր է, թե բոլորը քո խելքն ունենային:

ԱՂՋԻԿ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻ (Ձայնը)- Որտեղի՞ց, Գեներալ, իմ չափ ոչ մեկն այստեղ չի կարող շոկոլադ սիրել:

ԳԵՆԵՐԱԼ – Ես դա լավ գիտեմ: Շատ լավ գիտեմ:

ԱՂՋԻԿ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻ (Ձայնը)- Իսկ առայժմ ահա ձեզ ուղղված հերթական ռադիոգիրը, Գեներալ:

ԳԵՆԵՐԱԼ – Լսում եմ, ասա, ասա... Տեսնեմ, հիմա ի՞նչ են ուզում:

ԱՂՋԻԿ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻ (Ձայնը) – Գեներալ, Լքյալ գյուղում, ըստ գերիների ցուցմունքների, տեղակայված է գաղտնարան, որը նահանջելիս, ինչպես և գյուղի շինությունների մեծամասնությունը և դրանցում առկա գույքը, թշնամին չի հասցրել իր հետ տանել կամ ոչնչացնել: Գյուղի բոլոր կանգուն մնացած օբյեկտների պահպանությունը շտաբը հանձնարարում է ձեզ՝ մինչև այդտեղ կժամանի տանկային մեկ միավոր, որի ուղեկցությամբ ձեր զինվորները գաղտնարանի պարունակությունը պետք է փոխադրեն շտաբի տեղակայման գոտի:

ԳԵՆԵՐԱԼ (Բարկացած) – Շտաբում չեն հասկանու՞մ, որ պատերազմն արդեն ավարտվում է, որ նախ ուսադիրներս պիտի հաստատեն...

ԱՂՋԻԿ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻ (Ձայնը) –Ուսադիրնե՞րը, թե՞ կոչումը:

ԳԵՆԵՐԱԼ – Իմ կոչումը ի ծնե է, աղջիկ, ինձ մի ընդհատիր: Որ ասում են ուսադիրներ, ուրեմն պետք է հասկանալ ուսադիրներ...

ԱՂՋԻԿ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻ(Ձայնը)-Կներեք, Գեներալ:

ԳԵՆԵՐԱԼ - Հանձնարարություն են իջեցնում... Չէ, մի (Դադար) Դե լավ, փոխանցիր... փոխանցիր, որ ոչ թե հանձնարարությունը, այլ իրենց խնդրանքը կաշխատենք կատարել...

ԱՂՋԻԿ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻ (Ձայնը) – Եղավ,, Գեներալ...

ԳԵՆԵՐԱԼ (Վերամբարձ) - ... իսկ ճակատագրով ինձ տրվածը ինձ էլ պիտի մնա...

ԱՂՋԻԿ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻ (Ձայնը, հուզված) – Եղավ,, Գեներալ...

ԳԵՆԵՐԱԼ - ... անկախ այն բանից իրենք կհաստատեն...

ԱՂՋԻԿ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻ (Ձայնը) – Շատ լավ, Գեներալ:

ԳԵՆԵՐԱԼ - ... թե՝ չեն հաստատի այս անիծյալ ուսադիրները:

ԱՂՋԻԿ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻ (Ձայնը) – Հասկանում եմ, գեներալ:

ԳԵՆԵՐԱԼ – Արդեն 72 ժամից ավելի է, որ լքյալ գյուղը դատարկ է ու հսկողությունից դուրս... Ով իմանա, թե այնտեղ հիմա ի՞նչ է կատարվում...

ԱՂՋԻԿ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻ (Ձայնը) – Գեներալ, ես փոխանցում եմ այն՝ ինչ հրամայված է:

ԳԵՆԵՐԱԼ- Դե լավ, ճիշտ ես ասում, Էլի բան կա՞ ինձ փոխանցելու:

ԱՂՋԻԿ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻ (Ձայնը) – Ոչ, Գեներալ, առայժմ՝ ոչ:

ԳԵՆԵՐԱԼ- Դե, լավ, ուրեմն՝ կապին վերջ: (Անջատում է ռադիոկայանը: Խոսում է ինքն իր հետ, ջղային) Հանձնարարում են, բայց ուսադիրներիս ու համազգեստիս հարցը օդում կախված են պահում: Իրենք եղունգ ունեն, ու իրենց գլուխն են քորում (Գլուխը քորում է): Բա, մենք գլուխ ու եղունգ չունե՞նք: Պատերազմն արդեն ավարտվում է: Թող բոլորը լավ իմանան, Գեներալը, դա հոգեբանություն է, ոգի, հաղթական ոգի... (Միացնում է ռադիոկայանը: Ինքն իրեն՝ հեգնանքով) Գեներալը ձեր հրամանին պիտի սպասեր, որ անտեր մնացած գյուղը հսկողության տակ վերցներ... Հայ, հայ... (Ռադիոկայանով կանչում է) «Տարվա եղանակներ»... Գեներալը կանչում է «Տարվա եղանակներին», Գեներալը կանչում է «Տարվա եղանակներին»... (Պատասխան չի հնչում) Սրանք էլ ռադիոծածկույթից դուրս հայտնվելու ժամանակ գտան... Երևի ձորով են գնում... (Գեներալը մոտենում լվացարանին, օճառով լվանում է ձեռքերը, չորացնում, ափերով շփում է դեմքը, խոր շնչում ու, մոտենալով սեղանին, շշից լցնում է բաժակը ու մի պահ մտախոհ կանգնում) Գաղտնարա՞ն, տեսնես մեջը մի բան կա՞ ... (Խմում է բաժակի պարունակությունը, ուտեստ է գցում բերանը և ծամելով մոտենում գնդացրին: Նայում է հրամանատարական կետից դուրս գտնվող տարածությանը, բերանի պարունակությունը կուլ է տալիս, նշան բռնում): Հաղթանակի և հաջողության համար: Բայց հիմա, ընդհակառակը՝ հաջողության և հաղթանակի համար: (մի քանի ուղղություններով արագ ու կարճ կրակահերթեր է արձակում, ապա ուղղվում) Պրոֆիլակտիկ հրաձգություն, որպես մարտական զգոնության բաղադրիչ: Ճակատային գիծն արդեն հորիզոնի այն կողմում Է, բայց կռվի ձայները հասնում են այստեղ,: (Կրկին մոտենում և լցնում է բաժակը) Շատ հետաքրքիր ժամանակներ են: (Խմում է և ուտում) Սև շուկայից ուսադիրներ ու զինվորական հագուստներ գնիր, նոր լքված բնակավայրի մոտակայքում, մոտավորապես, ասենք, այ այսպիսի տեղանքում, ամրացված դիրք կառուցիր և կարող ես քեզ Գեներալ զգալ: Սկզբում կծիծաղեն, հետո ձանձրալի կթվա, իսկ վերջում, արդեն, ոչ մեկն առանց Գեներալական ուսադիրերի քեզ չի պատկերացնի:: Իսկ ես, իրականում, իմ ենթակայության տակ ընդամենը 4 զինծառայող ունեմ՝ ճիշտ այնքան, որքան եղանակ ունի տարին՝ Գարուն, Ամառ, Աշուն, Ձմեռ..., Ավելին ինձ հարկավոր չի: Շատերին այս թիվը թյուրիմացության մեջ է գցում. բայց իմ «Տարվա եղանակները» միշտ ապացուցում են, որ ուժը քանակի մեջ չի, այլ՝ որակի... (Երևում է ծածանվող դրոշի ստվերը: Ֆալշ ձայնով, բայց բարձր երգում է) Բարձր սարեր կելնենք, հարթ հովիտներ կմտնենք, Թիրախ գտնենք՝ կխոցենք, Տարվա եղանակներն ու ես ... Հիմա տղերքս հատուկ առաջադրանքով մեկնել են լքյալ գյուղ: Ի՞նչ Գեներալ, եթե սրտի խորքում չունենա իր և իր զինվորների ընդհանուր շահերից բխող գլխավոր հարցը. «Իսկ արդյո՞ք լքյալ գյուղում սառնարան, լվացքի մեքենա, կամ վաճառքի ենթակա դուռ – լուսամուտ ունեցող, անտեր մնացած տներ և ուրիշ հետաքրքրական բաներ չկա՞ն: (Միացնում է ռադիոկայանը) Սա իսկական զորավարին ու լավ զինվորին մոտիվացնող դարերով ստուգված բանաձևն է, Լենկ-Թեմուր, Չինգիզ Խան... Տո Եգիպտոսի մումիաները, հին-հին ոսկեղենն ու պապիրուսները ֆրանսիա տեղափոխած Նապոլեոն... Այդ մեծերի օրինակով ես էլ, պատերազմի սկզբից, մեկնարկ եմ տվել «Մատչելի ապրանք» գաղտնի պլանիս: Ինչով Նապոլեոն չեմ: Կամ՝ Լենկ Թեմուր... (Կաղ ձևանալով մոտենում է ռադիոկայանին: Կանչում է) Տարվա եղանակներ, Տարվա եղանակներ, ես Գեներալն եմ, պատասխանեք:

ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ (Քառաձայն) – Գեներալ, Տարվա եղանակները լսում են, Տարվա եղանակները լսում են:

ԳԵՆԵՐԱԼ - Տարվա եղանակներ, Էլի ձո՞րն էիք մտել առանց խիստ անհրաժեշտության...

ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ (Քառաձայն)- Գեներալ, ճանապարհը կարճ էինք կտրում:

ԳԵՆԵՐԱԼ – Հիմա որտեղ եք:

ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ (Քառաձայն)- Արդեն տեղում ենք, դեռ մի բան էլ ավելի:

ԳԵՆԵՐԱԼ – Ինչ է նշանակում «դեռ մի բան էլ ավելի»: Լքյալ գյուղը կկարողանա՞ սև շուկայի պահանջարկը բավարարել:

ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ (Քառաձայն)– Գեներալ , Դեռ մի բան էլ ավելի,:

ԳԱՐՈՒՆ(Ձայնը) – Միկրոֆոնի մոտ Գարունն է. Գեներալ, Բայց...ես կարծում եմ գործողության հայեցակարգը փոխելու կարգադրություն պիտի տաս:

ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ (Քառաձայն) – Գեներալ, մենք համաձայն ենք, Գարնան առաջարկած նոր եղանակային տեսությանը:

ԳԵՆԵՐԱԼ – Տարվա եղանակներ, մի խառնեք արդեն հաստատված եղանակային տեսությունը: Գործողությունն ընթացք է ստացել, ձեր խնդիրը դրան արագացում հաղորդելն է ...

ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ (Քառաձայն) – Գեներալ լքյալ գյուղում իրադրությունը արմատապես փոխվել է:

ԳԵՆԵՐԱԼ – Ինչ է նշանակում, փոխվել է, բնակիչներն են վերադարձե՞լ, թե՞ մեզնից ավելի օպերատիվ կռվողներ են հայտնվել:

ՁՄԵՌ (Ձայնը) –Միկրոֆոնի մոտ Ձմեռն է. Գեներալ, մեզնից օպերատիվ ո՞վ կարող է լինել, ուղղակի մենք կարծում ենք, որ լքյալ գյուղում այս պահին սառնարանի կամ լվացքի մեքենայի ժամանակը չի...

ԳԵՆԵՐԱԼ – Ոնց թե... Ո՞նց կարող է սառնարանի ժամանակը չլինել... Ձմեռ, խելքդ տեղու՞մ է,

ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ (Քառաձայն) – Գեներալ, դեռ մի բան էլ ավելի: (Հանդիսավոր) Գեներալ, մենք վառելիք տեղափոխող մեքենաների գաղտնարան ենք հայտնաբերել:

ԱՄԱՌ (Ձայնը) - Միկրոֆոնի մոտ Ամառն է. Գեներալ, աչքերիս չենք հավատում, բայց հո ձեռքերին կհավատանք: Ըհը, այ այսպես շոշափում եմ... Իրոք, քողարկված կանգնած են բարձր. շատ բարձր ընկուզենու տակ:

ԱՇՈՒՆ (Ձայնը) - Միկրոֆոնի մոտ Աշունն է. Գեներալ, երկուսն էլ, պռնկե-պռունկ, լցված են դիզելային վառելիքով:

ԳԱՐՈՒՆ (Ձայնը) - Միկրոֆոնի մոտ Գարունն է. Գեներալ, ամեն մեկը 20 տոննա տարողությամբ:

ԳԵՆԵՐԱԼ (Ոգևորված) –Գտել են, Գտել են... Դա է, որ կա... Ուրեմն անհապաղ, լսում եք, անհապաղ գործողության մեջ է դրվում «Սև շուկա» պլանը: (Ինքն իրեն) Թող այնտեղ, վերևներում կոկորդ պատռեն: (Հեգնալից) Ասում են. « Տանկ ենք ուղարկել, որ ուղեկցի...»:

ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ (Քառաձայն) – Գեներալ, մենք կարող ենք ուղեկցել նաև առանց տանկի...

ԳԵՆԵՐԱԼ – Գիտեմ, գիտեմ, իմ Տարվա եղանակներ: Դե, հիմա թող փորձեն Գեներալի անունը ծամոն դարձնել: Կարծում էին հեշտ ու հանգիստ պիտի ծամեն, իսկ հարմար պահին՝ փուչիկ անեն ու ճըթ... պայթեցնեն... (Գործնական տոնով) Տարվա եղանակներ, լավ լսեք, ես ձեզ գեներալի խոսք ասեմ. «Եթե գլուխ ունեք, պետք է, որ եղունգ էլ ունենաք»: Ուրեմն՝ ամեն մարդ...

ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ (Քառաձայն)– Պետք է իր սեփական եղունգով իր սեփական գլուխը քորի, Գեներալ:

ԳԵՆԵՐԱԼ (Ծիծաղում է) –Հի, հի: Դեռ մի բան էլ ավելի: Հի, հի, հի...

ԳԱՐՈՒՆ(Ձայնը) – Միկրոֆոնի մոտ է Գարունը. Գեներալ, միայն տեսնել է պետք՝ ինչպես քնից նոր արթնացած կայտառ, ձիգ կանգնած երկու փայլուն, կանաչ նժույգներ: Հիմա ձեռքս դրել եմ դրանցից մեկի հողմնապակուն ...

ԳԵՆԵՐԱԼ –Լավ, սուս, լավ, սուս...եթերում օտար ականջներ կան, բաց տեքստով չխոսել:

ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ (Քառաձայն)– – Գեներալ, Ի՞նչ ...

ԳԵՆԵՐԱԼ – Չոռը ձեր պինչ: Ձայներդ կտրեք... (Դադար: Գեներալը մտածմունքի մեջ է ընկնում) – Տարվա եղանակներ, լսեք ծածկագիրը: Հրամայում եմ, կովերին տարեք...

ԳԱՐՈՒՆ (Ձայնը) – Միկրոֆոնի մոտ է Գարունը. Ինչ կով, ասում ենք նը-ժույգ-ներ...

ԳԵՆԵՐԱԼ – Սրանից հետո կասեք կովեր: Նժույգներն արագ են վազում, որ փախան, ո՞նց կբռնեք...

ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ (Քառաձայն ծիծաղ)– Գեներալ, չենք բռնի...

ԳԵՆԵՐԱԼ – Բա ի՞նչ կանեք:

ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ (Խառը և կիսաերգեցիկ)– Գեներալ, ռոմանտիկ կնայենք ետևներից ու ձեռքով կանենք... (Ծիծաղում են)

ՁՄԵՌ(Ձայնը) – Միկրոֆոնի մոտ է Ձմեռը. Գեներալ, հենց անհետանան՝ կասենք 40 տոնան ու երկու կովը մեզնից ծյու-ծյու... (Ծիծաղում է)

ԳԵՆԵՐԱԼ (Կեղծ ծիծաղում է) – Ես ձեր լավատես ջանին մեռնեմ, տղերք ջան: (Հրամայական) Ուրեմն, լսեք, հենց հիմա, արագ կարգով, կովերին տանում եք սև շուկա: Մթերման եք հանձնում՝ կաթի հետ միասին... Այնտեղ ու՞մ և ինչպե՞ս եք հանդիպելու, երեխա չեք, սառնարանի, լվացքի մեքենայի գործով արդեն ճանաչում եք, գիտեք: Սպասում եմ ձեր զեկույցին, իսկ հիմա՝ կապին վերջ:

ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ (Խառը ձայներ)- Դեպի մեքենաներ... Ամենագնացն առաջ, բեռնատարները՝ ետևից...

( Ռադիոկայանից լսվում է նաև գործի գցվող շարժիչների աղմուկը, ապա միանգամից բոլոր ձայները կտրվում են)

ԳԵՆԵՐԱԼ- 40 տոննա դիզվառելիք և երկու մեքենա: Տարվա եղանակները մեծ փողեր կբերեն: (Մատով ցույց է տալիս վերև) Նրանց բերանն էլ մի բան կգցեմ: Մեկ էլ տեսար չափերիս համապատասխան համազգեստ ու ուսադիրներ տալու մասին որոշում ընդունեցին, (Բարձր ձայնով, բայց ֆալշ երգում է) Բարձր սարեր կելնենք, հարթ հովիտներ կմտնենք, Թիրախ գտնենք՝ կխոցենք, Տարվա եղանակներն ու ես ...


Պատկեր 2-րդ

Լսվում է տանկի շարժիչների ձայն, որը մոտենալով՝ ֆռթֆռթոց է արձակում ու լռում: Առաջացած լռությունը անսպասելի խախտում է հեռվից թռած, եկած կաքավի կղկղոցը: Հանկարծ, մի պահ, կաքավի երգը ընդհատում է տանկի աշտարակի բացվող երկաթյա դռնակի աղմուկը: Դիտահորից դուրս է ցցվում Հրամանատարի գլուխը: Նա դիմում է տանկի ներսում գտնվողներին:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ - Վառելիքը վերջացավ: Գեներալին տեղյակ պահեցի արտակարգ վիճակի մասին: Ասաց՝ վառելիքով չեմ կարող օգնել: Ասաց՝ իմ զինվորներին կհրամայեմ կաղամբ աճեցնել՝ մինչև դուք ձեր վառելիքի հարցը լուծեք: Ծաղրեց: (հեռադիտակով նայում է առաջ)

ՆՇԱՆԱՌՈՒ (Ձայնը) – Խաղաղ տարիներին մեր բակի փոքրիկ տաղավարում շախմատի մշտական չեմպիոնը մի թոշակառու գեներալ էր՝ իր անբաժան գլխարկով, կանաչ կիտելով ու գեներալական ուսադիրներով Մի անգամ նա ասաց. գեներալի ուսադիրները չեն թույլատրում որևէ մեկին ծաղրել, բայց թույլատրում են ցանկացածի հետ կատակել...

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ – Այո, մեր Գեներալն էլ է կատակասեր երևում: (Դուրս է գալիս տանկի աշտարակի դիտահորից ու նստում զրահին) Մինչև լքյալ գյուղի բարձր ընկուզենին մնացել էր 20-25 կիլոմետր: (Ռադիոկայանով կանչում է) Գեներալ, Գեներալ ես Պահածոյի տուփն եմ, պատասխանիր...

ՆՇԱՆԱՌՈՒ (Հրամանատարի ետևից անմիջապես հանում է գյուխը տանկի աշտարակի դիտահորից: Խոսում է բարկացած)– Թշնամուց խլված տանկերի սլաքները սովորաբար ցույց են տալիս լիքը լցված վառելիք, բայց, իրականում, բաքը դատարկ է: (Իջնում է տանկից ու հեգնալից նետում տանկի կողմը) Այ, օրինակ ես, արդեն գիտեմ, որ թիրախ խոցելու համար գնդացրի նշանացույցը մի կես սանտիմետր աջ պիտի պահել: (Թխկթխկացնում է տանկի զրահին) Դուրս եկ: Տեղ հասանք:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ –Գեներալի հետ ունեցած բոլոր պայմանավորվածությունները խափանվեցին: Ստեղծված իրադրության մեջ ինքնուրույն պիտի կողմնորոշվել: (Կրկին ռադիոկայանով կանչում է) Ես Պահածոյի տուփն եմ, Գեներալ, պատասխանիր: (Մեկուսի) Ձայն չկա:

ՆՇԱՆԱՌՈՒ -Գեներալը գեներալական ժողովի է:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ (Սաստում է) –Խոսակցությունները: Շուտով կլրանա 72 ժամը, որ նրանց դիրքը կորցրել է օպերատիվ մարտավարական, նույնիսկ ռազմավարական նշանակությունը:Ասում են շատ լավ են կռվել: Թշնամին մեծ զոհեր է տվել ու չի կարողացել մի քայլ անգամ առաջ շարժվել: Հետո մեր բանակը երկու թևերից անսպասելի գրոհել է ու կռիվն արդեն տեղափոխվել է հորիզոնի գծից այն կողմ...

ՆՇԱՆԱՌՈՒ – Հրամանատար, բայց ես չեմ հասկանում, այդ դեպքում ինչու՞ է Գեներալն ամուր կառչել այդ դիրքերին ու չի շարժվում տեղից:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ (Կրկին կանչում է) Գեներալ, ես Պահածոյի տուփն եմ, պատասխանիր... (Նայում է ուսից կախված պլանշետի քարտեզին, ապա մատով ցույց տալիս հեռուն) Այ, այնտեղ, դիմացը երևացող բլուրի հակառակ կողմում են բանակին ավար մնացած դիզվառելիքով լիքը երկու տանկերները: 20-ական տոննա:

(Լսվում է տանկի բացվող դիմային դռնակի աղմուկը և այնտեղից դուրս է սողում Մեխանիկը):

ՄԵԽԱՆԻԿ – Անլուծելի խնդիր չկա: 20-25 կիլոմետրը այստեղից լքյալ գյուղ տանող ոլոր-մոլոր ճանապարհի երկարությունն է: Իսկ ուղիղ գծով 10-15 կիլոմետր չի լինի: Ինչ մի հեռավորություն է, որ... Ոտքով գնա ու վառելիքով լի մեքենաները քշիր, բեր տանկի մոտ:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ – Երևի ճիշտը դա է: Ուրիշ ելք չկա:

ՆՇԱՆԱՌՈՒ (Մեխանիկին) – Եթե սարը չի մոտենում Մուհամմեդին, ուրեմն՝ Մուհամմեդը կմոտենա սարին: Համ էլ ոտքին զոռ տալիս ցուցիչ սարքերի հարց չի առաջանա:

ՄԵԽԱՆԻԿ(Հեգնանքով) –Հա, թշնամին ցուցիչ սարքը դիտավորությամբ շարքից հանել էր, որ եթե տանկը խլենք, ապա ճանապարհի կեսին կանգնի... (Հանդիմանությամբ) Ետ դարձիր՝ տես քաղաքում դիզվառելիք կգտնե՞ս...

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ – Քաղաքը լուծում չի կարող առաջարկել: Նշխար-նշխար բաժանվող նավթից բացի, ուրիշ վառվող հեղուկ այնտեղ չկա...

ՄԵԽԱՆԻԿ (Նշանառուին՝ հեգնալից) - Մտածիր, նոր խոսիր:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ- Լավ, լավ: Մի վիճեք: (Հրամանատարը ցած է ցատկում տանկից: Քարտեզի վրա չափումներ է անում, նայում ինչ-որ հեռու կետի: Նշանառուն ու Մեխանիկը այս դինամիկ լռության մեջ շունչները պահած, մեծ ուշադրությամբ հետևում են նրա յուրաքանչյուր շարժումին: Հրամանատարը հանկարծ ու կիսաձայն է խոսում): Լսու՞մ եք:

ՆՇԱՆԱՌՈՒ և ՄԵԽԱՆԻԿ (Ականջ են դնում: Շշուկով) - Ի՞նչը:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ- Ձայնը:

ՆՇԱՆԱՌՈՒ (Խիստ լարված ու զգուշավոր) – Չէ... Չի լսվում:

ՄԵԽԱՆԻԿ – Չէի ասի, որ շատ խորը, բայց լռություն է:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ- Մի քանի օր առաջ այս դաշտում կռիվ է եղել, իսկ նա երգում է:

ՆՇԱՆԱՌՈՒ – Ոչ մի երգ չեմ լսում:

ՄԵԽԱՆԻԿ – Հա... Լռությունը՝ լռությամբ է երգում:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ- Կաքավը...

(Բոլորը ականջ են դնում կաքավի երգին: Հրամանատարը Կոմիտաս-Թումանյանի հայտնի «Կաքավիկ» երգի կրկներգի երկրորդ հատվածից , սկզբում՝ շշուկաձայն, ապա՝ բարձր, ասես, սկսում է ձայնակցել կաքավին՝)

...Սիրունիկ նախշուն կաքավիկ...

Արև բացվեց թուխ ամպերեն,

Կաքավ թըռավ կանաչ սարեն,

Կանաչ սարեն՝ սարի ծերեն,

Բարև բերավ ծաղիկներեն...

(Կրկներգին ընկերները միանում են նրա երգին)

Սիրունիկ, սիրունիկ, սիրունիկ նախշուն կաքավիկ...

Ուրեմն լսեք: Ստեղծված իրավիճակում իմ վճիռն այսպիսին է: Մեխանիկը առանց վառելիքի տանկի մեջ անելիք չունի: Դուք երկուսով պիտի գնաք լքյալ գյուղի ընկուզենու մոտից մեքենաները քշեք, բերեք այստեղ: Իսկ ես, որպես պատասխանատու, կմնամ տանկի մոտ: Իսկ հիմա հաշվարկենք գործողությունը: Ուղիղ գծով այստեղից լքյալ գյուղ՝ 10-15 կիլոմետր է... Արագ քայլքով դաշտը կտրելու, դիմացի բլուրը բարձրանալու, լքյալ գյուղ մտնելու և մեքենաներն այստեղ հասցնելու համար, կարծում եմ, 3-4 ժամը բավարար է: Իսկ ես այդ ընթացքում կփորձեմ Գեներալի հետ կապը վերականգնել: Դե, ի զեն: Արագ անցնում ենք առաջադրանքի կատարմանը:

ՆՇԱՆԱՌՈՒ – Լսում եմ:

ՄԵԽԱՆԻԿ –Լսում եմ:

(Նշանառուն և Մեխանիկը տանկի մեջից վերցնում են իրենց ինքնաձիգերը և զգաստ կանգնում կողք-կողքի)

ՆՇԱՆԱՌՈՒ – Հրամանատար, շարքային Նշանառուն պատրաստ է կատարել առաջադրանքը :

ՄԵԽԱՆԻԿ – Հրամանատար, շարքային Մեխանիկը պատրաստ է կատարել առաջադրանքը:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ (Պատվի է առնում) – Հաջողություն ձեզ, տանկիստներ: Աջ դարձ: Քայլով մարշ...:

ՆՇԱՆԱՌՈՒ (Քայլելով և ետ-ետ նայելով) – Հրամանատար, կաքավին բաց դաշտում մենակ չթողնես...

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ – Չէ, չեմ թողնի: Նշանառու, Մեխանիկ, ուշադիր եղեք,: (Նշանառուն և Մեխանիկը հեռանում են: Հրամանատարը կրկին միացնում է ռացիան) Գեներալ, Գեներալ, Պահածոյի տուփը կանչում է Գեներալին...


Պատկեր 3-րդ

Գեներալը սվինի ծայրով ինչ-որ թվեր է գրում գետնի վրա, ոտքով ջնջում, կրկին գրում:

ԳԵՆԵՐԱԼ(Խոսում է քթի տակ) - 1 լիտրը մոտ 1 եվրո, պլյուս-մինուսով հավասար է պլյու-մինուս 40 հազարին մոտ եվրոյի: Կոպիտ հաշվարկով միայն դիզվառելիքից, ամենաքիչը մի 500 սառնարանի գին դուրս կգա (Ծիծաղում է) Հի, հի, հի...

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ (Ռացիայից լսվում է ռադիոկանչը) - Պահածոյի տուփը կանչում է Գեներալին... Գեներալ... Պահածոյի տուփը կանչում է Գեներալին...

(Գեներալը նայում է ռացիայի կողմը, բայց կրկին հայացքը շրջում է գետնի վրայի խզբզոցներին: Հրամանատարի կանչերը շարունակվում են ու դրանից արդեն մինչև կոկորդը կշտացած Գեներալը անջատում է ռացիան):

ԳԵՆԵՐԱԼ –Հին կռվողների նկատմամբ ջահել սպայի հարգանքը սա՞ է: Տո, տո, կաթնակեր, վերջապես Գեներալի հետ գործ ունես: Ի՞նչ անենք, որ մենք պատերազմի դաշտում արյուն քրտինքով ենք ուսադիր վաստակել: Հա, կրթվել ես, լավ ես արել: Այ քեզ համառություն... Հաստակող: (Հեգնում է) Պահածոյի տուփը կանչում է... Գեներալը գնացել է օպերատիվ գոտի, կաբինետում չի: Արածդ ի՞նչ մի մեծ գործողություն է, որ խառնվել ես իրար: Ընդամենը թիկունքային մի աննշան զորաշարժ: Բայց երևում է, վառելիքի ետևից քեզ ուղարկողի աչքը մտնելու մեծ ցանկություն ունես: Այս տարածքում՝ անտառներում, ձորերում, սարերում, է... ճանապարհի արևելյան ու հարավային կողմերում, կռիվներից հետո տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով, Գեներալը իր զինվորների հետ հիմա զննում է տեղանքը, դրա համար էլ չկա, տեղում չի, բացակայում է... (Միացնում է ռացիան, գտնում է իր ուզած ալիքը) Տարվա եղանակներ, Տարվա եղանակներ, Գեներալը կապի մեջ է, պատասխանեք, Գեներալը կապի մեջ է:

ԳԱՐՈՒՆ (Ձայնը) – Միկրոֆոնի մոտ է Գարունը. Գեներալ, տարվա եղանակները կապի մեջ են: Առաջատար մեքենայում ես ու Ձմեռն ենք: Ամառն ու Աշունը կովերին են քշում: Գեներալ, Գեներալ, լսում ենք...

ԳԵՆԵՐԱԼ – Մեր տարածքի օպերատիվ վիճակը խաղաղ է: Դուք ձեր աչքով տեսնում եք, չէ՞... Ժամն էլ նշեք, որ հարցնողին ասեք՝ այս ժամին 614-րդ քառակուսին ստուգելով շարժվում էինք 615-ի ուղղությամբ, հակառակի պես ռացիան էլ լավ չէր աշխատում, մարտկոցը լիցքից ընկել էր:

ԳԱՐՈՒՆ (Ձայնը) - Եղավ, գեներալ ջան, համ էլ 614-րդ քառակուսում այրված զրահապատ ամենագնաց կա: Կասկած ունեմ, որ ականապատված է: Սակրավորներ պիտի կանչել ... (Ծիծաղում է)

ԳԵՆԵՐԱԼ – Շնորհակալություն բարեխիղճ ծառայության համար: Իսկ հիմա զեկուցեք ընթացիկ իրավիճակի մասին:

ԳԱՐՈՒՆ(Ձայնը) - Միկրոֆոնի մոտ է Գարունը. Գեներալ, մենք կովերին քշելով հասնում ենք նշանակման վայր: Ում պետք էր տեսնել՝ տեսել ենք: Կաթի համար 40 հատ եվրոպական շոկոլադով արդեն համաձայնության ենք եկել: Ասացին մի 60 էլ կովերի համար կտան: Աշնան հետ կովին ուղեկցում է մթերողի ներկայացուցիչը:

ԳԵՆԵՐԱԼ –Ապրեք: Վերջ կապին: (Բարձր ձայնով, բայց ֆալշ երգում է) Բարձր սարեր կելնենք, հարթ հովիտներ կմտնենք, Թիրախ գտնենք՝ կխոցենք, Տարվա եղանակներն ու ես... (Երգի կեսին հեռվում ինչ-որ կասկածելի բան է նկատում) Սա ինչ տեսիլք է, Պա- հո... Հա, էլի ... (Սկզբում աչքերին չի հավատում, ապա՝ աստիճանաբար դեմքը ողողվում է լայն ժպիտով) Իսկական կաքավ: Վայ, կաքավ ջան: (Շուտ-շուտ եկողի կողմը նայելով իրեն արագ-արագ կարգի է բերում ու լարված հետաքրքրությամբ սպասում է: Վայրկյան անց, կարծես սթափվելով, վերցնում է ինքնաձիգը, ապա միանգամից քաշում է փակաղակը) –Հեյ, ո՞վ ես, ի՞նչ ես փնտրում զինվորական օբյեկտի մոտ:

(Անվստահ քայլերով, ետևից քարշ տալով երկակնանի սայլակ, որի վրա դրված է 20 լիտր տարողությամբ բաք, գալիս է Կաքավ քույրիկը)


Պատկեր 4-րդ

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Չկրակես, զինվոր, եկողը կին է: Թեև հայրենիքս շատ եմ սիրում, բայց հիմա ապրելու համար եմ ճանապարհ ընկել :

ԳԵՆԵՐԱԼ (Ոտքից գլուխ չափելով կնոջը) – Այսպիսի կնոջ համար «սեր» բառը միայն հայրենիքի կողքին չի, որ պիտի տեղավորես... (Երկու ձեռքով ցույց է տալիս Կաքավ քույրիկին, ասես ուզենա գրկել) Կաքավ ջան:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Ի՞նչ: (Բողոքի, հումորի ու բարկության խառնուրդով) Կրկին կաքավ: Ի՞նչ եք ձայներդ մեկ արել: Շնորհակալ եմ, որ առաջին իսկ հայացքից համակրանքիդ արժանացա, զինվոր, բայց ես քեզ խնդրում եմ, ասա, ուրիշ սիրո օբյեկտ չունե՞ս:

ԳԵՆԵՐԱԼ – Իհարկե ունեմ, օրինակ հայրեիքը (Ցուցադրաբար կեղծ ծիծաղում է)

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ (Խաղացկուն ժպիտով)– Ուրեմն, ես, հայրենիքը ու վե՞րջ:

ԳԵՆԵՐԱԼ – Չէ, ինչու՞ միայն դու ու հայրենիքը... Ես լայնախոհ մարդ եմ: Օրինակ, սիրում եմ նաև ծաղիկներ ...

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Ծաղիկնե՞ր ...Վատ չի: Խնդրում եմ մեկն էլ ասա...

ԳԵՆԵՐԱԼ- Կաթի սեր...

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ(Ծիծաղում է) – Դա էլ ընդունվեց:

ԳԵՆԵՐԱԼ – Այնքան բան կա... Ո՞ր մեկն ասեմ...

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ –Կեցցես զինվոր: (Կանխում է Գեներալի խոսելու փորձը) Իսկ հիմա, խնդրում եմ, պատկերացրու՝ աջ ձեռքով գրկում ես մեկին, ձախ ձեռքով՝ մյուսին, դեռ սկեսուրիդ էլ մի բաժակ ջուր ու ճնշումն իջեցնող դեղ ես հասցնում:

ԳԵՆԵՐԱԼ – Չհասկացա: Լավ: Մեկին աջ ձեռքով, մյուսին ձախ... Ջուր, դեղ... Սկեսուր: Բա նման աղցանը կուտվի՞ ...

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Ես իմ սիրո տարածքն եմ ներկայացնում, այսպես ասած՝ ներուժս: Ուրեմն, այդտեղ, այսինքն այդ տարածքում...

ԳԵՆԵՐԱԼ - Ո՞ր տարածքում...

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Իմ սիրո տարածքում նախկինում ամուսինս էլ կար ու ինքը կամ այս մեկին, կամ այն մեկին, կամ էլ այն չէ, բայց այ, այն մեկին իր վրա էր վերցնում, բեռս թեթևացնում էր:

ԳԵՆԵՐԱԼ (Խորապես զարմացած) – Բախտը բերել է:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Ու՞մ:

ԳԵՆԵՐԱԼ –Ամուսնուդ: Չէ, ավելի ճիշտ՝այս մեկի... Կարող է նաև ա՞յն մեկի: Չէ, ավելի լավ է՝ մեկնումեկի:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ (Բարձր ծիծաղում է)– Ոչ, ոչ: Եթե բախտը բերել է, ապա միայն ու միայն իմ... Հսկա էր, իսկական հսկա: Կուզենար, փոքրին էլ, մեծին էլ, ինձ էլ նրանց հետ, մի ճկույթով կբարձրացներ:

ԳԵՆԵՐԱԼ – Ասա վերամբարձ կռունկ էր, էլի...

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Մարդ էր, ուժեղ ու մեծատառով Մարդ: (Խոր վշտով) Բայց զոհվեց մեկ ու կես տարի առաջ: Նահանջի օրերին, հյուսիսում, երբ ընկերների հետ թշնամու գրոհը զսպելով ապահովում էր իրենց սեփական տներից ու գյուղերից տեղահանված մարդկանց անվտանգ նահանջը:

ԳԵՆԵՐԱԼ(Հանկարծ շատ լրջացած դեմքով ու հանդիսավորությամբ սեղանից վերցնում է տափաշիշ ու հանդիսավորությամբ լցնում մետղյա բաժակները, մի բաժակը տալիս է Կաքավ քույրիկին) – Իսկական «Սամագոն» է: Ամուսինդ մեզնից մեկն է եղել: Հերոս տղաներին հարգանք և մեծարում:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ –Հիմա նրա ու իմ երկու երեխաները ու հիպերտոնիայով տառապող սկեսուրս կանք: Տղաս 7, աղջիկս՝ 5 տարեկան է: Սկեսուրս հունիսին կբոլորի 76-ը:

ԳԵՆԵՐԱԼ –Իմ Խոնարհումը նրանց: Ընկածների կենացը: (Մի ումպով խմում է ու թևքից հոտ է քաշում)

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Ես ոչի՞նչ, ես... խմող չեմ... (Բաժակը զգուշորեն մի կողմ է դնում) Այ, եթե մի կում ջուր լիներ...

ԳԵՆԵՐԱԼ- Հիմա, հիմա, կաքավ ջան: ( Այս ու այն կողմ է նետում գաղտնի պահարանը քողարկող արկղերն ու հրանոթային պարկուճները և կրնկի վրա բացում երկաթյա դուռը, իսկ այնտեղ շարված է ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների հսկայական տեսականի) – Լիմոնադ, հանքային ջուր, տնական կոմպոտ, թույլ դոզավորմամբ լիկյորներ, բավարական գարեջուր, բնական աղբյուրի զուլալ ջուր... Խնդրեմ, ընտրիր:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ –Աղբյուրի ջուր...

ԳԵՆԵՐԱԼ(Թափանցիկ բաժակով լցնում ու ջուր է մատուցում ու գրպանից շոկոլադ հանում ու ցույց տալիս) – Շոկոլադ կուտե՞ս...

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ –Այ զինվոր, կարծում ես այդքան բեռը վզիս, շոկոլադ պիտի ուտեմ ու գիրկս այդ պահարանիդ պես բացե՞մ ... (Իր իսկ համարձակությունից վախեցած՝ նայում է Գեներալին: Դադար)

ԳԵՆԵՐԱԼ (Բարկացած, շոկոլադը կրկին դնում է գրպանը)- Բավական է ինձ զինվոր ասես: Չե՞ս տեսնում, ես գեներալ եմ: (Գեներալը ուղղում է ուսադիրները և կրկին փակում իր անհավանական պահարանի դուռը) Ես նույնիսկ արդեն խառնել եմ, թե քանի մեդալ ու պատվոգիր եմ ստացել անբասիր ծառայության, իմ եղբայրներին, քույրերին առանց կյանքս խնայելով պաշտպանելու համար...

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ (Նայում է գեներալական ուսադիրներին) – Վայ, ճիշտ որ գեներալ ես: Տեսնու՞մ ես զին... Տեսնում եք Գեներալ, մարդուն իր հետ կապ չունեցող բովանդակություն վերագրելն ինչքան անհարմարություններ է առաջացնում:

ԳԵՆԵՐԱԼ - Բայց դու կաքավի պես սիրուն ես: Դու ինչու՞ ես իմ համար անհարմարություններ առաջացնում:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ –Տեր աստված, հենց մայիսը գալիս է «կաքավ» կանչող որսորդները հարբուխ ունեցողի փռշտոցների չափ շատանում են: Բայց մայրենի լեզվով ասված մի քանի խոսք լսելուց հետո մտափոխվում են ու, հանկարծ, ինձ Կաքավ քույրիկ են անվանում: Ավելի լավ է, զին... Այ քեզ չար սատանա... Գեներալ, ինձ ասացեք, լքյալ գյուղ ինչպե՞ս հասնեմ: Ասում են, այնտեղ նավթն ու դիզելային վառելիքը հոսում են գետի պես: Ռումբը մեր տունը փլել է: Ապրում ենք խոնավ նկուղում ու վառարանի ու ճրագի համար մի 20 լիտր նավթ կամ դիզելային վառելիք եմ փնտրում:

ԳԵՆԵՐԱԼ- 20 լի՞տր, ընդամենը 20 լի՞տր: (Սկսում է ցնցվելով ծիծաղել, ասես լաց լինելիս լինի) Հիմա Կաքավ քույրիկ, մի վայրկյան սպասեք:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Ըհը: Տեսա՞ք, արդեն ինձ դիմում եք «Կաքավ քույրիկով»: Ուրեմն, դեռ ամեն ինչ կորած չի: Հիմա ձեր կողքին սկսեցի ինձ զգալ, ինչպես անխորտակ արյունակցական պարսպի ետևում:

ԳԵՆԵՐԱԼ- Դու մեր մարտական ընկերոջ այրին ես, Կաքավ քույրիկ: Դու մեր քույրն ես:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ –Կարծես այս անգամ էլ եմ ճիշտ ճանապարհով քայլել:

ԳԵՆԵՐԱԼ – Իմ քարտեզի վրա քո բոլոր ճանապարհներն են ճիշտ: (Գեներալը միացնում է ռադիոկայանը) Տարվա եղանակներ, պատասխանեք Գեներալին, ես Գեներալն եմ, Տարվա եղանակներ, պատասխանեք Գեներալին:

ՁՄԵՌ (Ձայնը) – Միկրոֆոնի մոտ Ձմեռն է, Գեներալ Գարունի հետ տեղերս փոխեցինք: Ինքն է վարում ամենագնացը: Մեզ հետ են նաև Ամառը և Աշունը:

ԳԵՆԵՐԱԼ –Հո բան չի՞ պատահել: Գործողության ո՞ր փուլում եք:

ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ (Քառաձայն) –Ամենալավ, Գեներալ:

ԱՇՈՒՆ (Ձայնը) – Միկրոֆոնի մոտ Աշունն է: Գեներալ, սպասված շոկոլադը ստացվել է :

ԳԵՆԵՐԱԼ (Ասես հրավիրում է Կաքավ քույրիկի ուշադրությունը) – Մոտս մի սիրուն կաքավ կա նստած, նրան հեղուկ վառելիք է հարկավոր, 20 լիտր նավթ կամ դիզել...

ԱՇՈՒՆ (Ձայնը) – Միկրոֆոնի մոտ Աշունն է: Գեներալ, վառելիքի հարցը հիմա սուղ է, բայց կարելի է շոկոլադով հումանիտար օգնություն ցուցաբերել...

ԳԵՆԵՐԱԼ (Հիասթափությամբ) - Դրա տեղը մենք էլ գիտենք: Բայց սիրուն կաքավը հպարտ է ու իր խոսքի տերը: Ասել է նավթ կամ դիզելային վառելիք ու իր կարծիքը չի փոխի... Դե լավ, լավ, վերադարձեք... (Կաքավ քույրիկին) Չէ, Կաքավ քույրիկ, բախտներս չբերեց, վառելիքիդ գործը բարդացավ ...

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ (Հիասթափությամբ) – Իբր մինչև այժմ հե՞շտ էր ... (Անխոս մոտենում է իր սայլակին ու այն ետևից քարշ տալով դանդաղ հեռանում) Որ տարվա եղանակներն իրար հետ են գործողության գնում, լավ բան չսպասես: Ամեն ինչ հերթականություն է սիրում... Սկզբում գարունն է, հետո՝ ամառը, ապա գալիս է աշունը, իսկ շղթան փակում է ձմեռը:

ԳԵՆԵՐԱԼ (Բղավում է Կաքավ քույրիկի ետևից) – Կռվի դաշտում հերթ ու հերթականություն չկա: Ով շուտ հասցնի... Դա է թվաբանությունը: 10-րդ կիլոմետրին չհասած աջ թևի վրա բլրի լանջին կտեսնես հին եկեղեցու ավերակները: Ճանապարհից նեղ արահետը բարձրանում է ուղիղ այդ ավերակների մոտ: Լքյալ գյուղը ավերակներին կպած է, իսկ գյուղի կենտրոնում նորակառույց մզկիթ կա, աղբյուրի մոտ: Ու ոչ մի հսկող աչք....

1-ին գործողության վերջը


2-րդ գործողություն


Պատկեր 1-ին

Տանկի մոտ կանգնած՝ Հրամանատարը հեռադիտակով չորս կողմն է զննում: Լսվում է կաքավի կղկղոցը: Հրամանատարն ուզում է բարձրանալ տանկի վրա: Բայց, վազելով, շնչասպառ, իր սայլակով, հանկարծակի վրա է պրծնում Կաքավ քույրիկը:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ (Մի կերպ շունչը տեղը բերելով, շշուկով)– Տանկիստ, տանիկիստ այդ ինչ ես նայում հեռադիտակով: Թիկունքդ ստուգիր: Վտանգն ու թշնամին այն կողմում են, շրջվիր ետ, դե... դե նայիր....

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ (Բռնում է Կաքավ քույրիկի թևից ու իր ետևից քարշ տալով արագ տեղափոխվում նրա ցույց տված ուղղության հակառակ կողմ և գլուխը զգույշ հանելով՝ հեռադիտակով նայում է: Դադար: Կաքավի կղկղոցը հանկարծ ընդհատվում է: Շշուկով) – Ի՞նչ, որտեղ: Ոչ մի շարժում, ոչ մի կյանքի նշան...

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ (Շշուկով) – Ուշադիր նայիր: Նրանք ծպտված են և զինված: Նռնականետ էլ ունեն... Ես ճանապարհով էի քայլում, իրենք՝ դաշտը եզերող հեռավոր ծառերի մոտով՝ գողտուկ ու զգուշավոր: Ես գալիս էի նրանց ետևից, քո տանկի թողած հետքերով: Ամբողջ քաղաքն է խոսում, որ թշնամուց տանկ ենք խլել: Ինչու՞ եք կանգնել:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ (Հեռադիտակը չի հեռացնում աչքերից ու շարունակում է նայել) – Շատ հավանական է: Չի բացառվում, որ իրենց կորցրած տանկը ետ խլելու առաջադրանքով հատուկ ջոկատ ուղարկեն: Իսկ գուցե դա ձեզ թվացե՞լ է:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Թվացողը ճանապարհից հեռու, դաշտի եզրին, հանկարծ չի փռշտում:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ - Փռշտու՞մ: Դիվերսանտը թշնամու թիկունքում դժվար թե փռշտա:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ –Բայց իրենցից մեկը փռշտաց ու ես, հանկարծ, սկսեցի վազել ...

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ –Ի՞նչ է ձեր անունը:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Ինձ բոլոր ճանաչողներն անվանում են Կաքավ քույրիկ:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ- Քանի հոգի՞ էին:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ –Ներկա-բացակա անելու ժամանակ չունեցա:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ – Ոչ մի բան չի երևում, բայց.... (Ականջ է դնում, մեկ դաշտի կողմն է նայում, մեկ Կաքավ քույրիկին: Ասես խոսում է ինքն իր հետ) Կաքավը դաշտում, կարծես, այլևս չի երգում:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – (Արագ-արագ վրա է տալիս) – Չէ, ինչ երգել: Պարզապես պատերազմի ժամանակ բոլորի անունները երկրորդական պլան են մղվում: Մարդիկ մեկը մյուսին սկսում են տարբերակել ու խմբավորել ըստ զբաղմունքների և ստացվում է զորակոչված մի հասարակություն, որտեղ շարային կյանքով ապրում են զինվորներ, գեներալներ, հրամանատարներ, երեխաներ, ուսուցիչներ, հավաքարարներ, բանվորներ, լրագրողներ, զինակոչային տարիքի երիտասարդներ, բայց ոչ սեփական անհատականությունը, բնավորությունը և ճակատագիրն ունեցող մարդիկ:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ (Բազմանշանակ, ակնարկելով Կաքավ քույրիկին) – Վե՞րջ: Բոլորը չեն այդպես ապրում: Կան նաև ոչ շարային կյանքով ապրողներ: Օրինակ, մեկը հիմա կանգնած է կողքիս:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ (Ժպտում է) – Ըհը... Ուշադրություն մի դարձրեք, սա լարվածությունից է: Ես պարզապես գնում եմ նավթ կամ դիզելային վառելիք գտնելու:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ –Ամեն ինչ լավ կլինի: (Մտահոգ) Բայց ինչու՞ է կաքավը լռում:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ (Գլխի ընկնելով) – Հա, իսկական կաքա՞վը... Այ քեզ զուգադիպություն... (Ամոթխած ծիծաղում է) Ամուսինս զոհվեց, երբ դեռ մերոնք կռվում էին իրենց ունեցած հատ ու կենտ որսորդական հրացաններով: Նրանից հետո. արդեն 5-րդ տարին է, ես ապրում եմ այսպես, ոչ շարային կյանքով՝ մեկ այս կողմ եմ գնում, մեկ՝ այն... Ինձ բոլորը անվանում են Կաքավ քույրիկ ու ես այդ անվանը սովորել եմ:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ – Ես Հրամանատարն եմ: Ուրախ եմ ծանոթանալուս համար:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ - Ես էլ, անչափ, անչափ ուրախ եմ, կարելի է ասել, նույնիսկ, երջա...

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ – Ինքնաձիգս թողել եմ տանկի ներսում: Հարկավոր է տանկ մտնել: Եկեք իմ ետևից:

(Հրամանատարը շարժում է անում, որ բարձրանա զրահի վրա, բայց հանկարծ դաշտի կողմից կրակաշարք է պայթում և լուսատիտիկների պես փայլ արձակելով տանկի զրահին են բախվում ինքնաձիգից արձակված բազմաթիվ գնդակներ: Կաքավ քույրիկը փորձում է հեռու փախչել: Հրամանատարը հասցնում է նրան բռնել ու գրկելով պաշտպանել կրակոցներից՝ թաքնվելով տանկի ետևում:)

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ (Չչում է ու փորձում է դուրս պրծնել Հրամանատարի ձեռքերից) - Այս խառը տարիներին մենք միշտ ինչ որ բանի կարիք ենք ունենում՝ մեկ մի կտոր հացի, մեկ դեղի, մեկ օճառի, հիմա էլ՝ նավթի կամ դիզելային վառելիքի... Թող ինձ.. Գլխավերևում սուլող ռումբերից առավել, ես ատում եմ ինձ թիրախավորող կրակոցները: (Ուժերը սպառվում են)

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ- Հանդարտվեք, հանդարտ... Այնտեղ կսպանեն:

(Կրակոցները դադարում են: Դադար )

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Շատերը մտածում են, թե ես նեղվում են, երբ ինձ ասում են «կաքավ»: Իսկ ես չեմ նեղվում: Ես նույնիսկ սկսել էի շատ երջանիկ զգալ, երբ ինձ դիմում էին «Կաքավ քույրիկով»: (Հանկարծ պատնեշ խորտակող տարերքի պես սկսում է լացել ու անվերջ կրկնել) Սկսել էի երջանիկ զգալ...

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ (Լարված նայելով կրակողների ուղղությամբ)– Հասկանում եմ, հասկանում եմ...

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Չես հասկանում, չես կարող հասկանալ, որովհետև չես կարող զգալ... Այսքան կոպիտ տանկ վարողը չի կարող զգալ:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ – Հանդարտվեք... Ես իմ գործը պիտի անեմ... Խնդրում եմ ... Տանկը մեզ հուսալի պատսպարում է, վտանգն այստեղ նվազագույն է:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ (Հանկարծակի հանդարտվում է ու ծիծաղում)– Իսկ ես այստեղ, գրեթե, արդեն հարմարվում եմ: (Փորձում է ավելի հարմար դիրք ընդունել Հրամանատարի գրկում՝ գլուխը դնելով նրա կրծքին)

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ(Ակնհայտ լարված) – Բայց այսպես երկար մնալ չի կարելի: Զինվորը նման դեպքերում իրավունք չունի «արդեն հարմարվելու»:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ (Շշուկով)–Դու սովորական զինվորի չես: Բառերդ հղկված են:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ – Ի՞նչ... Հա... բառերը...

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Քո բառերը գեղեցիկ են, վստահություն առաջացնող:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ (Հանկարծակի անցնում է գործնական տոնի) – Կաքավ քույրիկ, ստեղծված իրավիճակում իմ միակ լուծումն այս է: Ես պետք է մտնեմ տանկի մեջ: Իսկ հետո՝ դուք:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ (Պատրաստակամ և նույնպես գործնական)– Այո, ճիշտ է, տանկի մեջ ավելի ապահով կլինի:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ – Սկզբում ես կմագլցեմ տանկի վրա և արագ կթռչեմ դիտահորի մեջ:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Ճիշտ է, ես էլ:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ - Ես հրանոթից ու գնդացրից կրակելով պաշտպանիչ պատնեշ կստեղծեմ ձեր համար և դուք նույնպես արագ կմագլցեք այնտեղ: Համաձա՞յն եք:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Համաձայն եմ: Գնացինք: (Կաքավ քույրիկը փորձում է ոտքի կանգնել, բայց կրակոցներ են հնչում և նա կրկին կծկվում է Հրամանատարի գրկում)

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ – Դե, ոչ, դուք հիմա մնում եք այս թաքստոցում: Ես կփորձեմ միայնակ բարձրանալ և կրակելով կխանգարեմ թշնամուն, որպեսզի նա նույնիսկ գլուխը բարձրացնել չկարողանա: Ես տանկի միջից կբղավեմ ձեր անունը: Ավելի ճիշտ՝ կերգեմ «սիրունիկ, սիրունիկ, սիրունիկ նախշուն կաքավիկ» և այդ ժամանակ դուք արագ, շատ արագ կբարձրանաք տանկի վրա ու կմտնեք բաց դիտահորի մեջ: Հասկանալի՞ է:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Հասկանալի է: Դե, գնացինք:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ – Դուք մնում եք, հասկանում եք, դուք մնում եք, մինչև ես կերգեմ...

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ –Դու արդեն երգում ես, տանկիստ, դու արդեն ... Համբուրիր ինձ, համբուրիր:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ- Ի՞նչ, համբուրե՞մ...

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Այո, այո, համբուրիր, համբուրիր... (Կաքավ քույրիկը ափերով գրկում է Հրամանատարի գլուխն ու սկսում արագ-արագ ու մոլուցքով համբուրել: Հրամանատարը սկզբում զարմանում ու չի հասկանում, թե ինչ է կատարվում, իսկ հետո ինքն է ափերի մեջ առնում արտասվող կնոջ գլուխը ու երկար նայում աչքերին: Նրանք համբուրվում են, իսկ կրակոցներն ավելի են ուժգնանում, բայց զգացվում է, որ թիրախն այլ կողմում է)

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Դե, հիմա բարձրացիր այս գրողի տարած տանկի մեջ:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ (Մատով Կաքավ քույրիկին հանգիստ ու լուռ մնալու նշան է անում ու ականջ դնում) Նրանք կարծես մեր վրա չեն կրակում: Նրանց թիրախը հիմա մենք չենք: Ինչ-որ մեկը... Չէ, կարծես, երկու ինքնաձիգեր են աշխատում: Այո, թշնամու վրա կրակում են երկու ինքնաձիգերով... (Ինչ-որ բան է փնտրում)

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Ի՞նչ է պատահել, ինչ-որ բա՞ն ես փնտրում:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ (Նկատում և ցույց է տալիս Կաքավ քույրիկի սայլակը) Կարո՞ղ եք սայլակը ինձ տալ: Սայլակը տվեք: (Կաքավ քույրիկը կքանստած վիճակում սայլակը քաշում է ավելի մոտ: Հրամանատարը սկսում է քանդել իր վերնահագուստի կոճակները) Քանդեք, առանձնացրեք բաքը սայլակից: (Հրամանատարը տեսնում է, որ կինը չի ցանկանում բաքն առանձնացնել սայլակից և ակնապիշ նայում է իրեն) Ի՞նչ է պատահել, ինչու՞ եք այդպես նայում...

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Դու վախս փարատեցիր: Վախս փարատվեց: Ես նույնիսկ հիմա կարող եմ կանգնել, ծիծաղել նրանց երեսին ու շարունակել ճանապարհս (Ոտքի կանգնելու փորձ է անում)

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ(Քաշում է նրա թևքից և արգելում բարձրանալ) – Սպասեք... Զգույշ...

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ- Ես բաքը չեմ տա: Իմ երեխաները նկուղում մրսում են և ես վառելիք եմ փնտրում:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ(Բարկացած) – Ինձ սայլակն է հարկավոր: Ինձ բաքը հարկավոր չի: Քանդեք կապերը: Տվեք ...

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ (Ուրախ)- Հա՞, բաքը հարկավոր չի՞: Միայն սայլա՞կը: Դա ես կարող եմ: Բաքը կարող եմ նաև ձեռքով տանել, իսկ, սայլակը ոչինչ... ավելի ունիվերսալ է, կարող է նաև անկարևոր դառնալ...

(Երկուսով միասին արագ առանձնացնում են բաքը սայլակից: Հրամանատարը իր արտահագուստը, ապա նաև տանկիստի գլխարկը հարմարեցնում է սայլակի բռնակին և այդ շարժական թիրախը տանկի ետևից բարձրացնում թշնամու համար տեսանելի բարձրության վրա: Լսվում է կրակոց: Հրամանատարը Կաքավ քույրիկին ցույց է տալիս գնդակից ծակված գլխարկը և ավելի ամուր ամրացնում սայլակի վրա՝ նախկին տեղում)

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ – Նայեք: Փամփուշտն այսպես սպանում է: Հիմա իմ նշանից հետո դուք խրտվիլակը պիտի բարձրացնեք ու նրանց ուշադրությունը շեղեք: Այդ ընթացքում ես կփորձեմ մտնել տանկի մեջ: Զգույշ կմնաք, ձեր գլուխն ու մարմնի որևէ մաս նրանց տեսանելի չպետք լինի, միայն խրտվիլակը... Կբարձրացնեք ոչ ավելի քան ահա այս բարձրությունը: Հասկացա՞ք: Ամենագլխավորը, որ թշնամու համար նույնիսկ ձեր մազի ծայրը տեսանելի չլինի: Հասկացա՞ք:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ (Վճռական)– Հասկացա:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ –Դե, ուշադիր: (Սպասում ու ականջ է դնում: Խոսում է շշուկով) Այն կողմից կրակոցները կրկին սաստկանում են: Բարձրացրու, աշխատիր երկար պահել ահա այս բարձրության վրա: (Կաքավ քույրիկը խրտվիլակը բարձրացնում է: Խրտվիլակի վրա կրակի հեղեղ է սկսում թափվել: Կաքավ քույրիկը խրտվիլակը վեր պարզած, սարսափից սկսում է անընդհատ ճչալ: ) Ես գնացի... (Կաքավ քույրիկը սարսափահար ճչալով՝ գլուխը դրական թափահարում է: Հրամանատարը ճարպիկ ու վարժ շարժումներով ցատկում է տանկի զրահի վրա, իսկ այնտեղից էլ՝ դիտահորի մեջ: Կրակոցների կարճ դադարների ընթացքում հանկարծ լսվում է հրամանատարի երգը)

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ - Սիրունիկ, սիրունիկ, սիրունիկ նախշուն կաքավիկ...

(Կաքավ քույրիկը լսում է, որ Հրամանատարը երգեց. ցած է նետում խրտվիլակը, կծկվում իր թաքստոցում և գլուխը բռնած շարունակում ճչալ: Տանկի հրանոթը սպառնալից շարժվում է, գտնում է թիրախ և կրակում է:)


Պատկեր 2-րդ

(Հրամանատարական կետում Գեներալը ռադիոկայանի մոտ ետ ու առաջ է քայլում: Հեռվից լսվող կրակոցների համազարկերը խլանում են տանկի հրանոթի ձայնից,, որին հաջորդում լռությունը )

ԳԵՆԵՐԱԼ – Հանդարտվեց: Տանկը կրակեց և ամեն ինչ, կարծես թե, հանդարտվեց: Իհարկե, հրանոթի արկը համտեսած հակառակորդը կփոխի մարտավարությունը կամ կնահանջի: Սակայն, եթե գլխի ընկավ, որ տանկը վառելիք չունի... (Գեներալը ջղային շարժումով սեղանի վրա դրված գեղեցիկ շշից խմիչք է լցնում միջավայրին ոչ հարիր ապակե բաժակի մեջ ու մի ումպով խմում: Ուտեստ է գցում բերանը և ծամելով մոտենում ռադիոկայանին:)

ԳԵՆԵՐԱԼ (Ռադիոկայանով կանչում է) - Տարվա եղանակներ, Տարվա եղանակներ, Գեներալը կանչում է Տարվա եղանակներին: Որտե՞ղ եք: Զեկուցեք: Տանկին հասա՞ք: Թեկուզ անշարժ, այն ձեզ շատ կօգնի թշնամու դիվերսանտներին արագ ոչնչացնելու համար: Տարվա եղանակներ... Չեն պատասխանում (մտորման մեջ է ընկնում) Երևի իջել են ձոր: Ձորով են գնում... Ձորը ռադիոծածկույթից դուրս է, բայց ճանապարհի այդ հատվածին է մոտենում հակառակ կողմից, որտեղ դաշտը երիզված է արհեստական անտառի գոտով: Սա շատ խելացի զորաշարժ է: Սա Գարունի տակտիկական պլանը կլինի: Միշտ խելքին զոռ է անում: Եթե նա քրեական անցյալ չունենար, ես վաղուց արդեն միջնորդած կլինեի ու նա կդառնար մեր նոր ծնված բանակի սպա: (Մտորում է) Բայց եթե մի դուռը փակվում է, անշուշտ պետք է մեկ այլ դուռ բացվի: (Ինչ-որ բան հանկարծ հայտնաբերողի պես) Դե, իհարկե, եթե այն դուռը չի բացվում, ապա կբացվի այս դուռը: (Ինքն իրեն խրախուսում է) Գեներալ, Գեներալ մասշտաբային մտածիր: Դե... Այո... (Ծիծաղում է) Այո... Իհարկե, հիմա տանկիստին սիրաշահելու ճիշտ ժամանակն է: Վառելիքի մեքենաների տեղափոխությունը չիրականացվեց նրա մեղքով... Իսկ հիմա մեքենաներն ու վառելիքը անհետացել են... Բայց կարող է լինել նաև այլ վարկած՝ դա արել են դիվերսանտները... (Փոխում է ռադիոկայանի հաճախականությունը) Պահածոյի տուփ, ես Գեներալ...

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ (Արձագանքը լսվում է անմիջապես) – Գեներալ, Գեներալ, վերջապես...

ԳԵՆԵՐԵԼ - Ի՞նչ է նշանակում վերջապես, թե՞ կարծում ես դու միակն ես, ով զգում է Գեներալի աջակցության կարիքը: Երիտասարդ, տարածքը նոր է ազատագրվել և աջակցության կարիք միայն դու չունես:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ(Ձայնը) – Ես հասկանում եմ, բայց գեներալ...

ԳԵՆԵՐԱԼ – Ոչ մի բայց... Ես հասկանում եմ, անմիջական հրամանատարներիդ հանձնարարությունը կատարելը առաջնային է, սակայն, իմ զինվորները պայքարում են նաև անտառներով, հանքերով հարուստ տարածքը բոլոր տեսակի գողերից, լքյալ բնակավայրերը՝ ավարառուներից պաշտպանելու համար:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ (Ձայնը) – Գեներալ տանկը հարձակման է ենթարկվել:

ԳԵՆԵՐԱԼ(Հեգնում է) - Չի կարող պատահել: Շատ ժամանակին ես տեղեկացնում ...

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ(Ձայնը) –Ես մենակ եմ:

ԳԵՆԵՐԱԼ – Ի՞նչ ասել կուզի. «Ես մենակ եմ»: Տանկի անձնակազմի յուրաքանչյուր անդամ ունի իր հստակ պարտականությունը: Հրամանատարը պարտավոր է իրենից ավելի բարձր ղեկավարությանը տեղեկացնել ցանկացած արտակարգ դեպքի մասին:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ(Ձայնը) – Իմ անձնակազմի երկու անդամները բացակայում են...

ԳԵՆԵՐԱԼ- Ի՞նչ... Ես դասալքությունը չեմ հանդուրժի...

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ (Ձայնը) – Ոչ, ոչ....Նրանք դասալիքներ չեն: Նրանք իմ կարգադրությամբ մեկնել են լքյալ գյուղ:

ԳԵՆԵՐԱԼ - Լքյալ գյու՞ղ: Ինչու՞:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ (Ձայնը) – Որպեսզի վառելիքով մեքենաները գաղտնարանից բերեն տանկի մոտ... Դե, գիտեք...

ԳԵՆԵՐԱԼ – Ի՞նչ... Ի՞նչ գործ ունեք լքյայ գյուղի գաղտնարանում: Ձեզ ով է թույլ տվել:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ (Ձայնը) – Ես զեկուցել եմ, մեր վառելիքը սպառվել էր: Մենք ճանապարհը չէինք կարող շարուն...

ԳԵՆԵՐԱԼ - Տանկի հրամանատար, երևում է դու հեքիաթներ շատ ես սիրում: Բայց ինձ հեքիաթներով չես կերակրի: Բառացիորեն մի քանի վայրկյան առաջ ինձ զեկուցեցին, որ բարձր ընկուզենու տակ, գաղտնարանում գտնվող հեղուկ վառելիքով լի երկու մեքենաներն անհետացել են...

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ(Ձայնը) – Այսինքն, ինչպե՞ս...

ԳԵՆԵՐԱԼ – Ի՞նչ է նշանակում «այսինքն ինչպես»: Գուցե դու ասես, թե ինչպե՞ս: (Կարճ դադար) Այդպես, հենց այդպես, տանկիստ... Որտե՞ղ են քո անձնակազմի երկու անդամները և վառելիքի մեքենաները: Զեկուցագիր պատրաստիր ...

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ (Ձայնը) –Գեներալ, ես թշնամու դիվերսանտների նշանառության տակ եմ: Ես տանկի դիտահորից նույնիսկ քիթս չեմ կարողանում հանել...

ԳԵՆԵՐԱԼ – Դա ինձ չի հետաքրքրում: Լսու՞մ ես, զեկուցագիրը 24 ժամ հետո պետք է լինի սեղանիս վրա ...

(Կրակոցները վերսկսվում են: Դրանք լսվում են նաև ռադիոկայանից)

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ (Ձայնը) – Նորից սկսեցին կրակել ...

ԳԵՆԵՐԱԼ – Հայրենասե՞ր ես ձևանում... շարունակիր կռիվդ, բայց չմոռանաս պատասխանատվությանդ մասին... Հրամայում եմ, ոչ մի քայլ ետ, լսու՞մ ես , ոչ մի քայլ ...

(Գեներալը բարկացած անջատում է ռադիոկայանը, խորասուզվում մտքերի մեջ, մեքենաբար լցնում է բաժակը, մի ումպով դատարկում, ուտեստ է գցում բերանը, ծամելով մոտենում գնդացրին և, բարձր բղավելով, մի քանի ուղղություններով կարճ կրակահերթեր արձակում: Հեռվից նրան է հասնում տանկի հրանոթի, ապա նռնակների պայթյունների և ինքնաձիգի կրակոցների արձագանքը: Հանկարծ լսվում է Տարվա եղանակների կանչը)

ԳԱՐՈՒՆ (Ձայնը) - Միկրոֆոնի մոտ է Գարունը. Տարվա եղանակները կանչում են Գեներալին... Միկրոֆոնի մոտ է Գարունը. Տարվա եղանակները կանչում են Գեներալին:

ԳԵՆԵՐԱԼ (Կրկին մոտենում է ռադիոկայանին) – Տարվա եղանակներ, ինչու՞ էիք ռադիոծածկույթից դուրս հայտնվել, ինչու՞ էիք ռադիոծածկույթից դուրս հայտնվել...

ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ(Քառաձայն) –Այլ տարբերակ չունեինք: Ձորով էիք գնում:

ԱՄԱՌ (Ձայնը) – Միկրոֆոնի մոտ է Ամառը. Գեներալ, եթե ճանապարհից դուրս չգայինք, կհայտնվեինք տանկի կողքին՝ թշնամու ուղիղ նշանառության տակ:

ԳԵՆԵՐԱԼ – Զեկուցեք, ի՞ նչ է կատարվում: Ներկայացրեք օպերատիվ իրավիճակը:

ԳԱՐՈՒՆ (Ձայնը) – Միկրոֆոնի մոտ է Գարունը. Գեներալ, լքյալ գյուղի խաչմերուկից ոչ հեռու կանգնած տանկին նշանառության տակ են վերցրել դաշտը եզերող ծառերի մեջ դիրքավորված թշնամու դիվերսանտները: Ձորից դուրս գալով մենք հայտնվել ենք նրանց թիկունքում՝ ուղիղ տեսանելիության գոտում: Նրանք 12 հոգի էին: Քիչ առաջ ճանապարհին անշարժացած տանկի հրանոթից արձակված արկից երկու դիվերսանտ սպանվեցին, իսկ մեկն էլ, վիրավորվել է և հիմա մորթվող խոզի պես անվերջ բղավում է: Դիվերսանտները երկու անգամ փորձեցին նահանջել, սակայն մենք ինտենսիվ կրակով փակում ենք նրանց բոլոր ճանապարհները: Նրանք զինված են նռնականետով և ինքնաձիգերով, բայց ամեն ինչ կարգին է: Ասեմ, որ հենց այս պահին տանկից մոտ 500 մետր հեռավորությամբ, լքյալ գյուղի բլուրին հարող հարթությունում, մեզ հանդիպակաց բաց դաշտում, երկու չպարզված օբյեկտ ինքնաձիգերից դիվերսանտների ուղղությամբ կարճ կրակահերթեր արձակելով, փորձում են շարժվել դեպի ճանապարհին անշարժ կանգնած տանկը: Այսքանը:

ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ(Քառաձայն) – Գեներալ, սպասում ենք ձեր հրամանին:

ԳԵՆԵՐԱԼ – Ապրեք: Հիմա լսեք հրամանը: Առաջին՝ թույլ չտալ, որ դիվերսանտները, հանկարծ, տանկը վնասեն: Երկրորդ՝ թշնամու զինյալ խումբը վնասազերծել հիմնովին: Գերի չվերցնել: Մեր տանկիստին աչքի լույսի պես պահել: Նա մեզ շատ է հարկավոր, հասկացա՞ք...

ՁՄԵՌ(Ձայնը) –Միկրոֆոնի մոտ է Ձմեռը. Գեներալ, իսկ ինչ անենք դեպի տանկը շարժվելու փորձ անող չպարզված օբյեկտների հետ:

ԳԵՆԵՐԱԼ– Ենթադրվում է, որ այդ չպարզված օբյեկտները վառելիքի մեքենաների գործով կարևոր վկաներ են:

ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ (Քառաձայն) – Հասկացանք, Գեներալ:

ԳԵՆԵՐԱԼ- Հաջողություն ձեզ: Կապին վերջ:

(Գեներալը անջատում է ռադիոկայանը, մի ձեռքով վերցնում է շիշն ու բաժակը, մոտենում, բացում է իր գաղտնի պահարանի դուռը: Շիշն ու բաժակը տեղավորում է պահարանում: Ուզում է դուռը կրկին փակել, բայց մտափոխվում է: Պահարանից հանում է պոլիէթիլենով փաթեթավորված դրամի տպավորիչ մեծությամբ կապոցը, մի քանի կապ թղթադրամ հանում, նայում, հոտոտում) Փողը հազար ձեռքերով ու տեղերով է անցնում, բայց հոտը կայուն է: Իմ Տարվա եղանակներն էլ այսպես կայուն են, ոչ մի ջերմոցային էֆեկտ չի ազդում վրաները: (Ուրախ ծիծաղում է ու երգում) Բարձր սարեր կելնենք, հարթ հովիտներ կմտնենք, Թիրախ գտնենք՝ կխոցենք, Տարվա եղանակներն ու ես ... (Փողը դնում է տեղը: Պահարանի դուռը փակում, խնամքով քողարկում է, մոտենում գնդացրին ու աներևույթ թիրախներն արագ-արագ փոխելով, սկսում է կրակել)


Պատկեր 3-րդ

Տանկի մոտ լսվում է նռնականետերից, ինքնաձիգերից, գնդացիրներից և տանկի հրանոթից արձակվող կրակոցների մի իսկական դժոխային աղմուկ, այս ու այնտեղ սուլում են գնդակները, փայլատակում՝ պայթյունները: Կաքավ քույրիկը սարսափից քարացած դեմքով, թվում է, շրջապատին անհաղորդ, կծկված է իր թաքստոցում: Կրակոցների արանքում լսվում է կտրտված, միայն առանձին վանկերով Հրամանատարի երգը:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ (Ձայնը: Երգում է) -Սիր-ու-նիկ... թը-ուխ ամպեր-են... կը-անաչ սար-են... բար-եվ բ-եր-ավ... Կաք-ավի-կ...

(Կրակոցները դադարում են)

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ (Խոսում է ասես ինքն իր հետ, թեև դիմում է Հրամանատարին) – Վավերագրական ֆիլմերում գերիներին դահիճները միշտ թիկունքից են սպանում: Երևի վախենում են զոհի աչքերին նայել: Իմ թիկունքն ապահով է: Տանկը պաշտպանում է:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ (Ձայնը: Երգում է) – Սիրունիկ, սիրունիկ, նախշուն կաքավիկ... Դե, Կաքավ քույրիկ: (Կրկին երգում է) Սիրունիկ, սիրունիկ, սիրունիկ նախշուն կաքավիկ...

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ (Մի քանի անգամ փորձում է բարձրանալ տանկի վրա, բայց հնչում են կրակոցներ և նա վախեցած կրկին նստում է իր թաքստոցում) – Հրամանատար ինձ մի կանչիր տանկի մեջ: Իմ թիկունքն այստեղ հուսալի պաշտպանված է: Ավելի լավ է դու, պարզապես, երգիր, իսկ ես կաշխատեմ կրակոցների արանքից որսալ խոսքերն ու մեղեդին:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ (Ձայնը) – Եթե ցանկություն չունեք բարձրանալ տանկի մեջ, ապա այս երգը ես կհամարեմ թշնամուն վնասազերծելու մոտիվ (Երգում է) Սիրունիկ, սիրունիկ, սիրունիկ, նախշուն կաքավիկ...

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Հեռվից Ճանապարհի փոշիների մեջ կանգնած տանկը՝ կնճիթը կախ գցելու պատրաստվող անճոռնի փղի էր նման: Հիմա հասկանում եմ, գեղեցիկ, այսինքն հզոր երևալու համար նրան հենց այդ մոտիվն էր պակասում: (Կրկին պայթում են կրակոցները: Փակում է ականջները) Սկսվեց...

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ (Ձայնը) – Զրահին գնդակներ ու նռնակի բեկորներ չեն հարվածում ... Թշնամին հիմա էլ այլ ուղղությամբ է գնդակոծում ... Ինչու՞ ... Կաքավ քույրիկ, գուցե սա թակարդ է, զգույշ եղեք, չշարժվեք, մնացեք տեղում...

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ (Զգույշ նայում է) – Հրամանատար, Հրամանատար, ես տեսնում եմ, ահա այս կողմում, դաշտում, ուղիղ իմ դիմաց ... Ինչ-որ մի զինվոր վազում է դեպի տանկը: Նա ինքնաձիգով առանց նշան բռնելու կրակում է դաշտը եզերող ծառերի ուղղությամբ: Իսկ այնտեղից նրա վրա նշան են բռնում: Հրամանատար, նա ընկավ: Հրամանատար, զինվորն ընկավ: Չի շարժվում: Պառկել է ու չի շարժվում: Ահա, նրա ետևից մեկն էլ երևաց: Մոտեցավ ընկածին: Փորձում է շալակն առնել: Չկարողացավ: Քարշ է տալիս... Գալիս են այս ուղղությամբ: Հեյ, զինվոր, պառկիր, զգույշ: Սա էլ ընկավ... Հրամանատար, նրանք օգնության կարիք ունեն... ես գնացի նրանց օգնելու...

(Կաքավ քույրիկը թավալագլոր վազում է դեպի բաց դաշտ: Տանկը մեկընդմեջ կրակում է և հրանոթով և գնդացիրով)

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ (Ձայնը) – Կաքավ քույրիկ սպասիր, թշնամուն թիկունքից գրոհողներ են հայտնվել: Մնա տեղում, չշարժվես: Գրողը տանի, ընդամենը 4 հոգի են.... Մերոնցից մեկն ընկավ: Բայց թշնամին ցաք ու ցրիվ է եղել: Հիմա ես կսանրեմ նրանց նահանջի ճանապարհը (Կրակում է գնդացիրից և երգում) Սիրունիկ, սիրունիկ, սիրունիկ, նախշուն, կաքավիկ.... Գնդացիրից խուսափում եք, բայց տեսնենք արկի դեմ ինչ կանեք: Չեք փախչի, չեք փախչի (Տանկի հրանոթի փողը շարժվում է ու այն մի քանի անգամ կրակում է) Վերջ: Կարծես, թե վերջ... ( Դադար: Հրամանատարը դուրս է գալիս տանկից: Նայում է հեռու և բղավում) Հեյ, հեյ.... Զինվորներ, ձեր ընկերն այնտեղ է, մի քիչ աջ, այն ծաղկած ծիրանենու մոտ... Հասեք օգնության (Շրջվում է, ու փնտրում Կաքավ քույրիկին) Կաքավ քույրիկ, Կաքավ քույրիկ որտե՞ղ ես...

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ (Տանկից հեռու՝ ձայնը)- Հրամանատար, Հրամանատար.... օգնիր ...

ՀՐԱՄԱԱՏԱՐ- Ի՞նչ, Կաքավ քույրիկ, (իր համար անսպասելի՝ տեսնում է հեռվում) - Կաքավ, քույր... Մեխանիկ... Նշանառու... (Տանկից ցած Է թռչում ու վազում օգնության: Մի քանի վայրկյան հետո Հրամանատարը վերադառնում է արդեն մահացած Նշանառուին գրկած: Նա ընկերոջ մարմինը դնում է տանկի վրա ու փակում բաց սառած աչքերը: Նրա ետևից գալիս է վիրավոր Մեխանիկին գոտկատեղից գրկած Կաքավ քույրիկը: Նա Մեխանիկին նստեցնում է ճիշտ այն ապահով տեղում, որտեղ քիչ առաջ նստած էր ինքը: Շրջվում է, իր հագուստի ինչ-որ մի ներքին շերտից պատռում է բարակ ու երկար սպիտակ կտոր, բայց չի կարողանում պոկել )

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ (Մոտենում է Հրամանատարին) – Օգնիր: (Հրամանատարը կտորը ձեռքին է փաթաթում ու պոկելով վերադարձնում Կաքավ քույրիկին: Կաքավ քույրիկն այդ կտորով չորացնում է վիրավորի ճակատը, ապա փորձում է հանել նրա անդրավարտիքը: Սակայն Մեխանիկը բռնում է նրա ձեռքը և փորձում է դիմադրել) Ազդրիդ է դիպել: Այլ կերպ չեմ կարող վերքդ կապել: (Մեխանիկը խոր հոգոց է հանում և իր ձեռքով քանդում գոտու ճարմանդը: Կաքավ քույրիկը անցնում է նրա վերքի մշակմանը: Կաքավ քույրիկը հագուստից պոկում է ևս մի կտոր և կրկին դիմում է հեռադիտակով դաշտի՝ ծառերով երիզված հատվածին նայող Հրամանատարին)

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ - Մեզ օգնողներն հեռացան, առանց հրաժեշտի: Նրանք էլ վիրավոր ունեին: Հարկավոր է այս ամենի մասին զեկուցել վերևներին: (Կրկին պոկում է Կաքավ քույրիկի հագուստի պատռված, բայց դժվար պոկվող շերտը և վերադարձնում: Կաքավ քույրիկը կրկին անցնում է վիրավորի խնամքին: Իսկ Հրամանատարը բարձրանում է տանկի զրահի վրա և անհետանում դիտահորում: Լսվում է նրա ձայնը) Գեներալ, ես Պահածոյի տուփն եմ, Գեներալ, ես պահածոյի տուփն եմ, խնդրում եմ պատասխանեք...


Պատկեր 4-րդ

Գեներալի հրամանատարական կետը: Գեներալը ռադիոկայանի մոտ է:

ԳԵՆԵՐԱԼ – Տարվա եղանակներ, մարտից հետո պիտի մոտենայիք տանկին: Զրուցեիք Հրամանատարի հետ:

ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ(Եռաձայն)- Գեներալ, Գարունը չկա: Այ-լե-վս:

ԳԵՆԵՐԱԼ – Գոտեպնդվեք, իմ տարվա եղանակներ: Ուրեմն ստիպված կլինենք ապրել առանց Գարունի: Մի մոռացեք, վառելիքի ու մեքենաների հարցը դեռ լրիվ փակված չի: Հասկանու՞մ եք, դեռ հարյուր տոկոսով փակված չի:

ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ(Եռաձայն)- Մենք շոկոլադները հանձնել ենք քեզ, Գեներալ::

ԳԵՆԵՐԱԼ – Դրա մասին չի խոսքը... Հրամայում եմ, 180 աստիճանով շրջվեք և վերադարձեք տանկի մոտ:

ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ (Եռաձայն)- Հասկացանք, Լսում ենք, շրջվեցինք, Գեներալ: (Կարճ դադար: Լսվում ամենագնացի շարժիչի ձայնը)

ՁՄԵՌ(Ձայնը) –Միկրոֆոնի մոտ է Ձմեռը: Գեներալ, բա Գարունի մարմինն ի՞նչ անենք:

ԳԵՆԵՐԱԼ – Ձեր հետ պտտեք, ուրիշ ի՞նչ կարող եք անել: (Իբր թե՝ ինքն իրեն) Թող մեր հերոս ընկերը մի վերջին անգամ շրջի ու իր հրաժեշտը տա նոր ազատագրված հայրենի դաշտերին ու բնությանը: Նա արժանի է դրան: (Բարձր) Իսկ Տանկի անձնակազմի հետ կվարվեք ընկերաբար...

ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ (Եռաձայն)- Լսում ենք, վարվել ընկերաբար...

ԳԵՆԵՐԱԼ – Հետո Գարունին կուղարկենք հայրենի քաղաք, այնտեղ նրան պատվով կհանձնեն հողին, իսկ ես հուշարձան կկառուցեմ: Հա, տանկի մոտ շատ շուտով, րոպեներ հետո, օգնական ուժեր են ժամանելու: Երկու ուղղաթիռով, բանակի կադրային սպաներ ու ժամկետային ծառայողներ... Արժանապատիվ կպահեք ձեզ:

ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ (Եռաձայն)- Լսում ենք պահել արժանապատիվ:

ԳԵՆԵՐԱԼ –Ուղղաթիռներն արդեն ճանապարհին են: Հասկացա՞ք:

ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ (Եռաձայն) - Ճիշտ այդպես, հասկացանք:

ԳԵՆԵՐԱԼ – Դե ձեզ հաջողություն: Հիշեք, ես մեր դրոշի մոտ՝ ձեր թիկունքին եմ: Կապին վերջ: (Անջատում է ռադիկայանը: Ինքն իրեն) Մնացինք առանց Գարուն: Բայց ախր, դրսում մայիսն է, գարունը նոր է բացվում...

ԱՂՋԻԿ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻ (Ձայնը) – Շտաբը կանչում է Գեներալին: Շտաբը կանչում է Գեներալին:

ԳԵՆԵՐԱԼ – Գեներալը լսում է : Գեներալը համակ ուշադրություն դարձած լսում է:

ԱՂՋԻԿ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻ (Ձայնը) – Գեներալ օգնական ուժերը երկու մարտական ուղղաթիռով շուտով կհասնեն:

ԳԵՆԵՐԱԼ (Բարկացած) – Գիտենք այդ մասին: Արդեն տեղեկացրել եք, վայ:

ԱՂՋԻԿ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻ (Ձայնը) – Գեներալ, հրամանատարությունը շնորհակալություն է հայտնում, որ չլինելով կադրային սպա Դուք շարունակում եք ազատամարտի ավանդներին հավատարիմ Ձեր ծառայությունները մատուցել հայրենիքին և ժողովրդին: Միաժամանակ տեղեկացնում է, որ այսօր հակամարտող կողմերը՝ մեր և թշնամու ղեկավարությունը, միջազգային բոլոր նորմերին համապատասխան, ստորագրել են անժամկետ հրադադարի մասին համաձայնագիր : (Անզուսպ) Գեներալ զինադադար է, խաղաղություն...

ԳԵՆԵՐԱԼ – Ի՞նչ... Չի կարող պատահել... Հա՞... Դա շատ լավ է, դա շատ լավ է: Բա հետո՞... Բա հետո ի՞նչ ենք անելու...

ԱՂՋԻԿ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻ(Ձայնը, ուրախ) -Գեներալ բոլոր տեսակի մարտական գործողություններն անհապաղ և ամբողջական դադարեցվում են: Խաղաղ կյանքի ենք վերադառնում: (մաքրում է կոկորդը և կրկին անցնում պաշտոնական տոնի) Մանրամասերի մասին կտեղեկացնենք ավելի ուշ: Կապին վերջ:

ԳԵՆԵՐԱԼ (Մտորելով) – Ուրեմն խաղաղություն, լավ, շատ լավ...

2-րդ գործողության վերջը


3-րդ գործողություն


Պատկեր 1-ին

Գեներալի հրամանատարական կետը վերածվել է շքեղ սենյակի: Նախկինից այստեղ մնացել է արդեն բացահայտ երևացող, ծանոթ դռնով խմիչքների պահարանը, որի պարունակությունը նույնն է և պարզ տեսանելի: Քանդականախշ բազրիքից շարունակվող մեծ պատուհանից բացվում է նախկին հրամանատարական կետի ծանոթ համայնապատկերը, որտեղ ավելացել է միայն հրանոթի դատարկ պարկուճները միմյանց հետ կպցնելով սարքած, հողի մեջ տնկած մեծ խաչ: Արագ-արագ սենյակ է մտնում բարեկեցիկ կյանքով ապրող, 50-55 տարեկան տղամարդու տեսք ստացած Գեներալը: Նա անհամբեր շարժումներով միացնում է հեռուստացույցը, փոխում է ալիքները և կանգ առնում նորություններ կարդացող հաղորդավարուհու վրա...

ԳԵՆԵՐԱԼ – Ահա, ահա... Ըհը....

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻ - ... Ընկուզենու մի քանի տասնյակ հեկտար զբաղեցնոզ անտառը իր տեսակի մեջ եզակի բնապահպանական միջավայր է: Այն, ըստ էության, բարձրաժեք պտուղի էժան և անսպառ շտեմարան է հրուշակագործության, դեղագործության և բնակչության կարիքները հոգալու համար:

Այսօր, սակայն, բնական վերաճով իքնապահպանվող եզակի անտառը հայտնվել է երկրում վերջին տարիներին անվերահսկելիորեն իրականացվող անտառհատումների ընդհանուր հոսքի մեջ: Այստեղ, թանկարժեք, հզոր բներով դարավոր ծառերը մարդու ձեռքով տապալվում են և ընկած մնում բոլոր թույլատրելի ժամկետների խախտումներով, որի հետևանքով կորցնում են իրենց արդյունաբերական նշանակությունը և, ի վերջո, օգտագործվում որպես վառելափայտ: Փորձագետների գնահատմամբ թանկարժեք փայտանյութի նկատմամբ այսպիսի բարբարոսական վերաբերմունքն ունի շատ պարզ բացատրություն: Անտառահատողներին հետաքրքրողը դարավոր ծառերի բների ստորին, երբեմն հողի տակ գտնվող, կոճղեզի խտացումների հատվածն է, որը միջազգային շուկայում շատ բարձր է գնահատվում և արդյունաբերական կիրառություն ունի ավտոմոբիլաշինության, երաժշտական գործիքների արտադրության և այլ ոլորտներում: Ավելացնենք, որ ընկուզենու հատումներն արդեն հասել են այնպիսի մասշտաբների, որ կարող են առաջացնել հողի շերտերի կառուցվածքային լուրջ խախտումներ և ունենալ բնապահպանական անկանխատեսելի հետևանքներ:

ԳԵՆԵՐԱԼ (Խոսում է հեռուստատեսային հաղորդավարուհուն զուգահեռ)- Պատերազմից հետո անցած 15 տարիների մեջ առաջին անգամ, իմ տան բոլոր հեռուստացույցները ցուցադրում են իմ ջղերը քայքայող միևնույն հաղորդումը: (Դիմում է հեռուստահաղորդավարուհուն) Դու, օրիորդ, տիկին կամ ինչ-որ ես, առանց գործի էությունը հասկանալու բառեր շաղ մի տուր: Դուք այլ թեմա չունե՞ք: Աչքերդ բիզնեսիս վրա՞ է... Մենք ընկուզենիների անտառում երբեք համատարած հատումներ չենք արել, ոչ էլ կտրած ծառերն անտերության ենք մատնել: Ընկուզենու թանկարժեք փայտը, ո՞վ է խելքը հացի հետ կերել, որ փչացնի: Տախտակ ենք քաշում, կահույքագործները խնդրում են ... Համ էլ մենք իրականացնում ենք ընտրովի հատումներ, որպեսզի ծառերն իրար չխեղդեն, չվարակեն և ազատ աճեն: Մենք պատերազմել ու կռվել ենք և գիտենք, որ ազատության կարիք նույնիսկ բույսն ունի : (Փնտրում է հեռախոսը) Որտե՞ղ է հեռախոսս... (Բղավում է) Հեռախոսս տվեք... Որտե՞ղ է հեռախոսս... (Արձագանք չկա: Այդպես գոռալով դուրս է գնում՝ ընթացքից անջատելով հեռուստացույցը: Բեմը դատարկ է: Հեռվից հանկարծ լսվում է կաքավի կղկղոցը: Քիչ անց Գեներալը վերադառնում է ավելի ջղային) Տնային ծառայողն իրավունք չունի հիվանդանալ՝ ինչպես որ իրավունք չունեն հիվանդանալ անձնական անվտանգությանդ աշխատակիցները: Քնում է իմ տան ձեղնահարկում, ուտում է միևնույն, կամ գրեթե միևնույն ուտելիքը, ինչ-որ ես, իսկ հիմա, արի ու տես, 38 ու կես աստիճան տաքություն ունի, չի կարող անկողնուց բարձրանալ... Եթե տանտիրոջ հեռախոսը կորել է, ապա դրա պատասխանատուն տնային աշխատողն է: Բա, էլ ուրիշ ո՞վ պետք է գտնի իմ հեռախոսը... Ոչ ամուսնացած եմ, ոչ էլ սիրուհուս եմ տուն բերում: (Պատուհանից դուրս է նայում: Բղավում է) Թիկնապահ, թիկնապահ... Մեկն ու մեկդ զանգեք իմ համարով, գուցե զանգի ձայնով կարողանամ գտնել...

(Անմիջապես լսվում է հեռախոսի զանգի ձայնը: Գեներալը գտնում է հեռախոսը)

ԳԵՆԵՐԱԼ(Վերցնում է ու առանց լսելու անմիջապես խոսում) – Ապրես: Գնա խոհանոց և ասա որ այսօր քեզ առանց սահմանափակման ճաշի բոնուս եմ նվիրել:

ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ (Երկձայն) – Տարվա եղանակները կանչում են Գեներալին, տարվա եղանակները կանչում են...

ԳԵՆԵՐԱԼ – Տարվա եղանակներ, դու՞ք եք: Թիկնապահիս զրկեցիք բոնուսից: Այս ի՞նչ են պատմում հեռուստացույցով:

ԱՇՈՒՆ (Ձայնը) – Միկրոֆոնի մոտ է Աշունը. Գեներալ, թերթերն ու համացանցն էլ են լցված այդ բամբասանքով:

ՁՄԵՌ (Ձայնը) – Միկրոֆոնի մոտ է Ձմեռը. Գեներալ, հորինել են, որ ընկուզենու արմատները ուղարկում ենք արտասահման...

ԱՇՈՒՆ (Ձայնը) – Միկրոֆոնի մոտ է Աշունը. Գեներալ, հիմա...

ԳԵՆԵՐԱԼ (Հրամայական) –Լսեք: Գործը ժամանակավորապես փակում ենք: Բանվորների սրտերը խոսքով շահեք: Ասեք, որ աշխատավարձը հետո կտաք: Բարի, ընկերական խոսեք, որ հենց կրկին կանչենք՝ վազելով գան, նորից գործին կպչեն...

ԱՇՈՒՆ (Ձայնը) – Միկրոֆոնի մոտ է Աշունը. Գեներալ, հիմա 45-50 խորանարդ մետր ընկուզենու ընտիր կոճղեզ է կուտակվել: Երկու մեծ բեռնատար: Բա դա ի՞նչ անենք...

ԳԵՆԵՐԱԼ - Թաքցրեք, մինչև տեսնենք, ո՞վ և ի՞նչ է մեզնից ուզում: Տեխնիկա, գործիք ոչ մի բան չթողնեք: Հետքերը ջնջեք, իմ հետ կապը՝ միայն հեռախոսով: Ամռան ձայնը չլսեցի: Որտե՞ղ է:

ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ (Երկձայն) – Հիվանդանոցում է: Ընկուզենիների մասին այս աղմուկից հետո սիրտը վատացել է: Արդեն երկու օր է:

ԳԵՆԵՐԱԼ - Սիրտս ո՞րն է, ժամանակ է գտե՞լ: Դե, լավ, վերջ կապին: (Գեներալը մոտենում է պատուհանին և քարանում: Խաչից սպիտակ պաստառ է կախված, որի վրա գրված է. «Ձեռքերդ հեռու անտառաշինության դարավոր հուշարձանից»: Բռնում է սիրտը ու նստում աթոռին) 100 տոկոս համոզված եմ, սիրտը սա է, որ կա: (Հանկարծ հնչում է հեռախոսի զանգը: Կրկին վերցնում է հեռախոսը) Հա, հա թիկնապահ: Ապրես, ապրես, հեռախոսս գտա: Դու չլինեիր, բա հեռախոսս ո՞նց պիտի գտնեի: Լսիր, դու գիտես չէ՞, որ ես ընկերասեր մարդ եմ: Իսկ եթե ընկերդ պատերազմի հերոս է ու հետն էլ զոհվա՞ծ... Դե, հիմա, պատկերացրու, թե ես ինչի եմ ընդունակ, եթե մի վայրկյան, մի հարյուերոդական վայրկյան հետո ընկերոջս՝ Գարունի, հիշատակի խաչից այդ պաստառը չհանեք (Բարկացած) Անաստվածներ, խաչը ձեր համար բնապահպանական կարգախոսի կախի՞չ է: (Անջատում է հեռախոսը ու անորոշ վիճակի մեջ ընկնում ) Ի՞նչ էի անում, ի՞նչ էի անում... Իսկ հիշեցնող չկա... Ախր, քիչ առաջ էի անում... Մեղավորը... (Հայացքով բարձրանում է ձեղնահարկ) տաքություն ունի ... Հա, հիշեցի, սիրտս լավ չէր... Բա, կարո՞ղ է լավ լինի... Բավական է: Վերջ: Գնամ: Գնամ, պատգամավոր դառնամ: Կքվեարկեմ, համ էլ ընկուզենիների հատումների մասին օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգամ: (Կարդում է) « Ձեռքերդ հեռու անտառաշինության դարավոր հուշարձանից»: (Դադար: Մտորում է: Նայում է պատուհանից ու տեսնում է, որ պաստառը ներքևից փորձում են հանել ու ցնցվում-ալեկոծվում է: Կրկին հեռախոսով զանգում է) Թիկնապահ, լավ լավ, մի չարչարվեք, պաստառը թողեք խաչի վրա ...


Պատկեր 2-րդ

Լքյալ գյուղ տանող ճանապարհը: Տանկը գտնվում է ճանապարհի եզրին կառուցված բարձր պատվանդանի վրա, որպես հուշարձան: Գալիս է Կաքավ քույրիկը: Մի քանի վայրկյան կանգնում է տանկի դիմաց: Գլուխն այնքան է վեր բարձրացնում, ասես՝ երկնքին նայելիս լինի, բայց , իրականում նայում է տանկին :

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Պահ, պահ, պահ... Դու՞ ես, թե,՞ դու չես: Այս ու՞ր ես բարձրացել... Թերթերն ու հեռուստացույցն են խոսում քո մասին, քո մոտ հանրահավաքներ են անցկացվում... Մի՞թե հուշարձանի դիրքով, հողից կտրված, երկու մետր բարձրության վրա ավելի հարմար է... Անցած 15 տարիները ի վիճակի չեղան թոքերս մաքրել քո լպրծյուն քսայուղերից, ճանապարհի փոշիներից ու կրակոցների ծխից շաղախված հոտդ: Ես հենվել էի քեզ ու թիկունքով զգում էի զրահիդ մոտիկությունը: (Մոտենում է տանկի ետևի մասին) Հիմա էլ եմ վստահ, որ տանկերից ավելի հզոր պաշտպան չկա, բայց, միևնույնն է, ինձ թիրախավորած կրակոցների հիշողությունը սարսափեցնում է: Ուղեղիս մեջ, անհայտ մի ծալք, հին կրակոցների արանքներում կրկին որսում է Հրամանատարի երգից պոկված բառերի ինչ-որ ծվեններ, առանձին հնչյուններ և փորձում դրանք վերականգնել, ամբողջացնել. «Սիր-ու-նիկ... թը-ուխ ամպեր-են... կը-անաչ սար-են... բար-եվ բ-եր-ավ... Կաք-ավի-կ... »: Բայց լաց ու ծիծաղիս դավաճան բնազդները կրկին խճճվում են կրակոցների ու պայթյունների արձագանքների մեջ և կոկորդս սեղմելով ՝ շնչահեղձ անում, շնչահեղձ անում... (Հնչում է բջջային հեռախոսի զանգը: Ձեռքի պայուսակի մեջ սկսում է փնտրել) Ես այդպես էլ չհասկացա, թե քո տեղը այս պայուսակում որն է, խառնվում ես այլ իրերի հետ ու ձայնդ գլուխդ գցում... միշտ ամենավերջին պահին ես գտնվում... Ահա, ահա...(Վերջապես գտնում է հեռախոսը) Տղաս է: Հա, որդիս, լսում եմ:

ՈՐԴԻ(Ձայնը) – Մայրի՞կ Միացյալ ազգերի կազմակերպությունից հաղորդեցին, որ թաղած եկեղեցում ուխտի գնալուց հետո շեղվել ես երթուղուցդ:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ –Իսկ Միացյալ ազգերի կազմակերպությունում չգիտեն, որ այստեղ երթուղային տաքսիներ են աշխատում ու հիմա ես եկել, հասել եմ տանկին:

ՈՐԴԻ (Ձայնը) – Դե իհարկե, եթե կա հանրային տրանսպորտ, ուրեմն կարող ես միջգյուղյա գրունտային ճանապարհով կես ժամանոց փոքրիկ ավտովազք կատարել և հայտնվել ևս մեկ կարևոր ուխտատեղիում: Տանկդ ինչպե՞ս է, մայրիկ:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ –Քեզ բարևում է:

ՈՐԴՒ (Ձայնը) - Շնորհակալ եմ, մեծարանքով ընդունում եմ իր բարևը:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ (Կեղծ հանդիմանությամբ) – Դերասան:

ՈՐԴՒ(Ձայնը: Թեթևացած) - Ուրեմն այդ դաշտի հետ կապված սարսափներդ արդեն անցյալ են:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ (Շինծու ուրախությամբ) – Այո, այո, անցյալ են:

ՈՐԴՒ (Ձայնը: Ուրախ)- Ամեն ինչ եղավ քո ուզածով, մայրիկ: Սարսափներդ, որ այդտեղ միայնակ էիր վաստակել, միայնակ էլ հաղթահարեցիր:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Չէ, ես մտքում երգում էի... Սիր-ու-նիկ... թը-ուխ ամպեր-են... կը-անաչ սար-են... բար-եվ բ-եր-ավ... Կաք-ավի-կ...

ՈՐԴՒ(Ձայնը) - Իսկ հուղարկված եկեղեցուց ի՞նչ տպավորություններ ստացար:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Բոլորի նման ես էլ էի ինքս ինձ ու մյուսներին հարցնում. «Ինչու՞ են այդ անաստվածները մի ողջ սար տեղափոխել ու ու կործկել տաճարի վրա»: Հետո մտածեցի, որ պատասխանն իմանալու համար, առնվազն պետք է իրենցից մեկը լինել:

ՈՐԴՒ (Ձայնը) - Ունեինք համբարձված աստված, իսկ հիմա ունենք նաև համբարձված տաճար: Սա էլ իմ պատասխանն իրենց: Դու էլ քո պատասխանն ասա, մայրիկ:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Ինձ այդ պատասխանդ դուր եկավ: Ես էլ եմ ասում «Համբարձված տաճար»

ՈՐԴՒ(Ձայնը) - Պատասխանելու հերթը հիմա էլ մեր հայրենակիցներին թող մնա:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Կարծում եմ բոլորն էլ կհամաձայնվեն՝ դա իրոք հողի տակից «Համբարձված եկեղեցի» է, ուրեմն ճիշտ կլիներ, որ կրկին կյանք ստացած եկեղեցին հենց այդպես կոչեն:

ՈՐԴՒ (Ձայնը) - «Համբարձված տաճար»:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Այո: Ասում են հողի շերտի հաստությունը տաճարի գմբեթի ծայրից եղել է ուղիղ մեկ ու կես մետր, իսկ եկեղեցին թաղելուց հետո, հաջորդ ամռանը բլուրի վրա այնպիսի խոտ է աճել, այնպիսի խոտ, որ ոչխարները կերել ու դարձել են հորթի չափ:

ՈՐԴԻ (Ձայնը) –Չէ, մի... Իսկ հորթե՞րն ինչի չափ են դարձել:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Նրանք կովերի ու հորթերի հետ գլուխ չունեն, նրանցը ոչխարներն են:

ՈՐԴԻ (Ձայնը) – Բա մերո՞նք: Գյուղի իսկական տերերն ինչու՞ են տասնամյակներ շարունակ լռել իրենց եկեղեցու մասին:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Ժամանակներն էին այդպիսին: Գյուղի նոր տերերն իրենց ոչխարների նոր արոտավայրը պահպանելու համար են անհանգստացել, մերոնք, այսինքն իսկական տերերը՝ այդ արոտավայրով ծածկված եկեղեցու: Մերոնք վախեցել են, որ եթե պայքարեն, ապա նոր տերերը, մի օր, հողը կարող են հեռացնել, բայց հետո, անպատճառ, կքանդեն, ինչպես գյուղի ծայրին գտնվող մյուս տաճարը: Ու լռել են, ձայն չեն հանել:

ՈՐԴԻ (Ձայնը) –Երկու կողմերի շահերն այդտեղ համընկել են: Առաջացել է կոնսենսուս ...

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Ի՞նչ...

ՈՐԴԻ (Ձայնը) –Կողմերը հասել են փոխզիջումների ընդունելի հնարավորությանը, մեկին արոտավայր, մյուսին՝ թեկուզ հողի տակ թաղված, բայց անվնաս մնացող տաճար...

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Որդիս, հիմա եկեղեցու վրա բլուր ու արոտավայր չկա, վերացվել է: Մերոնք հողը բեռնատարներով տեղափոխել են նախկին տեղը, բարեկարգում են շրջակայքը:

ՈՐԴԻ(Ձայնը) –Պահո... Օպերատիվ կարգով կոնսենսուսը խախտվել է... Բայց չեմ կարծում, որ դա պատերազմը վերսկսելու պատճառ դառնա:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Չի դառնա: Իհարկե չի դառնա: Իրենք լավ գիտեն, գյուղն էլ է մերը, եկեղեցին էլ: Ու հիմա, այս գեղեցիկ առիթով, ես ցանկանում եմ քեզ հարցնել. «Տղաս, չե՞ս կարծում, որ մի հալալ կաթնակեր աղջկա ձեռքը բռնած Համբաձված եկեղեցու խորանին մոտենալու և օրհնություն ստանալու առիթ պիտի ստեղծել ...» Շատ եմ ուզում, որ պսակադրությունդ անենք Համբարձված եկեղեցում:

ՈՐԴՒ(Ձայնը) – Ալո...Մամ, ալո...

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Մի ձևացիր թե կապը վատացավ... Հիմա չեն կրակում: Իսկ երբ չեն կրակում, պետք է հայրական օջախի ծուխը շարունակելու մասին մտածել... ու չխուսափել ամուսնության մասին հարց քննարկելուց... Զինադադարները հենց դրա համար են...

ՈՐԴՒ(Ձայնը) – Մամ, մամ, չեմ լսում... Զգույշ եղիր...

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Ես քո պես սահմանամերձ գոտում չեմ հերթապահում: Այստեղ հիմա պատերազմի հետք անգամ չի մնացել: Խաղաղ, ծանոթ ճանապարհներ են, ի՞նչից զգուշանամ...

ՈՐԴԻ (Ձայնը) –Կապի մեջ եղիր: Լա՞վ: Ես հեռախոսս կլիցքավորեմ ու նորից կխոսենք տանկի, ճանապարհի, դաշտի ու Համբարձված եկեղեցու մասին: Լսու՞մ ես

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Լսում եմ, դերասան, լսում եմ, մինչև ե՞րբ ես խուսափելու ամուսնության մասին խոսելուց ... (Հեռախոսն անջատում է ու դնում պայուսակի մեջ: Մոտենում և գլուխը կրկին բարձրացնում է դեպի պատվանդանի վրա կանգնած տանկը, բայց թվում է, թե երկնքին է նայում) Կրակ ժայթքող գնդացիրները, ինքնաձիգերը, նռնականետերն ու տանկն իմ առջև ձուլեցին դժողքի երկաթյա վարագույր: Այդ պահից սկսած, երկար ժամանակ, աչքիս ոչինչ չերևաց՝ ոչ անցյալ, ոչ ներկա, ոչ՝ ապագա: Փակ էր: Մութ էր: Ոչինչ չէր երևում: Իսկ հետո զինադադարն սկսվեց և թվաց՝ լույսը հաղթեց: Վերջ: Եկավ բարու ժամանակը: Բայց երկրի սահմանների մոտ կրակոցները չդադարեցին:: Թշնամին գիշեր ու զոր փորձում է մեր մեջ ներարկել իր ձեռքերում հունցվող մահվան ներկայությունը: Տղաներն ու աղջիկները հասակ են առնում այդպիսի հարևանությամբ: Փոխվում է մեր երեխաների ժպիտը, փոխվում են նրանց հայացքները, քանի որ զինադադարի բերած խաղաղությունը հարաբերական է, քանի որ զինադադարը ընդամենը հիշեցում է խաղաղության փխրունության մասին: Պետք է երեխաներս, տղաս և աղջիկս հասկանան, որ մեր բաժինը այս մոլորակի վրա գոյություն ունեցող կյանքի հնարավորության այս տարածքում է ... Ու ապրեն, ու ապրեն... Սա մեր հայրենիքն է: (Դադար) Այլևս ոչ մի սմարթֆոն, մարտկոց կամ վատ լսելիություն ... Պարտադիր, ամուսնանալ է պետք... Երկուսին էլ՝ թե տղայիս, թե աղջկաս, պարտադիր ամուսնացնել է պետք:

(Հեռախոսով խոսալով գալիս է Հրամանատարը: Քաղաքացիական հագուստներով է և զգացվում է զինվորական ծառայության մեջ չի այլևս:


Պատկեր 3-րդ

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ– Մեխանիկ, ես հասա, արդեն տեղում եմ: Հիմա պաստառը կկախեմ տանկի վրա: Այստեղ ուխտավորների մեծ հոսք կա: Գուցե կարողանանք նրանց ուշադրությունն էլ հանրահավաքի վրա հրավիրել:

ՄԵԽԱՆԻԿ(Ձայնը) – Ճիշտ է Հրամանատար ի՞նչ ուխտավոր կամ հավատացյալ, որ հոգու մաքրությունը պիտի անջատի շրջակա միջավայրից: Պետք է նրանց ուշադրությունը հրավիրել մեր հիմնախնդրի վրա: Ես թռուցիկները գրեթե լրիվ բաժանել եմ: Եթե կարդացողների 10 տոկոսն էլ արձագանքի, արդեն ազդեցիկ ուժ կդառնանք: Իսկ դու՞... Այդտեղ քեզ օգնող ունե՞ս: Կկարողանա՞ս պաստառը կախել:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ– Եթե պաստառի համար օգնող չգտնեմ, այդ դեպքում մեր հանրահավաքը կիմաստազրկվի դեռ չսկսված: (Ուսումնասիրում է շրջապատը և հանդիսասրահը) Մարդիկ կգտնվեն, իհարկե կգտնվեն ...: (Շուրջն է նայում ու հայացքով հանկարծ հանդիպում տանկի ետևից դուրս եկող Կաքավ քույրիկին: Ակնապիշ նայում է ու հանկարծ լայն ժպտում) Կաքավ քույրիկ...Այ քեզ հանդիպում: Շատ ժամանակ է անցել ... Բայց ես, ձեզ տեսնելուն պես, հիշեցի...

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ(Հիշողությունը լարելով ու կասկածելով) – Սպասիր, սպասիր... Հրամանատա՞ր:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ– Ճիշտ է: Ես եմ: Կաքավ քույրիկ... Դուք բոլորովին չեք փոխվել... Ձեզ հիմա տեսնելով ներսումս, հանկարծ, հնչեց... (Երգում է) Սիրունիկ, նախշուն, կաքավիկ... Հիշու՞մ եք...

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Իսկ դու փոխվել ես: Մեծացել: Մազերիդ մեջ նույնիսկ սպիտակ է հայտնվել:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ– Մեր հանդիպումները միայն տանկի մոտ են լինում: (Շփոթված է ու խառնված) Հետաքրքիր է...

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Ճիշտ է: Թեև, կարծես, մենք միասին լավ բան չունենք հիշելու, բայց ուրախ եմ քեզ տեսնել այսպես առողջ ու աշխույժ: (Չափում է ոտքից գլուխ) Հրամանատար, հագուստներդ, կարծես, տանկիստի չեն: Ասենք տեսքդ էլ է փոխված...

ՀԵԱՄԱՆԱՏԱՐ – Տարիներ, տարիներ...

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ –Կռիվը, զինադադարը և երիըասարդ տանկիստ-ընկերոջդ զոհվելը մեր վրա ծանրացան միանգամից՝ բնական աղետի պես ...,

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ – Այո... Նշանառուն... Նա շատ սրամիտ էր... Իսկ Մեխանիկը վիրավորվեց...

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Հետո եկան «Տարվա եղանակներ»ը՝ իրենց զոհված ընկերոջ մարմինը ամենագնացի ետևի նստատեղին նստեցրած-կապած: Նրանց հաջորդեցին երկու ուղղաթիռները, որոնցից մեկի մեջ հավաքեցին դիվերսանտների դիակներն ու զենքերը: 12 դիակ...Իսկ մյուս ուղղաթիռում քեզ ու ընկերոջդ նստեցրին, վերցրին մեր երկու զոհված հերոսների մարմիններն ու բարձացան երկինք, հեռացան: Հետագայում ես քեզ փնտրեցի, նույնիսկ դիմեցի Գեներալին: Բայց ամենուր լսում էի միևնույն պատասխանը. «Զինվորական գաղտնիք է»: Իսկ օրերը դեռ խառն էին:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ – Այո, օրերը այնքան խառն էին, որ մինչև այսօր տիղմը վերևում է, չի նստում: Ինչպես եք, Կաքավ քույրիկ:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Ապրում եմ այդ օրվա արձագանքներով .... «Տարվա եղանակներից» երկուսին Գեներալը հրամայեց հերթապահել տանկի մոտ, իսկ մյուսն ինձ ամենագնացով հասցրեց նրա հրամանատարական կետ...

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ (Զարմացած) – Այո՞... Ինչու՞...

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Գեներալն իր հերթին հարցեր ուներ ինձ տալու, որոնց պատասխանները ես չգիտեի... Իսկ հետո համոզում էր, որ շոկոլադ ուտեմ, գիշերեմ իր հրամանատարական կետում, որովհետև մութն արդեն վրա է հասնում... Բայց, այ այսպես, ես վիրավորանքս շալակեցի ու արագ-արագ դուրս եկա նրա հրամանատարական կետից...(Դադար) Երբ հասա տուն, հանկարծ գլխի ընկա, որ վառելիքի բաքը մոռացել եմ տանկի մոտ... Պատկերացնու՞մ ես:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ –Իսկ ես, չգիտես ինչու, ամեն օր հիշում եմ գնդակներից բզկտված տանկիստի իմ գլխարկը, թեև վաղուց արդեն տանկիստ չեմ:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Ինձ հիշողությունները ցերեկվա ժամերին, ոչինչ, հանգիստ են թողնում, բայց գիշերները... Ու ես որոշեցի իմ ցերեկային հանդարտությունից օգտվել: Եկա, մոմ վառեցի Համբարձված եկեղեցում...

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ – Համբարձված եկեղեցի՞... Առաջին անգամ եմ լսում: Որտե՞ղ է գտնվում:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Դե այն տաճարը, որ մեր ոչ բարեկամները թաղել էին հողի տակ...

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ – Լքյալ գյուղի՞... Հիանալի է... Գեղեցիկ և տեղին անուն է, որտեղի՞ց վերցրիք...

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Դա որդուս առաջարկն է: Նա, էլ է ծառայում բանակում, սպա է, երևակայություն ունի, էլ մի ասա... բայց խուսափում է ամուսնանալուց... Իսկ դու, անշուշտ կին, երեխաներ...

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ(Շփոթմունքը հաղթահարելով) –Ես... ես հանրահավաքի ժամանակ այդ անվանակոչման մասին կհայտարարեմ... Համբարձված տաճար, գեղեցիկ է ... Հետո՞, Կաքավ քույրիկ..., Հետո ի՞նչ կասեք:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Այսքանը: Ուրիշ՝ ոչինչ:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ - Չխոսկան եք դարձել: Իսկ այն ժամանակ... Ինքնաձիգից ավելի արագ էիք բառերը շարում...(Իբր արագախոսում է) Տը, տը, տը...

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Հիմա էլ պակաս չեմ: Տը. Տը, տըըը... (Ծիծաղում են) Միայն առիթ լինի...

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ– Իսկ ես հիմա հասարակական գործունեությամբ եմ զբաղվում: Քաղաքացիական հասարակություն, այսպես ասած: Հանրահավաքներ, երթեր, երբեմն՝ հացադուլ... Ի դեպ, կարող եք մասնակցել: Այսօրվա հանրավաքը նվիրված է ընկուզենիների անտառին:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Պատերազմի տարիներին, ընկույզը, դեռ կարգին չհասունացած, այդ անտառում արագ սպառվում էր: Մարդիկ հավաքում և շուկայում այլ ապրանքների հետ էին փոխանակում...

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ– Իսկ այսօր մեր թիմը ահազանգում է: (Դիմելով ընդհանուրին) Լսեք, պարզապես չեմ հասկանում, թե ի՞նչ են մտածում այդ ծառը կտրողները: Ախր, ընկուզենին կանգնած է մահանում ... Պետք է կանգնած մահանա...Հասկանու՞մ եք, պետք է...

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ(Կատակով)- Ես վստահ եմ, որ քո հանրահավաքն, իրոք, լավ կստացվի ու վառելիքը չի սպառվի:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ(Ակնթարթային վերափոխված և բորբոքված) – Վառելի՞քը... Իմ վառելի՞քը... Դա կախված է ձեզնից:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ- Ինձնի՞ց:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ – Այո ձեզնից և յուրաքանչյուր քաղաքացուց: Ես քաղաքացիական ակտիվիստ եմ, բայց իմ իրական ուժը, հասարակության յուրաքանչյուր առանձին անդամի և, միաժամանակ, նրանց հավաքականության մեջ է: Մի րոպե: Հիմա ես դա ցույց կտամ (ՄՈՏԵՆՈՒՄ և ԲԵՄ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՐԿՈՒ ՀԱՆԴԻՍԱՏԵՍՆԵՐԻ: ՈՐՈՆՔ ՊԵՏՔ Է ՓԱԿՑՆԵՆ ՊԱՍՏԱՌԸ) Ներողություն կօգնե՞ք այս պաստառը փակցնենք տանկին: Դուք և դուք, երկուսով, խնդրեմ... Սա միայն իմ կամ Կաքավ քույրիկի հանրահավաքը չի: Սա ձեր, ձեր երեխաների ու թոռների ապրելու բնական անխաթար միջավայրի համար է: Ծառերը հատվում ու վաճառվում են, պոլիէթիլենի տոպրակներն ու շշերը աղբի հետ նետվում են՝ որտեղ և ինչպես պատահի , ավելանում են պաշտոնյաների կամայականությունները ... Էլ չեմ հիշատակում նորմերի խախտմամբ օգտակար հանածոների արդյունահանման, անտառների ու կենդանական աշխարհի աղետալի վիճակի, մարդածին այլ բնապահպանական վտանգների ու հենց մարդու մարդկային նկարագրի աղճատման մասին: ( ԵՐԿՈՒ ՀՐԱՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՏԵՍՆԵՐԸ ՊԱՍՏԱՌԸ ՏԱՆԿԻ ԶՐԱՀԻՆ ԵՆ ԿՊՑՆՈՒՄ: ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՆՐԱՆՑ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ) Այդպես, լավ է... աջ կողմը մի փոքր բարձրացրեք: Լավ է: Գերազանց է: (ՀԱՆԴԻՍԱՏԵՍՆԵՐՆ ԱՎԱՐՏՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԳՈՐԾԸ) Շնորհակալություն: Շնորհակալություն, որ եկաք ու օգնեցիք փակցնել մեր բոլորի շահերն արտահայտող կարգախոսը... Հուսով եմ՝ կմասնակցեք հանրահավաքին...( Կարդում է) « Ձեռքերդ հեռու անտառաշինության դարավոր հուշարձանից»: (Սկսում է վանկարկել և դահլիճին հրավիրել հետևելու իր օրինակին) Ժողովուրդ, մի-ա-ցում, մի - ա- ցում... Կաքավ քույրիկ, Մի-ա-ցում ... (Կաքավ քույրիկը բռունցքը պարզում է ու ժպտում, չի վանկարկում: Իսկ վանկարկմանը մասնակցում է ողջ դահլիճը: Իր կարգախոսի սավանը փաթեթավորած, գեներալական համազգեստով, կրծքին շողշողացող մեդալներով, բայց առանց ուսադիրների գալիս է Գեներալը)


Պատկեր 4-րդ

ԳԵՆԵՐԱԼ (Գեներալը բռունցքը պարզում ու վանկարկման հանգին համապատասխան շարժում է, բայց ինքը չի վանկարկում, այլ մոտենում է Հրամանատարին ու մի քանի քայլ հեռու կանգնում)– Ոչ ոքի հաճելի չի կանգնել կես ճանապարհին ու նմանվել վառելիքը սպառած մեքենայի՝ պատերազմ լինի, թե խաղաղություն: (Շրջվում է և ուղիղ նայում Հրամանատարին) Ղեկ բռնողի անհեռատեսությունը ցանկացած հրաշալի փոխադրամիջոց կվերածի մետաղի ջարդոնի կամ կխափանի ցանկացած գործ: (Հստակ երևում, որ Հրամանատարն անհանգաիստ շարժվեց տեղում, իսկ Կաքավ քույրիկն ականջը սրած առաջ է գալիս) Անտառները խնամելն անհրաժեշտություն է: Հիվանդ ու չորացած ճյուղերն ու ծառերը պիտի կտրել: Դա կոչվում է սանիտարական հատում: Եթե կիսատ թողնես սանիտարական հատումները, ապա հիվանդ ծառերըը կվարակեն առողջներին: Անտառը կհիվանդանա: Խիտ վերաճի դեպքում հաստ բներով ծառերը պետք կտրել մատղաշների ազատ զարգացման համար: Դա կոչվում է խնամքի հատում ... Կիսատ թողնես խնամքի հատումները, մատղաշ ծառերը կոչնչանան, անտառը կծերանա (Դադար: Փաթեթավորված կարգախոսը ձեռքին՝ մոտենում է Հրամանատարին ու փաթեթի ծայրը մեկնում նրան:) Միայն հիմարներն են, որ խելքին զոռ չեն տալիս: Բայց, ես կողմ եմ, որ խելքին զոռ տվողը կարողանա կողմնորոշվել և իր զբաղեցրած տեղը զիջի ավելի մեծ հնարավորություններ ունեցողին ... (Նայում է ուղիղ հրամանատարի աչքերին) Համաձա՞յն ես: (Սպառանլից) Հա-մա-ձա՞յն ես (Հրամանատարը նայում է Գեներալի աչքերին ու մի կողմ է հրում նրա ձեռքը, որով Գեներալը փորձում էր կարգախոսի փաթեթի ծայրը խցկել իր ափի մեջ: Հրամանատարը դեմքը շրջում է: Իսկ Գեներալը սպառնալից շրջվում է հակառակ ուղղությամբ) Ժողովու... (Գեներալի բառը մնում է կոկորդին, որովհետև հենց շրջվելու պահին նրա քթի մոտ է հայտնվում Կաքավ քույրիկի դեմքը)

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Լիկյոր, գարեջուր, զուլալ ջուր... Շոկոլադ: Գեներալ ոճդ պահպանում ես: Կրկին բազմանշանակ ես խոսում, ակնարկներով... Դա քո մոտ սովորությու՞ն է, թե հանկարծակի է այդպես ստացվում:

ԳԵՆԵՐԱԼ(Մի պահ շփոթվում է: Բայց անմիջապես իրեն «հավաքում է»: Ուրախ, ցնծալի) –Կաքավ քույրիկ, զոհված հերոսի այրի: Կարող եմ նաև առանց ակնարկների: Քո ամուսինն ու ես մեր կռիվն անարգ թշնամու դեմ սկսել ենք նույն զենքերով... բռունցքով, քարով, փայտով, իսկ տանկի դեմ, լավագույն դեպքում, դուրս ենք եկել միալիցք որսորդական հրացանով:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Պատերազմը դու սկսել ու ավարտել ես միևնույն պահարանի մոտ...

ԳԵՆԵՐԱԼ(Ծիծաղում է)- Ճիշտ է, պահարանի, որը շատերի համար ունի այլ անվանում՝ հայրենիք: Գիտեմ, ճակատագիրը ստիպել է քեզ երկար ու ձիգ ճանապարհներ անցնել, բայց ես մեղավոր եմ քո առաջ, որովհետև լինելով Գեներալ, այնուամենայնիվ, աչք փակեցի, ավելին, օգնեցի քեզ կատարել օրինազանցություն: Քեզ 20 լիտր հեղուկ վառելիք էր անհրաժեշտ և ես անարգել թույլատրեցի գնաս լքյալ գյուղ, որը հատուկ պահպանության գոտի էր...

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ – Գեներալ, դուք շատ լավ գիտեք, որ Կաքավ քույրիկը լքյալ գյուղ չի...

ԳԵՆԵՐԱԼ(Սպառնալիքով) -... թույլատրեցի ինձ վստահված դիրքերն անցնել, շրջանցել օրենքը՝ նահանջած թշնամու ունեցվածքն ավարի ենթարկելն արգելող օրենքը, և մտնել անտեր դարձած տների մառաններ ու գոմեր՝ 20 լիտր հեղուկ վառելանյութ վերցնելու համար:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ –Գեներալ Կաքավ քույրիկն այդ օրն ընդհանրապես լքյալ գյուղում չի եղել և չէր կարող օրինազանցություն կատարել, որովհետև նա վիրավոր տանկիստներին էր դուրս բերում դիվերսանտների կրակի գոտուց ու վիրակապում վերքերը...

ԳԵՆԵՐԱԼ –Այո, նա օգնել է վտանգավոր գոտուց մարտով դուրս եկող տանկիստներին... Բայց ես, խնդրում եմ իմ ժողովրդի ներողամտությունը իմ օրինազանցության համար: (Մտնում է հրամանատարի քիթը: Սպառանլից ու կիսաշշուկով) Համենայնդեպս, տեսնես, ու՞ր էին գնացել և որտեղի՞ց էին վերադառնում քո տանկիստներն այդ օրը... Հրամանատար, սա բազում հարցականներով հավասարման կարող է վերածվել... (Կեղծ, բարձր ծիծաղում է: Հրամանատարի թիկունքից նայում է հանդիսատեսների կախած կարգախոսին, բարձրաձայն, բայց չհավանողի տոնով, վանկերով կարդում է) «Ձեռ-քե-րըդ հե-ռու անտառա-շինության դա-րա-վոր հու-շար-ձանից»: Մի՞թե մենք այսպիսի կարգխոսի ենք արժանի: (Ցույց է տալիս իր կարգախոսի փաթեթը ) Իսկ հիմա նայեք, թե ինչ եմ բերել ես: Ահա, ժողովուրդ, ես առաջարկում եմ հին կարգախոսը փոխել նորով: Այն որակով մի քանի անգամ ավելի լավն է, համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին, կայուն է անձրևի, ձյան, ընդհանրապես, մթնոլորտային երևույթների հանդեպ: Հը՞, Հրամանատար, ավելի լավին դեմ հո չե՞ս: Բռնիր, դե, բռնիր... (Երկար ու լուռ պայքարից հետո, Գեներալին հաջողվում է իր կարգախոսի փաթեթի ծայրը խցկել Հրամանատարի բուռը: Նրանք փաթեթի հակադիր ծայրերը բռնած դանդաղ ետ-ետ են քայլում և Գեներալի կարգախոսը փակցնում են հանդիսատեսների կպցրած կարգախոսի վրա: Գեներալի կարգախոսը բովանդակությամբ նույնն է՝ ինչ հանդիսատեսների կախածը) Այ, սա ուրիշ է: (Սահուն ու վերմբարձ կարդում է) «Ձեռքերդ հեռու անտառաշինության դարավոր հուշարձանից»: Դե, Միացումը կայացավ: Իսկ հիմա, մի տեղ զանգեմ ու անցնենք գործի:

( Գեներալը մի կողմ է քաշվում ու բջջային հեռախոսով զանգում )

ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿԱՆԵՐ(Երկձայն)- Տարվա եղանակները լսում են, Գեներալ:

ԳԵՆԵՐԱԼ – Լսեք հրամանը. Անտառի խնամքի հատումները շարունակել նախկին տեմպերով ու եղանակներով: Առանձնացնել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ՝ տանկ-հուշարձանից Լքյալ գյուղ տանող գրունտային ճանապարհն ասֆալտապատելու համար: Պատրաստվել երկրի օրենսդիր մարմնի ընտրություններին և ամեն գնով, լսու՞մ եք, ամեն գնով, անհրաժեշտ ձայներն ապահովել:

ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿԱՆԵՐ(Երկձայն) – Պատրաստ ենք 100 տոկոսանոց ցուցանիշ ապահովել, Գեներալ:

ԳԵՆԵՐԱԼ – Չէ, թողնել 100 տոկոսը... Դեմոկրատիա, այսինքն ժողովրդավարություն պիտի լինի: Մի 30-35 տոկոսը մրցակիցներին զիջեք, :

ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿԱՆԵՐ(Երկձայն) – Լսում ենք՝ 65, ամենաշատը՝ 70 տոկոս կհավաքենք, Գեներալ:

ԳԵՆԵՐԱԼ - Ամռան ձայնը չլսեցի: Որտե՞ղ է:

ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿԱՆԵՐ(Երկձայն) – Գեներալ գոտեպնդվիր, Ամառը մահացավ: Սիրտը լավ չէր: Չդիմացավ...

ԳԵՆԵՐԱԼ – Վայ, վայ... վայ: Աշխարհ, աշխարհ... Անարդար աշխարհ... Կրակած արկերի պարկուճներով խաչ պատրաստեք ու ամրացրեք պատուհանիս դիմաց, Գարունի խաչի կողքին: Կտակիս մեջ կավելացնեմ, որ խաչերի տեղում իմ անձնական միջոցներով հետմահու եկեղեցի կառուցեն ու անունը դնեն «Սուրբ խաչ եկեղեցի»: Լավ, Աշուն, Ձմեռ...Լավ: Վերջ կապին:

ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿԱՆԵՐ(Երկձայն)–Վերջ կապին, Գեներալ:

ԳԵՆԵՐԱԼ (Հրամանատարին) – Գնանք, Հրամանատար: Ճանապարհն ասֆալտելու գործով դու կզբաղվես... (Հանկարծ նկատում է կաքավ քույրիկին: Կեղծ ժպտում է) Հերոսուհի ... Իսկական հերոսուհի.... Կաքավ քույրիկ, գիտե՞ս, ես էլ քո պես, գրեթե, չեմ փոխվել, (Ինքն իր մարմինը ակամա շոշափում է) Ներքուստ, կրկին նույն բարի ու կամեցող Գեներալն եմ...

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Ճի՞շտ...

ԳԵՆԵՐԱԼ – Ճիշտ, Ճիշտ, Ճիշտ... (Գրպանից շոկոլադ է հանում ու պարզում դեպի Կաքավ քույրիկը) Շոկոլադ կուտե՞ս...

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Ի՞նչ...

ԳԵՆԵՐԱԼ– Շոկոլադ... (Հանում է հեռախոսը և ցույց տալիս, որ պատրաստ է զանգահարել) Ինչպիսին մտքովդ անցնի, միայն ասա և ես կզանգեմ: Եվրոպա, ամերիկա... Կարելի է բերել նաև առանձին, որևէ երկրից՝ արևմուտք, արևելք, հյուսիս, հարավ... իմ քարտեզի մեջ քո համար բոլոր ճանապարհներն են բաց:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Իսկ որտե՞ղ են ուսադիրներդ: Ուսադիրներդ չեմ տեսնում... Մի՞թե, տեսողությունս սկսել է դավաճանել...

ԳԵՆԵՐԱԼ – Ուսադիրնե՞ր: Ուսադիրների ժամանակները վաղուց անցել են... Ուսադիրներ այլևս չկան : (Մոտենում է Կաքավ քույրիկին ու խոսում է գրեթե քիթը՝ քթին,) Հիմա դեմոկրատիա է, ժողովրդավարություն ...

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Ասենք դու նույնքան գեներալ ես, որքան, որ զին...

ԳԵՆԵՐԱԼ(Ընդհատում է) – Միայն և միայն Գեներալ, հասկանու՞մ ես, պարզապես՝ անտեսանելի ուսադիրներով:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Դու այդպես էլ չես թողնում, որ ես Զինվոր բառը մինչև վերջ արտասանեմ: Ստացվում է, որ դու ոչ գեներալ ես, ոչ էլ զինվոր, այլ, պարզապես «զին»: Երեք տառանոց անիմաստ վանկ՝ «զին», «զին»... 3 տառ, որը համազոր է 3 մատներով առանց հպման մերսումի:

ԳԵՆԵՐԱԼ – Գիրկապ ե՞ս անում: Հեքիմություններին չեմ հավատում: Բայց մերսումը հետաքրքիր գաղափար է:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Դրա համար պիտի աչքերդ փակես:

ԳԵՆԵՐԱԼ – Աչքեր փակելն իմ երկրորդ մասնագիտությունն է: Ահա, փակեցի:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ –Մերսման այս ձևը ես սովորել եմ մեր բակում, մի տղայից: Նրան բոլորը հենց այդպես էլ դիմում էին՝ Տղա: Այդ դալուկ մանուկի աջ ձեռքը վերջանում էր արմունկով, որովհետև մնացածը հեռացրել էին: Բայց նրա ձախ ձեռքը շատ հզոր էր, այնքան հզոր, որ նույնիսկ թաղամասի սարյակների բներից ձվեր գողացող ամենա-ամենային ետ պահեց մեղք գործելուց: Իսկ ինչ արեց Տղան: Նա պարզապես իր ձախ ձեռքի մատներով առանց հպման թեթևակի, այ այսպես մերսեց ամենա-ամենայի քիթը (Կաքավ քույրիկը 3 մատների կոմբինացիա է անում ու պահում ուղիղ Գեներալի քթի առաջ), իսկ հետո ամենա-ամենան բացեց իր աչքերը, տեսավ թե ինչպես է նա իր քիթը մերսել և հրաժարվեց ծառ բարձրանալու և ճյուղերին հյուսված բնի միջից սարյակի ձվերը գողանալու մտադրությունից....Հիմա հերթը քոնն է, դե բացիր աչքերդ:

ԳԵՆԵՐԱԼ(Բացում է աչքերը, քթի առջև բացված տեսարանից վախեցած վեր է թռչում ու կրկին աչքերը փակում: Հետո վայրենու պես ոռնում է ու հարձակվում Կաքավ քույրիկի վրա ու նրան հրելով հասցնում հուշարձանի մոտ ու դեմ անում պատվանդանին) Կսպանեմ, կսպանեմ...

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ –Գեներալ, ուշքի եկեք, Գեներալ... ինչ պատահեց... Գեներալ սրամիտ կատակ էր, ուրիշ ոչինչ.... (Գեներալին մի կողմ է քաշում)

ԳԵՆԵՐԱԼ(Բղավելով է խոսում) - Անխելք և հանդուգն: Կին... Այդպես ու՞ր ես գնում, մինչև ու՞ր ես հասնելու:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Գնում եմ այնտեղ՝ ուր ցանկանում եմ, կհասնեմ այնտեղ՝ ուր հասնելու եմ ... Հասկացա՞ր:

ԳԵՆԵՐԱԼ – Գնա, գնա... Հասիր, հասիր... Հանդգնությունը պատերազմի սկզբում շատերի զոհվելու պատճառ դարձավ ...

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Հանդուգների գործը հանդգնություն է, Նրանք այդպիսին էին պատերազմի սկզբում, այդպիսին են հիմա ու հանդուգն կլինեն միշտ:

ԳԵՆԵՐԱԼ (Շրջվում է հրամանատարի կողմը)- Հանդուգն, ախելք, կին... Հրամանատա՞ր: Գալի՞ս ես... Թե,՞ դու էլ դրա պես գնալու տեղ ունես ...

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ – Չէ, բնապահպանությունից հեռու չես փախչի:

ԳԵՆԵՐԱԼ- Վառելիք լինի, տես ոնց կփախչես...

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ –Ինքդ քեզնից չես փախչի... (Հուշարձանի պատվանդանին հենված դանդաղ և ուժահատ կքանստում է)

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ –Այս գրունտային ճանապարհը ինչ-որ մեկը պետք է ասֆալտի, թե՝ ոչ:

ԳԵՆԵՐԱԼ (Հանգստացած) – Ես էլ եմ այդպես կարծում, դե արի, արի... (Գեներալը, մի քանի անգամ անհանգիստ ետ նայելով, հեռանում է)

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ (Մի քանի անգամ հեռացող Գեներալի գնացած կողմն է գնում ու Կրկին վերադռնում Կաքավ քույրիկի մոտ: Օգնում է կնոջը ոտքի կանգնել)- Գրունտային ճանապարհին ամռանը փոշի է բարձրանում, աշնանն ու գարնանը, ցեխ է լինում, իսկ ձմռանն այն ուղղակի մոլորվում է ձյան տակ: Սեփական փորձից գիտեմ: Ասֆալտել է պետք:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Հուշարձանն ու Համաբարձված եկեղեցին ասֆալտապատ ճանապարհով միմյանց կապելը լավ գաղափար է:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ-Բնապահպանական առումով նույնպես:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Ուխտավորների համար էլ հարմար կլինի:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ –Օրենսդիր մարմնի թեկնածուները նախընտրական քարոզների ժամանակ աներևակայելի խոստումներ են շռայլում: Բայց մինչև ընտրությունները երբեմն ստիպված են լինում մարդկանց ցուցադրել նաև իրենց խոստումներից ինչ-որ պատրանքներ: Գնամ, գուցե հաջողվի այդ պատրանքներից մի քանիսը իրականություն դարձնել:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ – Գնա, գնա, Հրամանատար: Դու ճիշտ ես մտածում: Պետք է լինի մեկը, ով պատրանքները իրականություն է դարձնում,, թե՝ ոչ: Ցտեսություն, հրամանատար, ցտեսություն.. .

(Հրամանատարը հեռանում է Գեներալի գնացած ուղղությամբ:

ԿԱՔԱՎ ՔՈՒՅՐԻԿ (Հնչում է հեռախոսի զանգը: Կաքավ քույրիկը պայուսակի մեջ մեխանիկորեն փնտրում է և գտնում է հեռախոսը և նայում է էկրանին) Աղջիկս է ... ( Կաքավ քույրիկը հենվում հուշարձանի պատվանդանին՝ ուղիղ հանդիսատեսների դիմաց: Հեռախոսի զանգերին խառնվում է կաքավի կղկղոցը: Կաքավ քույրիկը ականջ է դնում ապա միացնում է հեռախոսը) Աղջիկս, կաքավը երգում է, հապա լսիր... (Հեռախոսը պահում է դեպի հանդիսասրահ: Կաքավի կղկղոցը ուժեղանում է: Կաքավ քույրիկը սկսում է ձայնակցել) Սիր-ու-նիկ... թը-ուխ ամպեր-են... կը-անաչ սար-են... բար-եվ բ-եր-ավ... Կաք-ավի-կ... (Ապա Կաքավ քույրիկի ու կաքավի ձայներին հեռվից գալիս, աստիճանաբար բարձրանալով, խառնվում է շատ մարտական ռիթմով հնչող կոմիտասյան երգի դասական լարայիններով գործիքավորված մի նոր տարբերակ)


Վերջ


1234567891011
    Դիտվել է 839 անգամ
    1