Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնների տնօրենների պահեստայինների նստարանը դատարկ է մնացել

Օրերս Մոսկվայի պատմամշակութային կառույցներից մեկում՝ Սմիրնովի առանձնատանը, կայացել է «Թատրոնների տնօրենների պատշգամբ» խորագրով առաջին միջոցառումը՝ նվիրված նոր թատերաշրջանի բացմանը: Բեմական արվեստը ներկայացնող հաստատությունների այս յուրահատուկ հավաքին մասնակցել են Մոսկվայի քաղաքապետարանի և դաշնային ենթակայության թատրոնների 80 ղեկավար: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Նախագծի հեղինակը «Լենկոմ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մարկ Զախարովն է:

Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր ՄեդինսկԻն խոսելով այս նոր ծրագրի մասին, կարծիք է հայտնել, որ այն մեծ հեռանկարներ է խոստանում իրենց երկրում թատերական արվեստի հետագա զարգացման և, մասնավորապես, թատերական տարի հայտարարված 2019թ.-ի համար:

«Նոր նախագծի գլխավոր իմաստը թատրոնների ղեկավարների միջև ավելի սերտ կապերի հաստատումը, երիտասարդ սերնդին թատրոն կառավարելու ավանդույթների փոխանցումը, ստեղծագործական նախաձեռնություններին օժանդակելը, բարեկամների և համախոհների հանդիպումն է»,- նշել է «Տնօրենների պատշգամբի» ղեկավար, «Լենկոմ» թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերը:

Թատրոնի զարգացմամբ և, ընդհանրապես, ապագայով շահագրգռված մոսկովաբնակ մշակութային ղեկավարների ստեղծած նոր կառույցը իր նիստերը կանցկացնի ամեն ամիս:

«Լենկոմի» տնօրեն Մարկ Զախարովը նշել է, որ «անհրաժեշտ է օգնել Մշակույթի նախարարությանը և Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտին՝ կադրերի ռեզերվ ձևավորելու գործում, հակառակ դեպքում թատերական ոլորտին սպառնում է ճգնաժամ»: Ըստ նրա թատրոնների տնօրենների պահեստայինների նստարանը դատարկ է մնացել:


    Դիտվել է 764 անգամ
    123456789