Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Խաղի ավարտը


Սեմյուել Բեքքեթ

Խաղի Ավարտը

Թարգմանությունը՝ Լեվոն Մութաֆյանի




Դատարկ բնակարան: Գորշավուն լույս: Խորքում գտնվող աջ և ձախ պատերին՝ իջեցված վարագույրներով մեծ պատուհաններ: Բեմառաջքի աջ կողմում դուռ: Դռան մոտ, դեպի պատը շրջված, նկար: Բեմառաջքում, իրար կիպ հպված, դրված է երկու աղբաման՝ ծածկված հին սավաններով: Կենտրոնում, անվավոր բազկաթոռի վրա, սավանով պարուրված, նստած է Համմը: Բազկաթոռի մոտ անշարժ կանգնած է Կլովը և անթարթ նայում է նրան: Կլովի դեմքը խիստ կարմիր է: Կլովը անցնում է բեմով և ձախ կողմից մոտենում պատուհանին: Նա իր անվճառականությունը փորձում է կոծկել ոտքերով գետնին հարվածելով: Գլուխը հետ գցելով՝ նայում է ձախ պատուհանին: Շրջելով գլուխը՝ նայում է աջ պատուհանին: Կտրում է բեմն ու կանգնում աջ պատուհանի մոտ: Հետ շրջելով գլուխը՝ նայում է ձախ պատուհանին: Շրջում է գլուխը, նորից նայում ձախ պատուհանին: Դուրս է գալիս և անմիջապես վերադառնում աստիճանով, այն տեղադրում է ձախ պատուհանի տակ, բարձրանում է նրա վրա և հետ տանում պատուհանին կախված վարագույրը: Իջնում է աստիճանից, դեպի աջ պատուհանը վեց քայլ է անում, վերադառնում է, վերցնում աստիճանը, այն տեղադրում է աջ պատուհանի տակ, բարձրանում է բացում վարագույրը: Իջնում է աստիճանից, երեք քայլ անում դեպի ձախ պատուհանը, վերադառնում է, վերցնում աստիճանը, այն տանում ու դնում ձախ պատուհանի մոտ, բարձրանում և նայում պատուհանից դուրս: Թեթևակիորեն ծիծաղում է: Իջնում է աստիճանից, մի քայլ է անում դեպի աջ պատուհանը, վերադառնում է, վերցնում աստիճանը, բերում և այն տեղադրում է աջ պատուհանի տակ: Բարձրանում է աստիճանով, նայում պատուհանից: Թեթևակիորեն ծիծաղում է: Իջնում է աստիճանից, գնում է աղբամանի ուղղությամբ, վերադառնում է, վերցնում աստիճանը, կանգ առնում, մի կողմ նետում աստիճանը, գնում դեպի աղբամանները, դեն է տանում դրանք փակող սավանը, հանգամանորեն ծալում է այն, նետում ձեռքին: Բարձրացնում է կափարիչը, կռանում և նայում է արկղի մեջ: Կարճատև ծիծաղ: Փակում է կափարիչը: Նույնը կատարում է մյուս արկղի հետ: Մոտենում է Համմին, դեն է տանում նրան ծածկող սավանը, հանգամանորեն ծալում և նետում է թևին: Համմը խալաթով է, գլխին ֆետրե թասակ է դրված, դեմքը ծածկված է արյունոտված թաշկինակով: պարանոցից սուլիչ է կախված, ծնկներին հաստ ծածկոց է, ոտքերին հաստ գուլպաներ են, այն տպավորույթունն է, որ քնած է: Կլովը նայում է նրան: Ծիծաղում է: Կլովը գնում է դեպի դուռը, կանգ է առնում, շրջվում, նայում է բեմին, հետո դեմքով դառնում է դեպի դահլիճը:

ԿԼՈՎ – (անշարժ հայացք, անգույն ձայն): Վերջացավ, ամեն ինչ վերջացավ, ամեն ինչ կվերջանա, ամեն ինչ, հավանաբար կվերջանա: (Դադար): Հատիկ առ հատիկ, մեկը մյուսի հետևից, իրար լրացնելով... ու մի գեղեցիկ օր մեր առջև կհառնի մի կույտ, ոչ մեծ կույտ, անտանելի կույտ... (Դադար): Ինձ այլևս պատժել չի կարելի: (Դադար): Գնամ իմ խոհանոը, երեքը երեքի վրա, երեքմետր էլ վերևից: Կսպասեմ, քանի դեռ նա ինձ չի կործանել: (Դադար): Խոհանոցի համար հրաշալի չափսեր են: Ես կբախվեմ սեղանին, կնայեմ պատին, քանի դեռ նա չի ճնշել ինձ:

Մի րոպե կանգնում է անշարժ: Հետո դուրս գալիս: Անմիջապես վերադառնում է, վերցնում աստիճանն ու դուրս տանում: Լռություն: ՀԱՄՆ սկսում է շարժվել: Տեսանելի է, թե ինչպես է թաշկինակը բերանին պահած՝ հորանջում: Թաշկինակը դեմքից հեռու է տանում: Դեմքը ահավոր կարմիր է: Կրում է սև ակնոցներ:

ՀԱՄՄ – Ես... ես... (հորանջում է): Ուզում եմ խաղալ: (Բռնել է ուղղված թաշկինակը): Հին փալաս է: (Հանում է ակնոցը, սրբում աչքերը, հետո դեմքը, հետո նորից սրբում է ակնոցները, դնում աչքերին, զգուշորեն ծալում է թաշկինակը, զգուշորեն մտցնում այն խալաթի վերին գրպանի մեջ: Հազում է, բերանը փակում մատների ծայրերով): Արդյո՞ք աշխարհի վրա լինում են… (Հորանջում է): իմ տանջանքներից ավելի մեծ տանջանքներ… Անտարակույս: Նախկինում եղել են: Իսկ հիմա՞: (Դադար): Իմ հա՞յրը: (Դադար:) Իմ մա՞յրը: (Դադար:) Իմ… շու՞նը: (Դադար:) Ես համաձայն եմ մտածել, որ նրանք տառապում են, եթե, իհարկե, նման էություններն ի զորու են տառապել: Բայց արդյո՞ք սա նշանակում է, որ մեր տառապանքները համաչափ են: Իհարկե: (Դադար:) Ոչ, այս ամենը… (հորանջում է) բացարձակորեն հաստատում է, որ մի քիչ ավել կամ պակաս՝ դու լցված ես նրանցով: (Դադար: Մռայլ:) Եվ հատկապես որ դու դատարկ ես: (Հոտոտում է): Կլով: (Դադար): Չէ, ես մենակ եմ: Ի՜նչ երազներ… Շա՜տ երազներ… Բավական է, ժամանակն է, որպեսզի ամեն ինչ վերջանա, անգամ այստեղ՝ թաքստարանում: (Դադար): Եվ այնուամենայնիվ, ես չեմ կարողանում վճռական լինել, չեմ կարողանում… վերջացնել: Հենց այսպես, բանն այս է, ժամանակն է, որպեսզի ամեն ինչ վերջանա: Բայց, չգիտես ինչու, ես դեռ չեմ կարողանում վճռական լինել: (Հորանջում է): Պետք է վերջացնել… Աստված իմ, ինչ եմ ես այստեղ մնացել… արդեն քնելու ժամն է… (Սուլում է:)

Անմիջապես մտնում է Կլովը: Նա մոտենում և կանգ է առնում բազկաթոռի մոտ:

Դու օդը թունավորում ես: (Դադար): Ինձ կարգի բեր, ես պատրաստվում եմ քնել:

ԿԼՈՎ – Ես հենց նոր քեզ բարձրացրեցի:

ՀԱՄՄ – Եվ ի՞նչ:

ԿԼՈՎ – Ես չեմ կարող ամեն հինգ րոպեն մեկ քեզ բարձրացնել ու տեղավորել: Առանց այն էլ ես շատ գործեր ունեմ:

Լռություն:

ՀԱՄՄ – Դու երբևէ տեսե՞լ ես իմ աչքերը:

ԿԼՈՎ – Ոչ:

ՀԱՄՄ – Իսկ մի՞թե գեթ մեկ անգամ քո մոտ ցանկություն չի առաջացել թեկուզ քնածս ժամանակ հանել ակնոցներս և տեսնել աչքերս:

ԿԼՈՎ – Ոչ:

ՀԱՄՄ – Մի գեղեցիկ օր ես քեզ ցույց կտամ: (Դադար): Երևում է, որ նրանք ամբողջապես հիվանդացել են: Ժամը քանի՞սն է:

ԿԼՈՎ – Այն, ինչ միշտ:

ՀԱՄՄ – Դու նայե՞լ ես:

ԿԼՈՎ – Այո:

ՀԱՄՄ – Եվ ի՞նչ:

ԿԼՈՎ – Զրո:

ՀԱՄՄ – Ավելի լավ է անձրև գար:

ԿԼՈՎ – Անձրև չի լինելու:

Լռություն:

ՀԱՄՄ – Իսկ այս ամենից բացի, ամեն ինչ կարգի՞ն է:

ԿԼՈՎ – Ես չեմ դժգոհում:

ՀԱՄՄ – Դու լա՞վ վիճակում ես:

ԿԼՈՎ - (բորբքված): Ես ասում եմ, չէ, որ չեմ դժգոհում:

ՀԱՄՄ – Իսկ ես ինձ մի քիչ տարօրինակ եմ զգում: (Դադար): Կլով:

ԿԼՈՎ – Այո:

ՀԱՄՄ – Չե՞ս զգոընմ որ դու արդեն հոգնեցնում ես:

ԿԼՈՎ – Այո: (Դադար): Ինչու՞:

ՀԱՄՄ – Այս ամենը… ամենը…

ԿԼՈՎ – Եվ շատ վաղուց: (Դադար): Իսկ քո հարցում ի՞նչ կասես:

ՀԱՄՄ - (մռայլ): Ուրեմն, այլևս այս ամենը փոխելու իմաստը չեմ տեսնում:

ԿԼՈՎ – Այս ամենը կարող է վերջանալ: (Դադար): Ողջ կյանքում՝ նույն հարցերը, նույն պատասխանները:

ՀԱՄՄ – Ինձ կարգի բեր:

Կլովը տեղից չի շարժվում:

Գնա և բեր ծածկոցը:

Կլովը տեղից չի շարժվում:

Կլով:

ԿԼՈՎ – Այո:

ՀԱՄՄ – Քեզ այլևս ուտելու ոչինչ չեմ տա:

ԿԼՈՎ – Նշանակում է, մենք կմեռնենք:

ՀԱՄՄ – Ես քեզ ուղիղ այնքան կտամ, որքան պետք է, որ չմեռնես: Դու միշտ սոված կլինես:

ԿԼՈՎ – Նշանակում է, մենք չենք մեռնի: (Դադար): Գնամ բերեմ ծածկոցը:

Գնում է դեպի դուռը:

ՀԱՄՄ – Կարիք չկա:

Կլովը կանգ է առնում:

Ես քեզ օրական մի թխվածքաբլիթ կտամ: (Դադար): Դրա կեսը: (Դադար): Դու ինչու՞ ես ինձ հետ մնում:

ԿԼՈՎ – Դու ինչու՞ ես ինձ պահում:

ՀԱՄՄ – Ուրիշ մեկը չկա:

ԿԼՈՎ – Ուրիշ մեկը չի կարող լինել:

Լռություն:

ՀԱՄՄ – Միևնույն է, դու ինձ կլքես:

ԿԼՈՎ – Ես կփորձեմ:

ՀԱՄՄ – Դու ինձ չես սիրում:

ԿԼՈՎ – Չեմ սիրում;

ՀԱՄՄ – Իսկ առաջ սիրում էիր:

ԿԼՈՎ – Առաջ:

ՀԱՄՄ – Ես ստիպել եմ քեզ չափից շատ տառապել: (Դադար): Ճիշտ է, չէ՞:

ԿԼՈՎ – Ճիշտ չէ:

ՀԱՄՄ – Ու ես քեզ չափից շատ չե՞մ ստիպել տառապել:

ԿԼՈՎ – Ստիպել ես:

ՀԱՄՄ - (թեթևացած): Ահա տեսնում ես… (Դադար, սառը): Ներիր: (Դադար, բարձր): Ես ասացի՝ ներիր:

ԿԼՈՎ – Ես լսում եմ: (Դադար): Շա՞տ արյուն կար:

ՀԱՄՄ – Քիչ էր: (Դադար): Ժամանակը չէ՞ հանգստացնող ընդունեմ:

ԿԼՈՎ – Ոչ:

Լռություն:

ՀԱՄՄ – Ի՞նչ վիճակում են աչքերդ:

ԿԼՈՎ – Վատ:

ՀԱՄՄ – Իսկ ոտքե՞րդ:

ԿԼՈՎ – Վատ:

ՀԱՄՄ – Բայց դու կարող ես շարժվել:

ԿԼՈՎ – Այո:

ՀԱՄՄ - (կատաղի): Դե շարժվիր ուրեմն:

Կլովը հետ է գնում, դեպի պատը, թեքվում է ձառքերով և ճակատով:

Դու որտե՞ղ ես:

ԿԼՈՎ – Այստեղ:

ՀԱՄՄ – Վերադարձիր:

Կլովը վերադառնում է բազկաթոռի մոտ:

Որտե՞ղ ես:

ԿԼՈՎ – Այստեղ:

ՀԱՄՄ – Իսկ ինչու՞ ինձ չես սպանում:

ԿԼՈՎ – Ես չգիտեմ թվերի կոմբինացիան, որպեսզի բացեմ բուֆետը:

Լռություն:

ՀԱՄՄ – Գնա ինձ հեծանիվի երկու անիվ բեր:

ԿԼՈՎ – Հեծանիվի անիվներ այլևս չեն մնացել:

ՀԱՄՄ – Իսկ քո հեծանիվն ի՞նչ ես արել:

ԿԼՈՎ – Ես երբեք հեծանիվ չեմ ունեցել:

ՀԱՄՄ – Չի կարող պատահել:

ԿԼՈՎ – Երբ աշխարհում դեռ հեծանիվներ կային, ես լաց էի լինում, որ ես էլ եմ ուզում ունենալ: Ես քարշ էի գալիս ոտքերիդ մոտ: Դու ինձ խոստանում էիր: Հիմա այլևս հեծանիվ չկա:

ՀԱՄՄ – Դու ի՞նչ է, միշտ ոտքո՞վ ես ման եկել, երբ այցելում էիր իմ աղքատներին, շրջագայում էիր:

ԿԼՈՎ – Երբեմն ձիով էի գնում:

Աղբամաններից մեկի կափարիչը բարձրանում է. և մենք տեսնում ենք Նագգի ձեռքերը, որոնցով նա կառչում է եզրերից: Հետո հայտնվում է գլուխը, գլխին գիշերային թասակ կա: Դեմքը շատ սպիտակ է: Նագգը հորանջում է, ապա ականջ դնում:

ԿԼՈՎ – Ես գնում եմ, գործեր ունեմ:

ՀԱՄՄ – Խոհանոցու՞մ:

ԿԼՈՎ – Այո:

ՀԱՄՄ – Դրսում միայն մահն է: (Դադար): Դե լավ, գնա:

Կլովը դուրս է գալիս: Դադար:

Մենք շարունակում ենք:

ՀԱԳԳ – Իմ խաշիլը:

ՀԱՄՄ – Անիծյալ նախնի:

ՆԱԳԳ – Իմ խաշիլը:

ՀԱՄՄ – Ախ այս անիծյալ ծերուկները: Միայն թե լափեն, միայն թե լափեն, հենց միայն ուտելու մասին են մտածում: Սուլում է(:

Մտնում է Կլովը, մոտենում բազկաթոռին և կանգ առնում:)

Մի տես, է… Իսկ ես մտածում էի, թե պատրաստվում ես ինձ լքել:

ԿԼՈՎ – Օ, ոչ… Ոչ հիմա, ոչ հիմա…

ՆԱԳԳ – Իմ խաշիլը:

ՀԱՄՄ – Տուր դրան այդ խաշիլը:

ԿԼՈՎ – Խաշիլ էլ չկա:

ՀԱՄՄ - (դառնալով Նագգին): Այլևս խաշիլ չկա: Դու էլ երբեք չես ստանա քո խաշիլը:

ՆԱԳԳ – Խաշիլ եմ ուզում:

ՀԱՄՄ – Նրան թխվածքաբլիթ տուր:

Կլովը դուրս է գալիս: Արագ վերադառնում: Ձեռքին թխվածքաբլիթ կա:

ԿԼՈՎ – Ես վերադարձա թխվածքաբլիթով:

Թխվածքաբլիթը դնում է Նագգի ձեռքը, վերջինս վերցնում է, շոշափում, հոտ քաշում:

ՆԱԳԳ – Սա ի՞նչ է:

ԿԼՈՎ – Սովորական թխվածք:

ՆԱԳԳ – Չոր է: ես չեմ կարող:

ՀԱՄՄ – Փշրիր դա:

Կլովը Նագգին հրում աղբամանի մեջ, փակում կափարիչը:

ԿԼՈՎ - (վերադառնում է բազկաթոռի մոտ): Եթե ծերությունն իմանար…

ՀԱՄՄ – Վերևում նստիր:

ԿԼՈՎ – Ես չեմ կարող նստել:

ՀԱՄՄ – Ճիշտ է: Ես չեմ կարող կանգնել:

ԿԼՈՎ – Ճիշտ այդպես:

ՀԱՄՄ – Ամեն մեկին իրենը: (Դադար): Ոչ ոք չի՞ զանգել: (Դադար): Ի՞նչ, մենք այլևս չե՞նք ծիծաղում:

ԿԼՈՎ - (մտածելով): Ցանկություն չկա:

ՀԱՄՄ – Ես էլ ցանկություն չունեմ: Կլով:

ԿԼՈՎ – Այո:

ՀԱՄՄ – Բնությունը մեր մասին մոռացել է:

ԿԼՈՎ – Այլևս բնություն չկա:

ՀԱՄՄ – Բնություն չկա: Դու չափազանցնում ես;

ԿԼՈՎ – Դե, այնուամենայնիվ, շրջակայքում:

ՀԱՄՄ – Բայց չէ՞ որ մենք շնչում ենք, փոխվում ենք: Մենք կորցնում ենք մազերը, ատամները: Մեր թարմությունը: Մեր երազանքները:

ԿԼՈՎ – Նշանակում է, բնությունը մեր մասին չի մոռացել:

ՀԱՄՄ – Բայց դու ասում ես, որ այն այլևս չկա:

ԿԼՈՎ - (տխուր): Ոչ ոք աշխարհում այսպես խառնափնթոր մտքեր չի ասել, ինչպես մենք:

ՀԱՄՄ – Մենք անում ենք այն, ինչ կարողանում ենք:

ԿԼՈՎ – Չարժեր այդ ամենը:

Լռություն:

ՀԱՄՄ – Կարծում ես, թե դու մի կտորի՞ց ես:

ԿԼՈՎ – Հազար կտորից:

Լռություն:

ՀԱՄՄ – Ինչու՞ է ամեն ինչ այսպես դանդաղ ձգվում: (Դադար): Ժամանակը չէ՞ հանգստացնող խմեմ:

ԿԼՈՎ – Ոչ: (Դադար): Ես հեռանում եմ, գործեր ունեմ:

ՀԱՄՄ – Խոհանոցու՞մ:

ԿԼՈՎ – Այո:

ՀԱՄՄ – Ուզում եմ իմանալ, թե ինչ գործեր:

ԿԼՈՎ – Ես նայում եմ պատին:

ՀԱՄՄ – Պատին: Եվ ի՞նչ ես տեսնում այդ պատին:

ԿԼՈՎ – Ես տեսնում եմ, թե ինչպես է իմ լույսը մեռնում:

ՀԱՄՄ – Քո լույսը մեռ… Միայն լսիր, թե ինչ ես խոսում: Դե ինչ, այն նույն հաջողությամբ կմեռնի այստեղ էլ, դա քո լույսն է: Նայիր ինձ: Եվ կպատմես ինձ քո այդ լույսի մասին:

Լռություն:

ԿԼՈՎ – Իզուր ես դու ինձ հետ այդպես խոսում:

Լռություն:

ՀԱՄՄ - (սառը): Ներիր: (Դադար): Ես ասացի՝ ներիր:

ԿԼՈՎ – Լսում եմ:

Լռություն: Նագգի աղբամանի կափարիչը բարձրանում է: Մենք տեսնում ենք կողքերին կառչող ձեռքեր: Հետո գլուխ է հայտնվում: Մի ձեռքում ամուր բռնված թխվածքն է: Նագգն ականջ է դնում:

ՀԱՄՄ – Քո սերմերն արդեն ծլե՞լ են;

ԿԼՈՎ – Ոչ:

ՀԱՄՄ – Իսկ գուցե նրանք արդեն ծլե՞լ են: Դու որևէ ջանք չես գործադրել, որպեսզի տեսնես:

ԿԼՈՎ – Նրանք չեն ծլում:

ՀԱՄՄ – Գուցե դեռ շատ վաղ է:

ԿԼՈՎ – Եթե նրանք ծլելու լինեին, ապա վաղուց ծլած կլինեին: Նրանք երբեք ծիլ չեն տա:

Լռություն:

ՀԱՄՄ – Այնքան էլ զվարճալի չէ: (Դադար): Բայց միշտ էլ օրվա վերջին այսպես է, չէ՞, Կլով:

ԿԼՈՎ – Իհարկե:

Լռություն:

ՀԱՄՄ – Բայց ի՞նչ է կատարվում, ի՞նչ է կատարվում:

ԿԼՈՎ – Ամեն ինչ սովորականի պես է ընթանում:

Լռություն:

ՀԱՄՄ – Դե լավ, գնա: (Հենվում է բազկաթոռի թիկնակին, անշարժանում):

Կլովը տեղից չի շարժվում: Կլովը ծանր շնչում է: Համմն ուղղվում է տեղում:

Կարծես թե ես քեզ կարգադրեցի գնալ:

ԿԼՈՎ – Ես կփորձեմ: (Գնում է դեպի դուռը, կանգ առնում): Փորձում եմ մանկությունից:

Դուրս է գնում:

ՀԱՄՄ – Մենք շարունակում ենք:

Հենվում է բազկաթոռի թիկնակին, անշարժանում: Նագգը թակում է մյուս աղբամանի կափարիչին: Լռություն: Նա ուգին թակում է: Կափարիչը բարձրանում է: Մենք տեսնում ենք Նելլի ձեռքը, որը կառչած է աղբամանի կողերից: Հետո երևում է գլուխը: Ժանեկազարդ թասակ է կրում: Դեմքը շատ սպիտակ է:

ՆԵԼԼ – Ի՞նչ է պատահել, չաղլիկ: (Դադար): Հաշտվե՞նք:

ՆԱԳԳ – Դու քնա՞ծ էիր:

ՆԵԼԼ – Օ, ոչ:

ՆԱԳԳ – Համբուրիր ինձ:

ՆԵԼԼ – Մենք չենք կարող:

ՆԱԳԳ – Եկ փորձենք:

Նրանց գլուխները գերագույն ճիգեր գործադրելով՝ մոտենում են իրար, սակայն չեն կարողանում հպվել:

ՆԵԼԼ – Ու՞մ է պետք ամենօրյա այս կատակերգությունը:

Լռություն:

ՆԱԳԳ – Ատամս է ընկել:

ՆԵԼԼ – Այդ ե՞րբ:

ՆԱԳԳ – Դեռ երեկ այն իր տեղում էր:

ՆԵԼԼ - (հանդիսավոր): Դե դա երեկ էր:

Նրանք դժվարությամբ դեմ առ դեմ են կանգնում:

ՆԱԳԳ – Դու ինձ տեսնու՞մ ես;

ՆԵԼԼ – Վատ: Իսկ դու՞:

ՆԱԳԳ – Ի՞նչ:

ՆԵԼԼ – Դու ինձ տեսնու՞մ ես:

ՆԱԳԳ – Վատ:

ՆԵԼԼ – Ավելի լավ, ավելի լավ:

ՆԱԳԳ – Այդպես մի խոսիր: (Դադար): Մեր տեսողությունը թուլանում է:

ՆԵԼԼ – Այո:

Լռություն: Նրանք շրջվում են իրարից:

ՆԱԳԳ – Դու ինձ լսու՞մ ես:

ՆԵԼԼ – Այո, իսկ դու:

ՆԱԳԳ – Այո: (Դադար): Մեր լսողությունը չի թուլացել:

ՆԵԼԼ – Մեր ի՞նչը:

ՆԱԳԳ – Մեր լսողությունը:

ՆԵԼԼ – Ոչ: Դու ուզում ես ինձ էլի՞ ինչ-որ բան ասել:

ՆԱԳԳ – Հիշում ես…

ՆԱԳԳ – Ինչպես մենք ընկանք երկտեղանի հեծանվից և կոտրեցինք մեր ոտքերը:

Ծիծաղում են:

ՆԵԼԼ – Դա Արդեններում էր:

Կամաց ծիծաղում են:

ՆԱԳԳ – Սեդանից վերադարձի ճանապարհին:

Ծիծաղը կամաց մարում է: Դադար:

Դու մրսու՞մ ես:

ՆԵԼԼ – Այո, շատ: Իսկ դու՞:

ՆԱԳԳ – Ես լրիվ փայտացել եմ: (Դադար): Ուզու՞մ ես քո տեղը վերադառնալ:

ՆԵԼԼ – Այո:

ՆԱԳԳ – Դե վերադարձիր:

Նելլը չի շարժվում:

Դու ինչու՞ չես վերադառնում:

ՆԵԼԼ – Չգիտեմ:

Լռություն:

ՆԱԳԳ – Քո տաշեղները փոխե՞լ են:

ՆԵԼԼ – Սրանք տաշեղներ չեն, Նագգ, խնդրում եմ ճիշտ արտահայտվել:

ՆԱԳ – Դե լավ, ավազը: Դա այնքան էլ կարևոր չէ:

ՆԵԼԼ – Կարևոր է:

Լռություն:

ՆԱԳԳ – Առաջ դրանք տաշեղներ էին:

ՆԵԼԼ – Դե իհարկե:

ՆԱԳԳ – Իսկ հիմա ավազ է: (Դադար): Ծովափից բերված: (Դադար, բարձր): Իսկ հիմա դա ավազ է, որը նա բերում է ծովափից:

ՆԵԼԼ – Դե իհարկե:

ՆԱԳԳ – Նա քո ավազը փոխե՞լ է:

ՆԵԼԼ – Ոչ:

ՆԱԳԳ – Իմն էլ չի փոխել: (Դադար): Ես սա չեմ կարող հանդուրժել: (Դադար: Ցույց է տալիս թխվածքը): Մի կտոր կուտե՞ս:

ՆԵԼԼ – Ոչ: (Դադար): Մի կտոր ի՞նչ:

ՆԱԳԳ – Թխվածքաբլիթ: Ես այս կեսը պահել եմ: (Նայում է թխվածքին, հպարտ): Անգամ երեք քառորդը: Եվ այս բոլորը քեզ համար: Վերցրու: (Մեկնում է նրան թխվածքի կտորը): Ո՞չ: (Դադար): Դու քեզ լավ չե՞ս զգում:

ՆԵԼԼ - (հոգնած): Լռեցեք, ի սեր Աստծո, լռեցեք: Դուք ինձ խանգարում եք քնել: (Դադար): Կամաց խոսեցեք: (Դադար): Եթե ես կարողանայի քնել, ապա կզբաղվեի սիրով: Կգնայի անտառ, կտեսնեի… երկինքը, հողը: Կվազեի: Իսկ իմ հետևից կրնկակոխ կգային: Իսկ ես կփախչեի նրանցից: (Դադար): Բնությու՜ն… (Դադար): Իմ գլխի մեջ անընդհատ ջրի կաթիլ է ընկնում: (Դադար): Սա սիրտս է, սիրտս է աղմկում գլխիս մեջ:

Լռություն:

ՆԱԳԳ - (կամաց): Պատկերացնել կարելի է: Նրա սիրտը գլխի մեջ է:

Զգուշավորությամբ փռթկացնում է:

ՆԵԼԼ – Նման բաների վրա չի կարելի ծիծաղել, Նագգ: Դու ինչու՞ ես անընդհատ ծիծաղում:

ՆԱԳԳ – Բայց ոչ շատ բարձր:

ՆԵԼԼ - (չիջեցնելով ձայնը): Ես համաձայն եմ քեզ հետ: Դժբախտությունից ավելի ծիծաղելի բան չկա: Բայց, այնուհանդերձ… Դե իհարկե, իհարկե, դա աշխարհի ամենածիծաղելի կատակն է: Եվ մենք ծիծաղում ենք դրա վրա, ծիծաղում ենք ամբողջ հոգով, բայց միայն մի կարճ ժամանակ: Չէ՞ որ դժբախտությունը միշտ միանման է: Դա նման է զվարճալի պատմության, որը մեզ չափից ավելի հաճախակի են պատմում: Բուն պատմությունն ինքնին շատ լավն է, բայց մենք շարունակում ենք ծիծաղել: Ուզու՞մ ես էլի ինչ-որ բան ինձ ասել:

ՆԱԳԳ – Ոչ:

ՆԵԼԼ – Լավ մտածիր: (Դադար): Այդ դեպքում ես քեզ մենակ կթողնեմ:

ՆԱԳԳ – Դու քո թխվածքաբլիթը չե՞ս ուզում: (Դադար): Ես այն կպահեմ քեզ համար: (Դադար): Կարծում էի, թե պատրաստվում ես ինձ լքել:

ՆԵԼԼ – Ես պատրաստվում եմ քեզ լքել:

ՆԱԳԳ – Գուցե սկզբից քորե՞ս ինձ:

ՆԵԼԼ – Ոչ: (Դադար): Որտե՞ղդ:

ՆԱԳԳ – Մեջքս:

ՆԵԼԼ – Ոչ: (Դադար): Քորվիր արկղի կողերին քսվելով:

ՆԱԳԳ – Ես ուզում էի քիչ ներքև: Ծալքի մոտ:

ՆԵԼԼ – Ո՞ր ծալքի:

ՆԱԳԳ – Դե ծալքի, էլի: (Դադար): Գուցե քորե՞ս: (Դադար): Երեկ այնտեղ դու ինձ լավ քորեցիր:

ՆԵԼԼ - (հանդարտ): Բայց դա երեկ էր:

ՆԱԳԳ – Գուցե որոշե՞ս քորել: (Դադար): Իսկ ուզու՞մ ես քեզ քորեմ: (Դադար): Դու էլի լա՞ց ես լինում:

ՆԵԼԼ – Ես փորձում էի լաց լինել:

Լռություն:

ՀԱՄՄ – Գուցե սա փոքրիկ երակ է:

Լռություն:

ՆԱԳԳ – Նա ի՞նչ ասաց:

ՆԵԼԼ - Գուցե սա փոքրիկ երակ է:

ՆԱԳԳ – Իսկ դա ի՞նչ է նշանակում: (Դադար): Ես քեզ անեկդոտ պատմեմ դերձակի մասին:

ՆԵԼԼ – Ինչու՞:

ՆԱԳԳ – Որպեսզի մռայլությունդ անցնի:

ՆԵԼԼ – Այն ծիծաղելի չէ:

ՆԱԳԳ – Բայց դու միշտ դրա վրա ծիծաղել ես: (Դադար): Առաջին անգամ ես մտածեցի, թե դու ծիծաղից կմեռնես:

ՆԵԼԼ – Դա Կոմո լճի ափին էր: (Դադար): Ապրիլ ամսին, երեկոյին մոտ էր:

ՆԱԳԳ – Մենք նախօրեին նշանվեցինք: Դու այնպես էիր ծիծաղում, որ ես մտածում էի, թե նավակն ուր որ է շուռ կգա: Մենք կարող էինք խեղդվել:

ՆԵԼԼ – Դա նրանից էր, որ ես ինձ երջանիկ էի զգում:

ՆԱԳԳ – Դե ոչ, ոչ, դու իմ անեկդոտի վրա էիր ծիծաղում: Չէ՞ որ դու հիմա էլ ես դրա վրա ծիծաղում; Եվ ամեն անգամ, երբ ես քեզ պատմում եմ:

ՆԵԼԼ – Լիճը խորխոր էր: Հատակն էլ չէր երևում: Այնքան սպիտակ էր… Այնքան մաքուր…

ՆԱԳԳ – Մի անգամ էլ լսիր: Մի անգլիացի Նորտարվա առթիվ ցանկանալով իր համար կարել նոր շերտավոր շալվար, գնում է դերձակի մոտ, իսկ վերջինս էլ նրա չափսերն է վերցնում: ,,Ամեն ինչ կարգին է, եկեք չորս օրից, շալվարը պատրաստ կլինի,,- ասում է դերձակը: Լավ, չորս օր հետո: (Դերձակի ձայնով): ,,Մեծահոգաբար ներեցեք, sorry, եկեք ութ օրից, հետույքն ինձ մոտ չստացվեց,,: Դե ինչ, հետույքը շատ լուրջ բան է և հիմնավոր: Ութ օր անց: (Դերձակի ձայնով): ,,Ես այնպես հուսահատված եմ, եկեք տասն օրից, հիմա էլ ոտքերի բացվածքի խնդիր կա,,: Դե ինչ, եթե ոտքերի բացվածքն է, նուրբ խնդիր է: Տասն օր անց: (Դերձակի ձայնով): ,,Ես ձեր աջև մեղավոր եմ, եեկեք տասնհինգ օրից, ես առևի բացվածքն եմ փչացրել,,: Դե լավ, ճիշտ որ, առջևի բացվածքից առավել կարևոր ինչ կարող է լինել: (Դադար, սովորական ձայնով): Ես կարծես թե շատ անհամ եմ պատմում: (Դադար, մռայլ): Ես անեկդոտը գնալով փչացնում և վատ եմ պատմում: (Դադար: Հեքիաթասացի կեղծ ձայնով): Ժամանակն անցնում էր, ահա և զանգակները հնչեցին, Բարեկենդանը եկավ, և դերձակը վերջապես հասավ կոճակներին: (Ծամածռում է դեմքը, շարունակում նույն ձայնով): ,,Գրողը տանի, սըր, ի վերջո սա ոչ մի բանի պետք չէ այլևս: Լսեցեք, վեց օրում, ընդամենը վեց օրում, Աստված երկիրն արարեց: Ահա այսպես, մեր Տերը արարեց աշխարհը: Իսկ դուք այս գրողը տարած երեք ամսում այդպես էլ չկարողացանք ինձ համար շալվար կարել: (Դերձակի ձայնով, որը շփոթված է): Բայց միլորդ, միլորդ: Նայեցեք… այս աշխարհին… նայեցեք և նայեցեք իմ ՇԱԼՎԱՐԻՆ:

Լռություն: Սևեռված նայում է Նելլին: Նագգը ծիծաղում է հարկադրաբար: Նելլը ծիծաղում է:

ՀԱՄՄ – Վերջ տվեք:

Նագգը ցնցվում է և դադարեցնում ծիծաղը:

ՆԵԼԼ – Հատակը երևում էր:

ՀԱՄՄ - (համբերությունից դուրս գալով): Դուք դեռ չե՞ք վերջացրել; Դուք առհասարակ, ի վերջո, կվերջացնե՞ք; (Ցասումով): Չէ, սա երբեք չի վերջանա:

Նագգը թաքնվում է իր արկղում՝ հետևից շրխկոցով փակելով կափարիչը: Նելլը չի շարժվում:

Եվ էլ ինչի մասին կարող են նրանք խոսել… (Սուլում է):

Հայտնվում է Կլովը:

Հավաքիր այդ աղբն ու ծովը լցրու:

Կլովը գնում է դեպի աղբարկղերը, կանգ առնում:

ՆԵԼԼ – Այնքան սպիտակ էր:

ՀԱՄՄ – Ի՞նչ; Ի՞նչ է նա խոսում:

Կլովը կռանում է Նելլի կողմը, գրկում է նրան:

ՆԵԼԼ - (մեղմ դիմում է Կլովին): Անապատային տարածություն էր:

Կլովը բաց է թողնում նրան, հրում աղբարկղի մեջ, փակում կափարիչը:

ԿԼՈՎ - (վերադառնալով բազկաթոռի մոտ): Զարկերակն այլևս չի լսվում:

ՀԱՄՄ – Օ, այդ փոշին հրաշալի դեղամիջոց է: Նա այստեղ ի՞նչ հիմարություններ էր դուրս տալիս:

ԿԼՈՎ – Նա կարգադրում էր ինձ գնալ անապատ:

ՀԱՄՄ - Պարտավոր եմ ամեն ինչին խառնվել: Եվ դա բոլո՞րն էր:

ԿԼՈՎ – Ոչ:

ՀԱՄՄ – Էլ ի՞նչ:

ԿԼՈՎ – Ես չհասկացա:

ՀԱՄՄ – Դու նրան փակեցի՞ր:

ԿԼՈՎ – Այո:

ՀԱՄՄ – Երկուսին էլ փակեցի՞ր:

ԿԼՈՎ – Այո:

ՀԱՄՄ – Հարկավոր է կափարիչները ամրացնել:

ԿԼՈՎԸ գնում է դեպի դուռը:

ՀԱՄՄ – Դա շտապ չէ:

Կլովը կանգ է առնում:

Իմ ցասումն անցնում է: Ես ուզում եմ միզել:

ԿԼՈՎ – Գնամ կատետրը բերեմ:

Գնում է դեպի դուռը:

ՀԱՄՄ – Դա շտապ չէ:

Կլովը կանգ է առնում:

Ինձ հանգստացնող տուր:

ԿԼՈՎ – Դեռ շատ վաղ է: (Դադար): Շատ շուտ է դեռ: Չի ներազդի:

ՀԱՄՄ – Առավոտյան քեզ գրգռում են, երեկոյան հանգստացնում… Իսկ գուցե հակառակը… (Դադար): Իսկ այն ծեր բժիշկը հավանաբար մահացե՞լ է:

ԿԼՈՎ – Նա ծեր չէր:

ՀԱՄՄ – Բայց նա մահացե՞լ է:

ԿԼՈՎ – Իհարկե: (Դադար): Եվ դու դեռ ինձ հարցնու՞մ ես:

Լռություն:

ՀԱՄՄ – Ինձ մի քիչ ման տուր:

Կլովը բազկաթոռով հրում է Համմին:

ՀԱՄՄ – Ոչ այդպես արագ:

Կլովը շարժում է բազկաթոռը:

Պտտիր ինձ աշխարհի շուրջը:

Կլովը շարժում է բազկաթոռը:

Պատերի մոտով: Իսկ հետո ինձ դարձյալ դիր կենտրոնում: Ես հենց կենտրոնում էի, այնպես չէ՞:

ԿԼՈՎ – Այո:

ՀԱՄՄ – Մեզ իսկական հաշմանդամի սայլակ է պետք: Մեծ անիվներով: Հեծանվի անիվներով: Դու ինձ պատի մոտո՞վ ես տանում:

ԿԼՈՎ – Այո:

ՀԱՄՄ - (փորձում է շոշափել պատը): Ճիշտ չէ: Ինչու՞ ես ինձ խաբում:

ԿԼՈՎ - (նրան առավել մոտեցնելով պատին): Ահա, խնդրեմ, շոշափեք:

ՀԱՄՄ – Կանգ առ:

Կլովը կանգ է առնում հետնապատի մոտ: Համմը ձեռքով շոշափում է պատը:

Հին պատերը: Իսկ դրանց հետևում՝ մյուս դժոխքը: (Դադար, կատաղի): Մոտ, մոտ: Առավել մոտ:

ԿԼՈՎ – Հեռու տար ձեռքդ:

Համմը հեռացնում է ձեռքը: Կլովը բազկաթոռը մոտեցնում է պատին:

Այստեղ:

Համմը կռանում է դեպի պատը, ականջը հենում;

ՀԱՄՄ – Լսու՞մ ես: (Թակոթւմ է պատը մատներով): Լսու՞մ ես: Դատարկ են աղյուսները: (Դարձյալ թակում է): Այնտեղ ամեն ինչ դատարկ է: (Կատաղի): Բավական է: Վերադառնում ենք:

ԿԼՈՎ – Մենք դեռ շրջան չենք արել:

ՀԱՄՄ – Ինձ հետ տար, իմ նախկին տեղը:

Կլովը բազկաթոռը տանում է նախկին տեղը, կանգնում:

ՀԱՄՄ – Սա իմ տե՞ղն է:

ԿԼՈՎ – Այո, սա քո տեղն է:

ՀԱՄՄ – Ես այստեղ ճիշտ կենտրոնու՞մ եմ:

ԿԼՈՎ – Կարող եմ չափել:

ՀԱՄՄ – Մոտավորապես: ոտավորապես:

ԿԼՈՎ – Դա այստեղ է:

ՀԱՄՄ – Ես այստեղ մոտավորապես կենտրոնու՞մ եմ;

ԿԼՈՎ – Ինձ այդպես է թվում:

ՀԱՄՄ – Քեզ այդպես է թվում: Ինձ ճիշտ կենտրոնում դիր:

ԿԼՈՎ – Գնամ բերեմ չափիչը:

ՀԱՄՄ – Մոտավորապես: Մոտավորապես:

Կլովը փոքր-ինչ տեղաշարժում է բազկաթոռը:

ՀԱՄՄ – Ուղիղ կենտրոնում:

ԿԼՈՎ – Դա այստեղ է:

Լռություն:

ՀԱՄՄ – Ինձ թվում է, որ ես չափից ավելի դեպի աջ եմ տեղաշարժվել:

Կլովը շարժում է բազմոցը:

Իսկ հիմա ինձ թվում է, որ ես չափից ավելի դեպի ձախ եմ շարժվել:

Կլովը կրկնում է գործողությունը:

Իսկ հիմա ինձ թվում է, որ ես չափից ավելի առաջ եմ տեղաշարժվել:

Կլովը կրկնում է գործողությունը:

Իսկ հիմա ինձ թվում է, որ ես չափից ավելի հետ եմ տեղաշարժվել:

Կրկնվում է գործողությունը:

Մի կանգնիր այդտեղ, ես սարսափում եմ:

Կլովը վերադառնում է բազկաթոռի մոտ:

ԿԼՈՎ – Եթե ես կարողանայի նրան սպանել, ապա կմեռնեի երջանիկ:

Լռություն:

ՀԱՄՄ – Հիմա ի՞նչ եղանակ է:

ԿԼՈՎ – Այն, ինչ միշտ:

ՀԱՄՄ – Նայիր հողին:

ԿԼՈՎ – Արդեն նայել եմ:

ՀԱՄՄ – Հեռադիտակո՞վ:

ԿԼՈՎ – Այստեղ հեռադիտակ պետք չէ:

ՀԱՄՄ – Նայիր հեռադիտակով:

ԿԼՈՎ – Գնամ հեռադիտակը բերեմ: (Դուրս է գնում):

ՀԱՄՄ – Մեր ինչի՞ն է պետք հեռադիտակը:

Վերադառնում է Կլովը՝ հեռադիտակով:

ԿԼՈՎ – Ես վերադարձա հեռադիտակով: (Մոտենում է աջ պատուհանին, նայում հեռադիտակով): Ինձ աստիճան է պետք:

ՀԱՄՄ – Քո ինչի՞ն է պետք:

Կլովը հեռադիտակով դուրս է գալիս:

ՀԱՄՄ – Ինձ այս ամենը դուր չի գալիս, դուր չի գալիս:

Վերադառնում է Կլովը՝ աստիճանով:

ԿԼՈՎ – Ես աստիճանը բերեցի: (Աստիճանը դնում է աջ կողմի պատուհանի մոտ, բարձրանում է, հիշում է, որ հեռադիտակը չի բերել, իջնում է): Ինձ հեռադիտակ է պետք: (Գնում է դեպի դուռը):

ՀԱՄՄ – (կատաղի): Բայց չէ՞ որ հեռադիտակը քեզ մոտ է:

ԿԼՈՎ - (կանգ առնելով, կատաղի): Չկա ինձ մոտ հեռադիտակ: (Դուրս է գնում):

ՀԱՄՄ – Սա շատ տխուր է:

Մտնում է Կլովը հեռադիտակով, գնում դեպի աստիճանը:

ԿԼՈՎ – Հիմա դարձյալ զվարճալի կլինի: (Բարձրանում է աստիճանով, պարզում է հեռադիտակը դեպի դուրս: Այն սահում և ընկնում է ձեռքից: Դադար): Ես սա դիտավորյալ արեցի: (Իջնում է աստիճանից, վերցնում հեռադիտակը, զննում այն, ապա պարզում դեպի հանդիսասրահ): Ես տեսնում եմ… հիացած ամբոխ: Այ սա զբաղմունք է: (Իջեցնում է հեռադիտակը, շրջվում դեպի Համմը): Դե ինչ, մենք այլևս չե՞նք ծիծաղում:

ՀԱՄՄ – Ես՝ ոչ:


ԿԼՈՎ - (մտածկոտ): Ես էլ ոչ: (Բարձրանում է աստիճանով, ուղղում է հեռադիտակը, նայում): Դե, դե, նայենք: (Նայում է ՝ հեռադիտակը շարժելով): Զրո… զրո… զրո… (Դառնում է դեպի Համմը): Դե ինչ, համոզվեցի՞ր:

ՀԱՄՄ – Ոչինչ չի շարժվում, ոչինչ…

ԿԼՈՎ – Զրո…

ՀԱՄՄ - (կատաղի): Լռիր, քանի դեռ քեզ չեմ հարցրել: (Սովորական ձայնով): Վերջ… վերջ… ի՞նչ վերջ… Ինչ վե՞րջ:

ԿԼՈՎ – Ի՞նչ վերջ: Մի խոսքո՞վ: Դու դա ուզում ես իմանա՞լ: Մեկ վայրկյան: (Պարզում է հեռադիտակը, նայում է, իջեցնում է հեռադիտակը, շրջվում է դեպի Համմը): Mortibus: (Դադար): Դե ինչ, բավարարվա՞ծ ես:

ՀԱՄՄ – Նայիր ծովին:

ԿԼՈՎ – Նույնն է:

ՀԱՄՄ – Նայիր օվկիանոսին:


Կլովն իջնում է աստիճանից, մի քանի քայլ է անում դեպի ձախ պատուհանը, վերադառնում է աստիճանով, այն դնում է ձախ պատուհանի տակ, բարձրանում է աստիճաններով, հեռադիտակը դեպի դուրս է պահում, նայում է: Հանկարծ ցնցվում է, իջեցնում է հեռադիտակը, զննում է այն, դարձյալ դեպի դուրս է պահում:

ԿԼՈՎ – Երբեք նման բան չեմ տեսել:

ՀԱՄՄ - (անհանգիստ): Ի՞նչ է այնտեղ: Դու առագա՞ստ տեսար: Ծու՞խ:

ԿԼՈՎ - (շարունակելով նայել): Լույսը մարեց:

ՀԱՄՄ - (հանգստացած): Դե դա... Վաղուց է այդպես:

ԿԼՈՎ - (շարունակելով նայել): Դե ոչ, միշտ մի ծայրը լուսավոր էր մնում:

ՀԱՄՄ – Ներքևից:

ԿԼՈՎ - (նայելով): Այո:

ՀԱՄՄ – Իսկ հիմա՞:

ԿԼՈՎ – Էլ բան չկա:

ՀԱՄՄ – Իսկ ճայե՞րը:

ԿԼՈՎ - (շարունակելով նայել): Ոչ:

ՀԱՄՄ – Իսկ հորիզո՞նը: Հորիզոնին ոչի՞նչ չկա:

ԿԼՈՎ - (իջեցնելով հեռադիտակը): Իսկ քո կարծիքով, ի՞նչ պիտի լիներ հորիզոնին:

Լռություն:

ՀԱՄՄ – Ալիքները: Ինչպե՞ս են այնտեղ ալիքները:

ԿԼՈՎ – Ալիքնե՞րը: (Նայում է հեռադիտակով): Պղնձագույն են:

ՀԱՄՄ – Իսկ արև՞ը:

ԿԼՈՎ - (նայելով): Բացակայում է:

ՀԱՄՄ – Ճիշտ և ճիշտ նրա մայրամուտի ժամն է: Լավ փնտրիր:

ԿԼՈՎ - (փնտրելով): Գրողը տանի:

ՀԱՄՄ – Նշանակում է, արդեն գիշե՞ր է:

ԿԼՈՎ - (նայելով): Ոչ:

ՀԱՄՄ – Իսկ ի՞նչ է:

ԿԼՈՎ - (նայում է): Ամեն ինչ գորշ է: (Համմին՝ բարձր): Գորշ է: (Դադար: Ավելի բարձր): ԳՈՐՇ Է...

Իջնում է աստիճանից, մոտենում է Համմին հետևի կողմից և խոսում նրա ականջի մեջ:

ՀԱՄՄ - (ցնցվելով): Գորշ է: Դու ասացիր՝ գո՞րշ է:

ԿԼՈՎ – Բաց սևագույն է: Ամբողջ տիեզերքն է այդ գույնի:

ՀԱՄՄ – Դու չափազանցնում ես: (Դադար): Մի կանգնիր այդտեղ, ես սկսում եմ վախենալ:

ԿԼՈՎ - (վերադառնում է բազկաթոռի մոտ. իր տեղը): Ու՞մ է պետք ամեն օր կրկնվող այս կատակերգությունը:

ՀԱՄՄ – Սովորություն է: Երբեք նախօրոք չգիտես, թե ինչն է պետք գալու: (Դադար):Այսօր գիշեր ես կրծքիս նայեցի: Այնտեղ ցավացող մեծ տեղ կար:

ԿԼՈՎ – Դու պարզապես տեսել ես քո սիրտը:

ՀԱՄՄ – Չէ, այն կենդանի էր: (Դադար: Տխուր): Կլով:

ԿԼՈՎ – Այո:

ՀԱՄՄ – Ի՞նչ է կատարվում:

ԿԼՈՎ – Ամեն ինչ ընթանում է իր կարգով:

Լռություն:

ՀԱՄՄ – Կլով:

ԿԼՈՎ - (բորբոքված): Ի՞նչ է պատահել:

ՀԱՄՄ – Իսկ մենք ինքներս ոչինչ, ոչինչ… ոչինչ չարժենք արդեն…

ԿԼՈՎ – Իսկ դա շատ լավ է:

ՀԱՄՄ – Երբեմն ինքս ինձ հարցնում եմ: (Դադար): Եթե ինչ-որ բանական արարած վերադառնար երկիր և պարզապես նայեր մեզ, արդյո՞ք նա չէր սկսի մտածել այս մասին: Դե ինչ, ես տեսնում եմ, թե ինչ է կատարվում: Ես տեսնում եմ, թե նրանք ինչ են անում: վ անգամ շատ չհեռանալով իմ մտածումներում, մենք ինքներս… մենք ինքներս… ժամանակ առ ժամանակ… (Կրքոտ): Պատկերացնենք հանկարծ, որ այս ամենը կարող էր լինել օգտակար…

ԿԼՈՎ –( ձայնի մեջ տագնապ՝ քորվում է): Մի մեծ բլոճ է մտել իմ մեջ:

ՀԱՄՄ – Մի՞թե դեռ մնացել են բլոճները:

ԿԼՈՎ - (շարունակելով քորվել): Միայն թե դա ոջիլ չլինի:

ՀԱՄՄ – Բայց չէ որ ողջ մարդկությունը կարող է վերածնվել՝ ամեն ինչ սկսելով այս րոպեից: Ի սեր Աստծո, բռնիր դրան:

ԿԼՈՎ – Գնամ փոշի բերեմ: (Դուրս է գնում):

ՀԱՄՄ – Բլոճ: Սարսափելի է: Սա ինչ օր էր…

Մտնում է Կլովը՝ ձեռքին՝ փոքր տուփ:

ԿԼՈՎ – Ես վերադարձա՝ ինձ հետ բերելով միջատների դեմ պայքարի փոշի:

ՀԱՄՄ – Դրանց մի լավ դաս տուր:

Կլովը շալվարի միջից դուրս է քաշում վերնաշապկի փեշերը, փոշի է ցանում փորի վրա, հանկարծ ցնցվում է, ապա ուշադիր նայում:

ԿԼՈՎ – Գրողը տանի:

ՀԱՄՄ – Դե ինչ, դու դրանց տիրեցի՞ր:

ԿԼՈՎ – Երևի; (Նետում է արկղիկը, իրեն կարգավորում): Եթե միայն նա շատ չտրվեր…

ՀԱՄՄ – Շատ տրվեց:

Լռություն:

ԿԼՈՎ – Իսկ ի՞նչ կասս միզելու մասին:

ՀԱՄՄ – Դրանով ինքս եմ զբաղվում;

ԿԼՈՎ – Այ շատ կեցցես:

Լռություն:

ՀԱՄՄ – Եկ երկուսով գնանք, երկուսով հարավ գնանք: Դեպի ծովը: Դու լաստ կկառուցես: Ալիքը մեզ հեռու կտանի, շատ հեռու, այլ կաթնասունների մոտ…

ԿԼՈՎ – Աստված մի անի:

ՀԱՄՄ – Ոչ, ես մենակ նավարկության կմեկնեմ; Անմիջապես սկսիր լաստ կառուցել; Վաղն արդեն ես այստեղից շատ հեռու կլինեմ;

ԿԼՈՎ - (արագ գնում է դեպի դուռը): Ես հիմա դրանով կզբաղվեմ:

ՀԱՄՄ – Սպասիր:

Կլովը կանգ է առնում:

Ի՞նչ ես կարծում, շնաձկներ կլինե՞ն:

ԿԼՈՎ – Շնաձկնե՞ր: Չգիտեմ; Եթե դեռ շնաձկներ կան, նշանակում է՝ կլինեն; (Գնում է դեպի դուռը):

ՀԱՄՄ – Սպասիր:

Կլովը կանգ է առնում:

Ժամանակը չէ՞ հանգստացուցիչ ընդունեմ:

ԿԼՈՎ - (ցասումով): Ոչ: (Գնում է դեպի դուռը):

ՀԱՄՄ – Սպասիր:

Կլովը կանգ է առնում:

Աչքերդ ի՞նչ վիճակում են:

ԿԼՈՎ – Վատ:

ՀԱՄՄ – Բայց դու տեսնում ես:

ԿԼՈՎ – Ես տեսնում եմ այն ամենը, ինչ պետք է:

ՀԱՄՄ – Իսկ ոտքե՞րդ:

ԿԼՈՎ – Վատ:

ՀԱՄՄ – Բայց դու քայլում ես;

ԿԼՈՎ – Ես գնում եմ ու գալիս:

ՀԱՄՄ – Իմ տանը: (Դադար: Կանխագուշակողի նման:) Մի գեղեցիկ օր դու կկուրանաս: Ճիշտ և ճիշտ ինձ նման: Դու կնստես ինչ-որ մի տեղ, ավազների վրա, անապատում, կորած դատարկության մեջ, հավերժորեն մութի մեջ: Ճիշտ և ճիշտ ինձ նման: (Դադար): Մի գեղեցիկ օր դու կասես ինքդ քեզ. Ես հոգնել եմ, ես ուզում եմ նստել, ու դու կնստես: Հետո դու քեզ կասես. Ես քաղցած եմ, հիմա ես ոտքի կելնեմ և ինձ համար ուտելիք կպատրաստեմ: Բայց դու այլևս տեղիցդ չես բարձրանա: Դու կասես ինքդ քեզ. Իզուր եմ ես նստել, բայց քանի որ արդեն նստել եմ, ուստի այստեղ մի քիչ էլ կմանմ, իսկ հետո արդեն ոտքի կկանգնեմ և ինձ համար ուտելիք կպատրաստեմ:Բայց դու այդպես էլ չես բարձրանա և ուտելիք չես պատրաստի: (Դադար): Դու մի քիչ կնայես քո դիմացի պատին, իսկ հետո ինքդ քեզ կասես. Ես փակեմ աչքերս, գուցե հաջողվի մի քիչ քնել, իսկ հետո արդեն գործերս լավ կգնան: Ու դու կփակես աչքերդ: Իսկ երբ դու նորից դրանք բացես, քո դիմաց այլևս պատ չի լինի: (Դադար): Ամեն կողմից քեզ կշրջապատի դատարկության անվերջությունը, այնպիսի դատարկության, որ այն չես կարողանա լցնել կենդանություն առած բոլոր մեռյալներով, և դու կվերածվես անապատի մեջտեղում հայտնված փոքրիկ քարակտորի: (Դադար): Այո, մի գեղեցիկ օր դու կհասկանաս, թե դա ինչ է, դու կդառնաս այնպիսին, ինչպիսին ես եմ, բայց այ արդեն քո կողքին ոչ ոք չի լինի, որովհետև դու ոչ մեկի չես խղճացել: Ու քեզ էլ արդեն խղճացող չի լինի:

Լռություն:

ԿԼՈՎ – Իսկ գուցեև ոչ: (Դադար): Եվ հետո, դու ինչ-որ բանի մասին մոռանում ես:

ՀԱՄՄ- Հը՞:

ԿԼՈՎ – Ես չեմ կարող նստել:

ՀԱՄՄ - (անհամբեր): Դե լավ, դու կպառկես: Կամ էլ դու պարզապես կկանգնես, կկանգնես և կանգնած էլ կմնաս, ինչպես հիմա: Մի գեղեցիկ օր դու կասես ինքդ քեզ. Ես հոգնել եմ, ես կանգնում եմ: Ինչ տարբերություն, թե դա ինչ դիրք կլինի:

Լռություն:

ԿԼՈՎ – Ուրեմն, այնուամենայնիվ, դուք ուզում եք, որ ես ջեզ լքեմ:

ՀԱՄՄ – Բնականաբար:

ԿԼՈՎ – Նշանակում է, ես ձեզ լքում եմ:

ՀԱՄՄ – Դու չես կարող մեզ լքել:

ԿԼՈՎ – Նշանակում է, ես ձեզ չեմ լքի:

Լռություն:

ՀԱՄՄ – Քեզ պետք է պարզապես վերջ տալ մեզ: (Դադար): Ես քեզ կասեմ թվերի կոմբինացիան, որպեսզի բացես բուֆետը, եթե երդվես, որ վերջ կտաս կյանքիս:

ԿԼՈՎ – Ես չեմ կարող քեզ սպանել:

ՀԱՄՄ – Նշանակում է, դու ինձ չես սպանի:

Լռություն:

ԿԼՈՎ – Ես գնում եմ:

ՀԱՄՄ – Երբևէ դւ մի բանի մասին չե՞ս մտածել:

ԿԼՈՎ – Երբեք:

ՀԱՄՄ – Այն մասին, որ մենք այստեղ նստած ենք այնպես, կարծես փոսի մեջ: (Դադար): Իսկ ահա սարերի հետևու՞մ… Հը՞: Գուցե այնտեղ դեռ ամեն ինչ կանա՞չ է: (Դադար): Ֆլորան, բնությունը… (Դադար: Էքստազի մեջ): Գուցեև դու ստիպված չլինես շատ հեռու գնալ:

ԿԼՈՎ – Ես չեմ կարող շատ հեռու գնալ: (Դադար): Դուրս եմ գալիս:

ՀԱՄՄ – Իմ շնիկն արդեն պատրա՞ստ է:

ԿԼՈՎ – Նա մի ոտք չունի:

ՀԱՄՄ – Նրա մորթին մետաքսյա՞ է:

ԿԼՈՎ – Բոլոնկայի նման:

ՀԱՄՄ – Գնա բեր:

ԿԼՈՎ – Նա մի ոտք չունի:

ՀԱՄՄ – Գնա և բեր նրան:

Կլովը գնում է:

Ամեն ինչ շարունակվում է:

Նա հանում է թաշկինակը, շուռումուռ է տալիս, սրբում է դեմքը: Դարձյալ ծալում է թաշկինակը, դնում գրպանը: Մտնում է Կլովը՝ բռնած սև թավշյա շնիկի ոտքերից մեկը:

ԿԼՈՎ – Ահա քո շները: (Շանը տալիս է Համմին: Համմը դնում ծնկներին, շոյում):

ՀԱՄՄ – Նա սպիտակ է, այնպես չէ՞:

ԿԼՈՎ – Գրեթե:

ՀԱՄՄ – Ինչպես թե գրեթե… Նա սպիտակ է, թե՞ ոչ:

ԿԼՈՎ – Ոչ:

Լռություն:

ՀԱՄՄ – Դու նրա անդամն ես մոռացել:

ԿԼՈՎ - (բորբոքված): Բայց չէ որ նա դեռ անավարտ է: Անդամը վերջում են սարքում:

Լռություն:

ՀԱՄՄ – Դու ժապավենն ես մոռացել:

ԿԼՈՎ - (ցասման մեջ): Ասում են քեզ, որ դեռ ավարտված չէ: Սկզբում շանն են վերջացնում, իսկ հետո արդեն ժապավեն կապում:

Լռություն:

ՀԱՄՄ – Իսկ նա ինքնուրույն կանգնու՞մ է ոտքերի վրա:

ԿԼՈՎ – Չգիտեմ:

ՀԱՄՄ – Ստոգիր: (Շանը տալիս է Կլովին, Կլովն էլ դնում է հատակին): Դե ի՞նչ:

ԿԼՈՎ – Սպասիր: (Նստում է հատակին և ջանում է շանը ոտքերի վրա կանգնեցնել, նրա մոտ ոչինչ չի ստացվում, ու նա մի կողմ է նետում այդ զբաղմունքը: Շունը կողքի է ընկնում:)

ՀԱՄՄ – Դե ի՞նչ:

ԿԼՈՎ – Կարողանում է կանգնել:

ՀԱՄՄ - (փորձում է շոշափելով գտնել նրամ): Որտե՞ղ է: Որտե՞ղ է նա:

Կլովը շանը կանգնեցնում է, ձեռքերով պահում նրան:

ԿԼՈՎ – Այստեղ է: (Բռնում է Համմի ձեռքը և տանում դեպի շան գլուխը):

ՀԱՄՄ - (ձեռքը դնելով շան գլխին): Նա նայու՞մ է ինձ:

ԿԼՈՎ – Այո:

ՀԱՄՄ - (հպարտ): Կարծես խնդրում է, որ ես իրեն ման գալու տանեմ:

ԿԼՈՎ – Եթե կամենում եք:

ՀԱՄՄ – Կամ էլ կարծես ինձանից ոսկոր է ուզում: (Ձեռքը հեռացնում է): Թող նա մնա այսպես, թող նա շարունակի խնդրել ինձ:

Կլովն ուղղվում է: Շունն անմիջապես գլորվում է հատակին:

ԿԼՈՎ – Ես գնում եմ:

ՀԱՄՄ – Քեզ դարձյալ տեսիլնե՞ր են հայտնվել:

ԿԼՈՎ – Ավելի քիչ, քան առաջ:

ՀԱՄՄ – Պեգգ մայրիկի մոտ լույսը չի՞ վառվում:

ԿԼՈՎ – Լույս… Որտեղի՞ց պիտի այստեղ լույս հայտնվի:

ՀԱՄՄ – Նշանակում է, այն մարել է:

ԿԼՈՎ – Բնականաբար՝ մարել է: Քանի որ այն չկա, ուրեմն մարել է:

ՀԱՄՄ – Դե ոչ, եսՊեգգ մայրիկին նկատի ունեմ:

ԿԼՈՎ – Բնականաբար, նա էլ է մարել: Քեզ հետ այսօր ի՞նչ է կատարվում:

ՀԱՄՄ – Ես իմ մշտական կարգը չեմ խախտում: Նրան թաղե՞լ են:

ԿԼՈՎ – Թաղել են: Եվ, ըստ քեզ, ո՞վ պիտի նրան թաղեր:

ՀԱՄՄ – դու:

ԿԼՈՎ – Ես: Քեզ ի՞նչ է թվում, ես մարդկանց թաղելուց բացի ուրիշ գործեր չունե՞մ:

ՀԱՄՄ – Բայց ինձ կթաղես, չէ՞:

ԿԼՈՎ – Դե դա արդեն ոչ: Ես քեզ չեմ թաղի:

Լռություն:

ՀԱՄՄ – Մի ժամանակ նա շատ լավն էր, կարծես ծաղիկ լիներ: Եվ ոչ մի տղամարդու չէր կարողանում մերժել:

ԿԼՈՎ – Մենք էլ վատը չէինք՝ մի ժամանակ…

Լռություն:

ՀԱՄՄ – Գնա գավազանս բեր:

Կլովը գնում է դեպի դուռը, կանգ առնում:

ԿԼՈՎ – Այս արամ այն արա, ու ես ամեն ինչ անում եմ: Երբեք չեմ հրաժարվում: Իսկ ինչու՞:

ՀԱՄՄ – Դու չես կարող:

ԿԼՈՎ – Շուտով ես էլ ոչինչ չեմ անի:

ՀԱՄՄ – Դու պարզապես այլևս չես կարող:

Կլովը դուրս է գնում:

ՀԱՄՄ – Ախ մարդիկ, նրանց ամեն ինչ պիտի բացատրես:

Գալիս է Կլովը՝ գավազանով:

ԿԼՈՎ – Ահա քո գավազանը: Կարող ես խեղդվել: (Տալիս է գավազանը: Համմը փորձում է շարժվել):

ՀԱՄՄ – Ես առա՞ջ շարժվեցի:

ԿԼՈՎ – Ոչ:

Համմը գավազանը նետում է հատակին:

ՀԱՄՄ – Գնա և բեր մեքենայի յուղը:

ԿԼՈՎ – Ինչու՞:

ՀԱՄՄ – Անիվները յուղելու:

ԿԼՈՎ – Ես երեկ երեկոյան արդեն յուղել եմ:

ՀԱՄՄ – Երեկ: Ի՞նչ է նշանակում՝ երեկ…

ԿԼՈՎ - (կատաղած): Դա նշանակում է մինչև այն գրողի տարած պահը, երբ սկսվեց այս անիծված օրը: Ես օգտագործում եմ այն բառերը, որոնք ինքդ ես ինձ սովորեցրել: Եթե դրանք քեզ համար այլևս ոչինչ չեն նշանակում, ուրեմն, ուրիշ բառեր սովորեցրու: Կամ էլ թույլ տուր լռեմ:

Լռություն:

ՀԱՄՄ – Ես մի ժամանակ խելագարի էի ճանաչում, որը մտածում էր, թե արդեն եկել է աշխարհի վերջը: Նա նկարչությամբ էր զբաղվում: Ես նրան շատ էի կապված: Գնում էի նրան հիվանդանոցում տեսակցության: Ես բռնում էի նրա ձեռքն ու քարշ տալիս դեպի պատուհանը: Այ, նայիր մի պահ: Այ, այնտեղ: Ցորենն արդեն ծիլ է տալիս: Այնտեղ էլ նայիր: Ձկնորսական նավակների առագաստները: Այս ամենը գեղեցկություն է: (Դադար): Իսկ նա խլում էր ձեռքն ու վերադառնում իր անկյունը: Սարսափելի է: Ինքն ամենուրեք միայն մոխիր էր տեսնում: (Դադար): Մտածում էր, թե աշխարհի կործանումից միայն ինքն է փրկվել: (Դադար): Կարծես նրա մասին մոռացել ենք: (Դադար): Եվ թվում է, որ այս դիպվածը բնավ էլ… բնավ էլ… բնավ էլ առանձնահատուկներից չէ:

ԿԼՈՎ – Խելագա՞ր: Դա ե՞րբ է եղել;

ՀԱՄՄ – Օ՜, շատ վաղուց: Դու դեռ լույս աշխարհ չէիր եկել:

ԿԼՈՎ – Հրաշալի ժամանակներ:

Լռություն: Համմը հանում է իր թասակը:

ՀԱՄՄ – Ես նրան շատ էի կապված: (Դադար: Հագնում է թասակը: Դադար:) Նա գեղանկարիչ էր:

ԿԼՈՎ – Ինչքա՜ն սարսափելի բաներ կան աշխարհում:

ՀԱՄՄ – Ոչ: Հիմա այնքան էլ շատ չեն: (Դադար): Կլով:

ԿԼՈՎ – Ի՞նչ:

ՀԱՄՄ – Դու չե՞ս կարծում, որ այս ամենը չափից շատ երկար է տևում:

ԿԼՈՎ – Այո: (Դադար): Ի՞նչն օրինակ:

ՀԱՄՄ – Ամբողջը… այս ամենը:

ԿԼՈՎ – Ինձ միշտ այսպես է թվացել: Իսկ քե՞զ:

ՀԱՄՄ - (մռայլ): Նշանակում է, սա այնպիսի օր է, ինչպես բոլորը:

ԿԼՈՎ – Քանի դեռ այն կա: (Դադար): Ամբողջ կյանքում միևնույն հիմարություններն են:

Լռություն:

ՀԱՄՄ – ես չեմ կարող քեզ լքել:

ԿԼՈՎ – Գիտեմ: Բայց դու չես էլ կարող հոգ տանել իմ մասին:

Լռություն:

ՀԱՄՄ – Իսկ եթե դու գնաս, ես ինչպե՞ս կիմանամ այդ մասին;

ԿԼՈՎ - (առույգ): Դե դու կսուլես, ու եթե չարձագանքեմ, նշանակում է, ես արդեն գնացել եմ:

Լռություն:

ՀԱՄՄ – Դու չե՞ս գա ինձ հրաժեշտ տալու:

ԿԼՈՎ – Օ, չեմ կարծում:

Լռություն:

ՀԱՄՄ – Բայց դու կարող ես պարզապես մեռնել և այդպես պառկել խոհանոցում: Բայց ինչպե՞ս ես կիմանամ, որ դու մեռած ես և ընկած խոհանոցում:

ԿԼՈՎ – Դե… ի վերջո ես կհոտեմ ու սարսափելի հոտ կտարածվի:

ՀԱՄՄ – Քեզանից միշտ էլ հոտ է գալիս: Ողջ տանից դիակների հոտ է տարածվում:

ԿԼՈՎ – Ողջ տիեզերքից:

ՀԱՄՄ - (կատաղի): Թքած ունեմ ողջ տիեզերքի վրա: (Դադար): Ինչ-որ բան մտածիր: Ֆոկուս: Դրա նման մի բան: (Դադար): Ինչ-որ նշանավոր բան մտածիր:

ԿԼՈՎ – Լավ: (Սկսում է քայլել սենյակում: Հետ ու առաջ է քայլում: Կանգ է առնում): Ոտքերս սարսափելի ցավում են: Շուտով ես չեմ կարողանա քայլել:

ՀԱՄՄ – Դու չես կարող ինձանից հեռանալ:

Կլովը դարձյալ սկսում է քայլել:

Դու ի՞նչ ես անում:

ԿԼՈՎ – Երևակայում եմ: Սպասիր… (Փորձում է կենտրոնանալ: Առանց վստահության): Այո… (Դադար: Խիստ համոզված): Ահա մտածեցի: Ես կլարեմ զարթուցիչը:

Լռություն:

ՀԱՄՄ – Հնարավոր է, որ այսօրն իմ կյանքի ամենահաջողակ օրերից չէր, բայց…

ԿԼՈՎ – Դու ինձ սուլում ես, իսկ ես չեմ գալիս: Զանգում է զարթուցիչը: Դա էլ նշանակում է, որ ես շատ հեռվում եմ: Զարթուցիչը չի զանգում, ուրեմն, ես մեռած եմ:

ՀԱՄՄ – Իսկ այդ զարթուցիչն աշխատու՞մ է:

ԿԼՈՎ – Նրան ի՞նչ է պատահել, որ չաշխատի:

ՀԱՄՄ – Որովհետև դա շատ երկար է աշխատել:

ԿԼՈՎ – Բայց գրեթե անգործության էր մատնված:

ՀԱՄՄ - (կատաղի): Նշանակում է, որ նա շատ քիչ է աշխատել:

ԿԼՈՎ – Գնամ տեսնեմ: (Դուրս է գնում):

Համմը հանում է թաշկինակը, չբացելով՝ սրբում է դեմքն ու դնում գրպանը: Կուլիսներից լսվում է կտրատվող զանգի ձայն: Մտնում է Կլովը՝ ձեռքին զարթուցիչ: Մոտենում է Համմին, զարթուցիչը մոտեցնում է նրա ականջին, սեղմում է զանգի կոճակը: Երկուսով լսում են զարթուցիչի զանգի ձայնը: Դադար:

ԿԼՈՎ – Լիովին պետք կգա Դատաստանի օրվան: Դու լսեցի՞ր:

ՀԱՄՄ – Ընդհանուր առմամբ, այո:

ԿԼՈՎ – Վերջն ուղղակի ցնցող է:

ՀԱՄՄ – Ինձ ավելի շատ միջնամասը դուր եկավ: (Դադար): Ժամանակը չէ՞, որ հանգստացուցիչն ընդունեմ:

ԿԼՈՎ – Ոչ: (Գնում է դեպի դուռը, կանգ առնում): Ես գնում եմ:

ՀԱՄՄ – Նշանակում է, ժամանակն է, որպեսզի ես քեզ պատմեմ: Դու ուզու՞մ ես լսել իմ պատմությունը:

ԿԼՈՎ – Ոչ:

ՀԱՄՄ - Հարցրու հորս, նա ուզու՞մ է լսել:

Կլովը մոտենում է աղբարկղին, բարձրացնում է Նագգի արկղի կափարիչը, կռանում, նայում է արկղի մեջ: Անհասկանալի բաներ է ասում, ապա ուղղվում:

ԿԼՈՎ – Նա քնած է:

ՀԱՄՄ – Արթնացրու նրան:

Կլովը կռանում է, սեղմում զարթուցիչի կոճակը: Հնչում է զանգը: Կլովն ինչ-որ բան է ասում, ապա ուղղվում:

ԿԼՈՎ – Նա չի ուզում լսել քո պատմությունը:

ՀԱՄՄ – Ես նրան կոնֆետ կտամ:

Կլովը կռանում է, անհասկանալի բաներ ասում, ուղղվում:

ԿԼՈՎ – Նա կարամել է ուզում: (Գնում է դեպի դուռը: Երևում են Նագգի ձեռքերը: Նա բռնում է արկղի կողքերից: Հետո երևում է գլուխը: Կլովը բացում է դուռը, շրջվում): Դու հավատու՞մ ես կյանքի ապագային:

ՀԱՄՄ – Իմ կյանքը միշտ ապագա է ունեցել:

Կլովը դուրս է գալիս՝ ուժեղ փակելով դուռը:

ՆԱԳԳ – Ես լսում եմ:

ՀԱՄՄ – Սրիկա, ինչու՞ ինձ ծնեցիր:

ՆԱԳԳ – Ես ի՞նչ իմանայի:

ՀԱՄՄ – Դու ի՞նչ պիտի իմանայիր:

ՆԱԳԳ – Որ դու կլինես: (Դադար): Դու ինձ կարամել կտա՞ս:

ՀԱՄՄ – Երբ կլսես ինձ, դրանից հետո:

ՆԱԳԳ – Երդվու՞մ ես:

ՀԱՄՄ – Այո:

ՆԱԳԳ – Ինչո՞վ ես երդվում:

ՀԱՄՄ – Երդվում եմ պատվովս:

Լռություն: Երկուսն էլ ծիծաղում են:

ՆԱԳԳ – Իսկ գուցե երկու՞ հատ:

ՀԱՄՄ – Մեկը:

ՆԱԳԳ – Մեկն ինձ համար, մյուսն էլ…

ՀԱՄՄ – Մեկը: Լռիր: (դադար): Ես ինչի՞ վրա կանգ առա: (Դադար, մռայլ): Ամեն ինչ վերջացել է: Մենք էլ ենք վերջացել: Եվ սա էլ կվերջանա: (Դադար): Հետո արդեն ձայնն էլ չի լինի: (Դադար): Կարծես ջրի մի կաթիլ անվերջ կաթում ու կաթում է գլխիս մեջ այն ժամանակից, երբ այնտեղ դեռ աղբյուր էր: Եվ կաթում է միշտ միևնույն կետին: (Դադար): Գուցե սա փոքրիկ մի երակ է: (Դադար): Փոքրիկ արյունատար անոթ: (Դադար: Առավել աշխույժ): Դե լավ, եկել է պատմության ժամանակը: Ես որտե՞ղ կանգ առա: (Դադար: Հատուկ դրված ձայնով խոսում է): Այդ մարդը դանդաղ սողալով բարձրացավ փորիս վրա: Զարմանալիորեն գունատ և նիհար, թվում էր, որ նա ուր որ է... (Դադար, սովորական ձայնով): Չէ, սա ես արդեն պատմել եմ: (Դադար, հեքիաթասացի ձայնով): Միայն լսելի էր երկարատև լռությունը: (Սովորական ձայնով): Դա ես վատ ասացի: (Հեքիաթասացի նման): Ես հանգիստ լցրեցի ծխամորճս, , իսկական, ընտիր թութունով, ասենք, նավապետի թութունով, մի երկու անգամ ծուխը հաճույքով ներս քաշեցի: Ա՜խ… (Դադար): Լավ, ձեզ էլ ի՞նչ է պետք: Որքան հիշում եմ, օրը սաստիկ ցուրտ էր, սնդիկի սյունն իջել էր զրոյի վրա: Բայց քանի որ Ծննդյան տոներն էին մոտենում, դրանում որևէ բացառիկ բան չկար: Տարվա եղանակին նման բան պատահում է: (Դադար): Դե ինչ, ասում եմ ես, այդ ի՞նչ սարսափելի քամի է քեզ քշել այս կողմերը: Նա բարձրացրեց իր դեմքը, որը սևացել էր կեղտից և թափած արցունքներից: Ոչ, մի նայեք ինձ, մի նայեք: Նա իջեցրեց աչքերը՝ ինչ-որ բան մրթմրթալով, երևի ներողության նման մի բան: (Դադար): Ես չափազանց զբաղված եմ, հասկանում եք, ես պատրաստվում եմ Ծննդյան տոներին: (Դադար, ձգված): Բայց այս արշավանքի նպատակն ի՞նչ էր: (Դադար): Ինչքան ես հիշում եմ, արևն այդ օրը պարզապես հրաշալի էր, հելիոմետրը ցույց էր տալիս հիսունը, ի դեպ, արևն այնտեղ արդեն մայր էր մ,տնում, մայր էր մտնում: (Սովորական ձայնով): Այս մասը վատ չպատմեցի: (Պատմողի ձայնով): Դե ինչ, դե ինչ, ասում եմ, ներկայացրեք ձեր խնդրանքը, ես դեռ այնքան գործ ունեմ: (Սովորական ձայնով): Ահա այսպես պետք է իսկական ֆրանսերենով արտահայտել սեփական մտքերը: Դե լավ… (Պատմողի ձայնով): Եվ հենց այդ պահին էլ նա վճռական դարձավ: Իմ երեխան, ասում է նա… այ-այ… երեխան, ինչքա՜ն դա ցավալի է: Իմ տղան ասում է, կարծես թե այստեղ սեռն ինչ-որ նշանակություն ունի: Իսկ որտեղի՞ց է ինքը՝ անձամբ ես եմ հարցնում: Նա ինձ էն կորած-մոլորած տեղի անունը տվեց: Եթե ձիով, ապա ամբողջ կեսօր է պետք այնտեղ հասնելու համար: Եվ ինձ հեքիաթներ մի պատմեք, ասում եմ, միևնույն է, ես չեմ հավատա, որ այնտեղ ինչ-որ մեկը մնացել է: Եվ, այնուամենայնիվ, նա ասում է, որ ոչ ոք չի մնացել, բացի իրենից ու տղայից, եթե, իհարկե, հավատայի, որ այդ տղան գոյություն ուներ: Դե լավ: Ես արդեն Կովում իմ գործերը կարգավորել էի: Ոչ մի կենդանի շունչ, ոչ մի կատու չէր մնացել: Եվ դուք ջանում եք ինձ ապացուցել, որ դուք այնտեղ թողել եք ձեր տղային, բոլորովին մենակ, և այն էլ՝ ո՞ղջ: Մի՞թե հավատալի է: Ինչքան հիշում եմ, քամին սարսափելի էր, այն արմատախիլ էր անում մեռած սոճիներն ու տանում գրողի ծոցը… Դե, ասում եմ ես, ասեք, ի վերջո, ի՞նչ եք ինձանից ուզում, արդեն ժամն է մոմերը վառելու: (Դադար): Կարճ ասած, հասկանում եմ, որ նա ինձանից հաց է ուզում իր երեխայի համար: Հաց: Հա՞ց ես ուզում, հարցնում եմ էդ աղքատ անբանին: Բայց ես հաց չունեմ, այն մարսողությանը վնասակար է: Լավ, ասում է նա, գուցե ցորե՞ն: Ճշմարիտ ասած, իմ ամբարում բավական քանակությամբ ցորեն կա: Դե մտածեք, ինքներդ մտածեք, ես ձեզ մեկ կամ էլ մեկուկես կիլոգրամ ցորեն կտամ, դուք այն երեխային կտանեք ու եթե նա ողջ է, նրա համար մի հրաշալի շիլա կեփեք: Կարճ ասած, ես նրան առաջարկեցի գնալ բերել երեխային և ինձ մոտ ծառայության անցնել… Ամեն ինչ վերջացավ նրանով, որ նա հարցրեց, թե չե՞մ համաձայնի վերցնել երեխային, եթե նա, իհարկե, դեռ ողջ էր… (Դադար): Այդ րոպեին էլ ես սպասում էի… (Դադար): Նա հիմա էլ իմ աչքերի առջև է՝ ծնկի իջած, ձեռքերով հողին հենված, անընդհատ ինձ է նայում իր խելագար աչքերով, չնայած ես նրան ամեն ինչ ասացի, ինչ մտածում էի: (Դադար: Սովորական ձայնով): Այսօրվա համար բավական է: (Դադար): Այս պատմության ավարտին շատ քիչ է արդեն մնացել: (Դադար): Միայն թե ես այդ պատմության մեջ նոր գործող անձեր եմ ներմուծում: Բայց որտեղի՞ց գտնեմ նրանց: Որտե՞ղ փնտրել: (Դադար: Սուլում է):

Մտնում է Կլովը:

Աղոթենք Աստծուն:

ՆԱԳԳ – Իսկ իմ կարամե՞լը:

ԿԼՈՎ – Խոհանոցում առնետ կա:

ՀԱՄՄ – Առնետ: Արդյո՞ք դեռ առնետները պահպանվել են:

ԿԼՈՎ – Մեկը կա խոհանոցում:

ՀԱՄՄ – Ու դու նրան չսպանեցի՞ր:

ԿԼՈՎ – Կիսով չափ: Դու մեզ խանգարեցիր:

ՀԱՄՄ – Նա չի՞ փախչի:

ԿԼՈՎ – Ոչ:

ՀԱՄՄ – Դու դեռ կհասցնես նրան սատկացնել: Աղոթենք Աստծուն:

ԿԼՈՎ – Մի անգա՞մ էլ:

ՆԱԳԳ – Իմ կարամելը:

ՀԱՄՄ- Սկզբում՝ Տեր Աստվածը: (Դադար): Դուք պատրա՞ստ եք:

ԿԼՈՎ - (համաձայնելով): Դե սկսենք:

ՀԱՄՄ - (դիմելով Նագգին): Իսկ դու՞:

ՆԱԳԳ - (սկսում է աղմկել՝ ձեռքերը դնելով կրծքին և փակելով աչքերը): Հայր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի…

ՀԱՄՄ – Լռել: Լռեցեք: Գոնե մի քիչ կարգը պահպանեք: Սկսենք:

Քարանում են լռության մեջ: Աղոթում են:

ՀԱՄՄ – Դե ի՞նչ:

ԿԼՈՎ – Գրողը տանի, ոչինչ չի ստացվում: Իսկ քե՞զ մոտ:

ՀԱՄՄ – Ոչինչ էլ չի ստացվում: (Նագգին): Իսկ դու՞:

ՆԱԳԳ – Սպասիր: (Դադար: Բացում է աչքերը): Բան չի ստացվում:

ՀԱՄՄ – Այ քեզ սրիկա: Նա գոյություն չունի:

ԿԼՈՎ – Դեռ ոչ:

ՆԱԳԳ – Իմ կարամելիկը:

ՀԱՄՄ – Այլևս կարամել չկա:

Լռություն:

ՆԱԳԳ – Սա նորմալ է: Ի վերջո, քո հայրը ես եմ: Իհարկե, չլինեի ես, քո հոր դերում մեկ ուրիշը կհայտնվեր: Բայց դա դեռ արդարացում չէ: (Դադար): Օրինակ, ռահատ-լոխումը, որը, ինչպես հայտնի է, արդեն չկա, այս աշխարհում,- ես բոլորից շատ եմ սիրում: Եվ մի գեղեցիկ օր ես սիրալիրության դիմաց քեզանից կպահանջեմ ռահատ-լոխում, ու դու այն կխոստանաս: Պետք է համաքայլ լինել քո ժամանակի հետ: (Դադար): Երբ դու կանչում էիր, երբ դու դեռ շատ փոքր տղա էիր, ես վախենու՞մ էի մթությունից: Քո մորի՞ց: Ոչ: Մենք քեզ թողնում էինք լաց լինել մենության մեջ: Իսկ ավելի ուշ մենք քեզ գրողի ծոցն ուղարկեցինք, որպեսզի կարողանայինք հանգիստ քնել: (Դադար): Ես այնտեղ քնած էի երջանիկ, թագավորի նման, իսկ դու արթնացնում էիր, պարտադրում լսել: Դա բնավ էլ խիստ պարտադիր չէր, քեզ բացարձակ պետք չէր, որ ես լսեի: Ի դեպ, ես քեզ չէի էլ լսում: (Դադար): Հուսով եմ, որ երբևէ կգա մի օր, երբ քեզ իսկապես անհրաժեշտ կլինի, որպեսզի քեզ լսեմ: (Դադար): Այո, ես հույս ունեմ ապրել դեռ մինչև այն օրը, որպեսզի լսեմ, թե ինչպես ես ինձ կանչում, ճիշտ այն ժամանակվա պես, երբ փոքր էիր ու վախենում էիր մթությունից: Ու ես քո միակ հույսն էի: (Դադար: Հարվածում է արկղի կափարիչին: Դադար): Նելլ: (Հարվածում է ուժգին): Նելլ:

Լռություն: Նագգը վերադառնում է իր արկղ, իր հետևից փակում է կափարիչը: Դադար:

ՀԱՄՄ – Զվարճությունները վերջացան: (Փնտրում է շանը): Շունիկը փախավ:

ԿԼՈՎ – Նա իսկական չէր, փախչել չէր կարող:

ՀԱՄՄ - (փորձում է շոշափել շանը): Այստեղ չէ:

ԿԼՈՎ – Նա պառկեց քնելու:

ՀԱՄՄ – Տուր ինձ նրան:

Կլովը հատակից բարձրացնում է շանը և տալիս Համմին: Համմը շանը սեղմում է կրծքին: Համմը շանը գետին է նետում:

Կեղտոտ կենդանի:

Կլովը սկսում է հավաքել գետին նետված իրերը:

Ի՞նչ ես անում:

ԿԼՈՎ – Կարգուկանոն եմ հաստատում:

ՀԱՄՄ – Հրաշալի է:

ԿԼՈՎ - (ուղղելով մեջքը): Ես կարգուկանոն սիրում եմ: Դա իմ երազանքն է: Այն աշխարհը, ուր ամեն ինչ լուռ ու անշարժ կլինի. Իսկ ամեն մի իր կգրավի իր վերջնական տեղը՝ ծածկվելով վերջնական փոշով:

ՀԱՄՄ - (զայրացած): Ի վերջո, դու ինչո՞վ ես զբաղված:

ԿԼՈՎ – Ես նրանով եմ զբաղված, որ փոքր-ինչ կարգուկանոն եմ հաստատում:

ՀԱՄՄ – Թող դա:

ԿԼՈՎ - (գետին է թափում բոլոր հավաքած իրերը): Ի վերջո, ինչ տարբերություն, այստեղ, թե բոլորովին այլ մի տեղ: (Գնում է դեպի դուռը):

ՀԱՄՄ – Ի՞նչ է կատարվում ոտքերիդ հետ:

ԿԼՈՎ – Իմ ոտքերի՞:

ՀԱՄՄ – Դու այնպես ես դոփում, կարծես մի ողջ հեծելազոր է անցնում:

ԿԼՈՎ – Հնարավոր է, դա գուցե նրանից է, որ ես սապոգներ եմ հագել:

ՀԱՄՄ – Իսկ միթե՞ հողաթափերի մեջ ոտքերդ ցավում են:

Լռություն:

ԿԼՈՎ – Ես հեռանում եմ քեզանից:

ՀԱՄՄ – Ոչ:

ԿԼՈՎ – Ես քո ինչի՞ն եմ պետք:

ՀԱՄՄ – դու պետք ես, որպեսզի ինձ ռեպլիկներ տաս: (Դադար): Ես իմ պատմությամբ առաջ եմ շարժվել: (Դադար): Հարցրու ինձ, որտե՞ղ եմ կանգ առել:

ԿԼՈՎ – Ի դեպ, ի՞նչ վիճակում է քո այդ պատմությունը:

ՀԱՄՄ - (խիստ զարմացած): Ո՞ր պատմությունը:

ԿԼՈՎ – Դե այն, որը դու միշտ պատմում ես:

ՀԱՄՄ – Հա, դու նկատի ունես իմ վե՞պը:

ԿԼՈՎ – Հենց դա:

Լռություն:

ՀԱՄՄ - (զայրացած): Գրողը տանի, դե շարժվիր առաջ: Այս ամենն իրականում շատ զվարճալի է: Ուզում ե՞ս, մենք երկուսով մեր սրտի ուզածի պես ծիծաղենք:

ԿԼՈՎ - (մտածում է): Ես այսօր էլ չեմ կարող ծիծաղել:

ՀԱՄՄ – Ես նույնպես: (Դադար): Ուրեմն, ես շարունակեմ: Նա ինձ ասում է, թե չե՞մ կարող վերցնել երեխային:

ԿԼՈՎ – Քանի՞ տարեկան է երեխան:

ՀԱՄՄ – Օ՜, շատ փոքրիկ է: Գոնե կարողանար օգնել ինձ տնտեսության մեջ:

ԿԼՈՎ – Իսկ հետո կմեծանար:

ՀԱՄՄ – Ամենայն հավանականությամբ:

Լռություն:

ԿԼՈՎ – Դե լավ, գրողը տանի, շարունակիր պատմությունը:

ՀԱՄՄ – Սա ամբողջն է: Ես այստեղ կանգ եմ առել:

Լռություն:

ԿԼՈՎ – Իսկ դու գիտե՞ս, թե հետո ինչ է լինելու:

ՀԱՄՄ – Շատ թե քիչ:

ԿԼՈՎ – Վերջը մո՞տ է:

ՀԱՄՄ – Վախենամ, որ այո:

ԿԼՈՎ – Կմտածես, մի ուրիշ պատմություն կհորինես:

ՀԱՄՄ – Չգիտեմ: (Դադար): Ես ինձ մի քիչ դատարկված եմ զգում: (Դադար): Ստեղծագործական տքնանքս չափից շատ է ձգվում: (Դադար): Եթե ես միայն կարողանայի քարշ տալմարմինս մինչև ծովը: Ես ինձ ավազներից բարձ կսարքեի, իսկ հետո արդեն ալիքներին կհասնեի:

ԿԼՈՎ – Այլևս ալիքներ չկան:

Լռություն:

ՀԱՄՄ – Նայիր, նա մեռել է, թե՝ ոչ:

Կլովը մոտենում է Նելլի աղբարկղին, բարձրացնում է կափարիչը, կռանում: Դադար:

ԿԼՈՎ – Կարծես՝ այո: (Փակում է կափարիչը: Համմը հանում է իր թասակը: Դադար: Համմը նորից հագնում է թասակը):

ՀԱՄՄ – Իսկ Նա՞գգը:

Կլովը բարձրացնում է Նագգի աղբարկղի կափարիչը, նայում: Դադար:

ԿԼՈՎ – Կարծես թե՝ ոչ:

ՀԱՄՄ – Նա ի՞նչ է անում:

ԿԼՈՎ – Նա լաց է լինում:

ՀԱՄՄ – Ուրեմն, ողջ է: (Դադար): Դու երբևէ, գոնե մի ակնթարթ, երջանիկ եղե՞լ ես:

ԿԼՈՎ – Որքան ինձ հայտնի է, ոչ:

Լռություն:

ՀԱՄՄ – Տար ինձ պատուհանի մոտ: (Կլովը մոտենում է նրան): Ուզում եմ դեմքիս վրա լույսը զգալ:

Կլովը բազկաթոռը շարժում է առաջ:

ՀԱՄՄ – Դու հիշու՞մ ես, թե որքան վատ էր քեզ մոտ ստացվում, երբ ինձ զբոսանքի էիր տանում: Դու բազկաթոռը բարձր էիր պահում: Ամեն անգամ, մեկ քայլ առաջ անելով, դու ինձ հազիվ էիր փրկում շրջվելուց: Հետո մենք արդեն վարժվեցինք: Արդեն հասա՞նք: Հիմա ցերե՞կ է:

ԿԼՈՎ – Համենայնդեպս, գիշեր չէ:

ՀԱՄՄ - (կատաղի): Ես քեզ հարցնում եմ, ցերեկ է, թե՞ ոչ:

ԿԼՈՎ – Այո:

Լռություն:

ՀԱՄՄ – Վարագույրը բա՞ց է:

ԿԼՈՎ – Ոչ:

Լռություն:

ՀԱՄՄ – Սա ո՞ր պատուհանն է:

ԿԼՈՎ – Այն բացվում է հողի վրա:

ՀԱՄՄ – Ես այդպես էլ գիտեի: (Կատաղի): Բայց այս կողմից լույս չկա, տար դեպի մյուսը:

Կլովը նրան տանում է մյուս պատուհանի մոտ:

ՀԱՄՄ – Այստեղ ճիշտ որ լուսավոր է: (Դադար): Արևի ճառագայթների են նման: (Դադար): Ճառագայթներ չկա՞ն:

ԿԼՈՎ – Ոչ:

ՀԱՄՄ – Իսկ մի՞թե դեմքիս վրա հիմա արևի ճառագայթներ չեմ զգում:

ԿԼՈՎ – Ոչ:

Լռություն:

ՀԱՄՄ – Ես շա՞տ սպիտակ եմ: (Դադար: Կատաղի): Ես հարցնում եմ քեզ, շա՞տ սպիտակ եմ:

ԿԼՈՎ – Ոչ ավելի, քան սովորաբար:

Լռություն:

ՀԱՄՄ – Բացիր պատուհանը:

ԿԼՈՎ – Ինչու՞:

ՀԱՄՄ – Ես ուզում եմ լսել ծովը:

ԿԼՈՎ – Դու նրան չես լսի:

ՀԱՄՄ – Անգամ եթե դու բացե՞ս պատուհանը:

ԿԼՈՎ – Չես լսի:

ՀԱՄՄ – Նշանակում է, իմաստ չունի՞ բացելը:

ԿԼՈՎ – Իմաստ չունի:

ՀԱՄՄ - (կատաղի): Ուրեմն, բացիր այն:

Կլովը բարձրանում է աստիճանով, բացում պատուհանը:

Դու բացեցի՞ր:

ԿԼՈՎ – Այո:

Լռություն:

ՀԱՄՄ – Դու երդվու՞մ ես, որ բացել ես:

ԿԼՈՎ – Այո:

Լռություն:

ՀԱՄՄ – Դե ինչ… (Դադար): Ծովը, հավանաբար, շատ խաղաղ է: (Դադար: Կատաղի): Ես հարցնում եմ քեզ, արդյո՞ք այն խաղաղ է:

ԿԼՈՎ – Այո:

ՀԱՄՄ – Դա նրանից է, որ այլևս ծովագնացներ չկան: (Դադար): Դու հանկարծակի ինչ-որ շատ չխոսկան դարձար: Քեզ մոտ ամեն ինչ կարգի՞ն է:

ԿԼՈՎ – Ես մրսում եմ:

ՀԱՄՄ – Հիմա մեզ մոտ ո՞ր ամիսն է: (Դադար): Փակիր պատուհանը: Մենք վերադառնում ենք: (Կլովը փակում է պատուհանը, բազկաթոռը վերադարձնում իր տեղը): Հայրի՛կ: (Դադար: Ավելի բարձր): Հայրի՛կ: (Դադար): Գնա տես, արդյո՞ք նա լսեց:

Կլովը գնում է Նագգի աղբարկղի մոտ, բացում կափարիչը, կռանում, անհասկանալի բառեր են լսվում: Ուղղվում է:

ԿԼՈՎ – Այո:

ՀԱՄՄ – Երկու անգա՞մն էլ:

ԿԼՈՎ – Միայն մեկ անգամ:

ՀԱՄՄ – Առաջինը, թե՞ երկրորդը:

Կլովը կռանում է աղբարկղի մեջ, անհասկանալի բառեր են լսվում: Ուղղվում է:

ԿԼՈՎ – Նա չգիտի:

ՀԱՄՄ – Հավանաբար, երկրորդը:

ԿԼՈՎ – Անհնար է որոշել: (Փակում է կափարիչը):

ՀԱՄՄ – Նա դեռ լա՞ց է լինում:

ԿԼՈՎ – Ոչ:

ՀԱՄՄ – Խե՜ղճ մեռյալներ: (Դադար): Նա ի՞նչ է անում:

ԿԼՈՎ – Իր թխվածքն է ծծում:

ՀԱՄՄ – Կյանքը շարունակվում է:

Կլովը վերադառնում է բազկաթոռի մոտ:

ՀԱՄՄ – Տուր ինձ ծածկոցը: Ես սառեցի:

ԿԼՈՎ – Այլևս ծածկոցներ չկան:

Լռություն:

ՀԱՄՄ – Համբուրիր ինձ: (Դադար): Դու չե՞ս ուզում ինձ համբուրել:

ԿԼՈՎ – Ոչ:

ՀԱՄՄ – Ճակատս համբուրիր:

ԿԼՈՎ – Ես քո ոչ մի տեղն էլ չեմ ուզում համբուրել: (Լռություն):

ՀԱՄՄ - (պարզելով ձեռքը): Ծայրահեղ դեպքում, տուր ինձ քո ձեռքը: (Դադար): Դու չե՞ս ուզում ձեռքդ տալ:

ԿԼՈՎ – Ես չեմ ուզում քեզ դիպել:

Լռություն:

ՀԱՄՄ – Շնիկին տուր ինձ: (Կլովը փնտրում է շանը): Չէ, չարժե:

ԿԼՈՎ – Դու չե՞ս ուզում քո շանը:

ՀԱՄՄ – Ոչ:

ԿԼՈՎ – Այդ դեպքում, ես հեռանում եմ: (Կլովը գնում է դեպի դուռը, ապա շրջվում): Եթե ես չսպանեմ այդ առնետին, նա կփախչի:

ՀԱՄՄ – Իրավացի ես:

Կլովը դուրս է գալիս: Դադար:

ՀԱՄՄ – Իմ հերթն է: (Հանում է թաշկինակը, բացում, այն պահում իր դիմաց): Մենք շարունակում ենք: (Դադար): Մենք լաց ենք լինում, լաց ենք լինում հենց այնպես, պարզապես որպեսզի չծիծաղենք, և կամաց-կամաց թախիծը պատում է մեզ: (Ծալում է թաշկինակը, դնում գրպանը, փոքր-ինչ բարձրացնում է գլուխը): Բոլոր նրանք, ում ես կկարողանայի օգնել... (Դադար): Օգնել: (Դադար): Փրկել: Փրկել: Նրանք սողում են դուրս բոլոր անկյուններից: (Դադար: Կատաղի): Դե դատեղցեք, դատեցեք ինքներդ, ես եմ խոսում:: Չէ՛ որ այնուամենայնիվ այստեղ եք, գետնի վրա, դրանից փրկություն չկա: (Դադար): Կորեք գրողի ծոցն ու սիրեցեք միմյանց: Լպստեք իրար, եթե դա ձեզ դուր է գալիս: (Դադար: Առավել հանգիստ): Ու եթե նրանք հաց չխնդրեցին, նշանակում է նրանց կարկանդակ էր պետք: (Դադար: Կատաղի): Չքվեցեք աչքիցս, շինվեք իրար հետ այն անկյուններում: (Դադար: Կամաց): Այս ամենը: Այս ամենը: (Դադար): Սովորական ու իսկական շուն անգամ չկա: (Առավել հանգիստ): Իմ սկզբի մեջ իմ վերջն է, և այնուամենայնիվ մենք շարունակում ենք: (Դադար): Գուցե պետք է շարունակել իմ պատմությունը, ավարտել այն և սկսել մեկ ուրիշը: (Դադար): Գուցե պետք է, որ ես նետվեմ հողին: (Դժվարությամբ բարձրանում է, ապա դարձյալ ընկնում բազկաթոռին): Եղունգներով կառչել հատակին առաջացած ճեղքերին և սողալ առաջ՝ հրելով ձեռքերով... (Դադար): Դա էլ կլինի վերջը, ու երբ ես ինձ հարցնեմ, թե ինչը կարող է բերել դեպի այն, ինքս նորից ինձ հարց կտամ՝ ինչը կարող էր... Ինչու՞ է այս վերջն այսքան ուշացել: Ես կլինեմ այնտեղ, այն հին թաքստարանում, միայնակ լռության դեմ... և արդեն հանգիստ: Եթե ես կարող եմ լռել և պարզապես այստեղ նստել հանգիստ, ամեն ինչ կվերջանա, կվերջանան ձայները, շարժումները: (Դադար): Ես կարող էի կանչել հորս և կարող էի կանչել իմ... (օրորվում է) որդուն: Եվ անգամ երկու, երեք անգամ այն դեպքերում, եթե նրանք չլսեին իմ առաջին, երկրորդ, երրորդ կանչերը: (Դադար): Ես կասեմ ինքս ինձ. Նա կվերադառնա: (Դադար): Իսկ հետո՞: (Դադար): Իսկ հետո՞: (Դադար): Նա չէր կարող, նա շատ հեռուն գնաց: Ինձ թվում է, թե ինձ հետևում են: Առնետը: Քայլերը: Աչքերը: Սկզբում պահում ես շնչառությունդ, իսկ հետո... (Հոգոց է հանում): Իսկ հետո խոսում ես արագ, արագ, արագ արտաբերում ես բառերն ինչպես միայնակ երեխա, որը պատկերացնում է, թե ինքը մենակ չէ, երկուսն է, երեքն է... (Դադար): Ախ, միայն թե շուտ վերջանար այս ամենը: (Սուլում է):

Մտնում է Կլովը՝ ձեռքին զարթուցիչ: Կլովը կանգ է առնում բազկաթոռի մոտ:

Դու չե՞ս գնացել և չե՞ս մեռել:

ԿԼՈՎ – Միայն հոգով:

ՀԱՄՄ – Եթե դու գնաս, կմեռնես:

ԿԼՈՎ – Կամ ընդհակառակը:

ՀԱՄՄ - (հպարտ): Ինձանից հեռու՝ միայն մահն է: (Դադար): Իսկ ի՞նչ վիճակում է առնետը:

ԿԼՈՎ – Նա փախել է:

ՀԱՄՄ – Նա հեռու փախչել չի կարող: (Դադար): Ի՞նչ:

ԿԼՈՎ – Նրան պետք էլ չէ հեռու փախչել:

Լռություն:

ՀԱՄՄ – Հանգստացուցիչ ընդունելու ժամանակը չէ՞:

ԿԼՈՎ – Ժամանակն է:

ՀԱՄՄ – Վերջապես: Դե արագ տուր:

ԿԼՈՎ – Այլևս հանգստացուցիչ չկա:

Լռություն:

ՀԱՄՄ - (սարսափած): Իմ հանգստացուցիչը: (Դադար): Դեղորայք չկա:

ԿԼՈՎ – դու այլևս երբեք չես ստանա հանգսատացուցիչ: Վերջացել է:

Լռություն:

ՀԱՄՄ – Իսկ այն կլորիկ տուփը... Նա լիքն էր:

ԿԼՈՎ – Հա, բայց հիմա արդեն դատարկ է:

Դադար: Կլովը սկսում է քայլել սենյակում: Նա զարթուցիչի համար տեղ է որոնում:

ՀԱՄՄ - (կամաց): Ես ի՞նչ անեմ,: (Դադար: Բղավում է:) Ես ի՞նչ անեմ:

Կլովը տեսնում է մի նկար, իջեցնում է պատից, նրա փոխարեն կախում զարթուցիչը:

Դու ի՞նչ ես անում:

ԿԼՈՎ – Երեք շրջան:

Լռություն:

ՀԱՄՄ – Նայիր գետնին:

ԿԼՈՎ – Դարձյա՞լ:

ՀԱՄՄ – Քանի որ այն կանչում է քեզ:

ԿԼՈՎ – Քո կոկո՞րդն է ցավում: (Դադար): Ուզու՞մ ես անանուխի կոնֆետ տամ: (Դադար): Չե՞ս ուզում: Ափսոս: (Երգելով գնում է դեպի աջ պատուհանը, նրա դիմաց կանգ է առնում, նայում է պատուհանին՝ բռնելով գլուխը):

ՀԱՄՄ – Դադարիր երգել:

ԿԼՈՎ - (շրջվելով դեպի Համմը): Ի՞նչ, արդեն երգելու իրավու՞նք էլ չկա:

ՀԱՄՄ – Ոչ:

ԿԼՈՎ – Այդ դեպքում, դու ինչպե՞ս ես ուզում, որ այս ամենն ավարտվի:

ՀԱՄՄ – Իսկ դու ուզու՞մ ես, որ այս ամենն ավարտվի:

ԿԼՈՎ – Ես ուզում եմ երգել:

ՀԱՄՄ – Ես չեմ կարող քեզ խանգարել:

Լռություն: Կլովը շրջվում է դեպի պատուհանը:

ԿԼՈՎ – Ես ու՞ր դրեցի աստիճանը: (Աչքերով որոնում է): Դու չե՞ս տեսել աստիճանը: (Վերջապես նկատում է): Հա, վաղուց է եկել ժամանակը: (Գնում է դեպի ձախ պատուհանը): Ժամանակ առ ժամանկ, երբ գլուխս կարգին է, ինքս ինձ հարց եմ տալիս: Հետո դա անցնում է, և դարձյալ վերադառնում է բանականությունը: (Բարձրանում է աստիճաններով, նայում պատուհանին): Գրողը տանի: (Նայում է): Սա ինչպե՞ս է ստացվել: (Դեմքը մոտեցնում է ապակուն): Ախր անձրև չկար: (Սրբում է պատուհանը, նայում: Խփում է ճակատին): Ի՜նչ հիմարն եմ ես: Շփոթեցի պատուհանները: (Իջնում է, մի քանի քայլ է անում դեպի մյուս պատուհանը): Ի՜նչ հիմարն եմ ես: (Աստիճանը տանում է դեպի աջ պատուհանը): Երբեմն ինձ հարց եմ տալիս, թե ամեն ինչ նորմա՞լ է: Հետո դա անցնում է, ու ինձ մոտ է վերադառնում տրամաբանությունը: Քեզ միայն մի մա՞սն է հետաքրքրում, թե ամբողջականը:

ՀԱՄՄ - (թույլ ձայնով): Ամբողջականը:

ԿԼՈՎ – Ընդհանուր տպավորություն: (Շրջվում է դեպի պատուհանը): Նայենք:

ՀԱՄՄ – Կլով: Գիտե՞ս ինչ:

ԿԼՈՎ - (տեսածից զարմացած): Մմ…

ՀԱՄՄ – Ես երբեք այնտեղ չեմ եղել: (Դադար): Կլով:

ԿԼՈՎ - (շրջվելով): Իսկ ի՞նչ կա այնտեղ:

ՀԱՄՄ – Ես երբեք այնտեղ չեմ եղել:

ԿԼՈՎ – Քո բախտը բերել է: (Շրջվում է դեպի պատուհանը):

ՀԱՄՄ – Ես միշտ բացակայել եմ: Ամեն ինչ տեղի է ունեցել առանց ինձ: Ես անգամ չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել:: (Դադար): Իսկ դու գիտե՞ս, թե ինչ է տեղի ունեցել: (Դադար): Կլով:

ԿԼՈՎ - (շրջվում է, համբերությունը կորցրած): Դու ուզու՞մ ես, որպեսզի վերջապես ես նայեմ այդ աղբակույտին: Այո՞, թե՞ ոչ:

ՀԱՄՄ – Սկզբում պատասխանիր ինձ:

ԿԼՈՎ – Ի՞նչ:

ՀԱՄՄ – Դու գիտե՞ս ինչ է կատարվել:

ԿԼՈՎ – Որտե՞ղ, ե՞րբ:

ՀԱՄՄ - (կատաղի): Երբ: Երբ տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել: Դու ինչ է, չե՞ս հասկանում: Ի՞նչ է կատարվել:

ԿԼՈՎ – Գրողը տանի, իսկ ի՞նչ կարող էր կատարվել: (Շրջվում է դեպի պատուհանը):

ՀԱՄՄ – Իսկ ես չգիտեմ:

Լռություն: Կլովը շրջվում է դեպի Համմը:

ԿԼՈՎ - (դաժան): Երբ Պեգգ մայրիկը քեզանից ձեթ խնդրեց լամպի համար, իսկ դու նրան վռնդեցիր՝ այդ պահին դու չգիտեիր, չէ, թե ի՞նչ է կատարվում: Ճի՞շտ է: (Դադար): Գիտե՛ս թե ինչից մահացավ այդ Պեգգ մայրիկը: Չգիտես: Մթությունից:

ՀԱՄՄ - (թույլ ձայնով): Ես ձեթ չունեի:

ԿԼՈՎ – Ահա և ոչ: Դու ձեթ ունեիր:

Լռություն:

ՀԱՄՄ – Դու նայու՞մ ես հեռադիտակով:

ԿԼՈՎ – Ոչ: Առանց սրա էլ ամեն ինչ տեսանելի է:

ՀԱՄՄ – Գնա և բեր այն:

Կլովը փակում է աչքերը, սեղմում բռունցքները: Կորցնում է հավասարակշռությունը, բռնում աստիճանից: Մի քանի քայլ իջնում է, կանգ առնում:

ԿԼՈՎ – Մի բան ինձ անհասկանալի է: Ինչու՞ եմ ես քեզ անընդհատ ենթարկվում: Դու կարո՞ղ ես ինձ բացատրել:

ՀԱՄՄ – Ոչ... Գուցե դա խղճահարություն է: (Դադար): Ինչ-որ մեծ խղճահարություն: (Դադար):

Լռություն: Կլովը քայլում է սենյակում, փնտրում հեռադիտակը:

ԿԼՈՎ – Ես հոգնել եմ ձեր բոլոր պատմություններից: Շատ եմ հոգնել: (Շարունակում է փնտրել): Պատահաբար, դու նրա վրա չե՞ս նստած:

ՀԱՄՄ – Ինձ մենակ մի թող:

Կլովը փնտրում է, շարժում բազկաթոռը, ապա նորից դնում իր տեղը:

Ես հենց կենտրոնու՞մ եմ:

ԿԼՈՎ – Մանրադիտակ է պետք, որպեսզի ճշգրտությունը ստուգվի: (Նկատում է հեռադիտակը): Վերջապես:

ՀԱՄՄ – Տուր ինձ շնիկին:

ԿԼՈՎ – Լռիր:

ՀԱՄՄ - (բարձր): Տուր ինձ շնիկին:

Կլովը գտնում է շանը և ողջ ուժով հարվածում Համմի գլխին:

ԿԼՈՎ – Ահա քեզ շնիկ: (Շունը գետին է ընկնում: Դադար):

ՀԱՄՄ – Նա ինձ խփեց:

ԿԼՈՎ – Դու ինձ կատաղեցնում ես:

ՀԱՄՄ – Եթե շատ ես ուզում ինձ ծեծել, ապա խփիր կացնով: (Դադար): Կամ գավազանով. Լսու՞մ ես, խփիր ինձ գավազանով: Բայց ոչ շնիկով: Գավազանով կամ կացնով:

Կլովը բարձրացնում է շանն ու տալիս Համմին: Նա գրկում է շանը:

ԿԼՈՎ - (աղերսաձայն): Եկ վերջացնենք խաղը:

ՀԱՄՄ – Երբեք: (Դադար): Ինձ դագաղի մեջ դիր:

ԿԼՈՎ – Ակլևս դագաղներ չկան:

ՀԱՄՄ – Այնժամ թող ամեն ինչ վերջանա:

Կլովը գնում է դեպի աստիճանը:

Եվ թող ամեն ինչ պայթի:

Կլովը բարձրանում է աստիճանի վրա, հետո իջնում, վերցնում հեռադիտակը, ապա բարձրանում, հեռադիտակը պարզում է դեպի պատուհանը:

Մեռել է մթությունից: Իսկ իմ մասին ի՞նչ կասես: Ինձ երբևէ և որևէ մեկը ներե՞լ է:

ԿԼՈՎ - (շրջվում է դեպի Համմը): Ի՞նչ: (Դադար): Այն, ինչ ասացիր, ի՞նձ է վերաբերում:

ՀԱՄՄ - (ատելությամբ): Հիմա, դա մեկուսի ռեպլիկ էր: Ապուշ: Դու ի՞նչ է, առաջին անգա՞մ ես լսում մեկուսի ռեպլիկ: (Դադար): Ես պատրաստվում եմ իմ վերջին մենախոսությանը:

ԿԼՈՎ – Զգուշացնում եմ: Ես վերջին անգամ եմ նայում այս ապուշությանը, քանի որ դու ես կարգադրել նայել: Այ-այ-այ…

ՀԱՄՄ – Էլի բարդություններ:

Կլովն իջնում է աստիճանից:

Միայն թե սա չվերածվի ինքնուրույն սյուժեի:

Կլովն աստիճանը մոտեցնում է պատուհանին, բարձրանում է, պարզում է հեռադիտակը: Դադար:

ԿԼՈՎ – Այ-այ…

ՀԱՄՄ – Այնտեղ ի՞նչ է, տերև՞: Ծաղի՞կ: Լոլի՞կ:

ԿԼՈՎ - (նայում է): Գրողի ծոցը լոլիկները: Այնտեղ ինչ-որ մեկը կա: Ինչ-որ մեկը:

ՀԱՄՄ – Դե ինչ, պետք է նրան վերջ տալ:

Կլովն իջնում է աստիճանից:

Ինչ-որ մեկը կա: Կատարիր պարտքդ:

Կլովն արագ գնում է դեպի դուռը:

ՀԱՄՄ – Դե լավ, պետք չէ:

Կլովը կանգ է առնում:

Ի՞նչ տարածության վրա է:

Կլովը վերադառնում է աստիճանի մոտ, բարձրանում է, նայում հեռադիտակով:

Կլով – Մոտ վաթսուն կամ քառասուն մետրի…

ՀԱՄՄ – Մոտենու՞մ է: Հեռանու՞մ է:

ԿԼՈՎ - (շարունակելով նայել): Անշարժ կանգնած է:

ՀԱՄՄ – Նրա սեռը…

ԿԼՈՎ – Ի՞նչ նշանակություն ունի: (Բացում է պատուհանը, դադար: Շրջվում է դեպի Համմը): Նման է փոքրիկ տղայի:

ՀԱՄՄ – Ինչո՞վ է զբաղված:

ԿԼՈՎ – Ի՞նչ:

ՀԱՄՄ - (կատաղի): Նա ի՞նչ է անում:

ԿԼՈՎ - (վախեցած): Ես չգիտեմ, թե նա ինչ է անում: Երեխաները սովորաբար ի՞նչ են անում: (Նայում է հեռադիտակով, ապա շրջվում դեպի Համմը): Կարծես նա նստել է գետնին ու թեքվել ինչ-որ բանի վրա:

ՀԱՄՄ – Կռացել է շուռ եկած գերեզմանաքարի վրա: (Դադար): Նա հավանաբար տանը նայում է մեռնող Մովսեսի հայացքով:

ԿԼՈՎ – Ոչ:

ՀԱՄՄ – Այդ դեպքում՝ ու՞ր է նայում:

ԿԼՈՎ - (կատաղի): Չգիտեմ, թե ուր է նայում: (Նայում է հեռադիտակով, ապա շրջվում): Գուցե իր փորիկին: Ամեն դեպքում, այդ ուղղությամբ: (Դադար): Ինչի՞ համար է այս ողջ հարցաքննությունը:

ՀԱՄՄ – Գուցե նա մեռել է:

ԿԼՈՎ – Գնամ տեսնեմ: (Իջնում է աստիճանից, դեն նետում հեռադիտակը, գնում դեպի դուռը, կանգ առնում): Ես գավազանը վերցնեմ: (Փնտրում է գավազանը, բարձրացնում այն հատակից, գնում դեպի դուռը):

ՀԱՄՄ – Պետք չէ:

ԿԼՈՎ - (կանգ է առնում): Ո՞վ է դա, որ պետք չէ: Հնարավոր է, որ նա ուրիշների ծնի:

ՀԱՄՄ – Եթե նա գոյություն ունի, ապա կամ այստեղ կգա, կամ էլ այնտեղ կմեռնի: Եթե նա գոյություն չունի, ապա առավել ևս իմաստ չունի:

Լռություն:

ԿԼՈՎ – Դու ինձ չե՞ս հավատում: Քեզ թվում է, թե հորինու՞մ եմ:

Լռություն:

ՀԱՄՄ – Կլով, ամեն ինչ վերջացավ: մենք ավարտեցինք խաղը: Դու ինձ այլևս պետք չես:

Լռություն:

ԿԼՈՎ – Սա ճիշտ ժամանակին է: (Գնում է դեպի դուռը):

ՀԱՄՄ – Գավազանն ինձ թող:

Կլովը տալիս է գավազանը, գնում դեպի դուռը, կանգ առնում: Նայում է զարթուցիչին, իջեցնում է պատից: Փնտրում է զարթուցիչի համար առավել հարմար տեղ, գնում է դեպի աստիճանը, զարթուցիչը դնում է նրա վրա, վերադառնում է բազկաթոռի մոտ: Լռություն:

ԿԼՈՎ – Ես հեռանում եմ քեզանից: (Լռություն):

ՀԱՄՄ – Գնալուց առաջ ինչ-որ բան ասա:

ԿԼՈՎ – Ես ասելիք չունեմ:

ՀԱՄՄ – Մի քանի բառ, որպեսզի ես պահպանեմ դրանք… իմ սրտում:

ԿԼՈՎ – Քո սրտում:

ՀԱՄՄ - Այո: (Դադար): Իսկ մնացյալը՝ վերջում ստվերներ են, շշուկներ, այս ամբողջ անհանգստությունը… Այս ամենին պետք է վերջ տալ: (Դադար): (Կլով)… Նա երբեք չի խոսել ինձ հետ: Իսկ հետո, գնալուց առաջ, ես նրան անգամ ոչինչ չխնդրեցի… Նա հանկարծ խոսեց ինձ հետ: Նա ինձ ասաց…

Կլով – Ա՜…

ՀԱՄՄ – Ինչ-որ բան... քո սրտի մասին:

ԿԼՈՎ – Իմ սրտի մասին:

ՀԱՄՄ – Ի սրտե... մի քանի բառ:

ԿԼՈՎ - (երգում է): Ճնճղուկ, ճնճղուկ, դու թռիր, Ուղիղ իմ սիրելիի մոտ, Նրա ականջին շշնջա, Որ հոգնել եմ արդեն, ուժ չունեմ: (Լռություն): Այսքանը բավակա՞ն է

ՀԱՄՄ – Հիմարություն է:

Լռություն:

ԿԼՈՎ - (անշարժ է, անգույն ձայնով): Ինձ ասել են, որ հենց դա էլ սերն է, հավատա ինձ, դու տեսնում ես...

ՀԱՄՄ – Հոդաբաշխված խոսիր:

ԿԼՈՎ - ...որքան դա հեշտ է: Ինձ ասել են, որ դա էլ հենց բարեկամությունն է, հավատացնում եմ քեզ, դե այո, այո... դու այլևս կարիք չունես բարեկամությունը փնտրելու: Ինձ ասել են, որ նա այստեղ է, դու միայն կանգ առ, բարձրացրու գլուխդ, հիացիր նրանով: Այդ կարգուկանոնով:

ՀԱՄՄ – Բավական է:

ԿԼՈՎ – Ես ինքս ինձ ասում եմերբեմն, լսիր, Կլով, դու պետք է սովորես ավելի լավ տառապել, քան այն անում ես հիմա, եթե իհարկե, դու շատ ես ուզում, որ դադարեն քեզ պատժել: Ես ասում եմ ինձ. Կլով, լսիր, դու այստեղ ավելի կատարյալ պիտի լինես, քան կաս հիմա, եթե, իհարկե, ուզում ես, որ մի գեղեցիկ օր բաց թողնեն քեզ: Բայց, միևնույն է, ես ինձ զգում եմ չափից ավելի հին և այնուհանդերձ մնում եմ հեռու ամեն ինչից, որպեսզի կարողանամ վարժվել ինչ-որ նոր բանի: Դե ինչ, նշանակում է, որ սա երբեք չի վերջանա, նշանակում է, որ ես երբեք չեմ հեռանա: (Դադար): Եվ հանկարծ, մի գեղեցիկ օր, ամեն ինչ վերջանում է, ամեն ինչ փոխվում է, ես ոչինչ չեմ հասկանում, ամեն ինչ մեռնում է, կամ էլ ինքս եմ մեռնում, ես ոչինչ չեմ հասկանում, դա էլ չեմ հասկանում: Ես դրա համար բառեր եմ փնտրում, որոնք դեռ մնացել են ինձ մոտ. Քուն, արթնացում, երեկո, առավոտ: Դրանք ինձ ոչինչ չեն կարող ասել: (Դադար): Ես բացում եմ բանտի դուռն ու հեռանում: Ես այնքան ճնշված եմ, որ բտեսնում եմ միայն սեփական ոտքերս, եթե, իհարկե, բացում եմ աչքերս, ու մեկ էլ տեսնում մի քիչ սև փոշի, որը փռվել է ոտքերիս արանքում: Ես ինքս ինձ ասում եմ, որ հողը հանգել է, չնայած ես այն երբեք լուսավոր չեմ տեսել: (Դադար): Երբ հեռանում ես, դա ինքնըստինքյան է ստացվում: (Դադար): Երբ ես ընկնեմ, երջանկությունից լաց կլինեմ: (Լռություն: Կլովը գնում է դեպի դուռը):

ՀԱՄՄ – Կլով:

Կլովը կանգ է առնում, բայց չի շրջվում:

Ոչինչ:

Կլովը դարձյալ սկսում է շարժվել:

Կլով:

Կլովը կանգ է առնում, դարձյալ չի շրջվում:

ԿԼՈՎ – Սա նշանակում է՝ գեղեցիկ հեռանալ բեմից:

ՀԱՄՄ – Շնորհակալ եմ քեզ, Կլով:

ԿԼՈՎ - (շրջվում է, աշխույժ): Ախ, ներիր, այդ ես եմ քեզ շնորհակալ:

ՀԱՄՄ – Մենք շնորհակալ ենք մեկս մյուսին:

Դադար: Կլովը դարձյալ գնում է դեպի դուռը:

Եվ էլի ինչ-որ բան:

Կլովը կանգ է առնում:

Վերջին երախտագիտությունս:

Կլովը դուրս է գալիս:

Ծածկիր ինձ սավանով: (Երկար դադար): Ո՞չ: Լավ: (Դադար): Իմ հերթն է: (Դադար): Պետք է խաղալ: (Հոգնած): Պարտված խաղի հին էնդշպիլը, պետք է այն ավարատել, որպեսզի տանուլ տալ: (Դադար, առավել աշխույժ): Տեսնենք: (Դադար):

Մտնում է Կլովը: Նա գլխին պանամա է դրել, հագել է կոստյում, ձեռքին վերարկու է նետված, բռնել է ճամպրուկ և անձրևանոց: Կլովը կանգնում է դռների մոտ, հայացքը հառած Համմին՝ մնում է անշարժ:

Դե լավ: (Դադար): Պետք է դեն նետել: (Հատակին է նետում գավազանը, ուզում է նետել շանը, սակայն մտափոխվում է): Հանգիստ, ամեն ինչ այնքան էլ սարսափելի չէ: (Դադար): Իսկ հիմա՞: (Դադար): Պետք է հանել: (Հանում է իր թասակը): Աշխարհը մտնի մեր քամակը… (Դադար): Ու նորից դնենք: (Դնում է թասակը): Լիակատար հավասարություն: (Դադար, հանում է ակնոցները): Պետք է սրբել: (Հանում է թաշկինակը, սրբում ակնոցը): Եվ նորից դնել: (Թաշկինակը դնում է գրպանը, ակնոցը դնում աչքերին): Մենք արդեն ավարտում ենք: Էլի մի քանի հիմարություն այս ոգով ու ես կկանչեմ; (Դադար): Մի քիչ պոեզիա: (Դադար): Դու կանչեցիր… (Դադար: Ուղղում է իրեն): Դու կանչեցիր դեպ գիշերն այս, ու նա եկավ… Նա իջավ դանդաղ ու հանգիստ: (Երգեցիկ): Նա իջավ դանդաղ ու հանգիստ: (Դադար): Գեղեցիկ ստացվեց: Իսկ հիմա՞: (Դադար): (Սուլիչը մոտեցնում է շուրթերին, տատանվում, ապա իջեցնում: Դադար): Իհարկե: Իհարկե: (Սուլում է: Դադար: Սուլում է բարձր: Դադար): Լավ: (Դադար): Հայր: (Դադար: Բարձր): Հայր: (Դադար): Լավ: Մենք ավարտում ենք: Եվ ինչպե՞ս ավարտել: Շպրտել: (Դեն է նետում շանը, պոկում է կրծքից կախված սուլիչն ու շպրտում): Վերցրեք: Կլով: (Երկար դադար): Ո՞չ: (Հանում է թաշկինակը): Քանի որ սա այսպես է խաղացվում… (սկսում է շուռումուռ տալ թաշկինակը): Խաղանք այնպես, ինչպես պահանջվում է… և այլևս չխոսենք այս մասին… և այլևս չխոսենք այս մասին… (Նայում է թաշկինակին): Հին լաթի կտոր: Այ քեզ ես կպահեմ… (Դեմքը ծածկում է թաշկինակով):

Վարագույր








123456789101112131415161718192021
    Դիտվել է 852 անգամ
    12