Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լև Դոդին. «Խաղացանկային թատրոնի մեքենան հնացել է, այն պետք է բարեփոխել»

11.18.2013

Սանկտ-Պետերբուրգի Փոքր դրամատիկական թատրոնի- Եվրոպայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Լև Դոդինի հարցազրույցը «РИА Новости» գործակալության հետ, որտեղ նա նշում է, որ իր թատրոնում երբեք չեն խմում «հաջողության համար»:

Հարցազրույցում խոսք է գնում նաև խաղացանկային թատրոնի «հուղարկավորման» և եվրոպացի ռեժիսորների դեպի մարդը վերադարձի մասին:


- Վերջին ժամանակներս շատ են խոսում խաղացանկային թատրոնի մասին: Մի մասը այն պաշտպանում է, մյուսները գտնում են, որ դրա ժամանակն անցել է: Ըստ Ձեզ, ինչպիսին է խաղացանկային թատրոնի ապագան:
- Պատմության մեջ չի եղել այնպես, որ ինչ-որ մեծ մի հայտնագործություն դադարի օգտագործվել կամ չնպաստի հետագա զարգացմանը: Ես, ամեն դեպքում, այդպիսի դեպք չգիտեմ: Գեղարվեստական խաղացանկային թատրոնը Ստանիսլավսկու և Նեմերովիչ-Դանչենկոյի հայտնագործություններն են` հենց այդ մակարդակով: Մինչ այդ մենք չգիտեինք, որ թատրոնը կարող է լինել ոչ միայն դերասանների հավաքածո,, ներկայացումների հավաքածո, այլև համընդհանուր գեղարվեստական օրգանիզմ, կոլեկտիվ գեղագետ, ով ունի սեփական հոգի, ով ունի արարման, հասունացման, ծերացման, գունազրկման և վերակենդանացման ժամանակաշրջան: Այդ իսկ պատճառով, ես համոզված եմ, որ դա ոչ մի տեղ և երբեք անհետանալ չի կարող: Եվրոպայում այսօր նկատվում է խաղացանկային թատրոնի նկատմամբ մեծ կարոտ, և իրական խոչընդոտ հանդիսանում են տնտեսական պատճառները: Ահա Գերմանիան, երկիր, որտեղ ամբողջովին պահպանվել է պետական թատրոնների համակարգը՝ իրենց մշտական թատերախմբերով և խաղացանկերով: Այն, որպես եվրոպական թաթերական տերություն, առաջատար է բոլոր դիրքերով: Նոր ալիքի բոլոր խոշոր ռեժիսորներն, ուշ թե շուտ, վերադառնում են խաղացանկային թատրոնին՝ հասկանալով, որ ինքնահաստատվել ամբողջական օրգանիզմով շատ ավելի արդյունավետ է, քան առանձին նախագծերով և ամեն անգամ նոր մարդկանց հետ: Օրինակ, Բեռլինի «Շաուբյունե» թատրոն եկավ Թոմաս Օստերմայերը և այն սկսեց միանգամայն նորովի զարգանալ, իսկ Համբուրգի «Թալիա» թատրոնում էլ՝ Լյուկ Պերևալը:

- Ռուսաստանում կա ՞ն այդպիսի օրինակներ:
- Ռուսաստանում կար, թվում է բոլորովին մահացող Ալեքսանդրինյան թատրոնը, իսկ այնտեղ մուտք գործեց Վալերի Ֆոկինը: Եվ պարզվեց, որ այդ հին մեքենայի ներսում կան տարիներով հավաքված հյութեր, որոնք կողքից չէին կարող հեռացնել: Եվ թատրոնը, հանկարծ, սկսեց կենդանանալ և վերածվել գեղարվեստական ամբողջության:
Այլ բան է, որ խաղացանկային թատրոնի մեքենան հնացել է: Այն հսկայական է: Նրա մեջ սովետական համակարգից պահպանվել են բյուրոկրատական շատ նախապաշարմունքներ: Դա պետք է լավ մաքրել և ինչ-որ բան առանց վախի բարեփոխել: Բայց մենք մի հատկություն ունենք, մենք կամ թաղում ենք, կամ խոսում՝ թող լինի ինչպես որ կա: Մենք շատ ենք վախենում փոփոխություններից, մենք համաձայն ենք ցանկացած փոփոխության, սակայն այն պայմանով, որ դրանք մեզ չդիպչեն: Այդ պատճառով, հին համակարգի վերակարգավորումը իրականացվում է ոչ այնքան դյուրին ձևով: Եվ համընդգրկուն բարեփոխումների ցանկացած փորձ պետք է հանդիպի կորպորացիայի ուժեղ դիմադրությանը: Պետք է, և, իհարկե, ինչ-որ բան կփոխվի, բայց Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի կողմից բացված օրենքը չի կարող չգործել: Այդ իսկ պատճառով գեղարվեստական-խաղացանկային թատրոնի «գերեզմանի վրա պարել փորձող մարդիկ» պետք է հասկանան, որ իրենք պարում են ոչ թե թաղման, այլ՝ հարսանիքի ժամանակ:

- Գլխավոր խոչընդոտը, որն ամենից շատ է անհանգստացնում թատրոնի մարդկանց, դա կոնկրետ համակարգ է: Ինչպե՞ս եք դուք լուծում այդ հիմնախնդիրը Ձեր թատրոնում:
- Մեր թատրոնի համար դա այդքան հրատապ չէ, քանի որ Փոքր դրամատիկականը դա թատրոն-ընկերություն է, որտեղ հիմնականում աշխատում են իմ աշակերտները: 90 տոկոսը յուրաքանչյուր 3 տարին մեկ թարմացվող ժամկետային պայմանագրով աշխատողներ են: Ես իքս էլ նախարարության հետ աշխատանքային պայմանագրային հարաբերությունների մեջ եմ: Եվ վերջապես, ոչինչ անժամկետ չի լինում: Ինքնին կոնկրետ համակարգը ճիշտ գաղափար է: Սակայն այն պետք է կյանքի մեջ ներդրվի լիարժեքորեն: Ես առաջարկել եմ հետևյալը. եթե գեղարվեստական ղեկավարի հետ պայմանագիր է կնքվում 5 տարով (ես համոզված եմ, որ թատրոնում չպետք է լինի երկիշխանություն), նա ստանձնում է թատրոնի համար ողջ պատասխանատվությունը: Եվ նա պետք է այդ 5 տարվա համար պայմանագրեր կնքի բոլորի հետ՝ սկսած տնօրենից և դերասաններից, մինչև ՝ գլխավոր հյուսնը: Կանցնի 5 տարի և եթե գեղարվեստական ղեկավարի հետ կվերակնքեն պայմանագիրը, ապա, համապատասխանաբար նա էլ կկնքի բոլոր նրանց հետ, ով իրեն օգնել է, և չի երկարաձգի նրանց հետ, ով խանգարել է: Եվ նրան այդ հնարավորությունից զրկելը անհնար պետք է լինի: Իսկ եթե ղեկավարի հետ պայմանագիրը ժամկետից շուտ լուծարվում է, ապա դա նշանակում է, որ միաժամանակ դադարեցվում են գործել նաև այն մարդկան հետ կնքված պայմանագրերը, ովքեր աշխատել են նրա հետ: Դա կխթանի կոլեկտիվին, որպեսզի այն սատարի իր ղեկավարին: Այսօրվա համակարգը գործում է հակառակ ուղղությամբ և հին կոլեկտիվը ձգտում է ազատվել նոր գեղարվեստական ղեկավարից: Պայմանագրի էներգիան պետք խթանի կոլեկտիվին համատեղ աշխատանքում, որը հանդիսանում է ռուսական անսամբլային թատրոնի ավանդույթ:

- Ինչպե՞ս եք վերաբերում այսօր ժողովրդայնություն ստացած թատրոն-կենտրոնների ուղղությանը:
- Սարսափելի ոչինչ չեմ տեսնում այն բանում, որպեսզի թատրոնն անվանվի «կենտրոն»: Ինչպես էլ, որ անվանվի, բայց թող այնտեղ բեմադրվեն տաղանդավոր ներկայացումներ: Ինչ վերաբերում է, կոնկրետ, «Գոգոլ-կենտրոնին», որը ստեղծել է Կիրիլ Սերեբրեննիկովը, ապա ես գիտեմ, որ նա տաղանդավոր, էներգետիկորեն ուժեղ մարդ է: Եվ դեպի թատրոն նոր հանդիսատեսների գրավելու հնարքը, ներկայացումներից բացի, հնչեցվող երաժշտությամբ, արտասանվող բանաստեղծություններով կամ ցուցադրվող կինոյով, ինձ դրական է թվում: Այսօր շատերը ուղղակի չգիտեն, որ իրենք ցանկանում են դիտել թատերական ներկայացում: Եվ արժե, որ նրանց ցանկացած միջոցով ստիպեն գալ և դիտել թատրոն: Իհարկե, ամեն ինչ անհատական է: Գլխավորն այն է, որ թատրոնի հանդիսասրահում լինի էներգետիկա: Իսկ եթե այդ էներգետիկան բավարարում է նաև որպեսզի ներկայացումից առաջ ինչ-որ բան կարդան, ուրեմն, թող լինի նաև գրադարան: Եթե ներկայացման ավարտից անմիջապես հետո փախուստի դիմելու ցանկություն չկա, այլ կա ցանկություն մտնել փոքրիկ ռեստորան և այնտեղ խոսել ներկայացման մասին, թող, ուրեմն, այդ էլ լինի: Սակայն, եթե ռեստորանը դառնա գլխավորը և այնտեղ գան նաև թատրոնի հետ կապ չունեցող մարդիկ …, ապա դա սարսափելի է: Իսկ այն ամենը, ինչի վրա տարածված է թատրոնի ազդեցությունը և «բույրը», թող լինի: Գլխավորը, որպեսզի ամեն ինչի կենտրոնում մնա թատրոնը, և հանդիսատեսները այնտեղ գան բոլոր ճանապարհներով:

- Փոքր դրամատիկականը շուտով կբոլորի իր 70-ամյակը: Եվ արդեն 30 տարի դուք գլխավորում եք այս կոլեկտիվը: Արդյոք, փոխվե՞լ են նրա կոնցեպցիաները և սկզբունքները:
- Վերջին 30 տարվա ընթացքում, փաստորեն, ծնվել և զարգացել է մեր նոր Փոքր դրամատիկական թատրոնը (ՓԴԹ)-ն: ՓԴԹ-Եվրոպայի թատրոնի կոնցեպցիան չի փոխվել: Կար ըմբռնում, որ պետք է ստեղծել ընկերություն, որը միասնական պիտի լիներ՝ տարբերությունների և այն ձևավորող անհատակությունների հզորությունների առկայությամբ հանդերձ: Այդ իսկ պատճառով, հատուկ ուշադրություն պետք է դարձվի ընտրությանը, որը կատարվում է մանրակրկիտ և անընդհատ: Կարևոր է, որ այդ անհատականությունները կազմեն միասնական ոգի, որն էլ արարում է ամբողջականությունը: Որպեսզի յուրաքանչյուրը հասկանա, որ որքան էլ ինքը խոշոր լինի, իրեն այդպիսին դարձնողը ընկերությունն է: Իսկ ընկերությունը հասկանա, որ նրանցից յուրաքանչյուրը ընկերությանն է խոշորացնում: Անհրաժեշտ է, որ մենք բոլորս շահագրգռված լինենք գլխավորի մեջ՝ մեր ներսում ինչ-որ բան կյանքում հասկանալու փորձի մեջ, այլ ոչ թե պարզապես ծառայել հանդիսատեսին, նվաճել հաջողություն: Մեր թատրոնում «հաջողություն» բառը, սկզբունքորեն չեն օգտագործում:

- Ի՞նչ վատ բան կա այդ բառի մեջ:
- Մենք նույնիսկ պրեմիերայի ժամանակ չենք խմում «հաջողություն համար» ոչ սոսկ այն պատճառով, որ հաջողվել է ինչ-որ մի նոր բան հասկանալ, որ կա էլի ինչ- որ բան, որի վրա պետք է աշխատել: Իսկ հաջողությունը, կարծես թե, դուրս է բերվում չակերտների մեջից: Ես հաճախ, նույնիսկ, կատակում եմ՝ ասելով, որ ներկայացման ցուցադրությունը դա մեր կենսագործունեության հետևանքի արդյունք է: Մեզ հետաքրքիր է պարզաբանել կյանքը թատրոնի օգնությամբ: Բայց ինչ-որ մի ժամանակ մենք տեղաշարժում ենք սահմանները և ներս ենք թողնում հանդիսատեսներին և նրանց օգնությամբ հաջողվում է հասկանալ էլի ինչ-որ մի նոր բան: Այդպես մենք պահպանում ենք ինչ-որ մի աշակերտական զգացում այն կատարյալի նկատմամբ, որն, ըստ սահմանման, անհասանելի է: Այդ իսկ պատճառով մենք ավելի շատ մեզնից չբավարարված ենք: Եվ սա կոկետություն չէ: Դա իրոք այդպես է: Եվ ինձ թվում է, որ քանի դեռ անբավարարվածությունը գոյություն ունի, կարող է գոյություն ունենալ նաև զարգացումը: Սա շատ կարևոր սկզբունք է, և ինձ թվում է, որ հենց դա էլ մեզ բոլորիս պահում է իրար հետ, որովհետև ոչինչ ավելի չի միավորում և մոտեցնում, քան անբավարարությունը և ցանկությունը հասնելու այն բանին ինչը որ դեռ չես կարողանում անել և որին միայնակ հասնել չես կարող: Ինձ ընկերությունն է պետք, ընկերությանը ես եմ պետք: «Մենք միասին ենք»: Սա առանձին է և հատուկ: Սա յուրաքանչյուրի կյանքի կարևոր մասն է: Երբեմն սա հենց կյանքն է:

- Իսկ ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը եվրոպական թատրոնին:
- Ինձ թվում է, որ թատրոնն այսօր ճգնաժամի մեջ է կամ, ինչպես այժմ մոդայիկ է ասել, սեփական նույնականության փնտրտուքի մեջ է, դեպի սեփական նույնականությունը վերադառնալու ընթացքում է: Չափազանց մեծ թեքում եղավ դեպի վերբալ թատրոնը, ըստ էության՝ դեպի ոչ դրամատիկականը, այլ դեպի շարժումայինը: Պատահական չէ, որ վերջին փառատոների ժամանակ, այդ թվում նաև՝ մոսկովյան չեխովյանի ժամանակ, ավելի ու ավելի քիչ դրամատիկական աշխատանքներ էին բերվում: Ամեն ինչ դեպի շարժման, ընդհուպ դեպի կրկեսի կողմն է գնում: Իսկ դա ինձ թվում է թատրոնի համար մարդկային սկզբի շատ մեծ կորուստ: Ինձ թվում է թատրոնի այդպիսի ապահումանիզացումը մարդու նկատմամբ հավատի ընդունակության կորուստը, մարդուն հասկանալու կարեկցանքի բացակայությունը, յուրաքանչյուր մարդու մեջ ինքնատիպությունը և բարդությունը տեսնելու անկարողությունը վտանգավոր են: Իսկ եվրոպական թատրոնը հենց դրանով էր միշտ ուժեղ՝ սկսած հին հունական թատրոնից: Եվ այստեղ եղել են մեծ կորուստներ: Այսօր հանդիսատեսի (ուրեմն նաև արվեստագետի) մեջ հումանիզացման և դեպի մարդը վերադառնալու մեծ ձգում կա:

- Իսկ ովքե՞ր են այդ արվեստագետները:
- Երբեք մարդուց չի հեռացել Պիտեր Բրուքը: Այդ մեծ ռեժիսորի աշխատանքներում մշտական ցանկություն կա քննել մարդու մեջ եղածը, լինել պարզ ձևի մեջ, բայց ամենաբարդը բովանդակությամբ: Եվ նրա վերջին գլուխգործոցը՝ «Կախարդական սրինգն» ասում է այն մասին, որ իրական վարպետությունը դեռ լիարժեք ապրում է: Հզոր է Արիանա Մնուշկինայի «Թռուցիկություններ» ներկայացումը, որտեղ վարպետը բացահայտում է մարդու նկատմամբ ուշադրության այնպիսի հարմոնիա, այնպիսի սրություն և սուր ձև, որ բեմադրությունը վերածվում է ոչ թե հոգեբանական և ներկայացուչական, այլ հենց գեղարվեստական թատրոնի ամբողջական կառուցվածքի: Փոփոխություններ են տեղի ունենում նաև այլ եվրոպական առաջատար ռեժիսորների մոտ: Եթե լավատես լինենք, ապա ինձ թվում է, որ նշմարվում է դեպի մարդկայնացումը կատարվող ինչ-որ շարժում: Եվ եթե որևէ կատակլիզմ չպատահի, ապա այս գործընթացը պետք է զարգանա:

- Իսկ ռուսական թատրո ՞նը:
- Վիրավորական է, որ ռուսական թատրոնն իրեն թույլ է տալիս լինել ետևից հասնողի վիճակում, թեև լիարժեք իրավունք ունի լինելու առջևից ընթացող: Առայժմ մենք այդ շարժմանը դեռ չենք մոտեցել: Այսօր, հաճախ, նոր է համարվում վաղուց արդեն փորձարկվածը և, ընդհանրապես, մոռացված հինը: Սակայն, երևի, պետք է անցնել այդ փուլը: «Ես չեմ կարողանում անել այն՝ ինչը որ պետք է, դրա համար էլ անում եմ այն՝ ինչ կարող եմ»-ը հանկարծ դարձել է գեղարվեստականության չափանիշ: Սակայն, երբ «ինչպես կարող եմ»-ը կմիանա «ինչպես պետք է»-ի հետ, որոնումներում ի հայտ կգա ֆանտաստիկ կարողունակությունը, վարպետությունը, մշակույթը և ոչ թե, դրանց բացակայության հետևանքով, կհանգենք հակառակ երևույթին: Այդ ժամանակ թատրոնում կվերականգնվի որոշակի հավասարակշռությունը: Սակայն, կարծում եմ, որ դա կլինի ոչ այնքան դյուրին:

- Ինչու ՞:
- Ռուսական թատրոնում կորուստի գործընթացը սկսվել է շատ ավելի վաղ, քան մենք դա պատկերացնում ենք: Մենք մոռանում ենք, որ ամբողջ սովետական շրջանում իսկական ռուսական մշակույթը ոչնչացվել է: Այլ բան է, որ կային այդ մշակույթը կրողներ, որոնք բոլոր դեպքերում այն պաշտպանում էին: Սովետական ժամանակներում ոչ ճշտի օրենքները այնքան խորն էին փոխպատվաստված, որ աստիճանաբար ամենայն գեղարվեստականը նահանջում էր: Մարդկանց երկար ժամանակ ստիպում էին ասել ճշմարտանման անճշտություն: Դա հենց այնպես չի անցնում: Այդ իսկ պատճառով, ինչ-որ մի ժամանակաշրջան շատերը նախընտրում էին ոչինչ չասել, այլ միայն շարժվել: Այսօր մենք կարող ենք և պարտավոր ենք դրանից բուժվել: Բայց դա ինքնավերլուծության և սխալների վրա աշխատելու մեծ և լուրջ գործընթաց է:
    Դիտվել է 1310 անգամ
    12345678910