Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կյանքն ինչպես որ կա


Կյանքն ինչպես որ կա

/ Պիես 2 պատկերով /










Դ ե ր ե ր ու մ ՝


ՄԱՔՍԻՄ - Տրակտորիստ, որ Հայաստանցի է:


ՍՈՆՅԱ - նրա կինը, որ ավելի շատ հագուկապ է սիրում:


ԼԻԶԱ - Սոնյայի մայրը, կամ ամենավատ տեակի զոքանչ:


ԿՈԼԿԱ - Մաքսիմի պատանի ընկերը, կամ հավատարիմ մարդ:


ՍԵՐԳԵՅ - Մաքսիմի քենակալը, հղփացած ու լկտի:


ՄԱՏՎԵԻՉ - Գյուղխորհրդի նախագահի տեղակալ, հենց այդպես:




/ Գործողությունները կատարվում են Ռուսաստանի ծայրամասային գյուղերից մեկում: Մեր օրերը: Մաքսիմի ճակատագիրը կարող է ունենալ ցանկացած մեկը, ով հեռանում է հայրենիքից:/



Ա Ռ Ա Ջ Ի Ն Պ Ա Տ Կ Ե Ր


/ Ռուսական գյուղում տան բակ : Աջ կողմում իշոտնուկ, փատաշեն փոքրիկ սեղան: Ձախ կողմում՝ կիսախարխուլ փայտե զուգարան: Պահն առավոտյան: Զվարթ, երգ: Մաքսիմն է երգում, դուրս է գալիս և լվացվում:/


ՄԱՔՍԻՄ - / Ավարտելով լվացվելը / Սոնյա՜, Սոնյա՜, սրբիչը՜ ...


ՄԱՔՍԻՄ - Լսու՞մ ես ...


ՍՈՆՅԱ - / ներսից / Ա՜՞...


ՄԱՔՍԻՄ - Սրբիչը՜, սրբիչը՜, սրբիչը՜...


ՍՈՆՅԱ - Ի ՞նչ ես վրա տալիս, մի բանով սրբվի:


ՄԱՔՍԻՄ - Ախր սրբիչն ուզեցի, էնտեղ կախած է, ախր:


ԼԻԶԱ -/ Դուրս գալկով / Կախած է, բայց քո սև թաթերի համար չի: նոր ես արթնանում, հա ՞: Թե որ կիրակի է, չի նշանակում, թե պիտի ցցես ոտքերդ ու շնթռես մինչև կեսօր:


ՄԱՔՍԻՄ - Ի ՞նչ է, կիրակի էլ հանգիստ չունեմ, հա ՞, նոր եմ լվացվում ախր:


ԼԻԶԱ - Լվացվես, չլվացվես՝ մեկ է, սևաքամակ սատանա ես:


ՄԱՔՍԻՄ - Էլի սկսեց: Մենք էլ ձեր սպիտակ տեղերն ենք տեսել, գիտե՜նք:


ԼԻԶԱ - Սոնչկա, ես գնացի, գլուխ չունեմ էս անտաշի հետ:


ՄԱՔՍԻՄ - Բա ո՜նց, դու լավ էլ տաշված ես... Շկուրկայո՜վ...


ՍՈՆՅԱ - Չհամարձակվես մորս կպչել, դու ասա ո ՞ր վերնաշապիկն ես հագնում:


ՄԱՔՍԻՄ - Որը պատահի, միևնույն է:


ՍՈՆՅԱ - Սպիտակն եմ բերում, քեզ ջահելացնում է, գոնե արտաքինից ջահել երևա:


ՄԱՔՍԻՄ - Ասածդ ի ՞նչ է, միթոմ ներքինից ջահել չեմ հա ՞...


ՍՈՆՅԱ - Դե լավ, զահլա մի տար, հագնվի դուրս գանք: Ողջ գյուղն արդեն երգում, պարում է: Էսօր տոն է չէ ՞:


ՄԱՔՍԻՄ - Սիրտս կոտրեցիր, նավսեցիր: Դու գնա, ես չեմ գալիս, տխրեցի:


ՍՈՆՅԱ - Օ՜յ, տեր Աստված, էսպես էլ փու՜չ մա՞րդ: Տխրեցի՛ ... անճար: Սկսիր ուշունց տալ, Հաչոցդ դիր՝ գուցե տխրությունդ անցնի: Հաչելու մեջ մի հատ ես: Քո մայրենի լեզվով հաչա, որ չհասկանամ ...


ՄԱՔՍԻՄ - Լեզուն ի՞նչ: Որ լեզվով էլ որ ասեմ՝ մեկ է, չես հասկանա: Ախր դու անսիրտ ու անհոգի կնիկ ես, քոթուկ ես:


ՍՈՆՅԱ - Էդ ինչի՞ չեմ հասկանա, բացատրի հասկանամ, ակադեմիկոս ջան:


ՄԱՔՍԻՄ - Մարդ նաև հոգի ունի չէ՞: Ահա, էստեղ է / խփում է կրծքին / էստեղ է, տխրել է ու ցավում է, իսկ դու՜...


ՍՈՆՅԱ - ՈՒրիշ տեղդ չի ցավու՞մ, քոր չի գալի՞ս: Քորե՞մ:


ՄԱՔՍԻՄ - Լսիր, թե ուզում ես հասկանալ՝ լսիր: Թե որ դու քոթուկ ես ծնվել, գոնե աշխատիր հասկանալ, որ հոգի ունեցող մարդիկ էլ էն լինում: Հլա մի հարց տուր ինձ, հարցրու, թե աշխարհում ամենաշատը ում չեմ սիրում:


ՍՈՆՅԱ - Հարց տվինք ...


ՄԱՔՍԻՄ - Պատասխանում ենք. Հոգի չունեցող մարդկանց, կամ կեղտոտ հոգի ունեցողներին: Օրինակ ...


ՍՈՆՅԱ - Թքել եմ քո հոգու վրա: Թու՜հ:


ՄԱՔՍԻՄ - Ախր շատ ես չար, Սոնչկա, սիրտդ կճաքեցնես ու կմեռնես:


ՍՈՆՅԱ - Կմեռնեմ հապա ո՞նց, քո ձեռքին ո՞վ կդիմանա / թնկթնկում է / ի՞նչ օր եմ տեսել, ոչ լավ հագցրել ես, ոչ էլ լավ ուտեցրել-խմեցրել ես, ոչ կարգին ...


ՄԱՔՍԻՄ - Ամեն ինչն էլ տեղը տեղին է, ոնց որ պետք է, բայց դու մի գլուխ փողի մասին ես մտածում. փող, հա՝ փող...


ՍՈՆՅԱ - Մտածես՝ չմտածես. Մի հաշիվ ա, քիչ փողով ապրել չես կարող, մարդամեջում չես լինի, խեղճ ու կրակ կլինես:


ՄԱՔՍԻՄ - Երբեք աչքս փողի վրա չի եղել: Թքել եմ փողի վրա: Այ կնիկ, ի ՞նչ ես ուզում, թող տխրեմ էլի:


ՍՈՆՅԱ - Դե վերջացրու՜:


ՄԱՔՍԻՄ - փնթփնթան ես դարձել, Սոնյա: ՈՒրեմն պառավում ես ... / երազկոտ / է՜հ, հիշու ՞մ ես ոնց էինք երգում, պարում հանդերում:


ՍՈՆՅԱ - Հիշում եմ, ո ՞նց չեմ հիշում: Դու քո ջհաննամից եկար, ու հիշում ես, ես էստեղ եմ ու չե ՞մ հիշում:


ՄԱՔՍԻՄ - Կնիկ, ախր էլի կռվի ես խոսում: Էնքան լավ բան եմ արել քեզ համար, իսկ քեզ թողնեն միայն կռվես, ասես. Մաքսիմը լավը չի՜, բանի պետք չի՜...


ՍՈՆՅԱ - Ոչ թե լավը չի, այլ մի ծալն է պակաս:


ՄԱՔՍԻՄ - Է՜հ, Սոնչկա, ինչ կյանք կանինք իրար հետ. Հա՜շտ, համերա՜շխ, բայց էդ անիծված փողը հոգիդ հանեց:


ՍՈՆՅԱ - Հոգիս փողը չհանեց... փող չլինելը հոգիս հանեց, փող չլինելը / լաց /:


ՄԱՔՍԻՄ - է՜, լավ, լացում ես փողի համա՞ր ... եղածն էլ հերիք է / գրկում փաղաքշում է /:


լացդ թող, դու ինձ լսիր / երգում է մի լիրիկական երգ: Սոնյան միանում է /:


ՍՈՆՅԱ - Մաքսիմ, Մաքսիմուշկա, դու ինձ ներիր հա, որ քեզ նեղացնում եմ:


ՄԱՔՍԻՄ - Անցած լինի, դու էլ ինձ ներիր, թե որ մեղավոր եմ:


ՍՈՆՅԱ - Մաքս, կուզե՞ս, մի շիշ բան առնենք: / փող է տալիս /


ՄԱՔՍԻՄ - կարելի ա, թե չէ նստել ու փողի համար կռիվ ենք անում, տոնն էլ հարամ ենք անում:


ՍՈՆՅԱ - Դե լավ, դու մինչև գնաս խանութ, ես հացը կգցեմ:


ՄԱՔՍԻՄ - Թե որ սիրտդ բացվեց՝ մի բան էլ ասեմ: Մագը ... մագը ... դե հնացել ա ... հենց երեկ խանութում ստացան:


ՍՈՆՅԱ - նվագում ա էլի, ի՞նչ ա եղել: Շատ չվոգևորվեցի՞ր: Դեռ կնվագի:


ՄԱՔՍԻՄ - Ախր, դզզ ... դզզզ ... դզզում ա: / պատրաստվում է դուրս գալ /:


/ Հայտնվում է Սերգեյը, Մաքսիմի քենակալը: /


ՍԵՐԳԵՅ - / ուժգին հարվածելով Մաքսիմի թիկունքին: /Քենակա՞լ, էս ու՞ր բարով խերով:


ՄԱՔՍԻՄ - / անակնկալ / Ջհաննամը ... վա՜յ, էս դու՞ ես, այդ ե՞րբ եկար:


ՍԵՐԳԵՅ - Հենց նոր ժամանեցի, Մակի՜չ, Մաքսիմուշկա՜:


ՍՈՆՅԱ - / Զմայլված Սերգեյի հագուստ-կապուստով / Օ՜յ, Սերգեի Սերգեյի՜չ ... /կոտրատելով նմանակում է / <<հենց նոր ժամանեցի՜ր>>, այ դու բարո՜վ ժամանեցիր:


ՍԵՐԳԵՅ - Օ՜յ, հարազատս / գրկախառնվում են /:


ՄԱՔՍԻՄ - Սկսվե՜ց ... սերիալը / հնդկերեն /


ՍՈՆՅԱ - Իսկ ինչու՞ ես մենակ, հապա ու՞ր է քույրս:


ՍԵՐԳԵՅ - Քույրդ որոշեց արձակուրդն անցկացնել ծովափին, իսկ ես այստեղ՝ գյուղ եկա ... պաշտում եմ գյուղի բուրմունքը ... Հոպ լա՜ ... / Հանում է գլխարկը և կոպտորեն հագցնում Մաքսիմի գլխին: /


ՄԱՔՍԻՄ - / գլխարկը ծածկում են աչքերը / Էս քանի՞ օրով, քանի օրով ես եկել ... էն ոնց ասացի՞ր ... հա՛ ժամանել:


ՍԵՐԳԵՅ - Մեր արձակուրդը երկար է: Արտոնյալ ենք չէ՞:


ՄԱՔՍԻՄ - Էդ ո՞նց՝ արտոնյալ: / գլխից մի կերպ հանում է Սերգեի գլխարկը: /


ՍԵՐԳԵՅ - / Հպարտ ու լկտի / Արձակուրդի և աշխատավարձի տեսակետից: Սոնչկա, իսկ ու՞ր է մամուլյան, խիստ շատ եմ կարոտել:


ՍՈՆՅԱ - Գնացել է զբոսնելու, էսօր կիրակի է, ախր ... ուր որ է կգա:


ՍԵՐԳԵՅ - Հա, ձեզ համար փալաս փուլուսներ եմ բերել, ճամպրուկները դռան մոտ են / հանում, նետում է պիջակը, կարատեի շարժումներ է անում, համապատասխան ճիչերով: Նրա ամեն մի շարժումից հետո Մաքսիմը խուսափում, կծկվում է:/


ՍՈՆՅԱ - / Ճամպրուկներն արդեն բակ է բերել / Ախր ինչու՞ ես ծախսեր արել:


ՍԵՐԳԵՅ - Հա՜ ... հա՜ ... հա՜ ... ծախսե՜ր ... մենք ենք փող սարքում և ոչ թե փողը մեզ ու մենք էլ պետք է մաշենք էտ անտերը: Թքա՜ծ ...


ՍՈՆՅԱ - Շնորհակալ ենք, Սերգեյ Սերգեյիչ, շնորհակալ ենք ... Դու միշտ էլ թքած ես ունեցել փողի վրա ... / Մաքսիմի կողմը / - չէ, էս անճարի նման: / ներս է տանում ճամպրուկները / ...


ՍԵՐԳԵՅ - Է՜, իհարկե, դե քաղաքն ուրիշ է: Այստեղ իսկի խանութներում կարգին բան չկա ... <<Շամպայն տվեք>>. ասում եմ: Տավարի պես երեսիս է նայում: Իսկի կարգին գինի չունեք ... տակից յաթրջի ու՝ վերջ:


ՄԱՔՍԻՄ - Հիմի դրա համար ես հո մեղավոր չե՞մ ... / ցրելու համար / Հա, քենակալ բաղնիքը հաստատ պիտի վառեմ չէ՞: / խփելով մարմնին / ՈՒխա՜յ, ուխա՜յ ...


ՍԵՐԳԵՅ - Բաղնիքը լավ բան է: Ձերը գեղավարի է չէ՞:


ՄԱՔՍԻՄ - Գեղավարի: Տերևներով ծեծվում ենք փոր մեջք քաա՜ քաա՜ ... ուխա՜յ, ուխա՜յ ... չէ, կա՜յֆ:


ՍԵՐԳԵՅ - Լավ, մենակ ջուրը թե՝ շատ արա / կարատեի շարժումներ: /


ՄԱՔՍԻՄ - Շատ կանեմ ... / կարատեի անհաջող շարժումներով դուրս է գնում: /


ՍՈՆՅԱ - /Ներս է մտնում, նոր շալը ուսերին/ Օ՜յ, մամոչկա, ինչքան բան է բերել ... երկու գլխաշոր, ծոփքավոր, ատլասե շորեր,երկու սփռո՜ց, կարմիր ծոփքերով ... Շնորհակալ եմ, Սերգեյ, շնորհակալ եմ, սիրելիս / քսմսվում է Սերգեյին /:


ՄԱՔՍԻՄ - / Ետ է եկել , թիկունքից նայում է տեսարանը/ Գիտես ինչ կա, ծոփքավոր, հարկավոր ա ջուր բերել, քենակալս սիրումա, որ ջուրը բոլ-բոլ լինի:


ՍՈՆՅԱ - Աստված իմ, ախր ես նրա համար ոչինչ չեմ խնայի ... օ՜յ, մամոչկա, շալերը, շալերը, գժվելու բաներ են, երազում էլ չեմ տեսել: / գրկում, փարվում է Սերգեյին /:


ՄԱՔՍԻՄ - Շուտ արա, ծոփքավոր:


ՍՈՆՅԱ - Չէ, չէ դու Սերգեյին մենակ մի թողնի ... ես հիմա / ներս է մտնում շշով օղի և բաժակներ բերում / Սա էլ է ինքը բերել ... դուք էսպես, ոտքի վրա՝ բարի գալուստ ... ինչ որ պետք է՝ ես կանեմ ... թող թող ամեն ինչ տաք-տաք ու բոլ-բոլ լինի ... տա՜ք ... / աչքով է անում Սերգեյին և դուրս գա /


ՍԵՐԳԵՅ - Էհ, ախպերս, արի ծխենք, մինչև ջուրը տաքանա:


ՄԱՔՍԻՄ - Իմը սրանից ա ... չի-բուխ ... հետս եմ բերել, դեռ մի քանի տուփ մնացել ա:


ՍԵՐԳԵՅ - չէ, դա ծխելու զիբիլ չի: Ա՜յ, ինչ եմ ասել / գրպանից հանում է թանկարժեք սիգարետի տուփը / լավ, ո՞նց եք էստեղ հանգստանում, ո՞նց եք ժամանակը սպանում ա՞ ...


ՄԱՔՍԻՄ - / պոկում է Սերգեյի տված սիգարետի ֆիլտրը / է՜, պառկի, նայի առաստաղին ու մտածի ... կինո են բերում մեկ-մեկ: Ձուկ որսալու գնա ... հա, կարաս դոմինո չխկացնես ... / երկիմաստ / կոզյո՛լ ...


ՍԵՐԳԵՅ - / Հորանջելով մի բաժակ էլ է խմում / Ձուկ որսալ կարելի է, իսկ նավակ ունե՞ս:


ՄԱՔՍԻՄ - ՈՒնեմ, մենակ թե՜ ... / մատով պտտվող վինտի շարժումներ է անում /:


ՍԵՐԳԵՅ - Հա՜, մոտոր չկա՞:


ՄԱՔՍԻՄ - Մոտոր՝ կա ... փող՝ չկա ...:


ՍԵՐԳԵՅ - Այ մարդ, փողն ի՞նչ է, որ չկա: Բա չասացի՞նք, որ փողը ... Ես էգուց մյուս օրը ջիփ եմ առնելու, իսկ դու ասում ես մոտորը՝ կա, փողը՝ չկա ...:


ՄԱՔՍԻՄ - չէ հա՜, ջիփն իմ ինչ բանն է: Թե տարին լավը եղավ ու պարգև ստանամ մի հատ Իժ կառնեմ ... / մոտոցիկլ վարելու նման / դռռռ ... Հա, ի՜ժ ... / երկիմաստ /:


ՍԵՐԳԵՅ - Գոնե հեռուստացույց ունե՞ս ... պուլտով:


ՄԱՔՍԻՄ - Չունենք: Ոչ պորտով, ոչ էլ առանց պորտի: Ինչի՞ս է պետք քո էդ պորտով հեռուստացույցը: Ջիփն էլ պետքս չի, հասկացա՞ր: Իսկ թե սկսես ամեն տեսակ բաներից զահլա տանել, ես էլ իմ ձևով կխոսեմ:


ՍԵՐԳԵՅ - Ի՞նչ ձևի, հը՞: Արմյանսկի վարիանդ, հա՞ ...


ՄԱՔՍԻՄ - ՈՒրիշ էլի, ուրի՜շ: հենց արմյանսկի, հա՜ ...


ՍԵՐԳԵՅ - Ձեր նման հա՞, այդ ի՞նչ ձևի է, կարելի՞ է իմանալ:


ՄԱՔՍԻՄ - Մի հատ կհասցնեմ ու վերջ:


ՍԵՐԳԵՅ - /ծաղրելով/ Հա՞ ... /կարատե/


ՄԱՔՍԻՄ - Հապա ի՞նչ, եկել, չես եկել մի գլուխ զահլա ես տանում. Էս մեկը լավը չի՜, էն մեկը սրտովս չի՜ ... թքում ես ... պորտ ես ասում, կայֆես ուզու՜մ:Ես քեզ կանչե՞լ եմ: Թե որ եկել ես, ուրեմն՝ սուս մնա ու մարդ եղիր: Ես մեղավո՞ր եմ, որ խանութում շամպայն չկա:ՈՒ՞մ է պետք էդ անտերը ... ո ՞վ է խմում, կանանց համար ա:


ՍԵՐԳԵՅ - Ես քեզ օրինակի համար ասացի, ախմախ:


ՄԱՔՍԻՄ - Իսկ դու՛, օրինակի համար. Կոմբայն ունե՞ս


ՍԵՐԳԵՅ - Ի՞նչ կեմբայն:


ՄԱՔՍԻՄ - Սովորական, հունձ անելու:


ՍԵՐԳԵՅ - Հա՜, հա՜, հա՜ ... հունձ անելու՜ ... ինչի՞ս է պետք:


ՄԱՔՍԻՄ - Ինձ էլ հեռաստացույցը չի պետք: Այ, ես կոմբայն էլ ունեմ, տրակտորն էլ, բայց քեզ չեմ ասում, թե ինչի՞ դու չունես:


ՍԵՐԳԵՅ - Բայց հեռաստուցույցն, ախր, առաջին անհրաժեշտությունն է, քաղաքակրթություն ...:


ՄԱՔՍԻՄ - Մեր առաջին անհրաժեշտությունը մեզ հերիք է անում ու քա՜ ... քա՜, ա էս դժվար բառերով էլ հետս չխոսես:


ՍԵՐԳԵՅ - Չէ, ինչ ուզում ես, ասա՝ անճար մարդ ես: Գլուխդ էլ կոմբայնի դատարկ ամբար է ... մերզավեց ...:


ՄԱՔՍԻՄ - Մի հատ էլ որ անպատվեցիր, միանգամից կհասցնեմ քիթմռութիդ ...:


ՍԵՐԳԵՅ - Հա՞ ... / քմծիծաղ / իսկ դու գիտե՞ս, որ ես ձախլիկ եմ ու իմ ձախը իրենն անում է, մինչև իմ մտածելը: Տեսնու՞մ ես քիթս, երեխա ժամանակ հերս է ջարդել: Հետո երբ մեծացա, ախպորս հետ գիտե՞ս ոնց էինք դնգստում: Այ այսպես ... / ուզում է հանկարծակի հարվածել Մաքսիմին / ձախով ...:


ՄԱՔՍԻՄ - /Խուսափում է և պատասխան հարվածով գետին տապալում քենակալին/ Հա մեր ձախն էլ է մեկ-մեկ առանց մտածելու գործ անում:Հո պորտդ տեղից չընկա՞վ


ՍԵՐԳԵՅ - / Հատակին պառկած/ Ախր ես ուզում էի ցույց տալ ընդամենը:Այ քեզ պարազիտ:Ես քո հոգին անիծեմ, սևաքամակ շուն:


ՄԱՔՍԻՄ - Երկու հաստավիզ ջահելով վրա են տվել պառավ հորը ու հիմա էլ պարծենում է ... ո՜նց էինք դնգստում ...


ՍԵՐԳԵՅ - /Տնից լսելով Սոնայի երգի ձայնը/ Մաքսի՜մ, լսու՞մ ես, Մաքսի՜մ: /Շտապ բարձրանում է տեղից, մաքրում շորերը: /Ոչինչ չասես, ոչինչ չի եղել:Մենք երկու քենակալ, երկու ախպեր տղերք նստած արաղ ենք խմում: Հասկացա՞ր, մեզ համար նստած արաղ ենք խմում / հարբած է ձևանում/:


ՍՈՆՅԱ - Բաղնիքը պատրաստ է, կարողեք լողանալ:Մաքսիմ, Սերգեյ, շու՜տ արե՜ք:Մաքսիմուշկա, դու Սերգեյ Սերգեյիչի մեջքը կտրորես չէ՞ ...


ՄԱՔՍԻՄ - Արդեն տրորեցի, թե պետք ա՝ մի հատ էլ տրորեմ ... ոնց որ դուք եք ասում. Պաժալուստա ...:


ՍՈՆՅԱ - / կարծելով, թե Մաքսիմի քեֆը տեղն է / Ոնց որ տեսնում եմ. արդեն լավ ես հա՞:


ՄԱՔՍԻՄ - Ամեն ինչ՝ տեղը տեղին: ՈՒզում ե՞ս, քենակալիս հարցրու:


ՍԵՐԳԵՅ - Ամեն ինչ՝ օ քեյ, կա՜յֆ ...


ՍՈՆՅԱ - Ձեր փորում հարսանիք է, իմ մասին չեք էլ մտածում: Հապա՜ ... / պարզում է բաժակը /:


ՍԵՐԳԵՅ - / օղի լցնելով / Ափսոս, ձեր խանութում շամպայն չկա, թե չէ ես սիրով քենուս բաժակը կլցնեի այդ անմահական հեղուկով:


ՄԱՔՍԻՄ - / խեթ նայելով / Էլի՞ ... ձախս ուզում ա խոսի, խոսեցնե՞մ ...:


ՍՈՆՅԱ - Խեսեցրու~, խոսեցրու, հապա ինչպե~ս, բարձրացրու ձեռքերդ , թփող Սերգեյը տեսնի, թե ոնց ես պարում /սկսում է պարել, Մաքսիմը միանում է /


ՍԵՐԳԵՅ - / Խորամանկ / Ես հիմա կգամ: Հիմա՜ ... գնամ շամպայն գտնեմ .


ՄԱՔՍԻՄ - Հի՜, շամպայն քենակալ: / ընդհատում են պարելը / Տղամարդն՝ ինչ, շամպայնն ինչ:


ՍՈՆՅԱ - Էլ մի փնթփնթա: Նախանձու՞մ ես, որ փող շատ ունի: Չէ, քեզ նման պիտի ապրի, կյանքում շամպայնի համ տեսած չկաս: Քոնը յաթրջին է, լակես ու ուշունց տաս:


ՄԱՔՍԻՄ - Լակելն էլ, ուշունցն էլ ոչ թե իմ երկրում, այլ էստեղ ձեզնից եմ սովորել: Դու այն ասա սա որտե՞ղ է շնթռելու, մեր տանն ախր տեղ չկա:


ՍՈՆՅԱ - Մի վախենա, էս քոսոտ տանը չի մնա, Զինայի սենյակներից մեկը վարձել եմ:


ՄԱՔՍԻՄ - Հա, Զինան տաք կպահի, լա՜վ կտաքացնի:


ՍՈՆՅԱ - Էդ քանի անգամ է քեզ տաքացրել, հը՞ ...:


ՄԱՔՍԻՄ - Չի տաքացրել, որովհետև անհրաժեշտություն չի եղել, բայց թե որ շատ նեղացնե՜ս ...:


ՍՈՆՅԱ - Սերգեյն այստեղ է, քեֆիդ չեմ կպչում, թե չէ, հո գիտե՜ս:


ՄԱՔՍԻՄ - / նրա ետևից / Տո քոնն էլ, քո շամպայն փեսայինն էլ ... քեզանից էլ վախեցող չկա, հետո ի՞նչ որ շրջկենտրոնից եկած էդ անտերի մոտ էշու ես պարապում:


ՍՈՆՅԱ - Էշ, ոչ թե էշու, այլ. ու~շու, չինական մարտարվեստ է .. ու- շու~, ու-շու~ ...


ՄԱՔՍԻՄ - Քո չինացիներին էլ լավ գիտենք, թող իշու լինի ...Ինչ տարբերություն:


ՍՈՆՅԱ - Տեր Աստված, տրակտորը լրիվ խլացրել է էս անճարին: Ասու եմ . ու- շու~, ու- շու~... / ներս է մտնում /


ՄԱՔՍԻՄ - Դե ես էլ դա եմ ասում էլի . Է~- շու: Հիմա էլ տարտորից կպար ?, ախր տրակըորը չլինի, սովից կսատկեք... ձրիակեր շան որդիք:


ՍԵՐԳԵՅ - / ներս մտնելով քմծիծաղով նայում է Մաքսիմին / Հը՞, անճար ախպե՞ր:


ՄԱՔՍԻՄ - Էլի սկսեցի՞ր:


/ Սերգեյը դուրս է գնում, ապա քաշքշելով մի մեծ տուփ է ներս բերում: /


ՍԵՐԳԵՅ - Ասում ես. խանութում մոտոր կա, բայց փող չկա, հա՞ ... ասում ես. նավակ կա, բայց մոտոր չկա, հա՞ ...:


ՄԱՔՍԻՄ - / խեղճացած / Դե՜, էդպես է:


ՍԵՐԳԵՅ - / ոտքով հարվածելով տուփին / Պահեստից տվին, տակից ... վերջին մարկայի ...:


ՄԱՔՍԻՄ - / Ամեն ինչ լավ չընկալելով / Ո՞նց թե: Ո՞վ տակից տվեց ... ո՞նց տվեց, առանց մաղարիչի՞:


ՍԵՐԳԵՅ - Ասա շնորհակալ եմ ու վերցրու: Հասկացա՞ր, քեզ նվեր եմ տալիս:


ՄԱՔՍԻՄ - Էդպես ո՞նց կլինի ... ամբողջ կյանքում երազել եմ ու հանկարծ. ինձ նվեր:


ՍԵՐԳԵՅ - Այ, այսպես: Բերանդ ինչի՞ բաց մնաց: Անճարակ եմ ասել, հա՜... վերցրու քոնն է:


ՄԱՔՍԻՄ - / կռացել, ծունկի է եկել և հիացմունքով շոյում է տուփը / Շնորհակալ եմ, ես էլ կարծում էի, թե շամպայնի համար ես գնացել:


ՍԵՐԳԵՅ - Կգնա՜նք, շամպայնի համար էլ կգնա՜նք ... գնացի՜նք ... / հանկարծ թռչում է Մաքսիմի շալակը / դե, հայդա՜, գնացի՜նք, գնացի՜նք ...:


ՄԱՔՍԻՄ - / շփոթվել է անհարմար վիճակից, չորս կողմ է նայում / Էդ ի՞նչ ես անում ... թող, իջի՜ր ասում եմ, թո՜ղ...:


ՍԵՐԳԵՅ - / չիջնելով: Ոտքերը թափահարում է նժույգ քշելու նման / Գիտե՞ս ինչ մոտոր է, քսան ձիաուժ ... դե, հայդա՜, նու՜, նու՜, գնացինք ... վազքո՜վ:


ՄԱՔՍԻՄ - / շվարած մեկ մոտորին է նայում, մերթ կողերից կախված քենակալի ոտքերին, հարմարվում է իր ծիծաղելի վիճակի հետ: / Դե որ ասում ես. գնացինք ... գնացինք ... դռռռ ... դռռռ ...:


ՍԵՐԳԵՅ - / թափահարելով ոտքերը / Մոտոր եմ ասել է ... քսան ձիաուժ, նու՜, նու՜, արագ, արա՜գ, վազքո՜վ ... սլանում է կազակը հանդերով հե՜յ ...:


ՄԱՔՍԻՄ - / չդադարեցնելով վազքով գնալը / Գուցե բավական է սլանաք, հա՞... ախր հոգնած մարդ եմ ... կիրակիս էլ հարամ եղավ ... քսան ձիաուժ ... քսան ...:


ՍԵՐԳԵՅ - Ախմախ, դու իսկի էշի ուժ էլ չունես ... է՜շ ... քո երկրում շատ են չէ՞ էշերը ... հը՞, հոգնեցի՞ր ... / իջնում է շալակից / դե լավ, արի մի բաժակ խմենք: Շնորհավոր լինի: Ի՞նչ ես կանգնել, խելքդ գլուխդ չեկա՞վ: Հա՜, հա՜, հա՜ ... ասում ես. խանութում կա, բայց փող չկա՞ ... ախմախ ... քո երկրում նավակ կա՞ ... դուք ծով չունեք, չէ՞, ու՞ր են ձեր ծովերը, հը՞ ... հա, ծով ասացի ու հիշեցի ... դե ես գնացի լողանալու ... արի, արի, որ մեջքս ու ոտքերս տրորես / ինքնագոհ ծիծաղով դուրս է գնում /:


ՄԱՔՍԻՄ - / երկար, երկար նայում է մոտորի տուփին: Մի բաժակ օղի է խմում, մի քիչ հարբած է, մի քիչ՝ շշմած: Ձիու նմանությամբ վարգում է բակում / Հո՛պ ... հո՛պ ... արագ, ավելի արա՜գ ... շամպայն, քսան ձիաուժ հզորություն ... ջիփ ... պուլտով հեռուստացու՜յց ... ծո՜վ, ծո՜վ լավ կոշիկներ, կաշվե վերարկու՜ ... փո՜ղ, փո՜ղ ... փո՜ղ ... կաշվե վերարկու եմ ուզում ունենալ ... ամառանոց ... փո՜ղ ... վազքո՜վ ... արա՜գ ... հո՛պ ... հո՛պ ... արա՜գ ... արա՜գ ... փո՜ղ ... փո՜ղ ...:


ՍԵՐԳԵՅ - / գալիս է բաղնիքի սրբիչն ուսին / Փող չես ունենա, քանի դեռ այդ խելքին ես:


Արի, արի լողանանք ... ախր քո անտեր երկրում կարգին լողանալ էլ չգիտեք, կարգին բաղնիք էլ չունեք ... ախր, լողանաք, չլողանաք՝ միևնույն է՝ սևամռութ եք, ախր ... հա՜, հա՜, հա՜ ... / դուրս է գնում /:


ՄԱՔՍԻՄ - / խենթացած / Ասում է. անճարակ, ասում է՝ փող ... ասում է՝ անտեր երկիր ... ասում է ... / ծնկաչոք տապալվում է / /մթություն /:


ՄԱՔՍԻՄ - / Մթության ժամանակ դատարկված և կրկին լուսավորված բեմ: Մուտք դահլիճ, որն այս տեսարանում գյուղամեջն է: Երևում է հոգնած է: Դիմում է նստածներին / համագյուղացիներին / - Վիտյա, այ Վիտոկ, բերածս փայտի փողն ինչի՞ չես տալիս ... փող չունես, հա՞, մոտոցիկլետի համար ունես, պարտքդ տալու համար չունե՞ս ... Իգոր, լսու՞մ ես, Իգր, դու էլ եթե քիչ խմես, փող կհավաքես ու պարտքդ կտաս: Լյուով Պետրովնա՞ա, Լյուբով Պետրովնա ... Չէ, քո ուզածը չի լինի .. ես գիշերը քո մոտ եկողը չեմ , փողդ կտաս ու վերջ ... հետո կտեսնենք .. / Բարձրանում է բեմ, նստում ,, բակի,, նստարանին / . Հարամ գործ եմ սկսել ... / հանկարծ տեսնում է շամպայնի շիշը, ինչ որ բան կռահելով, գոռում է / - Սոնյա~~... Սոնյա ~~ ...


ՍՈՆՅԱ - / Դուրս գալով / ՈՒ՞ր ես կորել, չեկար անգամ Սերգեյ Սերգեյիչին ճանապարհ դնես:


ՄԱՔՍԻՄ - Դու կարգին էլ ճանապարհել ես դրել, լավ էլ պրաշչատսյա եք եղել ... Ռադ եղա՞վ: Հերիք է, մի ամիս վեր ընկավ էստեղ ու կյանքս կերավ:


ՍՈՆՅԱ - Ռեխդ շաղ մի տա, ոչ թե ռադ եղավ, այլ ուղևորվեց փափուկ վագոնով:


ՄԱՔՍԻՄ - Փափուկ վագոնում ես նրա փափու՜կ ... ոնց էր շալակս թռել:


ՍՈՆՅԱ - Քեզ պես շանը լավություն անելու չի ... մոտորն էլ առավ ու տվեց: Նստել, վերկենալ, մարդավարի ապրել սովորեցրեց, փողի գինն իմանալ սովորեցիր:


ՄԱՔՍԻՄ - Դե զահլա մի տար, սովորեցրե՜ց, սովորեցրե՜ց ... ես էլ սովորեցի:


ՍՈՆՅԱ - Ի՞նչ սովորեցիր, ակադեմիկոս ջան:


ՄԱՔՍԻՄ - Ո՞նց թե ինչպես դուք եք ասում << փողի գինը սովորեցի >> ... ախր գիտես, որ փող եմ հավաքում: Էսօր էլ մի բեռ փայտ վաճառեցի / պարզում է ձեռքի թղթադրամները / առ, տար կասը գցի: Էն նախկինի հետ պետք է որ ահագին հավաքված լինի:


ՍՈՆՅԱ - / վերցնելով փողը, խցկում է կրծքկալի մեջ / Նախկին հավաքածից ձեռ քաշի: Նախկինն էլ չկա՜ ...:


ՄԱՔՍԻՄ - / զարմացած / Ո՞նց թե՝ չկա ... էդ ի՞նչ ես ասում, շան քած:


ՍՈՆՅԱ - Ասում եմ. չկա՛ ... նո՛ ... նի՛խտ ... նյետու ... ձեր անտեր լեզվով ասե՞մ, որ գլխումդ տակն անի. Չի - կա~, չի~- կա ... / ներս է մտնում /:


ՄԱՔՍԻՄ - Ոնց թե՝ նիխտ ... էս ի՞նչ ա ասում էս աննորմալը:


ՍՈՆՅԱ - / դուրս է գալիս բոլորովին նոր մուշտակը հագին / Հը՞ ... ո՞նց է: Խանութում բոլորը խլում էին իրար ձեռից, բայց ինձ հո գիտես ... առա:


ՄԱՔՍՒՄ - Առա՞ր ... գոնե սկզբից մտածեցի՞ր նոր առա՞ր: / մեկուսի / Ես քո ...:


ՍՈՆՅԱ - Ինչ ես ասու՞մ:


ՄԱՔՍԻՄ - Ոչ մի բան, ամեն ինչ կարգին ա: Մուշտակն էլ՝ ճիշտ-ճիշտ քո հագով ա ... ինձ էլ հագցրիր ու հագցրիր, բայց որ հագովդ ա՝ հագովդ ա ... տես ոնց էլ սազում է ...:


ՍՈՆՅԱ - Էլ ինչի՞ ես բերանդ շաղ տալիս:


ՄԱՔՍԻՄ - Ո՞վ ա շաղ տալիս, ամեն ինչ կարգին ա: Չեմ տեսնու՞մ հագիդ բան չկա, տկլոր ես, բա մուշտակ չունենա՞ս: Ձրիակեր շան կնանիք ... կը-նա-նի՜ք հա, մյուսն էլ քո լաչառ մերը:


ՍՈՆՅԱ - / օգնություն կանչելով / Մա՜ ... մա՜ ... մամա՜ ... ասում ա ... մա-մա՜:


ԼԻԶԱ - / մարտական քայլվածքով / Մաքսի՞՜մ ...


ՍՈՆՅԱ - Մամ, մուշտակի համար բերանն եկածը շաղ տվեց: Իրա լեզվով էլ ուշունց տվեց: / Մաքսիմն ապշած է /


ԼԻԶԱ - Ի՞նչ է եղել, Մակիչ, քո տեղյակ մեկ ուրիշը կուրախանար: Թե որ քեզ կարգին չպահես՝ կկտրեմ:


ՄԱՔՍԻՄ - Ի՞նչ կկտրեր հը՞, մի ասա տեսնեմ, թե ի՞նչը կկտրես:


ԼԻԶԱ - Քո ունեցած ամենաերկար բանը ... լեզուդ, էնպես որ՝ ուրախացիր, ոչ թե հաչա: Մի սրան տեսեք:


ՄԱՔՍԻՄ - Բա չեմ ուրախանու՞մ: Էնքան եմ ուրախ, որ հրես տկլորանամ ու գյուղամեջով մի երկու պտույտ տամ:


ԼԻԶԱ - Մազոտ շուն, ախր քո այդ պտույտից հետո բոլորը սարսափած կփախչեն. գյուղում էլ մարդ չի մնա: Թե որ չես հասկանում, ուրեմն լսի, թե ինչ են ասում ... սիրուն, հագած-կապած կնիկը իր ամուսնու զարդն է:


ՄԱՔՍԻՄ - / կռվարար / Բա ոնց, դուք մեր ու աղջիկ հո լավ գիտեք, թե ոնց եք զարդարում մարդկանց: Տոնածառի նման... երկու օրով. զարդարեք ու շպրտեք, զարդարեք ու շպրտեք:


ԼԻԶԱ - Ձայնդ, թե չէ տոնածառին էլ երանի կտաս, շորերդ կհանեմ ու էդպես առանց << զարդարանքի >> փողոց կնետեմ:


ՄԱՔՍԻՄ - Հլա մի տկլորացրու, տկլորացրու՝ տեսնենք, թե ով վնաս կանի: Քավթառ:


ՍՈՆՅԱ - Օ՜յ, ջահելիս տեսեք ... 28 տարեկան ես, բայց վրայիցդ քրտնած էծի հոտ ա գալիս:


ՄԱՔՍԻՄ - Էդ ձեզ համար եմ քրտնում, որ լափեք: / Լիզային / Իսկ դու չգոռաս, կտրիր ձայնդ, ձրիակեր ... լիրբ:


ԼԻԶԱ - Ի՞նչ ասացի՞ր: Ձրիակե՞՜ր, այն էլ՝ քավթառ, գումարած՝ լիրբ: Այդ խոսքերիդ համար կստանաս: Կգրեմ ուր որ պետք է:


ՄԱՔՍԻՄ - Գրի, գրի, սովոր ձեռք ա: Քեզ համար մարդ նստեցնելը ոնց որ մի բաժակ ջուր խմել: Մարդուդ էլ ես նստեցրել, որ քեֆդ ուզածի պես ...:


ԼԻԶԱ - Կը-նս-տա-ցը-նե՜նք ... Բորիսի համար ցախ բերե՞լ ես ... բերել ես: Մարինայի համար բերե՞լ ես ... բերել ես: Գումարած մեզ համար բերածը:


ՍՈՆՅԱ - Ասա տեսնենք. որտեղի՞ց բերիր և ինչու՞ բերիր:


ՄԱՔԱԻՄ - Բերել եմ, որ քեզ տաքացնեմ:


ԼԻԶԱ -Պետական անտառից ես գողացել, պետական անտառից: Հասկացա՞ր:


ՄԱՔՍԻՄ - Է՜, հե՜ ... չխաղացնես / պտտում է հետույքը / թե որ նստելու հաշիվ կա՝ երկուսով կնստենք: Ես թե որ գողացել եմ, դու էլ գողացածը բանեցրել ես: Ինձ երեք տարի, քեզ էլ ամենաքիչը՝ տարիուկես: Մենք էլ օրենք գիտենք, տիկին ... քավթառ: Էնպես որ էշի տեղ չդնես:


ԼԻԶԱ - Հլա որ լավ չգիտես: Կնստես մի քիչ ու նոր կիմանաս, / Սոնյային / արի գնանք մի դիմում գրենք, էն ժամանակ տեսնեմ էս արմյանկան ոնց ա բլբլում: Արի՜ ... / Լիզան և Սոնյան ներս են մտնում դիմում գրելու: Մաքսիմը մնում է մենակ: /


ՄԱՔՍԻՄ - Տունը ձերն ա, ձեր տանն եմ ապրում՝ դրա համար եք էդպես մեծ-մեծ զահլա տանում, բայց դե անտեր չիմանաք, թե շատ զահլես տանեք, կգնամ ու ինձ համար առանձին կապրեմ: Մուշտակ կառնեք, բա չէ՜ ... ախր որ չունենար՝ ուրիշ բան: Մի ուրիշն էլ ունի, իսկ իմ ունեցած-չունեցածը էսա՝ ինչ որ հագիս ա: / տան կողմը / Գրե՜ք, գրե՜ք, ձրակեր պարազիտներ: Հիմա թե անասուն ա հա էս Ելիզավետան ... էդքան չարություն որտեղի՞ց մի մարդու մեջ: Լրբի մեկը ... ու էս տեսակ մարդիկ ինչի՞ են աշխարհ գալիս և ուրիշների կյանքն էլ հարամում: Թու՜հ ...: Իմ երկիրը կռվի մեջ, աշխատանք չկա : Տնից - տեղից կյտրվել, եկել եմ , որ մի երկու կոպեկ աշխատեմ, դուք տալիս մուշտակ ե՞ք առնում... Սոնյային էլ վիզս կապեցին, մարդուն թողեց, եկավ ինձ կնիկ դարձավ : Նա պրծավ, ես էլ ք ... մեջ ընկա:


ԿՈԼԿԱ - / ներս մտնելով: Քեֆը տեղն է / Բարևում ենք ... / Մաքսիմը լուռ է / չենք պատասխանում ... / Մաքսիմը լուռ է / բանի տեղ չենք դնու՞մ, խռովա՞ծ ենք, թե՞ հավես չունենք:


ՄԱՔՍԻՄ - Վեր ընկի: Երեկվա երեխան ես, ինչի՞ ես խմում:


ԿՈԼԿԱ - Շուտ պիտի գլխի ընկնեի, որ էստեղ հենց մորից ծնվում. կաթի շշի տեղ արաղի շիշ են վերցնում:


ՄԱՔՍԻՄ - Դիմում ա գրում:


ԿՈԼԿԱ - Ո՞վ:


ՄԱՔՍԻՄ - Իմ զոքանչը:


ԿՈԼԿԱ - Հա, դա գեշ ջադու ա, կգրի ... ի՞նչ ա գրում:


ՄԱՔՍԻՄ - Գրում ա, որ իրեն ուշունց եմ տվել ... որ փայտ եմ վաճառել ու ինքն էլ էդ փողը լափել ա:


ԿՈԼԿԱ - Ոնց որ թե նստելու ես, մեծ ախպեր ... բան չկա, արի մի բաժակ գցենք, ինչ իմանաս, կարող ա էլ երեսդ չտեսնեմ ... դե, հրաժեշտի համար / գրպանից օղի և բաժակներ է հանում:/ Էս պառավից ու իր աղջկանից պիտի ազատվես / լցնում է բաժակները / Սրսկում ա պետք անել ... հա, ժավել կամ կերոսին: Կամ էլ մկան դեղ տուր թող սատկեն կորչեն: Էշի պես աշխատում ես, իսկ սրանք նստել են գլխիդ: Հա, մկնդեղը լավ կլինի, դպրոցում ասում են, որ դրանից ուժեղ թույն չկա:


/ Լիզան և Սոնյան դուրս են գալիս: Լիզայի ձեռքում դիմումն է:/


ԼԻԶԱ - Մենք գնում ենք: Հրես, մի քայլի վրա է, դիմումը տանք ու ետ գանք, խոսենք քեզ հետ ինչպես պետքն է: / տեսնելով Կոլկային / Դու՞՜ որտեղից հայտնվեցիր, փսլնքոտ յաթրջի:


ԿՈԼԿԱ - Քո ինչ գործն ա, ձեր հաշվին չեմ խմում:


ԼԻԶԱ - / հարձակվում է / Ձայնդ, արտաքնոցի թուղթ:


ԿՈԼԿԱ - Արտաքնոցի թուղթը ձեռքինդ ա ... դու էլ արտաքնոցի մաշված ավել ես: Կերա՞ր ... / Լիզան հարձակվում է Կոլկայի վրա, իրար քաշքշելով դուրս են գնում Սոնյան օգնում է մորը: Քիչ անց Կոլկան վերադառնում է գզգզված: /


ԿՈԼԿԱ - Տեսա՞ր ոնց կռիվ տվի: Միայն թե՝ տեսնեիր ...:


ՄԱՔՍԻՄ - Հա, տեսնում եմ ... Երևում ա:


ԿՈԼԿԱ - Երևալ - մերևալ - պերեվալ չգիտեմ, բայց մի բան հաստատ գիտեմ ... էս պառավին, որ մի քանի անգամ ... ձենը կկտրի: Նա որ ձենը կտրի՝ աղջկա գործը հեշտ ա: Չվախենաս, գլուխդ բարձր, մեծ եղբայր ... առա՜ջ ... վպերյո՜դ ... / երգելով դուրս է գնում: Կես ճանապարհից ետ է գալիս / Ես գնացի ... էն սրսկելու գործով էլ՝ մտածիր, թե պետք ա՝ ես կօգնեմ ... ժավելը ինձանից ... / գնում է /:


ՄԱՔՍԻՄ - / վեր է կենում, քայլում մտազբաղ / Դե լավ, Կոլկա, թե որ սրսկել է պետք՝ ուրեմն ... / մի թախծոտ երգ է դուն-դունում/:


ԼԻԶԱ - / ներս մտնելով / Իմացած լինես, որ Սոնյան գնաց Կատյայի հետ թեյելու: Մի քիչ հեռու լինի քո պես բռի արջից, նյարդերը հանգստանա: / Մաքսիմը լուռ է / Դու պետք է շնորհակալ լինես, որ դիմումը ոչ թե միլիցատուն հանձնեցի այլ՝ գյուղխորհուրդ ... շուտով կգան, ընկերական դատ է լինելու ... առայժմ ...:


ՄԱՔՍԻՄ - / հանկարծակի / Շատ ենք խոսում ... շատ ենք սկսել բլբլալ ...


ԼԻԶԱ - / զարմացած / Ի՞նչ, ի՞նչ ... չլինի խմեցիր:


ՄԱՔՍԻՄ - / զայրացած գնում է զուգարանի կողմը / Խմեցի, բա ոնց, արի դու էլ խմի:


ԼԻԶԱ - 15 սուտկա էլ ասածիդ համար կստանաս, կավելացնենք պատիժդ:


ՄԱՔՍԻՄ - / զուգարանի ներսից / Ավելացրու՜, ավելացրու՜ ... / դուրս է գալիս շալվարը կոճկելով: Հանկարծ մի միտք է հղանում: Խորամանկ ժպտալով դիմում է Լիզային / էն ի՞նչ բան է, էնտեղ ընկած ... ոնց որ ...


ԶԻՆԱ - / բուռն հետքրքրությամբ / Ի՞նչ բան, որտե՞ղ ...


ՄԱՔՍԻՄ - / խորամանկ / Արտաքնոցում ... վերևի մասը ծալած ... կանաչ գույնի ...:


ԼԻԶԱ - Ախմախ, կարող է՞ դոլլար է:


ՄԱՔՍԻՄ - Ես ի՞նչ իմանամ, կյանքումս դոլլարն տեսած չկամ:


ԼԻԶԱ - Կանաչ գույնի, հա՞ ... /զուգարան է մտնում /


ՄԱՔՍԻՄ - / շտապ գնում և փակում է արտաքնոցի դուռը: Լիզային /Հը՞ գտա՞ր: Դե հիմա նստեցրու, նստեցնողիս տեսե՜ք...


ԼԻԶԱ - /նորսից հրում է դուռը, նայելով փոքրիկ լուսամուտից / Օգնեցե՜ք, օգնեցե՜ք, այ ժողովու՜րդ, փրկեցե՜ք ... փեսաս փայտ ա գողացե՜լ ... փեսաս փայտ ա վաճառե՜լ :


ՄԱՔՍԻՄ - Ձենդ կտրի այլանդակ ... կատաղած շուն ... Անլեզու հայվան եմ, հա՞, ոնց որ ասում էիք. Կովկասից եկած բանող էշ եմ հա՞: Ինչքան ռոճիկ եմ տուն բերել, գոնե մի քոսոտ պիջակ ե՞ք առել:


ԼԻԶԱ - Լա՜վ , Մաքսիմ տղա ... պա՜հ Մաքսիմ՝ չէ մի՜ ... Մակի՜չ, Մակի՜չ, Մակի՜չ ...


ՄԱՔՍԻՄ - Տրաքվի էդպես, տրաքվի ...


ԼԻԶԱ - Արմյաշկա՜, արմյաշկա՜, արմյաշկա՜ ...


ՄԱՔՍԻՄ - / Գործն ավարտած համարելով հանգիստ փռվում է նստարանին / ձայն չհանես, թող քնեմ ... դու էլ աչքդ մի քիչ կպցրու՝ շատ զահլա տարար:


/ Երաժշտական պաուզա /


ՄԱՏՎԵԻՉ - / ակնարկելով, որ Մաքսիմը վեր կենա տեղից / Ես եկել եմ: Բողոքի հարցով:


ՄԱՔՍԻՄ - / իբր չի ճանաչում / Դու ո՞վ ես, որ եկել ես:


ՄԱՏՎԵԻՉ - Չե՞ս ճանաչում: Այնքան ես խմել, որ չես ճանաչում, հա?../ ծաղր / Ձեր թույլտվությամբ ներկայանամ ... Կազակների գնդի նախկին ատաման, որ դուրս շպրտվեցի գնդի ձիերից երկուսը գնչուներին վաճառելու համար, հետո միլպետի տեղակալ, որտեղից հեռացրին իմ դիմումի համաձայն ... / երկու մատը շփում է / ըըը . քո գործը չի, թե ինչի համար ... Իսկ հիմա գյուղապետի տեղակալ ...հըմ. առայժմ ... Միխայլ Մատվեիչ:


ԼԻԶԱ - Ես դեմ եմ, կբողոքեմ ... իսկ ինչու՞ գյուղապետը չի եկել:


ՄԱՏՎԵԻՉ -/ Չի հասկանում, որտեղից գալիս ձայնը, չորս կողմն է նայում / Գյուղապետն ուրիշ ավելի կարևոր գործով է զբաղված:


ԼԻԶԱ - Այդ ո՞վ է, որ ինձանից կարևոր է, ինձանից կարևորը չկա:


ՄԱՏՎԵԻՉ - Ներեցեք, իսկ որտեղի՞ց է խոսում այդ կարևորը:


ՄԱՔՍԻՄ - Գնա, մտիր արտաքնոց:


ՄԱՏՎԵԻՉ - Ինչի՞ համար ...


ՄԱՔՍԻՄ - Բանտարկել եմ, կարցեր եմ տվել:


ԼԻԶԱ - Միխայիլ Մատվեիչ, պարոն իշխանություն, խնդրում եմ փրկեցե՜ք, ազատե՜ք:


/ Մատվեիչը շփոթաքայլ մոտենում է զուգարանին /


ՄԱՏՎԵԻՉ - Չեմ հասկանում, թե ինչու? եք բանտարկել տիկնոջը:


ՄԱՔՍԻՄ - Դա տիկին չի, կլյաուզնիկ ա, ինքն էլ՝ անբարոյական:


ՄԱՏՎԵԻՉ - Բաց թողնեմ ?


ՄԱՔՍԻՄ - Զգույշ մնա, չկծի:


ՄԱՔՍԻՄ - Բաց եմ թողնում ... ռաս, դվա ... / բացում է զուգարանի դուռը /


ԼԻԶԱ - / բանտարկությունից ազատվելով / Սրա համար դու պատասխան կտաս, էն էլ ոնց պատասխան կտաս, սև շուն: / Մատվեիչին / Թե որ սրա պատիժը սրտովս չեղավ, կբողոքե~մ: / գնում է /


ՄԱՔՍԻՄ - Կբողոքե՜մ ... բողոքեցե՜ք ... մի հայվան քենակալ ունեմ, 5-րդ դասարանն էլ չի կարգին ավարտել, բայց հազարներ է ստանում, իսկ ես ... ունեցածս սա է / շորերը / ամաչում եմ գյուղամեջ դուրս գամ:Կաշվե վերարկու էի ուզում ... հավաքեցի, հավաքեցի ...:


ՄԱՏՎԵԻՉ - Վերարկու ես ուզում՝? քիչ լակի, որ տակը բան մնա: Լակում եք, անկշտում անտերներ ...:


ՄԱՔՍԻՄ - / զայրացած / լակե՞լ ... մեկ մեկ խմելու համար անկշտում անտեր դառա, հա՞:


ԼԻԶԱ - Մեկ մեկ չես խմում, միշտ էլ լակում ես: Էնքան էս լակում, որ աչքերդ շաղվել են՝ արտաքնոցի թուղթն ու փողը իրարից չես ջոկում ... ինձ էլ խաբեցիր, թե դոլլարն էնտեղ ընկած է, խաբեցիր, զուգարանը կոխեցիր:


ՄԱՔՍԻՄ - Ռեխդ փակի, թե չէ ... պառավ աղվես:


ԼԻԶԱ - Լսեցի՞ր, լսեցի՞ր ... խնդրում եմ հաշվի առնել:


ՄԱՏՎԵԻՉ - Լսեցինք, լսեցինք: Դուք ներս գնացեք, Լիզավենտա Վասիլևնա և մի միջամտեք դատին / Լիզան ներս է մտնում/ Մենք ամեն ինչ հաշվի կառնե~~նք:


ՄԱՔՍԻՄ - Ախր ինչը՞ հաշվի կառնես, ինչը՞, ես քու ...:


ՄԱՏՎԵԻՉ - Ինչը՞ ... իմ ինչը՞ ... շարունակիր ...: մինչև վերջ ... հը՞...


ՄԱՔՍԻՄ - Շարունակելու բան չունեմ, դատդ վերջացրու, ժամանակ չունեմ: Ես գնում եմ լավ աշխատանք ճարեմ, որ շատ փող ստանամ, որ սրանց աչքը լիանա, որ բավարարվեն:


ԼԻԶԱ - / նորից գլուխը հանելով / Դու էդ մեկը չես կարող ...:


ՄԱՔՍԻՄ - / շուրթերի շարժումներով հայհոյում է /:


ՄԱՏՎԵԻՉ - / նկատելով դա / ՈՒզու՞մ ես հիմի մի հոդված էլ կպցնեմ քեզ:


ՄԱՔՍԻՄ - / շփոթված / Ինչի՞ համար:


ՄԱՏՎԵԻՉ - Մտքում հայհոյելու համար ... Մի պստլիկ նշում կանեմ, մի փոքրիկ պտիչկա ու դու էստեղ չաստուշկա կպարես:


ՄԱՔՍԻՄ - / անկեղծ / Ես կարգին պարել չգիտեմ ... հետո էլ ինչի՞ պետք է պտիչկա դնես ... ընտրությունների ժամանակ մեզ եք խնդրում, որ պտիչկա դնենք, իսկ հետո ... պա՜հ, պտիչկա՜ ...:


ՄԱՏՎԵԻՉ - Ընտրությունից չխոսես, քիթդ վեր չտնկես: Սրան մի տեսեք, թրիք ...:


ՄԱՔՍԻՄ - Ի՞նչ ... ո՞վ ... ի՞նչ ասիր ...:


ՄԱՏՎԵՅԻՉ - / հանգիստ / Ասացի. թրիք:


ՄԱՔՍԻՄ - / շփոթված / Ի՞նչ թրիք:


ՄԱՏՎԵՅԻՉ - Սո-վո-րական ...


ՄԱՔՍԻՄ - / գազազած / Դե առ քեզ թրիք, հերիք ներվերս սղոցես ... էս քավթառը քիչ էր, հիմի էլ դու / վերցնում է զուգարանի մոտ դրված դույլը և պարունակությունը նետում Մատվեյիչի դեմքին / կերա՞ր ... բաղնիքդ անուշ ... / հանգստացած, շփոված ու խեղճ նստում է նստարանի ծայրին / Մատվեյիչ, ասացի չէ՞. ներվերս ...:


ԼԻԶԱ - / տնից դուրս գալով / Չավարտեցի՞ր:/ տեսնելով կատարվածը, Մաքսիմին /Էդ ի՞նչ արեցիր, տավար, մեզս հավաքել էի, որ անալիզի տամ:


ՄԱՏՎԵՅԻՉ - / զզվանք / Ոչինչ, Լիզավետա Վասիլևնա, նորից կհավաքես, ըհը, դույլը:


ԼԻԶԱ - Յա՜, դու՞ ինչի ես խառնվում իմ անալիզին / զայրացած ներս է մտնում /: Դու քննությունդ ավարտի:


ՄԱՏՎԵՅԻՉ - / մեկնելով թուղթն ու գրիչը / Կավարտե՜մ ... Գրիր, թե չէ զանգահարում եմ միլիցիա: Գրիր, գրիր:


ՄԱՔՍԻՄ - Տուր: Ասա ի՞նչ եմ գրում ... պա՜հ, պա՜հ, պա՜հ, ... գրի՜ր ...:


ՄԱՏՎԵՅԻՉ - / թելադրում է / Գրիր: Ուրեմն այսպես ...ես. Մկրտիչ, Մակիչ, Մաքսիմ Անտոնայանս , պարտավորվում եմ վճարել 50 ռուբլի, Միխայիլ Մատվեյիչի կոստյումը մեզով փչացնելու համար: Ավելացրած 10 ռուբլի, որպես բարոյական վնաս:


ՄԱՔՍԻՄ - Պա՜հ, անբարոյականի մեզից, ինչ բարոյական ... բարոյակա՜ն:


ՄԱՏՎԵՅԻՉ - Զահլա՛ մի տար ... ստորագրություն, ամսաթիվ:


ՄԱՔՍԻՄ - Ստորագրելը ստորագրեմ,բայց ոչ ոքի չասես,որ էս պառավի մեզի համար / Գրպանից թղթադրամ է հանում և խցկում Մատվեիչի գրպանը ... /


ԼԻԶԱ - / ներս մտնելով / Էդ ու՞մ բան չասի, հը՞: Մատվեյիչ, հանկարծ ու մտքովդ չանցնի գործը ծածկես:


ՄԱՏՎԵՅԻՉ -/ շփոթված / Ոչ ոք չի ուզում գործը ծածկել, Լիզավետա Վասիլևնա ... ես կատարածս քննության մասին կզեկուցեմ ընկերական դատարանի անդամներին և համապատասխան վճիռ կկայացնենք: / վերցնում է թղթապանակը, որի մեջ Մաքսիմն էլի փող է դնում /


ՄԱՔՍԻՄ – Խի՞, էսքանով / նկատի ունի տված կաշառքը / չպրծա՞նք:


ՄԱՏՎԵԻՉ- Դեռ նոր ենք սկսում, մի ժամ հետո ես կվերադառնամ ու ընկերական դատարանի վճիռն էլ կբերեմ: /դուրս է գնում/


ՄԱՔՍԻՄ- Ընկերակա՜ն...եղբայրական դատարան չունե՞ք:


ԼԻԶԱ- Կերա՞ր, Մաքսիմուշկա ... հը՞, ո՞նց ես, Մակիչ ...


ՄԱՔՍԻՄ- Ռադդ քաշի ... քշշ ...


ԼԻԶԱ – Դեռ դու սպասիր, սև սատանա, սպասիր /գնում է/


ՄԱՔՍԻՄ - /խոր ապրումների մեջ է/ Ո՞վ եմ ես , որտե՞ղ եմ, ի՞նչ գործ ունեմ օտար հողում: Սա իմ երկիրը չի, իմ հայրենիքը չի: Այստեղ ես իմ հողը , իմ երկինքը չունեմ, սևամազ հա, սևամազ... այստեղ ես իմ գույնը չունեմ և ով ինչ գույն ուզենա կկպցնի ճակատիս ... թե ով չունեմ, թե ով իմը չի՝ ուրեմն պիտի սուսուփուս վեր ընկնեմ տեղս ... Մի վարկյանում ամեն ինչ փուլ եկավ, գրողի ծոցը գնար կաշվե վերարկուն, առանց դրա էլ կարելի էր ապրել, իզուր կռիվ սարքեցի ...


ՍՈՆՅԱ - / կարծծես ոչինչ չի պատահել / Մաքսիմուշկա՜ , ես եկա:


ՄԱՔՍԻՄ - / սթափվելով մտքերից / Աչքս լույս:


ՍՈՆՅԱ - Օ՜յ, Կատյային մուշտակիս մասին ասացի, մի տեսնեիր ո՜նց էր շշմե՜լ, նախանձից տրաքում էր: Դու էլ կռիվ ես սարքել սրա համար, բայց ոչինչ, լավ պրծար:


ՄԱՔՍԻՄ - Էլ ո՞նց պրծա, գյուղխորհրդում դատավճիռս են գրում: Պրծա՜ ...


ՍՈՆՅԱ - Գինս չգիտես, մամուլյան ուզում էր դիմումը միլիցիա տանի, բայց ես խնդրեցի, համոզեցի, որ գյուղապետարան տա:


ՄԱՔՍԻՄ - Փրկել ա ինձ ... տեսա՞ք դուք ... աննորմալ շու՜ն:


ՍՈՆՅԱ - Դե լավ, նորից մի սկսի, թե չէ՝ մամուլյային կկանչեմ: Հաշվի, որ ինձ ծննդյան օրվա նվեր ես տվել:


ՄԱՔՍԻՄ - / կատաղած / Ավելի լավ կլիներ չծնվեիր ու ինձ էլ չհանդիպեիր:


ՍՈՆՅԱ - Հիմի էս վեդրոյով գլուխդ կծակեմ՝ կիմանաս: Ասա, որ ծննդյան օրվան նվեր ես առել: Ասա, թե չէ ...


ՄԱՔՍԻՄ - Նվեր, չէ մի՜ ...


ՍՈՆՅԱ - Ժլատ: Հիշու՞մ ես, որ քո ծննդյան օրը քեզ մի երգ նվիրեցի ... մոռացել ես, երգե՞մ ../ բառերը մի քիչ փոխելով /. Օչի չյոռնիե՜, օչի ժգուչիե՜ , կակ նե լյուբլյու յա վաս, կակ նե բոյուս օտ վաս / երգում է-պարում է/:


ԼԻԶԱ - / որ դուրս է եկել տնից / Այ էդպես, քեֆ արա, ուրախացի, թող աչքը դուրս գա: Հիմի էլ արի ,, Կազաչոկ ,, պարենք՝ թող տրաքվի:


/ Պարում, պտտվում են: Մաքսիմը հազիվ է զսպում կատաղությունը /:


ՄԱՔՍԻՄ - / Վերջապես չհամբերելով / Դուք հիմի իսկական կազաչոկ կպարեք: Դու փափախով կազակ կլինես, սա էլ՝ քո / դույլը հագցնում է Լիզայի գլխին / Հոպ ա՜, հոպ ա՜ ... սլանում է կազակը դաշտո՜վ ... ձեր անասուն Սերգեյն էր այդպես գոռում, նստել էր մեջքիս ու սլանում էր: Դե հիմա սլացեք, սլացե՜ք ես ձեր ... Հոպ ա՜, հոպ ա՜ ... սլանում է կազակը դաշտով ... Սլացե՜ք, սլացեք ես ձե՜ր ...


/ Վերջապես Լիզային հաջողվում է դույլը հանել գլխից և կարգին ուշքի գալուց հետո հարձակվում է Մաքսիմի վրա դույլը հագցնում գլխին, Սոնյան միանում է նրան: Երկու կանանցով տապալում են Մաքսիմին: Աղմուկ, իրարանցում: Այդ պահին ներս է մտնում Մատվեիչը: Երկար չարչարանքից հետո Մաքսիմին մի կերպ խլում է: /


ՄԱՏՎԵՅԻՉ- Հանդարտվեք տիկնայք... սպասեք կնանիք, մի րոպե, բաբենկի... զսպեք ձեզ, լաչառներ, այդպես չի կարելի, սպանում եք մարդուն, սպանում եք, հասկացանք,որ <<Նե ռուսկի, նո՜, նելզյա, տակ նելզյա՜...>>, / Կանայք զգաստանում են մի պահ և ևս մի անգամ Մաքսիմին<<Թմփացնելով>> մտնում են ներս: / Հանգստացեք, տուն անցեք.../


ՄԱՏՎԵՅԻՉ- / Հարվածելով Մաքսիմի գլխին հագցրած դույլին/ Հը՞...


ՄԱՔՍԻՄ - / դեռ ուշքի չի եկել, դույլի տակից / Ով ? ա...


ՄԱՏՎԵԻՉ -Էլի մոռացար? թե ով եմ ... Ոնց? ես


ՄԱՔՍԻՄ- / Դույլի ծայրը բարձրացնելով/ դրանց ձեռքն ընկի , հետո կհասկանաս, թե՝ ոնց ես:


ՄԱՏՎԵՅԻՉ- Չէ, դրա մասին չեմ ասում... ասում եմ՝ երկու տարին ո՞նց է:


ՄԱՔՍԻՄ- / ապշած/ ո՞նց թե... երկու տարի շալակս տվիք հա՞, բայց...


ՄԱՏՎԵԻՉ- Ոչ մի բայց... ընկերական դատարանն այդպես որոշեց. Երկու տարի հարկադիր աշխատանք: Երեք ամիս. Բորիային փայտ վաճառելու համար, երեք ամիս զոքանչիդ հայհոյելու համար , երեք ամիս նրան զուգարանային կալանքի ենթարկելու համար , երեք ամիս. հագուստս փչացնելու համար, երեք ամիս էլ ընտրությունների մասին ռեխդ շաղ տալու համար ... Մնացածն էլ. և այլն ...Կաթսայատանը կաշխատես՝ մրի ու ծխի մեջ, կամ էլ շինարարությունում՝ ցեխի ու փոշու մեջ... բա՜ ...


ՄԱՔՍԻՄ-/ շշմած/ բա՜... իսկ ...բա՜... / ուզում է հիշեցնել տված կաշառքի մասին /


ԿՈԼԿԱ-/ներս է մտնում/ ի՞նչ ես բառաչում... ոնց որ թե էդ կնանիքը քեզ հիմի էլ ոչխար են սարքել... քեռի Մաքսիմ ասացի չէ՞, հուպ տանք դրանց:


ՄԱՔՍԻՄ-նրանք արդեն հուպ տվին ինձ, Կոլկա, ոնց որ պետք էր հուպ տվին: Երկու տարի հարկադիր աշխատանք...այո, հարկադիր, ի՝ վսյո:


ԿՈԼԿԱ - / լրջանալով / Յա՜, ո՞նց թե ... / լռություն /


ՄԱՏՎԵՅԻՉ - Դե, իհարկե, Սոնիայից կբաժանվես:


ԿՈԼԿԱ - Բա ոնց՝ կբաժանվի ... ինչին է պետք էդ մուշտակով էծը ... կբաժանվի:


ՄԱՏՎԵՅԻՉ - Դու մի խառնվի, լակոտ ... փորձանք ես, Մաքսիմ: Բռնեցիչ ու մի զարկով ամեն ինչ ավերեցիր: Կնոջդ հո սիրու՞մ էիր:


ՄԱՔՍԻՄ - / ջղայն / Քո գործը չի, ինչ գործ ունես իմ կնկա հետ:


ՄԱՏՎԵՅԻՉ - Հեչ, ոչ մի գործ էլ չունեմ: քեզ հետ էլ գործ չունեմ, միայն թե մարդ խղճում է քեզ պես ախմախներին: Եկել էիր փող աշխատելու ... դու չգիտես, որ ուրիշի այգում արածող ոչխարը մի օր պիտի ... հասկացա՞ր:


ԿՈԼԿԱ - Լսիր, էդ ու՞մ ես ոչխար ասում... ի՞նչ ուրիշի այգի, հը՞ ... էս լեն ու բոլ երկիրը հո մենակ քոնը չի՞... Շիրակա ստրանա մոյա ռոդնայա...


ՄԱՔՍԻՄ- Վերջ տուր, տղա, էլ ի՞նչ ես վրա տվել...


ԿՈԼԿԱ- Հա, թե որ ասում ե~ս ... / նստում է, նորից վեր ցատկում /բայց սա թող ասի, թող բացատրի, թե ինչի համար են երկու տարին շալակդ տվել, հը՞: Ինչի՞ են ոտիդ տակ սապոն դրել, ինչի՞ են քաշել քեզ... Ինչի՞, թող ասի:


ՄԱՏՎԵՅԻՉ- Ի դեպ, կաթնակեր, դու էլ սոթ տվիր էդ սապոնի վրա, դու էլ քաշվեցիր:


ԿՈԼԿԱ- Ի՞նչ սապոն ... հ՛ա ... բայց խ՞ի՜ ...


ՄԱՏՎԵՅԻՉ- Ինձ վիրավորելու, ավել պակաս ռեխդ շաղ տալու,համար վեց ամիս հարկադիր կստանաս: Միասին կլինեք ու չեք ձանձրանա: հա, հա՜, հա՜, .Տեսնում եք? որքան հրաշալի է կյանքը ... Ուրախ մնացեեք, Մակի~չ, մտածիր քո աննման զոքանչի մասին և ուրախացիր / Չաստուշկա է երգում, երգելով, քահ քահ ծիծաղելով թղթապանակով հարվածում է Կոլկայի գլխին և դուրս գալիս /


ԿՈԼԿԱ- / գլուխը բռնած ծունկի է գալիս/ երգում ա...պարում ա ... խփում ա ... վախ մամա, մամա, մամչկա, էս ինչ զիբիլ աշխարհ ա... նստեցրին հենց էնպես:


ՄԱՔՍԻՄ- / ինքն էլ ծունկի է գալիս ընկերոջ կողքին/ Աշխարհը մեղավոր չի, Կոլկա, աշխարհը ի՞նչ մեղք ունի, բրատան... աշխարհը փչացնողներն են մեղավոր, նրա՜նք, նրա՜նք, որ ...


/գրկում են իրար ու քարանում: Մթություն/



Վ Ա Ր Ա Գ ՈՒ Յ Ր



Ե Ր Կ Ր Ո Ր Դ Գ Ո Ր Ծ Ո Ղ ՈՒ Թ Յ ՈՒ Ն


Ե Ր Կ Ր Ո Ր Դ Պ Ա Տ Կ Ե Ր



/ Մաքսիմը և Կոլկան պարտադիր աշխատավայրում: Շինարարական հրապարակ: Կոլկան բռնել է փայտի մի կտոր, իսկ Մաքսիմը տաշում է:/


ԿՈԼԿԱ- Բրիգադիրը ոնց որ չի երևում, քեռի Մաքսի մի քիչ գլուխ պահենք հը՞


ՄԱՔՍԻՄ- / շարունակելով տաշել/ - Ամուր բռնի:


ԿՈԼԿԱ- Ասում եմ ՝ բրիգադիրը ոնց որ թե չքվեց ... նստենք շվաքում:


ՄԱՔՍԻՄ- Գործդ արա, թե չէ կգա էլի բերանը շաղ կտա:


ԿՈԼԿԱ- Հերն էլ անիծած, ես քվիթ ... / ցած է գցում փայտը, նստում կոճղին / :


ԼԻԶԱ- / պատի անկյունից հանում է գլուխը / Կու՜, կու՜...


ՄԱՔՍԻՄ- / մեկ ուսի / թու՜հ , էստեղ էլ հանգիստ չի թողնում:


ԼԻԶԱ- կու՜, կու՜ ... չե՞ք լսում:


ԿՈԼԿԱ – Լսում ենք, լսում ու զարմանում, թե էդ ո՞ր օրվանից է ագռավը կկու դարձել:


ԼԻԶԱ- Մենք կարող ենք ագռավ էլ լինե՜լ, կկու էլ դառնա՜լ , ինչպես սրտներս ուզի, ոնց որ ցանկանանք:


ԿՈԼԿԱ- Կարողա՞ հիմի էլ թռչող մողես դառնաս ու մեզ կուլ գցես:


ԼԻԶԱ- Ձայնդ կտրի ու թող հարցում անի, թե էս ինչի՞ եմ եկել:


/ Կոլկան նայում է մաքսիմին, նա գլխով համաձայնության նշան է անում:/


ԿՈԼԿա- Հարցում ենք անում:


ԼԻԶԱ- Աղա փեսա, իմացած լինես, որ նավակդ ու մոտորը ծախել եմ... էդ փողերով էլ ծովափ եմ գնալու:


ՄԱՔՍԻՄ- / ցնցված/ Վա՜յ, ես քո ...վա՜յ, ես ձեր անխիղճ հերն եմ անիծել:


ԼԻԶԱ- Նավակն ինչի՞դ է պետք, էստեղ հո ձուկ չես բռնել ու ... Հա դու էն ասա. Մեզ հո չե՞ս կարոտում ...


ԿՈԼԿԱ- ՈՒշքը գնում է:


ԼԻԶԱ- / Մաքսիմին / Խելոք կպահես քեզ , չարություն չանես, թե չէ սրոկդ ավելացնել կտամ : Հը՞, էլի ինձ քավթառ կասե՞ս:


ՄԱՔՍԻՄ- / կատաղի / Ռադ եղի, ռադ եղի, դժողքը չքվի, Հուդայի ծոցը գնա:


ԼԻԶԱ- Էդ ինձ ես Հուդայի ծոցում տեղավորում, հա՞ ... ձեր կողմերից է հա՞... Դե լավ, Մաքսիմ տղա, էգուց քո էդ Հուդան էլ է այստեղ , կողքիդ նստած լինելու, սպասիր դեռ ... /դուրս է գնում/


ԿՈԼԿԱ- Ես քեզ ասի չէ՞ սրան սրսկել ա պետք: Չլսեցիր ինձ: Դե հիմի պատիժդ քաշի: Հիմա էլ կատաղից , էլի սրոկ կավելացնի ... է՜, էդ Հուդայի՞ն որտեղից հիշեցիր:


ՄԱՔՍԻՄ- Գլխացավս բռնեց , մարմինս ջարդվում ա:


ԿՈԼԿԱ- Մտքինդ ասա:


ՄԱՔՍԻՄ- Պետք ա / խմել ուզենալ ու նշան է անում/:


ԿՈԼԿԱ- Չէ, դու որ խմում ես՝ գժվում ես, կռիվ ես անում :


ՄԱՔՍԻՄ - Զահլա մի տար, գնա արաղ ճարի. ասում եմ:


ԿՈԼԿԱ - Ես արաղ ճարողը չեմ: Բրիգադիրն ասաց, որ քեզ համար նյութական պատասխանատու եմ, թե մի բան պատահեց՝ վեց ամիս մի տարի կսարքեն: / փորփում է շեղել Մաքսիմի միտքը , ժպիտով / Դե ոնց որ դու մի տակառ լինես ՝ ես էլ քո պահակը...


ՄԱՔՍԻՄ - Տակառը գլուխդ ա, ձենդ կտրի ու տեղդ վեր ընկի, ես գնացի... որ բրիգադիրը եկավ մի բան կհորինես:/ դուրս է գնում:/


ԿՈԼԿԱ - / մի քանի քայլ է անում նրա ետևից/ Մաքսի՜մ ... քեռի Մաքսի՜մ... / ետ է դառնում / է՜հ, է՜հ, խելոք, Աստծո գառը մարդ էր: Վատ բան չեր սիրում միամիտ, ազնիվ մարդ էր իր համար... Կյանքը պղտորեցին, չարացրին աշխարհի ու կյանքի դեմ... խմում է, որ չխենթանա սրանց ձեռքին


/ Դրսից ավտոմեքենայի ձայն է լսվում/


ԿՈԼԿԱ - Վա՜յ, բրիգադիրն եկավ/ վերցնում է տապորն ու սկսում գործ անել: Թիկունքի կողմից ներս է մտնում Սերգեյը՝ Մաքսիմի քենակալը:/


ԿՈԼԿԱ - / շրջված է / Հա, բրիգադիր ջան Մաքսիմը գնաց արտաքնոց, էս ա կգա... աչքս վրեն եմ պահում, նյութական պատասխանատու եմ, չէ՞... Հա՛, ասացի,որ չխմի, բայց կատաղե՜ց, քիչ էր մնում...


ՍԵՐԳԵՅ - Տա՛կ, տա՛կ... ալկաշներ:


ԿՈԼԿԱ - / շրջվելով/ Վա՜յ...


ՍԵՐԳԵՅ - Հա, բա՛...


ԿՈԼԿԱ - / ուշադիր նայելով / Դու Մաքսիմի էն գեշ քենակալն ես չէ՞:


ՍԵՐԳԵՅ - / քմծիծաղով / Ես եմ, բայց այնքան էլ գեշ չեմ ... Իմացա փորձանքի մեջ է ընկել, եկա տեսնեմ... / ծաղրով / կարող է օգնության կարիք ունի:


ԿՈԼԿԱ - Օգնես ու էլի շալակը թռչես, հա՞...


ՍԵՐԳԵՅ - Իսկ ու՞ր է 20 ձիաուժանոց էշը:


ԿՈԼԿԱ - Արտաքնոցում նստած մտածում ա, թե դու՞ քանի էշաուժ ես:


ՍԵՐԳԵՅ - Ձայնդ: Թե որ կարգին մտածող լիներ՝ ապրել կսովորեր, փողի գինն իմանալ կսովորեր: Հա՜...իսկ ես պատգամավոր ընտրվեցի: Դեպուտատ եմ, օրենք եմ գրում:


ԿՈԼԿԱ - Օրենք եմ գրու՜մ... ի՞նչ օրենք, ձեթ ու վերմիշել բաժանելով ընտրվելու մասի՞ն:


ՍԵՐԳԵՅ - Հայվան, դա օրենք չի, կարգ է:


ԿՈԼԿԱ - Օրենքը ձեզ համար եք գրում, որ թալանեք ու գողանաք:Դու նստել ես չէ՞, գողություն անելու համար:


ՍԵՐԳԵՅ - Դե ինչ ես անցածը երեսովս տալիս... գողացել եմ՝ պատիժս կրել եմ: Հետո մեզ մոտ, Պետդումայում բոլորն էլ նստած-հելած տղերք են, էնպես որ. մի ամոթ բան չի:


ԿՈԼԿԱ - Մեր երկրում էդպես քո նման քանի՞ ճարպիկ կլինի:Օրենք գրող ու գողացող, օրենքով գողացող:


ՍԵՐԳԵՅ - Ձայնդ կտրի, ձայնդ կտրի :Շատ զահլա տանես՝ պատիժդ ավելացնել կտամ: Չհասկացա՞ր, թե ում հետ գործ ունես, երեխա:


ԿՈԼԿԱ - Երեխա՛ ... տարիքիս չխաբվես: Պահ, պահ, վախեցրեց...


ՍԵՐԳԵՅ - Լավ, լավ ես գնացի, մալակասոսների հետ զահլա չունեմ:Էն քո տականք ընկերոջն էլ կասես, որ այսքան ժամանակ արտաքնոցում չեն մտածում:Հասկացանք, որ փախել է պարտադիր աշխատավայրից... իսկ դրա համար, ա՛յ, մեր գրած օրենքով, պատիժ է հասնում... պա՛-տի՜ժ... Արտաքնոցու՜մ է ... մենք էլ հավատացինք: Չէ, հաստատ ես այս մասին կասեմ. ում պետք է:Սխալը պետք է պատժվի:


ԿՈԼԿԱ - Վախ, մամա ջա՜ն, ճիշտը դու ես հա՞... հլա մի սպասիր, ճշտով դեպուտատ ախպեր... ամսական ինչքա՞ն ես ստանում, որ էդպես փառավոր ապրում ես:Հաստատ թալանում ես: Առանց թալանելու հերիք չի անի:


ՍԵՐԳԵՅ - Սրտներովդ չի, հա՞: Լավ չեք զգու՞մ, որ ձեզանից լավ ենք ապրում: Նախանձից տրաքվում եք: Անճարակ մարդիկ եք:Եթե կարողանաք՝ դուք էլ կթալանեիք:


ԿՈԼԿԱ - Ռեխդ փակի, գող շան տղա, իժի ծնունդ, կուշտ ղազ .../ կացինը սեղմում է Սերգեյի վզին .. /


/ Օղու կիսատ շիշը ձեռքին ներս է մտնում Մաքսիմը:/


ՄԱՔՍԻՄ - Երեխա ես , չեմ ուզում խմես , բայց մեկ է . ուրիշ տեղ ես խմելու, առ , ախպերական մատս դրել հավասար կիսել եմ ... / Տեսնելով քենակալին՝, խաղ է սարքում / / Ա՜հա, ճամփին մի օձ էր ընկել ետևիցս՝ հազիվ փախա, անտերը հիմա էլ էստեղ հայտնվեց/ ոտքով հարվածում է գետնին/ քը՛շ, քը՛շ, չքվի, կորի գնա՜:


ԿՈԼԿԱ- ՉԷ, ինչ օձ,Մաքսիմ քեռի... Ղազ է, էն կուշտ ղազը... Դե...


ՄԱՔՍԻՄ- Ա՜ ղազե՜ր .../ մտնում է խաղի մեջ / ես սիրում եմ ղազի միսը, բայց սա վիշապ է ու տես, թե ոնց է ֆշշացնում: Հիմա մեզ կուլ կտա ու վերջ, ամեն ինչ գրողի ծոցը կգնա: Քը՜շ, քը՜շ, անտեր անասուն, գնա զոքանչիս կուլ գցիր... Լիզային , Լիզավետա Վասիլևնային...ի՞նչ է չե՞ս ճանաչում...քո նման է , իսկը քո կտորը: Գնա, գնա՜ նրան կեր... ինքը մի բանի նման չի, բայց միսը համով է... դե գնա՜... գնա՜...


ՍԵՐԳԵՅ- / շշմած/ ի՞նչ է ուզում ինձանից ... էս բոլորը շատ խմելուց ա...


ԿՈԼԿԱ- Չէ, իմ կարճ խելքով՝ մտածմունքից ա զոքանչի, կնկա ու քո նման անսիրտ, ավազակ մարդկանց կողքին ապրելուց ա:Գնա, չքվի այստեղից;


ՍԵՐԳԵՅ- Տականք էր , տականք էլ մնաց:Մոտորն էլ առա ու տվեցի ... ափսոս, ինչ մոտոր էր, 20 ձիաուժ, 20 ձիաուժ ... մոտոր եմ ասել , մոտոր ...


ՄԱՔՍԻՄ- Մոտո՞ր... ի՞նչ մոտոր... հա՜, մոտոր... նու՛, նու՛, նու՛ արա՛գ, ավելի արա՛գ, վազքո՜վ.../ ձիու նմանությամբ վազում է սենյակում:Կանգ է առնում:Լրիվ սթափվելով/ Լսիր, դու իմ քենակալն ես չէ՞:


ՍԵՐԳԵՅ - / վախեցած/ իհարկե, իհարկե... քենակալ հապա ինչպես...


ՄԱՔՍԻՄ - / Բռնում է կոկորդից / Էն որ եկար կյանքս թունավորեցիր ու գնացիր, չէ՞... էն որ քո բերած փալաս-փուլուսներով, ծոփքերո՜վ կնկաս ու զոքնչիս գժվեցրիր չէ՞:Իրենք քիչ գիտեին, եկար ու փողի գինն ավելի լավ սովորեցրիր: Ու նրանք էլ ստիպեցին, խեղդեցին,որ փող աշխատեմ իրենց համար որ փայտ ծախեմ,որ գողանա՜մ, ծախե՜մ... բայց ախր ես գողանալ չգիտեմ,չեմ կարողանում, չեմ կարո՜ղ...


ՍԵՐԳԵՅ - Լավ կլիներ սովորեիր, այս օրին չէիր լինի:


ՄԱՔՍԻՄ - /երկար լռելուց հետո/ Կոլկա, տղա, սապոն կա՞:


ԿՈԼԿԱ - Լվացարանի մոտ կա, լվացքի սապոն ա:


ՄԱՔՍԻՄ - Լավ ա, լավ ա... Կոլկա, թոկ կա՞:


ԿՈԼԿԱ - Պահակի շան թոկն է էնտեղ վեր ընկած ա:


ՄԱՔՍԻՄ - Բեր այստեղ, քենակալ քաշդ ինչքա՞ն ա:


ՍԵՐԳԵՅ - /գլխի չընկնելով/ Ինչի՞ որ, մի 70 կիլո կամ: / հանում է կոշիկները - դե, մի քիչ ավել եմ, այ հիմա րիշտ 70 ...


ՄԱՔՍԻՄ - Լավ ա, լավ ա:Կոլկա էս շանը կախենք պրծնենք:/ Սերգեյին/ Վերջին խոսքդ ասա, փողի պրոֆեսսոր, այլանդակ կեղտաման:


ՍԵՐԳԵՅ - Սպասիր, սպասիր, ի՞նչ ես ասում, ապուշ? ես ինչ է/ փախչում է: Կոլկան քացով հարվածում է, կոշիկները նետում են ետևից /


ՄԱՔՍԻՄ - Ափսո՜ս, ճղեց ...


ԿՈԼԿԱ - Լավ վախեցրիր, հիմի շալվարը թրջած կլինի: Իսկականից պիտի կախեի՞ր:


ՄԱՔՍԻՄ - Իսկականից: Հապա ինչպե՞ս:


ԿՈԼԿԱ - Մեղք ա:


ՄԱՔՍԻՄ - Ո՞վ ա մեղք, էս շունը՞:


ԿՈԼԿԱ - Չէ, պահակի շունը... առանց թոկի էր մնալու:


ՄԱՔՍԻՄ - Է՜, կախես՝ չկախես, ամեն բան սուտ է, հո բոլորին չես կախի: Աշխարհը լիքն են սրա նմաններով,նստած են իմ, քո, մեր նմանների վզին:Տականքնե՜ր:


ԿՈԼԿԱ - Լավ ա, որ դու չկախեցիր էդ անտերին, թե չէ գնալու էր բողոքեր ու պատիժներս ավելացնելու էին:


ՄԱՔՍԻՄ - Հա՜, հա՜,հա՜... Կախելուց հետո ինչպե՞ս էր բողոքել ու ախմախ տղա:


ՄԱՏՎԵՅԻՉ - / ներս է մտել ու լսել Մաքսիմի վերջին բառերը / Ախմախը դու ես ու չգիտես, որ արդեն բողոքել է... Պարտադիր աշխատավայրում էլ չեք դադար մնու՞մ/ Մաքսիմին/ Ի դեպ, պարոն դատապարտված, դու ե՞րբ ես վճարել ու իմ պարտքը ա՞... դե՜, կոստյումս... մոռացե՜լ ես:


ՄԱՔՍԻՄ - Չեմ մոռացել,բայց դու ավելի լավ է ինձ ասա թե ինչու՞ է աշխարհում չարն ավելի շատ, ինչու՞ է միշտ չարը հաղթում, ինչու՞ են բոլորը փող սիրում ու էդ ատներ փողի համար կյանք են համարում, հոգի են պղտորում, իրար կոկորդից են առնում... Ասա, իշխանություն... Ասա՛, խոսի՜ր:


ՄԱՏՎԵՅԻՉ - Այ քեզ բա՛ն, ինչ ? ես վրա տալիս, ի՞նչ ես զոռում:


ՄԱՔՍԻՄ - Սկսիր,սկսի՜ր:


ՄԱՏՎԵՅԻՉ - Մեղքերդ շատ են, գողություն ես արել, հայհոյել ես զոքանչիդ, ուրիշ էլի բաներ... / քծիծաղ / պիտի աղոթես, մոմ վառես, պիտի ապաշխարհես:


ԿՈԼԿԱ - Ապաշխարհ... ապաշխարհես, էդ ի՞նչ ես ասում... ասածդ հո ուշունց չի՞:


ՄԱՏՎԵՅԻՉ - Մի խանգարի, ու լսիր: Ուշադիր լսեք և ըմբռնեք, սովորե՛ք, եթե կարող եք... / Մաքսիմին / տեխնիկումավարտ, կոմբայնավար և / Կոլկային / դպրոցից փախած ալկաշ, անգրագետ


Մաքսիմ – Փաստորեն քեզ համար բոլորովին կարևոր չի հա ՞ , բարին է հաղթելու թե չարը :


Մատվեիչ – Ինձ համար կարևոր է որ բոլորի հետ վազեմ ... ելեք, դուք էլ վազեք, վազեք, որ սովորեք ... իսկ եթե հաջողվի ՝ նաև առաջ կանցնեմ մյուսներից , կանցնեմ ոչինչ ու ոչ մեկին չխնայելով : / ոտք է գցում վազող Մաքսիմին/


Կոլկա – իսկ եթե էտ մեկը քեզնից ավելի պինդ լինի ու ռեխդ ջարդի՞


Մատվեիչ – Պարզվում է այնքան էլ բթամիտ չես և որոշ բաներ ընկալում ես , ուժեղն է հաղթում , այդպես էլ չարն ու բարին են , ով ուժեղ է նա էլ մռութ է ջարդում , ով ուժեղ է նա էլ ճիշտ է : Սա է կյանքի դաժան վազքի օրենքը , ուրեմն վազենք , վազենք , բոլորի հետ , բոլորի նման :


Մաքսիմ - /Մատվեիչի ետևից վազելով/ Իսկ ու՞ր ենք վազում:


Մատվեիչ – Ես ինչ իմանամ , քեզ համար ինչ տարբերություն, թե ուր ենք վազում , բոլորն էլ մի ուղղությամբ են վազում , չարն էլ , բարին էլ , միշտ միասին , միշտ իրար կողքի ... Վազեք , վազե~ք :


Մաքսիմ – / Տապալվում է /Ես հոգնեցի , ես վաղուց եմ հոգնել , ես այլևս վազելու տեղ չունեմ , իմ վազելը պրծավ :


Մատվեիչ – Ուրեմն դա էլ քո բախտն է , ուրեմն այդքանն է քո ճամփան , իսկ ես դեռ պիտի վազեմ ... / վազքով դուրս է գնում /


Մաքսիմ – /ծնկի է գալիս, Կոլկան մտախոհ նայում է նրան / / Չէ չէ , չեմ հոգնել , հողից է հողից , այստեղի հողն ուրիշ է , փափուկ է մի տեսակ , մոխրի նման , իմ երկրի քարերի վրա վազելն ուրիշ է , քարերը պինդ են , պինդ ... քարերը , իմ երկրի քարերը ..


Լիզա – / Կատաղած ներս մտնելով / Մակի՞չ , տո քոսոտ էծ , էստեղ էլ դադար չես մնում հա՞ : Մի ասա տեսնեմ թե ինչի՞ ես ազիզ փեսայիս նեղացրել , դու նրա հարամ եղունգը չարժես : Կգնամ կասեմ ուր որ պետք է ու պատիժդ կավելացնեն:


Մաքսիմ - / ձեռքերով բռնում է գլուխը/ Սրտիս վրա մի կոխիր , ոտքդ վերցրու հոգուս վրայից , պառավ , հեռու չքվի, գնա այստեղից:


Կոլկա – Հանգիստ թող , հանգիստ թող մարդուն :


Լիզա – Դու կողքից չհաչես անտեր շուն շան որդի , լռիր :


Կոլկա – Դե լավ հաչիր, մենակ դու հաչիր :


Լիզա – Եվ կհաչեմ , ինչքան որ պետք է կհաչեմ , սրտիս ուզածի պես , սրան ես պաշտպանում հա՞ , փեսայիս եք ուզում նեղացնեք հա՞ , Սերյոգաս Ձեր թայը չի , իմացեք , շնորքով , խելքով , ապրուստով , լիուլի տնով , հագուստ կապուստի գինն իմացող :


Մաքսիմ –Դե, ո՞վ կարող է ձեր թայը լինել , դուք ուրիշ եք,առանձնահատու~կ , ընտրովի~ :


Լիզա – Չէ, քո նման, քոսոտ արմյաշկա ;


Կոլկա –Դե բավական է, հոգնեցրիք արդեն ... բոլորդ . արմյաշկա, արմյաշկա~... Ոչ թե արմյաշկա , այլ պարոնայք, մեծարգո հայեր:


Լիզա – Ձայնդ կտրի յաթրջի լակոտ:


Կոլկա – Հա, խմում ենք ու էդ խմելու արանքում էլ մեկ – մեկ դպրոց ենք գնում , գիրք ենք կարդում ու եթե դուք էլ սրա - նրա վրա բողոք գրելու փոխարեն գիրք կարդայիք , կիմանայիք, որ երբ պարոնայք հայերը գիր ու գիրք ունեին , իմ արջ պապը ու ձեր աղվես տատիկը թավալ էին գալիս ձյուների մեջ , իմացա՞ք հիմի:


Լիզա – Թքել եմ քո էդ պարոնների վրա , թող բոլորն իրենց երկիրը չքվեն , քող ռադ լինեն , թքած ունեմ , պլևած : / դուրս է գնում /


/Լսվում է շան հաչոց /


Մաքսիմ - Քըշ , գնացեք , կորեք այստեղից , փակեք ատամներդ ու կորեք գնացեք ...թողեք ինձ , թողեք ինձ :


Կոլկա – / խղճահարված / Հանգստացիր, հանգստացիր Մաքսիմ քեռի, հանգստացիր խնդրում եմ ...


Մաքսիմ - Կոլկա, բրատան, հասկանում ? ես , պարոն իշխանություն ասում է չարն ու բարին իրար կողքի են , ասում է բարին երբեք էլ չի հաղթելու չարին... Կոլկա, իմ պուճուր ախպերիկ, իմ հարազատ, իմ հավատարիմ ու այդպես էլ լինելու է հա՞ : Ուրեմն գողացողը , թալանողը պիտի առոք-փառոք ապրի , շամպայն լակելով ու ծովափներում կայֆ անելով , ջիփ ճռռացնելով ու ես ՝ տրակտորիստս , օր ու գիշեր պետք ա չարչարվեմ ու փող չպիտի ունենամ հա ՞ , թուհ ես Ձեր ... չեմ մոռացել , չէ .. հիշում եմ յուրաքայնչյուրիդ ու ամեն մեկիդ ... Ծոփավոր շալեր , շամպայն... առանց մոտորի նավակ , 20 ձիաուժ սևամազ այլազգի ... կազակներն , կազակներ ...սլացող ձիեր ...նու, նու նու ...


ԿՈԼԿԱ - / Տեսնելով Լիզային, մեկուսի / Էլի եկավ ջադուն, թուհ ...


ԼԻԶԱ - / Մաքսիմին / - Սլացիր , սլացիր, ախմախ ... բայց դե Ձերը ձի չէ , այլ էշ , քո նման ավանակ ... Հա , իմացած լինես ազիզ փեսա , ավելի ճիշտ նախկին փեսա , նախկին քենակալդ նախկին կնոջդ իր հետ տարավ : Դու սրոկդ կավարտես , եթե ավարտես ու կգնաս քո երկրում մի մարալի հետ կպսակվես : Դուք գոմում կապրեք , զոքանչդ էլ արտաքնոցում , հո՞ չես մոռացել : / քրքիջ/


ԿՈԼԿԱ - Գնա, գնա, կորիր այստեղից ... / Լիզայի վրա է հարձակվում /


ԼԻԶԱ - Այն անգամվա ծեծածս քիչ էր հա՞... արի, արի տես գլխիդ ինչ եմ բերում : / Հրմշտելով դուրս են գնում /


Մաքսիմ – / Մենակ / Գնաց , ռադ եղավ քաֆթառը ... ո՞ւր է Կոլկան հը , Կոլկա ... Մատվեիչն ու՞ր է , իշխանություն ու՞ր կորար , է հեյ անտեր իշխանություն , կաս , թե՞ ցնդել, վերացել ես... Փաստորեն չարը միշտ պիտի լինի հա՞ , պիտի անվերջ վազենք , վազենք , հա՞ ...միշտ միասին, կողք, կողքի ... ես այլևս վազելու տեղ չունեմ, հոգնել ու տանջվել եմ, այլևս չեմ կարող...Հեռու~, լեռնոտ, քարքարոտ երկիր, ծով չունեցող երկիր .../ քմծիծաղ է տալիս/ ինչիս է պետք նավակը ...իմ երկիրը, իմ փոքրիկ, սրտի չափ փոքրիկ երկիրը , սարը, մեծ սարը, բարդիները ... մեր արագիլը ... Իմ երկրում, իմ Աստվածն է, իմ աղոթքը, իմ մոմերը, իմ հողը ... այնտեղ չեմ հոգնի վազելուց, այնտեղ իմ ցավն անգամ այնքա~ն անուշ է ... Մայրս, այնքան երկար սպասող, ծերացած, մենակ ու խեղճ մայրս ...Մայրիկ , մայրիկ , սիրելիս , անուշս, սպասողս ... Գալիս եմ ... / Դանդաղ քայլերով իջնում է դահլիճ, որը հիմա արդեն իր հայրենի գյուղն է ... քայլում է դեպի իր հայրենի տուն, նայում է չորսբոլորը, տեսնում իր հին ու բարի հարազատներին ու մտերիմներին/ - Ինչպե՞ս ես, Հովհաննես քեռի ... ծիրանենիրն արդեն բե՞րք են տալիս,. միասին ենք տնկել, չէ՞ ... Տիգրան, Տիդրան, էնքան եմ կարոտել դուդուկի ձայնին, վաղը մի լավ քեֆ ենք անելու, անպայման կգաս ... Արամ հորեղբայր, Անդրանիկը պսակվել է չէ՞... դե արդեն թոռներ էլ կունենաս .... / ծիծաղում է/ Հա, հա, հա ... Խաչիկ, գյուղապետ Խաչիկ, Կոմբայնս հո վաճառել, տակով չե՞ս արել .... արտ եմ հնձելու, արտ, մեր արտերը, մեր հացը ...Վերջապես նարդի խաղալ սովորեցի՞ր, թե՝ չէ ...Իրիկունն արի փետուրներդ քամուն տամ ...Հա, հա տանն եմ լինելու, հիմա միշտ տանն եմ լինելու....ու միշտ հաղթելու եմ ... Ահա, տեղ հասա, սա իմ տունն է, իմ օջախի դուռը .... էլ գնալու տեղ չունեմ ....


/ Նրա խոսելու ընթացքում ... Լիզան և Սոնյան գալիս կանգնում են կողք - կողքի և միայնակ ու տխուր նայում հեռուն: Գալիս է նաև Սերգեյը կանգնում մի անկյունում, ուզում է սիգարետ ծխել, նայում թանկարժեք ծխատոի ֆիլտրին, ապա պոկում այն և տխուր քմծիծաղով նետում մի կողմ; Հայտնվում է նաև Մատվեիչը , կանգնում է մյուս անկյունում, բացում է թղթապանակը, այնտեղից մի թուղթ է հանում, հավանաբար Մաքսիմի վրա սարքած հերթական գործը .... ճմրթում է ու նետում ցած: Վերջում գալիս է Կոլկան:Գոտկատակից հանում է դասագիրքը, բացում հանում է մի թղթե սավառնակ և նետում դեպի դահլիճը, հեռու~, հեռու~.... / Երաժշտություն /:


/ Վարագույր /Երաժշտություն


Վ Ե Ր Ջ












1234567891011121314151617181920
    Դիտվել է 637 անգամ
    1