Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երկու պիես, մեկ բեմ



Գուրգեն Միքայելյան

Երկու պիես, մեկ բեմ



Պիես առաջին

ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ ԵՐՐՈՐԴ ՈՒՂԵԾՐՈՒՄ


(Պիեսը բեմադրելու համար պետք է լինի այնպիսի բեմ, որը կունենա տեսարանները հաճախ փոխելու հնարավորություն)


ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ


ՄԱՀՈՒԲ – տարեց հրեշտակ

ՄԱՀԻԿ– նրա օգնականը. կրտսեր հրեշտակ, որն աղջիկ է

ԶԵՆՈՒԲ – միջին տարիքի հրեշտակ

ԳՐՈՂ

ՔԱՀԱՆԱ

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ

ՍԱՄՎԵԼ– հիվանդ մարդ

ՊԱՌԱՎ ԿԻՆ (Հոռոմ)

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՂՋԻԿ

ՀՆՁՎՈՐ

ՍԱՏԱՆԱ

ԱՅԼ ՄԱՐԴԻԿ ԵՎ ՀՐԵՇՏԱԿՆԵՐ



Գիշեր է. լուսնալույս: Պտտվող բեմի եզրով` ճանապարհով, երկու հոգի արագ-արագ քայլում են` մնալով հանդիսատեսի առջև: Նրանցից մեկը մահվան փորձառու հրեշտակն է` Մահուբը` եռաժանին ուսին, մյուսը, որ բավական երիտասարդ է, նրա օգնականը՝ Մահիկը:


ՄԱՀԻԿ– Քանի՞ մարդու հոգի ենք այսօր առնելու:

ՄԱՀՈՒԲ– Քանիսինը կարողանանք:

ՄԱՀԻԿ– (Զարմացած) Կարողանա՞նք:

ՄԱՀՈՒԲ– Հա, ինչո՞ւ ես զարմանում: Արտի հունձ հո չէ՞:

ՄԱՀԻԿ– Չգիտեմ: Ես կարծում էի…

ՄԱՀՈՒԲ– Մեզ տեսնեն թե չէ, հոգիները պիտի տա՞ն:

ՄԱՀԻԿ– Իսկ ի՞նչ են անում:

ՄԱՀՈՒԲ– Է՜, ի՞նչ ասեմ. մինչև չտեսնես, չես պատկերացնի:

ՄԱՀԻԿ– Ուրեմն հոգի առնելը նո՞ւյնպես դժվար գործ է:

ՄԱՀՈՒԲ– Աշխարհում ավելի դժվար գործ, քան հոգի առնելն է, չկա: Այնպես եմ հոգնել, որ հոգիս իմ ձեռքում եթե լիներ, բաց կթողնեի:

ՄԱՀԻԿ– Ի՞նչ ես ասում: Իսկ ուրիշները կարծում են, թե դուք ամենազոր եք, ու ես էլ շատ անգամ լսել եմ, որ մարդիկ ձեզանից շան պես վախենում են:

ՄԱՀՈՒԲ– Ի՞նչ ասեմ, ի՞նչ ասեմ: Թե մարդը ի՛նչ առեղծված, ի՛նչ սատանայի կամ աստծո ծնունդ է, գլուխ չեմ հանում: Հրես, մեկի տուն հասանք: (Գլուխը մի քիչ երկարացնում, նայում է): Հարմար ժամանակ էլ եկել ենք. մենակ նստած` գրում է:

ՄԱՀԻԿ– Ի՞նչ է գրում:

ՄԱՀՈՒԲ– Սատանան գիտի: Սա միշտ գրում է: (Մոտենում են պատուհանին, պատրաստվում, որ ներս մտնեն):


Բեմը մթնում ու լուսավորվում է: Այժմ այն ներկայացնում է գրողի սենյակը, որտեղ նա ստեղծագործական երկունքի մեջ է: Հրեշտակները ներս են մտնում: Մահուբը մոտենում և գրողի ձեռքը հանկարծակի բռնում է:


ՄԱՀՈՒԲ– Հո՛պ, ախպերս. քոնը այստեղ վերջացավ:

ԳՐՈՂ– (Անակնկալի եկած) Ո՞նց թե վերջացավ: Կատակի ժամանակ չէ, տո:

ՄԱՀՈՒԲ– Կատակ-մատակ չկա. կարապի երգը ասա, գնանք:

ԳՐՈՂ– Ո՞ւր գնանք: Չե՞ս տեսնում` գործ եմ անում: Կիսատ հո չե՞մ թողնի: Ձեռքդ քաշիր:

ՄԱՀԻԿ– Դու ոնց որ տեղը չես բերում: Մենք մահվան հրեշտակներ ենք:

ՄԱՀՈՒԲ- Ասում եմ` կարապի երգը ասա, ո՛չ ես քեզ չարչարեմ, ո՛չ դու ինձ, ու գնանք:

ԳՐՈՂ– (Անակնկալից չսթափված, շփոթված) Ա՛յ քեզ փորձանք: Հիմա ես ի՞նչ անեմ: Ախր հազար ու մի գործ ունեմ, հազար ու մի նպատակ…

ՄԱՀՈՒԲ– Գործ-մործ չգիտեմ: Ասի` քոնը այստեղ վերջացավ:

ԳՐՈՂ– Մարդ ես, տո. թող, գոնե բառը վերջացնեմ:

ՄԱՀԻԿ– Ասենք թե էդ մի բառն էլ գրեցիր, հետո՞:

ԳՐՈՂ– Հետո մի բան կմտածենք:

ՄԱՀՈՒԲ– Մենք մտածած եկել ենք:

ԳՐՈՂ– Ախր շա՜տ անակնկալ եք եկել, է, շա՜տ: Գիտե՞ք` ինչքան կիսատ գործ ունեմ:

ՄԱՀՈՒԲ– Հիմա, որ ժամանակ տամ, ի՞նչ ես անելու:

ԳՐՈՂ– Գոնե այս բառը կվերջացնեմ:

ՄԱՀԻԿ– Հետո՞:

ԳՐՈՂ– Նախադասությունը:

ՄԱՀԻԿ– Հետո՞:

ԳՐՈՂ– Այս հատվածը, այս էջը, այս վեպը…

ՄԱՀՈՒԲ– Հետո՞… Ամեն ինչ այդպես կվերջացնես, մի օր էլ կասես. «Վե՛րջ, էլ գործ չունեմ, ինձ տա՞ր»: (Գրողը մտամոլոր խորհում է): Որ ասեմ` մինչև հիմա այդպիսի մարդ չի եղել, կհավատա՞ս: (Գնում նստում է բազմոցին):

ԳՐՈՂ– Ախր ինչո՞ւ հիմա: Իմ ի՞նչ ժամանակն է: Դեռ հիսուն չկամ:

ՄԱՀԻԿ- Է՛, մե՞զ ինչ:

ՄԱՀՈՒԲ– Քեզ թվում է` 20-30 տարի հետո պիտի ուրի՞շ բան ասես: Կամ ի՞նչ մեծ բան է 20-30 տարին, հը՞:

ԳՐՈՂ– Էլի բան է:

ՄԱՀՈՒԲ– Ախր ես ձեզ գիտեմ: Հազար տարի էլ ապրեք, մեկ է, նույնն եք ասելու: Իսկ 20-30 տարվա համար արժի՞ դարդ անել:

ԳՐՈՂ– Ուզում ես համոզել, հա՞:

ՄԱՀՈՒԲ– Ինձ լսիր. այսինչը, օրինակ, մեռել է մեր թվականությունից առաջ 1005 թվականին, այնինչը` 1025 կամ 1035. տարբերությունը մե՞ծ է: (Մի պահ լռում են): Դու դեռ շնորհակալ պիտի լինես, որ շուտ եմ եկել:

ԳՐՈՂ– Ինչո՞ւ:

ՄԱՀՈՒԲ– Որովհետև վաղաժամ մեռած գրողին քո ցեղակիցներն ավելի շատ են սիրում: Եթե ուզես, այդ սերը ես նույնիսկ կարող եմ կրկնապատկել:

ԳՐՈՂ– Դո՞ւ:

ՄԱՀԻԿ– (Հեգնանքով) Չէ, ձեր գրողների միության նախագահը:

ԳՐՈՂ– Ինչպե՞ս:

ՄԱՀՈՒԲ– Եթե համաձայնես` քո մահը ողբերգական դարձնեմ, հավատա, որ այդ սիրուց շատերը նույնիսկ կխելագարվեն:: (Գրողը մտածում է): Հը՞, ի՞նչ կասես: Ի դեպ՝ դու քեզ պիտի համարես բախտավոր, որ ինձ պես հրեշտակի ձեռք ես ընկել: Մեկ ուրիշը լիներ, կտակդ էլ չէիր հասցնի գրել:

ԳՐՈՂ– Ուրեմն դուք շա՞տ եք:

ՄԱՀԻԿ– Բա երկուսով հո չե՞նք:

ԳՐՈՂ– Եվ իրարից տարբե՞ր:

ՄԱՀՈՒԲ– Ձեզ նման: Ամեն մեկս մի բնավորություն ու սովորություն ունենք: Էդ լույսը մի քիչ թեքիր, խանգարում է: (Գրողը լուսամփոփի դիրքը փոխում է): Հիմա ի՞նչ անենք: Տեսնում եմ` մտքիդ չկա:

ԳՐՈՂ– Ախր դու չես պատկերացնում, թե մահը ինչ է: Գուցե լավ կլինի, որ ես այսօր կտակս գրեմ, իսկ դու մի օր, առանց զգուշացնելու, առանց աչքերիս նայելու…

ՄԱՀՈՒԲ– Լավ: Արի տղամարդու պայման կապենք: Դու քեզ համար դեռ ապրիր: Ես քո դուռը էլ չեմ գա, բայց հենց ձայն տամ, ամեն ինչ պիտի թողնես, անմիջապես գաս: Եղա՞վ:

ԳՐՈՂ– (Ուրախացած) Եղավ, եղավ:

ՄԱՀՈՒԲ– (Տեղից վեր կենալով) Դե, չմոռանաս. հենց ձայն տամ…


Բեմը մթնում ու լուսավորվում է: Երկու հրեշտակները դարձյալ ճանապարհին են:


ՄԱՀՈՒԲ– Էլ ոչ մի հետաձգում. մյուսի հոգին հաստատ առնելու եմ: Տես` ցուցակում հաջորդը ո՞վ է:

ՄԱՀԻԿ– (Գրպանից հանում է մի թուղթ ու նայում): Հաջորդը… Սարգիս քահանա: Գրողի անվան դիմաց ի՞նչ գրեմ:

ՄԱՀՈՒԲ– Բա ես գիտե՞մ: Նշան դիր, որ տեսել ենք, պետին մի բան կասեմ:

ՄԱՀԻԿ– Չի՞ բարկանա:

ՄԱՀՈՒԲ– Նայած տրամադրության:

ՄԱՀԻԿ– Շա՞տ է լինում, որ հետաձգում ես:

ՄԱՀՈՒԲ– Չգիտեմ: Վրաս միշտ փնթփնթում են:

ՄԱՀԻԿ– Էս ցուցակներն ո՞վ է կազմում:

ՄԱՀՈՒԲ– Վերևում կազմում են, բերում, բաժանում:

ՄԱՀԻԿ– Ցուցակում չեղած մարդկանց հոգին չե՞նք կարող առնել:

ՄԱՀՈՒԲ– Կարող ենք, բայց հետո պիտի պատասխան տանք, հիմնավորում գտնենք:

ՄԱՀԻԿ– Իսկ եղածներինը` չառնե՞լ:

ՄԱՀՈՒԲ– Օրենքով` չէ: Կարծես թե հասանք: (Երևում է մի դուռ):

ՄԱՀԻԿ– Միանգամից պիտի խփե՞ս, թե էլի …

ՄԱՀՈՒԲ– Տեսնենք: (Դուռը թակում է: Ոչ մեկը ձայն չի հանում: Նորից է թակում: Քիչ անց դռան հետևից լսվում է տղամարդու` Սարգիս քահանայի ձայնը):

ՔԱՀԱՆԱ– Ո՞վ է:

ՄԱՀՈՒԲ– Դուռը բա՛ց, եղբա´յր: Քեզ հետ գործ ունեմ:

ՔԱՀԱՆԱ– Ո՞վ ես, ի՞նչ գործ գիշերվա կեսին:

ՄԱՀՈՒԲ– Հո չե՞մ գոռալու: Բաց արա, կասեմ: (Քահանան դուռը բացում է, հրեշտակին տեսնում և անակնկալի գալիս):

ՔԱՀԱՆԱ– Վա՛հ:

ՄԱՀՈՒԲ– Բա՛: Չէի՞ր սպասում:

ՔԱՀԱՆԱ– Դու… դու… Հաստատ սխալվել ես: Հիվանդը մեր գյուղի Իշխանն է:

ՄԱՀԻԿ– Քահանա Սարգիսը դու չե՞ս:

ՔԱՀԱՆԱ– Եե՜ս եմ: Ե՛ս քիչ առաջ Իշխանի գլխին «Նարեկ» կարդացի:

ՄԱՀՈՒԲ– Լավ արեցիր: Գնացի՛նք:

ՔԱՀԱՆԱ– Հո ձեռ չես առնում, այ... Ինձ ի՞նչ է եղել: Հրեն, Հոռոմը արդեն հարյուր տարեկան է:

ՄԱՀԻԿ– Քահանա Սարգիսը դու չե՞ս:

ՔԱՀԱՆԱ– Ես եմ:

ՄԱՀՈՒԲ– Ասում եմ` գնացի՛նք:

ՔԱՀԱՆԱ– Մորուքիս մի՛ նայիր, է, ջահել մարդ եմ:

ՄԱՀՈՒԲ– Լսիր, ես ժամանակ չունեմ:

ՔԱՀԱՆԱ– Ա՛յ քեզ արդարությո՜ւն:

ՄԱՀԻԿ– Ի՞նչ արդարություն:

ՔԱՀԱՆԱ– Բա էն հարյուր տարեկան Հոռոմը ապրի, էն մարդակեր Ավագը ապրի, էն սատանա Ավեն ապրի, ես մեռնե՞մ: Տրամաբանությունը ո՞րն է:

ՄԱՀՈՒԲ– Լսիր, դու հավատացյալ, աստվածավախ, Աստծո ծառա մարդ ես, չէ՞:

ՔԱՀԱՆԱ– Առանց աղոթելու մի օր չեմ ապրել:

ՄԱՀԻԿ– Լավ ես արել: Հիմա Աստված ուղարկել է, որ հոգիդ տաս:

ՔԱՀԱՆԱ– Հավատս չի գալիս: Ուրեմն այսպես ջահել-ջահել մեռնե՞մ: Ախր տրամաբանություն, արդարություն պիտի լինի՞, թե չէ:

ՄԱՀՈՒԲ– (Օգնականին) Տեսնում ես, չէ՞:

ՔԱՀԱՆԱ– Բա ես մեղք չե՞մ:

ՄԱՀՈՒԲ– Վա՛յ, ես կարգ դնողի հերն եմ անիծել, վա՛յ:

ՄԱՀԻԿ– Հիմա ի՞նչ ենք անելու:

ՔԱՀԱՆԱ– Ես ընդամենը ուզում եմ, որ այս աշխարհում գոնե այդ հարցում արդարություն լինի: Գոնե դուք արդար եղեք:

ՄԱՀՈՒԲ– (Մտածելով) Դու էս գյուղից կարո՞ղ ես մի քանի օրով այնպես չքվել, որ սատանան էլ չգտնի:

ՔԱՀԱՆԱ– Հենց հիմա՞:

ՄԱՀՈՒԲ– Հա, բա ե՞րբ: Մենք քեզ չենք տեսել: Հասկացա՞ր:

ՔԱՀԱՆԱ– Հասկացա:

ՄԱՀՈՒԲ– Տանը չես եղել, չենք գտել: Իմացա՞ր:

ՔԱՀԱՆԱ– Իմացա:

ՄԱՀՈՒԲ– Էս ամեն ինչը եղել է երազ: Եղա՞վ:

ՔԱՀԱՆԱ– Եղավ:

ՄԱՀՈՒԲ– Դե, մենք գնացինք:

ՔԱՀԱՆԱ– Բա… Բա… Ե՞րբ եք գալու:

ՄԱՀՈՒԲ– Մի օր հաստատ կգանք: Դու պատրաստ եղիր:

ՔԱՀԱՆԱ– Եղավ: Կլինեմ:

ՄԱՀԻԿ– Տես հա. էսօրվա պես անակնկալի չգաս:

ՔԱՀԱՆԱ– Չեմ գա:

ՄԱՀՈՒԲ– (Հեռանալով) Բոլորդ էլ նույն սանրի կտավն եք: Վա՜յ, մարդ ստեղծող, վա՜յ…


Բեմը պտտվում է: Երկու հրեշտակները դարձյալ ճանապարհին են:


ՄԱՀՈՒԲ– Ցուցակում նայիր` ո՞վ է հաջորդը:

ՄԱՀԻԿ– (Նայում է): Նազինյան Հոռոմ. 100 տարեկան:

ՄԱՀՈՒԲ– (Կանգնելով) Թո՛ւ… Էլի մոռացա: Դա էն Հոռոմն է, որի մասին քահանան ասաց: Ամեն անգամ մոռանում եմ դրա հոգին առնել ու, այսպես, ասելիք է դարձել:

ՄԱՀԻԿ– Ի՞նչ անենք, հե՞տ դառնանք:

ՄԱՀՈՒԲ– Չէ, թող մնա` մյուս անգամ: Հիմա պիտի հիվանդանոց գնանք. մարդ է մեռել:

ՄԱՀԻԿ– Ուրեմն չի՞ ընդդիմանա:

ՄԱՀՈՒԲ– Չէ, էլ ի՞նչ ընդդիմանա: Հոգին արդեն առած-պրծած է, պիտի վերցնենք ու գնանք:


Նոր պատկեր: Կիսախավար սենյակում սպիտակ սավանով ծածկված է մի հանգուցյալ: Ներս են մտնում հրեշտակները: Մահուբը մոտենում է սնարին, վերցնում մի թուղթ ու կարդում:


ՄԱՀՈՒԲ– Պետրոսյան Պետրոս Պողոսի: (Օգնականին) Ցուցակում կա՞:

ՄԱՀԻԿ– (Նայում է): Չէ, չկա:

ՄԱՀՈՒԲ– Ուրեմն սխալմունք է: Այս մարդը ողջ է: (Հանկարծ «հանգուցյալը» սավանի տակ շարժվում է): Ասացի, չէ՞: (Լսվում է դռան ճռռոց: Սենյակի լույսը վառվում է: Դիահերձման գործիքներով գալիս է մի տղամարդ, սավանը վերցնում և, այն է, պիտի «հանգուցյալին» սկսի հերձել, բայց տարեց հրեշտակը ձեռքը բռնում է): Խելառ հո չե՞ս, վայրենի: Չե՞ս տեսնում` կենդանի է:

ՏՂԱՄԱՐԴ– (Անակնկալի եկած, վախեցած) Իսկ դու… Դու ո՞վ ես:

ՄԱՀՈՒԲ– Քե՞զ ինչ: Ասում եմ` կենդանի է: Ձեզ որ թողնեն, իրար ողջ-ողջ կուտեք: Ես ձեր…

ՏՂԱՄԱՐԴ– Կենդանի՞ է: (Զարկերակը շոշափում է): Հա, էլի: Ես մեղավոր չեմ: Ինձ ասել էին…

ՄԱՀՈՒԲ– Ու դու էլ, առանց ստուգելու, պիտի հերձեիր, հա՞:

ՏՂԱՄԱՐԴ– Իմ գործն էդ է:

ՄԱՀՈՒԲ– Թո՛ւ: Ու դուք էլ դեռ արդարությունից եք խոսում, մեզնից բողոքում: (Օգնականին) Քանի շուտ է, գնանք, թե չէ էս վայրենին մեզ էլ կմորթի: (Տղամարդուն) Մեզ տեսնելու մասին ոչ մի խոսք: Եղա՞վ:

ՏՂԱՄԱՐԴ– (Վախեցած) Եղավ:

ՄԱՀՈՒԲ– Թե չէ նույն օրը հոգիդ կառնեմ: Եղա՞վ:

ՏՂԱՄԱՐԴ– Եղավ:


Լսվում է «հանգուցյալի» ձայնը.

– Ո՞վ կա այստեղ: Ո՞վ կա այստեղ:


Բեմը պտտվում է: Հրեշտակները դարձյալ ճանապարհին են:


ՄԱՀԻԿ– Բա ինչո՞ւ չթողիր: Գոնե մի մարդու հոգի կառնեինք:

ՄԱՀՈՒԲ– Դու ինձ ինչի՞ տեղ ես դրել. ես մա՜րդ եմ, ի՜նչ եմ… Ինձնից քեզ խրատ. անմեղ տեղը մի մրջյունի կյանք էլ չառնես:

ՄԱՀԻԿ– Բոլո՞ր հրեշտակներն են այդպես:

ՄԱՀՈՒԲ– Է՜, ախպերս, է՜: Ի՞նչ ասեմ: Էս աշխարհն ստեղծողին ես ի՜նչ ասեմ…

ՄԱՀԻԿ– (Քիչ անց) Նիստը վա՞ղն է:

ՄԱՀՈՒԲ– Ե՛վ վաղն է, և՛ մյուս օրն է: Թո՛ւ…


Բեմը մթնում ու լուսավորվում է: Մահվան հրեշտակների նիստն է: Հրեշտակապետը նստած է վերևում, կողքը նստած են օգնականները, իսկ ներքևում` մյուս հրեշտակները: Վերջիններիս մոտավորապես կեսը կանայք են:


ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– (Ցուցակում կարդում է): Իսահակյան Կարեն Գրիգորի: Հոգին…

ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ– Առած է:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Իվանով Վանյա Իվանովիչ:

ԱՅԼ ՀՐԵՇՏԱԿ– Առած է:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Մատինյան Վահան Վաղինակի… (Ոչ մեկը ձայն չի հանում): Ո՞ւմն է:

ԶԵՆՈՒԲ– Իմն է:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Ուշք ու միտքդ ո՞ւր է: Առա՞ր:

ԶԵՆՈՒԲ– Չէ:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Ինչո՞ւ:

ԶԵՆՈՒԲ– Մոտենալ չի լինում. վայրենու մեկն է: (Հրեշտակները ծիծաղում են):

ՄԻ ՀՐԵՇՏԱԿ– Ես գնա՞մ առնեմ:

ԶԵՆՈՒԲ– Կառնես, բա չէ՞: Տեսնում է թե չէ, վրա է հասնում: Քիչ մնաց` խեղդեր: (Կոկորդին հետքեր ցույց տալով) Ըհը՛: (Նորից` ընդհանուր ծիծաղ):

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– (Օգնականներից մեկին) Ի՞նչ անենք:

ՕԳՆԱԿԱՆ– Առայժմ թող մնա:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Նազինյան Հոռոմ Կարենի:

ՄԱՀՈՒԲ– Իմն է:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Առա՞ր:

ՄԱՀՈՒԲ– (Գլուխը պտտելով) Մոռացա:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– (Օգնականին) Գրավոր նկատողություն: Արդեն հարյուր տարի ապրում է: (Շարունակում է ընթերցել): Սարգիս քահանա:

ՄԱՀՈՒԲ– Իմն է:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Առա՞ր:

ՄԱՀՈՒԲ– Չգտա:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Համա թե հրեշտակ ես, հա՜:

ՄԱՀՈՒԲ– Որ չգտա, ի՞նչ անեմ: Գյուղում էլ տեղ չմնաց, որ չմտնեմ: Հրես, Մահիկն էլ` վկա: (Մահիկը հավանության նշան է անում):

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– (Ցուցակը կողք է դնում): Ասելիք ո՞վ ունի:

ՄԻ ՀՐԵՇՏԱԿ– Ծղոտ գյուղում երեկ մի մարդու տեսա. 110 տարեկան:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Անունն իմացա՞ր:

ՀՐԵՇՏԱԿ– Նալբանդյան Մանվել Պապի:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Ո՞ւմ ցուցակում է: (Ոչ մեկը ձայն չի հանում: Օգնականները նայում են մատյանները): Չկա՞: (Օգնականները գլուխները պտտում են): Լա՛վ նայեք: (Նորից են նայում):

ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ– Չկա:

ՄՅՈՒՍ ՕԳՆԱԿԱՆԸ– Չկա:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Ա՛յ թափթփվածությո՜ւն, ա՛յ անբանությո՜ւն… (Օգնականներից մեկին) Կպարզես` ում բացթողումն է, և կզեկուցես: Այսքանը: Նոր ցուցակները բաժանեք: Նիստն ավարտված է: (Հրեշտակապետը գնում է: Օգնականները բաժանում են ցուցակները):


Բեմը մթնում է և լուսավորվում սովորականից ուշ:

Ճանապարհին նորից նույն` տարեց և կրտսեր հրեշտակներն են:


ՄԱՀԻԿ– Շա՞տ ենք գնալու:

ՄԱՀՈՒԲ– Չէ: Արդեն հասանք: Հիվանդ մարդ է: Կարող է` ժամանակ չկորցնենք:


Հասնում են մի դռան: Մահուբը դուռը թակում է: Քիչ անց այն բացվում է:


ՄԱՀՈՒԲ– Բարև ձեզ:

ՏՂԱՄԱՐԴ– Բարև ձեզ:

ՄԱՀՈՒԲ– Սամվել Իսկանդարյանը դո՞ւ ես:

ՏՂԱՄԱՐԴ– Ես եմ:

ՄԱՀՈՒԲ– Գնացի՛նք:

ՏՂԱՄԱՐԴ– (Զարմացած) Ո՞ւր:

ՄԱՀՈՒԲ– Էլ ո՞ւր պիտի:

ՏՂԱՄԱՐԴ– Դու ո՞վ ես, տեղը չեմ բերում:

ՄԱՀԻԿ– Հիվանդ մարդ ես, չէ՞:

ՏՂԱՄԱՐԴ– Հա: Հետո՞:

ՄԱՀՈՒԲ– Ես հոգեառ հրեշտակ եմ: Գնացի՛նք:

ՏՂԱՄԱՐԴ– (Անակնկալի եկած) Ո՞նց թե: Այսպես հանկարծակի՞: Անակնկա՞լ:

ՄԱՀՈՒԲ– Ձե՞ռ ես առնում. ի՞նչ հանկարծակի: Քանի՞ տարի է, որ հիվանդ ես:

ՏՂԱՄԱՐԴ– Երկու:

ՄԱՀԻԿ– Բա ասում ես` անակնկալ:

ՏՂԱՄԱՐԴ– Հիվանդությունն ի՞նչ կապ ունի: Հրեն, Վաղոն ծնված օրից հիվանդ է:

ՄԱՀՈՒԲ– Ես Վաղոյի հետ գործ չունեմ: Իմ ցուցակում դու ես:

ՏՂԱՄԱՐԴ– Բայց իմ հիվանդությունը մահացու չէ: Ուզո՞ւմ ես, բժշկի թղթերը բերեմ:

ՄԱՀՈՒԲ– Ի՞նչ թղթեր:

ՏՂԱՄԱՐԴ– Ախտորոշման:

ՄԱՀՈՒԲ– (Օգնականին) Սա իսկապես ձեռ է առնում:

ՏՂԱՄԱՐԴ– Չէ: Ի՞նչ ձեռ առնել:

ՄԱՀԻԿ– Դե, ուրեմն, գնացինք: (Ձեռքից քաշում է):

ՏՂԱՄԱՐԴ– (Ընդդիմանալով) Չեմ գա:

ՄԱՀԻԿ– Խաթրով չե՞ս գա:

ՏՂԱՄԱՐԴ– Չէ, չեմ գա:

ՄԱՀՈՒԲ– (Ցույց է տալիս եռաժանին): Խփե՞մ:

ՏՂԱՄԱՐԴ– (Անսպասելիորեն հրում գցում է և վազում, վերցնում մի մեծ դանակ): Մոտ չգա՛ս:

ՄԱՀՈՒԲ– Թո՛ւ… Վա՛յ աշխարհ ստեղծող: Վա՛յ աշխարհ ստեղծող…

ՏՂԱՄԱՐԴ– Մոտ չգա՛ս:

ՄԱՀՈՒԲ– Ձեր ձեռին կրակը հո չե՞մ ընկել, այ մարդ:

ՏՂԱՄԱՐԴ– Մոտ չգա՛ս:

ՄԱՀՈՒԲ– Ես մեղավո՞ր եմ, որ աշխարհի կարգը էս է:

ՏՂԱՄԱՐԴ– Կարգ-մարգ չգիտեմ:

ՄԱՀԻԿ– Ուրեմն չե՛ս գալիս:

ՏՂԱՄԱՐԴ– Չէ՛:

ՄԱՀՈՒԲ– Դե, ուրեմն, հիշիր. քո գալու ժամանակը հիմա էր, որ չտանջվես: Դու սրանից հետո ոչ թե ապրելու, այլ միայն տանջվելու ես, որովհետև խախտում ես քո ժամանակային սահմանը: Քո ժամանակից, քո սահմանից դուրս ես ապրելու և այդ պատճառով տեսնելու ես միայն ցավ: Տեսնելու ես այնպիսի բաներ, որ չպիտի տեսնեիր: Դու հետո կխնդրես, որ գամ, կաղաչես, որ գամ, բայց չեմ գա: Ոտքերս կընկնես, որ հոգիդ առնեմ, բայց չեմ առնի: (Դուռը փակում և օգնականի հետ դուրս է գալիս): Վա՜յ աշխարհ ստեղծող, վա՜յ աշխարհ ստեղծող…


Բեմը պտտվում է:

Նույն հրեշտակները դարձյալ ճանապարհին են: Անձրև է գալիս:


ՄԱՀՈՒԲ– Ճիշտ եմ ասում. հոգիս բռիս մեջ լիներ, բաց կթողնեի:

ՄԱՀԻԿ– Հիմա՞ ուր ենք գնալու:

ՄԱՀՈՒԲ– Ես` մոռացված պառավի մոտ, դու` էն 110 տարեկանի: Մի քիչ նախապատրաստիր: Ասա, թող կտակը գրի, ապաշխարի, մինչև գամ: Էն ծառի մոտ կսպասես: Եղա՞վ:

ՄԱՀԻԿ– Եղավ:


Գնում են տարբեր կողմեր: Տարեց հրեշտակը թակում է ինչ-որ դուռ:


ՊԱՌԱՎԻ ՁԱՅՆ– (Ներսից) Ո՞վ է:

ՄԱՀՈՒԲ– Մայրիկ ջան, մի րոպեով բացիր: (Դուռը բացվում է):

ՊԱՌԱՎ– Ո՞վ ես, տղա ջան, աչքերս տեսնում չեն:

ՄԱՀՈՒԲ– Ես…

ՊԱՌԱՎ– Արի, ներս արի, կմրսես:

ՄԱՀՈՒԲ– Չէ: Ես եկել եմ, որ…

ՊԱՌԱՎ– Թրջված ես: Արի, մի բաժակ թեյ տամ, գինի տամ, տաքացիր:

ՄԱՀՈՒԲ– Չէ: Ես ժամանակ…

ՊԱՌԱՎ– Օտար մարդ ես երևում: Երևի երկար ես ճամփա եկել: Մի՛ ամաչիր, արի:

ՄԱՀՈՒԲ– Ես մի րոպեով…

ՊԱՌԱՎ– Էդ եղանը տուր, դնեմ էստեղ, գնալիս կվերցնես: (Եռաժանին ձեռքից վերցնում է): Արի, արի` տեսնենք` ո՛ր երկրից ես, ո՛ր քաղաքից: Է՜: Էլ ինձ հիշող չկա: Դուռս եկող չկա: Մոռացել են, մոռացել: (Հրեշտակը նստում է թախտին: Պառավը թեյի պատրաստություն է տեսնում):

ՄԱՀՈՒԲ– (Կատակով) Դե, արդեն ջահել չես, որ հիշեն…

ՊԱՌԱՎ– Է՜, տղա ջան, չիմացա, թե երբ ծերացա: Հարյուր տարին երկու օրվա պես գնաց:

ՄԱՀՈՒԲ– Դե, հո անվերջ չե՞նք ապրելու: Մի օր պիտի բոլորս էլ մեռնենք:

ՊԱՌԱՎ– Ջահել մարդ ես, մեռնելուց խոսելու քո ի՞նչ ժամանակն է: (Կատակով) Դու սիրածից-միրածից խոսիր:

ՄԱՀՈՒԲ– (Ծիծաղելով) Ա՛յ յամանն ես, հա՜: Ճիշտ ասա` քանի՞ առու ես թռել:

ՊԱՌԱՎ– (Թեյի բաժակն ու շաքարամանը հրեշտակի առաջ դնելով` ծիծաղում է): Մեր ժամանակ ուրիշ էր, տղա ջան, հիմիկվա պես չէր: Բայց ժամանա՛կն էլ անցավ, սիրածնե՛րն էլ անցան, ու հիմա էսպես մոռացված ապրում եմ: Թե թող կանես, հարցնեմ. որտեղացի՞ ես, ո՞ւր ես գնում, փեշակդ ի՞նչ է:

ՄԱՀՈՒԲ– Է՜, մայրիկ: Որ ասեմ, վայ թե դուրս անես:

ՊԱՌԱՎ– Ասա, տղա ջան, ասա:

ՄԱՀՈՒԲ– Ի՞նչ ասեմ: Ես քեզանից, քո հյուրասիրությունից շնորհակալ եմ, բայց…

ՊԱՌԱՎ– Ինչի՞ց ես դժգոհ, տղա ջան:

ՄԱՀՈՒԲ– Ո՞նց ասեմ, մայրիկ ջան: Էս աշխարհի կարգը կարգ չէ, բայց դե կարգ է: Իմ ձեռքին չէ: Ես մահվան հրեշտակ եմ:

ՊԱՌԱՎ– Հա՜: Ոչինչ, բալա ջան, սիրտդ լեն պահիր: Աստծո կարգն է: Ի՞նչ կարանք անենք: Մի օր էլ ուրիշը եկավ: Շատ շուտ էր: Աղջիկ երեխա էի: Մի բաժակ էլ լցնե՞մ:

ՄԱՀՈՒԲ– Չէ, շնորհակալ եմ:

ՊԱՌԱՎ– Թե կուզես, լավ գինի ունեմ:

ՄԱՀՈՒԲ– Գինի՞:

ՊԱՌԱՎ– Հա: Հին, թունդ, գինի է:

ՄԱՀՈՒԲ– Որ ասում ես, բեր:

ՊԱՌԱՎ– (Պահարանից հանում է գինու գավը): Շեկ մազերով, նիհար-միհար հրեշտակ էր: Կարող է՝ ճանաչես:

ՄԱՀՈՒԲ– Կապույտ աչքերո՞վ:

ՊԱՌԱՎ– (Գինու գավն ու բաժակը դնում է սեղանին): Հա: Աչքերը կապույտ էին:

ՄԱՀՈՒԲ– (Բաժակը լցնում է և մի կում խմում): Գիտեմ, ճանաչում եմ: Նենգ, սրիկա հրեշտակ է: Մեծ ու փոքր չի հարցնում:

ՊԱՌԱՎ– Ճիշտ է: Էդ տեսակ չար հրեշտակ էր: Աղջիկ երեխա էի, եկել, ձեռ ու ոտս կապել էր, թե` պիտի տանեմ: Թե ոնց ձեռիցը պրծա, չեմ իմանում: Երևի իմ բախտն էր:

ՄԱՀՈՒԲ– (Շարունակում է խմել): Գինիդ լավն է, մայրիկ:

ՊԱՌԱՎ– Գլխին շուտ է խփում. զգույշ:

ՄԱՀՈՒԲ– Բա հիմա ի՞նչ անենք:

ՊԱՌԱՎ– Դե որ եկել ես, պիտի գնանք, ինչ անենք:

ՄԱՀՈՒԲ– Որ այդպես է, մի քիչ էլ խմեմ:

ՊԱՌԱՎ– Խմիր, բալա ջան: Որ ուզում ես, խմիրիր, ի՞նչ ասեմ: Ես եղանդ կբերեմ: (Գնում է` եռաժանին բերելու):


Բեմը պտտվում է: Մահիկը, ծառի տակ կանգնած, սպասում է:


ՄԱՀԻԿ– (Մտքում) Ինչպես երևում է, էլի չի հաջողվում. ուշանում է:


Անցնում է որոշ ժամանակ: Լսվում է թփերի խշխշոց: Հարբած, երգելով գալիս է Մահուբը:


ՄԱՀՈՒԲ– Ավլեմ-թափեմ փոշին,

Ավլեմ-թափեմ փոշին,

Գիշերները, յարո ջան,

Խլվլամ քո դոշին:

ՄԱՀԻԿ– Քեզ ի՞նչ եղավ. էլի՞…

ՄԱՀՈՒԲ– Ի՞նչ` էլի:

ՄԱՀԻԿ– Հոգին առա՞ր:

ՄԱՀՈՒԲ– Ո՞ւմ հոգին:

ՄԱՀԻԿ– Ո՞ւմ պիտի. Հոռոմի:

ՄԱՀՈՒԲ– (Անմիջապես սթափվում է): Թո՛ւ…

ՄԱՀԻԿ– Ի՞նչ:

ՄԱՀՈՒԲ– Գրողը տանի:

ՄԱՀԻԿ– Հը՞: Նա՞ էլ ընդդիմացավ:

ՄԱՀՈՒԲ– Չէ, ի՞նչ ընդդիմանալ: Բարի պառավ էր:

ՄԱՀԻԿ– Բա ինչո՞ւ չառար:

ՄԱՀՈՒԲ– Վայ թե մոռացա… Հետևիցս ինչ-որ մեկը ձայն էր տալիս: Երևի ինքն էր: (Մի պահ լռելուց հետո) Դո՞ւ ինչ արեցիր:

ՄԱՀԻԿ– Ինչ ասել էիր: Կտակը գրեց, ապաշխարեց և հիմա պատրաստ սպասում է:

ՄԱՀՈՒԲ– Ուրեմն գնա՞նք:

ՄԱՀԻԿ– Գնանք: Վերջապես գոնե մի մարդու հոգի կառնենք: (Ուզում են գնալ, բայց հանկարծ վազելով, շնչակտուր մոտենում է մեկ այլ երիտասարդ հրեշտակ` սուրհանդակը):

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ– Վայ, հազիվ գտա:

ՄԱՀՈՒԲ– Ի՞նչ է եղել:

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ– Շտապ կանչ կա:

ՄԱՀԻԿ– Ի՞նչ կանչ:

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ– Էլ ի՞նչ կանչ պիտի լինի: Հոգեառության: Ինքնասպանության դեպք է:

ՄԱՀԻԿ– Եթե ինքնասպանություն է, մեր անելիքն ի՞նչ է լինելու:

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ– Ի՞նչ պիտի լինի: Հոգին պիտի վերցնեք ու գաք:


Բեմը մթնում է և լուսավորվում:

Հիվանդանոց: Վերակենդանացման սենյակ: 17-18 տարեկան մի աղջիկ ուշագնա պառկած է: Կիսաբաց դռնից ներս են մտնում Մահուբն ու կրտսեր հրեշտակը և մոտենում աղջկան:


ՄԱՀՈՒԲ– Է՜, աղջիկ ջան, քո ի՞նչ ժամանակն էր: Ջահե՜լ, սիրո՜ւն: Հիմա ես ի՞նչ անեմ:

ԱՂՋԿԱ ՁԱՅՆԸ– Այս աշխարհում ապրել չեմ ուզում: Ա՛ռ հոգիս:

ՄԱՀՈՒԲ– Ինչո՞ւ այսպես շուտ: Անունդ ոչ մի ցուցակում չկար: Դու դեռ պիտի ապրեիր, վայելեիր կյանքը:

ԱՂՋԿԱ ՁԱՅՆԸ– Չեմ ուզում: Այս աշխարհում ապրել չեմ ուզում: Այս նենգ, անսեր աշխարհում ապրել չեմ ուզում:

ՄԱՀՈՒԲ– Ասիր` անսե՞ր:

ԱՂՋԿԱ ՁԱՅՆԸ– Ասի` անսեր, ասի` նենգ…

ՄԱՀԻԿ– Դու սիրել ես, քեզ խաբե՞լ են:

ԱՂՋԿԱ ՁԱՅՆԸ– Հա, սիրել եմ:

ՄԱՀԻԿ– Եվ դրա համար…

ԱՂՋԿԱ ՁԱՅՆԸ– Քի՞չ է:

ՄԱՀՈՒԲ– Շատ է: Բայց քո հոգին ես չեմ առնի: Դու պիտի ապրես:

ԱՂՋԿԱ ՁԱՅՆԸ– Չեմ ուզում:

ՄԱՀՈՒԲ– Հիշիր իմ խոսքերը. դու դեռ կվայելես կյանքը և կզգաս սիրո երջանկությունը:

ԱՂՋԿԱ ՁԱՅՆԸ– Չեմ հավատում:

ՄԱՀՈՒԲ– Ես քեզ հիմա կներարկեմ հակաթույն, և դու կապրես: (Ներարկում է): Եվ դու կապրե՛ս: (Ձայնը հնչում է արձագանքի պես): Կապրե՛ս… Կապրե՛ս:


Բեմը պտտվում է: Ճանապարհով, մարդու մի ամբողջական կմախք ուսին դրած, գնում է Մահուբը: Հետևից լսվում է ձայն. «Մահո՛ւբ, Մահո՛ւբ»: Վերջինս կանգնում և հետ է նայում: Գալիս է Զենուբը:


ԶԵՆՈՒԲ– Չե՞ս լսում: Մեռա` ձայն տալով:

ՄԱՀՈՒԲ– Ի՞նչ է եղել:

ԶԵՆՈՒԲ– Ի՞նչ պիտի լինի: Միասին գնանք: Մահի՞կը ուր է:

ՄԱՀՈՒԲ– Հոգնել էր: Ուղարկեցի` հանգստանա:

ԶԵՆՈՒԲ– Ճիշտ էլ արել ես: Ես էլ եմ հոգնել: Մինչև մի հոգի առնում եմ, հոգիս դուրս է գալիս:

ՄԱՀՈՒԲ– Շա՞տ ես առել:

ԶԵՆՈՒԲ– Որ ասեմ` հա, կհավատա՞ս:

ՄԱՀՈՒԲ– Բա ես գիտե՞մ: Հրեշտակ կա՝ մեծ-մեծ բրդում է:

ԶԵՆՈՒԲ– Ա՛հ: Դրանց որ լսես, հոգի առնելը խաղ ու պար է: Լինում է` մի ամբողջ օր մեկն էլ չեմ առնում:

ՄԱՀՈՒԲ– Ես էլ:

ԶԵՆՈՒԲ– Բա ի՞նչ անենք: Էլի նկատողությո՜ւն: Էլի փնթփնթո՜ց… (Կմախքին նայելով) Դա՞ ինչու ես վերցրել:

ՄԱՀՈՒԲ– Կրտսերներին պիտի անատոմիա սովորեցնեմ: (Կմախքը դնում է գետնին): Ահա´, թե ինչ է մարդուց մնում, ախպերս, երբ նրանից առնում ենք հոգին: (Փոքր-ինչ քնարականությամբ): Մի փչակ, ուր ժամանակին թևածել են աստղերից աստղեր սավառնող մտքեր: Մի ճաղավանդակ, որը զսպել է սիրո ամեհի փոթորիկները… Ոսկրեր` ծուռ ու մուռ, որոնց այսուհետ գրկելու է լոկ ունայնությունը…

ԶԵՆՈՒԲ– Դու լավ փիլիսոփա կդանաս, Մահուբ:

ՄԱՀՈՒԲ– Եվ ինչո՞ւ է դրվածքը այսպիսին, հը՞: Ո՞ւր են գեղեցիկ միսն ու շարժումն այն, որոնք այլանդակ այս խրտվիլակին տալիս էին կյանք… Դու չե՞ս ափսոսում, Զենուբ:

ԶԵՆՈՒԲ– Փնթփնթոցներից ես արդեն հոգնել եմ: Ինձ հիմա որս է պետք: (Կողքի նայելով) Էն ո՞վ է:

ՄԱՀՈՒԲ– Շա՞տ գիտեմ: Հնձվոր է:

ԶԵՆՈՒԲ– Լավ էլ հնձում է, հա:

ՄԱՀՈՒԲ– Մտքինդ ասա:

ԶԵՆՈՒԲ– Ասելը ո՞նց է լինում:

ՄԱՀՈՒԲ– Իմ ցուցակի մեջ հնձվոր չկա:

ԶԵՆՈՒԲ– Իմ ցուցակում էլ չկա, բայց սա իմ որսն է:

ՄԱՀՈՒԲ– Ես այսպես պատահական մարդու հոգի չեմ առնի: Մարդ է, հունձ է անում: Ի՞նչ գործ ունենք:

ԶԵՆՈՒԲ– Բանի հետևից ես ընկել: Որ միշտ բարի լինենք, սոված կմնանք: (Ճանապարհից դուրս է գալիս, մոտենում հնձվորին և ոտքը դնում գերանդու վրա): Հո՛պ:

ՀՆՁՎՈՐ– (Նրան նայելով, հանգիստ) Ի՞նչ է:

ԶԵՆՈՒԲ– Ի՞նչ պիտի լինի: Տեղը չբերի՞ր:

ՀՆՁՎՈՐ– Ասենք թե` բերի:

ԶԵՆՈՒԲ– Դե որ բերիր, հոգիդ տուր:

ՀՆՁՎՈՐ– (Հրում, գցում է): Գործիդ գնա, տո: (Զենուբն ընկած տեղից փորձում է վեր կենալ: Հնձվորը գերանդիով հարձակվում է: Մահուբը մարդու ձեռքից բռնում է):

ՄԱՀՈՒԲ– Վե՛րջ տվեք, վե՛րջ տվեք…

ՀՆՁՎՈՐ– Թո՛ղ, ես դրա… (Ընկած հրեշտակը հազիվ կարողանում է մի կողմ փախչել):

ԶԵՆՈՒԲ– Լավ, լավ. չես ուզում, չեմ առնի: (Մարդը փոքր-ինչ խաղաղվում է):

ՀՆՁՎՈՐ– (Հրեշտակի նմանողությամբ) Հոգիդ տուր: (Մատները հայհոյանք դարձրած` ուղղում է հրեշտակի կողմը): Ա՛ռ:

ԶԵՆՈՒԲ– (Վախեցած) Ասի` լավ: Չզգացի՞ր` հանաք եմ անում:

ՀՆՁՎՈՐ– Հանաք եմ անում: Ձեզ ասեն` խեղճ մարդ գտնեք, բկից բռնեք: Որ ուզեմ, կաշիդ կքերթեմ:

ԶԵՆՈՒԲ– (Եռաժանին վերցնելով, աքլորացած) Ո՞ւմ:

ՄԱՀՈՒԲ– (Հրեշտակին) Վա՜յ… Կատակ արինք, պրծանք: Վե՛րջ:

ՀՆՁՎՈՐ– Կատակ արինք… Ամբողջ օրը էշի պես աշխատում եմ…

ԶԵՆՈՒԲ– Է՛, ե՞ս ինչ անեմ:

ՀՆՁՎՈՐ– Ի՞նչ պիտի անես: Արի, հնձած խոտը հավաքիր:

ԶԵՆՈՒԲ– Է՞լ ինչ կուզես:

ՀՆՁՎՈՐ– Խուրձ կապիր, դեզ դիր: (Ծաղրանքով) Լավ էլ եղան ունես:

ԶԵՆՈՒԲ– Էս եղան չէ. եռաժանի է:

ՀՆՁՎՈՐ– Պա՜հ, պա՜հ, պա՜հ: Էլ ո՜նց կլինի:

ԶԵՆՈՒԲ– Ուրեմն չես վախենում, հա՞:

ՀՆՁՎՈՐ– Ոտքերս դողում են:

ԶԵՆՈՒԲ– Հիմա չեն դողում, բայց մի օր հաստատ կդողան: (Կմախքը ցույց տալով) Հրեն, տես, թե քեզնից ինչ է մնալու: Այն էլ`մի որոշ ժամանակ:

ՀՆՁՎՈՐ– Մի օր ծնվել ենք, մի օր էլ պիտի մեռնենք:

ՄԱՀՈՒԲ– Ուրեմն դու մեռնելուց չե՛ս վախենում:

ՀՆՁՎՈՐ– Անմահություն եթե լիներ, կվախենայի: Բայց մի օր մեռնելու ենք, չէ՞…


Մի պահ տիրում է լռություն…

Բեմը մթնում է և լուսավորվում: Ճանապարհին նույն հրեշտակներն են` Զենուբը և Մահուբը` կմախքը ուսին:


ՄԱՀՈՒԲ– Ես կարգ դնողի հերն եմ անիծել, որ բոլորիս կրակն է գցել: (Քիչ անց) Ստեղծում էիր, կարգին աշխարհ ստեղծեիր, թե չէ…

ԶԵՆՈՒԲ– Այնպես էլ վրա են քշում: Էն լրբի տղեն ճիշտ էլ անում է:

ՄԱՀՈՒԲ– Ի՞նչ է անում:

ԶԵՆՈՒԲ– Ինձ նման չի գնում առաջը էշ-էշ կանգնում, թե` հոգիդ տուր: Թիկունքից մոտենում ու…

ՄԱՀՈՒԲ– Է՛: Դա եղա՞վ: Հետո էլ գլուխ է գովում: Բա չթողնե՞ս, որ մարդ մեռնելուց առաջ մի երկու բառ ասի, հրաժեշտ տա, կտակ գրի… Վա՜յ, աշխարհ ստեղծող, վա՜յ…

ԶԵՆՈՒԲ– Քեզ էլ թողնեն…

ՄԱՀՈՒԲ– Ես ուզում եմ՝ խաթրով լինի, համոզելով լինի:

ԶԵՆՈՒԲ– (Հեգնանքով) Լավ էլ համոզվում են:

ՄԱՀՈՒԲ– Ես մեծ մասամբ, ճիշտ է, դժվար, բայց համոզում եմ:

ԶԵՆՈՒԲ– (Ցույց է տալիս սարսափազդու տեսքով, կացինը ձեռքին մի մարդու): Հրեն, դե համոզիր:

ՄԱՀՈՒԲ– (Վերջինիս նայելով) Հո չասացի…

ԶԵՆՈՒԲ– Բա՛: Որ ասում եմ` գլուխ մի՛ գովիր:

ՄԱՀՈՒԲ– Գլուխ չեմ գովում…

ԶԵՆՈՒԲ– Որ չես գովում, գնա համոզիր:

ՄԱՀՈՒԲ– Հո ամեն մարդու…

ԶԵՆՈՒԲ– Չէ, դու փորձիր համոզել:

ՄԱՀՈՒԲ– Կրակն ընկա՞: Կացինը չե՞ս տեսնում:

ԶԵՆՈՒԲ– Վախեցար, չէ՞:

ՄԱՀՈՒԲ– (Վիրավորված) Լավ: Մեղքը քո վիզը… (Փոքր-ինչ երկյուղած՝ մոտենում է): Բարև, եղբայր:

ՄԱՐԴ– Բարև, բարև:

ՄԱՀՈՒԲ– Ճանաչեցի՞ր:

ՄԱՐԴ– Դու…

ՄԱՀՈՒԲ– Հա… Ես եմ:

ՄԱՐԴ– Եկել ես, որ…

ՄԱՀՈՒԲ– (Ավելի երկյուղած) Հոռոմի տունն եմ հարցնում:

ՄԱՐԴ– Հոռոմի՞:

ՄԱՀՈՒԲ– Հա: Մեծ կնիկ է:

ՄԱՐԴ– Գնում ես` հոգին առնե՞ս:

ՄԱՀՈՒԲ– Հա: Ինքն է կանչել: Էլ չի ուզում ապրել:

ՄԱՐԴ– Ուրեմն, ով կանչի, գնո՞ւմ ես:

ՄԱՀՈՒԲ– Հա: Ով կանչի, գնում եմ:

ՄԱՐԴ– Իսկ ով չի կանչում, նրա մոտ չես գնո՞ւմ:

ՄԱՀՈՒԲ– Չէ, ով չի կանչում, նրա մոտ չեմ գնում:

ՄԱՐԴ– Իսկ եթե ճամփին հանդիպո՞ւմ ես…

ՄԱՀՈՒԲ– Սուս ու փուս անցնում եմ կամ… Տան տեղն եմ հարցնում:

ՄԱՐԴ– Ո՞ւմ տան:

ՄԱՀՈՒԲ– Հոռոմի:

ՄԱՐԴ– Ում հանդիպես, հարցնո՞ւմ ես:

ՄԱՀՈՒԲ– Հա: Հիշողությունս վատ է:

ՄԱՐԴ– Ափսոս:

ՄԱՀՈՒԲ– Ի՞նչը:

ՄԱՐԴ– Որ միայն տան տեղն ես հարցնում:

ՄԱՀՈՒԲ– Բա ի՞նչ անեմ:

ՄԱՐԴ– Դե, եսիմ, խոսում ենք էլի: (Կմախքը ցույց տալով): Էդ ո՞ւմն է:

ՄԱՀՈՒԲ– Սա, հեչ… Ուսումնական նյութ է:

ՄԱՐԴ– Դե լավ է:

ՄԱՀՈՒԲ– Ի՞նչը:

ՄԱՐԴ– Որ ուսումնական է: Ցուցահանդեսի համար չէ…

ՄԱՀՈՒԲ– Չէ, մենք մարդկանց նման չենք…

ՄԱՐԴ– (Ցույց է տալիս մյուս հրեշտակին): Նա՞ ով է:

ՄԱՀՈՒԲ– Նա՞: Հեչ: Սպասում է:

ՄԱՐԴ– Ո՞ւմ: Չլինի՞… (Զենուբը կամաց-կամաց մոտենում է):

ՄԱՀՈՒԲ– Չէ՛, չէ՛…

ՄԱՐԴ– Ափսոս:

ՄԱՀՈՒԲ– Դե, մենք գնացինք:

ՄԱՐԴ– Ո՞ւր:

ՄԱՀՈՒԲ– Հոռոմի…

ՄԱՐԴ– Տունն իմացա՞ր:

ՄԱՀՈՒԲ– Կհարցնեմ: (Զենուբը արագ շարժումով եռաժանին դնում է մարդու կրծքին):

ԶԵՆՈՒԲ– Տեղիցդ չշարժվես, թե չէ…

ՄԱՐԴ– Ի՞նչ:

ԶԵՆՈՒԲ– Կացինդ տուր, ասեմ:

ՄԱՐԴ– (Կացինը հանգիստ մեկնում է): Առ:

ԶԵՆՈՒԲ– (Կացինը վերցնելով) Գնանք: Ես եկել եմ, որ հոգիդ առնեմ:

ՄԱՐԴ– (Ուրախացած) Ճի՞շտ:

ԶԵՆՈՒԲ– (Զարմացած) Հա:

ՄԱՐԴ– Գնացինք:

ՄԱՀՈՒԲ– (Նույնպես զարմացած) Չէ, այսպես չի լինի:

ՄԱՐԴ– Ինչո՞ւ չի լինի:

ՄԱՀՈՒԲ– Մենք փորձում էինք:

ՄԱՐԴ– Փորձո՞ւմ:

ՄԱՀՈՒԲ– Հա: Հոգիդ առնելու միտք չունենք: Կատակեցինք:

ՄԱՐԴ– Կատակ-մատակ չգիտեմ: Գնացի՛նք:

ՄԱՀՈՒԲ– Ո՞ւր:

ՄԱՐԴ– Էն աշխարհ: Էս կյանքից հոգնել եմ…

ՄԱՀՈՒԲ– Քո ի՞նչ ժամանակն է, այ մարդ: Հրեն Հոռոմը…

ՄԱՐԴ– Կացինս վերցնե՞մ:

ՄԱՀՈՒԲ– Չէ, մի վերցրու, բայց…

ՄԱՐԴ– Ի՞նչ:

ՄԱՀՈՒԲ– Կատակ չե՞ս հասկանում: Կրակը հո չընկա՞նք: Վա՜յ, աշխարհ ստեղծող…

ՄԱՐԴ– Հիմա ի՞նչ անենք:

ԶԵՆՈՒԲ– Ի՞նչ պիտի անենք: Կացինդ առ, գնա:

ՄԱՐԴ– Ո՞ւր:

ՄԱՀՈՒԲ– Տեր Աստված…

ԶԵՆՈՒԲ– Հոռոմի տունը գիտե՞ս:

ՄԱՐԴ– Կգտնեմ:

ՄԱՀՈՒԲ– Ըհը՛: Դե, ուրեմն, կգտնես, շատ-շատ կբարևես ու կասես, որ քեզ ուղարկել ենք իր… Փայտը կոտորելու: Եղա՞վ:

ՄԱՐԴ– Ճարս ի՞նչ:

ՄԱՀՈՒԲ– Դե գնա: (Մարդը գնում է):

ԶԵՆՈՒԲ– Բա ինչո՞ւ չուզեցիր. իր կամքով տալիս էր:

ՄԱՀՈՒԲ– (Խորհելով) Չգիտեմ:

ԶԵՆՈՒԲ– Այսինքն, ճիշտ էլ արեցիր. տեղով փորձանք էր…


Բեմը մթնում ու լուսավորվում է: Վաղ առավոտ է: Լսվում է աքլորների կանչ: Մահուբը անկողնում նստում, կիսաքնած–կիսարթուն ճմլկոտում և ուզում է նորից պառկել, բայց հանկարծ դուռը թակում են:


ՄԱՀՈՒԲ– Ո՞վ է:

ՁԱՅՆ– (Դռան հետևից) Ես եմ` Մահիկը: (Մահուբը դուռը բացում է: Մահիկը ներս է մտնում):

ՄԱՀՈՒԲ– Հը՞, ի՞նչ կա այսպես վաղ:

ՄԱՀԻԿ– Շտապ` գործուղում: Բոլորին ուղարկում են: Զորահավաքի պես բան է:

ՄԱՀՈՒԲ– Ո՞ւր:

ՄԱՀԻԿ– Պատերազմի դաշտ: Մարդիկ իրար կոտորում են:

ՄԱՀՈՒԲ– (Դուրս գալու պատրաստություն տեսնելով) Վա՜յ, մարդ արարած, վա՜յ…

ՄԱՀԻԿ– Այնտեղ դժվա՞ր է:

ՄԱՀՈՒԲ– Գործն է շատ: Մի րոպե նստելու ժամանակ չկա:

ՄԱՀԻԿ– Բա էլ ինչո՞ւ են մարդիկ մե՛զ մեղադրում…

ՄԱՀՈՒԲ– Է՜, ջանիկս, է՜… Ես աշխարհ ստեղծողին, մարդ ստեղծողին ի՞նչ ասեմ…


Պատկերը փոխվում է:

Բեմը ներկայացնում է պատերազմի դաշտ: Լսվում է ավտոմատների ճարճատյուն, ինքնաթիռների սուլոց, պայթող արկերի որոտ, տանկերի հռնդյուն: Ժայռի հետևում պատսպարված` նստել են մի քանի մահվան հրեշտակներ, որոնց մեջ են նաև Մահուբը և նրա օգնականը: Վերջինս փորձում է ժայռի վրայից նայել:


ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ– Տեղդ նստիր, քանի քեզ էլ շանսատակ չեն արել:

ԱՅԼ ՀՐԵՇՏԱԿ– Հապա մի մեր զենքին նայեք (ցույց է տալիս եռաժանին) ու նրանց:

ՄԱՀՈՒԲ– Հետո էլ ասում են…

ՄԱՀԻԿ– Սրանք ինչո՞ւ են իրար կոտորում:

ՄԱՀՈՒԲ– Հազար ու մի պատճառ կա, տղաս: Մարդկանց ցեղն այսպիսին է: Առանց կռվելու չի կարող ապրել: (Կրակոցները դադարում են):

ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ– Ոնց որ խաղաղվեցին:

ՄԱՀՈՒԲ– Գնանք: Վիրավորները մեղք են, թող շատ չտանջվեն:

ԱՅԼ ՀՐԵՇՏԱԿ– Դու քո դարդը լացիր: Իրենք որ մարդակեր են, մե՞նք ինչ մեղավոր ենք: (Ժայռի հետևից դուրս են գալիս):

ՄԻ ՎԻՐԱՎՈՐ– Ինձ չմոտենա՛ք: Ինձ չմոտենա՛ք:

ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ– Ինչո՞ւ: Դու խփված չե՞ս:

ՎԻՐԱՎՈՐ– Վիրավոր եմ: Վերքս թեթև է: Երևի կապրեմ:

ՀՐԵՇՏԱԿ– Դե դիմացիր: Բուժակն էն կողմերում է: Հիմա ուր որ է կգա:

ՎԻՐԱՎՈՐ– Բուժա՛կ: Բուժա՛կ:


Բեմի մյուս կողմում մի զինվոր դիմադրում է հրեշտակներից մեկին` Զենուբին:


ԶԻՆՎՈՐ– Թո՛ղ: Ասի` չեմ մեռել:

ԶԵՆՈՒԲ– Վիրավոր չե՞ս:

ԶԻՆՎՈՐ– Չէ:

ԶԵՆՈՒԲ– Բա ինչո՞ւ էիր մեռածի պես պառկել:

ԶԻՆՎՈՐ– Ուշքս էր գնացել:

ԶԵՆՈՒԲ– Հաստա՞տ:

ԶԻՆՎՈՐ– Ինչ անհավատն ես: Տե՛ս: Ըհը՛: (Համազգեստի կոճակներն արձակում է): Կրծքիս վերք չկա, փորիս չկա: Ոտքերս (ուժեղ խփում է գետնին) ամուր-ամուր են:

ԶԵՆՈՒԲ– Չկա` չկա: Էլ ի՞նչ ես գոռում:


Բեմը պտտվում է: Այն այժմ ներկայացնում է պատերազմի դաշտի այլ հատված: Քարին հենված-նստած է մի վիրավոր: Վերջինիս գլխավերևում կանգնել է սատանան` եռաժանին կրծքին սեղմած:


ՍԱՏԱՆԱ– Հոգիդ տուր ինձ և կփրկվես: (Վիրավորը լռում է: Սատանան եռաժանին հետ է քաշում` պատրաստվելով խփելու): Վերջին անգամ եմ ասում… (Հանկարծ հրեշտակներից մեկը հարձակվում է սատանայի վրա):

ՀՐԵՇՏԱԿ– Գրողի ծոցը կորիր, սատանա: Սա իմն է: (Սկսում են կռվել):

ՍԱՏԱՆԱ– Չեմ տա… Չեմ տա….

ՀՐԵՇՏԱԿ– Քո ուզելով չէ:

ՍԱՏԱՆԱ– Ձերը քի՞չ է: Ագահներ, անկուշտներ: Մեկն էլ թող լինի իմը:

ՀՐԵՇՏԱԿ– Է՞լ ինչ կուզես: (Խփում, սատանայի եռաժանին գցում է):

ՍԱՏԱՆԱ– Վերջիվերջո, ձերն է լինելու, չէ՞:

ՀՐԵՇՏԱԿ– Չքվի՛ր:

ՍԱՏԱՆԱ– Դե լա՜վ… (Հեռանում է):


Հրեշտակը մոտենում է վիրավորին, որ հոգին առնի:

Նոր պատկեր: Հրեշտակները նստած հանգստանում են:


ՄԱՀԻԿ– Սատանան ի՞նչ էր ուզում:

ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ– Էլ ի՞նչ պիտի ուզեր: Հոգին:

ՄԱՀԻԿ– Մարդու հոգին նա ի՞նչ է անում:

ՄԱՀՈՒԲ– Նա մարդուց դև է սարքում: Աշխարհում ավելի զարհուրելի բան, քան հոգին սատանային ծախած մարդն է, չկա:

ՄԱՀԻԿ– Բա ինչո՞ւ մենք էդ տեսակների հոգին շուտ չենք առնում:

ՄԱՀՈՒԲ– Որովհետև չենք կարողանում: Սատանան դրանց դառնում է թև ու թիկունք: (Վազելով գալիս է սուրհանդակը):

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ– Նոր հրաման է եկել:

ՄԻ ՀՐԵՇՏԱԿ– Ի՞նչ է եղել:

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ– Քաղաքում համաճարակ է սկսվել:

ՄԱՀՈՒԲ– Պա՛ հո՜: Լավ, մի ամիս էլ այնտեղ տանջվեցինք:

ՄԻ ՀՐԵՇՏԱԿ– Բա այստե՞ղ:

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ– Պետն ասաց, որ այստեղ ուժեղ կռիվ դեռ չի լինի. երկու-երեք հրեշտակը հերիք է:

ԱՅԼ ՀՐԵՇՏԱԿ– Կյանք հո չէ. պատիժ է, պատիժ:


Բեմը պտտվում է: Ճանապարհով դարձյալ գնում են Մահուբը և կրտսեր հրեշտակը:


ՄԱՀԻԿ– Պլանը արդեն կկատարենք, չէ՞:

ՄԱՀՈՒԲ– Մի բան էլ` ավել:

ՄԱՀԻԿ– Համաճարակ հաճա՞խ է լինում:

ՄԱՀՈՒԲ– Պլանը երկար ժամանակ երբ չենք կատարում:

ՄԱՀԻԿ– Ուրեմն դա է՞լ մեր արածն է:

ՄԱՀՈՒԲ– Ուղղակիորեն` չէ: Բայց ինձ թվում է` մի բան կա. երեկ Սադայելը պետի մոտ էր… (Կրկին վազելով գալիս է սուրհանդակը): Հը՞, ի՞նչ կա:

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ– Զենուբն է ուղարկել: Արդեն երկու օր է` չի կարողանում մի հիվանդի հանգստացնել:

ՄԱՀՈՒԲ– Լավ: Ասա` գալիս եմ:


Պտտվող բեմը կանգնում է: Այժմ այն ներկայացնում է այլ պատկեր: Մահճակալին պառկած է մահամերձ մի հիվանդ: Նրա մոտ կանգնած է Զենուբը:


ՀԻՎԱՆԴ– Հը՞: Չեկա՞վ:

ԶԵՆՈՒԲ– Հիմա, հիմա կգա:

ՀԻՎԱՆԴ– Որ գա, հոգիս շուտ կառնի՞, թե էսպես պիտի տանջի:

ԶԵՆՈՒԲ– Տանջողը մենք չենք, ցավն է: Ձեր թշնամին մենք չենք, ինչպես դուք եք կարծում, ցավն է: Երբ ցավն իր գործն անում-պրծնում է, մենք գալիս, հոգիներդ տանում ենք:

ՀԻՎԱՆԴ– Է՜խ, է՜խ: Տանելուց հետո գոնե հետ բերել լիներ: Վա՜խ…

ԶԵՆՈՒԲ– Օրենքները մենք չենք սահմանում: Մենք ընդամենը կատարողներ ենք:

ՀԻՎԱՆԴ– Ի՞նչ օրենքներ:

ԶԵՆՈՒԲ– Բնության, մահվան, կյանքի:

ՀԻՎԱՆԴ– Էդ ո՞ր անաստվածն է էս դաժան օրենքները սահմանել, տղա ջան: Բա դա հեր, մեր, երեխա չի՞ ունեցել… Վա՜խ… Էս ի՞նչ դժվար է մեռնելը: Չեկա՞վ:

ԶԵՆՈՒԲ– (Պատուհանին նայելով) Եկավ: Արդեն եկավ: Մի քիչ էլ դիմացիր: Երկուսով հոգիդ շուտ կառնենք, կհանգստանաս:


Բեմը մթնում ու լուսավորվում է: Հրեշտակների հերթական նիստն է: Ամեն ինչ այնպես է, ինչպես նախորդ նիստի ժամանակ էր:


ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Մինասյան Ալվարդ Վաչեի:

ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ– Առած է:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Արշակյան Գրիշա Սարգսի:

ԶԵՆՈՒԲ– Առած է:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Մուրադյան Արամ Նվերի:

ՈՒՐԻՇ ՀՐԵՇՏԱԿ– Առած է:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– (Մատյանը ծալում, դնում է մի կողմ և դիմում կողքը նստած հրեշտակին): Նոր ցուցակները պատրա՞ստ են:

ԿՈՂՔԻ ՀՐԵՇՏԱԿԸ– Այո:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Բաժանեք: (Երկու հրեշտակ սկսում են ցուցակները բաժանել): Ո՞վ ունի ասելիք:

ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ– Իմ ցուցակում կեսը հինգ-վեց տարեկան երեխաներ են. անունն ի՞նչ դնեմ, որ սրանց հոգին առնեմ:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Այդպիսի հարց մենք չենք քննարկում: Հրամայված է առնել, ուրեմն պետք է առնել: Վե՛րջ:

ՆՈՒՅՆ ՀՐԵՇՏԱԿԸ– Բայց տրամաբանություն պիտի լինի, չէ՞: Դրանց տատմերերն էսա արդեն դառնում են հարյուր տարեկան:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Գերագույնի գործերին մենք չենք խառնվում: Նրա բանն անքննելի է:

ՄԱՀՈՒԲ– Ես արդեն տարիքով հրեշտակ եմ, բայց չեմ հասկանում, թե որն է այս ամենի իմաստը, նպատակը: Մարդիկ ինչո՞ւ են ծնվո՜ւմ, ինչո՞ւ ենք մենք նրանց հոգին առնո՜ւմ…

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– (Նրա նմանողությամբ) Հրեշտակներն ինչո՞ւ են փիլիսոփայո՜ւմ… Բա ես գիտե՞մ: Տիեզերքի դրվածքը, բնության օրենքը դա է:


Բեմը մթնում է և լուսավորվում: Ճանապարհին դարձյալ Մահուբը և Մահիկն են, որոնք վազում են:


ՄԱՀՈՒԲ– (Առջևից վազող ինչ-որ մեկին, որը չի երևում) Կանգնի՛ր, ասում եմ: Կանգնի՛ր, ասում եմ: (Զգացվում է, որ փախչողը չի կանգնում): Վա՜յ, աշխարհ ստեղծող, վա՜յ, աշխարհ ստեղծող…

ՄԱՀԻԿ– Կարող է՞ չճանաչեց:

ՄԱՀՈՒԲ– Միամիտ չլինես:

ՄԱՀԻԿ– Ո՞նց էլ արանքը ճղեց:

ՄԱՀՈՒԲ– Կանգնի՛ր, ասում եմ: Կանգնի՛ր, ասում եմ: (Շարունակում են վազել):

ՄԱՀԻԿ– Կարող է՞ չհասնենք:

ՄԱՀՈՒԲ– Ջահել է: Ուժը` տեղը: Երևի դեռ երկար կփախչի:

ՄԱՀԻԿ– Բա ի՞նչ անենք:

ՄԱՀՈՒԲ– Անվերջ հո չի՞ վազելու: Կհոգնի, չէ՞:

ՄԱՀԻԿ– Ես արդեն հոգնեցի:

ՄԱՀՈՒԲ– Ես էլ: (Կանգնում է): Հերն էլ անիծած: Ո՞ւր է փախչելու: Հետո կբռնենք:

ՄԱՀԻԿ– Բայց լավ վախեցավ:

ՄԱՀՈՒԲ– Ո՞վ լիներ, որ չվախենար:

ՄԱՀԻԿ– Լավ էլ փախավ:

ՄԱՀՈՒԲ– Ո՞վ լիներ, որ չփախչեր: Դրանց ու մեր կյանքի իմաստն էլ, ինչքան ես եմ հասկանում, սա է: Ծնված օրից իրենք փախչում են, մենք` հետապնդում: Ամբողջ հարցն այն է, թե ով ինչքան է կարողանում փախչել: Լինում է, որ տասնյակ տարիներով հետևներից վազում ու չենք հասնում կամ էլ` ուժներս չի պատում: Էս գյուղում, ասում են, մի վայրենի մարդ կա: Մոտ ես գնում թե չէ, վրա է քշում:

ՄԱՀԻԿ– Բա էդ տեսակների հարցը ո՞նց եք լուծում:

ՄԱՀՈՒԲ– Այնքան սպասում ենք, մինչև տարիքն առնում, հալից ընկնում են:

ՄԱՀԻԿ– Ճի՞շտ է, որ ընդհանրապես լավ մարդկանց հոգին եք շուտ առնում:

ՄԱՀՈՒԲ– Ես` չէ: Բայց այնպիսի հրեշտակներ կան, որ հեշտ գործի են վազում: Իսկ լավ մարդիկ քաղցր պատառ են:

ՄԱՀԻԿ– Ոնց որ ցուցակների մեջ էլ լավերի անունները շատ են: Դա՞ ինչ պատճառով է:

ՄԱՀՈՒԲ– Ես գիտե՞մ: Ասում են` գերագույնը ուզում է լավերին իր մոտ շուտ տանել: Իբր սիրելուց է:

ՄԱՀԻԿ– Մարդկանց հիվանդանալն ու ցավից տանջվե՞լն էլ մեր արածն է:

ՄԱՀՈՒԲ– Նաև մեր արածն է, բայց հիվանդանալու համար ուրիշ հազար ու մի պատճառ կա: Ի դեպ՝ մարդիկ իրար շատ ավելի ուժեղ ցավով են տանջում, քան մենք:

ՄԱՀԻԿ– (Քիչ անց) Հիմա ի՞նչ ենք անելու:

ՄԱՀՈՒԲ– Հիմա՞: Ճիշտն ասած` էն գրողին ես ուզում եմ լավություն անել:

ՄԱՀԻԿ– Կյանքը երկարացնե՞լ:

ՄԱՀՈՒԲ– Հակառակը: Ձայն տամ, գա:

ՄԱՀԻԿ– Կգա՞ որ:

ՄԱՀՈՒԲ– Ձայնս լսի թե չէ, վազելու է:


Բեմը պտտվում է: Գրողը, գրասեղանի մոտ նստած, գրում է: Նույն սենյակում մի կին զբաղված է ինչ-որ գործով:


ԳՐՈՂ– (Վեր թռչելով: Զգացվում է, որ ականջը ձայն ընկավ): Վա՜հ…

ԿԻՆ– Ի՞նչ եղավ:

ԳՐՈՂ– (Վեր կենալով) Ինձ կանչեց: Ես գնացի:

ԿԻՆ– Գժվեցի՞ր, այ մարդ: Ո՞վ կանչեց:

ԳՐՈՂ– Նա… Իմը այստեղ վերջացավ:

ԿԻՆ– Ի՞նչը վերջացավ: Ո՞նց վերջացավ: Կատակ ե՞ս անում:

ԳՐՈՂ– Կատակ-մատակ չկա: Ես գնացի:

ԿԻՆ– (Մոտենում, գրածը նայում է): Վա՜յ… Գոնե գրածդ բառը վերջացրու:

ԳՐՈՂ– Չէ, ես գնացի: (Գնում է դեպի դուռը):

ԿԻՆ– Բա մեր գործե՞րը: Բա մեր…

ԳՐՈՂ– (Դուրս գալով) Իմ ժամանակը վերջացա՜վ, վերջացա՜վ…


Բեմը կրկին պտտվում է: Մահճակալին պառկած է մի հիվանդ` Սամվելը: Մահուբը և Մահիկը կանգնած են կողքը:


ՄԱՀՈՒԲ– Մեզ կանչողը դո՞ւ ես:

ՀԻՎԱՆԴ– (Ցավից գալարվելով) Ե՛ս եմ… Ե՛ս եմ… Էլ չեմ դիմանում: Ա՛ռ հոգիս:

ՄԱՀՈՒԲ– Քթիս բժշկի թղթեր դեմ տվողը դու չէի՞ր:

ՀԻՎԱՆԴ– Ե՛ս էի: Ե՛ս էի: Ա՛ռ հոգիս:

ՄԱՀՈՒԲ– Դու չէի՞ր, որ մոտ չթողիր:

ՀԻՎԱՆԴ– Է՛լ չեմ դիմանո՜ւմ: Է՛լ չեմ դիմանո՜ւմ:

ՄԱՀՈՒԲ– Ասում էի, չէ՞, որ կխնդրես, բայց չեմ գա: Կաղաչես, որ հոգիդ առնեմ, բայց չեմ առնի: (Հիվանդը ցավերի մեջ շարունակում է տնքալ): Վա՜յ, մարդ ստեղծող, վա՜յ, աշխարհ ստեղծող…

Հիմա ի՞նչ. ես իմ խոստումը դրժե՞մ:

ՀԻՎԱՆԴ– Խնդրո՛ւմ եմ… Աղաչո՛ւմ եմ…

ՄԱՀՈՒԲ– Փորձանք են, էլի, փորձանք:

ՄԱՀԻԿ– Չի՞ լինի` ես առնեմ:

ՄԱՀՈՒԲ– (Կարճատև լռությունից հետո, հոգոց հանելով) Ա՛ռ…


Բեմը մթնում ու լուսավորվում է: Ճանապարհին դարձյալ Մահուբ և կրտսեր հրեշտակներն են:


ՄԱՀԻԿ– Այսպես ո՞ւր ենք գնում:

ՄԱՀՈՒԲ– Տուն:

ՄԱՀԻԿ– Ոչ մեկին չմոռացա՞նք:

ՄԱՀՈՒԲ– Չգիտեմ:

ՄԱՀԻԿ– Ցուցակում նայե՞մ:

ՄԱՀՈՒԲ– Նայիր:

ՄԱՀԻԿ– (Նայում է): Գրողին ձայն տվինք, եկավ: Սարգիս քահանային չգտանք: Աղասին փախավ: Գևոն քրֆեց… Սամվելի հոգին առանք…

ՄԱՀՈՒԲ– Հետո՞:

ՄԱՀԻԿ– Այսքանը:

ՄԱՀՈՒԲ– Ոչ մեկի անունը բաց չթողի՞ր:

ՄԱՀԻԿ– Չէ:

ՄԱՀՈՒԲ– Մյուս երեսը նայեցի՞ր:

ՄԱՀԻԿ– Վա՛յ: Մոռացա: (Նայում է թղթի մյուս երեսը): Թո՛ւ:

ՄԱՀՈՒԲ– Ի՞նչ:

ՄԱՀԻԿ– Էլի մոռացել ենք:

ՄԱՀՈՒԲ– Ո՞ւմ:

ՄԱՀԻԿ– Հոռոմին:

ՄԱՀՈՒԲ– Մարդու կնիկը բախտ ունի: Զոռով հո չէ՞:

ՄԱՀԻԿ– Հիմա ի՞նչ անենք:

ՄԱՀՈՒԲ– Դու այստեղ սպասիր, ես շուտ գնամ-գամ: (Մի քանի քայլ գնում է):

ՄԱՀԻԿ– Տես հա՞. չմոռանաս:

ՄԱՀՈՒԲ– Չեմ մոռանա:

ՄԱՀԻԿ– (Կատակով) Թել տա՞մ` կապես մատիդ:


Հեռվից լսվում է ձայն.

– Մահո՜ւբ, Մահո՜ւբ:

Վերջինս կանգնում է: Գալիս է սուրհանդակը:


ՍՈՒՐՀԱՆԴԱԿ– Էս ո՞ւր եք. հազիվ գտա:

ՄԱՀՈՒԲ– Ի՞նչ է պատահել:

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ– Շտապ, արտահերթ նիստ է:

ՄԱՀՈՒԲ– Հենց հիմա՞:

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ– Հա:

ՄԱՀՈՒԲ– Բա պառավ Հոռոմը: Բա…

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ– Պետն ասաց` թող ամեն ինչ թողնեն, իսկույն գան:

ՄԱՀՈՒԲ– Չլինի՞ էլի հավաք է:

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ– Չգիտեմ: Ասաց` թող շուտ գան:

ՄԱՀՈՒԲ– (Անհասցե) Ինչ կուզես, ասա. մարդ պիտի բախտ ունենա…


Բեմը պտտվում է: Հրեշտակների նիստն է: Ամեն բան այնպես է, ինչպես նախորդ նիստերի ժամանակ էր:


ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– (Տխուր ու մտախոհ) Բոլորը եկա՞ն:

ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ– Դեռ չէ:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Չեն էլ գա… Ժամանակ չունենք, սկսում ենք: (Հրեշտակապետի կողքը նստածներից մեկը սեղանին տկտկացնում է, որ ներկաները լռեն): Միանգամից ասեմ, որ այսօրվա նիստը արտահերթ է, արտակարգ ու… վերջինը: (Հրեշտակներն անմիջապես լրջանում ու զարմացած նայում են իրար): Գերագույնը արձակել է նոր հրաման: (Մի պահ լռում է): Այսուհետև ոչ թե հրեշտակներն են առնելու մարդկանց հոգին, այլ մարդիկ` հրեշտակների: (Տիրում է մեռելային լռություն):

ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ– Իսկապե՞ս:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Իսկապե՛ս:

ԶԵՆՈՒԲ– Բա… Հիմա ի՞նչ ենք անելու…

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Ի՞նչ կարող ենք, որ ինչ անենք: Ով ճար ունի, թող գլուխը փրկի: Մի զույգ ոտք ունեք, մեկն էլ փոխ առեք, փախեք:

ԱՅԼ ՀՐԵՇՏԱԿ– Ո՞ւր:


Բոլորը, շփոթահար ու երկյուղած, նայում են իրար:

Դրսից լսվում է մարդկանց ձայն.

– Ո՞ւր են:

– Ո՞ւր են:

Դուռը ուժգին թակում են: Հրեշտակները մի պահ քարանում են, ապա տեղներից իսկույն պոկվում ու պատուհաններից իրենց դուրս են գցում: Դուռը կոտրելով` մի քանի մարդ ներս է մտնում: Ձայներ.

– Ո՞ւր են:

– Ո՞ւր փախան:


ՄԻ ՏՂԱՄԱՐԴ– (Զինվորական է: Զգացվում է, որ ավագն է): Ո՞ւր են փախչելու: Բոլորի հոգին մեկ-մեկ առնելու ենք… (Գնում են):


Նոր պատկեր: Ճանապարհին դարձյալ Մահուբ և կրտսեր հրեշտակներն են, որոնք վազում են:


ՄԱՀԻԿ– Հիմա՞ ուր ենք գնում:

ՄԱՀՈՒԲ– Հիմա արդեն ոչ մի տեղ չենք գնում:

ՄԱՀԻԿ– Բա ի՞նչ ենք անում:

ՄԱՀՈՒԲ– Լեղապատառ փախչում ենք:

ՄԱՀԻԿ– Մինչև ե՞րբ, մինչև ո՞ւր:

ՄԱՀՈՒԲ– Մինչև մեռնելը, մինչև գերեզման:

ՄԱՀԻԿ– Է՜: Բա էլ ե՞րբ ենք ապրելու, ե՞րբ ենք աշխատելու:

ՄԱՀՈՒԲ– Հիմա արդեն ամեն ինչ պիտի այսպես փախչելով, ձեռքի հետ անենք:

ՄԱՀԻԿ– Գոնե մտնենք մի տեղ, մի քիչ շունչ առնենք:

ՄԱՀՈՒԲ– (Հետ նայելով) Հա՛: Մտնենք: (Կանգնում է): Հետևներիցս եկող ոնց որ չկա:

ՄԱՀԻԿ– Էս Զենուբենց տունը չէ՞:

ՄԱՀՈՒԲ– Նրանցն է: (Դուռը թակելով) Զենո՛ւբ: Զենո՛ւբ:

ՁԱՅՆ ՆԵՐՍԻՑ– Ո՞վ է:

ՄԱՀՈՒԲ– Ե՛ս եմ` Մահուբը: Դուռը բաց:

ԶԵՆՈՒԲ– (Դուռը բացում է): Սրտաճաք արիր: Ես էլ կարծեցի…

ՄԱՀՈՒԲ– (Մահիկի հետ ներս է մտնում): Բա՛, ախպերս, բա՛, հիմա միշտ պիտի այսպես վախեցած ապրենք: (Պատրաստվում են նստելու: Դուռը նորից են թակում):

ԶԵՆՈՒԲ– Հիմա ինչքան փախած հրեշտակ կա, պիտի իմ տո՞ւն գա: (Գնում է, որ դուռը բացի):

ՄԱՀՈՒԲ– Ասում են` լավություն արա, ջուրը գցիր:

ԶԵՆՈՒԲ– (Դուռը բացում է և անակնկալի գալիս): Վա՛հ: (Առջևը կանգնած է մի մարդ):

ՄԱՐԴ– Զենուբ հրեշտակը դո՞ւ ես:

ԶԵՆՈՒԲ– Եե՜… Ես եմ:

ՄԱՐԴ– Գնացի՛նք:

ԶԵՆՈՒԲ– Ո՞ւր:

ՄԱՐԴ– Ո՞ւր պիտի. գրողի ծոցը:

ԶԵՆՈՒԲ– Բայց… Ինձ ի՞նչ է եղել… Առողջ, ջահել հրեշտակ եմ:

ՄԱՀՈՒԲ– Ճիշտ է ասում: Ոչ մի անգամ հիվանդացած չկա:

ՄԱՐԴ– (Մահուբին) Դու մի՛ խառնվիր. քո գործը չէ: (Զենուբին) Զենուբ հրեշտակը դու չե՞ս:

ԶԵՆՈՒԲ– Ես եմ:

ՄԱՐԴ– Գնացի՛նք:

ԶԵՆՈՒԲ– Բայց ինչո՞ւ, է:

ՄԱՐԴ– Հենց այնպես, հավեսի համար:

ԶԵՆՈՒԲ– Փորձանք հո չե՞ս, այ մարդ. այսպես անակնկալ, անժամանակ… Ձեր պետին ի՞նչ ես ասելու: Չի՞ ասի` ինչո՞ւ ես բերել էս առողջ… առողջ հրեշտակին: Ախր ո՛չ մի հիվանդություն չունեմ:

ՄԱՐԴ– Ոչինչ, մի բան կասեմ:

ՄԱՀՈՒԲ– Ի՞նչ:

ՄԱՐԴ– Ի՞նչ… Կասեմ` ոչ մի տեղը չէր ցավում, հիվանդ չէր, բայց հանկարծ սրտի կաթված ստացավ, տեղում մնաց:

ԶԵՆՈՒԲ– Վա՛հ:

ՄԱՐԴ– Բա՛: Ի՞նչ է, այդպես չի՞ լինում:

ԶԵՆՈՒԲ– Է՛… Բայց… Դու վկայական ունե՞ս:

ՄԱՐԴ– Ի՞նչ վկայական:

ԶԵՆՈՒԲ– Հրեշտ… Մարդո՛ւ:

ՄԱՐԴ– Լսիր, քո հավեսը չունեմ: Առաջ ընկիր:

ՄԱՀՈՒԲ– Զենուբ, չգնա՛ս:

ՄԱՐԴ– Ի՛:

ՄԱՀՈՒԲ– Ցուցակդ տեսնեմ:

ԶԵՆՈՒԲ– Հա՛: Ճիշտ է ասում: Ցուցակդ ո՞ւր է:

ՄԱՐԴ– Ի՞նչ ցուցակ:

ՄԱՀՈՒԲ– Սև:

ՄԱՐԴ– Ցուցակ-մուցակ չգիտեմ: Առաջ ընկիր:

ԶԵՆՈՒԲ– Ախր ե՞րբ կարգին ապրեցի, որ հիմա մեռնեմ:

ՄԱՐԴ– Է՛, ապրեիր: Ես խանգարեցի՞:

ԶԵՆՈՒԲ– Մի անհոգ օր, մի ուրախ օր տեսած չկամ:

ՄԱՐԴ– Է՛, տեսնեիր: Ես չթողի՞:

ԶԵՆՈՒԲ– Միշտ սև աշխատանքի, դարդ ու ցավի մեջ:

ՄԱՐԴ– Դրա՞ համար էլ ես եմ մեղավոր:

ԶԵՆՈՒԲ– Չէ, դրա համար դու չես մեղավոր, բայց…

ՄԱՐԴ– Գիտեիր, չէ՞, որ կյանքդ մի օր պիտի վերջանա:

ԶԵՆՈՒԲ– Հա, գիտեի:

ՄԱՐԴ– Դե կարգի՛ն ապրեիր, լա՛վ ապրեիր, երջանի՛կ ապրեիր…

ԶԵՆՈՒԲ– Թողին որ:

ՄԱՐԴ– Ովքե՞ր:

ԶԵՆՈՒԲ– Ինձնմանները:

ՄԱՐԴ– Ըհը՜: Տեսնո՞ւմ ես` իրար ինչ լավ հասկանում ենք: Գիտեք, որ հիսուն կամ հարյուր տարի պիտի ապրեք, դե, առանց իրար խանգարելու, այնպես ապրեք, որ հետո չմղկտաք:

ԶԵՆՈՒԲ– Ասում ես, էլի… Գիտես հե՞շտ է:

ՄԱՐԴ– Հիմա էլ հեշտ-մեշտի ժամանակ չէ: Գնացի՛նք:


Բեմը մթնում ու լուսավորվում է: Մեկ այլ հրեշտակի հոգի ուզում է առնել ինչ-որ մարդ:


ՀՐԵՇՏԱԿ– (Փորձում է հագնվել): Թող, գոնե շորերս հագնեմ:

ՄԱՐԴ– Հագնվելու ժամանակ չէ: Գնացի՛նք: (Քաշում-գցում է հատակին):

ՀՐԵՇՏԱԿ– Այ մարդ, հո չփախա:

ՄԱՐԴ– Որ թողնեմ, կփախչես, բայց իմ ձեռքից չես պրծնի:

ՀՐԵՇՏԱԿ– Ի՞նչ եմ արել, որ տանում ես: Երեխեքիս ո՞վ է պահելու:

ՄԱՐԴ– Իմ գործը չէ:

ՀՐԵՇՏԱԿ– Գիտե՞ս` անելիք ինչքան ունեմ:

ՄԱՐԴ – Զահլա մի տար:

ՀՐԵՇՏԱԿ– Քե՞զ ինչ կա:

ՄԱՐԴ– Ասում եմ` գնացի՛նք:


Նոր պատկեր:

Երեք հրեշտակներ նստած զրուցում են:


ԱՌԱՋԻՆ ՀՐԵՇՏԱԿ– Հիմա ի՞նչ. ամբողջ կյանքներս պիտի ապրենք մահվան սարսափը սրտներիս մե՞ջ:

ԵՐԿՐՈՐԴ ՀՐԵՇՏԱԿ– Է, մի՛ վախեցիր: Քեզ ո՞վ է ասում` սիրտդ սարքես կատու:

ԱՌԱՋԻՆ ՀՐԵՇՏԱԿ– Ախր ո՞նց չվախենաս, է:

ԵՐԿՐՈՐԴ ՀՐԵՇՏԱԿ– Վախենաս-չվախենաս, մեկ է, մի օր մեռնելու ես: Լավ չէ՞, որ, առանց վախենալու, ինչքան կյանք տրված է, արժանավայել, տղամարդու նման ապրես:

ԵՐՐՈՐԴ ՀՐԵՇՏԱԿ– Այնքան հեշտ էլ ասում ես:

ԵՐԿՐՈՐԴ ՀՐԵՇՏԱԿ– Եթե դու ավելի լավ տարբերակ գիտես, ասա:

ԱՌԱՋԻՆ ՀՐԵՇՏԱԿ– Ես` հեչ: Ախր երեխա ունեմ, ծնողներ ունեմ: Դու քո երեխեքի վրա չե՞ս դողում:

ԵՐՐՈՐԴ ՀՐԵՇՏԱԿ– Ամեն օր մեկին կորցնում ենք: Ամեն օր մի վիշտ ավելանում է: Թե սիրտներս ո՞նց է դիմանում, չգիտեմ:


Նոր պատկեր:

Հրացանը ուսին գցած մի մարդ և հրեշտակ:


ՄԱՐԴ– Էն լրբի տղա հրեշտակը դու չե՞ս:

ՀՐԵՇՏԱԿ– (Վախեցած) Չէ:

ՄԱՐԴ– Կապույտ աչքերով, շեկ մազերով հրեշտակը դու չե՞ս:

ՀՐԵՇՏԱԿ– Չէ:

ՄԱՐԴ– Քո աչքերը կապույտ չե՞ն:

ՀՐԵՇՏԱԿ– Կապույտ են:

ՄԱՐԴ– Մազերդ շեկ չե՞ն:

ՀՐԵՇՏԱԿ– Շեկ են:

ՄԱՐԴ– Կապույտ աչքերով, շեկ մազերով հրեշտակը դու չե՞ս:

ՀՐԵՇՏԱԿ– Չէ:

ՄԱՐԴ– Լսիր: Դու խաթա հո չե՞ս:

ՀՐԵՇՏԱԿ– Ե՞ս:

ՄԱՐԴ– Չէ, Կիրակոսը:

ՀՐԵՇՏԱԿ– Ո՞վ:

ՄԱՐԴ– Կիրակոսը:

ՀՐԵՇՏԱԿ– Խաթա է, բա ինչ է: Տան տեղն ասե՞մ:

ՄԱՐԴ– Խոսքը կտուրը մի՛ գցիր: Գնացի՛նք:

ՀՐԵՇՏԱԿ– Չեմ գա: (Մտնում է սեղանի տակ):

ՄԱՐԴ– (Հրացանը ուսից իջեցնում է): Հաշվում եմ մինչև երեքը. հենց դուրս չեկար, կրակում եմ: Մեկ… երկու…


Բեմը մթնում է: Լսվում է հրացանի ձայն: Քիչ անց լուսավորվում է: Չորս-հինգ հրեշտակներ զրուցում են:


ՄԱՀՈՒԲ– Վա՜յ, աշխարհ ստեղծող: Վա՜յ, աշխարհ ստեղծող…

ԱՅԼ ՀՐԵՇՏԱԿ– Ասում են` ում որտեղ բռնեն, գնդակահարում են:

ՈՒՐԻՇ ՀՐԵՇՏԱԿ– Ու ամեն ինչ իրենց ձեռքին է. ո՛չ տարիք են հարցնում, ո՛չ հեղինակություն:

ԱՅԼ ՀՐԵՇՏԱԿ– Ո՛չ էլ` առողջություն:

ՄԵԿ ՈՒՐԻՇ ՀՐԵՇՏԱԿ– Հիմա այսպես ամբողջ կյանքում պիտի դրանց շունչը թիկունքներիս զգա՞նք:

ՄԱՀՈՒԲ– Դրվածքը դրվածք չէ, դրվածքը:



Հանկարծ դուռ-պատուհան կոտրում և տարբեր կողմերից միաժամանակ ներս են խուժում մի քանի զինված մարդիկ:


ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՄԵԿԸ– Ձեռքներդ վե՛ր:

ՄԵԿ ՈՒՐԻՇԸ– Տեղներիցդ չշարժվե՛ք, շան որդիք: (Հրեշտակները, ձեռքները բարձրացրած, ենթարկվում են):

ԱՅԼ ՄԱՐԴ– Մեկ-մեկ գնդակահարե՞նք, թե բոլորին միանգամից:

ՄԱՀՈՒԲ– Դուք է՛լ բան ու գործ չունե՞ք, այ մարդիկ: Հո չփախա՞նք: Թողեք, մենք էլ մի քիչ ապրենք, ծերանանք, նոր…

ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՄԵԿԸ– Չխոսե՛լ:

ԱՅԼ ՄԱՐԴ– Ո՞վ է Մահուբը:

ՄԱՀՈՒԲ– Ես եմ:

ՄԱՐԴ– Մոտ արի: (Մահուբը մոտ է գնում): Հոգիդ քո կամքով կտա՞ս, թե տանջեմ:

ՄԱՀՈՒԲ– (Նայում է նրա երեսին ու կարծես ճանաչում): Դու…

ՄԱՐԴ– Ձե՛նդ:

ՄԱՀՈՒԲ– Դու էն սատանան չե՞ս:

ՄԱՐԴ– Ի՞նչ:

ԱՅԼ ՄԱՐԴ– Սատանա՞ն: (Մոտենում, նայում է):

ՄԱՀՈՒԲ– Կուզես` տանջիր, կուզես` սպանիր, սատանա. ես քեզ իմ հոգին չեմ տա:

ՄՈՏԵՑԱԾ ՄԱՐԴԸ– (Զարմացած) Դու սատանա ե՞ս:

ՍԱՏԱՆԱ– Ո՞վ: Ե՞ս… (Մոտեցած մարդը վերցնում է նրա գլխարկը: Երևում են կոտոշները):

ՄՈՏԵՑԱԾ ՄԱՐԴԸ– Վա՜յ, ես քո… (Սատանան նրան հրում-գցում է և անմիջապես փախչում: Ինչ-որ մեկը հետևից կրակում է, բայց վրիպում):

ՄԱՀՈՒԲ– Բա՛, ախպերս: Տեսնո՞ւմ ես` ինչ է կատարվում:

ԱՅԼ ՀՐԵՇՏԱԿ– Ճի՞շտ է, որ դուք ում որտեղ բռնում, գնդակահարում եք:

ԸՆԿԱԾ ՄԱՐԴԸ– Չէ:

ՆՈՒՅՆ ՀՐԵՇՏԱԿԸ– Բա՞…

ՆՈՒՅՆ ՄԱՐԴԸ– Մաման լացացնում ենք, հետո:

ՄԱՀՈՒԲ– Տղա ջան, ախր…

ՆՈՒՅՆ ՄԱՐԴԸ– Ձե՛նդ:

ԱՅԼ ՀՐԵՇՏԱԿ– Ախր ես ո՞ր մեղքիս համար հիմա մեռնեմ:

ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՄԵԿԸ– Մենք մեղավոր-անմեղ չենք հարցնում:

ԱՅԼ ՀՐԵՇՏԱԿ– Որ իմանաք` ինչքա՜ն գործ ունեմ, ինչքան ծրագրե՜ր, երազնե՜ր…

ՆՈՒՅՆ ՄԱՐԴԸ– Ասինք` վերջ: Ձերը այստեղ վերջացավ: Կարապի երգն ասեք:

ՄԻ ՀՐԵՇՏԱԿ– Ախր մեզնից ի՞նչ երգիչ:

ՄԱՐԴ– Ասի` կարապի երգը:

ԱՅԼ ՀՐԵՇՏԱԿ– Է՛ս ինչ կրակ էր…

ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ– Ես մի պստիկ աղջիկ ունեմ: Պաչեմ, գամ, մի ամբողջ օր երգեմ:

ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՄԵԿԸ– Ձե՞ռ ես առնում:

ՆՈՒՅՆ ՀՐԵՇՏԱԿԸ– Մորս մնաս բարով ասեմ:

ՆՈՒՅՆ ՄԱՐԴԸ– Է՞լ ինչ կուզես:

ՆՈՒՅՆ ՀՐԵՇՏԱԿԸ– Նամակ գրեմ:

ՆՈՒՅՆ ՄԱՐԴԸ– Ի՛:

ԱՅԼ ՀՐԵՇՏԱԿ– Ապրեցինք ու բան չհասկացանք:

ԱՅԼ ՀՐԵՇՏԱԿ– Ամբողջ կյանքս երկու օրվա պես անցավ:

ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՄԵԿԸ– Դե լավ, լավ. ձեզ գիտենք. հազար տարի էլ ապրեք, նույնն եք ասելու:

ԱՅԼ ՄԱՐԴ– Հիմա ի՞նչ անենք:

ՄԵԿ ԱՅԼ ՄԱՐԴ– Ի՞նչ պիտի անենք: Պատրա՛ստ… (Մարդիկ, հրացանները պատրաստ պահած, սպասում են հրամանի, որ կրակեն: Հանկարծ հևասպառ գալիս է սուրհանդակը):

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ– Պարո՛ն գնդապետ… Պարո՛ն գնդապետ… Գերագույնից նոր հրաման է եկել: (Բոլորը լարված սպասում են): Տիեզերական օրենքներն էլի փոխվել են: Այսուհետև նորից…

ԳՆԴԱՊԵՏ– Ի՞նչ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ– Ոչ թե մարդիկ են առնելու հրեշտակների հոգիները, այլ հրեշտակները` մարդկանց: Այս ամենը եղել է կատակ: (Հրեշտակներն ուրախությունից ցնծում են` ուռա՜, ուռա՜… Պատուհանի հետևից սատանան հանում է գլուխը և քրքջում: Մարդկանցից մեկը նրա ուղղությամբ կրակում է, բայց նույնպես վրիպում):

ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՄԵԿԸ– (Ապշահար) Ո՞նց թե:

ՄԱՀՈՒԲ– Բա՛, ախպերս, բա՛: (Հրեշտակները մոտենում և մարդկանցից վերցնում են հրացանները):

ԳՆԴԱՊԵՏ– Հիմա ո՞նց է լինելու:

ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ– Ո՞նց պիտի լինի: Դուք կապրեք, իսկ մենք, երբ ուզենք, ձեր հոգին կառնենք, ինչպես նախկինում:

ՄԱՀՈՒԲ– Տղերք, էս աշխարհում մի բան էն չէ:

ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ– Ես հիմիկվանից արդեն վախենում եմ. բա որ գերագույնը նորից կատակի կամ օրենքներն իսկապես փոխի՞:

ԱՅԼ ՀՐԵՇՏԱԿ– Ճիշտն ասած` ես էլ: (Տիրում է լռություն):

ՈՒՐԻՇ ՀՐԵՇՏԱԿ–– Այսինքն` բոլորիս գլխին էլ դամոկլյան սուրը կարող է կախվել:

ՄԵԿ ՈՒՐԻՇ ՀՐԵՇՏԱԿ– Հիմա ի՞նչ անենք: (Մահուբին) Դու մի օր կյանքի իմաստից, նպատակից էիր խոսում: Ի՞նչ ասիր, չհասկացա:

ՄԱՀՈՒԲ– Ե՞ս:

ՆՈՒՅՆ ՀՐԵՇՏԱԿԸ– Հա: Չե՞ս հիշում: Ինչ-որ փիլիսոփայում էիր:

ՄԱՀՈՒԲ– Չէի փիլիսոփայում: Ասում էի` չեմ հասկանում, թե այս ամենի նպատակը որն է: Չեմ հասկանում, թե մարդիկ ինչու են ապրում, իսկ մենք ինչու ենք կյանքներս նվիրում նրանց հոգին առնելուն: Բա հետո՞: Իմաստը ո՞րն է:

ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՄԵԿԸ– Կյանքի՞ իմաստը:

ՄԻ ՀՐԵՇՏԱԿ– (Հեգնանքով) Չէ, թատրոն գնալու: (Հրեշտակներից մեկը, մտքերի մեջ ընկած, գրպանից հանում է տերողորմյան, նստում բազկաթոռին և, տերողորմյայի հատիկներին նայելով, դանդաղ քաշում):

ԱՅԼ ՀՐԵՇՏԱԿ– (Վերջինիս) Էդ ի՞նչ ես անում:

ՆՍՏԱԾ ՀՐԵՇՏԱԿ– Մտածում եմ: Կյանքի իմաստի մասին: (Քիչ անց, նրան ընդօրինակելով, նստում են մյուսները):


Նոր պատկեր: Սարգիս քահանան` հրեշտականման ինչ-որ մեկի հետ, որը հիշեցնում է միջնադարյան զինված պահակի: Կանգնած են ամուր փակված երկաթյա դռան մոտ: Քահանան ներս մտնելու թույլտվություն է խնդրում:


ՔԱՀԱՆԱ– Ընդամենը հինգ րոպե…

ԴՌՆԱՊԱՆ– Չէ՛:

ՔԱՀԱՆԱ– Մեկ րոպե:

ԴՌՆԱՊԱՆ– Չէ՛:

ՔԱՀԱՆԱ– Երկու բառ ասեմ ու գամ:

ԴՌՆԱՊԱՆ– Չէ՛:

ՔԱՀԱՆԱ– Մի հարց տամ:

ԴՌՆԱՊԱՆ– Չէ՛:

ՔԱՀԱՆԱ– Ուրեմն մինչև հիմա ոչ մեկին չի՞ ընդունել:

ԴՌՆԱՊԱՆ– Դու հասկանո՞ւմ ես մարդավարի ասածը:

ՔԱՀԱՆԱ– Ամբողջ կյանքում աղոթել եմ, քարոզել…

ԴՌՆԱՊԱՆ– Լավ ես արել:

ՔԱՀԱՆԱ– Հիմա մի հարց, գոնե մի հարց տալու, պատասխան լսելու իրավունք չունե՞մ:

ԴՌՆԱՊԱՆ– Լսիր, քեզ նման խելոք մարդ աշխարհում մենակ դո՞ւ ես, թե էլի կա: Ուրեմն, քո կարծիքով, գերագույնը պիտի քեզ ընդունի ու հարցերի՞դ պատասխանի:

ՔԱՀԱՆԱ– Ամբողջ պատմության ընթացքում միայն մեկ անգամ:

ԴՌՆԱՊԱՆ– Չէ՛, այ մարդ, չէ՛: Գերագույնն իր ասելիքը մեկ անգամ և ընդմիշտ ասել ու պրծել է: Վե՛րջ:

ՔԱՀԱՆԱ– Ախր հազար ու մի հարց կա: Բա չիմանա՞նք…

ԴՌՆԱՊԱՆ– Չէ՛, այ մարդ, չէ՛:

ՔԱՀԱՆԱ– (Ըմբոստացած) Զոռո՛վ կմտնեմ: (Փորձում է դռնապանին մի կողմ հրել, բայց վերջինս նրան շպրտում է մի կողմ):

ԴՌՆԱՊԱՆ– Դե կորի՛ր… Գերագույնի մոտ: Չէ՛ մի:

ՔԱՀԱՆԱ– (Ընկած տեղը նստելով, հանգիստ) Լավ, բայց ինչո՞ւ չի կարելի…


Բեմը դանդաղ մթնում ու լուսավորվում է: Ամեն ինչ այնպես է, ինչպես նախավերջին դրվագում էր: Մարդիկ ու հրեշտակները նստած խորհում են: Ինչ-որ մեկը ուշադրություն հրավիրելու համար ձեռքը փոքր-ինչ բարձրացնում է:


ՁԵՌՔԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՂ– Ես գտա՛: (Բոլորը նայում են նրան): Չէ: Դա արդեն ասված է: (Շարունակում են մտածել: Քիչ անց ձեռք է բարձրացնում մեկ ուրիշը: Հայացքներն ուղղվում են նրա կողմը):

ՁԵՌՔԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՂ– Չէ: Դա էլ է ասված: (Նորից տիրում է լռություն):

ՄԻ ՀՐԵՇՏԱԿ– Կյանքի իմաստը, ապրելու նպատակը… Ոնց որ սա էլ է ասված:

ՄԵԿ ՈՒՐԻՇԸ– Մենք ուզում ենք հեծանիվ հայտնագործել. ախր էդ ամեն ինչի մասին իսկապես վաղուց ասված է:

ՄԻ ՄԱՐԴ– Ինձ թվում է՝ պարզապես չենք ուզում ընդունել, որ այդ ասվածը միակ իրողությունն է, մխիթարանքը: Չենք ուզում, որ միակ ճշմարտությունը դա լինի: Ինչ-որ ըմբոստացել ենք, բայց մեզ պես քանիսն են եկել ու անցե՜լ…

ՄԵԿ ՈՒՐԻՇԸ– Բայց ինչո՞ւ ենք այսպես ընկճվել. մեռնելով կյանքը չի՞ ավարտվում, չէ՞: (Բոլորը հարցական լռում են):

ՄԱՀՈՒԲ– Ինձ թվում է` աշխարհն ստեղծողի սրտի մեջ, ով էլ նա եղած լինի, մի դաժան, անգութ չարություն, սև նախանձ եղել է. չկա մի արարած, որ չապրի մահվան սարսափը, չնայի մահվան աչքերին: Որին մի ուրիշ արարած երախը չառնի, պատառ-պատառ չանի, կեր չդարձնի: Հապա հիշեք այն եղնիկի աչքերը, որին ուր որ է պիտի բորենին հոշոտի… Եվ սա, որպես բնության օրենք, բացառություն չունի: Եվ սա եղել է արարչության սկզբունք: Բայց սա եղավ գո՞րծ: Սա եղավ բարձրագույն արարչությո՞ւն: (Տիրում է լռություն):

ՆԵՐԿԱՆԵՐԻՑ ՄԵԿԸ– Ինչպես երևում է, էն շան որդին ճիշտ է ասել:

ՄԵԿ ՈՒՐԻՇԸ– Շան որդին ո՞վ է:

ՆԱԽՈՐԴ ԽՈՍՈՂ– Մի փիլիսոփա` Դեյվիդ Հյումը: Ասել է` աշխարհը մի մանուկ Աստծո պարզունակ խզբզանք է: Մի Աստծո, ով, ամաչելով իր գործի անկատարությունից, թողել է կիսատ:

ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ– Այդպես էլ ասե՞լ է:

ՆԱԽՈՐԴ ԽՈՍՈՂ– Հա: Ու դեռ շարունակել է: Գրած պահում եմ, ուզո՞ւմ եք` կարդամ: (Գրպանից հանում է մի փոքրիկ ծոցատետր ու կարդում): «…Աշխարհը բարձրագույն աստվածների ծաղրին ենթարկված, երկրորդական մի աստվածության գործն է. աշխարհը արդեն վախճանված, զառամյալ ու թոշակի անցած մի Աստծո անկարգ արարչությունն է»: (Ծոցատետրը դնում է գրպանը): Բա՛: (Դարձյալ տիրում է լռություն):

ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ– Խավարը ավելի թանձրացավ:

ՄԻ ՄԱՐԴ– Հիմա ի՞նչ անենք: Ինչպե՞ս ապրենք: (Լսվում է երիտասարդ աղջկա զվարթ ծիծաղ: Իրար ձեռք բռնած, երջանիկ քրքիջով` բեմի ձախ կողմից գալիս են ինքնասպանության փորձ արած աղջիկն ու մի երիտասարդ և, ոչ մեկին ասես չնկատելով, աջ կողմով հեռանում):

ԱՅԼ ՄԱՐԴ– Ինչ անե՞նք: Ինչպես ապրե՞նք… Աշխարհի դրվածքը պիտի մենք փոխենք, թե չէ ուրիշը չի փոխի… Հրեշտակներն էլի, ինչպես միշտ, կանեն իրենց գործը, մենք՝ մերը: Իսկ թե ինչպե՞ս ապրենք, եկեք մտածենք: (Բեմի աջ կողմից նույն՝ զվարթ քրքիջով նորից գալիս-անցնում են երիտասարդ աղջիկն ու տղան): Եկեք մտածենք…



Պիես երկրորդ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱԿԱԴԵՄՈՍԻ ՊՈՒՐԱԿՈՒՄ

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

Մահուբ

Մահիկ

Մարքս

Ֆրեյդ

Էյնշտեյն

Պլատոն

Արիստոտել

Դիոգենես

Ֆաուստ

Մի տղամարդ

Հետերա


Մահվան գերանդին ու մի կմախք ուսին՝ ճանապարհով քայլում է հոգեառ հրեշտակ Մահուբը և ինքն իր հետ խոսում:


ՄԱՀՈՒԲ– Ճիշտ էր ասում ծերուկը: Աշխարհի դրվածքը եթե մարդիկ չփո¬խեն, ուրիշ ոչ ոք չի փոխի: Բայց, դե՛, հեշտ է ասել: Փոխել, բայց ինչպե՞ս: Ահա, մի տարի էլ անցավ, և ի՞նչ փոխվեց: (Գրպանից մի թուղթ հենելով) Խնդրեմ, հերթական ցուցակը: (Կարդում է): Կարեն Սարգսյան, քառասուն տարեկան: Տունն էլ կարծես սա է, ահա՛: (Պատրաստվում է դուռը թակելու, բայց հանկարծ լսում է նախկին օգնականի` Մահիկի ձայնը):

ՄԱՀԻԿ– Մահո՜ւբ… Մահո՜ւբ… Սպասիր: (Հևասպառ մոտենում է): Սպասիր… Կարևոր նորություն կա:

ՄԱՀՈՒԲ– Նոր հրամա՞ն:

ՄԱՀԻԿ– Հա՛: Զարմանալի բան. հոգի մենք էլ չենք առնելու: Մեզ տաղափոխում են, գործը` փոխում:

ՄԱՀՈՒԲ– (Զարմացած) Ո՞ւր:

ՄԱՀԻԿ– Երկինք: Նիստում որոշվեց: Հրամանն էլ արդեն գրված է: Թեժ քննարկում էր: Ասում էին. «Դուք ունեք այլ հայացքներ: Հոգի առնել չեք ուզում: Խղճում եք մարդկանց»: Պետը գազազել էր: «Մահուբը հրեշտակներին դրդում է անհնազանդության: Ամբողջ շաբաթվա ընթացքում առել է ընդամենը մեկ հոգի,– ասում էր:– Աններելի է»: Հետո ուրիշները խոսեցին: Ուզում էին կանչել նաև քեզ, բայց հե¬տո համարեցին անիմաստ:

ՄԱՀՈՒԲ– Ապա՞, ապա՞:

ԱՀԻԿ– Ապա մի քանի միջնորդությունից հետո որոշվեց առայժմ ներել ու տալ մեզ հարմար աշխատանք:

ՄԱՀՈՒԲ– (Քմծիծաղով) Մահվան հրեշտակներին` այլ աշխատա՞նք: Չլինի՞ հիմա էլ ստիպելու են` մարդ ծնենք:

ՄԱՀԻԿ– Չէ, բայց… Դրա պես մի բան… Պիտի առած հոգիները երկնքից ուղարկենք երկիր: Մի խոսքով` մեր արածի հակառակը:

ՄԱՀՈՒԲ– Ի՞նչ… Իսկապե՞ս…

ՄԱՀԻԿ– Այո՛: Ահա՛ հրամանը:

ՄԱՀՈՒԲ– (Կմախքն ու գերանդին դնում է գետնին, հրամանը վերցնում ու սկսում կարդալ: Դեմքն անմիջապես պայծառանում է): «Նկատի ունենալով Մահուբի և Մահիկի… նրանց հետ կանչել և իսկույն ուղարկել…» (Դեռևս կարդալով) Օ՜… Օ՜… Օ՜… Սա հո անհավա¬տալի է: Իսկույն ուղարկել… Իսկո՛ւյն… (Գերանդին նետում է): Գնա հիմա գրողի ծոցը: Վե՛րջ:

ՄԱՀԻԿ– Ե՞րբ ենք, ուրեմն, գնում:

ՄԱՀՈՒԲ– Թեկուզ և` հիմա: Ոչ մի վայրկյան չենք ուշացնում: (Ուրախությունից կրտսեր հրեշտակի հետ պարում է): Պա՛մ-բա՛-պա՛մ, պա՛մ-բա՛-պա՛մ, պա՛մ-բա՛: Պա՛մ-բա՛-պա՛մ, պա՛մ-բա՛-պա՛մ, պա՛մ-բա՛: Մենք գնում ենք երկի՜նք… (Մահիկի ձեռքից քաշում է` կարծես թե արդեն երկինք տանելու համար):

ՄԱՀԻԿ– Սպասի՛ր… Բայց ես այստեղ դեռ գործեր ունեմ: Պիտի պատրաստվեմ:

ՄԱՀՈՒԲ– (Սկսում է խաղալ մարդուց հոգի առնող հրեշտակի դեր): Ի՞նչ գործ: Ոչ մի գործ, մա՛րդ արարած, հենց հիմա:

ՄԱՀԻԿ– (Ծիծաղելով ընդդիմանում է, խաղում մարդու դեր): Չէ՛, ես դեռ իրերս պիտի վերցնեմ, անելիքներս ավարտեմ:

ՄԱՀՈՒԲ– Մազերդ կտրես, հոնքերդ հանես, շուրթերդ ներկե՞ս…

ՄԱՀԻԿ– Հապա ինչպե՞ս: Երկնային հրեշտակների մոտ այսպես հո չե՞մ գա:

ՄԱՀՈՒԲ– (Դերից դուրս գալով) Ի՞նչ: Ա՜խ, ասել է` դու նույնպես տարբերություն ես դրել երկնա-յին¬ների ու… հողեղեններիս միջև՞:

ՄԱՀԻԿ– Դե… Այնքան էլ չէ, բայց բոլոր դեպքերում… Իսկ դու, ինչ է, արդեն պատրաստ ես ու այսպես անմիջապես կարող ես գնա՞լ:

ՄԱՀՈՒԲ– Ես… Հիմա հիշեմ, թե ինչ ունեմ անելու:

ՄԱՀԻԿ– Տես, հա, հիմա արդեն ոչինչ չմոռանաս, թե չէ հետո ուշ կլինի:

ՄԱՀՈՒԲ– Ես պիտի գնամ… (Մտքում թվում է, թե ինչ պիտի անի): Հետո պիտի… Ապա… Հետո… Ապա… Տեր Աստվա՜ծ, բայց այդ ամենի համար մի ամբողջ կյանքն էլ բավական չէ:

ՄԱՀԻԿ– (Կրկին` ծիծաղելով) Բա հիմա ի՞նչ անենք:

ՄԱՀՈՒԲ– Այ հիմա արդեն ես մարդկանց ամբողջովին հասկացա…

ՄԱՀԻԿ– (Կմախքին) Ահա՛, բարեկա՛մ, թե ինչու եք դուք մեզ միշտ ընդդիմանում… Ի՞նչ ես բերանդ բաց, աչքերդ չռած` նայում:

ՄԱՀՈՒԲ– Ցուցակը ե՞րբ են տալու:

ՄԱՀԻԿ– Պետն ասաց, որ վաղը պատրաստ կլինի:

ՄԱՀՈՒԲ– Լավ: Որ այդպես է, քեզ մեկ օրվա երկրային կյանք տալիս եմ:

ՄԱՀԻԿ– Որտե՞ղ սպասեմ:

ՄԱՀՈՒԲ– Թունելի մոտ:

ՄԱՀԻԿ– Ի՞նչ թունել:

ՄԱՀՈՒԲ– Որով երկինք են գնում: Որի վերջում միշտ լույս է վառվում…

ՄԱՀԻԿ– Ա՜խ, ուրեմն մենք նույնպե՞ս այդ թունելով պիտի գնանք:

ՄԱՀՈՒԲ– Դա է հանդերձյալ աշխարհ տանող միակ ճանապարհը:

ՄԱՀԻԿ– Կարծես ես էլ վախեցա: Դա ինչի՞ց է, Մահուբ:

ՄԱՀՈՒԲ– Անհայտությունից: Մարդկանց պես մենք էլ` բոլորս, վախենում ենք անհայտից:

ՄԱՀԻԿ– Իսկ դու պատկերացնո՞ւմ է, թե այնտեղ` վերևում, որքան են ուրախա¬նալու մարդիկ: Նրանց նորից տրվելու է կյանք… Տրվելու է կրկին այս աշխարհ վերադառնալու հնարավորություն… (Դարձյալ` կմախքին) Բա՛, ախպերս:


Մահուբն ուրախությունից կրկին բռնում է Մահիկի ձեռքը, կմախքին գրկում ու պարելով երգում` պա՛մ-բա՛-պա՛մ, պա՛մ-բա՛-պա՛մ, պա՛մ-բա՛: Պա՛մ-բա՛-պա՛մ, պա՛մ-բա՛-պա՛մ, պա՛մ-բա՛: Մենք գնում ենք երկի՜նք…

Լույսերն աստիճանաբար մարում են և քիչ անց վառվում: Բեմը ներկայացնում է Կարլ Մարքսի աշխատասենյակը: Սեղանի վրա դրված են բազմաթիվ թերթեր, գրքեր: Նկատելի է, որ դրանցից մեկը հաստափոր «Կապիտալ»-ն է: Աշխատասեղանի վերևում` պատին, գրված է. «Պրոլետարնե՛ր բոլոր երկրների, միացե՛ք»: Մարքսը խոսում է հեռախոսով: Վրդովված է:


ՄԱՐՔՍ– Դու ոչ թե իմ ուսմունքի հետևորդն ես ու այն զարգացնողը, այլ սուկին սին, ընկեր Լենին, սուկին սին… Չեմ ուզում լսել… Ո՛չ մի արդարացում… (Խոսափողը շրխկոցով դնում է տեղը): Ես քեզ դեռ ցույց կտամ, ամբարտավան բիճ: (Զայրացած քայլում է): Վարկաբեկել, խեղաթյուրել մի ամբողջ գաղափարախոսություն: (Մահուբն ու Մահիկը ներս են մտնում, բայց Մարքսը այնքան է զայրացած, որ նրանց կարծես չի նկատում: Մոտենում է հեռախոսին, զանգում): Միացրեք Էնգելսի հետ: Այդ դեպքում` Ֆոյերբախի… Լավ: Հենց պատասխանի, զանգեք: Փսլնքոտ սուկին սին…

ՄԱՀԻԿ– Պարոն Մա՞րքս:

ՄԱՐՔՍ– (Լենինի հասցեին) Ստո՛ր սիրկա:

ՄԱՀԻԿ– Ի՞նչ:

ՄԱՐՔՍ– Հեչ: Ոչինչ:

ՄԱՀՈՒԲ–Վրդովված է փիլիսոփան: (Ցույց է տալիս «Կապիտալ»-ը): Բնօրինա՞կն է:

ՄԱՐՔՍ– Այո՛: Մի ամբողջ կյանքի արդյունք: Գիտե՞ս` քանի մարդ էր երազում, որ գեթ մեկ անգամ շոշափի: Կարողանա գոնե տեսնել: Ես Մարքսն եմ, պարո՛ն, գիտե՞ս, Մա՛րքսը:

ՄԱՀԻԿ– Գիտենք: Անշուշտ գիտենք: Դրա համար էլ…

ՄԱՐՔՍ– (Հանդիմանությամբ ընդհատում է): Դու դեռ ջահել ես, աղջի՛կս: Դեռ շատ ես ջահել, որ իմանաս` ով էր Մարքսը: Բայց հապա իջեք ներքև`երկիր, հարցրեք` ով էի ես:

ՄԱՀՈՒԲ– Մենք հենց այնտեղից…

ՄԱՐՔՍ– Եթե մի քանի տարի էլ ապրեի… (Մահուբին ուշադիր նայելով) Դու կարծես ծանոթ ես, պարոն: Որտե՞ղ ենք հանդիպել:

ՄԱՀՈՒԲ– Այնտե՛ղ` ներքևում:

ՄԱՐՔՍ– Պարզ է: Քե՞զ երբ են ուղարկել:

ՄԱՀՈՒԲ– Քիչ առաջ:

ՄԱՐՔՍ– Ի՞նչ … (Ծիծաղելով) Դու, ինչ է, ապրել ես հարյուր հիսուն տարի՞:

ՄԱՀՈՒԲ– (Շփոթված) Չէ… Ես… Մենք… Ճիշտ է, հանդիպել ենք, բայց բոլորովին այլ հանգամանքներում: Չգիտեմ` ինչպես ասեմ… Այն ժամանակ ես… Ես մահվան հրեշտակ էի:

ՄԱՐՔՍ– Ա՜խ: Ահա թե ինչ հանգամանքներում ենք ծանոթացել: Ուրեմն դո՞ւ իմ… (Ուզում է հարձակվել Մահուբի վրա):

ՄԱՀՈՒԲ– Չէ՛… Լսե՛ք մի րոպե:

ՄԱՐՔՍ– Ի՞նչ լսեմ: Ի՞նչ լսեմ: Դու հասկանո՞ւմ ես, թե ինչ… (Մահուբի ուսերից բռնում ու ցնցում է): Հասկանո՞ւմ ես` ինչ արեցիր:

ՄԱՀԻԿ– (Փորձում է միջամտել, բայց անարդյունք): Թողե՛ք նրան… Լսե՛ք մի պահ… Լսե՛ք մի պահ…

ՄԱՐՔՍ– Ես իմ կյանքի համար չէ, որ ափսոսում եմ: Դու չթողիր, որ իրականացնեմ իմ գաղափարները: Դու սպանեցիր ոչ թե Մարքսին, այլ մարքսիզմը: Դու թշնամին ես մարդկության, աշխարհի՛: (Մահուբին մի կողմ է նետում):

ՄԱՀԻԿ– Տեր Աստված, մարդն ամեն տեղ մարդ է… Զոռով հո չէ՞:

ՄԱՀՈՒԲ– (Նույնպես զայրացած) Դե լսե՛ք վերջապես: Այո՛, ե՛ս առա Ձեր հոգին: Բայց գիտե՞ք` քանի տարի ուշացնելով: Ու կարծում եք` իմ ցանկությա՞մբ էր: Իմ փոխարեն ուրիշը լիներ, օրորոցից էլ դուրս չէիք գա: Գիտե՞ք` ցուցակից Ձեր անունը քանի անգամ եմ հանել:

ՄԱՐՔՍ– (Զարմանքով) Ի՞նչ:

ՄԱՀԻԿ– Իսկ ձեզ թվում է` ամեն ինչ խաղ է ու պա՞ր:

ՄԱՀՈՒԲ– Մի խոսքով` հիմա լսեք, թե ինչու ենք եկել: Դուք մի մեծ ուսմունքի հիմնադիր եք: Ճի՞շտ է:

ՄԱՐՔՍ– Ինչո՞ւ ես հարցնում: Ինչ է, չե՞ս կարդացել իմ մանիֆեստը: Կար ժամանակ, որ իմ գրքերը պաշտում էին: Ի՜նչ ժամանակներ էին… Հետո ամեն բան փոխվեց, և դրանք… (Տոնայնությունը փոխած) Եվ դրանք սկսեցին վառել: Սկզբում վառում էր Հիտլերը, իսկ հետո վառեցին հայերը:

ՄԱՀԻԿ– Վառո՞ւմ: Ինչո՞ւ:

ՄԱՐՔՍ– Հիտլերը վառում էր, որ աշխարհը ցրտի, իսկ հայերը վառում էին, որ տաքանան: Հետո վառեցին Հիտլերին, իսկ հայերը մինչ օրս մրսում են: Ահա թե ի՛նչ է նշանակում վառել մարքսիզմը: Իմ գրքերի հետ միասին նացիստները վառում էին գրքերը Ռեմարկի, Ցվայգի, Ֆրեյդի…

ՄԱՀԻԿ– Ֆրեյդի՞: Զիգմո՞ւնդ Ֆրեյդի:

ՄԱՐՔՍ– Այո՛, Զիգմունդի:

ՄԱՀԻԿ– (Նայում է ցուցակին): Զիգմունդ Ֆրեյդ. ծնված 1856 թվականին, մեռած 1939-ին: Հետաքրքիր է: Մեր ցուցակում նա նույնպես կա:

ՄԱՐՔՍ– Իսկ ի՞նչ ցուցակ է դա:

ՄԱՀՈՒԲ– Դա… հեչ: Պարզապես ցուցակ է: Անցնենք առաջ: Ասում եք` ի՛նչ կանեիք, եթե ևս մի քանի տարի ապրեի՞ք:

ՄԱՐՔՍ– Փաստորեն դու իսկապես չես կարդացել իմ մանիֆեստը: Իսկ ի՞նչ կաներ աշխարհում Կարլ Մարքսը:

ՄԱՀՈՒԲ– Լավ: Խոսեմ պարզ: Ձեր հոգին առել եմ ես: Ճի՞շտ է:

ՄԱՐՔՍ– Մի՛ հեշեցրու:

ՄԱՀՈՒԲ– Կյանքը ցույց տվեց, որ հիմա մի նոր ուսմունք է հարկավոր: Ցույց տվեց, որ սխալ է աշխարհի գաղափարական հիմքը, և հարկավոր է մի նոր տեսություն:

ՄԱՐՔՍ– (Ներքին բարկությամբ) Իսկ սա` «Կապիտա՞լ»-ը:

ՄԱՀՈՒԲ– Դրա մասին մոռացեք: Դա անցյալում է: Մտածեք մի նոր տեսության մասին:

ՄԱՐՔՍ– Ո՛չ: Այս ուսմունքը անցյալ չի դառնա երբե՛ք:

ՄԱՀՈՒԲ– Մտածեք, ուրեմն, զարգացնելու մասին: Կատարելագործելո՛ւ: Մենք տալիս ենք այդ հնարավորությունը:

ՄԱՐՔՍ– Ինչպե՞ս: Ես հիմա ուրվական եմ միայն: (Ցավով) Եվրոպայում շրջած` կոմունիզմի անզոր ուրվականը:

ՄԱՀԻԿ– Մենք եկել ենք, որ Ձեզ նորից կյանք տանք, ուղարկենք երկիր:

ՄԱՐՔՍ– Մի՛ ծաղրեք ծերուկիս:

ՄԱՀԻԿ– Մենք հիմա ոչ թե մահվան հրեշտակներ ենք, այլ…

ՄԱՀՈՒԲ– Այլ կյանքի՛ հրեշտակներ:

ՄԱՀԻԿ– Եվ հոգիներին կրկին ուղարկում ենք երկիր:

ՄԱՐՔՍ– (Մտախոհ) Եվ` ի՞նչ:

ՄԱՀՈՒԲ– Մեր ցուցակում Ձեր անունն է: (Մարքսն ընկնում է մտածմունքների մեջ: Կարծես չի կարողանում կողմնորոշվել): Դուք, ինչ է, վարանո՞ւմ եք:

ՄԱՐՔՍ– Երկի՞ր… Նորի՞ց…

ՄԱՀԻԿ– Այո: Իսկ ի՞նչ է…

ՄԱՐՔՍ– (Միանգամից կողմնորոշված) Չէ՛: Ոչ մի երկիր: Ես ոչ մի տեղ չեմ գա:

ՄԱՀՈՒԲ– (Զարմացած) Ինչո՞ւ…

ՄԱՀԻԿ– Հապա մանիֆե՞ստը, «Կապիտա՞լ»-ը:

ՄԱՐՔՍ– Վե՛րջ: Ասացի` ոչ մի տեղ:

ՄԱՀՈՒԲ– Լսեք, դուք իմ պատիժը հո չե՞ք: Երկրում կռվում եք` երկինք չենք ուզում, երկնքում կռվում եք` երկիր չենք ուզում: Գնում եք և վերջ:

ՄԱՐՔՍ– Իսկ մտածե՞լ եք, թե այնտեղ հիմա ինչպես կվարվեն ինձ հետ: Ավելի լավ է` ուղարկեք դժոխք:

ՄԱՀԻԿ– Տեր Աստված, այս ի՞նչ արարածներ են մարդիկ:

ՄԱՀՈՒԲ– Ուրեմն` չեք ուզում:

ՄԱՐՔՍ– Այնտեղ ամբողջ մարդկության մեղքը հիմա ինձ վրա են բարդում: Գուցե այդ պատճառով էլ անունս Ձեր ցուցակո՞ւմ է: Ո՛չ, այնտեղ չհասկացան իմ «Կապիտալ»-ը: (Մոտենում է սեղանին, վերցնում «Կապիտալ»-ը և սեղմում կրծքին):

ՄԱՀՈՒԲ– (Մահիկին) Ի՞նչ կասես: Ի՞նչ անենք:

ՄԱՀԻԿ– Ի՞նչ պիտի անենք: Երկրային պատմությունը չսկսես: Անունը գրված է, պիտի տանենք:

ՄԱՐՔՍ– Այդքան չարչարանքից, անքուն գիշերներից հետո նորից մարդկանց միջավա՞յր: Չէ՛: Ամեն ինչ փչացրեց նա` այդ սուկին սինը:

ՄԱՀՈՒԲ– Եվ նորից` նույն պատմությունը: Այս ի՜նչ աշխարհ է: (Մի պահ բոլորը լռում են): Լավ: Եկեք այսպես որոշենք: Մենք Ձեզ հիմա չենք տանի, իսկ Դուք մտածեք, կոմնորոշվեք: Գուցե այս անգամ երկիր գնաք մի նոր գաղափարով:

ՄԱՐՔՍ– Հա: Մտածելուն դեմ չեմ: Թողեք` մտորեմ: Պարզապես դուք շա՜տ անակնկալ եկաք…

ՄԱՀՈՒԲ– Դե տեսեք: Մենք նորից կգանք…


Լույսերը դանդաղ մարում են: Քիչ անց բեմը թույլ լուսավորվում է` ներկայացնելով երկնա¬յին աշխարհը: Մահուբն ու Մահիկը քայլում են` շուրջը նայելով:


ՄԱՀԻԿ– Խորհրդավոր է երկնային աշխարհը: Հապա այն կողմ նայիր: Այն ի՞նչ դռներ են:

ՄԱՀՈՒԲ– Դրախտի դարպասներն են դրանք: Իսկ հակառակ կողմում` այնտեղ, դժոխքն է… Նայելիս իմ միջով անգամ սարսուռ է անցնում:

ՄԱՀԻԿ– Իսկ այնտե՞ղ… Հապա նայիր: Ո՞վ է նա: (Հնչում է ահազդու երաժշտություն: Հետևի էկրանին երևում է Համլետի հանգուցյալ հոր ուրվականը, որը, գերեզմանից դուրս եկած, ահասարսուռ կերպարանքով քայլում է):

ՄԱՀՈՒԲ– Դա Դանիայի հանգուցյալ թագավորի` Համլետի ուրվականն է, որն արդեն չորս հարյուր տարի չի գտնում հանգիստ: (Ուրվականին հայացքով հետևում են այնքան, մինչև անհետանում է):

ՄԱՀԻԿ– Իսկ նա՞: Ա՞յն կողմում ով է: Լապտերը` ձեռքին:

ՄԱՀՈՒԲ– (Մի պահ նայելուց հետո) Ա՜: Դա Դիոգենեսն է: Արդեն երկու հազար տարուց ավել, լապտերը` ձեռքին, մարդ է փնտրում: (Շարունակում են նայել: Քիչ անց լոությունը խախտում է Մահուբը): Հաջորդը` Զիգմունդ Ֆրե՞յդ:

ՄԱՀԻԿ– Այո՛, Ֆրեյդ: Լսի՛ր, Մահուբ: Այս ցուցակը քեզ կասկածի տեղիք չի՞ տալիս: Կա մի ինչ-որ թաքնված նպատակ: Նկատե՞լ ես` ովքեր են առաջին հինգ հոգիները: Սա պատահական լինել չի կարող: Ինչո՞ւ են հանկարծ որոշել նրանց բոլորին ուղարկել երկիր:

ՄԱՀՈՒԲ– Նկատել եմ: Չգիտեմ: Երևի շուտով կպարզվի: Հիմա շտապել է պետք: Այսօր գոնե մեկին պիտի տանենք, թե չէ… Նորից բացատրությո՜ւն, պարզաբանո՜ւմ…


Մի քանի քայլ գնում են: Լսվում է ինչ-որ մեկի ձայնը. «Մահո՛ւբ… Մահո՛ւբ… Մա¬հո՛ւբ»: Գալիս է կտտանքների ենթարկված մի տղամարդ և հրեշտակների առջև ծնկում:


ՏՂԱՄԱՐԴ– Փրկե՛ք ինձ, խնդրում եմ: Փրկե՛ք ինձ: Ուր որ է` հետևիցս կգան: Հազիվ փախա: Ինձ էլի կրակների մեջ կգցեն: Հալված կուպր կլցնեն վրաս:

ՄԱՀՈՒԲ– Դժոխքից ես փախել, ուրեմն:

ՏՂԱՄԱՐԴ– Այո՛: Ես խաբվեցի: Գայթակղվեցի ժամանակավոր հաճույքնե¬րով: Իմ մեղքն ընդունում եմ: Մեղավոր եմ: Ինձ նորից, մի անգամ էլ կյանք տվեք: Ուղարկեք երկիր: Ձեր մասին լսեցի թե չէ, պահը գտա, փախա:

ՄԱՀՈՒԲ– Մե՞ծ է հանցանքդ:

ՏՂԱՄԱՐԴ– Մեծ է: Շատ մեծ: Այդ մասին աշխարհը գիտի: Բայց միայն ես չեմ, որ գործել եմ այդ հանցանքը: Նույն մեղքը գործում են շատերը, սակայն, չգիտես ինչու, քարկոծվում է իմ անունը: Կարծես ես այդ միակը, եզակին եմ:

ՄԱՀՈՒԲ– Գիտի աշխա՞րհը:

ՏՂԱՄԱՐԴ– Այո՛: Դուք` նույնպես: Չկա մարդ, որ իմ անունը լսած չլինի: Երևի շատ եմ փոխվել, չեք ճանաչում: Այս սպիները, այս այրվածքները կրակների հետքերն են: Էլ չեմ դիմանում: Ողորմացե՛ք ինձ:

ՄԱՀՈՒԲ– (Ուշադիր նայելով) Ա՜… Ուրեմն այդ դո՞ւ ես…

ՏՂԱՄԱՐԴ– Այս ես եմ, այո՛, Ֆաուստը…

ՄԱՀԻԿ– Նա, ով հոգին…

ՖԱՈՒՍՏ– Խղճացեք ինձ: Իմ մեղքը ես կքավեմ: Բոլորին այս մասին կասեմ… Կասեմ` մի՛ ծախեք, մարդի՛կ, ձեր հոգիները: (Մի քանի վայրկյան բոլորը լռում են, մտածում: Մահիկը նայում է ցուցակը):

ՄԱՀՈՒԲ– Ցուցակում քո անունը չկա:

ՖԱՈՒՍՏ– (Աղերսանքով) Արե՛ք մի բան… Խղճացեք ինձ: Մարդկանց համար ես կլինեմ լավագույն դասը, կենդանի դասը… (Հեռվից լսվում են ձայներ` Ֆա-ո՜ւստ… Ֆա-ո՜ւստ… Հե՛տ արի, Ֆաո՛ւստ): Ուր որ է կգան, ինձ կգտնեն: Դե… Ես դեռ այստեղ եմ: (Գնում, թաքնվում է: Հեռվից ձայն են տալիս. «Էհե՜յ, չե՞ք տեսել այդտեղ Ֆաուստին»):

ՄԱՀԻԿ– Ի՞նչ ասեմ:

ՄԱՀՈՒԲ– Չեմ կողմնորոշվում:

ՆՈՒՅՆ ՁԱՅՆԸ– Ահա՛ նա, ահա՛ նա: Այնտեղ է:

ԱՅԼ ՁԱՅՆ– Բա՛ց թողեք շներին… Շներին բաց թողեք… (Լսվում է կատաղած շների հաչոց: Ձայները մի քանի վայրկյան բարձրանում, ապա աստիճանաբար մարում են):

ՄԱՀՈՒԲ– Սրիկա՛… Մեֆիստոֆել:


Պատկերը փոխվում է: Բեմն այժմ ներկայացնում է Զիգմունդ Ֆրեյդի աշխատասենյակը: Վերջինս, ծխամորճը` շուրթերին, նստած է գրասեղանի մոտ: Դուռը թակում են: Ֆրեյդը մոտենում, բացում է, և իրենց ոչ բնորոշ` գրեթե ոստիկանական կեցվածքով ներս են մտնում Մահուբն ու Մահիկը:


ՄԱՀԻԿ– (Ցուցակում կարդում է): Զիգմունդ Ֆրե՞յդ…

ՖՐԵՅԴ– Այո՛, ես եմ:

ՄԱՀԻԿ– Հոգեբույժ, հոգեբան, նյարդաբան…

ՖՐԵՅԴ– Ճիշտ է:

ՄԱՀՈՒԲ– Ունեք տասը րոպե ժամանակ: Վերցրեք անհրաժեշտ իրերը, զանգահա¬րեք, հրաժեշտ տվեք բարեկամներին:

ՖՐԵՅԴ– (Ապշած) Տասը րոպե՞: Որ ո՞ւր գնանք: Ինչո՞ւ:

ՄԱՀԻԿ– Կարող եք նաև կտակ գրել, եթե ցանկանում եք:

ՖՐԵՅԴ– Ի՞նչ կտակ: Դուք սխալվել եք… Սա հանդերձյալ աշխարհն է: Ես իմ կտակը գրել եմ այնտեղ՝ ներքևում:

ՄԱՀՈՒԲ– Ահա, քիչ-քիչ սկսեցիք կռահել… Այո՛, ներքևում, յոթանասունվեց տարի առաջ, 1939 թվականին, Լոնդոնում: Ճի՞շտ է:

ՖՐԵՅԴ– Այո՛, այդպես է:

ՄԱՀԻԿ– Ուրեմն, ժամանակ մի՛ կորցրեք: Ձեզ նորից կյանք է տրվում: Գնացի՛նք:

ՖՐԵՅԴ– (Անակնկալի եկած) Ի՞նչ: Նորից կյա՞նք… Չէ՛: Ո՞ր մեղքիս համար:

ՄԱՀՈՒԲ– Մեղքի՞:

ՄԱՀԻԿ– Ասել է` Դուք դա ընկալում եք որպես պատի՞ժ:

ՖՐԵՅԴ– (Տոնը ամբողջովին փոխած) Չէ՛, որպես աստվածային պարգև: Միայն թե չասեք, թե երկրային արքայություն եք տանում: Ահա՛ (ցույց է տալիս կոկորդը), մինչև այստեղ հագեցած եմ այդ արքայությունից: Տասնվեց տարում՝ 33 վիրահատություն: Պատկերացրեք միայն:

ՄԱՀՈՒԲ– Քի՛չ ծխեիք:

ՖՐԵՅԴ– Ցավերի մեջ ես գալարվում, ոռնում էի, բայց ինձանից երես էին թեքել անգամ մահվան հրեշտակները:

ՄԱՀՈՒԲ– Իսկ եթե տանում ենք մեղքերի համար և որպես պատի՞ժ:

ՄԱՀԻԿ– Եթե տանում ենք, որ քո գրքերը քո ձեռքով այրե՞ս:

ՖՐԵՅԴ– Ինչպիսի՜ առաջընթաց. միջնադարում ինձ կհանեին խարույկի, իսկ հիմա ընդամենը կառաջարկեն այրել գրքերս…

ՄԱՀՈՒԲ– Ինչ որ է: Բանավեճ չենք սարքում: Ցուցակում քո անունը կա: Պիտի վերադառնաս:

ՖՐԵՅԴ– Երբե՛ք:

ՄԱՀՈՒԲ– (Հոգոց է հանում): Դու ճիշտ ես, Մահիկ: Մարդը ամեն տեղ մնում է մարդ: Եթե այսպես շարունակվի, ես երևի սկսեմ երանի տալ մահվան հրեշտակ եղած օրերիս:

ՖՐԵՅԴ– Ի՞նչ: Ասել է` դու եղել ես նաև մահվան հրեշտա՞կ… (Մահիկին) Գեղեց¬կու¬հի, կապեք ձեռքերս, քանի ես այս հրեշտակին… Տիա՛ր, իսկ ո՞ւր էիք այնտեղ՝ երկրում:

ՄԱՀԻԿ– Երկրում մենք հազիվ հասցնում էինք առնել սեռական դրդապատճառ¬ներով սպանվածների հոգիները:

ՖՐԵՅԴ– Հասկացա, թե ուր եք քար նետում: Ո՛չ, ես չեմ սխալվել: Մարդու մեջ ամեն բան որոշում է սեռական բնազդը, բայց հիմա դասախոսություն կարդալու ցանկություն չունեմ: Չեմ գալիս և վերջ: (Թիկնում է բազկաթոռին և շարունակում ծխել):

ՄԱՀՈՒԲ– (Սկսում է խոսել հանգիստ, մեղմ տոնով): Ֆրեյդ… Զիգմունդ Ֆրեյդ… Աշխարհի այն հինգ խոշոր փիլիսոփաներից մեկը, ով ձևավորել է մարդ¬¬կության բարոյական վարքը: Որոշված է Ձեզ նորից ուղարկել երկիր: Թե ինչո՞ւ, չգիտի ոչ ոք: Իսկ դուք հրաժարվում եք: Պատճա՞ռը:

ՖՐԵՅԴ– Ցանկություն չունեմ ոչ մի պայմանով: Քեզ ասեմ (փոքր-ինչ հեգնանքով), պարոն, որպես աշխարհի հինգ խոշոր փիլիսոփաներից մեկը, որ մարդկանց երկիրը երկիր չի դառնա դեռ երկար ժամանակ: (Դուռը թակում են: Ֆրեյդը մոտենում է):

ՄԱՀԻԿ– Ի՞նչ անենք:

ՄԱՀՈՒԲ– Ես գիտե՞մ…


Գալիս է Ալբերտ Էյնշտեյնը` ջութակը ձեռքին:


ԷՅՆՇՏԵՅՆ– Պատկերացնո՞ւմ ես, Զիգմունդ, թե որքա՛ն հարաբերական հասկացություն է ժամանակը: Այսօր ևս մեկ անգամ համոզվեցի, որ անցյալը կարող է դառնալ ապագա, իսկ ապագան՝ անցյալ:

ՖՐԵՅԴ– Հիմա արդեն ես դրան չեմ կասկածում ամենևին, որովհետև ինձ հենց այդ վտանգն էլ սպառնում է:

ՄԱՀՈՒԲ– (Դիմում է Էյնշտեյնին): Ալբերտ Էյնշտե՞յն:

ՄԱՀԻԿ– (Ցուցակում կարդում է): Ֆիզիկոս, աստղագետ, գյուտարար, մանկավարժ:

ԷՅՆՇՏԵՅՆ– Եվ գիտության փիլիսոփա:

ՄԱՀԻԿ– Այո՛, և գիտության փիլիսոփա:

ՖՐԵՅԴ– (Նույնպես՝ Էյնշտեյնին) Ունեք տասը րոպե ժամանակ: Վերցրեք ան¬հրա¬¬¬ժեշտ իրերը, զանգահարեք, հրաժեշտ տվեք բարեկամներին: Որոշված է, որ Դուք նույն¬պես վերադառնաք երկիր: Ահավասիկ՝ հրեշտակները:

ԷՅՆՇՏԵՅՆ– (Մի կարճ պահ մտածելուց հետո) Ես դեմ չեմ, եթե ասեք, թե որքան է տասը րոպեն, որոնք են անհրաժեշտ իրերը, և ովքեր են բարեկամները: Ի դեպ՝ նույնքան հարաբերական կարող են լինել նաև երկիրն ու երկինքը:

ՄԱՀՈՒԲ– Բարի: Հստակորեն ճշտենք:

ԷՅՆՇՏԵՅՆ– Խնդրեմ, բայց անհնար է դա նույնպես, որովհետև հարաբերական է հստակ-ը: Հարաբերական է ճիշտ-ը:

ՄԱՀՈՒԲ– Դե թողնենք փիլիսոփայական հասկացությունները: Հարցը այս դեպքում պարզ է: Ձեզ նորից տրվում է կյանք, որ վերադառնաք երկիր:

ԷՅՆՇԵՏՅՆ– Իսկ ինձ համար այդ պարզը անհասկանալի է, որովհետև հարաբե¬րական է նաև կյանքը… Ի դեպ` կասե՞ք, թե ուղղակիորեն ինչ է գրված ցուցակում:

ՄԱՀԻԿ– Գրված է, որ Ձեզ կրկին շնորհենք կյանք:

ՖՐԵՅԴ– Այո՛, բայց դուք ա՛յն չեք պահանջում, ինչ գրված է: Շնորհե՛լ և ոչ՝ հարկարդրել…

ԷՅՆՇԵՏՅՆ– Կարծում եմ՝ կարիք չկա ապացուցելու, թե որքան հարաբերական հասկացություն է նաև շնորհել-ը…

ՖՐԵՅԴ– Կարճ ասած՝ հրամանում գրված չէ այն, ինչ պահանջվում է: (Մահուբն ու Մահիկը նայում են իրար):

ՄԱՀՈՒԲ– Թող լինի այդպես: Որպես փիլիսոփաներ՝ դուք հաղթեցիք:

ՄԱՀԻԿ– Ո՛չ… Հարաբերական է նաև հաղթելը, և մենք դեռևս չենք պարտվել: (Լսվում է զանգի ձայն: Ֆրեյդը մոտենում է հեռախոսին):

ՖՐԵՅԴ– Զիգմունդ Ֆրեյդ… Հաղորդեք տիար Գաբրիելին, որ ես դժվար թե կարողանամ այցելել… Որովհետև երկու հրեշտակ այս պահին պահանջում է վերադառնալ երկիր… Սխալմո՞ւնք… Իսկ դա արդեն դու պարզիր, ջանի՛կս… Այո՛, Ալբերտն ինձ մոտ է… Նա նույնպե՞ս… Եվ ոչի՞նչ, որ նրա անունը նույնպես այդ ցուցակում է… Բարի, կհաղորդեմ: (Լսափողը դնում է): Երևի հասկացաք: Մեզ վաղը իր մոտ է կանչել Գաբրիել հրեշտակապետը: Եվ իրենք ոչ մի ցուցակի մասի էլ տեղյակ չեն:

ՄԱՀԻԿ– Ինչպե՞ս…

ԷՅՆՇՏԵՅՆ– Դա կոչվում է չինովնիկական անփութություն: Ամեն ինչ հնարավոր է: Որտեղ էլ լինեք, ընդմիշտ մոռացեք կատարյալ աշխատանքի, կատարելության մասին:

ՄԱՀՈՒԲ– Ոչինչ: Կսպասենք մենք նույնպես: Իսկ այդ ընթացքում դուք ևս մտածեք: (Դուռը կրկին թակում են: Ֆրեյդը մոտենում, բացում է):

ԷՅՆՇՏԵՅՆ– Եվ, ընդհանրապես, մենք ոչ թե կարող ենք հասնել կատարելության, այլ դրան ընդամենը կարող ենք մոտենալ:

ՖՐԵՅԴ– (Մահուբին) Տիկինը Ձեզ է հարցնում, տիա՛ր:

ՄԱՀՈՒԲ– (Զարմացած) Տիկի՞նը… Ի՞նձ… (Մոտենում է մուտքին, սենյակից դուրս գալիս):

ՖՐԵՅԴ– Վերադառնալ երկիր, որտեղ ամեն բանի հիմքում ընկած է սեռական ցանկությո՜ւնը… Ո՛չ: Այդպես հետաքրքիր չէ: Երբ ես ձևակերպեցի իմ տեսությունը, հասկացա, որ ինչքան էլ մարդու այդ ցանկությունը լինի բավարարված, միևնույնն է, նա իրեն երջանիկ չի զգա: Եվ չի լինի երբեք իր կյանքից գոհ: Զգացի, որ դրա համար պետք է մի այլ բան…

ԷՅՆՇՏԵՅՆ– Որպեսզի մարդը լինի գոհ, պիտի ունենա և տեսնի այն, ինչ կամենում է: Բայց ես վարվում եմ բոլորովին այլ կերպ. չեմ տեսնում այն, ինչը տեսնել չեմ ուզում: Ես ունեմ իրականությանը հակադրված իմ հարմարավետ աշխարհը և այնտեղ ինձ վատ չեմ զգում:

ՄԱՀԻԿ– Ասել է` ապրում եք երևակայական աշխարհում:

ԷՅՆՇՏԵՅՆ– Գուցե և` այո՛: Իմ երևակայության մեջ ես ազատ եմ այնպես, ինչպես նկարիչը… Ընդհանրապես երևակայությունը կարևոր է գիտելիքից: Գիտելիքը սահմանափակ է, իսկ երևակայությունն ընդգրկում է ամբողջ աշխարհը:

ՄԱՀԻԿ– Պարո՛ն Էյնշտեյն, ինչո՞ւ են Ձեր գաղափարներն սկզբում միշտ թվում անհեթեթ:

ԷՅՆՇՏԵՅՆ– Աղջիկս, եթե առաջին պահին գաղափարը չի թվում անհեթեթ, ուրեմն այն անհուսալի է:


Մահուբը վերադառնում է: Զգացվում է, որ հուզված է:


ՄԱՀՈՒԲ– (Մահիկին) Հիշո՞ւմ ես կապույտ աչքերով, շեկ մազերով հրեշտակին:

ՄԱՀԻԿ– Ում վրա մարդիկ կրակեցի՞ն:

ՄԱՀՈՒԲ– Այո՛: Ում կյանքը փրկեց սատանան… Քիչ առաջ երկինք է բերել երիտասարդ մի կնոջ: Զավակները հիմա աղեկտուր լացում են: Մայրը գլխին է խփում:

ՖՐԵՅԴ– Եվ ի՞նչ:

ՄԱՀՈՒԲ– Խնդրում է նորից ուղարկել երկիր: Թեկուզ` հինգ տարով: Թե¬կուզ՝ տասը: Մինչև մեծացնի որդիներին: Իսկ ես… Ես չգիտեմ՝ ինչ անել: Մեր ցուցա¬կում նրա անունը չկա: Իսկ նա ոտքերս ընկել, խնդրում էր… (Մի պահ բոլորը լռում են: Էյնշտեյնը վերցնում է ջութակը և նվագում տվյալ հոգեվիճակին համահունչ երաժշտություն):


Լույսերը դանդաղ մարում են և քիչ անց թույլ վառվում:

Ճանապարհին կրկին Մահուբն ու Մահիկն են:


ՄԱՀԻԿ– Ինչո՞ւ է այսպես մութ:

ՄԱՀՈՒԲ– (Անտրամադիր) Չգիտեմ:

ՄԱՀԻԿ– Սա է, ուրեմն, այսպես ասած՝ չեզոք գոտին. ո՛չ դրախտը, ո՛չ դժոխքը

ՄԱՀՈՒԲ– Այո՛:

ՄԱՀԻԿ– (Քիչ անց) Ինչո՞ւ ես տխուր:

ՄԱՀՈՒԲ– Ես սխալվեցի:

ՄԱՀԻԿ– Ժամանակ պիտի չտայի՞նք:

ՄԱՀՈՒԲ– Այն կնոջ համար: Եթե տեսնեիր, թե ինչպե՜ս է խնդրում… (Կանգնում է): Ես հետ եմ դառնում: Դեռ ուշ չէ: Կարող եմ օգնել:

ՄԱՀԻԿ– Իսկ ցուցա՞կը:

ՄԱՀՈՒԲ– Գրողի ծոցը: Մեղքը ինձ վրա, եթե դա մեղք է… (Գնալով) Սպասիր այստեղ:

ՄԱՀԻԿ– (Ինքն իրեն) Է՜խ , Մահուբ, Մահուբ…


Մնալով մենակ՝ Մահիկն այս ու այն կողմ է քայլում, հետաքրքրությամբ նայում շուրջբոլորը: Լապտերը՝ ձեռքին, ինչ-որ մեկին փնտրելով, գալիս է Դիոգենեսը:


ՄԱՀԻԿ– Պարոն Դիոգենե՞ս:

ԴԻՈԳԵՆԵՍ– Ե՛ս եմ, զավա՛կս:

ՄԱՀԻԿ– Դեռ փնտրո՞ւմ եք:

ԴԻՈԳԵՆԵՍ– Փնտրում եմ, զավա՛կս: Փնտրում եմ աշխարհի արարման օրից: Փնտրել եմ ջրհեղեղից առաջ, ջրհեղեղից հետո:

ՄԱՀԻԿ– Իսկ տակառն ապրելու համար իսկապե՞ս փոքր չէ:

ԴԻՈԳԵՆԵՍ– Փոքր է, զավա՛կս, երբ փոքր է սիրտդ, փոքր են երազներդ… Բայց ընդամենը մի տակառի մեջ կարող ես տերը լինել ամբողջ աշխարհի: Եվ կարող ես տերը լինել ամբողջ աշխարհի, սակայն քեզ չզգալ այնքան ազատ, որքան տակառում…


Դիոգենեսը հեռանում է: Գալիս է Մահուբը:


ՄԱՀՈՒԲ– Վե՛րջ: Սիրտս հիմա հանգիստ է:

ՄԱՀԻԿ– Հասցրիր, ուրեմն:

ՄԱՀՈՒԲ– Հասցրի: Մարմինը վերջին շնչում էր: Միայն տեսնեիր, թե ինչպես ուրախացան որդիները: Մայրն ուրախությունից չէր կարողանում լացը զսպել: Գործը այ սա է: Թե չէ… (Հևասպառ գալիս է մի տղամարդ, որի արտաքինից անմիջապես զգացվում է, որ խիստ հղփացած է):

ՀՂՓԱՑԱԾ ՄԱՐԴ– Մահուբը դո՞ւ ես:

ՄԱՀՈՒԲ– Ես եմ:

ՀՂՓԱՑԱԾ ՄԱՐԴ– Ինձ էլ հետ ուղարկիր:

ՄԱՀՈՒԲ– (Ոտքից գլուխ նրան նայելով): Չէ՛:

ՀՂՓԱՑԱԾ ՄԱՐԴ– Ինչո՞ւ:

ՄԱՀՈՒԲ– Դու ցուցակում չկաս:

ՀՂՓԱՑԱԾ ՄԱՐԴ– Էն կնիկը կա՞ր:

ՄԱՀՈՒԲ– Նրանն ուրիշ էր:

ՀՂՓԱՑԱԾ ՄԱՐԴ– Թող իմն էլ լինի ուրիշ:

ՄԱՀՈՒԲ– (Դժկամությամբ) Չէ՛:

ՀՂՓԱՑԱԾ ՄԱՐԴ– Մինչև հիմա ինձ «չէ» ասող չի եղել: Էս դեպքն էլ պատահա¬բար եղավ: Ավտոս խփեցի:

ՄԱՀՈՒԲ– Սպասիր քո ժամանակին:

ՀՂՓԱՑԱԾ ՄԱՐԴ– Իսկ դա ե՞րբ է:

ՄԱՀՈՒԲ– (Նույն դժկամությամբ) Չգիտեմ: Կարող է լինել հարյուր տարի հետո, կարող է` հազար:

ՀՂՓԱՑԱԾ ՄԱՐԴ– Չէ՛, չեղավ այդպես: Ասում եմ՝ ինձ «չէ» ասող չի եղել:(Աջ ու ձախ նայելով) Ձեր պայմանն ասա: Ինչ ասեք, կտամ: (Մահուբն արհամարհաբար նայում է նրան ու փորձում գնալ, բայց հղփացածը կանգնում է առջևը): Այսպես չեղավ: (Տոնը փոխած) Ինձ էլ հասկացեք: Ամեն ինչ ունեի: Որքան ասեք, ունեի: Միլիոնների ոսկի: Միլիարդներով փող: Եվ հանկարծ մի վթարի պատճառով… Մի քանի վայրկյանում…

ՄԱՀԻԿ– Ինչո՞ւ էիր կուտակում:

ՀՂՓԱՑԱԾ ՄԱՐԴ– Այնտեղ պետք էր:

ՄԱՀՈՒԲ– Իսկ քանի՞ կյանք էր պետք այդքանը ծախսելու համար:

ՀՂՓԱՑԱԾ ՄԱՐԴ– Չգիտեմ: Մի վայրկյանում ամեն ինչ կորցրի: Չվայելեցի: Ինչ ուզեք, կտամ: Ինչ ուզեք, կանեմ: (Մահուբը գլուխը բացասաբար շարժում է):

ՄԱՀՈՒԲ– Չէ՛: Չի լինի:

ՀՂՓԱՑԱԾ ՄԱՐԴ– Բա էն կնկանը ո՞նց եղավ:

ՄԱՀԻԿ– Ասաց, չէ՚՞: Նրանն ուրիշ էր:

ՀՂՓԱՑԱԾ ՄԱՐԴ– Որ այդպես է՝ կբողոքեմ:

ՄԱՀՈՒԲ– Ինչպես կուզես:

ՀՂՓԱՑԱԾ ՄԱՐԴ– (Հեռանալով) Կասեմ, որ օրենք եք խախտում, կաշառք եք վերցնում: Էն կնկա մասին կասեմ: Մտածեք: Լավ մտածեք… (Գնում է: Մի պահ տիրում է լռություն: Մահիկը նայում է ցուցակը):

ՄԱՀԻԿ– Առա¬ջին ցուցակից մնացին Պլատոնն ու Արիստոտելը:

ՄԱՀՈՒԲ– Պլատոն… Աշխարհի հսկա գագաթներից մեկը, ով միշտ նայեց վեր, փնտրեց իդեա… (Կատակով) Տե՛ս, հա՞, չգայթակղես:

ՄԱՀԻԿ– Որպես իդեա՝ չեմ բացառում: Չլինի՞ խանդեցիր:

ՄԱՀՈՒԲ– Չէ՛: Եթե չեք անցնի պլատոնականության սահմանը:

ՄԱՀԻԿ– Իսկ եթե չգա՞:

ՄԱՀՈՒԲ– Այդ դեպքում փորձիր: Թույլ եմ տալիս:

ՄԱՀԻԿ– Իսկ դու չէի՞ր ուզի, որ ցուցակում Արիստոտելի փոխարեն լիներ կնոջ անուն: Ասենք՝ Կլեոպատրայի անունը, Շամիրամի:

ՄԱՀՈՒԲ– Օ՜, տեսնում եմ, որ մահվան հրեշտակից դու իսկապես դարձար կյանքի հրեշտակ: Ահա, թե ինչ է նշանակում կյանքը…

ՄԱՀԻԿ– (Ծիծաղելով) Սիրտս վկայում է. այսպես եթե շարունակենք, գերագույնը մեզ մարդ է դարձնելու, ուղարկի երկիր:

ՄԱՀՈՒԲ– Իսկ դու ի՞նչ կանեիր, եթե լինեիր մարդ: Երկինք կգայի՞ր:

ՄԱՀԻԿ– Այն էլ ինչպե՜ս… Մարդը աշխարհի ամենաթշվառ էակն է: Թեև ունի խելք, բայց այն իր համար դարձրել է պատիժ: (Ցուցակը ցույց տալով) Խնդրեմ, կարող ես, սրա՛նց համոզիր:


ՄԱՀՈՒԲ– Հերթը հիմա քոնն է: Ահա այնտեղ ապրում է Պլատոնը, հարևանությամբ՝ Արիստոտելը:


Հրեշտակները գնում են: Պատկերը փոխվում է: Բեմն այժմ ներկայացնում է Պլատոնի աշխատասենյակը, որտեղ նա նստած է՝ հաստափոր մի գիրք ձեռքին: Նրա թիկունքում գտնվող դռան վերևում գրված է. «Երկրաչափություն չիմացողների մուտքն արգելված է…»: Գալիս է Մահիկը:


ՄԱՀԻԿ– Հույն փիլիսոփա Պլատոն կամ Արիստոկլես: Ծնված մեր թվականութ¬յունից առաջ 428 թվականին:

ՊԼԱՏՈՆ– (Գլուխը բարձրացնելով) Ճիշտ է, դստրի՛կս:

ՄԱՀԻԿ– Ավարտվեց Ձեր երկնային ժամանակը: Դուք պիտի վերադառնաք երկիր:

ՊԼԱՏՈՆ– (Գիրքը դնում է սեղանին, վեր կենում և մտորելով քայլում): Ես դա կռահել էի:

ՄԱՀԻԿ– Ինչպե՞ս:

ՊԼԱՏՈՆ– Շուրջ երկու հազար չորս հարյուր տարի առաջ եմ կանխատեսել այս օրը: Գիտեի, որ վաղ թե ուշ կգաս:

ՄԱՀԻԿ– (Զարմացած) Իսկապե՞ս:

ՊԼԱՏՈՆ– Այս այցը ապացուցում է իմ գաղափարի Ճշմարտա¬ցիութ¬յունը. հոգին ոչ թե մեռնում, այլ տեղափոխվում է մի մարմնից մյուսը:

ՄԱՀԻԿ– (Ուրախացած) Ուրեմն դեմ չեք:

ՊԼԱՏՈՆ– Մտածում եմ, դստրիկս: Նայած՝ թե ինչ մարմին է առաջարկվում, որպես ո՛վ եմ ապրելու:

ՄԱՀԻԿ– Դուք վերադառնում եք որպես Պլատոն:

ՊԼԱՏՈՆ– (Մի պահ մտածելուց հետո) Այդ դեպքում՝ ոչ: Եվ եթե մնա իմ կամքին, չեմ ուզի այլևս լինել որևէ մարմնի մեջ: Մարմինը հոգու համար բանտ է, իսկ կյանքը՝ հոգու տանջանք: Ո՞վ կուզի կամավոր բանտարկվել:

ՄԱՀԻԿ– Բայց այդպես է որոշված: Ձեր անունը իմ ցուցակի մեջ է:

ՊԼԱՏՈՆ– Գիտեմ, որ ամեն բան ունի իր ավարտը, սակայն… Չէի ուզի մեռնել հիմա: Հետաձգիր: Տուր ժամանակ մի քիչ էլ ապրել: Մի քիչ էլ վայելել ազատությունը:

ՄԱՀԻԿ– Բայց Դուք դա վայելում եք արդեն երկու հազար չորս հարյուր տարի: Քի՞չ է:

ՊԼԱՏՈՆ– Դա անցավ երկու օրվա պես:

ՄԱՀԻԿ– Ճիշտ էր ասում Մահուբը. մարդը, որքան էլ ապրի, մեկ է, նույնն է ասելու: Դուք, ուրեմն, երկիր իջնելը հիմա համարում եք մեռնել: Բայց Ձեզ, ախր, ոչ թե մահ, այլ կյանք է առաջարկվում: Կյանք է տրվում:

ՊԼԱՏՈՆ– Թյուրիմացություն: Թյուր կարծիք: Իսկական կյանքը այստեղ է, իսկ ներքևում իրական կյանքի ստվերն է միայն: Նա, ով երբևէ չի եղել էյդոսների աշխարհում, չգիտի, թե ինչ է կյանքը:

ՄԱՀԻԿ– Ուրեմն սա Ձեր ասած էյդոսների աշխա՞րհն է:

ՊԼԱՏՈՆ– Այո՛: Ճիշտ կռահեցիր: Սակայն սա վերին սահմանը չէ. կա այս ամենից վեհը, գեղեցիկը, որոնց հարկավոր է միշտ ձգտել: Որտեղ էլ լինես, միշտ պետք է նայել վեր, տեսնել կապույտը, իդեան… Գնալ նրա հետևից… Բարձրանալ դեպի նա… Իսկ երկրում մարդիկ տեսնում են միայն այս ամենի ստվերները, ինչպես քարանձավում կապված-բանտվածները՝ ստվերները դրսում շարժվողների:

ՄԱՀԻԿ– Հետաքրքիր է…

ՊԼԱՏՈՆ– Եվ ինձ թվում է, որ դու նույնպես ոչ թե հրեշտակ ես, այլ՝ էյդոս: Իսկ քո ստվերը՝ անիրականը, ներքևում է` երկրի վրա: Եվ գուցե նա էլ հիմա այնտեղ մի ուրիշ Պլատոնի համոզում է, որ երկինք ուղարկի:

ՄԱՀԻԿ-(Ապշած) Ի՞նչ, ի՞նչ…

ՊԼԱՏՈՆ– Այո՛: Չե՞ս լսել զուգահեռ աշխարհների մասին: Երբ ես ներքևում էի, այդ մասին ոչ ոք չէր խոսում: Եվ միայն ինձանից երկու հազար չորս հարյուր տարի հետո այդ մասին կարծիքներ հնչեցին: Բայց դա… Դա հո գրեթե իմ տեսությո՞ւնն է: (Պատուհանից նայելով): Ահա, գալիս է նաև մեր փիլիսոփայության Մակեդոնացին, և նա ինքն էլ կհաստատի դա:

ՄԱՀԻԿ– Մակեդոնացի՞ն…

ՊԼԱՏՈՆ– Այո՛: Նույն ինքը՝ Զևսը:

ՄԱՀԻԿ-(Ոչինչ չհասկանալով) Մակեդոնացի՜ն… Զև՜սը…

ՊԼԱՏՈՆ– Դա նույն իմ աշակերտը՝ Արիստոտելն է: (Մահիկն ուսերն է թոթվում): Նա թեև իմ գաղափարական հակառակորդն է, բայց նրան այդպես են կոչում՝ հունական փիլիսոփայության Մակեդոնացի կամ հունական փիլիսոփայության Զևս:


Ներս են մտնում Մահուբն ու Արիստոտելը, և… Մահիկը մնում է ապշած: Արիս¬տո¬տելի մեջքին նստած է մի հետերա, ով թեթևաբարո կնոջ անպատկառությամբ քահ-քահ քրքջում է: Արիստոտելը սենյակում մի պտույտ անելուց հետո կանգնում է:


ՄԱՀԻԿ– Պարոն Արիստոտե՞լ…

ԱՐԻՍՏՈՏԵԼ– Եվ կամ՝ Արիստոտելես: Այդ ես եմ: Ճիշտ է:

ՊԼԱՏՈՆ– Մի՛ զարմացիր, զավակս: Այստեղ նույնպես նա տալիս է բարոյա¬կա¬նության դաս: (Հետերան դարձյալ քրքջում է): Նա երբեմն շրջում է այսպես՝ ի տես բոլորի:

ԱՐԻՍՏՈՏԵԼ– (Դահլիճի կողմը նայելով) Ահա՛, տեսնո՞ւմ եք՝ թեթևաբարո այս կինն ինչպես է վարվում անգամ ինձ նման տարեց մարդու հետ: Պատկերացրեք, ուրեմն, թե ինչ կդարձնի նա ձեզ, եթե հանկարծ կրքով տարվեք: (Հետերայի քրքջոցի տակ Արիստոտելը քայլում է դեպի դուռը: Հետերան նրա մեջքից ցատկում ու հեռանում է): Այս ծանր դասն ինձ ստիպեց սովորեցնել իմ մեծն աշակերտ Մակեդոնացին: Նա նույնպես մի պահ մոլորվել, տարվել էր այս հետերայով: Այդ ժամանակ էլ ես հասկացա, որ դրա կարիքը մի՛շտ է զգացվում: Ամենուրե՛ք: Ոչինչ, որ ամոթից շիկնում են ծերուկիս այտերը: (Ներկայացնում է Պլատոնին): Պլատոնը իմ բարեկամն է:

ՄԱՀԻԿ– Ով մեր ցուցակում չորրորդն է:

ՊԼԱՏՈՆ– Քննարկե՛նք հարցը:

ՄԱՀԻԿ– Քննարկելու հարց չկա: (Ցուցակը ցույց տալով) Ահա՛: Մարքս, Ֆրեյդ, Պլատոն, Արիստոտել, Էյնշտեյն:

ԱՐԻՍՏՈՏԵԼ– Թեև Պլատոնը իմ բարեկամն է, սակայն… Իսկական կեցության աշխարհը ոչ թե այստեղ է կամ այնտեղ (ցույց է տալիս) ՝ վերևում, այլ այնտեղ՝ ներքևում: Ճշմարիտը, բարիքը պետք է փնտրել իսկական, նյութական աշխարհում: Հարկավոր է իջնել… Ես համաձայն եմ:

ՊԼԱՏՈՆ– Ի՞նչ… Դու համաձա՞յն ես:

ՄԱՀՈՒԲ– Այո՛, նա համաձայն է:

ԱՐԻՍՏՈՏԵԼ– Բայց միայն իմ համաձայնությունը քիչ է: (Պլատոնի կողմը նայելով) Պիտի համաձայնես նաև դու: Պիտի համաձայնեն նաև մյուսները:

ՊԼԱՏՈՆ– Ինչպե՜ս…

ՄԱՀԻԿ– Բայց մենք չենք դնում համաձայնել-չհամաձայնելու հարց: Դուք ունեք տասը րոպե ժամանակ:

ՊԼԱՏՈՆ– Ասացիք՝ Մարքս, Ֆրեյդ, Էյնշտե՞յն:

ՄԱՀՈՒԲ– Պլատոն, Արիստոտել:

ՊԼԱՏՈՆ– Տարօրինակ է: Այդ ցուցակում կա ինչ-որ գաղտնիք: Քողարկված ծրագիր: Հարցը պետք է քննարկի ծերակույտը:

ՄԱՀՈՒԲ– Ի՞նչ ծերակույտ:

ՊԼԱՏՈՆ– Պլատոն, Արիստոտել, Մարքս, Ֆրեյդ, Էյնշտեյն:

ՄԱՀՈՒԲ– Լավ: Ես դեմ չեմ:

ՄԱՀԻԿ– Ինչպես թե դեմ չես: Հապա կարգադրությո՞ւնը, հրամա՞նը:

ՄԱՀՈՒԲ– Ես դեմ չեմ, և պատասխանատվությունը՝ ինձ վրա:

ՊԼԱՏՈՆ– Բարձրագույն իմացությունը կարող է կայանալ միայն համատեղ քննարկումների, վեճերի մեջ… Հիշյալ այրերին հրավիրում եմ ինձ մոտ` Ակադեմոսի պուրակ: Հարցը, այո՛, պետք է քննարկել:

ԱՐԻՍՏՈՏԵԼ– Ես մնում եմ այն կարծիքին, որն ունեի շուրջ երկու հազար չորս հարյուր տարի առաջ: Աշխարհը հարկավոր է փոխել: Իսկ դա հնարավոր է անել միայն այնտեղ՝ ներքևում: Քննարկել հարկավոր է միայն «ինչպե՞ս»-ի հարցը:

ՊԼԱՏՈՆ– Սխալվում ես, Արիստոտե՛լ: Փոխելու համար աշխարհը, նախ պետք է փոխել իդեան: Իսկ այն այստեղ է` վերևում:

ՄԱՀՈՒԲ– Թե ինչու են ձեզ ուղարկում ներքև, ես դեռ չգիտեմ, բայց համաձայն եմ. խնդիրը պետք է քննարկել:

ՄԱՀԻԿ– Չեմ հասկանում՝ ի՛նչ է կատարվում: Ինչ-որ բան կարծես այն չէ: (Բոլորը, խոհերով տարված, լռում են):


Պատկերը փոխվում է: Մահուբն ու Մահիկը դարձյալ ճանապարհին են:


ՄԱՀԻԿ– Ինչո՞ւ չես ուզում հարկադրել, Մահո՛ւբ:

ՄԱՀՈՒԲ– Որովհետև չգիտեմ նպատակը: Այդ ցուցակում, այո՛, կա ինչ-որ գաղտնիք: Կարծես սպասվում է մի ինչ-որ նոր բան… Ուզում եմ` որոշումը կայացնեն իրենք: Արժե սպասել:

ՄԱՀԻԿ– Բայց այսպես չի լինի: Այսօր էլ չունեցանք ոչ մի արդյունք:

ՄԱՀՈՒԲ– Տե՛ս՝ ով է ցուցակում հաջորդը:

ՄԱՀԻԿ– (Ցուցակում կարդալով, զարմացած) Ի՞նչ… Սարգիս քահանա՞… Հիշո՞ւմ ես:

ՄԱՀՈՒԲ– Հա՛: Ինչպես չէ: Այն քահանան չէ՞, ում սովորեցրինք (կատակով) փախչելու արվեստը:

ՄԱՀԻԿ– Բայց նրան ոչ ոք էլ չտեսավ, չգտավ: Ո՞վ է երկինք բերել, որ մենք հետ տանենք:

ՄԱՀՈՒԲ– Երևի հայտարարվել է տիեզերական հետախուզում:

ՄԱՀՒԿ– Է՜, անբախտ մարդ: Խեղճը մահից այնպես վախեցավ, ասես դարձավ ուրվական:

ՄԱՀՈՒԲ– Այդպես էլ կա: Մեր արածը մինչև հիմա հենց դա էլ եղել է. կանգնեցնել մարդու կենսաբանական ժամացույցը, նրանից սարքել ուրվական: Նրանից թողնել հուշ, պատմություն: (Կողքից լսվում է ձայն. «Կանգնի՛ր, ասում եմ: Կանգնի՛ր, ասում եմ…»: Մահուբն ու Մահիկը նայում են ձայնի կողմը: Ոտնաձայներից զգացվում է, որ ինչ-որ մեկը մեկ ուրիշի հետապնդում է):

ՄԱՀԻԿ– Ահա՛ մեզ նման ևս մի հրեշտակ: Մարդ է ուզում բռնել, որ երկիր ուղարկի:

ՄԱՀՈՒԲ– Չէ՛: Ինչ կուզես, ասա: Այս աշխարհում մի լուրջ, մի շատ լուրջ բան սխալ է: Մարդիկ երկրից չեն ուզում գալ վերև: Վերևից չեն ուզում իջնել երկիր:

ՄԱՀԻԿ– Իսկ մենք ուրախացել, պարում էինք:

ՄԱՀՈՒԲ– Ես միշտ ասել եմ. թե մարդը ինչ առեղծված, ինչ արարած է, ոչ ոք գլուխ չի հանի: Տեսա՞ր: Սա հենց այն մարդն էր, ում մենք նույն ձևով այսպես հետապնդում էինք ներքևում… Հիմա նույնը կրկնվում է այստեղ:

ՄԱՀԻԿ– Դե… ժավ… յու…

ՄԱՀՈՒԲ– Եվ դուրս է գալիս, որ ճիշտ է Պլատոնը: Այս էյդոսների ստվեր¬ները հավանաբար հիմա երևացին ներքևում՝ քարանձավի պատին:

ՄԱՀԻԿ– Դե եկ ու որոշիր իրականն ու անիրականը:

ՄԱՀՈՒԲ– (Հումորով) Պարզիր պլատոնյան քարանձավի գաղտնիքը:

ՄԱՀԻԿ– (Կեսկատակ-կեսլուրջ) Դա արդեն խորհուրդը կանի:


Տակառը գլորելով` գալիս է Դիոգենեսը:


ԴԻՈԳԵՆԵՍ– Հիմարնե՛ր, կերակրեք փիլիսոփային… Հիմարնե՛ր, կերակրեք փիլիսոփային. չէ՞ որ նա ձեզ սովորեցնում է, թե ինչպես պետք է ապրել: Հանե՛ք դիմակները: Կերակրե՛ք ձեր փիլիսոփային:

ՄԱՀՈՒԲ– (Դիոգենեսին) Իսկ ինչպե՞ս է Դիոգենեսն ինքը սովորել ապրել: Աղքա՛տ ապրել:

ԴԻՈԳԵՆԵՍ– Դա առանձին գիտություն է, պարո՛ն: Ես դրա համար դպրոց եմ անցել, ուսանել ազնիվ Անիսթենեսին: Այդ նա` մեծ փիլիսոփան սովորեցրեց ինձ աղքատ ապրելու արվեստը: Եվ միայն դրանից հետո ես ունեցա հարստություն:

ՄԱՀԻԿ– (Զարմանքով) Հարստությո՞ւն:

ԴԻՈԳԵՆԵՍ– Այո՛, դստրիկս:

ՄԱՀԻԿ– Ոչ ոք չի տեսել:

ԴԻՈԳԵՆԵՍ– Հարստությունն իմ տեսանելի չէ աչքերի համար: Այն (ցույց է տալիս գլուխը) ահա այստեղ և իմ աշակերտների ուղեղներում է:

ՄԱՀԻԿ– Պարզ է:

ԴԻՈԳԵՆԵՍ– Կի՛րթ եղիր զավակս: Կրթությունն է, որ պատանիներին զսպում, ծերերին մխիթարում, աղքատներին հարստացնում, հարուստներին զարդարում է:

ՄԱՀՈՒԲ– (Կատակով) Իսկ դու ի՞նչ կանես, Դիոգենես, եթե կոտրվի տակառդ:

ԴԻՈԳԵՆԵՍ– Չեմ անհանգստանա: Չէ՞ որ այն տեղը, որն իմն է, չի կոտրվի երբեք… (Լապտերը վառում և, սովորության համաձայն, դարձյալ ինչ-որ բան փնտրում է: Խոսում է քայլելով): Սովորեք ապրել, զավա՛կս: Դա կյանքի դժվարագույն արվեստն է: Եղեք իմաստուն, քանզի հիմարները ստրուկ են իրենց ցանկությունների ձեռքին: Ի՞նչ են հարստությունը, իշխանությունը, փառքը: Մի փուչ տակառ, որում անգամ գինի չկա: Արհամարհեք հաճույքները, և դա սովորության միջոցով կդառնա գերագույն հաճույք: (Տակառը գլորելով` գնում է):

ՄԱՀՈՒԲ– Տարօրինակ փիլիսոփա…

ՄԱՀԻԿ– Հիմա՞ ինչ ենք անելու:

ՄԱՀՈՒԲ– Սպասելու ենք:

ՄԱՀԻԿ– Ինչի՞ն:

ՄԱՀՈՒԲ– Խորհրդին: Տեսնենք, թե ինչ կորոշվի Ակադեմոսի պուրակում…


Բեմը աստիճանաբար մթնում է և որոշ ժամանակ անց լուսավորվում տվյալ վիճակին համահունչ` ջութակի հնչյունների ներքո: Ակադեմոսի պուրակում հավաքվել է խորհուրդը: Այստեղ են Պլատոնը, Արիստոտելը, Մարքսը, Ֆրեյդը և Էյնշտեյնը, որն ինքը` նվագողն է: Մարքսը, «Կապիտալ»-ը` ձեռքին, քայլում է: Մյուսներն ունկնդրում են երաժշտությունը՝ ամեն մեկն ընդունած իրեն հատուկ փիլիսոփայական կեցվածք: Ֆրեյդը, ինչպես միշտ, ծխում է: Երբ Էյնշտեյնը նվագն ավարտում է, Արիստոտելը բարձր ծափահարում է:


ԱՐԻՍՏՈՏԵԼ– Բրավո՛, Էյնշտեյն: Թեև իմ երկրային կյանքի ժամանակ չկար այսպիսի երաժշտութ¬յուն, բայց ես միշտ ասում էի, որ երաժշտությամբ կարելի է հոգին կրթել: Երաժշտությամբ մենք կարող ենք զգալ ամեն զգացմունք: Այն ո՛չ մաթեմատիկա է, ո՛չ ֆիզիկա, այլ մի ինչ-որ միջանկյալ բան: Ժամանակը ապացուցեց դա:

ՊԼԱՏՈՆ– Երաժշտությունն այն է, ինչը չես բացատրի մատերիական փիլիսոփա¬յութ¬յամբ: Նրա հիմքը հոգևորն է, իդեան, ինչը երկրավորների համար բարձրում է` վերևում:

ԱՐԻՍՏՈՏԵԼ– Պլատոնը իմ բարեկամն է, բայց… ճշմարտությունը ավելի թանկ է: Ամեն բանի հիմքը նյութն է, մատերիան: Այն, ինչ ներքևում է… Եվ, ուրեմն, պետք է իջնել: Ես առաջարկում եմ գնալ: (Մի պահ բոլորը լռում են):

ՄԱՐՔՍ– Նախ՝ ճշտենք: Ի՞նչ տրամաբանությամբ է որոշվել մեզ երկիր ուղարկել հենց հիմա: Բոլորիս միասին:

ՖՐԵՅԴ– Այն նույն տրամաբանությամբ, որով երկրից են ուղարկում երկինք: Այդտեղ կա՛մ չկա տրամաբանություն, կա՛մ դա մեզ համար անհայտ է:

ՄԱՐՔՍ– Իսկ եթե դա որպես պատիժ է, և այնտեղ մեզ սպասում է Լինչի դա¬տաս¬տա՞ն:

ԷՅՆՇՏԵՅՆ– Հնարավոր է, որովհետև աշխարհում ոչինչ հաստատուն չէ: Ես կասեմ, թե ինչու են գրված հենց մեր անունները: (Բոլորն ուշադրությունը սևեռում են նրա կողմը): Ներքևում անց է կացվել հարցում, թե ովքեր են եղել աշխարհի խոշորագույն անհատները: Անհատներ, ովքեր ազդել են մարդկային ճակատագրի վրա: Այսպես ասած` դրել աշխարհի բարոյակրթության հիմքը: Եվ, որպես պատասխան, ամենից հաճախ նշվել են մեր անունները: Ահա՛ (ցույց է տալիս), թերթում է գրված:

ՊԼԱՏՈՆ– Ուրեմն՝ այդպե՛ս:

ԱՐԻՍՏՈՏԵԼ– Մակեդոնացին կտրեց գորդյան հանգույցը:

ՄԱՐՔՍ– Եվ՝ ի՞նչ:

ՖՐԵՅԴ– Դա նշանակում է՝ մեզ ուղարկում են` ապրելու համար այն տակառի մեջ, որը, ըստ իրենց, սարքել ենք մենք:

ՄԱՐՔՍ– Ու եթե այնտեղ ապրողները գոհ են մեզանից, նշանակում է` մենք իջնելու ենք որպես կուռքեր:

ԷՅՆՇՏԵՅՆ– Իսկ ժամանակին Ամերիկան ճանաչում էր միայն երկու կուռքի` Մերիլին Մոնրո և… Ալբերտ Էյնշտեյն:

ՄԱՐՔՍ– Իսկ մի ողջ պետություն Աստծուց անգամ վեր գիտեր մեկ անուն` Կարլ Մարքս:

ՊԼԱՏՈՆ– (Հեգնանքով) Այդ դեպքում մտահոգվելու ոչինչ դու չունես: Սակայն, տիարք աթենացի և ոչ աթենացի այրեր, մտածել, թե ներքևում մեզանից կարող են լինել գոհ, ծիծաղելի է:

ՖՐԵՅԴ– Ուր որ է Երկրի շուրջը ատոմային ռումբեր կպտտվեն, այնինչ ես վախենում եմ նույնիսկ ատրճանակից:

ԷՅՆՇՏԵՅՆ– Ես չգիտեմ, թե երրորդ համաշխարհային պատերազմում կռիվը ինչ զենքերով կլինի, բայց չորրորդը հաստատ կլինի քարերով ու մահակներով:

ԱՐԻՍՏՈՏԵԼ– Իսկ եթե ներքևում մենք հարկավոր ենք դա կանխելո՞ւ համար:

ՊԼԱՏՈՆ– Քննարկենք իրավիճակը: Ինչո՞ւ մեզ պիտի մեղադրեն և ինչո՞ւ մեզանից պիտի լինեն զոհ:

ՖՐԵՅԴ– Եվ, ընդհանրապես, մենք ոչ թե արարել ենք մարդկային էությունը, այլ բացահայտել: Ե՛ս չէ, որ մարդկային գենի մեջ դրել եմ սեռական ցանկություն:

ՄԱՐՔՍ– Ճիշտ է: Մինչև տասնիններորդ դարը փիլիսոփաները բացահայտել են աշխարհը, և մենք է, որ մտածեցինք փոխել:

ԱՐԻՍՏՈՏԵԼ– Թյուր կարծիք: Ամեն բացահայտում արվում էր փոխելու համար:

ՊԼԱՏՈՆ– Հիշեցնեմ ներկա բարեկամներիս, որ փոխել ցանկացա նաև ես, բայց դարձա… ստրուկ:

ԷՅՆՇՏԵՅՆ– Իսկ Մարքսի հեղափոխությամբ դեպի լավը չփոխվեց ոչինչ… (Կեսկատակ-կեսլուրջ) Մա՛րքսն է մեղավոր:

ՄԱՐՔՍ– Ճիշտ է, որովհետև (զգալի բորբոքվածությամբ) ի հայտ եկավ մի սուկին սին…

ԱՐԻՍՏՈՏԵԼ– (Դատավորի կեցվածք ընդունելով) Կարելի՞ է Ձեզ, պարոն Մարքս, երկու հարց: (Մարքսը հավանութ¬յան նշան է անում): Առաջին` Դուք ձեզ լա՞վ եք զգացել այն կյանքում:

ՄԱՐՔՍ– Պատասխանեմ, մեծն Արիստոտել, Ձեր իսկ խոսքերով. «Կյանքը վարդի նման է. նրա յուրաքանչյուր թերթը պատրանք է, իսկ փուշը` իրականություն»: Ի՞նչ տեսա ես այնտեղ: Թշվառությո՛ւն: Յոթ զավակ տվեցի աշխարհին, որոնցից չորսը մահացան մանուկ հասակում: Դստրիկիս համար ես չկարողացա գնել անգամ դագաղ: Ապա ողջ մնացած իմ երեք զավակից երկուսը դարձան ինքնասպան: Եթե չլիներ Էնգելսը, ես էլ հավանաբար մեռնեի քաղցից: Եվ հիմա վերապրել նորից ամե՞նն այդ: Ո՛չ: Կյանքում ես ինձ լավ չեմ զգացել:

ԱՐԻՍՏՈՏԵԼ– Երկրորդ հարցը. «Ի՞նչ եք դուք արել, որ իրենց լավ զգան ուրիշները»:

ՄԱՐՔՍ– Ահա (ցույց է տալիս), գրել եմ իմ «Կապիտալ»-ը: Որ այն կյանքի չկոչվեց, ես մեղավոր չեմ:

ՊԼԱՏՈՆ– Եվ ինչո՞ւ չեք իջնում ներքև՝ կյանքի կոչելու:

ՄԱՐՔՍ– Որովհետև իմ գլուխը հիմա գնահատված է բավական թանկ…

ԱՐԻՍՏՈՏԵԼ– Բարի: Զիգմունդ Ֆրեյդ: Ի՞նչ կասեք Դուք:

ՖՐԵՅԴ– Ես անշուշտ բախտավոր եմ, եթե առաջնորդվեմ ուսմունքով Էյնշտեյնի և համեմատվեմ Մարքսի հետ: Իմ զավակներից մահացան երեքը… Ի՞նչ եմ արել, որ իրենց լավ զգան ուրիշնե՞րը: Ես բժիշկ էի՝ հոգեբույժ, հոգեբան: Եվ ի հատուցում իմ բժշկության՝ ինձ համարեցին շառլատան, սեքսի հողի վրա խանգարված: Ահա՛ մարդիկ ինչ տվեցին՝ ի տրիտուր: Դուք իսկապես կարծում եք, որ եթե ես չասեի, թե մարդու վարքը պայմանա¬վորված է սեռական ցանկությամբ, այդպես չէ՞ր լինի: Գուցե և իմ ուսմունքի մեջ կա չափազանցություն, բայց նրա էությունը անհերքելի է:

ՊԼԱՏՈՆ– (Հեգնանքով) Քանի՞ անգամ եք Դուք սիրել, պարոն Ֆրեյդ:

ՖՐԵՅԴ– Ես սիրել եմ այնպես, ինչպես կսիրեր փիլիսոփա Ֆրեյդը: Եվ ահա` ի՛նչ կասեմ: Շատերին սիրողը ճանաչում է կանանց, մեկին սիրողը ճանաչում է սերը: Իսկ դրան հասու են քչերը: Եվ մենք էլ միմյանց ընտրում ենք ամենևին ոչ պատահաբար: Հանդիպում ենք մենք միմիայն նրանց, ովքեր արդեն կան մեր երազներում, ենթագիտակցության մեջ:

ԱՐԻՍՏՈՏԵԼ– Ասել է՝ Դուք չեք ընդունի մեղադրանքը:

ՖՐԵՅԴ– Ես մեղավոր եմ այնքան, որքան մեղավոր է Կոպեռնիկոսը երկրա¬գնդի պտույտի համար: Իսկ մարդը երկրում դժբախտ է, որովհետև նրան երջանկացնելու նպատակ աշխարհի արարչության մեջ չկար…

ԱՐԻՍՏՈՏԵԼ– Երջանկությո՞ւն… Իսկ ես կարծում եմ, որ երջանիկ լինում է միայն նա, ով լինում է գոհ:

ՄԱՐՔՍ– Նշանակում է՝ մեղավոր է Պլատոնը: Նա՛ փիլիսոփայության մեջ դրեց սխալ հիմնաքար: Եվ գուցե մարդկությունն այլ ուղով ընթանար, եթե չլիներ այդ մեծ սխալը:

ՊԼԱՏՈՆ– Ժխտել իդեան, փիլիսոփա՛ այրեր, նշանակում է մարդու մեջ բացառել հոգին: Այն¬¬ինչ մեր տիեզերքն ինքը կենդանի էակ է՝ հոգով ու մտքով: Ավա՜ղ, իրենց թշվառության համար մարդիկ հակված են մեղադրելու աստվածներին, ճակատագրին և ում ասես, բայց միայն ոչ իրենք իրենց: Առանց իդեայի՝ վեհի, բարու, աշխարհը, այո՛, մի դատարկ գունդ է, և մարդը՝ երկոտանի, ասուն կենդանի:

ԷՅՆՇՏԵՅՆ– Մեղավոր է, այդ դեպքում, Արիստոտելը, որ մարդու հայացքը երկնքից իջեցրեց երկիր: Իդեան դարձրեց նյութ:

ԱՐԻՍՏՈՏԵԼ– Պլատոնը իմ… ուսուցիչն է, բայց… Ոչ թե կա առվակի ձայն, որի պատճառով հոսում է առվակը, այլ հակառակը` կա հոսող առվակ, որը ունի ձայն: Իդեան, ոգին հենց նյութի մեջ են: Նյութի հատկանիշն են: Ընդ որում` պլատոնյան բարձրագույն իդեան, բարձրագույն բարիքը անհաս են մարդուն, անիրական են:

ՄԱՐՔՍ– Եվ ի՞նչ է արել պարոն Արիստոտելը, որ իսկական աշխարհում իրենց լավ զգան ուրիշնե՞րը:

ԱՐԻՍՏՈՏԵԼ– Չկա մինչև ձեր ժամանակները եղած և ոչ մի փիլիսոփա, պարոն Մարքս, որ չցանկանար փոխել աշխարհը: Մոլորություն է Ձեր այդ կարծիքը: Ինչի՞ համար էր հապա Պլատոնի` իդեալական պետության, համընդհանուր հավասա¬րության մասին ումունքը: Ինչի՞ համար էր բարոյագիտության մասին իմ տեսությունը: Տեսություն, որ վերաբերում է կյանքի իմաստին: Տեսություն այն մասին, թե ինչպես մարդը կարող է հասնել բարձրագույն բարիքին՝ երջանկությանը, երանությանը:

ՊԼԱՏՈՆ– Ասել է՝ կոմունիզիմի… Ի դեպ` մասնավոր սեփականությունից հրաժարվելու, հանրային սեփականության անցնելու գաղափարը, Զևսը վկա, նույնպես իմն է: Հանեք այդ գաղափարը Ձեր ուսմունքից, տիա՛ր Մարքս, և տեսեք` ինչ կմնա մարքսիզմից: Ես նշում էի դեռևս երկու հազար չորս հարյուր տարի առաջ, որ հրաժարվել պետք է նաև ընտանիքի գաղափարից: Իսկ աշխարհում հիմա նոր-նոր հանգում են դրան:

ԱՐԻՍՏՈՏԵԼ– Բայց լավ կլինի անշուշտ, որ չհանգեն բնավ…

ՄԱՐՔՍ– Ինչ կմնա իմ ուսմունքի՞ց: Տեսնում եմ, որ Դուք այն լավ չեք յուրացրել, աթենացի՛ Պլատոն: Մարդու կեցությո՛ւնը, հասարակական կեցությո՛ւնն է որոշում նրա հասարակական գիտակցությունը: Ահա՛ որն է մարքսիզմի հիմնաքարը: Ես պնդում եմ, որ հասարակության պատմական գործընթացում վճռական և որոշիչ գործոնը նյութական արտադրությունն է: Այո՛:

ՖՐԵՅԴ– Աստվածների շարքը դասված մե՛ծն Արիստոտել, եթե Ձեզ հնարավո¬րություն տրվեր նորից ծնվելու, ի՞նչ կցանկանայիք լինել. իմաստո՞ւն, թե մեծահարուստ:

ԱՐԻՍՏՈՏԵԼ– (Մի պահ մտածելուց հետո) Չգիտեմ, որովհետև իմ ծնված օրից բոլոր քաղաքներում իմաստուններին տեսնում եմ մեծահարուստների դռներին կանգնած:

ՊԼԱՏՈՆ– Ի միջի այլոց, չկա ավելի ստույգ նշան քաղաքների վատ կառուցվածքի, քան նրանցում բժիշկերի ու իրավաբանների առատությունը:

ՄԱՐՔՍ– Իսկ ո՞րն է, ըստ Ձեզ, կյանքի իմաստը ներքևում, պարոն Արիստոտել:

ԱՐԻՍՏՈՏԵԼ– Ծառայել ուրիշներին և բարություն գործել: Ապրել նշանակում է ստեղծել իրեր, այլ ոչ թե դրանք ձեռք բերել: Ու թեև մարդը մահկանացու է, չպետք է ենթարկվի ունայն բաների, այլ` վեր բարձրանա մինչև անմահություն: Կյանքը պահանջում է շարժում, իսկ երջանկությունը կախված է մեզնից:

ԷՅՆՇՏԵՅՆ– (Կատակով) Մարտադաշտ է մտել «Արիստոտելյան կորպուսը»:

ՊԼԱՏՈՆ– Հասկանալ, թե ինչն է արդարացի: Զգալ, թե որն է գեղեցիկ: Ցանկանալ այն, ինչ կատարյալ է: Սա՛ է բնական կյանքի նպատակը:

ԷՅՆՇՏԵՅՆ– Իմաստուն մտքեր են:

ԱՐԻՍՏՈՏԵԼ– Իմաստուն մարդը գրեթե միշտ համաձայնում է այլ իմաս¬տունի խոսքերին, իսկ հիմարը երբեք չի համաձայնում ո՛չ իմաստունի ասածին, ո՛չ էլ… հիմարի: Ես շատ եմ խոսել բարոյականության մասին: Նա՛ է բարոյական, ով շատ բան անում է հանուն իր ընկերների և հանուն հայրենիքի անգամ այն դեպքում, եթե նրան վիճակված է մեռնել: Ասել կուզեմ, եթե մենք մեզ համարում ենք բարոյական մարդիկ, պարտավոր ենք իջնել:

ՖՐԵՅԴ– Ալբերտ Էյնշտեյն: (Բոլորը նայում են նրան):

ԷՅՆՇՏԵՅՆ– Ես միշտ ասել եմ, որ տիեզերքում ամեն բան հարաբերական է: Կա ապրելու երկու տեսակ. դուք կարող եք ապրել և վստահ լինել, որ հրաշքներ չեն լինում, կամ՝ կարող եք ապրել և հավատալ, որ կյանքը ինքնին հրաշք է: Աշխարհում դրվածքի համար մեղադրել Էյնշտեյնի՞ն: Զավեշտ է: Այդպես չի կարող լինել: Եվ, ընդհանրապես, ես կլինեմ այստեղ, թե մի քիչ ներքև, ինձ համար միևնույնն է: (Վերցնում է ջութակը և նվագում Շուբերտի երա¬ժշտութ¬յան որևէ հատված):


Հանկարծ վազելով, ինչ-որ մեկից փախչելով, բայց աշխույժ քրքջալով` գալիս է հետերան:


ՀԵՏԵՐԱ– Չե՛մ գա… Չե՛մ գա… Չէ՛… (Փորձում է որևէ մեկի թիկունքում թաքնվել: Նրա հետևից անմիջապես գալիս են Մահուբն ու Մահիկը):

ՄԱՀԻԿ– (Զայրացած) Դե հերի՛ք է՝ որքան տարանք ձեր կամակորությունները: Գալիս ես և վե՛րջ: Առա՛ջ անցիր:

ՀԵՏԵՐԱ– (Նույն աշխուժությամբ, նրա համար ասես խաղ է): Չէ՜… (Թաքնվում է Պլատոնի թիկունքում):

ՄԱՀՈՒԲ– Նիստն էլ այստեղ խանգարեցիր: (Մոտենում է, որ բռնի):

ՀԵՏԵՐԱ– Չէ՜… Պարոն Պլատոն… Ի սեր Զևսի, օգնիր ինձ… Պաշտպանիր: Ուզում են տանել ձեր հետերային: (Ոչ մեկը չի իմանում ինչ անել: Մահիկը նույնպես մոտենում է, որ բռնի, բայց հետերան փախչում և հիմա էլ թաքնվում է Արիստոտելի թիկունքում): Պարոն Արիստոտե՜լ… Ասա՛ քո հեղինակավոր խոսքը: Խելքի բեր սրանց: (Բոլորը դարձյալ լռում են): Դե… Ի՞նչ եք անելու դուք առանց ինձ, առանց ձեր հետերայի: Կյանքը տխուր չի՞ լինի: (Արիստոտելին) Ինձ որ տանեն, դու ինչպե՞ս ես քո դասը բացատրելու:

ՄԱՀԻԿ– (Նրա ձեռքից քաշելով ) Գնա՛նք, այնտեղ բացատրելու մի հնար կգտնվի:

ՀԵՏԵՐԱ– (Արիստոտելից կառչելով ) Չէ՜…

ՄԱՀՈՒԲ– Լավ, իսկ դո՞ւ ինչու չես ուզում գալ:

ՀԵՏԵՐԱ– (Փոքր-ինչ լրջացած) Ինչո՞ւ: Որովհետև այնտեղ ինձ համար հաճելի չէր:

ԱՐԻՍՏՈՏԵԼ– Հետաքրքիր է: Քե՞զ համար ինչն էր վատ: Ինձ թվում էր, որ գոնե հետերային պիտի ձգի նյութական աշխարհը:

ՀԵՏԵՐԱ– Ինչն էր վա՞տ: Եվ դա ինձ հարցնում են փիլիսոփանե՞րը: Իսկ դուք ի՞նչ տվեցիք ինձ, որ վատ չլինի: Փող ու ոսկի՞: (Ֆրեյդին) Ի՞նչ ես այդպես նայում: Մեզ քո տվածն էլ մի բան չի եղել: Դու սեքսից շուտ հագենում ես (հեգնանքով), և քեզ ավելի շատ հետաքրքրում է սեքսի տեսությունը: (Քրքջում է, ապա դիմում Էյնշտեյնին): Ես քեզ էլ գիտեմ, խոշոր գիտնականների մեջ ամենախոշոր… կնամոլ:


Լապտերը ձեռքին՝ գալիս է Դիոգենեսը:


ԴԻՈԳԵՆԵՍ– Կա՞ այստեղ մարդ:

ՀԵՏԵՐԱ– Չէ՛: Այստեղ փիլիսոփաներ կան:

ՖՐԵՅԴ– Իսկ այնտե՞ղ: Ի՞նչ աղմուկ էր այնտեղ:

ԴԻՈԳԵՆԵՍ– Այնտեղ, ինչպես միշտ, կա բազմություն, մարդիկ՝ ոչ:

ՄԱՐՔՍ– Ի՞նչ բազմություն է հավաքվել:

ԴԻՈԳԵՆԵՍ– Պրոլետարներն են հավաքվել բոլոր երկրների: Հիմա նրանց հետաքրքրում է, թե ինչ է որոշվելու Ակադեմոսի պուրակում:

ԱՐԻՍՏՈՏԵԼ– Ա՜: Ուրեմն` այս խորհուրդն ստացավ այդպիսի մեծ նշանակություն… (Բոլորն էլ ավելի են զգաստանում):

ԴԻՈԳԵՆԵՍ– Այո՛: Հավաքվել են հինգ փիլիսոփաներ` պարզելու համար, թե ինչու են իրենց ուղարկում երկիր: Արժի՞ նորից մարդ դառնալ, թե ոչ:

ՊԼԱՏՈՆ– (Խայթող տոնով) Իսկ դու, ուրեմն, ինչո՞ւ ես այստեղ:

ԴԻՈԳԵՆԵՍ– (Լապտերը բարձրացնում ու մոտեցնում է նրա դեմքին` իբր ճանաչելու համար): Օ՜, մեծն փիլիսոփա, թեև դու Արիստոտելի բարեկամն ես, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է: Սակայն ես հիմա փիլիսոփայելու ցանկություն չունեմ, որովհետև վաղուց ստրուկ եմ… Ի դեպ, ինձ էլ եթե հաշվենք, այստեղ ներկա վեց փիլիսոփաներից երեքը ճաշակել է ստրկության «քաղցրությունը»: Արիստոտե՜լ… Պլատո՜ն… Դիոգենե՜ս…

ԷՅՆՇՏԵՅՆ– (Այս ու այն կողմ նայելով) Ո՞ւր է, որտե՞ղ է այն աներես լուսա¬նկարիչը:

ՖՐԵՅԴ– Քե՞զ ինչ պատահեց:

ԷՅՆՇՏԵՅՆ– Ուզում եմ մի անգամ էլ լեզու հանել: Ահա՛ (լեզուն հանում և ինքն իրեն լուսանկարում է): Սա ողջ մարդկության դեմ հանված լեզու է: Ցույց կտաք ամբողջ աշխարհին:

ՄԱՀՈՒԲ– Ինչո՞ւ:

ԷՅՆՇՏԵՅՆ– Որովհետև եթե մի աշխարհ իր փիլիսոփաներին դարձնում է ստրուկ, արժանի է միայն ծաղր ու ծանակի:

ՊԼԱՏՈՆ– Ես միշտ ասել եմ, որ փիլիսոփաները ոչ թե պիտի լինեն հպատակներ, այլ պիտի ղեկավարեն աշխարհը:

ԱՐԻՍՏՈՏԵԼ– Իսկ ես՝ որ աշխարհն առանց ստրուկների չէր կարող լինել:

ԴԻՈԳԵՆԵՍ– Ու թեև ես այժմ ստրուկ եմ, բայց հիմա, քանի որ նիստն ընդմիջված է, ինքս ինձ ձեր միջնորդությամբ կուզեի վաճառել: (Շուրջբոլորը նայելով) Քաղաքացինե՛ր, կա՞ այստեղ որևէ մեկը, ով ցանկանում է իր համար տեր գնել:

ՄԱՀԻԿ– (Ծիծաղալով) Իր համար տե՞ր:

ՀԵՏԵՐԱ– (Դիոգենեսին մոտենալով, նույնպես՝ ծիծաղելով) Այդ դո՞ւ ես ինքդ քեզ վաճառող տերը:

ԴԻՈԳԵՆԵՍ– Պատկերացրու` ես եմ:

ՀԵՏԵՐԱ– Եվ ի՞նչ արժի այդ տերը: Նկատի ունեցիր, որ եթե հիմա ինչ-որ բան այնպես չլինի, միասին պիտի ուղևորվենք այն աշխարհ:

ԴԻՈԳԵՆԵՍ– Հեչ բան: Ընդամենը` երեք մինա:

ՀԵՏԵՐԱ– Ինչո՞ւ այդպես թանկ:

ԴԻՈԳԵՆԵՍ– Թանկ չէ, զավա՛կս: Երեք մինա արժի աշխատող ձին, իսկ ես վարգուն ձի եմ իմ խելքով:

ՀԵՏԵՐԱ– Եվ որտեղ է սլանում քո մի՞տքը:

ԴԻՈԳԵՆԵՍ– Փիլիսոփայության անծայր անդաստաններում:

ՀԵՏԵՐԱ– Ուսումնասիրում ես տիեզերական երևույթնե՞ր:

ԴԻՈԳԵՆԵՍ– Մեռած նյութի դիալեկտիկայով զբաղվում է (ցույց է տալիս Էյնշտեյնին) այս պարոնը: Հոգու՛ դիալեկտիկա. ահա՛ իմ զբաղմունքի առարկան:

ՀԵՏԵՐԱ– (Բարձր ծիծաղելով) Լավ: Այդ դեպքում դու ինձ կդաստիարակես: Գուցե այս անգամ մյուս աշխարհում այլ ձևով ապրեմ: Բայց ինձ ասա, թե այսուհետև ինչպես պիտի դիմեմ քեզ:

ԴԻՈԳԵՆԵՍ– Ինչպես միշտ՝ շուն Դիոգենես… (Ոմանք ծիծաղում են): Շուն-ը իմ մականունն է, իսկ անունս՝ Դիոգենես-ը, նշանակում է (հեգնանքով) աստվածատուր… Շուն ասում են, որովհետև երբ ինձ նետում են մի կտոր ուտելիք, պոչս շարժում եմ: Ով հրաժարվում է տալ, վրան հաչում եմ: Իսկ ով չար է, նրան կծում եմ:

ՄԱՀԻԿ– Վերջացրե՛ք: Այս ի՞նչ առևտուր սարքեցիք: (Հետերային, կրկին՝ խստությամբ): Դու հիմա իջնելու ես երկիր: Գնացի՛նք: (Մոտենում է նրան և ձեռքից դարձյալ քաշում):

ՀԵՏԵՐԱ– Ո՜չ… Չլսեցի՞ք: Հիմա բոլորին հետաքրքրում է, թե ինչ է որոշելու խորհուրդը: (Նազկտալով) Իսկ ես սրանցից՝ փիլիսոփաներից, ինչո՞վ եմ պակաս:

ԴԻՈԳԵՆԵՍ– Բարի: Թող այդպես լինի: (Հեգնանքով) Ես կսպասեմ ծերակույտի որոշմանը…(Դանդաղ հեռանում է: Հեռվից լսվում է հավաքված բազմության ձայնը):

ՖՐԵՅԴ– (Հեգնանքով) Այո՛, աշխարհը փիլիսոփաների պակաս երբեք չզգաց: Մանավանդ` կին:

ՀԵՏԵՐԱ– (Լրջացած) Իսկ ես այնտեղ միշտ զգացի ինչ-որ բանի պակաս, ինչ-որ բանի կարիք: (Պլատոնին նայելով) Վերև նայեցի ու այն չգտա: (Արիստոտելին նայելով) Ներքև նայեցի և այն չտեսա: (Ֆրեյդին նայելով) Տղամարդիկ ինձ չգնահատեցին: (Մարքսին նայելով) Ինձ վրա թեև ոսկի տեղացին, բայց հոգիս, սիրտս մնացին դատարկ: (Էյնշտեյնին նայելով) Փորձեցի համեմատվելով ինձ կարծել երջանիկ, բայց դա էլ դարձավ միայն մխիթարանք: (Հրեշտակներին նայելով) Չէ՛: Այնտեղ տհաճ է: Այդ ամենը կրկին ապրել չեմ ուզում: (Մի պահ տիրում է լռություն):

ԷՅՆՇՏԵՅՆ– Իսկ ես այնտեղից լավ պրծա՝ հաշվի առնելով, որ տեսա նացիզմը և ունեցա… երկու կին:

ՄԱՀԻԿ– (Որպես իգական սեռի հրեշտակ՝ կարծես վիարավորվում է): Ա՜խ, Դուք էլ, ուրեմն, այդպես. նացիզմ և երկու կին: Եվ նրանցից մեկին շատ էիք սիրում: Այնպես չէ՞: Այդ մասին նույնիսկ հրեշտակներն են ժամանակին խոսել: Նրան գրած երկու նամակները մինչև իսկ Ձեր գործին են կցված: (Պայուսակից թղթեր հանելով): Ահա, կարծում եմ` դեմ չեք լինի, եթե ընթերցեմ: (Կարդում է): «Ես կորցրել եմ բանակա¬նությունս: Մեռնում եմ: Այրվում եմ սիրուց ու ցանկությունից: Այն բարձը, որի վրա քնում ես, հարյուր անգամ երջանիկ է իմ սրտից: Դու գիշերը այցելում ես ինձ, բայց, ցավոք, միայն երազում…»:

ՖՐԵՅԴ– Ինչպիսի՜ բուռն կիրք:

ՄԱՀԻԿ– Հարյուր անգամ… Իսկ ինչո՞ւ ոչ՝ հազա՞ր կամ տա՞սը հազար…

ՊԼԱՏՈՆ– Կրքերը հանգստության թշնամին են, բայց, առանց նրանց, աշխարհում չէր լինի ո՛չ արվեստ, ո՛չ գիտություն:

ՄԱՀԻԿ– Այո՛: Եվ որ, առանց կնոջ, աշխարհում չէր լինի ոչ մի գիտություն, դա ապացուցում է հենց երկրորդ նամակը: (Էյնշտեյնը նույն` հոմերական հանգստությամբ քայլում ու լսում է): Քանի որ հիմա նիստում ընդմիջում է, կարծում եմ` դեմ չեք լինի լսելու նաև դրա որոշ կետեր, և, համոզված եմ, պարզ կլինի, թե իսկապես որքան բուռն է տղամարդկանց սերը: (Կարդում է): «Եթե ցանկանում ես ամուսնանալ, պիտի համաձայնես իմ պայմաններին: Ահա դրանք.

1. դու պիտի հոգաս, որ պատճաշ լինեն իմ հագուստն և անկողինը.

2. օրը երեք անգամ իմ աշխատասենյակ պիտի բերես ուտելիք.

3. միշտ, երբ քեզ կխնդրեմ, պիտի հեռանաս իմ աշխատասենյակից ու ննջասենյակից.

4. ինձանից չպիտի սպասել զգացմունքների ոչ մի դրսևորում»: Եվ, վերջապես, ամենամեծ ապացույցը, թե ինչու, առանց կնոջ, աշխարհում չի կարող լինել ոչ մի գիտություն:

5. «Առանց բողոքի որևէ խոսքի՝ ինձ համար պիտի կատարես գիտական հաշվարկներ»:

ՀԵՏԵՐԱ– (Քրքջոցը չկարողանալով զսպել) Օ՜, տիա՛ր Արիստոտել… Տիա՛ր Արիստոտել… Իմ մեջ խոսեց կանացի վրեժխնդրությունը, ու ես էլ չեմ համբերում… Եթե հենց հիմա աշխարհին կրկին չտաք բարոյականության դաս, ես նորից խելքահան կանեմ ձեր աշակերտներին…. (Մոտենում է Արիստոտելին): Հենց հիմա, հենց հիմա… Այս ի՜նչ տարօրինակ, այս ի՜նչ զարմանալի երկոտանիներ են տղամարդիկ:

ԱՐԻՍՏՈՏԵԼ– Զարմանալին ոչ թե տղամարդիկ են, այլ այն է, թեթևաբարո՛ կին, որ ես, ունենալով ոտքեր, դեռևս կանգնած եմ քո կողքը…

ՄԱՀՈՒԲ– (Գրեթե` ինքն իրեն) Եվ ինձ էլ ասում են` ինչո՞ւ չես ամուսնանում:

ՖՐԵՅԴ– Ինչպես ասել է Սոկրատեսը, ամեն դեպքում ամուսնացիր: Եթե բախտդ բերի, ու լավ կին գտնես, կլինես բացառություն: Հակառակ դեպքում կդառնաս փիլիոսփա:

ԷՅՆՇՏԵՅՆ– (Նույն հանգստությամբ վերցնում է ջութակը և դարձ¬յալ մի պահ նվագում): Ես գուցե և սխալվել եմ, բայց դուք սովորեք չսխալվել: Սովորեք երեկվանից, ապրեցեք այսօր և հուսացեք վաղվան:

ՊԼԱՏՈՆ– Իսկ հույսերը արթուն երազներ են, որոնք (վերև նայելով) վերևում են միշտ:

ԱՐԻՍՏՈՏԵԼ– Բայց որոնք մարդիկ տեսնում են միայն (ներքև ցույց տալվ) ներքևից…

ՄԱՐՔՍ– Այսպիսի հարց, տիա՛ր Մահուբ: Ի՞նչ կլինի այն դեպքում, եթե մենք հրաժարվենք իջնել:

ՄԱՀՈՒԲ– Կա՛մ պիտի փախչեք, թաքնվեք, որ ձեզ չգտնենք, կա՛մ մենք պիտի գտնենք պատճառաբանություն, մինչև ժամանակները փոխվեն, և դուք ցանկանաք իջնել կամովին, կա՛մ, որպես խոշորագույն անհատներ, որոնց հետ հաշվի են նստում, ցուցակը վերանայելու խնդրանքով՝ պիտի դիմեք հրեշտակապետ Գաբրիելին:

ՖՐԵՅԴ– Հրեշտակապետ Գաբրիելի, այսպես ասած, կաբինետը այդ ցուցակից անգամ տեղեկություն չունի: Սա կարող է լինել նաև խարդավանք:

ՄԱՀՈՒԲ– Մինչև նիստն սկսելը թույլ տվեք Ձեզ հայտնել, պարոն Ֆրեյդ, որ երեկ թանգարանից փորձ է արվել գողանալու Ձեր աճյունասափորը, մոխիրը:

ՖՐԵՅԴ– (Անականկալի եկած) Ի՞նչ:

ՄԱՀՈՒԲ– Այո՛: Բայց այն, բարեբախտաբար, կանխվել է:

ՖՐԵՅԴ– Պարզ է: Ահա՛, թե աշխարհի համար մահից այսքան տարի անց էլ ո՛վ է Զիգմունդ Ֆրեյդը:

ԷՅՆՇՏԵՅՆ– Իսկ իմ պարագայում կանխել չհաջողվեց: Թեև ես թույլատրել էի ազատորեն հետազոտել ուղեղս, բայց, միևնույնն է, այն գողացան՝ մարմինս դեռ չսառած:

ՄԱՐՔՍ– Ընդամենը տարիներ առաջ հարցմամբ որոշվեց, որ վերջին հազարամյակի ամենամեծ մտածողը եղել է 19-րդ դարում ապրած մի գիտնական՝ Կարլ Մարքսը:

ԱՐԻՍՏՈՏԵԼ– Իմ մահից 1000 տարի անց մարդիկ հանկարծ սկսեցին կասկածել՝ ես ավելի շատ օգո՞ւտ տվեցի, թե վնաս, քանի որ շուրջ հազար տարի իմ խոսքն ընդունվում էր աներկբայորեն:

ՊԼԱՏՈՆ– Արիստոկլես կամ Պլատոն… Մահկանացու, ով լույս աշխարհ եկավ Ապոլոնի ծննդյան օրը ու դեռ կենդանության օրոք կոչվեց աստվածային…

ԷՅՆՇՏԵՅՆ– (Թեթև հումորով) Եվ դարձավ օլիմպիական կրկնակի չեմպիոն:

ՊԼԱՏՈՆ– (Մահիկին) Ահա՛, ովքեր են ձեր ցուցակում, զավա՛կս:

ՄԱՀՈՒԲ– Եվ ես միշտ ասում էի, որ դա պատահական չէ:

ՀԵՏԵՐԱ– Իսկ ինձ համար պարզ էր վաղուց, թե ինչպիսի պարոնների հետ ունեմ պատիվ, բայց, միևնույնն է, մի ինչ-որ տեղ, մի ինչ-որ հարցում դուք բոլորդ սխալվել եք, ու ես այնտեղ կրկին իջնել չեմ ուզում: Մի կարևոր, շատ կարևոր բան այնտեղ չկա… (Մի պահ տիրում է լռություն):

ԱՐԻՍՏՈՏԵԼ– Թե ինչն է պակաս, դա գիտենք բոլորս, գիտենք վաղուց:

ԷՅՆՇՏԵՅՆ– Բայց դրա համար մեղադրել մեզ նշանակում է մեղադրել Մենդելեևին, թե ինչո՛ւ իր աղյուսակի մեջ չի նշել մի նյութի մասին, այդ աղյուսակի հիմքում չի դրել մի նյութ, որը… չի եղել:

ՊԼԱՏՈՆ– Ու մենք բոլորս փորձել ենք մի այլ ձևով, մի այլ «նյութով» լրացնել այդ բացը, մեղմել նրա պակասը:

ԷՅՆՇՏԵՅՆ– (Մի քանի ակորդ հնչեցնելով) Բայց դա մինչ օրս չի հաջողվել:

ՄԱՀՈՒԲ– Եվ Երկիր մոլորակը հիմա, առանց այդ «նյութի», դարձել է կրակին դրված վառոդի տակառ, որը կարող է պայթել ամեն պահ:

ՊԼԱՏՈՆ– Այնտեղ, ինչպես միշտ, բոլորը պատերազմում են բոլորի հետ: Պատերազմում է նաև ամեն մեկն իր հետ: (Լսվում է Մահուբի բջջային հեռախոսի ձայնը):

ՄԱՀՈՒԲ– (Զգաստացած, փոքր-ինչ հուզված) Լսում եմ, պարոն Գաբրի¬ել… Այն կի՞նը, որ ունի երկու փոքր զավակ… Ճիշտ է… Նրան ես իրոք… Նկատողությո՞ւն… Ո՛չ, Մա¬¬¬հի¬կն առարկում էր, համաձայն չէր: Ես ինքս… Պարզ է… Փքված փո¬րով հղփացած տղամա՞րդ… Այո՛… (Վրդովված) Անմիջապես զգացվում է, որ դա սրիկա¬ է, զրպար¬տի՛չ… Ամենամեծ արդարությունը եղել է այն, որ վթա¬րվել է…. Այո՛, փիլիսոփաներին նույնպես… Փաստորեն ճիշտ եմ վարվել… Հիմա Ակադե¬մո¬սի պուրակում նրանք նիստ են գումարել… Թույլ եմ տվել, որ իրենք որոշեն… Պարզ է… հասկացա: (Հեռախոսն անջատում է: Բոլորը հետաքրքրությամբ նայում են նրան): Նկա¬տողության մասին արդեն լսեցիք: Իսկ ձեր հարցով պարոն Գաբրիելն ասաց, որ եղել է փոքր թյուրիմացություն… Ասաց, որ մենք ձեզ՝ փիլիսոփաներիդ, ոչինչ չստիպենք: Եր¬կիր իջնել-չիջնելու հարցը թողնենք ձեր հայեցողությանը… (Տիրում է խոր լռություն: Ֆրեյդը ծխելով, մտորելով քայլում է: Մյուսները մտածում են` դարձյալ ընդունած իրենց բնորոշ կեցվածք):

ՄԱՀԻԿ– Ոչ մի թյուրիմացություն էլ չի եղել: (Բոլորը զարմացած նայում են նրան): Պարզապես ինչ-որ մեկը հասկացել է, որ աշխարհին հիմա հարկավոր են փիլիսոփաներ: Մե՛ծ փիլիսոփաներ, ովքեր կդնեն մի նոր հիմնաքար:

ՄԱՀՈՒԲ– Այլապես աշխարհում, ինչպես միշտ, կլինի հարաբերականորեն լավ և հարաբերականորեն վատ, ինչպես ասում է պարոն Էյնշտեյնը:

ԷՅՆՇՏԵՅՆ– Այլ կերպ ասած` հարկավոր է մի նոր գյուտարար: (Մահուբին և Մահիկին): Իսկ գիտե՞ք` ինչպես է գյուտն արվում: Ասենք, բոլորը գիտեն, որ ինչ-որ բան անել հնարավոր չէ, բայց հանկարծ հայտնվում է մեկը, ով այդ մասին չգիտի: Հենց նա էլ հայտնագործություն է անում: Հիմա դժվարագույն գործը այդ անտեղյակին գտնելն է:

ՖՐԵՅԴ– Հայտնագործության կարիք չկա: Որ այդ հիմնաքարը, մարդկայնության հիմնաքարը պիտի լինի սերը, ես ասել եմ վաղուց… Կարդացեք Ֆրեյդ:

ՀԵՏԵՐԱ– Սե՞րը…

ՖՐԵՅԴ– Սերը, հետերա՛:

ՊԼԱՏՈՆ– Սերը զգում է կարիքը միշտ այն ամենի, ինչ գեղեցիկ է: Գեղեցիկը միշտ սերն ինքն է փնտրում:

ՀԵՏԵՐԱ– Սերը… Մի այնպիսի սեր, որով ծաղիկը կսիրի ծաղկին… Լազուր երկինքը երկրին կսիրի… Ծովը կսիրի իր գույնը կապույտ ու նաև երգը փոքրիկ առվակի… Այդպիսի երկիր ես կուզեմ իջնել:

ՄԱՐՔՍ– Գաղափարը նոր չէ:

ՖՐԵՅԴ– Գաղափարն այդ հզոր է, և մարդն էլ ուժեղ է այնքան ժամանակ, քանի դեռ զինված է ուժեղ գաղափարով:

ԱՐԻՍՏՈՏԵԼ– Ու ողջ հարցը միայն մեկն է:

ՊԼԱՏՈՆ– Ինչպե՞ս:

ԷՅՆՇՏԵՅՆ– Շատերն են ձախողվել մինչ օրս: (Նորից մի քանի ակորդ հնչեցնում է):

ՖՐԵՅԴ– Բայց դա եղել է հարց, որը միշտ մնացել է օրակարգում:

ՀԵՏԵՐԱ– Ու միշտ ունեցել լուծելու պահանջ:

ԱՐԻՍՏՈՏԵԼ– Եվ քանի որ շուտով այնտեղ՝ կապույտ մոլորակի շուրջը ատոմային ռումբեր են պտտվելու, հրատապ է, ինչպես երբեք:

ՄԱՀՈՒԲ– Ես փիլիսոփա չեմ, բայց սովորել եմ կյանքի մեծագույն դասը: Խարիսխը կյանքի, հասարակարգի պիտի ունենա բարոյական հենք: Սերն ինքը անգամ պիտի խարսխվի այդ հենքի վրա, այլապես իզուր, զուր է ամեն բան: Հարկավոր է մի նոր խարիսխ:

ՄԱՀԻԿ– Երևի արդեն հասկացանք բոլորս, թե ինչու մեր ցուցակի մեջ աշխարհի փիլիսոփաներն են խոշոր…


Լապտերը ձեռքին՝ դարձյալ գալիս է Դիոգենեսը: Կրկին լսվում է բազմության աղմուկը:


ԴԻՈԳԵՆԵՍ– Բազմությունը սպասում է ձեր որոշմանը:

ՄԱՐՔՍ– Ինչո՞ւ է սպասում:

ԴԻՈԳԵՆԵՍ– Որովհետև բոլորն ուզում են, որ աշխարհում մի ինչ-որ բան փոխվի: (Կրկին տիրում է լռություն):

ՄԱՀՈՒԲ– Դե ինչ: Ասելիք այլևս չկա: Ամեն բան մնում է ձեր հայեցողությանը: Ինքներդ որոշեք…


Մահուբն ու Մահիկը գնում են:

Բեմը փոքր-ինչ մթնում է: Էկրանին` հեռվում, երևում է տիեզերքի մի հատված: Պատկերն աստիճանաբար խոշորանում է, և բազում աստղերի մեջ, առանցքի շուրջը պտտվելով, երևում է Երկիր մոլորակը: Հետզհետե այն խոշորանում է ավելի ու ավելի ու երևում իր ողջ գեղեցկությամբ…




1234567891011121314151617181920212223242526272829303132
    Դիտվել է 728 անգամ
    12