Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Անտառի ծնունդը



Անտառի ծնունդը

/ Մանկական պիես 2 գործողությամբ/

(Նվիվում է Արցախյան պայքարի և հերոսամարտի օրերին իրենց մանկությունը հայոց հողի այդ հատվածում անցկացրած երեխաներին:)


Գործող անձինք.

Հեղինակ

Բազալտիկ

Մանուշակագույն Տուֆիկ

Կաղնիկ

Վարդագույն Տուֆիկ / Վարդագույն Տուֆիկ-Պեմզիկ /

Կանաչ Գրանիտ

Սառը Ցե Լուլայանների հրամանատար

Հետախույզ Լուլայան զինվոր

Ցմփոր Լուլայան զինվոր

Շեփորահար

Զինվոր Լուլայանների կոպիտ ձայներ

Ձնծաղիկ

Մանուշակ

Թիթեռնիկ

Ճնճղուկ

Անմոռուկ

Երեքնուկ

Տագնապալից քնքույշ ձայներ

Այլ ծաղիկներ, խոտեր, թփեր, թռչուններ ու միջատներ

Զինվոր Սառը Ցե Լուլայաններ


Գործողություն առաջին


Պատկեր Առաջին

Մութ է: Հնչում է մեղմ երաժշտություն: Լուսնի լույսի ուղեկցությամբ նախաբեմ է մտնում Հեղինակը:

Հեղինակ- Բարև, երեխաներ: Եկեք այսօր միասին փորձենք գտնել, թե ինչպե՞ս են առաջացել անտառները, որոնք այնքան գեղեցիկ են և իրենց խորքերում ունեն հազար ու մի գաղտնիքներ: Կամ պարզաբանենք այսպիսի իրավիճակ. արդյոք պե՞տք է զարմանալ, թե՞ միանգամայն հասկանալի է, երբ հայացքդ որսում է գորշ ժայռի կողին թառած մասրենու մի թուփ, որևէ ծաղիկ կամ, ասենք, ծառ: Ընդհանրապես, կարծում եմ, հիանալի է` երբ մարդ գիտի այն հարցի պատասխանը, թե ինչպե՞ս են թփերը, ծաղիկներն ու ծառերը հայտնվում լեռների լանջերին, ապա բազմանում ու տարածվում ավելի ու ավելի վեր, գրեթե մինչև կապույտ երկինք հասնող ձյունապատ գագաթներ: /Հեղինակի թիկունքում, լուսնի թափառող լույսն ասես մատնանշում է բնության արթնացող անկյունները:/ Ապա, լսեք… /Գալիս է ջրի կաթկթոցի ձայն:/ Ահա և մի քնած ձնծաղիկ:

Տագնապալից քնքույշ ձայներ /շշուկով/

-Ձյունը հալվում է:

-Օդի մեջ արևային ջերմություն եմ զգում:

-Գուցե գարու՞նն է գալիս:

-Տես, տես Ձնծաղիկը թեև քնած է, բայց կարծես արթնացողի նման շնչելիս լինի:

Հեղինակ-Իսկ հիմա խնդրում եմ բոլորի ուշադրությունը, քանի որ մեկ ծառ, հետո՝ մեկ թուփ, հետո՝ էլի մեկ ծառ ու թուփ և, տեր Աստված, հենց մեր աչքերի առջև կծնվի անտառ:


/Հեղինակի խոսքի ընթացքում Ձնծաղիկը արթնանում է: Ձեռքերը պարզում է կաթկթացող ջրի կողմը, լվանում է աչքերը, հետո մի խենթ խաղ ու պար սկսում վերևից անվերջ թափվող կաթիլների հետ: Նա փորձում է որսալ ընկնող կաթիլները, հետո խուսափել նրանցից, բուռ-բուռ օդ է նետում գետնին լճակ կազմած ջուրը կամ զգույշ այս ու այն կողմ շաղ տալիս: Ջրի կաթիլների ձայնը շատանում ու բազմապատկվում է, վերածվում գարնան զարթոնք խորհրդանշող զվարթ երաժշտության:/


Հեղինակ-Անտառ այս բլուրի վրա, անտառ՝ հեռվում երևացող սարի լանջին: /Ցույց է տալիս հեռուն/ Ահա մի տնկի էլ երկչոտ օրորվում է գորշ ժայռի կատարին: Գուցե այնտեղ է՞լ է անտառ ծնվում … /Դադար/ Ամեն տեղ և ամեն պահ կարող է անտառ սկիզբ առնել: Նույնիսկ հին տաճարի տանիքին, որտեղ թեթև հովը առիթով կամ անառիթ կատակախաղեր է անում ծածկին մի կերպ կառչաց սիզախոտերի փնջի հետ: /Դադար/ Աշխարհն հազար անկյուն ունի և ես չէի զարմանա, եթե, հանկարծ, անտառն իր առաջին ծիլերն արձակեր ճիշտ իմ կանգնած տեղում: / Ձնծաղիկը մի բուռ ջուր է ցողում հեղինակի ոտքերի մոտ: Վերջինս հանկարծակիի եկած խուսափում է ու նայում է ոտքերի տակ / Դե ինչ, խնդրում եմ ուշադիր եղեք և, ես վստահ եմ, դուք կդառնաք բնության այդ հրաշքի ծննդյան վկան: ՈՒրեմն, լսեք: /Ամեն ինչ կրկին քողարկվում է մթությամբ և աստիճանաբար լուսավորվում է Լեռնագագաթը կամ ցուցադրվում են ձյունածածկ լեռների տեսաշարեր/: Մի անգամ, Լոռի կոչվող գեղեցիկ աշխարհում, տարվա այն օրերին, երբ ձմռան ցրտերը դեռ չէին կորցրել իրենց ուժը, մի շատ բարձր ու լերկ սարի գագաթին ժողովի հավաքվեցին բոլոր սառույցները, որոնցից առավել կատաղիները սառցալուլաներն էին և, ովքեր իրենց անվանում էին Սառը Ցե Լուլայաններ: Այդ Սառը Ցե Լուլայանները որոշեցին կռիվ սկսել մոտեցող գարնան և տաք եղանակների դեմ: Այս չար մտադրությունը դուր չեկավ ոչ մի խաղաղասեր լեռնաբնակի, իսկ առավել շատ ժայռերին, ապարաժներին, բոլոր տեսակի ու գույնի քարերին: Սակայն չար Սառը Ցե Լուլայանների որոշումն անշրջելի էր և վերջնական: Այդ պատճառով էլ նրանք զրահավորվեցին ծիածանի բոլոր գույներով շողացող զրահներով, զինվեցին սրածայր Սառը Ցե նիզակներով ու մի մութ գիշեր անակնկալ հարձակվեցին և բազմաթիվ ապարաժներ ու ժայռեր, գետնին թափված հազար-հազարավոր քարեր ուղղակի պատեցին սառույցով և բոլորին գցեցին նեղ վիճակի մեջ …


Պատկեր երկրորդ

Մութը փարատող լուսնի դալուկ լույսին տարբեր տեղերից, մերթընդմերթ, խառնվում են փայլակի չարագուշակ կարմիրն ու կապույտը: Փչում է մերթ սաստկացող, մերթ թուլացող քամի: Հեռվից գալիս է հրանոթային համազարկ հիշեցնող որոտ, գնդացրային կրակոցի նմանությամբ իրենց բաժին աղմուկն են ներկայացնում ջարդվող սառույցները, երաժշտական բոլոր նոտաներով զրնգում են քարերին զարնվող սառցալուլաները, լսվում է թշնամուց խոցվողի հառաչ, ծանր գոտեմարտից հուսահատվածի ճիչ… Պատերազմ է: Սառույցները, սարսափած մոտեցող գարնան շնչից, պատերազմ են սկսել Լեռնագագաթի քարեղեն բարձունքներում: Գարնան հետ, ուս-ուսի, տաք եղանակների մուտքը Լեռնագագաթ բացում են լեռան բոլոր քարերը:

Տագնապալից քնքույշ ձայներ

-Վարդագույն տուֆիկները խոցոտվում ու ծակոտկեն պեմզայի են վերածվում:


Զինվոր Լուլայանների կոպիտ ձայներ

- Սառը ցե Լուլայաններ, առաջ:

- Բազալտի ու գրանիտի ոտքերին նշան բռնել: Նրանց դիմադրությունը անհնար է ջարդել, բայց հնարավոր է հողից կտրել ու տապալել: Նշան բռնել միշտ նույն տեղում՝ ոտքերին:

Հրամանատար/ձայնը/- Բոլորով միասին… լսեք հրամանը… խոցել…

Տագնապալից քնքույշ ձայներ.

-Գրանիտներ ու բազալտներ, շուտ հասեք լեռան արևմտյան լանջ, այնտեղ տուֆիկները չեն դիմանում…

- Տուֆիկները Լուլայան երկարանիզակների հարվածներից ծակոտկեն են դառնում…

- Քարերը նահանջում են իրենց բարձունքներից…

-Լեռան վրա փլուզում է…

-Սուր նիզակներից խոցոտված Տուֆիկները պեմզա են դառնում ու գլորվում սարն ի վար, սարն ի վար, դեպի անդուդ…

Գալիս են արագ վազքից շնչասպառ Բազալտիկը և Մանուշակագույն Տուֆիկը:

Տուֆիկ - Դու տեսնու՞մ ես նրանց:

Բազալտիկ- Երբեմն տեսադաշտից անհետանում են, երբեմն՝ աղոտանում ստվերի պես:

Մանուշակագույն Տուֆիկ - Բազալտիկ աչքից բաց չթողնես Կանաչ Գրանիտին ու Վարդագույն Տուֆիկին: Նայիր, նայիր, այն կատաղի Սառը Ցե Լուլայանը ոչ մի կերպ չի ցանկանում նահանջել: Նա պնդերեսի նման կրկին առաջ է շարժվում…

Բազալտիկ/տագնապով/- Վարդագույն Տուֆիկի ջրի պաշարը, երևում է, սպառվել է: Նա ոչ մի հարձակողական շարժում չի անում: Միայն նահանջում է:

Մանուշակագույն Տուֆիկ - Ափսոս, մենք նրանցից հեռու ենք: Ես իմ ջրի պաշարը լրիվ կդատարկեի այդ հիմար Լուլայանի գլխին և նա ջրի ջերմաստիճանի ներքո իսկույն ջրի կվերածվեր:

Բազալտիկ- /բղավում է/ Հեյ-հեյ… Կորեք ձեր նիզակներով: Միթե չեք մտածում որ տուֆերի զորագունդը այստեղ գարնան հալոցքաջրեր է կուտակել: Ձեր հատուցման ժամը մոտենում է:

Մանուշակագույն Տուֆիկ- Հեյ-հեյ, գարունը մոտենում է:

Բազալտիկ- Արագ, Մանուշակագույն Տուֆիկ, արագ, գուցե դեռ հասցնենք օգնության հասնել:


/Բազալտիկն ու Մանուշակագույն Տուֆիկը Գնում են:/


Պատկեր երրորդ

Բացվում է Լեռնագագաթին ավել մոտ տեսարան: Շնչասպառ, երբեմն- երբեմն գայթելով, գալիս է վիրավոր Վարդագույն Տուֆիկը: Սառը Ցե Լուլայանների գրոհները հետ մղելով՝ նրան է հետևում Կանաչ Գրանիտը/

Կանաչ Գրանիտ - Վարդագույն Տուֆիկ, հեռացիր գագաթից, իջիր լանջն ի վար: Այնտեղ ավելի անվտանգ է:

Վարդագույն. Տուֆիկ - Իմ հաշիվը գրեթե փակված է: Դու, դու ինչպե՞ս ես, Կանաչ Գրանիտ…

Կանաչ Գրանիտ-Ոչ, ոչ, այդպես հուսահատ մի խոսիր: Ես կպաշտպանեմ քեզ: / Ետ է մղում Լուլայան զինվորի գրոհը/ Հեռու… ես չեմ վախենում սառցալուլաներից…

Լուլայան զինվոր/ Ծաղրելով/- Մի փորձեք բարձրանալ Լեռնագագաթ /հարվածներ է տեղում/ Ի՞նչ գործ ունեք այնտեղ:

Վարդագույն Տուֆիկ –Այնտեղ մի ժամանակ նույնիսկ վայրի կակաչներ են տեսել:

Լուլայան զինվոր - Իսկ հիմա ձեզ այնտեղ սառցե մի սպիտակ սավան է սպասում: /Բարձր քրքջում է ու կրկին փորձում խոցել/

Կանաչ Գրանիտ-Մի վախեցնի ձյունե սավանով,Սառը Ցե Լուլայան:Իմ ոտքերին մի նայիր:Այլ նայիր ավելի ցած: Չե՞ս զգում:Հողի մեջ գարունն արթնացել է և բարձրանում լեռն ի վեր:

Լուլայան զինվոր- Գարունը այստեղ գործ չունի/ կատաղի գրոհում է:/

Կանաչ գրանիտ - Քո գրոհներն անիմաստ են: /Ծաղրելով / Հապա դադար տուր և նայիր մորուքիդ:

Լուլայան զինվոր/ Գրոհը դադարեցնում է ու ստուգում մորուքը/- Իմ մորուքի մեջ բացի բյուրեղիկներից ուրիշ ոչինչ չկա: /կրկին գրոհում է/

Կանաչ գրանիտ /պաշտպանվելով – Իսկ ինձ թվում է, որ խոնավացել է:

Լուլայան զինվոր - Հոգեբանական պատերազմ; Ես հիմա կսառեցնեմ ոգևորությունդ և դու կտեսնես թե ինչպես են ոտքերդ կտրվում քո սիրած հողից: Դու դեռ կտեսնես, թե որտեղից պիտի իրապես հոսի ջուրը: /Ծաղրով/ Քո մարմինը այնպես եմ խոցելու որ մի անգամից դառնաս պեմզայի վերածվող գրանիտ…

Կանաչ Գրանիտ- Չկա մեկ պեմզա կամ ընդհանրապես ծակոտկեն քար, որը ստեղծված լինի գրանիտից:

Լուլայան զինվոր -Դու կլինես առաջինը:

Վարդագույն Տուֆ /գալիս է առաջ/ - Մենք չենք վախենում: Թեև իմ ջրի պաշարը սպառվեց, բայց տես՝ գարունը քայլ առ քայլ բարձրանում է:

Կանաչ Գրանիտ/Տուֆիկին/- Զգույշ, Վարդագույն Տուֆիկ: Շատ մի մոտեցիր:

Լուլայան զինվոր/Տուֆիկին/- Արի, արի: Իմ նիզակին հանդիպելուց հետո, դու ջրի պակաս չես զգա:

Վարդագույն Տուֆ- Որքան էլ կատաղես, միևնույնն է, ես չեմ վերածվի պեմզայի:


/Հանկարծ ջրի խոխոջ է լսվում:/


Կանաչ Գրանիտ /շրջվելով և ուրախ/-Լսու՞մ եք, ջուրը, ջուրը եկավ…

Վարդագույն տուֆ/ուրախ և հուսավառ /-Ջուրը… /Հիասթափված/ Բայց ձայնը ներքևից, ձորակից է գալիս:

Լուլայան զինվոր - Սառը Ցե, Սառը ցե… /Օգտվում է այն պահից, որ Կանաչ Գրանիտը շրջվել է ջրին նայելու, կատաղի մարտակոչ արձակելով հարվածում և գետին է տապալում Վարդագույն Տուֆիկին/ Դե հիմա գլորվիր այդ ձորակ և խմիր որքան կամենաս:

Կանաչ Գրանիտ - Վարդագույն Տուֆիկ; Զգույշ… /Հարձակվում է Սառը Ցե Լալուլայանի վրա, բայց վերջինս խույս է տալիս: Կանաչ Գրանիտը մոտենում և գրկում է Վարդագույն Տուֆիկի թուլացած մարմինը:/ Իմ լավ Վարդագույն Տուֆիկ…/Ողբալով/ Ես չկարողացա պաշտպանել քեզ:

Լուլայան զինվոր/հեռվից, չարախնդությամբ/ - Նա արդեն տուֆիկ չէ: Այսուհետ նրան անվանիր Վարդագույն Պեմզիկ:


/Թաքնվում է աչքից/


Վարդագույն Տուֆիկ- /կարծես արթնանում է քնից/- Կանաչ Գրանիտ: Դու լսու՞մ ես ջրի ձայնը:

Կանաչ Գրանիտ - Ոչ, ոչ… Փակիր ականջներդ: Քեզ մի պահիր պեմզայի նման: Ջուրը հոսում է: Այն պիտի հալեցնի սառույց ու ձյուն: Եթե դու քեզ պահես պեմզայի պես, ջուրը կներծծվի քո մեջ և չի հասնի սառույցին ու ձյանը, չի հալեցնի նրանց:

Վարդագույն Տուֆիկ- /Հանկարծակի և բարձր աղաղակում է/- Կոկորդս այրվում է: Ես ջուր եմ ուզում:


/Վարդագույն Տուֆիկ-Պեմզիկը գերբնական ուժով հրում է Կանաչ Գրանիտին, ազատվում է նրա ձեռքերից: Կանաչ Գրանիտը փորձում է փակել նրա ճանապարհը, բայց պեմզայի վերափոխված Վարդագույն Տուֆիկի աղաղակից ընկրկում է:/


Վարդագույն Տուֆիկ-Պեմզիկ - Ես ջուր եմ ուզում…/Գլորվում է անդունդ, որտեղից լսվում է ջրի ահագնացող ձայնը:


/ Գրանիտը քարանում, անշարժանում է:/


Պատկեր չորրորդ

Լեռան արևահայաց լանջը: Գալիս են արագ վազքից շնչասպառ Բազալտիկը և Մանուշակագույն Տուֆիկը: Նրանց հայացքները գամված են հեռվում բարձրացող Լեռնագագաթին: Նրանք շանթահարվածի նման մեխվում են տեղում:

Մանուշակագույն Տուֆիկ - Վարդագույն Տուֆիկը դարձավ Վարդագույն Պեմզիկ…

Բազալտիկ- Չհասցրեցինք: Չկարողացանք օգնության հասնել:

Մանուշակագույն Տուֆիկ- Այս կորստից հետո Կանաչ Գրանիտը կանշարժանա: Նա կդառնա հուշարձան:

Բազալտ- /նստելով գետնին/- Վարդագույն Տուֆիկը վերածվեց պեմզայի: Խեղճ Պեմզիկներ իրենց ծակոտիներով անվերջ ջուր են խմում ու խմում: Նրանք երբեք չեն հագենում:

Մանուշակագույն Տուֆիկ - Ես էլ դեմ չէի լինի մի քանի կաթիլով կոկորդս թռչելուն: Բայց բոլորը գիտեն՝ տուֆիկները ազնիվ ջրկիրներ են: Ջրով լի դույլը առանց մի կաթիլ իսկ կորցնելու մենք կհասցնենք Լեռնագագաթ ու սառույցների վերջը կգա …

Կաղնիկ /Ձայնը/ - Լուլայանները Լեռնագագաթ բարձրացողի հետքերը հեշտ կորցնողներից չեն:

Բազալտիկ – Վայ: Դու լսեցի՞ր, Մանուշակագույն Տուֆիկ: /նայում է շուրջը/ Հեյ, ո՞վ է մեր զրույցին խառնվում:

Մանուշակագույն Տուֆիկ - Դե լավ, Բազալտիկ: Առանց քեզ էլ քիչ է մնում վախից ընկնեմ դույլի մեջ:

Բազալտիկ - Ես չեմ կատակում: Ինչ որ մեկը խառնվում է մեր զրույցին: Հեյ, ո՞վ կա այստեղ:

Մանուշակագույն Տուֆիկ -Բազալտիկ, պատահաբար դու ձայնդ չկեղծեցի՞ր:

Բազալտիկ - Ես քեզ հետ, հարգելի Մանուշակագույն Տուֆիկ, միայն իմ իսկական ձայնով եմ խոսում: Ո՞վ է տեսել, որ գեղեցիկների հետ զրուցելիս ձայն կեղծեն:

Մանուշակագույն Տուֆիկ – Ուրեմն բացի մեզնից, Լուլայաններին շատ լավ իմացող մեկն էլ կա:

Կաղնիկ/Ձայնը/ - Ես ոչ մի Լուլայանի էլ չեմ ճանաչում: Բայց գիտեմ՝ եթե գարուն է գալիս, ուրեմն Կաղնիկ դառնալ պատրաստվողները պետք է նախապատրաստվեն դալար շիվի հագուստների փորձարկմանը:

Մանուշակագույն Տուֆիկ - /հիացած/ Կաղնի՞կը:

Կաղնիկ/Ձայնը/ - Եթե Բազալտիկը բարեհաճի մի քիչ ձախ նստել, ես կբարձրացնեմ գլուխս և իմ առաջին տերևը կշտկի իր ճմրթված փեշը::

Բազալտիկ - Կաղնի՞կը: Մի՞թե ես նստել եմ նրա գլխին:

Կաղնիկ/Ձայնը/ - Ես չէի ասի, որ գլխիս ես նստած, բայց արարքդ դրա պես մի բան է: Դե, շարժվելու՞ ես, թե՝ չէ:

Բազալտիկ - Իհարկե, շարժվելու եմ:

Կաղնիկ/Ձայնը/ - Դե, սպասում եմ:

Բազալտիկ - Աջ, թե՞…

Մանուշակագույն Տուֆիկ – Նախ շարժվիր, իսկ հետո կորոշենք աջ, թե՝ ձախ: Եվ գլուխդ շփոթմունքից չկորցնես:

Բազալտիկ - Ախր, ախր ես գեղեցիկներին ուղղակի շփոթվելու չափ եմ հարգում:

Կաղնիկ/Ձայնը/ - Վերջապես շարժվելու՞ ես, թե ես սկսեմ մտածել, որ Բազալտիկները կոպիտ են ու անկիրթ:

Մանուշակագույն Տուֆիկ- /Հրում է Բազալտիկին/ - Դե, Բազալտիկ, շարժվիր…


/ Բազալտիկը շարժվում է մի կողմ: Ասես հողի մեջից դուրս է գալիս Կաղնիկի գլուխը: Նա հետաքրքրությամբ ու կասկածանքով նայում է չորս բոլորը: Ապա աստիճանաբար ձգվում վեր և իր լրիվ մատղաշ հասակով կանգնում Բազալտիկի ու Մանուշակագույն Տուֆիկի մոտ:/


Կաղնիկ- Այստեղ արևահայաց լանջ է և հողն էլ գարնանային տաքություն ունի: Ի՞նչ եք կարծում, ես շտապե՞լ եմ իմ առաջին տերևիկներս բացելու հարցում:

Բազալտիկ- Չէ: Ես կարծում եմ, որ ոչ: Դու եկար և ես մտքում ինքս ինձ ասացի՝ Լուլայանների վերջը եկավ:

Մանուշակագույն Տուֆիկ- Կաղնիկները տերևիկները բացելու հարցում երբեք չեն սխալվում:

Կաղնիկ- Դա շատ հասարակ բան է: Պարզապես պետք է ականջներդ սրես ու լսես:

Բազալտիկ և Տուֆիկ /միասին/- Լսե՞ս…

Կաղնիկ- Այո լսես ջրերի ձայնը, որպեսզի սաղարթներդ պարելու պես բացելու ցանկություն առաջանա:

Մանուշակագույն Տուֆիկ- /Ոտքից գլուխ չափում է Կաղնիկին/ -Ակնհայտ է, նման ցանկություն քո մեջ արդեն առաջացել է:

Կաղնիկ- Առաջացել է և դեռ սպառվելու միտք չունի: Հապա լսեք: Խշշ… քչքչ… Գարնան ջրերն են… Իսկ սա ես եմ… / շարժում է հատուկենտ տերևները: / Լռություն: Առանձնապես որևէ ձայն չի լսվում/ Լսեցի՞ք… /Բազալտիկն ու Տուֆիկը հայացքներ են փոխանակում/

Բազալտիկ-Աաայո… Շատ հստակ: Չէ՞, Տուֆիկ: Լավ լռություն էր:

Կաղնիկ /հիասթափված/ - Իսկ ես կարծում էի, որ իմ տերևները կարող են խշշալ: Բարձր, շատ բարձր…

Մանուշակագույն Տուֆիկ- Այո, այո: Շատ բարձր էր, բայց դեռ չէին խշշում…

Բազալտիկ- Ավելի շատ նման էր բարձր լռության:

Կաղնիկ- Դա «Կաղնու դալար շիվի մասին» երգի նախերգն էր: Իսկ հիմա լսեք երգը, խնդրեմ:


Բարակ ցողուն, մատղաշ կեղև,

երկու նուրբ ճյուղ, երեք տերև,

Ծնված օրից համբավ ունի

Թեև կարգին ստվեր չունի:

Խշշ, խշշ, ստվեր չունի:

«Կաղնի» անունը պատվաբեր

Նախնիներից է ժառանգել,

Դեռ շատ երկար ճամփա ունի,

Այլ կարևոր խնդիր չունի:

Խշշ, խշշ, խնդիր չունի:

Սպասում են բոլորն, անշուշտ,

Շուտ մեծանա, հասակ առնի,

Տեսնեն՝ ասեն սաղարթ ունի,

Չմտածեն՝ ստվեր չունի:

Խշշ, խշշ, ստվեր ունի՝ խնդիր չունի:


Բազալիկ- Այո, ես էլ եմ սիրում այն ժամանակը, երբ կաղնիները ստվեր են գցում: Սառը Ցե Լուլայանները հանդարտվում են և իրենց զինակիր սառնամանիքների հետ անհետանում:

Մանուշակագույն Տուֆիկ - Այո, երբ կաղնիները գետնին ստվեր են գցում, ուրմն, Սառը Ցե Լուլայաններին հանդիպելու վտանգը չկա:

Կաղնիկ- Իսկ հիմա՞: Խնդրում եմ նայեք, իմ ստվերը արդյոք չի՞ երևում:

/Բազալտիկն ու Մանուշակագույն Տուֆիկը ուշադիր զննում են գետինը/

Բազալտիկ- Ահա, այստեղ երևում է, բայց կարծես չի երևում:

Մանուշակագույն Տուֆիկ/համաձայնվում է Բազալտիկի հետ/-Ըհը… Այստեղ էլ՝ համ երևում է, համ էլ՝ չի երևում:

Կաղնիկ – Ո՞րն է ավելի շատ, երևալը, թե՞ չերևալը:

Բազալտիկ և Մանուշակագույն Տուֆիկ /միասին/- Երկուսն էլ:

Կաղնիկ - Լավ կլիներ, եթե երևալն ավելի շատ լիներ:

/Հանկարծ հեռվից պարզ լսվում է մոտեցող Սառը Ցե Լուլայանների երգը/

Կաղնիկ- Տեր Աստված, ի՞նչ պիտի անել, որպեսզի տերևներս արագ բացվեն, սաղարթս ձևավորվի, բոլորի համար տեսանելի ստվեր ունենամ:


/ Այս խոսակցության ժամանակ թաքուն գալիս է հետախույզ Լուլայան զինվորը: Բազալտիկը, Մանուշակագույն Տուֆիկը և Կաղնիկը չեն նկատում իրենց լրտեսող և ականջ դնող թշնամուն:/


Մանուշակագույն Տուֆիկ- Պետք է երկար ծարավ չմնալ /Հայտնություն անողի ոգևորությամբ/ Կաղնիկ, իսկ դու պատահաբար ծարավ չե՞ս…

Կաղնիկ- Ես ձեզ հանդիպեցի ճիշտ այն պահին, երբ արդեն սկսել էի ծարավել:

Բազալտիլ- Իսկ մենք եկանք և խանգարեցինք:

Կաղնիկ- Դե, կաղնիներն իրենց մտադրությունները հեշտ փոխողներից չեն: Այ, հիմա, հենց այս պահին իմ արմատները ավելի ու ավելի խորն են մխրճվում հողի մեջ… Հապա լսեք… Ինչպիսի աղմուկ են բարձրացրել նրանք հողի ընդերքում:

/Հեռվից լսվում է Լուլայանների քայլերգը/

Մանուշակագույն Տուֆիկ- Ինձ միայն Լուլայանների երգն հասնում: Ես ոչ մի աղմուկ չեմ լսում: Լուլայանները գալիս են:

Բազալտիկ- Հանգիստ, իմ մարտական ընկեր: Մենք էլ մեր երգն ունենք:


Ապարաժ է գրանիտը

ՈՒ Բազալտն է ապարաժ,

Բայց փխրուն է տուֆը փափուկ,

Կռվի մեջ էլ՝ ոչ միշտ վարժ:


Պետք է նրան լավ պաշտպանել

Չար թշնամու հարվածից

Նրա վերքը չի դարմանվում

ՈՒ թողնում է խոր կսկից:


Հեյ ծաղիկներ, խոտ ու թռչուն,

Ծառեր հսկա ու մատղաշ,

Երկինք, երկիր ու ջերմ գարուն

Դուք էլ երգեք երգը այս:


Կաղնիկ- /Երազանքով/ Եթե ես հասցրեցի մինչև նրանց հարձակվելը արմատներս հասցնել գարնան առաջին հալոցքի ստորգետնյա ջրերին…

Մանուշակագույն Տուֆիկ- Այդ ժամանակ մենք կհաղթենք£ Դու սաղարթ կունենաս, ստվերդ կնետես գետնին և Լուլայանները սարսափից կհալվեն, ջուր կդառնան:

Կաղնիկ- Սաղարթ աճեցնելու համար ջուր է պետք:

Բազալտիկ – Իսկ դու արմատներդ ավելի ակտիվ շարժիր: Այնպես շարժիր, որ բոլոր խոչընդոտները փշուր-փշուր լինեն քարերին զարնվող սառցե նիզակների պես:

Կաղնիկ- Այ, եթե արմատներս հասնեին ջրին… Ես այս ողջ լանջը կողողեի ջրով: Նույնիսկ օդի մեջ դուք կզգայիք խոնավ անտառի բուրմունք :

Բազալտիկ -Իսկ որտեղ ջուր…

Մանուշակագույն Տուֆիկ- … այնտեղ Լուլայանները այլևս անելիք չունեն:

Կաղնիկ- Ճիշտ է:

Բազալտիկ- Դե, Կաղնիկ, շարժիր, ձգիր, ոլորիր արմատներդ:

/ Կաղնիկը շարժում է արմատները: Բազալտիկն ու Մանուշակագույն Տուֆիկը հազիվ են պահպանում իրենց հավասարակշռությունը ցնցվող հողի մակերսին: /

Մանուշակագույն Տուֆիկ- Այս մի արմատդ ահա այս ուղղությամբ տար: Մխրճիր հողի առավել փափուկ հատվածում:

Բազալտիկ- Ահա, ահա, ես էլ փափուկ հողակտոր գտա:

Կաղնիկ- Կարևորը գլխավոր արմատն է: Եթե այն հասավ ջրին, մյուսների գործը կհեշտանա…


/ Աշխատանքային այս եռուզեռի մեջ մեր նրանք չեն նկատում, թե ինչպես է Լուլայանների հետախույզը հեռանում:/


Պատկեր հինգերորդ

Լեռնագագաթը: Այստեղ տիրություն են անում սառույցն ու ձյունը: Գերյալ քարերից կախված են տարբեր մեծության սառցալուլաներ: Փչում է քամի:


Ձայներ.

-Այս պատերազմի ընթացքում դեռ քանի-քանի տուֆ կդառնա պեմզա:

-Սառնամանիքները Լեռնագագաթին մոտ համառ են ու դաժան, իսկ նրանց պատրաստած սառցե նիզակները գրանիտի պես ամուր են:

-Գրանիտներն ամենից ամուրն են:

-Բայց տեսեք քանի-քանի գրանիտ է պատված սաույցի հաստ շերտով: Իսկ ձյան սպիտակ սավանի տակ գերվածներին թիվ չկա:

-Հապա բազալտե քարերը, նրանք էլ Սառը Ցե Լուլայանների դեմ պակաս կռվողներից չեն:

- Լսե՞լ եք, ասում են բազալտիկներից և տուֆիկներից կազմված մի ջոկատ իջել է հովիտ՝ լեռնագագաթ ջուր հասցնելու և մեզ ՝ գերյալներիս, ազատելու նպատակով:

- Ի տարբերություն պեմզաների, տուֆերն, այո, կարողանում են ջուրը մի վայրից մեկ այլ տեղ տեղափոխել:

-Պեմզաների ծակոտիները շատ են մեծ և երկու քայլ չհեռացած՝ նրաց մեջից ջուրն արագ թափվում կամ գոլորշիանում է:

-Եկեք աղոթենք, բազալտիկների ու տուֆիկների հաջողության համար:

-Այո, աղոթենք, հանուն ջրի և Լեռնագագաթի բոլոր գերյալների փրկության… Հայր մեր, որ երկնքում ես…


/Հնչում է քայլերգ: Գալիս է Սառը Ցե Լուլայանների մարտական ջոկատը:/


Գարունները թող փախչեն,

Սառը Ցե,

Ծաղիկները՝ հառաչեն,

Սառը Ցե,

Իսկ խոտերը, խոտերը՝

Դեղնեն, բայց չկանաչեն…


Սառը Ցե, Սառը Ցե,

Լուլայաններին՝ կեցցե…


Քար, լեռ ու ժայռ թող սառչեն,

Սառը Ցե,

Ձյունով ծածկվեն՝ լուռ հանգչեն,

Սառը Ցե,

Իսկ ջրերը, ջրերը՝

Մեզնից հեռու շառաչեն…


Սառը Ցե, Սառը Ցե,

Լուլայաններին՝ կեցցե…


Սառը Ցե Լուլայանների ջոկատը կանգնում է տողանի: Առաջ է գալիս հրամանատարը:

Հրամանատար-Շեփորահար, փչիր տողանի եղանակ /շեփորահարը փչում է տողանի եղանակ/- Հավսար: Զգաստ: /Մոտենում է զինվորներից մեկին/ Ապուշ, ասում եմ՝ հավսար: Ասում եմ՝ զգաստ: Փորդ ինչու՞ ես ցցել: Հը՞: Գուցե ջու՞ր կա այնտեղ:

Զինվոր- Ոչ, Ձերդ բարեծնություն, այնտեղ միայ սառցե բյուրեղիկներ են:

Հրամանատար- Իսկ գուցե ստուգե՞մ… Գուցե նիզակի ծայրով մի փոքրիկ ա՞նցք բացենք /թեթև հարվածում է զինվորի փորին/ ու սպասե՞նք: Գուցե այնտեղից ջուրը ֆը՞շշ…

Զինվոր- Ձերդ բարեծնության կողմից դա իզուր չարչարանք կլինի: Այնտեղ միայն ամուր բյուրեղիկներ են…

Հրամանատար- Բյուրեղիկնե՞ր…

Զինվոր- Ճիշտ այդպես, բյուրեղիկներ:

Հրամանատար- Դե ուրեմն, բյուրեղիկներին արժանի դիրքով՝ զգաստ: /Քայլում է տողանի առջևով, ստուգում զինվորների հանդերձանքը/ Այսպես, այսպես… Լավ է: Շատ լավ է: Զինվորներ, Սառը Ցե Լուլայաններ, դուք հերոսնե՞ր եք, թե՞ սառնարաններում հավի մսի թարմության հսկիչներ: Ձեր կրծքի տակ ջու՞ր է ճողփում, թե մայր սառցից մի բյուրեղ է քարացած: Ինչու՞ են ձեր ձեռքերն անիրավ գարնան անունը լսելիս թուլանում, իսկ մորուքներից ջրի փայլուն կաթիլներ թափվում: Ես, ձեր բարեծին ու ազնիվ հրամանատարս, հենց այս լեռնագագաթին մի ողջ գարուն, տոթակեզ ամառ և անձրևներով առատ անտանելի աշուն եմ անցկացրել: Բայց տեսեք: Ձեռքերս ամուր են, իսկ նիզակիս ծայրը փայլում է, ինչպես ադամանդ:

/Հենց այդ պահին գալիս է հետախույզ Լուլայան զինվորը/


Հետախույզ Լուլայան զինվոր - Թույլ տվեք, Ձերդ բարեծնություն:

Հրամանատար- Հետախույզ Լուլայան զինվոր: Թույլատրում եմ:

/Զինվորը մոտենում է և հրամաատարի ականջին փսփսում: Լսելի են դառնում միայն մի քանի անկապ դարձվածքներ ու բառեր/

Հետախույզ - Լուլայան զինվոր- …Բազալտիկ…. …արևահայաց լանջին…Հա, հա….. Արմատներ…. Տուֆիկը փափուկ, շատ փափուկ…. Բազալտիկն էլ փափուկ, շատ փափուկ, գուցե ավելի փափուկ… Բայց Կաղնիկը… Գարնան հալոցքի ջուր… Ձերդ բարեծնություն… /Բարձր/ Պետք է թույլ չտալ, պետք է խանգարել, պետք է ջարդել, փշրել ու սառեցնել… Ձերդ բարեծնություն, թիկունքից, թաքուն, հանկարծակի:

Հրամանատար - /լսելու ընթացքում/ - Ոչ մի լավ…Դե լավ: Լավ: Շատ լավ: Չափազանց լավ… /Դիմում է բոլորին / Զինվորներ, հավսար, զգաստ: Գարունն այս սարի վրա անելիք չունի և չի կարող ունենալ: Այստեղ նրա կանաչ խոտը կամ գույնզգույն ծաղիկները գործ չունեն: Այս լեռնագագաթը մենք, Ցե տիտղոսի ասպետներս, նվաճել ենք, նվաճել ենք և վերջ: Հիշեք, եթե հայտնվեց ջուրը, ուրեմն, մենք այստեղ գործ չունենք: Մեզ կմնա միայն հաշտվել և …, ավաղ, հանձնվել նրա կեղտոտ կաթիլներին: /Աշխույժ/ Սառը ցե Լուլայաններ, ձեր նիզակները պատրա՞ստ են խոցելու անիրավ թշնամուն:

Զինվորներ /խմբով/ - Այո,Սառը ցե:

Հրամանատար- Դե ուրեմն, ի մարտ: Շեփորահար, մարտակոչի եղանակ /շեփորահարը նվագում է մարտակոչի եղանակ/Ընդդեմ անարգ թշնամիների, իմ հետևից: Աջ դարձ: Քայլով մարշ: /քայլելու ընթացքում/ կեցցե ցուրտը, կեցցե Սառը ցե Լուլայանները:

Զինվորներ /խմբով/- Սառը ցե, Սառը ցե, Լուլայաններին՝ կեցցե:


/դուրս են գնում/


Գործողություն երկրորդ


Պատկեր առաջին

Մութ է: Լսվում է Լուլայանների զորքի խուլ աղմուկը, իսկ երբեմն, նաև զենքերի զրնգոց: Մերթընդմերթ երևում են շարքերով քայլող Լուլայանների ու նրանց նիզակների ուրվապատկերները: Ընդհանուր ժխորից առանձնանում են ձայներ:

Հրամանատար-/շշնջում է/- Խոսել շշուկով: Չթողնել, որ որևէ խոտ կամ ծաղիկ ծպտուն հանի: Ոչնչացնել անմիջապես, տեղում:

Զինվոր Լուլայանների կոպիտ ձայներ

- Հրամայված է՝ ծաղիկներին տրորել ու ցրտահարել:

Տագնապալից քնքույշ ձայներ

- Ախ…

- Ոտքս ջարդեցին:

- Թերթիկներս ցրտահարվեցին:

- Օգնեցեք, բողբոջներս տրորեցին… Բոլորին…Անխտիր…

Զինվոր Լուլայանների կոպիտ ձայներ

- Ձնծաղիկներն են /հռհռոց/:

- Գիտեմ, ծանոթ եմ: Իսկ, որ Լանջով մի քիչ ավելի ցած իջնենք՝ մանուշակների կհանդիպենք:


Տագնապալից քնքույշ ձայներ

- Ձնծաղիկը ծանր վիրավորվեց:

- Լուլայան զինվորը մանուշակին ճզմեց նիզակի կոթով:

- Երիցուկներ, իմ քույրիկներ, մնացեք հողի տակ: Դեռ ծիլեր արձակելու պահը չի եկել:

- Մայրիկ, մայրիկ, նրանք տրորեցին իմ անմոռուկ մայրիկին:


Զինվոր Լուլայանների կոպիտ ձայներ

-Ավելի ներքև գնանք… Այնտեղ գարունը մուտք է գործում շատ հեշտ:


Տագնապալից քնքույշ ձայներ

- Բազալտիկ, տուֆիկ, օգնություն, Կանաչ գրանիտ…/ձայնը ընդհատվում է/


Զինվոր Լուլայանների կոպիտ ձայներ

- Միայն հրամանատարն ու մենք ենք ընդունակ, ահա այսպես, թևանցել հակառակորդներին և անսպասելի հարվածել:

-Ճիշտ է: Այս կռիվը կարելի է հաղթել միայն թիկունքից խոցելով:

- Այո, անսպասելի, հանկարծակի և միայն թիկունքից:


Պատկեր երկրորդ

Նույն մութը: Լսվում է Բազալտիկի, Կաղնիկի և Մանուշակագույն Տուֆիկի խոսկցությունը, որոնք շարունակում են այս ու այնտեղ փնտրել գարնան առաջին հալոցքի ջրավազանը:

Կաղնիկ/ձայնը/- Սիրելի Բազալտիկ և Մանուշակագույն Տուֆիկ, փափուկ հողը կարևոր է: Ցույց տվեք ինձ մի աննշան հենակետ և ես իմ արմատներով կկարողանամ գտնել ցանկացած ստորգետնյա ջրավազան:

Մանուշակագույն Տուֆիկ - Իսկ որտեղ ջուր, այնտեղ գարուն և ազատություն:

Բազալտիկ- Կաղնիկ, որևէ մի արմատ դեռ չհասա՞վ գարնան առաջին հալոցքի ստորգետնյա ջրավազանին:

Կաղնիկ- Ոչ: Շարունակ որոնման մեջ եմ: Դեռ արդյունքի չեմ հասել:

Մանուշակագույն Տուֆիկ- Որ հասար, ես կհպվեմ քեզ ու մի քիչ կխոնավանամ, լա՞վ:

Բազալտիկ- Լուսաբացը մոտենում է: Այս լռությունը ինձ շատ կասկածելի է թվում:

Մանուշակագույն Տուֆիկ- Այո, Լուլայանները, ասես, գետնի տակն անցած լինեն:

Կաղնիկ- Տարօրինակ է, բայց ներքևից եկող ցուրտ եմ զգում: Այնտեղ, լեռան ստորոտին գարուն է, ձնծաղիկներն ու, անգամ, մանուշակներն են հայտնվել, բայց ես հիմա այնտեղից վերև բարձրացող ցուրտ եմ զգում:

Բազալտիկ- Այդպիսի բան հնարավոր չէ: Այնտեղ արդեն գարուն է:


Պատկեր երրորդ

Կրկին մթի մեջ զգույշ առաջ ընթացող Լուլայանների զորքի խուլ աղմուկը:

Հրամանատար- / շշնջալով/-Կանգ առ: Հավսար, զգաստ: Սառը Ցե Լուլայաններ, մենք թևանցեցինք թշնամիներին և հայտնվել ենք նրանց թիկունքում: Գիշերը զով է և մեր նիզակներին չի սպառնում տաքությունից հալվելու վտանգ: Եթե լավ կռվեք ու հաղթեք, ձեր մորուքների բյուրեղիկները նույնիսկ չեն հասցնի խոնավանալ և այստեղ հավերժ կփչեն ցրտաշունչ քամիներ, ձեր նիզակները կդառնան ավելի սուր, ավելի խոցող և անգամ ադամանդից փայլուն: Պետք է գրոհել մինչև լուսաբաց: Պետք է հիշել, որ գարնան արևը մեր թշնամիների դաշնակիցն է: Առաջ,փակենք նրանց հետ մեր հաշիվները: Մինչև արևի դուրս գալը:


/Լուսինը դուրս է գալիս և շրջակայքում ամեն ինչ դառնում է տեսանելի/


Զինվոր Լուլայանների կոպիտ ձայներ

- Լուսինը, լուսինը դուրս եկավ:

-Լուսինը չի ջերմացնում, նա միայն լուսավորում է:


/ Լուլայանների զորքը լուսնի լույսի ուղեկցությամբ առաջ է շարժվում: Նրանց հակադիր կողմում երևում են ջրի որոնման աշխատանքները շարունակող Կաղնիկի, Բազալտիկի և Մանուշակագույն Տուֆիկի ուրվապատկերները: Լուսնի լույսը վերացնում է երկու հակադիր հատվածների լուսավորության տարբերությունը/:


Կաղնիկ/աղաղակում է/- Լուլայանների զորքը, Լուլայանները գալիս են: Լուլայանները հարձակվում են թիկունքից, դեռ լույսը չբացված…

Հրամանատար- Շեփորահար, փչիր գրոհի եղանակ: /Շեփորահարը փչում է գրոհի եղանակ/- Սառը, ցե Լուլայաններ, առաջ… խոցել, սառեցնել, չորացնել, ջնջել…

Լուլայան զինվորներ- Սառը ՑԵ, Սառը Ցե, Լուլայաններին կեցցե… /Հարձակվում են/

Բազալտիկ- Բարեկամներ, զգուշացեք Սառը Ցե նիզակներից: Լուլայանների զորքը հայտնվել է մեր թիկունքում:

Մանուշակագույն Տուֆիկ- Եթե Լուլայանները հարձակվում են լանջն ի վեր, ուրեմն ներքևում գտնվողները կամ ցրտահարվել են, կամ էլ նրանց համար հիմա այնտեղ շատ ցուրտ է:

Կաղնիկ- Ցանկացած ցրտահարություն հանցագործություն է:

Մանուշակագույն Տուֆիկ- Նրանք հիմա այստեղ են գալիս:

Բազալտիկ- Ուրեմն շուտով այստեղ փշրված սառույցների կույտ կառաջանա:

Մանուշակագույն Տուֆիկ - Չարժե հույսը դնել միայն սառցակույտեր առաջացնելու վրա: Կաղնիկ, սիրելիս, շտապիր, արմատներդ հասցրա ստորգետնյա ջրերին:

Կաղնիկ- /հոգնած և շնչասպառ/-Փորձում եմ բոլոր ուժերով:

Հրամանատար- Հարվածեք Կաղնիկին, նա ցանկանում է հասնել ստորգետնյա ջրերին:


/ Լուլայանները հարձակվում են Կաղնիկի վրա: Բազալտիկը նրանց ճանապարհը փակում է: Լլուլայանները փորձում են շրջանցել Բազալտիկին: Մանուշակագույն Տուֆիկը, մի բաժակ ջուր ձեռքին, հարմար պահ է որսում, որպեսզի ցողի Լուլայանների վրա: Կաղնիկը ուժգնորեն ճոճում է ճյուղերը/:


Բազալտիկ- Այս կողմ, վախկոտներ, միայն և միայն այս կողմ:

Մանուշակագույն Տուֆիկ- Շուտով արևածագը կսկսվի: Հիմա գարուն է: Արևը դուրս կգա: Կորեք այստեղից, կեղտոտ Լուլայաններ:

/ Մի քիչ ջուր է ցողում հարձակվող Լուլայանների վրա և կրկին լցնում բաժակը/

Զինվոր Լուլայանների կոպիտ ձայներ - Ջուրը… Ա… Փրկվեք…

Հրամանատար - Դա Մանուշակագույն Տուֆիկի պահեստային պաշարն է: Այդ կաթիլները ձեր դեմ անզոր են, իմ քաջ Լուլայաններ: Առաջ… Մանուշակագույն Տուֆիկին ծակծկեք և դարձրեք պեմզիկ, ծակոտկեն ու անզոր պեմզիկ… Սառեցրեք Կաղնիկի բոլոր արմատները, որ չկարողանա հասնել ստորգետնյա ջրերին: Բազալտիկին շրջանցեք, շրջանցեք… Հարվածեք ոտքերին…

Բազալտիկ - Մանուշակագույն Տուֆիկ, զգույշ: Կաղնիկ, որտե՞ղ է քո գարնան առաջին հալոցքի ստորգետնյա ջրավազանը: /Հարձակվում է իրեն շրջանցել փորձող մի խումբ Լուլայանների վրա/- Օհո, այստեղ ջերմաստիճանը շատ է բարձրանում: Ու՞ր, ուր, սառնամանիքի զավակ, վե՞րջդ ես փնտրում, դե, ստացիր… Առ քեզ, առ, առ…


/ Բազալտիկը այս խոսքերը կրկնելով ետ է մղում Լուլայանների բոլոր գրոհները/


Զինվոր Լուլայանների կոպիտ ձայներ

- Նա ջարդեց նիզակս…

- Ա, փախեք, փրկվեք, Բազալտիկը բոլորի զրահները փշրում է…

Հրամանատար- Լուլայաններ, շարք կազմեք: Մի նահանջեք: Բոլորով միասին գրոհեք: Ապուշներ… Ու՞ր, ու՞ր…/Հարվածում է իր նահանջող զինվորներին

Կաղնիկ- Բազալտիկ, նայիր աջ: Բազալտիկ, հիմա էլ կենտրոնից են հարձակվում… Բազալտիկ, քո կարծիքով էլ որտե՞ղ կարող եմ ես գտնել գարնան հալոցքի ստորգետնյա ջուր…

/Մանուշակագույն Տուֆիկը վազում և խառնվում է կռվին և մի քանի ծանր հարված ստանում/

Բազալտիկ/նկատում է գրոհող Մանուշակագույն Տուֆիկին/- Տուֆիկ, ետ դարձիր, Տուֆիկ վտանգավոր է… Հեյ սառցե մոծակներ,հեռու ընկերոջիցս: Չհամարձակվեք նրան դիպչել… Ա, Տուֆիկ… նրանք քեզ պեմզայի կվերածեն…Կաղնիկ, ջուրը այնտեղ է, որտեղ եղել են Լուլայանները՝

Կաղնիկ- Լեռնագագաթի՞ն…

Բազալտիկ - Իհարկե: Որտեղ սառույց, ուրեմն, ընդերքում՝ ջուր…


Զինվոր Լուլայանների կոպիտ ձայներ

- Նա իմ մորուքին ջուր ցողեց, ջախջախեք դրան

- Ծակծկեք դրան նա աչքը տնկել է Լեռնագագաթի վրա:

- Այլևս ջուր չունի: Հո հո…/հռհռոց/

- Մանուշակագույն Տուֆիկն իմ ադամանդե նիզակի դեմ է եկել իր փխրուն բռունցքներով…

- Մանուշակագույն Տուֆիկին պեմզա դարձրեք: Գլորեք անդունդ: Այնտեղ շատ ջուր կգտնի:


/Կաղնիկը նկատում է Մանուշակագույն Տուֆիկի կռվին խառնվելը: Բազալտիկը, օգնության հասնելու համար, հեռու է: Կաղնիկը ևս մխրճվում է կռվի մեջ: Ճյուղերով, աջ ու ձախ հարվածներ տեղալով, Լուլայանների ճիրաններից փորձում է ազատել վիրավորված և հուսահատ դիմադրություն ցույց տվող Մանուշակագույն Տուֆիկին/


Կաղնիկ- Մանուշակագույն Տուֆիկ… ետ դարձիր… Այս կռվի մեջ քո գործը Լեռնագագաթի գերյալների համար ջուր պահեստավորելն է: Թեկուզ մի քանի կաթիլ…

Մանուշակագույն Տուֆիկ /Կաղնիկին ենթարկվելով հետ է քաշվում: Նա հաշվում է խոցված մարմնի վերքերը/- Մեկ, երկու…

Կաղնիկ- Ահա ևս մի թարմ ծակոտի…/Ցույց է տալիս Մանուշակագույն Տուֆիկի վրա/

Մանուշակագույն Տուֆիկ /տնքում է/- Այո, ստացածս հարվածներից ծակոտիներիս թիվը երկու անգամ ավելացավ:

Կաղնիկ- Շա՞տ է ցավում:

Մանուշակագույն Տուֆիկ- Կդիմանամ… Գլխավորն այն է, որ նրանք չկարողացան ինձ պեմզա դարձնել: Իսկ ես տեսա՞ր, ի՞նչ բռնցքահարված հասցրեցի այն կատաղի Լուլայանին:

Կաղնիկ- Իչպե՞ս չէ, ինչպե՞ս չէ: Նրա աչքերը դրանից հետո սկսեցին հակադիր ուղղություններով նայել…

Բազալտիկ- Կաղնիկ, կարո՞ղ ես քո գագաթին բացված ամենաբարձր տերևով նայել արևելք:

Կաղնիկ/Ստուգում է արևելք նայելու իր հնարավորությունը/- Այստեղից Արևելքը չի երևում:

Մանուշակագույն Տուֆիկ- Իսկ եթե բարձրանաս իմ ուսերի՞ն… Գուցե երևա՞, հը՞…

Կաղնիկ- Կաղնիկները, ընկերների ուսերին չեն բարձրանում:

Մանուշակագույն Տուֆիկ- Իսկ ի՞նչ են անում, կաղնիկները:

Կաղնիկ- Նրանք ավելացնում են իրենց հասակը կամ էլ բարձրանում են լանջն է վեր:

Բազալտիկ- Ո՞վ ինձ կասի, սկսվե՞լ է արևածագը թե՞ ոչ…

Կաղնիկ- Ախ, արևածա՞գը… /Շատ կարճ բայց խորը մտորումների մեջ է ընկնում: Հանկարծ քամի է փչում/ Տուֆիկ, զգու՞մ ես…

Մանուշակագույն Տուֆիկ- Ի՞նչ, ինչ պիտի զգամ, Կաղնիկ…

Կաղնիկ - Փչում է… Քամին… Հարավ-արևելյան ուղղության քամին…/ճյուղերը պարզում է և ստուգում/ Այո , տաք քամի է: Փչում է ճիշտ լեռնագագաթի ուղղությամբ:


Զինվոր Լուլայանների կոպիտ ձայներ


- Տաք քամները:

- Ով կարող է թող գլուխը փրկի:

- Այս ի՞նչ է, մորուքս խոնավանում է:

- Բյուրեղիկներս, իմ բոլոր բյուրեղիկները թուլացան:

- Նիզակս կորցրեց սրությունը: Ես ոչ ոքի չեմ կարող խոցել:


Հրամանատար- Պարտվողական տրամադրություններ չտարածել: Եղանակի տեսությամբ տաք քամիներ նախատեսված չեն:


Զինվոր Լուլայանների կոպիտ ձայներ

- Երբ ինչ-որ մի տեղ գարուն կա, ուրեմն պետք է նախատեսել:

- Եվ ընդհանրապես այստեղ հիմար չկա: Պետք է նահանջել:

- Փողհար, հնչեցրու նահանջի եղանակ, պահանջում եմ նահանջի եղանակ:

Հրամանատար-Ոչ,ոչ,ոչ… Քամին շուտով կհանդարտվի:

/Լուլայանների զորքը վանկարկելով պահանջում է նահանջի եղանակ/

Մանուշակագույն Տուֆիկ /Ոգևորված/- Քամին ավելի է ուժեղանում:

Հրամանատար- Դե, լավ, շեփորահար, նահանջի եղանակ:

/Շեփորահարը հնչեցնում է նահանջի եղանակը: Բոլորը ,,ուռռա,, են կանչում: Լուլայանները նահանջում են/

Կաղնիկ/Կանգնում է քամու հանդիման/-Բավական է պարզես մի քանի ճյուղ և առանց դժվարության քամին կբարձրացնի:

Բազալտիկ- Այո, այսպիսի քամիների ժամանակ բոլոր շիվերը, թփերը ծաղիկները, եթե պարզեն, անգամ, իրենց նորաբաց տերևները կարող են քամու ուժով ճախրել երկնքում՝ գրեթե ինչպես թռչուններ…

Մանուշակագույն Տուֆիկ- Մանավանդ, եթե քամին փչում է հարավից:

Բազալտիկ- Եվ մանավանդ, երբ Լուլայանները գլխապատառ փախչում են:

Կաղնիկ- Եվ մանավանդ, երբ դու ցանկանում, շատ ես ցանկանում ճյուղերդ ահա այսպես լայն ու ազատ բացել /Կաղնիկը պարզում է ճյուղերը: Քամին նրան բարձրացնում է վեր/

Մանուշակագույն Տուֆիկ- Տես, Բազալտիկ, նա … Կաղնիկը… հե-հեյ…

Բազալտիկ- Էհեեյ, Կաղնիկ…/ձեռքով է անում/… Այդ ու՞ր…

Կաղնիկ- Բազալտիկ, ես տեսնում եմ… Ես տեսնում եմ…

Բազլտիկ- Ի՞նչը, ի՞նչը…

Կաղնիկ- Ես տեսնում եմ ամեն ինչ:

Մանուշակագույն Տուֆիկ- Եվ արևե՞լքը:

Բազալտիկ- Ամեն ինչ՝ նշանակում է նաև արևելք…

Մանուշակագույն Տուֆիկ- Եվ Լեռնագագա՞թը…

Բազալտիկ- Նա ասաց. «Ամեն ինչ»:

Կաղնիկ- Քամին ինձ տանում է ուղիղ դեպի Լեռնագագաթ:


/Կաղնիկը ճախրելով հեռանում է; Բազլտիկն ու Մանուշակագույն Տուֆիկը թափահարում են ձեռքերը նրա ետևից: /


Բազալտիկ- Գնաս բարով, սիրելի Կաղնիկ:

Մանուշակագույն Տուֆիկ /Ձեռքը թափահարելով /- Բարի վայրեջք: Հա, ի դեպ, Բազալտիկ, իսկ որտե՞ղ է նա վայրէջք կատարելու…

Բազալտիկ- Այնտեղ, որտեղ քամին իր շունչը տեղն է բերում:

Մանուշակագույն Տուֆիկ/հիացած ու ցնցված/- Լեռնագագաթի՞ն…

Բազալտիկ- Տես, քամին դադարեց:

Մանուշակագույն Տուֆիկ- Քամին շունչը տեղն է բերում:

Բազալտիկ- Արևածագն սկսվում է: /Լսվում է թռչունների առույգ ծլվլոցը: Արևը աստիճանաբար լուսավորում է շրջապատը/ Նայիր, նայիր, Մանուշակագույն Տուֆիկ, Կաղնիկը լեռնագագաթին է: Նա մեզ ողջույներ է ուղարկում:

Մանուշակագույն Տուֆիկ/պատասխան ողջույններ է ուղարկում/- Կաղնիկ, ողջույն, էհեեյ…

Բազալտիկ /հայացքը պատահական կանգ է առնում հեռվում երևացող Կանաչ Գրանիտի վրա /- Տուֆիկ, նայիր, նայիր այնտեղ էլ Կանաչ Գրանիտն է: Գիշերվա մեջ նրա շուրջը տես որքան շատ ձնծաղիկներ են ծաղկել:

Մանուշակագույն Տուֆիկ - Կարծես մանուշակներ էլ են երևում: Այո, այո: Դու տեսնու՞մ ես: Իսկ մի քիչ աջ՝ երիցուկն է ծիլ արձակել…

Բազալտիկ- Թեև խորամանկ Լուլայան զինվորը կարողացավ շեղել Կանաչ Գրանիտի ուշադրությունը և պեմզիկի վերածել Վարդագույն Տուֆիկին, այնուամենայնիվ, բոլորը հավատում են՝ Կանաչ Գրանիտը մի քիչ անուշադիր է, բայց կռվել գիտի:

Մանուշակագույն Տուֆիկ - Այո, ցավոք նրա համար կռիվն ավարտվեց, երբ Վարդագույն Տուֆիկը պեմզայի վերածվեց:

Բազլտիկ- Իսկ մեր նկատմամբ Սառը Ցե Լուլայանները ոչնչի չհասան ու նահանջեցին:

Մանուշակագույն Տուֆիկ- Այո, պատերազմը կարծես թե ավարտվեց: Եկավ Նաև մեր հանգստանալու ժամը: Կարծում եմ հիմա կարելի է թիկն տալ լեռնալանջին, այ այսպես, /կիսաթիկնում է թեք լանջին/ և վայելել խաղաղությունը: Ես օրինակ հալոցքի ջրերից կվերցնեմ խոնավություն, որ ամռան տապին կաթիլ-կաթիլ բաժանեմ կարիքավոր խոտերին ու ծաղկներին:

Բազալտիկ- Բարեգործությունը, հատկապես ամռան երաշտին անհրաժեշտ է: Հոգնել եմ, Տուֆիկ:

Մանուշակագույն Տուֆիկ- Պետք է հանգստանալ: Այո, պետք է հանգստանալ: Թող ոչ ոք չմտածի՝ երբ քարերը անշարժանում են, ուրեմն, վերածվեցին հուշարձանի: Քավ լիցի: Ամեն քար Լեռնագագաթից իջած զինվոր Է: Պարզապես հանգստացող զինվոր: Հանգստացիր, Բազալտիկ, հանգստացիր: Ես էլ մի փոքր աչք փակեմ: /Գրեթե քնած / Արևը տաքացցցնուում է… /քնում են/


Պատկեր չորրորդ

Գարնանային արևոտ առավոտ է: Թռչուններն ուրախ ծլվլում են: Ձնծաղիկն արթնանում է քնից, իր տերևներից զգուշությամբ հավաքում է ցողի մի քանի կաթիլ ու լվացվում է:

Ձնծաղիկ- Ողջույն առավոտյան ցողի փայլփլուն կաթիլներ: Շնորհակալություն, որ այսքան առատ եք հավաքվել: /Ձնծաղիկը կրկին մի խենթ խաղ է սկսում՝ բուռ-բուռ ջուր ցողելով շրջակայքի բոլոր անկյուններում: Ամեն բուռը դատարկելիս նա անընդհատ կրկնում է միևնույն նախադասությունը:/ Բոլոր սառույցները հալվել, ջուր են դարձել:


/Արթնանում է նաև Մանուշակը/


Մանուշակ-Բարի լույս, Ձնծաղիկ:

Ձնծաղիկ- Օ, Մանուշակ, դու է՞լ ես արդեն արթնացել: /Երկու քայլ հեռանում է Մանուշակից/ Արթնացիր, անմոռուկ, լսու՞մ ես, օրը ճաշ դարձավ:

Անմոռուկ /արթնանալով և հորանջը զսպելով/-Իմացա՞ք վերջին նորությունը, ծիծեռնակներն են վերադարձել:

Ձնծաղիկ-Թիթեռնիկ, այ, թիթեռնիկ դու կրկին կորցրել ես դիմափոշուդ տուփը, իսկ ես գտել եմ:

Անմոռուկ- Ավլուկ, խնդրում եմ տերևդ մի փոքր աջ թեքիր, այդպես արևի ճանապարհը չես փակի: Շնորհակալություն, Ավլուկ:

/Ձնծաղիկը խաղի է հրավիրում մոտակայքում թռչկոտող թիթեռնիկին/

Ձնծաղիկ- Թիթեռնիկ, թիթեռնիկ, կարո՞ղ ես ինձ բռնել: Ահա քո դիմափոշու տուփը: Իմ թերթիկներն արդեն բացվել են:

Մանուշակ- Իսկ ի՞նձ, ինձ կարո՞ղ ես բռնել: Ես էլ, տեսեք, դիմափոշու տուփս գտա:

/Թիթեռնիկը այս ու այն կողմ է թռչկոտում: Խաղի մասնակիցներ հայտնվում են անշարժացած Բազալտիկի ու Մանուշակագույն Տուֆիկի մոտ: Կանգնում են:/

Ձնծաղիկ /մատը տանում է շուրթերին/- Սսսս… Հերոս Բազալտիկն ու Մանուշակագույն Տուֆիկը հանգստանում են:

Մանուշակ- Այո, նրանց հանգստի պահն սկսվեց ճիշտ այն ժամանակ, երբ հարավ-արևելայն տաք քամին թռցրեց ու Լեռնագագաթ հասցրեց Կաղնիկին:

Ձնծաղիկ- Հաղթանակից հետո ոմանց մոտ առաջանում է քնելու ցանկություն:

Մանուշակ- Այ, օրինակ ես, գլխիկս բարձրացրեցի ճիշտ Ձնծաղկի հարևանությամբ, երբ սառույցը թեև ջուր էր դարձել, բայց դեռ սառույցի համ ուներ:

Ձնծաղիկ- Այո, ես հիշում եմ այդ պահը: Դա իրոք հաղթական պահ էր: Դու ահա այսպես բարձրացրիր գլխիկդ:

Մանուշակ- Դրանից հետո, Ձնծաղիկ, դու չես կարող պատկերացնել, թե ինչպես սկսեց քունս տանել: Նույնիսկ քիչ էր մնում հորանջեի, բայց այդ վիճակից ինձ փրկեց արևը: Նա ժպտաց ինձ և ես ամեն ինչ մոռացա: Դե, թիթեռնիկ, կարո՞ղ ես ինձ բռնել /խույս է տալիս ու վազում/

Ձնծաղիկ /մեկ այլ ուղղությամբ է վազում/- Իսկ ի՞նձ, ինձ կարո՞ղ ես բռնել:


/Գալիս է հեղինակը/


Հեղինակ- Այս ուրախ խաղին շուտով կմիանան նաև բազմաթիվ այլ ծաղիկներ, խոտեր, թռչող, քայող ու ցատկող միջատներ, բոլորը, բոլորը: Նրանցից շատերը խաղի ընթացքում կհայտնվեն Լեռնագագաթին: Եթե ծարավեն, կմոտենան Կաղնիկին, որի արմատները հասել են հալոցքաջրերից առաջացած ստորգետնյա ավազանին: Հապա ուշադիր նայեք, տեսնու՞մ եք, թե ինչպես են Կաղնիկի ճյուղերին ծիլ տալիս նորանոր տերևներ… Սաղարթը ընդարձակվում ու խտանում է… Իսկ ստվերը երկարում է ու երկարում… Պատկերացնու՞մ եք, որքան կուրախանան իրենց խաղի ընթացքում Լեռնագագաթում հայտնված ծաղիկները, խոտերը, թփերը և, նույնիսկ, քամիների հետ ժամանող մատղաշ շիվերը, երբ տեսնեն կենարար խոնավությամբ լի մջավայրը: Շատերը, կցանկանան մնալ այստեղ, իսկ շատերն էլ՝ սերունդ կունենան: Իսկ հետո, երբ մեկն ու մեկը ներքևում շրջվի ու փորձի նայել Լեռնագագաթին, չափազանց շատ կզարմանա: Գիտե՞ք ինչու՞: Որովհետև Լեռնագագաթին, ուղղակի ծնված կլինի նոր, գեղեցիկ, կանաչազարդ անտառ: Ահա այսպես:


/Հեղինակի այս մենախոսության ընթացքում անտառի զանազան կանաչ բնակիչների թիվն ավելանում է, իսկ Լեռնագագաթին մի անտառապուրակ է ձևավորվում:/


Հեղ- Նման դեպքերում որևէ երգ երգելու ցանկություն է առաջանում: Ես, օրինակի համար, կառաջարկեի այս երգը:


Ժայռի բարձր կատարին

Մի կաղնի է բնակվում,

Նա իր կանաչ ճյուղերին

Գարնան երգեր է պահում:


Ձնծաղիկ ու մանուշակ,

Անմոռուկ ու կանաչ խոտ,

Երիցուկներ սպիտակ՝

Շտապում են նրա մոտ:


Կանցնի որոշ ժամանակ,

Եվ այդ հեռվում մեծ սարի,

Կապույտ, խաղաղ երկնի տակ

Մի մեծ անտառ կծնվի:

Վերջ

1993թ.
12345678910
    Դիտվել է 940 անգամ
    1