Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թե ինչպես Խրտվիլակը դարձավ Ձնե մարդ


Սամվել Մարտիրոսյան


Թե ինչպես Խրտվիլակը դարձավ Ձնե մարդ

(Մանկական պիես` 2 գործողությամբ )


Գործող անձինք.

Խրտվիլակ

Ճնճղուկ

Չանկր Կատու

Շանել Աղվես

1-ին տղամարդ

2-րդ տղամարդ

Ճնճղուկների բազմություն



ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ


Պատկեր 1-ին


Արևածաղիկների դաշտ: Բերքահավաքն արդեն մոտենում է ավարտին: Դաշտի հարևանությամբ կանգնած են մոտեցող աշնան հետ կռիվ տվող մի քանի ծառ: Ծառերի մեջ՝ բերքահավաք անողներից թաքնված բարձր ու գեղեցիկ մի արևածաղիկ: Փչում է երբեմն ուժեղացող, երբեմն թուլացող քամի: Մթնշաղը վախվորած դիպչում է ծառերին ու արևածաղկին: Լռությունը հանկարծ խախտվում է պահածոյի դատարկ տուփերի աղմուկով:


(Լսվում են 1-ին և 2-րդ տղամարդու ձայները):


1-ին ձայն - Այս խրտվիլակը մեզ այլևս պետք չէ:

2-րդ ձայն( ծիծաղելով ) - Այո, նա իր գործը կատարեց: Նետիր մի կողմ:

1-ին ձայն - Գուցե եկող տարի է՞լ մեզ պետք գար:

2-րդ ձայն - Նորը կպատրաստենք: Ես ավելի մեծ պահածոների տուփեր կկախեմ նրա պարանոցից ու թևերից, որպեսզի առաջացած աղմուկից ոչ միայն ճնճղուկները, այլև գայլերը վախենան:

1-ին ձայն -Բայց քեզ ասեմ. այս խրտվիլակը շատ լավ պահպանեց մեր արևածաղիկները: Ի՞նչ է մնում մեզ անելու: Ոչինչ; Ամբողջ ձմեռ նստիր պատուհանի մոտ ու չրթիր…

2-րդ ձայն - Այո, ինչ-ինչ , բայց ձմռանը իսկական սառնամիք է լինելու…

1-ին ձայն - Ինչ ճիշտ է, ճիշտ է: Ցուրտ է լինելու: Ու.., պատկերացնելիս մարմինսդող է ընկնում:

2-րդ ձայն -Դե , նետիր, այդ անիծյալ խրտվիլակը և մեր գործը համարենք ավարտված:


(Լսվում է ընկնող պահածոյի դատարկ տուփերի ու փայտի աղմուկ)


2-րդ ձայն- Ասում ես գործն ավարտեցի՞նք: Իսկ այս մե՞կը: Նայիր, ինչ գեղեցկուհի է : (Արևածաղիկին մոտեցած ձեռքերը դժվարությամբ պոկում են

գլխիկը ) : Ու ոնց է թաքնվել ծառերի հետևում: Սիրունիկս, ես քեզ կպահեմ ու կչրթեմ միայն Ամանորին, երբ ձյունը գա ու ծածկի այս դաշտը …


( մարդիկ հեռանում են )


Պատկեր 2-րդ


(Լուսինը դուրս է գալիս: Ծառապատ բացատում ընկած է խրտվիլակը: Նրանից քիչ հեռու ընկած է լայնեզր գլխարկը:


Խրտվիլակ - Վու¯յ, վա¯խ, վա¯խ … օ¯ֆ, ոտքս, իմ միակ ոտքս: Օֆ, ձեռքերս, իմ զանգուլազարդ ձեռքերս … Երախտամոռ մարդիկ: Սա՞ է ձեր շնորհակալությունը: Ախր, առանց ինձ դուք արևածաղիկ չէիք ունենա: Չէիք կարող ունենալ: Չէ՞ որ դա շատ տրամաբանական է: Հիմա բոլորը թռցրած կլինեին: Ինձ մի կողմ եք նետում … որպես փայտի խռիվ … օֆ, օֆ … : Ու՞ր է գլխարկս: Քեզ ի՞նչ եղավ, իմ լայնեզր: Չէ՞ որ նրանք քեզ մատով, անգամ, չդիպան: (Տնքտնքալով փորձում է հասնել մի կողմ ընկած գլխարկին) Դու ինձնից հեռու լինելու իրավունք չունես: Առանց լայնեզրի ի՞նչ խրտվիլակ… Մարդիկ իմ լեզուն չեն հասկանում և կարծում են, թե ճնճղուկները ինձնից վախենում են: Բայց աշխարհի բոլոր ճնճղուկներն իմ ընկերներն են: Իմ զանգուլակների ձայնը նրանց ոչ թե վախեցնում, այլ ավելի հեռուն թռչելու ուժ է տալիս … Չէ՞ որ դա տրամաբանական է: (Վերջապես վերցնում է գլխարկը և դնում գլխին ):Ահա, ահա, ես հասա իմ գլխարկին: Իսկ հիմա ոտքի …, պետք է ոտքի ելնել: (Ոտքի ելնելու բոլոր փորձերն ապարդյուն են անցնում): Օհ, դժվար է մեկ ոտք ունեցողների կյանքը: Ընկնելուց հետո, լավագույն դեպքում, նրանց վիճակված է ահա, այսպես … նստել … Ախ, ախ, ոտքս, ախ ձեռքս …(Մի կերպ ծուռ նստում է ու սկսում երգել).


Ախ, տխուր է ապագաս,

Եթե ոտքի չելնեմ:

Թող սա լինի ինձ լավ դաս,

Որ իմ գործը շուտ փոխեմ …


Չէ, ես պիտի փոխեմ մասնագիտությունս: Ես այլևս խրտվիլակ չեմ ուզում լինել ( լալիս է ) : Իսկ իմ ընկերը՝ ճնճղուկը, արևածաղիկների բերքահավաքից հետո չի երևում: Հեյ ճնճղուկ, հասիր օգնության, քո ընկերը ոտքի ելնել է ուզում, հեյ ճնճղուկ …


(Լսվում է ճնճղուկի ծլվլոցը, ապա նա գալիս է)


Պատկեր 3-րդ


(Ճնճղուկը և խրտվիլակը)


Խրտվիլակ - Բարև Ճնճղուկ, իմ ընկեր:

Ճնճղուկ ( Թռչելով այս ու այն կողմ ) -Իմ ընկերը … Օգնության է կանչում … Իմ ընկերը …

Խրտվիլակ - Այո, այո, քո ընկերը: (Ձեռքերը պարզում է դեպի Ճնճղուկը: Պահածոյի տուփերը աղմկում են և Ճնճղուկը վախեցած մի կողմ է թռչում): Օհ, ինչ դժբախտն եմ ես … Բայց և շատ մեծահոգի եմ: Հենց տեսնում եմ իմ ընկեր ճնճղուկին, ձեռքերս, անկախ ամեն ինչից, ահա այսպես, պարզում եմ ու զանգուլակներով բարձր ու գեղեցիկ նվագում …(Պահածոյի տուփերը աներևակայելի աղմուկ են բարձրացնում ) և նրանց թևերը ուժ են ստանում, այնքան շատ ուժ, որ, եթե ցանկանան, մի անգամից, առանց հոգնելու կարող են թռչել թեկուզ մինչև աշխարհի ծայրը …

Ճնճղուկ (վախեցած) - Խրտ…Խրտվիլակ… Դու, երբեմն, շատ տարօրինակ բաներ ես ասում: Ինչի՞ս է պետք աշխարհի ծայրը: Ես այստեղ էլ ինձ վատ չեմ զգում:

Խրտվիլակ - Օ, սիրելի Ճնճղուկ, հենց քեզ տեսնում եմ, ընկերասիրությունս հորդում է ինչպես գարնան գետակ: Ես ուղղակի խեղդվում եմ իմ երգով քո թևերին ուժ տալու ցանկությունից: Ախր, Ճնճղուկ, դու չես կարող հասկանալ, թե ինչպիսի մեծ հաճույք է քո թռիչքին … հետևելը….

Ճնճղուկ - Հասկացա: Ով թռչել չի կարողանում, նրան ուրիշների թռիչքը գեղեցիկ զբաղմունք է թվում: Իսկ դա իմ ամենօրյա աշխատանքն է և ես շատ քրտինք եմ թափում:

Խրտվիլակ - Գեղեցիկ է, երբ քրտինք ես թափում, կապույտ երկնքով սուրալու համար:

Ճնճղուկ - Իսկ ինձ համար գեղեցիկ է, երբ աշխատանքդ գնահատում է ընկերդ:

Խրտվիլակ - Այո, այո, ընկերդ… ( երգում է )


Երբ ընկերդ հեռուներից

Գալիս է քեզ օգնության,

Մի թնկթնկա քո ցավերից

Այլ ջերմ ժպտա դու նրան:


Երգիր երգեր ձեր անցյալից,

Հիշիր օրերը պայծառ,

Մտքում ասա. նա հասավ ինձ,

Մենք կհաղթենք անպատճառ:


Խրտվիլակ - Լավ երգ է, ճնճղուկ: Բայց նման դեպքերում վատ չեր լինի ոտքի կանգնել ….

Ճնճղուկ - Այո, ոտքի վրա ավելի լավ կհնչեր:

Խրտվիլակ - Ուհ, Ինչքան շատ երգեր կան, որ պիտի երգես ընկերոջդ հետ, այն էլ՝ ոտքի կանգնած: Դե, օգնիր ինձ , սիրելի ճնճղուկ , օգնիր ոտքի կանգնեմ:

Ճնճղուկ - Հիմա, հիմա ,( Ճնճղուկը թռչկոտում է խրտվիլակի չորս բոլորը, փորձում է օգնել, բայց ոչինչ չի ստացվում ) դե, խրտվիլակ, ուժ տուր ոտքիդ , հիմա ծունկդ ծալիր….

Խրտվիլակ - Ես ծունկ չունեմ:

Ճնճղուկ - Մեջքդ ծալիր, մեջքդ…


(Խրտվիլակը փորձում է մեջքը ծալել : Բայց մեջքը չի ծալվում )


Խրտվիլակ - Ես, ես… կարծես թե մեջք էլ չունեմ….


(Այդ փորձերի ժամանակ պահածոյի տուփերը կրկին աղմկում են: Ճնճղուկը մի կողմ է ցատկում ):


Ճնճղուկ - Իսկ պահածոյի տուփերը կրկին աղմկում են: Ես նման իրավիճակում չեմ կարող աշխատել, չեմ կարող ( նեղացած քաշվում է մի կողմ ) :

Խրտվիլակ - Իսկ ես կար՞ող եմ : Ես էլ չեմ կարող: Աշխարհում չկա մեկը , որ կարողանա զսպել խրտվիլակի երգելու ցանկությունը, երբ նրան օգնության է եկել ընկերը: Ինչու՞ չեմ կարողանում զսպել իմ ուրախությունը: Հը՞, ինչու՞…

Ճնճղուկ - Ես, ես… Չգիտեմ… Գուցե այն պատճառով, որ խրտվիլակներն անզու՞սպ են:


(Երկուսով սկսում են լացել)


Խրտվիլակ – Սովորաբար պարզ , արևոտ ու առանց քամի օրերին ես ինձ լավ եմ զգում: Միայն անձայն հորանջելու ցանկություններ են առաջանում: Ուրիշ ոչ մի ծպտուն ինձնից չես լսի: Իսկ այսօր, ես լցված եմ բողոքի թեմաներով:Այ, օրինակ, ահաբեկիչներ, մի պայթեցրեք ինքներդ ձեզ, դա վտանգավոր է առողջության համար: Այո, լցված եմ, շատ եմ լցված, բայց չեմ ուզում ընկերոջ մոտ խոսել իմ ցավերից: Մի՞թե դա զուսպ լինելու վկայություն չէ:

Ճնճղուկ - Այո, համոզեցիր, վկայություն է: ՈՒրեմն, եկ ավարտենք մեր լաց ու կոծը : Մանավանդ, որ արտասուքներս էլ, կարծես, վերջանում են:

Խրտվիլակ - Իսկ իմ աչքերում, նայիր , դեռ շատ կաթիլներ կան: (Հեգնանքով ծիծաղում է) Նույնիսկ կարող եմ մի քանի կաթիլ փոխարինաբար նվիրաբերել: Ահա, ահա մեկ, երկու…(արագ, արագ հաշվում է աչքերի խորքից դուրս հորդալու պատրաստ արտասուքները ):

Ճնճղուկ –Շնորհակալ եմ: Չեմ ուզում: Լաց լինելով գործն առաջ չի գնա:

Խրտվիլակ -Ճիշտ է: Տրամաբանական է: Ահա, ահա երկու կաթիլ էլ վայր ընկավ: Մնաց՝ ութ կաթիլ …..

Ճնճղուկ - Լաց լինել՝ նշանակում է խոստովանել սեփական անզորությունդ:


(Խրտվիլակը լացը միանգամից կտրում է)


Խրտվիլակ - Իսկ ես սխալ էի հաշվել: Այն երկու կաթիլները նախավերջինն էին: Մնացել է երկու կաթիլ: Դրանք էլ վայր կընկնեն և ես այլևս լաց չեմ լինի: Ահա՝ մեկն ընկավ ….(կրկին բարձրաձայն լալիս ու միանգամից` կտրում ձայնը) Ահա և վերջ: Արտասուք այլևս չկա:

Ճնճղուկ - Դե, ուրեմն, սկսեցինք:

Խրտվիլակ - Ի՞նչը…

Ճնճղուկ - Պետք է գտնենք մեր լացի պատճառը:

Խրտվիլակ - Տրամաբանական է:

Ճնճղուկ - Եվ այսպես, ես այսպես. ինչու՞ եմ լալիս:

Խրտվիլակ - … Եվ ես….

Ճնճղուկ - Ես լալիս եմ, որովհետև չեմ կարողանում քեզ օգնել:

Խրտվիլակ - Ես էլ լալիս եմ, որովհետև չեմ կարողանում քեզ օգնել:

Ճնճղուկ - Իսկ ինչու՞ չենք կարողանում մենք մեզ օգնել:

Խրտվիլակ - Տրամաբանական է:

Ճնճղուկ - Որովհետև քո զանգուլակները ինձ խանգարում են:

Խրտվիլակ - Տրամաբա… Ինչպե՞ս: Ինչու՞: Այո, ես հասկացա: Նրանց գեղեցիկ զնգզնգոցը քո թևերին շատ ավելի է ուժ տալիս, քան հարկավոր է, և դու չես կարողանում զսպել հեռու , շատ հեռու թռչելու քո մեջ առաջացած ցանկությունը: Իսկ հեռվից ինձ օգնել չի լինի…

Ճնճղուկ - Ուրեմն ….

Խրտվիլակ - Այո, ուրեմն….

Ճնճղուկ - Ուրեմն պիտի ազատվենք քո այդ…. այդ…… զանգուլակներից:

Խրտվիլակ - Ես, ես շատ, շատ եմ ափսոսում, բայց դա տրամաբանական է: Եվ հետո, չէ՞ որ աշխարհում կա այսպիսի երգ.


Ախ, տխուր է ապագաս,

Եթե ոտքի չելնեմ,

Թող սա լինի ինձ լավ դաս,

Որ իմ գործը շուտ փոխեմ:


Ճնճղուկ - Այդ երգը, այդ երգը… Երևի դա աշխարհի բոլոր խրտվիլակների ամենալավ երգն է…

Խրտվիյակ - Դե, սիրելի ճնճղուկ, անցիր գործի:

Ճնճղուկ - Դե, խրտվիլակ, պարզիր ձեռքերդ:


(Խրտվիլակը պարզում է ձեռքերը)


Խրտվիլակ - Ահա:

Ճնճղուկ - Դու չե՞ս լացի:

Խրտվիլակ - Այսօր արտասուքներս արդեն վերջացել են:

Ճնճղուկ – Չե՞ս ափսոսա:

Խրտվիյակ - Մի քիչ կափսոսամ , բայց դու սկսիր:

Ճնճղուկ - ՈՒրեմն սկսե՞նք…

Խրտվիլակ - Սկսենք…


(ճնճղուկը սկսում է կտցահարել և մեկիկ մեկիկ վայր է գցում պահածոյի տուփերը խրտվիլակի վրայից)


Խրտվիլակ - Ես ուզում եմ բարձրաձայն ափսոսալ, բայց դու բանի տեղ չդնես:

Ճնճղուկ -Դու բարձրաձայն ափսոսա: Ես կձևացնեմ, թե ոչինչ չեմ լսում:

Խրտվիլակ - Դե , ես սկսում եմ:

Ճնճղուկ - Սկսիր…

Խրտվիլակ - Օ, իմ հնչեղ զանգուլակ մնաս բարով: Օ , իմ փայլուն զանգուլակիկ, քեզ բարի ճանապարհ: Հերթը հասավ կանաչ տուփիկին: Նրա ձայնը ինձ մի°շտ հիշեցնում էր գարնան վերջին օրը, երբ արևածաղիկները հանել էին իրենց գլխիկները և զարմացած նայում էին դեպի արևը սլացող ճնճղուկների թռիչքին: ճնճղուկ, այ ճնճղուկ, քո կտուցը սուր է ինչպես վարսավիրի մկրատը և ես ինձ զգում եմ ինչպես վարսավիրանոցում: Դու նախկինում պատահաբար, վարսավիր չե՞ս աշխատել:

Ճնճղուկ- ճնճղուկները ի ծնե օդաչուներ են: Նրանք վարսավիր լինելու ժամանակ չունեն:

Խրտվիլակ - ՈՒրեմն դու այն օդաչուներից ես, որոնք ցանկության դեպքում կարող են նաև վարսավիր լինել:

Ճնճղուկ - Ես վերջացրի: Հիմա փորձենք ոտքի կանգնել: Սկսեցինք…

Ճնճղուկ և Խրտվիլակ (միասին) - Մեկ , երկու , երեք… նորից…


(փորձերը հաջողություն չեն բերում)


Խրտվիլակ - Չի ստացվում: Մենք հոգնեցինք: Օֆ…

Ճնճղուկ - Ահ, ահ… Այո… շատ հոգնեցինք…

Խռտվիլակ- Եվ ոչնչի չհասանք…Շուտով ձյուն կգա: Ես այսպես գետնին ընկած կծածկվեմ սառն ու խոնավ վերմակով: Ափսոս, արտասուքս սպառվեց, թե չէ ես լաց կլինեի և կասեի. «Օ , ինչ տխուր է խրտվիլակի ճակատագիրը … »:



( երգում է )


Հիմա պետք չեմ ոչ մեկի,

Եկավ պահը տխրության,

Խրտվիլակը ի՞նչ երգի,

Երբ, որ մոտ է ժամը ձյան:

Ախ , տխուր է ապագաս ,

Եթե ոտքի չելնեմ,

Թող սա լինի ինձ լավ դաս ,

Որ իմ գործը շուտ փոխեմ…


Ճնճղուկ - Թող ինչքան ուզում է ձյուն գա ու սառնամանիք լինի: Ես հիմա կթռչեմ և օգնության կկանչեմ իմ ճնճղուկ եղբայրներին ու քույրերին: Նրանք կհավաքվեն այս դաշտում հազարներով, միլիոններով և քեզ կօգնեն , սիրելի խրտվիլակ: Նրանք քեզ ոտքի կկանգնեցնեն: Եվ դու աշխարհին կնայես նորովի, բոլորովին այլ հայացքով:Դու սպասիր: Միայն համբերությամբ սպասիր…


(Ճնճղուկը թռչում է: Խրտվիլակը նրա ետևից բարձր կանչում է).


Խրտվիլակ - Գնա , իմ ընկեր: Գնա նրանց ետևից: Երբ ինձ ցած նետեցին որպես փայտի խռիվ, համբերությունս ավելի հեռու ընկավ, քան գլխարկս: Ախր, դա շատ տրամաբանական է: Ո՞ր մի համբերությունը կդիմանար այդպիսի անարդարության: Իսկ հիմա այս տխուր ու դատարկ աշնան երկնքում, հապա մի տեսեք, թե որքան բարձր ու արագ է թռչում իմ ընկեր ճնճղուկը: Դա այնքան գեղեցիկ է, որ նման է բոլոր կորած համբերությունների վերադարձին: Լսու՞մ ես , ճնճղուկ ես և համբերությունս սպասում ենք…


ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԸ


ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ


Պատկեր առաջին


Արևածաղիկների դաշտը £ Անօգնական ընկած խրտվիլակը անշարժ նայում է հեռու հորիզոնին: Չորս կողմն ուսումնասիրելով գալիս են Չանկր կատուն և Շանել աղվեսը: Չանկր կատվի ձեռքին հրացան կա , որը նա հաճախ օգտագործում է որպես ձեռնափայտ:

Շանել աղվես - Եկ այստեղ , սիրելի Չանկր, եկ այս կողմ: Որքան երկար ենք քայլում , այնքան քո մորթին ավելի է գեղեցկանում: Նայիր, նայիր , տեղ-տեղ, հատկապես մեջքիդ ու պոչիդ, նույնիսկ, աստղափայլ է իջել: Օ, ինչ գեղեցիկ աստղափայլ է: Իսկ հապա մորթիդ բուրմունքը: Այն ինձ գրեթե ֆրանսիկան օծանելիքի բուրմունք է հիշեցնում: (Հոտոտում է կատվին , գողտուկ զզվանք է արտահայտում ) Ֆո ւ …. Օհ , գրեթե ֆրանսիական օծանելիք է …

Չանկր կատու -Ես հոգնել եմ, ես քաղցած եմ: Լավ կլիներ այդ ֆրանսիական օծանելիքը մի փոքրիկ, թեկուզ շատ նիհարիկ ճնճղուկի վերածվեր… Մռռ…

Շանել աղվես -Ահա, ահա, հասնում ենք: Այստեղ է արևածաղիկների դաշտը: Ճիշտ է մարդիկ բոլորը քաղել և տարել են, բայց հողին շատ սերմեր են թափվել: Ճնճղուկներն ուր որ է կգան, կհայտնվեն և կսկսեն քուջուջ անել, ինչպես հավիկները: Ախ, միայն տեսնել է պետք: Երբ նրանք սերմեր են փնտրում, ամեն ինչ մոռանում են: Հենց այդ ժամանակ դու քո հրացանով բում, բում…

Չանկր կատու - Հա, հա… բում, բում…

Շանել աղվես - Ախ, բում, բում… Որքան հեշտ էր բերքահավաքից առաջ: Ինչ բում, ինչ բում-բում: Դրա կարիքը բոլորովին չէր զգացվում: Պարզապես զբոսանքի էի գալիս և թաթիկս, այ, այսպես տանում աջ, կամ ձախ: Ճնճղուկերը իրենք իրենց ցանկությամբ, ահ, գրեթե կամավոր, մոտենում էին դնչիկիս: Ինձ մնում էր միայն հափ անելը…

Չանկր կատու - Հափ, հափ, հափ… Մյաու, դա գրեթե նման է բում, բումի:

Շանել աղվես - Իսկ նիհար ճնճղուկներին, այ այսպես, դնչիկիս մոտից հեռու էի քշում:

Չանկր կատու - Գնացեք, քշա… նիհար ճնճղուկեր: Թմբլիկացեք, հետո համեցեք Շանել աղվեսի դնչիկի մոտ, հափ, հափ…

Շանել աղվես - Նրանք ինձնից խիստ վիրավորվում էին, այո, այո սիրելի Չանկր: Ես նրանց նույնիսկ չէի հոտոտում:

Չանկր կատու - Մյաու… Տես է, Շանել աղվեսը նույնիսկ չէր հոտոտում նիհար ճնճղուկներին£ Եփած հավի ծիծաղը կգա…

Շանել աղվես - Չես հավատում: Ես էլ լինեի քո տեղը` չէի հավատա: Բայց հիմա, երբ հրացան ունես, ես համաձայն եմ քեզ հետ և, անգամ, ինքս ինձ չեմ

հավատում: Այո, այո, ես` Շանել աղվեսս, հիմա միայն քեզ եմ հավատում, իսկ մնացյալը երազ է, քաղցր երազ… ( շողոքորթ ծիծաղում է )

Չանկր կատու - Բավական է£ Հասկացար: Ես ուզում եմ իմ հրացանով մեկի վրա նշան բռնել ու կրակել: Ինձ քո երազները չեն կշտացնում£ Դե, արագ քայլիր, լուսաբացը մոտենում է: Ցույց տուր ճնճղուկների հավաքատեղին: Գոնե մեկ ճնճղուկ … Բում, հափ…

Շանել աղվես - Ինչ մեկ, ինչ մեկ… Ես ասեմ հարյուր, դու հասկացիր՝ հազար, ես ասեմ հազար…

Չանկր կատու - Հա, հա, մռռ… Ես հիմա, մի անգամից, հազար ճնճղուկ կուտեի…

Շանել աղվես - Հիանալի է: ՈՒրեմն կորսանք վեց հազար ճնճղուկ…

Չանկր կատու - Ինչու վեց հազար, գուցե յոթ… կամ ութ, չէ, ավելի լավ է, տասը հազար…

Շանել աղվես - Սկզբի համար ես կբավարարվեմ երեք հազարով…

Չանկր կատու - Տես հա, պայմանը պայման է, ավելին չուզես:

Շանել աղվես - Իհարկե, չեմ ուզի: Դու միայն քո հրացանը պատրաստ պահիր, սիրելի Չանկր: Ես հանուն քեզ կբավարարվեմ անգամ երկու հազար ինը հարյուր իննսուն ինը ճնճղուկով…


(Աղվեսը երգում է, կատուն կրկներգին միանում է նրան)


Օ, աղվեսը կատվի հետ

Որսորդներ են առհավետ,

Հոպ լե, հոպ լե

Որսորդներ են առհավետ:


Ճնճղուկները խատուտիկ,

Շատ համեղ են, բայց` պստիկ,

Հոպ լե, հոպ լե,

Շատ համեղ են, բայց` պստիկ:


Մեզնից հեռու չեն թռչի,

Հրացանը կատակ չի,

Հոպ լե, հոպ լե,

Հրացանը կատակ չի:


Չանկր բռնիր նշանը

Զգույշ քաշիր ձգանը

Հոպ լե, հոպ լե,

Զգույշ քաշիր ձգանը:


Շանել աղվես - Գնանք, իմ սիրելի Չանկր: Նրանք այս կողմերում շատ-շատ են: Այնքան շատ են, այնքան շատ, որ եթե թաթդ պարզես կդիպչես կտուցներին:

Չանկր կատու - Գնանք, իմ հարազատ Շանել: Մռռ… Ես հրացանս կպարզեմ ու…

Շանել աղվես - ՈՒ, բում, բում… երգելով գնում են)


Ճնճղուկները խատուտիկ…

Շատ համեղ են, բայց` պստիկ,

Հոպ լե, հոպ լե,

Շատ համեղ են, բայց` պստիկ:



ՊԱԿՏԵՐ ԵՐԿՐՈՐԴ


(Արևածաղիկների դաշտը: Գետնին փռված խրտվիլակը մենակ է)


Խրտվիլակ - Այ քեզ, դժբախտություն: Այ քեզ, մեծ դժբախտություն: Այ քեզ, շատ մեծ դժբախտություն: Հիմա, ուր որ է, իմ ընկեր ճնճղուկը կգա: Նրա հետ կգան հարյուրավոր, չէ, միլիոնավոր ճնճղուկներ: Նրանք իմ պատճառով, սեփական ոտքի վրա կանգնել չկարողացող խռտվիլակի պատճառով, աղվեսի ու կատվի զոհը կդառնան: Հրացանը, բում, կպայթի ու ճնճղուկները, իմ բարի ընկերները … Օ, ոչ; Ես դա չեմ կարող թույլ տալ: Հեյ, հեյ, իմ ընկեր ճնճղուկներ: ՈՒ՛ր են զանգուլակներս… Հիմա ես աղմուկ կբարձրացնեմ, մեծ աղմուկ… Վայ ինձ… Ահա նրանք… Դրանք այլևս զանգուլակներ չեն: Դրանք անպետք ու դատարկ պահածոյի տուփերի պես ընկած են այս ու այնտեղ և միայն համր ու բաց բերաններով երկինք են նայում : (Լսվում է ճնճղուկի ծլվլոցը, ապա` նրա ծլվլոցին գումարվում են այլ ճնճղուկների ձայներ) Ես լսում եմ ճնճղուկի ծլվլոցը: Ես զգում եմ նրա թևերի թափահարումը: Օ, ոչ, նա մենակ չէ, նրա հետ են հարյուրավոր, չէ ինչ հարյուրավոր, միլիոնավոր ճնճղուկներ: Նրանք գալիս են ինձ ոտքի կանգնեցնելու… Ես չեմ ուզում ոտքի կանգնել: Չեմ ուզում: Փախեք , թռեք, հեռացեք այս վտանգավոր դաշտից, սիրելիներս:

(Գալիս է մեր ծանոթ ճնճղուկը)


Ճնճղուկ -Խրտվիլակ, խրտվիլակ, մենք եկանք: Իմ եղբայրներն ու քույրերը քեզ ոտքի կկանգնեցնեն:

Խրտվիլակ - Չեմ ուզում: Հեռացեք , շուտ հեռացեք, այս վտանգավոր դաշտից: Ես չեմ ուզում ձեր դժբախտության պատճառը դառնալ: Չանկր կատուն, Չանկր կատուն ու Շանել աղվեսը:

Ճնճղուկ - Ի՞նչ, ի՞նչ:

Խրտվիլակ - Նրանք ձեր հետքերն են փնտրում£

Ճնճղուկ - Չանկր կատուն, Շանել աղվեսը:

Խրտվիլակ - Նրանք հրացան ունեն:

Ճնճղուկ - Սարսափելի է:

Խրտվիլակ -Դե, հեռացիր: Թող քո եղբայրներն ու քույրերն էլ հեռանան:

Ճնճղուկ - Իսկ դու: Իսկ, իսկ իմ ճնճղուկյան պատիվը: Օ, ոչ, իմ ընկեր Խրտվիլակ , իսկական ընկերը երևում է վտանգի ժամանակ: Ես չեմ թողնի քեզ մենակ: Մենք քեզ ոտքի կկանգնեցնենք:

Խրտվիլակ - Դա հիմա անհնար է: Մեզ խանգարում են£ Քաղցած կատուն ու աղվեսը շատ վտանգավոր են: Հեռացեք , նրանք հիմա կնկատեն ձեզ:

Ճնճղուկ ( ընդհանուրին դիմելով ) - Հեյ, հեյ, ոչ ոք խուճապի չմատնվի£ Քանի դեռ նրանք մեզ չեն նկատել , ես այս պարանները կգցեմ խրտվիլակի թևերի տակով, իսկ ծայրերը կհասցնեմ ծառերի մեջ թաքնված ընկերներիս:


(Ճնճղուկը պարանները անցկացնում է Խրտվիլակի թևերի տակով և ծայրերը տանում իր ընկերների մոտ: Հեռվից լսվում է աղվեսի ու կատվի շշնջյունով կատարվող երգը):


Խրտվիլակ - Արագ, ճնճղուկ, սիրելիս: Ես չեմ ուզում, որ դու զոհվես: Ես չեմ ուզում, որ իմ պատճառով որևէ ճնճղուկի փետուր վայր ընկնի:

ճնճղուկ - Ահա, մնաց վերջին պարանը:

Խրտվիլակ - Աղվեսի ականջները: Չանկր կատուն: Նրանք մոտենում են: Արագ, ճնճղուկ, առջևից աղվեսն է վազում, իսկ հետևից Չանկրն է` հրացանը ձեռքին, արագ:


(Աղվեսը վազելով մոտենում է ճնճղուկին ու փորձում է բռնել)


Աղվես - Հափ, հափ, հափ: Չանկր կրակիր, Չանկր:


(Ճնճղուկը աղվեսից խույս է տալիս ու սուրում երկինք):


Ճնճղուկ - Հոպ-պա… Խրտվիլակ, մենք քեզ հիմա օդ կբարձրացնենք, իսկ դու ոտքով մի լավ հարվածիր այդ հիմարի գլխին:

Խրտվիլակ - Ես ամուր բռնել եմ պարանները£ Դե, ես բարձրանում եմ, հո, հո, հո… Ես թռչում եմ ինչպես ինքնաթիռ: Ես Խրտվիլակն եմ, որ կարող է ինքնաթիռ դառնալ: ՈՒ… ( օդից հարձակվում է աղվեսի վրա ու մի լավ հարվածում ) առ քեզ, դե, առ քեզ…

Աղվես – Ա… Չանկր Օդային հարձակում: Սպանում են: Ա…


(Աղվեսը փախչում է: Գալիս է կատուն, որը փորձում է կրակել):


Չանկր կատու - Հիմա ձեզ ցույց կտամ անպետք ճնճղուկներ ( նկատում է թռչող խրտվիլակին ու սարսափահար կանգնում ) Այ, վույ, դայ, դայ: Վայ, խրտվիլակը

թռչում է: Ես, ես: Չեմ ուզում թռչող խրտվիլակ տեսնել:


(Խրտվիլակը հարձակվում է որսորդի վրա: Սա հրացանը մի կողմ է նետում ու գլուխը բռնած` փախչում):


Խրտվիլակ - Մենք հաղթեցինք նրանց: ճնճղուկ նրանք փախչում են:

ճնճղուկ - Այո, այո, մենք հաղթեցինք: Իսկ հիմա պատրաստ եղիր: Դու վայրէջք ես կատարելու: Մենք քեզ կկանգնեցնենք ամուր հողի վրա: Պատրաստ ես:

Խրտվիլակ - Պատրաստ եմ:

ճնճղուկ - Դե , սկսում ենք վայրէջքը: Մեկ, երկու, երեք…


(Խրտվիլակը կանգնում է գետնին)

Խրտվիլակ - Ես կրկին ամուր կանգնած եմ: Լսում եք, ճնճղուկներ:


(Հնչում է ,,Երբ ընկերը հեռուներից,, երգը)


ճնճղուկ - Լսում ենք: Քեզ բոլորը շատ լավ են լսում, սիրելի խրտվիլակ: Իսկ հիմա հրահանգ բոլոր ճնճղուկներին: Պարանները հանել խրտվիլակի թևատակերից: Կտուցները վեր պարզել: Թևերի բացվածքը` ամենալայնը:Պատրաստվել թռիչքի: Բարձրությունն` առավելագույն: Մեկնարկ… Սիրելի բարեկամ խրտվիլակ, նայիր երկինք: Տես թե ինչ են բերել ճնճղուկներն իրենց կտուցներին:

Խրտվիլակ - (վերև է նայում ու հիանում): Ձյան փաթիլներ: Իսկական ձյան փաթիլներ: Ձյուն է գալիս: Հեյ-հեյ ձյուն է գալիս, փաթիլներն իջնում են իմ վրա: Նրանք նստում են ձեռքերիս, ուսերիս, գլխիս,ոտքիս տակ:


(Խրտվիլակը աստիճանաբար փոխվում է Ձնե մարդու)


Ճնճղուկ - Դու Ձնե մարդու ես վերափոխվում: Դու Ձնե մարդ ես:


(Հնչում է երգը)


Եթե ձյունը փաթիլ-փաթիլ,

Իջնի իմ կամ քո վրա,

Ճնճղուկներն ու բարի մարդիկ

Կասեն Ձնե մարդ է նա:

Մանուկները` կծիծաղեն,

Թռչունները` կերգեն,

Այս աշխարհում և ամենուր

Բոլորն իրար ընկեր են:


Վ Ե Ր Ջ





1234567
    Դիտվել է 896 անգամ
    1