Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պադամ, պադամ, պադամ…


Սամվել Խալաթյան

Պադամ, պադամ, պադամ…

Լիրիկական դրամա՝ մեկ գործողությամբ


Գործող անձինք


Հասմիկ Ավագյան - 60-ն անց, թոշակառու ուսուցչուհի

Գևորգ Հայրապետյան- 62 տարեկան, պաշտոնաթող գեներալ

Արամ և Մարիշկա - 18 տարեկան, սիրահարված երիտասարդներ

Գևորգ Ավագյան - Հասմիկի որդին:


Պրոլոգ

Յուրաքանչյուրս մի հեքիաթ ենք պահում մեր մեջ. նվիրական, անմոռանալի: Տարիներ են անցնում, իսկ հեքիաթն այդ երբեք չի կորցնում իր հմայքը, իր հրապուրանքը, և մենք մեր ողջ գիտակցական կյանքում, ենթագիտակցորեն, ձգտում ենք դեպի նա, ուզում ենք լինել նրա հետ, նրա մեջ ու վերապրե՛լ, վերապրել նրա հետ առաջին հանդիպման հրաշքը:

Սա միակ հրաշքն է, որին հավատում ենք ողջ կյանքում:

Ահա, համրաշարժ քայլվածքով զբոսայգի է մտնում մի կին: Հասմիկ Ավագյանն է, 60-ն անց, կենսաթոշակի անցած ուսուցչուհին: Նրա դեմքը դեռևս պահպանում է երբեմնի գեղեցկությունը: Ավելի ճիշտ, նրա գեղեցիկ տեսքում արդեն նշմարվում է տարիների դարսը:

Սովորաբար, ճամպրուկով մարդիկ շտապում են: Հասմիկ Ավագյանը չի շտապում: Այդպես է լինում, երբ մեկնելուց առաջ հրաժեշտ են տալիս նվիրա-կան վայրին, այն միջավայրին, որտեղ ապրել են իրենց առաջին հրաշքը:

Հասմիկ Ավագյանը, թոշակառու ուսուցչուհին, տարտամ քայլվածքով, ենթագիտակցությանը հլու, քայլում է ծառուղով…


Զբոսայգու ծառուղի: Ձախակողմում՝ նստարան, որի հարևանությամբ, քիչ խորքում, մանկական հրովի կարուսել: Բեմառաջին հարող սիզամարգում, գրեթե նստարանին դիմահայաց, աչքի է ընկնում կաղնու անսաղարթ ծառաբունը՝ տպավորիչ փչակով: Կարելի է կարծել, որ նորացված այգում այդ փչակն է եղել պատճառը, որ ծերացած, քիչ թեքված, բայց դեռ ապրող ծառը խնայել, պահպանել են:

Մոտակայքում գործող սրճարանի՞ց, թե՞ ճամպրուկը ձեռքին ծառուղի մտնող Հասմիկի հիշողությունն է լսելի դարձնում Էդիտ Պիաֆի «Պադամ պադամ» երգը:

(Այս երգը, բեմադրիչի հայեցողությամբ, երբեմն առ երբեմն կարող է հնչել որպես սրճարանից լսվող երաժշտություն, որպես հուշ, որպես հերոսների տրամադրություն՝ միայն մեղեդիով կամ տեքստով, տարբեր գործիքավորմամբ, կես կամ ամբողջական ֆրազով և այլն: Միաժամանակ, ելնելով սյուժեի և հերոսների հոգեբանական դրսևորումների լիարժեք արտահայտման շահերից, հեղինակը խոնարհաբար պնդում է, որ իր կողմից արված երաժշտական հղումները պահպանվեն ճիշտ տեղում, և երգը լինի միակ երաժշտությունը՝ ողջ ներկայացման ընթացքում):

Հասմիկը, մտահոգ, շրջապատից քողարկված տխրությամբ մի պահ կանգ է առնում, ասես երգի բերած հիշողությունն է ուզում վերականգնել, ապա շարունակում է ընթացքը՝ դեպի միակ նստարանը:

Վազքով եկող Մարիշն անցնում է նրան, հասնելով նստարանին` նյարդայնացած փլվում է դրա վրա: Աղջկա ետքից հասնում է Արամը:

Արամ- Ախր, ի՞նչ ասի, որ նեղացար… (Աղջիկը, ցուցադրաբար, նրանից շրջվում է:) Չե՞ս ուզում՝ չենք գնա, աշխարհը չի քանդվի: (Նստում, փորձում է բռնել աղջկա ձեռքը, վերջինս ետ է քաշվում:) Այ Մարիշ, լա~վ, էլի… Ամեն անգամ մի բան մոգոնում ես, փուչ բանից` նեղանում, տեսարան սարքում… (Աղջիկն անհողդողդ է):

Հասմիկը տեղ է զբաղեցնում նստարանի մյուս ծայրին՝ կողքի դնելով ճամպրուկը: Նա չի նայում երիտասարդների կողմը, բայց անհաղորդ չէ նրանց:

Արամ- Քեզ դուր ա գալի, հա՞, դուր ա գալի, որ ինձ նյարդայնացնում ես… (Աղջիկը փութով քրքրում է պայուսակը, գտնում բջջային հեռախոսը, նյարդայնացած սեղմում է կոճակներին:) Սկսվե՛ց…Էլի մեսիջով ենք խոսելու՞ իրար հետ… (Նրա հեռախոսը զանգում է:) Խնդրե~մ…(Գրպանից հանում է բջջայինը, էկրանին նայելով կարդում է:) «Քո հետ խռով եմ»: Վե՜րջ: Ա՜յ Մարիշ, թատրոն մի սարքի, վեր կաց գնանք, մեր մասին ի՞նչ կմտածեն…(Աղջիկն արագորեն ունկերն է խցկում հեռախոսի ականջապանակ-ները, շրջվում, շուրթերը սեղմած ըմբոստ նայում է տղային:) Ախր ի՞նչ ասի, որ նեղացար… (Մարիշն անդրդվելի է: Արամը, հոգոցով, ստիպված, սկսում է հեռախոսով նամակ գրել նրան՝ կոճակներին սեղմելու հետ՝ արտասանելով:) «Մեզ ըս-պա-սում են, ան-հար-մար է, վե-րա-դառ-նանք սըր-ճա-րան …»

Նրանք շարունակում են միմյանց հաղորդագրություններ տալ- ստանալ, ընթերցել, իսկ այդ ընթացքում Հասմիկն իր բջջայինով համար է հավաքում:

Հասմիկ – (անսպասելի կայտառությամբ): Ալո՞, պարոն Լևոն, դո՞ւք եք… Հասմիկն է: Ուշանու~մ եք, հարգելիս, ուշանում եք… Ես վաղուց այստեղ եմ՝ մեր նստարանին նստած… Հրաշալի օր է… Այնքան բարի՛, հաշտ մթնոլորտ կա այգում, որ ստիպում է մոռանալ բոլոր վիրավորանքները: Ներում եմ, իհարկե` ներում եմ…(Երիտասարդներն ակամա նրան են նայում, Հասմիկն ավելի է ոգևորվում:) Լևոն, սիրելիս, այսօրվա դեպքը լուրջ մի ընդունիր, ես քո հոգու հետ էի խաղում… Դե, բոլոր կանայք են այդպես , ի՞նչ կարող ես անել… Բայց դա դեռ չի նշանակում, որ նրանք չեն սիրում… Չէ՛, ուզում են ավելի սիրված լինել… Այո՛, ժամանակն անցնում է, նոր ենք հասկանում վատնած վայրկյանների գինը… Սպասում եմ… Սպասում եմ, սիրելիս…(Անջատում է հեռախոսը, անբռնազբոս նայում կաղնու փչակին):

Արամի հեռախոսը զանգում է, բայց սա արդեն հաղորդագրություն չէ:

Արամ- Այո՞:

Մարիշ- (հեռախոսով, չարաճճի): Չգնա՞նք սրճարան: Մեզ են սպասում:

Արամ- Գի՛ժ…(Գրկում է աղջկա ուսերն ու ոտքի են կանգնում՝ հեռանալուց առաջ երախտագետ հայացք նետելով իրենց չնայող Հասմիկին):

Հասմիկ- (ներողամիտ ժպիտով նայում է հեռացող զույգին, վերադառնում իր մտահո-գությանը, և նույն պահին, անսպասելի հեռախոսազանգից ցնցվում, միացնում է բջջայինը): Այո… լսում եմ…Այո, Հասմիկն է… Լև՞ն…ի՞նչ Լևոն…Ե՞ս եմ զանգել… Ախ, հա՛, ներեցեք, ներեցեք, խնդրում եմ, ես շփոթել էի համարը…(Խիստ:) Երիտասարդ, Լևոն ձևանալու փոխարեն, լավ կլիներ` ուրիշ զբաղմունք գտնեիք: Ես ձեր հասակի թոռ ունեմ: (Հեռախոսն անջատում, տեղավորում է պայուսակում, վերադառնում է իր մտքերին, բայց հեռախոսն էլի է զանգում: Չոր:) Լսում եմ: Անուշի՛կ, հոգիս… Լավ եմ, բալիկս, լավ եմ, մի անհանգստացիր… (Զսպում է հուզմունքը:) Ես արդեն օդանավում եմ և շուտով օդ կբարձրանամ… Ես նախապես էի տոմս պատվիրել… (Մատով կանխում է կոպից կախված արցունքի կաթոցը:) Չէ, հոգիս, մի մեղադրիր նրանց… Նրանք երիտասարդ են, իսկ թոշակի անցած ուսուցչուհին` ծեր սկեսուրը, անհարմար-ություններ է ստեղծում: Դու արդեն հասուն աղջիկ ես, պետք է հասկանաս… քո հետ համաձայն չեմ…Յուրաքանչյուրն ինքն է տնօրինում իր կյանքը… Այդ տանը ես մենակ եմ և… Ես չէի ուզում ասել՝ արհամարված…Մի մեղադրիր ծնողներիդ…Ես չէի ուզում դա ասել…Այսպես, գուցե, լավ չէ, բայց ճիշտ է, Անուշիկս… Ես քեզ շատ եմ սիրում…(Սրբում է արցունքը:) Իհարկե կտեսնվենք, տեղ հասնեմ, աշխատանքի կանցնեմ ու արձակուրդիս անպայման հյուր կգամ… Դու գիտես, որ տիկին Ամալյան իմ վաղեմի, մտերիմ ընկերուհին է, նրա հետ ես լավ կզգամ ինձ…(Հատկապես` իրենից վանելով միտքը:) Չէ, չէ, ի՞նչ ես ասում, նա չի մահացել… Դու լավ չես հիշում… Մի հուզվիր, աղջիկս և ինձ էլ մի ստիպիր ծանր տանել… համբուրում եմ (Կապն ընդհատված է:) Համբուրում եմ…(Հեռախոսը հպում է այտին, շուրթերն անձայն նույն բառերն են կրկնում):

Ծառուղով մոտեցող Գևորգը փոքր ինչ անցնում է նրանից ու հանկարծակի կանգնում, շրջվում է դեպի նա:

Գևորգ - Բարև ձեզ…(Հասմիկը բարձրացնում է հայացքը: Պատասխանն ուշանում է:) Կարելի՞ է այստեղ նստել:

Հասմիկ- (դարձյալ չի շտապում պատասխանել, ասես` տատանվում է: Անտարբեր): Համեցեք: (Գևորգը տեղավորվում է ոչ հեռու: Հասմիկը գողտուկ ետ է հրում նստարանի կողքին դրված ճամպրուկը, որ չնկատվի):

Գևորգ- (իբրև թե ըմբոշխնում է այգու զովությունն ու լռությունը, բայց ներքուստ անհանգիստ է ու մղվում է խոսակցության): Զարմանալի մարդիկ են, այգին սեփականաշնորհեցին ու բոլոր նստարանները հանեցին… Նստել-հանգստանալու տեղ չկա…(Հասմիկը վերաբերմունք ցույց չի տալիս:) Դիտմամբ արեցին, որ ստիպված սրճարան մտնես… Ցայտաղբյուրն էլ հանեցին, որ սրճարաններում հագեցնես ծարավդ… (Հասմիկը չի արձագանքում:Դադար:) Դուք վաղո՞ւց եք այստեղ:

Հասմիկ- (նրան չնայելով): Շատ վաղուց:

Գևորգ -(կնոջ անտարբեր դրսևորումն անտեսելով): Հաժելի եղանակ է… Ինչ որ մեկին էի ուզում տեսնել… Նա…Նա այստեղ է զբոսնում: Ամեն օր գալիս եմ ու չի հաջողվում…

Հասմիկ- Եթե ձեզ համար ինչ որ մեկն է, սարսափելի բան չկա: (Շրջվում, պայուսակում ինչ որ բան է փնտրում, հասկացնելով, որ զրուցել չի ցանկանում):

Գևորգ- (հաշտվելով իրավիճակին, պիջակի գրպանից հանում է ծալած օրաթերթը, դնում է ակնոցը, սկսում է ընթերցել: Քիչ անց, իբրև` ինքն իրեն): Ի՛նչ ասես չեն հնարի… Ցնորվել են: (Հարևանացի բարձրաձայն կարդում է:) «Բրիտանական հեռուստասերիալների աստղերը, ի նշան տարիքային խտրականության դեմ բողոքի մերկ նկարահանվել են… Շերրի Հյուսոնը, Անդրեա Մաքքլինը, Բևեռլի Սալարդը և Ջիլիան Թեյլֆորտը, որոնց տարիքը տատանվում է 50-60-ի միջև, բրիտանական Best magazin-ի էջերում հայտնվել են մորեմերկ»… Խայտառակությու~ն է:

Հասմիկ-(նրան չնայելով): Խայտառակություն է, երբ արհամարհում են կնոջը:

Գևորգ- Բայց մերկանալ հասարակության առջև ու նկարահանվել միլիոնավոր տպաքանակ ունեցող թերթու՞մ…

Հասմիկ- Ի՞նչ կա որ…Դա խիզախություն է, հոգու ճիչ, ընդվզում՝ արհամարհանքի դեմ:

Գևորգ- (լավ զգալով, որ զրույց սկսվեց): Դուք գտնում եք, որ արհամարհված կանայք պետք է մերկանա՞ն:

Հասմիկ- Ես գտնում եմ, որ կանանց չպետք է արհամարհել, ինչ տարիքում էլ որ նրանք լինեն:

Գևորգ- Սակայն, նրանք կարող էին բողոքի այլ ձև ընտրել:

Հասմիկ- (անմիջապես չի պատասխանում. ապա՝ անհասցե, դառը մեղադրանքով): Նրա՛նք…մե՛նք… Մե՞նք ինչ ձև ենք ընտրում… Խխունջի պես պարփակվում ենք մեր պատյանում ու ճիչը խեղդում անպաշտպան հոգու մեջ, փորձում սպանել, անէացնել անցյալը, բոլոր հուշերը, ապրած կյանքը… Ինքդ քեզ համոզել, թե դա դու չես եղել, թե դա տեղի չի ունեցել և եղածն ընդամենը հեքիաթ էր, անիրական, քո իսկ հնարած հեքիաթը…(Մեղադրելով): Այդպես, հա՞, այդպե՞ս…

Գևորգ-(մեղադրանքից շփոթված): Ներեցեք…

Հասմիկ –(դառնորեն): Ինչի՞ համար… Հեքիաթի՞… (Դադար): Ասացի չէ՞, դա հնարած է, իրականություն չէ:

Դադար: Գևորգն անհանգիստ է, հուզված: Փորձում, չի կարողանում թերթի վրա կենտրոնանալ, ծալում, ակնոցի հետ դնում է գրպանը: Չգիտի անելիքը:

Հասմիկը զսպված, թաքցրած խռովքով շարունակում է անտարբեր մի կողմ նայել:

Գևորգ- (համարձակվում է): Բայց… բայց կյանքը հնարած հեքիաթ չէ… Պարզապես… պարզապես իրականությունը, անցյալը այնքան քաղցր, տպավորիչ ու անմոռաց է լինում, որ թվում է, թե հեքիաթ էր:

Համսիկ- (դառը հոգոցով): Քա՛ղցր, տպավորի՛չ, անմոռա՛ց… (շրջվում, ակնդետ նայում է Գևորգին:) Պարզվում է, որ դուք ռոմանտիկ եք, պարոն: (Հեգնանքով:) Քա՛ղցր, տպավորի՛չ, անմոռա՛ց… Տեսնո՞ւմ եք այն փչակը: (Մատնացույց է անում կաղնին:) Այդ փչակը քանի՞ անգամ լսած կլինի այդ խոսքերը… Եթե լեզու առներ, քանի՞ այդպիսի հեքիաթ կպատմեր նա… (Շրջվում է):

Գևորգ-(անհամարձակ, ցածր ձայնով): Ի՞նչ կպատմեր… (Հասմիկը չի պատաս-խանում: Վեհերոտ խնդրանքով:) Ի՞նչ կպատմեր…

Հասմիկ- (պայուսակից հանում է ծխախոտը, հրահանով վառում, սկսում է ծխել: Հանդարտվելով, առանց կողքինին նայելու, ասես՝ ինքն իրեն): Կպատմեր, որ եղել, ապրել է մի աղջնակ: Երբ նա փոքր էր, հայրը մի անգամ նրան բերեց զբոսայգու հսկա կաղնու մոտ ու ասաց, որ եթե փչակի մեջ երազանք շշնջա, անպայման կկատարվի: Աղջիկը Ձմեռ պապից տիկնիկ ուզեց ու երկու օր անց, նոր տարվա առավոտյան, բարձի տակ մի գեղեցիկ տիկնիկ գտավ… (Շարունակում է ծխելը):

Գևորգ- Հետո՞…

Հասմիկ- (անշտապ): Հետո՛… Աղջիկն այդ օրից հավատաց հրաշքների, հավատաց հեքիաթների: Մեծացավ ու երբ հասուն օրիորդ էր, սիրահարվեց գանգրահեր մի տղայի: Աղջիկը հավատում էր հրաշքների ու մի օր, գարնանային մի տաք երեկոյի,

եկավ փչակի մոտ, շշնջաց տղայի անունը, խնդրեց նրա փոխադարձ սերը… Շշնջաց, շրջվեց ու՝ ա՜յ քեզ հրա՛շք… տղան նստած էր մոտակա նստարանին ու կրակոտ հայացքով իրեն էր նայում; (Դադար:Ծխում է:) Ասես կախարդված, ասես սավառնելով, չզգաց էլ, թե ինչպես մոտեցավ ու նստեց նրա կողքին… (Դադար:) Ծանոթացան, սիրեցին միմյանց…(Գևորգը գրպանից հանում է դեղահաբի սրվակը, լեզվի տակ հաբ է դնում:) Նրանք երջանիկ էին… Տե՛ր Աստված, մի՞թե ուրիշ ավելի հարմար բառ չկա, քան երջանիկը… Քիչ է ասել, թե երջանիկ էին, դա ուրի՛շ, վերերկրային, վերերկնային զգացում էր… Ո~ղջ աշխարհը, արևը, տիեզերքը ապրում ու շնչում էին նրանց սիրով: Նրանք կարոտում էին միմյանց անգամ այն ժամանակ, երբ կողք-կողքի էին… Ժամերով նստում ու լուռ նայում էին իրենց երազանքներն իրականցնող կախար-դական փչակին… Նրանք լուռ էին, բայց փչակը լսում էր նրանց… Նրանց շնչառությունը, նրանց հայացքը, աղջկա ձեռքերը՝ տղայի ափերի մեջ, նրանց սրտի զարկերն անընդհատ ու անընդհատ երազներ էին հյուսում և այդ երազները օծվում, օրհնվում էին փչակի կախարդանքով ու զեփյուռ դարձած օրորում էին սաղարթները, գույներ դարձած ոսկեզօծում էին արևի շողերն ու աստղերի կայծերը, մեղեդի դարձած երգում էին այգու սոսափով, ցայտաղբյուրից ցայտող ջրի կարկաչով ու թևո՛ւմ, թևում էին հեռո՛ւ՝ երկնակամարին պատկերելով երջանիկ զույգի ապագան, մի ողջ դրախտային կյանք՝ մինչև խոր ծերություն…(Դադար:) Դպրոցն ավարտեցին: Տղան երազում էր զինվորական դառնալ: Մեկնեց այլ քաղաք՝ սովորելու, հազար ու հազար անգամ երդվելով, որ ետ կգա: (Հանգցնում է ծխախոտը, կոթուկը պարփակում անձեռոցիկի մեջ, տեղավորում պայուսակում:) Ահա՝ այդպես: Ավարտվեց հեքիաթը, որը չէր էլ եղել…

Դադար:

Գևորգ- Ծխախոտ կարելի՞ է:

Հասմիկ- (պայուսակից տուփը, հրահանը հանելով մեկնում է նրան): Դուք դեղահաբը դեռ կուլ չեք տվել: (Հեգնանքով): Երևի շա՛տ էր դառը:

Գևորգ -(ծխախոտը վառում, վերադարձնում է տուփն ու հրահանը: Նա ծխող չէ, անվարժ, մի քանի անգամ այտերն ուռցնելով ծուխը պահում է բերանում, դուրս է փչում: Անօգուտ համարելով ծխելը՝ տեղ է փնտրում կոթուկը նետելու համար):

Հասմիկ- Աղբամանն այնտեղ է :(Գլխով ցույց է տալիս կաղնու հարևանությամբ դրված աղբամանը):

Գևորգ- (մոտենում է կաղնուն, նետում է կոթուկը, հապաղում է փչակի դիմաց ու չշրջվելով, խորքից եկող ձայնով, կարծես պատմում է փչակին): Տղան, հեռավոր հյուսիսում, սովորում էր զինվորական ուսումնարանում, ժամերն ու օրերն էր հաշվում, թե երբ է ավարտելու ուսումը, նշանակում ստանալու, որ իր մոտ կանչի աղջկան, հանդիպեն ու ողջ կյանքում միասին լինեն… Բայց… իր թեթևամտության, անփորձության պատճառով խճճվեց բարձրաստիճան հրամանատարի կանխամտածված ցանցում, հրապուրվեց նրա հովանավորությամբ ու…(Հոգոց է քաշում:) Ուսումնարանն ավարտեց, որպես նրա փեսան: Նա ամաչում էր իր արարքի համար, իր թուլամորթության, դավաճանության համար չէր ներում իրեն: Կյանքն անիմաստ էր դարձել: Ծառայության մեջ ամենավտանգավոր գործն էր անում, անհուսալի տեղեր նետվում, որ գոնե պատահաբար փորձանքի գա… Իսկ նրա վարքը շրջապատում դիտվում էր որպես երիտասարդ սպայի խիզախություն: (Դադար): Եվ մի անքուն, տառապալից գիշեր, վճռեց ինքնասպան լինել: Լիցքավորեց ատրճանակը, մի վերջին անգամ նայեց օրորոցում քնած նորածին երեխային ու դուրս եկավ տանից, բայց հենց շեմքի վրա, արթնացած երեխայի լացը… (օրորվում է, բռնելով սիրտը հենվում է ծառաբնին):

Հասմիկ – (ճչալով վրա է հասնում): Գևո՛րգ…Գևորգ, ի՞նչ պատահեց…

Գևորգ- (ագահաբար օդը կուլ տալով): Ոչինչ, ոչինչ… Նոպա է… ստենոկարդիա… հիմա կանցնի…

Հասմիկ- Ներիր…Ներիր խնդրում եմ…(Թևանցուկ է անում, ուղեկցում դեպի նստարանը:) Ես չէի ուզում… ես չգիտեի… Նստիր, մի լարվիր, հանգիստ նստիր…(Հնար փնտրելով չորս կողմն է նայում:) Նման դեպքերում հարկավոր է մի քիչ կոնյակ խմել, օգնում է… Դու հանգիստ նստիր, ես արագ կբերեմ…

Գևորգ- (կանխում է): Պետք չէ, հիմա կանցնի…

Հասմիկ- Չէ, նստիր… քթով շնչիր… Ես հիմա կգամ…

Գևորգ- Սպասիր…Ավելի լավ է՝ միասին… Սրճարանում բար կա, խմիչք կլինի…(փորձում է կանգնել):

Հասմիկն օգնում է նրան ոտքի կանգնել, թևանցուկ անելով ուղեկցում է, բայց առաջին իսկ քայլից հիշելով ճամպրուկը, մի պահ տատանվում է, ապա վճռական գնում, ճանկում է այն ու կրկին թևանցուկ անելով Գևորգին՝ դանդաղաքայլ ուղղվում են դեպի սրճարան:

Նրանց ընդառաջ՝ հնչում է Պիաֆի երգը:

Ձեռք-ձեռքի, ծիծաղկոտ, թեթևկոտ մտնում են Արամն ու Մարիշը: Հասնելով կաղնուն՝ երկու կողմից փարվում են ծառին:

Մարիշ- (ձեռքերը մեկնում, ափերով հպվում է ծառը գրկած տղայի ձեռքերին: Խոսում է հովվերգորեն, երանավետ): Դե խոսիր, ջա՛նս… մի բան ասա, ես կարոտում եմ քո ձայնին: Ի՞նչ ես մտածում, ինձ հետ մտածիր, որ լցվեմ քեզնով…

Արամ- (նույն երանավետությամբ): Ես չգիտեմ, թե քեզ ի՞նչ ասեմ… Ես չգիտեմ, թե քեզ ի՞նչ ասեմ… Եթե մենք լինեինք արևի վրա, ես կասեի, որ քո հուրն է նրան ջերմացնում, եթե լինեինք բողբոջի մեջ՝ ես կասեի, որ քո բույրն է թովում նեկտարին… Ես չգիտեմ, թե քեզ ինչ ասեմ…

Մարիշ- Դու չգիտես, թե ինձ ի՞նչ ասես… Խենթո՛ւկ… Դու արդեն ասացիր… Դու արդեն ասացիր… խոսի~ր, էլի խոսիր…

Նրանք, երկխոսելով, եթերային, երազային պտտվում են ծառի շուրջ-բոլոր, հեռանում, մոտենում, փայում են միմյանց փարվում են ծառին…

Արամ- Ես քեզ փնտրեցի մարդաշատ քաղաքների կոշտ մայթերին ու չգտա…

Մարիշ- Ինչ լա՛վ է, որ ինձ չգտար կոշտ մայթերին, ես հիվանդ էի մարդեղեն ախտով…

Արամ- Ես քեզ փնտրեցի կուսական անտառներում ու չգտա…

Մարիշ- Ինչ լա՛վ է, որ ինձ չգտար կուսական անտառներում, ես անցողիկ էի բուսնել-փտելով…

Արամ- Ես քեզ փնտրեցի լեռների ծերպերին ու չգտա…

Մարիշ- Ինչ լա՛վ է, որ ինձ չգտար լեռների ծերպերին, ես անշունչ էի ու կոշտ…

Արամ- Ես քեզ փնտրեցի ջրերի խորքերում ու չգտա…

Մարիշ- Ինչ լա՛վ է, որ ինձ չգտար ջրերի խորքերում, ես համր էի ու անմիտ…

Արամ- Ես քեզ գտա այստեղ՝ երկնքում աստղերի հետ ճախրելիս և երջանի՛կ եմ…

Մարիշ- Ինչ լա՛վ է, որ գտար ինձ այստեղ, երկնքում աստղերի հետ ճախրելիս, ուր աղոթքներն են միայն հասնում, ուր ապրում են միայն երազները: Մենք երջանի՛կ ենք…(հրվում է ծառից ու փախչում:) Ես լո՛ւյս եմ, հասիր ինձ… (Արամը հետապնդում է նրան):

Առժամանակ ծառուղին դատարկ է: Գինովցած, ուրախ տրամա-դրությամբ վերադառնում են Գևորգն ու Հասմիկը:

Գևորգի ձեռքին ծաղկեփունջ կա, որը նա բերում է անվարժ, ձեռքերն անզգույժ շարժելով:

Գևորգ- (ծիծաղի միջից): Ես նրան ասում եմ փունջ բեր, իսկ սա կոնյակը, ռոմը, լիկյորը խառնում է ու հրամցնում… Ես էլ, կարծելով, թե լիմոնադ է, մի շնչով քաշեցի գլուխս…

Հասմիկ-(նույն տրամադրությամբ): Նրա իմացած փունջն էլ դա է, տղան մեղք չունի: (Ճամպրուկը ձեռքից-ձեռք է տեղափոխում):

Գևորգ- ( սթափվում, մեխվում է տեղում): Էդ ի՞նչ ես անում:

Հասմիկ- (զարմացած): Ի՞նչ եմ անում:

Գևորգ- Հալա ինձ տուր (ձեռքը մեկնում է ճամպրուկին:) Տեսնողն ի՞նչ կասի` տղամարդը ծաղկեփունջ է բռնել, կինը՝ ծանրոց:

Հասմիկ- (ընկրկում է): Չէ, չէ: Քեզ ծանր բան վերցնել չի կարելի:

Գևորգ- Ո՞վ ասաց, (կեղծ բարկությամբ.) ո՞վ համարձակվե՜ց:

Հասմիկ- Ե՜ս:

Գևորգ- Իսկ դուք գիտե՞ք, հարգելի տիկին, որ այդ ՙփունջ՚ կոչվածը խմելուց հետո` ես կարող եմ սարե՛ր շրջել:

Հասմիկ- Չե՜ս կարող: Ես ընդամենը մի կում խմեցի՝ գլուխս պտտվեց:

Գևորգ- Որովհետև քոնը ծաղկեփունջն է, ոչ թե՝ փունջը: Սա՝ քեզ (մեկնում է ծաղկեփունջը), իսկ ծանրոցը տուր ինձ:

Հասմիկ- Ուշացար, պարոն տղամարդ, արդեն տեղ հասանք: (ճամպրուկը դնում է նստարանին, վերցնում է ծաղկեփունջը):

Գևորգ-(նայելով ճամպրուկին) : Ի դեպ… ըմմ… մեկնո՞ւմ ես, թե՞ ժամանում:

Հասմիկ- (չկարողանալով ձևանալ, տրտմությամբ): Ոչ այս, ոչ՝ այն:

Գևորգ- (ճամպրուկը զննելով, ստուգողական նրան է նայում): Ուրեմն` գտել ես:

Հասմիկ- (կոտրված ժպիտով): Գուշակեցիր: Գտել եմ…

Ծառուղու հեռվում հայտնվում են վիճաբանող Մարիշն ու Արամը: Վերջինս բռնել է աղջկա պայուսակի փոկից, բաց չի թողնում:

Մարիշ- Թո՜ղ…Թո՜ղ ասում եմ… բաց թող պայուսակս:

Արամ- Մարիշ ջան, ախր… դատարկ բանից…

Մարիշ- Քո համար է դատարկ, ինձ համար դատարկ չի: (Ձգում, ազատում է փոկը:) Չհամարձակվես ինձ հետևել…(Արտասվելով փախչում է՝ վազքով անցնելով Գևորգի ու Հասմիկի մոտով: Արամը հետևում է նրան):

Գևորգ -(կողքով անցնող Արամին՝ զինվորական խստությամբ): Կա~նգ ա’ռ: (Տղան մեխվում է տեղում): Ե~տ դա’րձ: (Արամը զինվորական կանոնով շրջվում է): Դեպի ինձ՝ քայլո՛վ մա՜րշ:

Արամ –(շարային քայլով մոտենում, զգաստ կանգնում է): Պարոն գեներալ, պահեստի սերժանտ Արամ Ռևազյանս, ձեր հրամանով…

Գևորգ- Թողնել: (Մեղմացած): Դու ինձ ճանաչո՞ւմ ես, զինվոր:

Արամ- Ճիշտ այդպես: Դուք մեր զորամասն էիք եկել զորավարժային ստուգայցի և ինձ պատվոգիր հանձնեցիք:

Գևորգ- (կարծես շփոթվում է): Հըմ…Երբ դու… Երբ մենք ծառայում էինք, զիվոր, արդյո՞ք չէինք կարոտում մեր սիրած աղջկան:

Արամ- Կարոտում էինք, պարոն գեներալ:

Գևորգ- Երազո՞ւմ էիր հանդիպել նրան:

Արամ- Ճիշտ այդպես:

Գևորգ- Վիրավորելու, լացացնելու համա՞ր:

Արամ- (արդարանում է): Պարոն գեներալ, ախր նա… ա՜յ, ձեր տիկինն էլ տեսավ, մի փուչ բանից…

Գևորգ- Լռե՜լ: (Կարճ դադար): Իսկ ո՞ւր մնաց ասպետությունը, զինվոր: Գնա և ներողություն խնդրիր, տղաս: Հաշտվիր նրա հետ: Հիշիր՝ թշնամուն զենքով և խիզախությամբ են հաղթում, կնոջը՝ սիրով ու ջերմությամբ: Գնա:

Արամ- Լսում եմ: (Տեղից պոկվում, վազում է Մարիշի ետքից):

Հասմիկը գոհունակ ժպիտը թաքցնելով ծաղկեփնջի մեջ, աղջկական նազանքով տարուբերվում է տեղում:

Գևորգ- (անզգուշորեն բացահայտվածի պես չիմանալով անելիքը չորս կողմն է նայում, ապա, գրեթե գործնական): Նստե՜նք:

Նստում են: Առժամանակ լուռ են:

Հասմիկ- (հիացական զարմանքով): Դու գեներա՞լ ես:

Գևորգ- Էի: Այժմ՝ պաշտոնաթող գեներալ: (Դեմքը ծածկելով ծաղկեփնջով Հասմիկն անզուսպ քրքջում է: Գևորգը, տարակուսած, մռայլվում է): Պաշտոնաթողը ծիծաղելի՞ է:

Հասմիկ- Ո~չ, գեներալն է զվարճալի:

Գևորգ- Երևի չես հավատում:

Հասմիկ – (հոգու հետ խաղալով): Իհարկե՝ չեմ հավատում: Այնքան խիստ խոսեցիր, որ խեղճ տղան քեզ գեներալի տեղ դրեց:

Գևորգ- (լրջմիտ արժանապատվությամբ ծոցագրպանից հանում է դրամապանակը, այնտեղից՝ այցեքարտ, մեկնում է Հասմիկին): Պատիվ ունեմ:

Հասմիկ –(այցեքարտը վերցնում, պայուսակից անշտապ հանում է ակնոցը, մանրազնին կարդում է): Պատահականություններ լինում են:

Գևորգ -Քառասուն տարի ծառայելը պատահականություն չէ:

Հասմիկ- (մտքում ծանր ու թեթև է անում): Քառասո՞ւն… Իսկ ինչո՞ւ ոչ մարշալ…

Գևորգը, կարծես թե վիրավորված, խռովկան լռում է: Առժամանակ լուռ են՝ Գևորգը արժանապատիվ անշարժությամբ, իսկ Հասմիկը մեկ նրան, մեկ այցեքարտին նայելուց հետո, ակնոցի հետ դա տեղավորում է պայուսակում, դուրս է բերում բջջայինը, համար է հավաքում:

Գևորգի բջջայինը զանգում է:

Գևորգ - (գրպանից հանում է հեռախոսը): Հայրապետյանը լսում է:

Հասմիկ- (հեռախոսի մեջ): Իսկ ո՞ւր մնաց ասպետականությունը, պարոն գեներալ: (Ծիծաղում է):

Գևորգ- Ախ, սատանա~… խաղ էիր խաղում, հա՞… (Փորձում է գրկել նրան):

Հասմիկ- (ծիծաղկոտ խուսափում է): Դե-դե… ես քո իմացած աղջիկներից չեմ:

Գևորգ- (շփոթվում, անմիջապես ետ է քաշվում: Տխրամած): Ես ՙիմացած՚ աղջիկներ չեմ ունեցել:

Հասմիկ- Բանակում ծառայողներ չկայի՞ն: (Պայուսակից պարագաներ է հանում):

Գևորգ - Կային: Հիմա էլ կան: Շտաբում են ծառայում կամ զենիթայիններ են:

Հասմիկ – Շրջվիր, ես ուզում եմ թարմացնել շրթներկս:

Գևորգ- Իմ նայելը խանգարու”մ է:

Հասմիկ- Կոռեկտ չէ: (Գևորգը շրջվում է, Հասմիկն անմիջապես, թափով, մի կողմ է նետում բջջային հեռախոսը, ապա փոքր հայելու մեջ իրեն զննելով՝ թարմացնում է շրթներկը): Դա ի՞նչ բան է՝ ՙզենիթային՚: Զենիթում ճախրող հրեշտակնե՞ր են:

Գևորգ- (նրա չիմացության վրա՝ ներողամիտ): Ընդհակառակը: Օպերատորներ են, կապավորներ, նշանառուներ:

Հասմիկ- Կրակո՞ւմ են: (Ավարտում է հարդարանքը):

Գևորգ - Այն էլ ինչպե՛ս:

Հասմիկ- (պարագաները տեղավորում է պայուսակում): Ինչպե՞ս:

Գևորգ- Դե… ինչպես բացատրեմ: Նստում են զենիթային հրանոթի նշանառուի տեղում… (Նկատում է կարուսելը:) Ահա, գտա, գնանք, ցույց տամ: (Հասմիկի ձեռքից բռնած մոտեցնում է կարուսելին:) Սա մեր մարտական զենքն է՝ տասնչորսուկես միլիմետրանոց զենիթային գնդացիրը, որը մեկ րոպեում իրականացնում է 80-300 կրակոց:

Հասմիկ- Այդքան շա՞տ:

Գևորգ- Ավելի կատարելագործվածները կան, բայց մեր մարտկոցը, սերժանտ Ավագյան, նոր տեխնիկայով դեռ չի համալրվել: Ստիպված ենք յոլա գնալ սրանով: Նստիր: Նստիր նշանառուի տեղում: (Հասմիկը նստում է:) Դու մեր նշանառուն ես: (Հրում է կարուսելը:) Երկնքին նայիր, փնտրիր թշնամու ինքնաթիռը…Լսո՞ւմ ես հռնդյունը, նա ամպերի տակ է, հիմա դուրս կգա: Զգո՜ն, ուշադի՜ր:

Հասմիկ- (բռնակից կառչած, հայացքը երկնքին` պտտվում է): Կարծես թե գտա… գտա՛ (մատնացույց է անում Գևորգին): Ահա նա…

Գևորգ- (ձեռքերը տարածած` ինքնաթիռ է ձևանում, իբրև մանևրում է օդում): Հը՛ռռռռ… Նշան բռնիր… Հը՛ռռռռ… Կրակի՜ր, կրակի’ր…

Հասմիկ – (հասնելով դեմ-դիմաց՝ ՙկրակում է՚): տա’-տա…տա’-տա’-տա’-տա’…

Գևորգ- (խփված ինքնաթիռ է ձևանում): Վո՝ւու~ու…( ընկնում է սիզամարգի վրա):

Հասմիկ- Ես հաղթեցի՛… Դու պարաշյուտով թռար… (անսպասելի ճարպկությամբ իջնում է կարուսելից): Ես քեզ գերի եմ վերցնում… Ձեռքերդ վե՜ր: (ՙԶենքը պարզած՚ մոտենում է:) Օ-հո՛, գեներա՛լ է… հանձնվի՜ր, գեներալ…

Գևորգ- (արիաբար): Գեներալները չեն հանձնվո՛ւմ (ցուցամատը հպում է քունքին, ՙկրակում է՚, ցնցվում, ընկնում է կողքի):


Հասմիկը երկար նայում է ոտքերի մոտ ընկած, «անշնչացած» Գևորգին:

Այգում, մեղմորեն, արթնանում է Պիաֆի երգը:

Հասմիկը տխրամած շրջվում, տարտամ քայլերով մոտենում է կաղնուն, փարվում է փչակին:

Տրամադրության, հոգեվիճակի տերը երգն է: Երգում և վերհիշում է այգին, երգում է երկինքը, երգում է բեմից դուրս տարածված դահլիճը:

Գևորգն այնքան աննկատ է մոտենում կաղնուն, որ մենք նրան տեսնում ենք արդեն Հասմիկին դիմահայաց՝ ծառին փարված: (Այսուհետ՝ տեսարանում, նրանք հեռանում են կաղնուց, ձեռք-ձեռքի տալիս, եթերային պտտվում, գգվում ու փայում են միմյանց… Այդ անի-րական, երազային, պատկերը, որ վերարտադրվում է նրանց հիշողու¬¬¬թյան մեջ, պետք է ավարտվի երկխոսության վերջին նախադասության հետ, երբ կրկին կհայտնվեն կաղնու մոտ` նույն դիրքով, որով սկսվել էր տեսարանը):

Ամբողջ ընթացքում հնչում է մեղեդին:

Գևորգ- (վերհիշելով՝ ո՞վ գիտե քանի՛-քանի անգամ տեղի ունեցածը, երանավետ արտասանում է):

Եթե դու միայն կրակ լինեիր,

ես կերկնչեի քո մեջ լինելուց,

որ չմոխրանամ…

Հասմիկ- (նույն տրամադրությամբ տրվում է վերհուշին):

Ես կրակ եմ բորբ

ու ջերմացնում եմ

քո մրսած հոգին:

Գևորգ- Թե ջուր լինեիր դու միայն,

ես կերկնչեի քո մեջ լինելուց,

որ չխորտակվեմ…

Հասմիկ - Օվկիանոս եմ ես

անհո՛ւն, անհատակ,

և կենսատու եմ ամենայն գործին,

Գևորգ- Թե հող լինեիր դու միայն,

ես կերկնչեի քո մեջ լինելուց,

որ չքայքայվեմ…

Հասմիկ- Հո՛ղ եմ բարեբեր

ու բողբոջը քո ծաղիկ կդառնա

իմ կորովալից

ավիշով միայն:

Գևորգ - Թե օդ լինեիր,

ես կերկնչեի քո մեջ լինելուց,

որ չանէանամ…

Հասմիկ- Օդ եմ ես անտես,

բայց եթե կուզես լինել,

մանավանդ-`

զգալ ինձ կուզես,-

ինձ շնչես պիտի,

քո մեջ պարփակե՛ս…

Գևորգ- Ինձ պահիր քո հոգու մեջ, որ հոգիս տուն ունենա…

Հասմիկ- Ինձ պահիր քո հոգու մեջ, որ հոգիս չտոչորվի ծարավից…

Գևորգ և Հասմիկ – (միասին): Մեր սերը գեղեցիկ է, և մենք գեղեցիկն ենք սիրո…

Հասմիկ – Ինձ պահիր քո հոգու մեջ, որ հոգիս ճախրանք ունենա…

Գևորգ - Ինձ պահիր քո հոգու մեջ, որ հոգիս աղոթք ունենա…

Գևորգ և Հասմիկ- (միասին): Մեր սերը հրճվանք է և մենք հրճվանքն ենք սիրո…

Գևորգ - Ինձ պահիր քո հոգու մեջ, որ հոգիս ապական չլինի…

Հասմիկ – Ինձ պահիր քո հոգու մեջ, որ հոգիս տկար չլինի…

Գևորգ և Հասմիկ- Սերը աղոթք է և մենք աղոթքն ենք սիրո…

Սերը հավերժ է և հավերժություն է մեր սերը…

Երաժշտությունն ուժգնանում է ու կտրուկ լռում:

Քար լռություն:

Գևորգ- (շրջվում, թիկունքով հենվում է ծառին): Իմ աղջկա անունը ես Հասմիկ դրեցի: Բայց նա մեծացավ ու պարտադրեց, որ իրեն Ասյա կոչեն: (Դադար:) Նրա մայրը, որ ինձնից երկու տարով մեծ էր, նախընտրեց իրենից հինգ տարով փոքր մեկին և աղջկան վերցնելով հեռացավ… Ծառայեցի հյուսիսում, Մոնղոլիայում, Աֆղանստա-նում… Իրադարձությունները ստիպեցին վերադառնալ հայրենիք, նոր կազմավորվող Հայկական բանակ…

Դադար:

Հասմիկ- (ինքն էլ շրջվում, հենվում է ծառաբնին): Դու ինչո՞ւ նամակ չգրեցիր:

Գևորգ- (հառաչելով): Մեղքի զգացո՛ւմը… Ետդարձի հույս չկար, շա՛տ էր ուշ … Միակ հույսը, որ ես պահպանել եմ՝ ներվելու հույսն է, ինքնահուսադրման վերջին խարիսխ…սարդոստայնի թելի պես թույլ, բայց՝ հույս էր… Երազում էի հանդիպել քեզ, բայց վախենում էի, սարսափում, որ չես ների…

Հասմիկ- Քեզ համար այդքան կարևո՞ր է ներված լինելը:

Գևորգ- Շա~տ…Կյանքից առավել:

Հասմիկ- (վճիռ հրապարակելու պես): Ներված ես: Մնաս բարով: (Հրվում է ծառից, վճռական մոտենում նստարանին, ուսում պայուսակը):

Գևորգ - (խուճապահար կտրում է նրա ճանապարհը): Հասմիկ… Դու… Դու դա չես անի… (Նստարանից ճամպրուկը վերցնելով հեռացնում է նրանից:) Մի գնա, խնդրում եմ… այդպես չեն ներում… Սա դատավճիռ է…

Հասմիկ- Իսկ ինչպե՞ս են ներում, Գևորգ… Լաց ու կոծ են դնում, հա՞, թե՞ ուրախությո՛ւնից, վերագտած երջանկությունից թռչկոտո՛ւմ են, փա՛ռք տալիս Աստծուն, որ ե՛տ վերադարձար, 40 տարի հետո հայտնվեցի՛ր…Մե՛ծ բան է արել, աղջկա անունը Հասմիկ է դրել… Դու սիրելուց, իմ կարոտից չես նրան Հասմիկ կոչել, այլ քեզ արդարացնելու համար, ամեն անգամ այդ անունը տալիս դավաճանիդ մեղքը թեթևացնելու համար… Եվ ճիշտ է վարվել Ասյան, իմաստուն է վարվել: Ամեն հանցանք իր արժանի պատիԺն ունի, նա ստիպել է քեզ կրելու քո արժանի պատիժը: Եվ նրա մայրն էլ ճիշտ է վարվել: Դու նրա հետ հաշվենկատությամբ էիր ամուսնացել, նա էլ հաշվենկատորեն լքեց քեզ… Կանայք շատ շուտ են հասկանում իրենց սիրված-չսիրված լինելը…

Գևորգ- (կարկամած): Հասմիկ… Չէ՞ որ մենք… չէ՞ որ դու սիրել ես ինձ… Ներիր, խնդրում եմ… Աղաչում եմ՝ ներիր…

Հասմիկ- Տո՜ւր ճամպրուկս: Սերը ներում է ամեն ինչ, բացի սիրո դեմ գործած հանցանքից…

Գևորգ- Ես հանցագո՞րծ եմ…

Հասմիկ – (դառը քմծիծաղով): Մի՞թե օրենսգրքի հոդված է պետք սահմանելու համար սիրո դեմ գործած հանցանքը: (Շարժում է անում գնալու):

Գևորգ- (բռնում է նրա պայուսակի փոկը): Սպասիր… Հանգստացիր: Նստիր՝ խոսենք… Մի՜ ներիր, բայց մինչև վերջ լսիր ինձ… Մի վերջին անգամ…

Հասմիկ- (տխրամած): Վերջը վաղուց է եղել, Գևորգ: Դու գնացիր սովորելու և չվերադարձար: Հիմա էլ չես վերադարձել: Բա՜ց թող պայուսակս: (Գևորգը ձեռքը ետ է քաշում:) Հեռացի՜ր: (Շրջվում է նրանից, վճռական, բայց՝ տառապալից:) Հեռացի՜ր:

Գևորգը հապաղում է, ապա ճամպրուկը դնելով նստարանին` շրջվում, հարված ստացածի պես կծկվում, ձեռքերը խոթելով պիջակի գրպանը՝ անկամ հեռանում է:

Հասմիկը քարացած է տեղում:

Հանկարծ նա սթափվում է, անկասելիորեն մղվում Գևորգի ետևից… մի քանի քայլից մեխվում է տեղում, թևաթափ շրջվում, մոտե¬¬նում է կաղնուն ու փլվելով փչակի վրա, բռունցքներով հարվածելով բնին` աղիողորմ, անտերունչ, բարձրաձայն ողբում է:

Խաղաղվելով, պայուսակը քարշ տալով վերադառնում, նստում է նստարանին, գլուխն առնում ափերի մեջ:

Ծառուղում վառվում են լամպերը և հուշում, որ արդեն մթնում է:

Երգն արթնանում է՝ միայն նվագակցությամբ:

Հասմիկ-(վերցնում է ծաղկեջունջը, շուռումուռ է տալիս, արտասանում է):

ԵՎ կրկին ինձ հանգիստ չի տալիս,

Գիշեր, թե` ցերեկ, ամենուր,

Մեղեդին վաղեմի, որ լալիս,

ՈՒ խենթացնում է, տանում է, բայց` ու՞ր…

Շատ անգամ եմ փորձել հարցնել,

Բայց նա ինձ հուշում է, հուշում,

Եվ ձայնս փորձելով խլացնել,

Թաղում է ինձ անցյալի մուժում…

(Արտասանության ողջ ընփացքում, երաժշտության հետ մեկտեղ, ինչ-որ տեղից`

թփերի միջից, անընդհատ լսվում է նրա հեռախոսի զանգը):

Պադամ, պադամ, պադամ…

Նա ամենուր հետևում է ինձ,

Պադամ, պադամ, պադամ…

Հոգուս մեջ ինձ ցավ է տալիս.

Պադամ, պադամ, պադամ…

Այդ երգն իմ մասին է, ես ինքս եմ,

Իմ սերն է, կարոտն է իմ անափ,

Որն իմ մասին ամեն ինչ գիտե…*)

Կարծես ցրտեց: Ոտքի է կանգնում, ուսի վրա ուղղում է պայուսակի փոկը, ձեռքը մեկնում է ճամպրուկին և, նույն պահին, նրա դիմաց հայտնվում է տղան՝ Գևորգը:

Հասմիկ- (ընկրկում է): Գևո՞րգ…

Գևորգ- Մայրի՞կ… (Մեկ ճամպրուկին է նայում, մեկ՝ նրան:) Դու ուրիշ օյին ունե՞ս…

________________________

*) «Պադամ,պադամ».տեքստը`Ա.Կոնտեի, երաժշտ.`Ն.Գլանսբերի, ռուս. թարգմ.` Ս.Խալաթյանի



Ամբողջ քաղաքը ոտքի տակ տվեցի… Ոչ- ոքի չի ասում, թե ո՞ւր է գնում, ոչ մեկը բանից տեղյակ չի…

Հասմիկ- (անտարբեր): Շարունակիր, տղաս: (Նստում է:) Ասա, որ անհանգստացել ես, զանգահարել ես ոստիկանություն, շտապօգնության կայան… Կիևյան կամրջի տակ ես փնտրել…(Գևորգը նյարդային նստում է:) Հին ու նոր հարևաններին, ծանոթ-անծանոթներին ես հարցում արել…

Գևորգ- Դու ինչո՞ւ ես մեզ տանջում, մա՜…

Հասմիկ- (դառը ծիծաղելով): Ընդհակառակը, տղաս, ես ձեզ խաղաղություն ու երջանկություն եմ պարգևում՝ իմ հեռանալով…

Գևորգ- Ախր ի՞նչն է խանգարում քեզ, ինչո՞ւ ես այդպես վարվում… Հասուն, խելացի կին ես, ամբողջ կյանքում ուրիշներին ես դաստիարակել… (ծնկին խփելով:) Խայտառակությու’ն… Լավ է, որ գտա, թե չէ վաղը աշխարհով մեկ կթնդար, թե հարա¬զատ մայրը լքել է Ավագյանին… թերթերը կվայրահաչեին`՝ պատգամավորը տանից վռնդել է ուսուցչուհի, թոշակառու մորը… Խայտառակությու’ն… Մի՞թե հնարավոր չէ ապրել բոլորի պես:

Հասմիկ- (մտախոհ): Բոլորի պե՞ս…

Գևորգ - Հա, ինչպես բոլորն են ապրում… Ախր քեզ ի՞նչ է պակասում: Մեր տանը միայն Անուշիկն է քո հարազատը, նույնիսկ ինձ հետ չես կիսվում… Կեր, խմիր, գիրք կարդա, այցելիր հին հարևաններիդ, ծանոթներիդ, գնա՝ զբոսնիր այգում, զրուցիր թոշակառուների հետ…

Դադար:

Հասմիկ- Դու զանգահարե՞լ ես ոստիկանատուն:

Գևորգ- Դա ի՞նչ կարևոր է:

Հասմիկ- Չէ, ասա, դու զանգե՞լ ես ոստիկանատուն, շտապբուժօգնության կայան:

Գևորգ- Ասենք, թե` չեմ զանգել, հետո՞… Դա նշանակում է, որ ես չե՞մ անհանգստանում քո համար:

Հասմիկ- Դա նշանակում է, որ դու անհանգստանում ես միայն քո համար, քո՜, պարոն պատգամավոր… հանկարծ չլինի մեկն իմանա, որ մայրդ հեռացել է տանից: Իսկ դու զանգեիր ու ասեիր, որ կնոջդ սիրած շունն է կորել…(Կարճ դադար:) Կեր, խմիր, գիրք կարդա … բայց չհամարձակվես քո ննջարանում անգամ հեռուստացույց միացնել, քո սիրած հաղորդումները, հնացած երգերը նյարդայնացնում են թանկագին հարսին: Այցելիր հին հարևաններիդ, մտերիմներիդ, բայց չլինի թե մեկին հյուր կանչես, միլիոնատերերի մեր փողոցում ապրողներն ի՞նչ կմտածեն՝ բոմժ դասատուներն են մոր շրջապատը: Գնա այգի, բայց թոռնիկիդ հետդ մի տար, քո խրատները, դաստիարակությունը նախնադարյա~ն են…Երբ հայրդ կար, դուք չէիք համարձակվում ինձ հետ այդպես վարվել, Գևորգ: Քո առանձնատան մեջ ես ո՞վ եմ… Միայն սպասուհուդ զրուցընկերը, այն էլ՝ կնոջդ ներկայությամբ, որ աղջիկ-պարոնը հանկարծ չմտածի, թե իրեն բամբասում ենք… Ես բիծ եմ այդ տան մեջ, կեղտոտ ճարպաբիծ՝ ձեր վարագույրների, ուղեգորգերի, արձանիկների, կահույքի վրա, գորշ ստվեր՝ ձեր լուսավոր, փառահեղ պալատում…

Գևորգ- Վե՜րջ տուր, մա՜: Ուրախանալու, հպարտանալու փոխարեն դու անընդհատ դժգոհում ես ու դժգոհում… Ես հասկանում եմ, դու հինը կարոտում ես: Կարոտում ես, որովհետև երիտասարդ էիր, հաջողակ հայտնի ուսուցչուհի… Բայց դա ի՞նչ տվեց քեզ, մի քանի պատվոգիր ու 35 հազար դրամ թոշա՞կ… Հորս ազնվությունն ի՞նչ տվեց: Քսանհինգ տարի գործարան ղեկավարեց, բայց ետ գցածը խրուշչովկա շենքի երկու սենյականոցն էր ու ֆուրաժե կռավաթները… Նոր ժամանակներ են, նոր սերունդ է եկել, ամեն սերունդ իր օրենքներով է ապրում…

Հասմիկ- Դրսում՝ ջունգլիների, տանը՝ քաղքենո՞ւ…

Գևորգ- (ծնկին խփելով): Էլի սկսե՛ց… Վեր, վեր կաց գնանք, հազար գործ ունեմ: Ուշ է: (Ոտքի է կանգնում):

Հասմիկ- (վճռական): Ես ետ չեմ գա:

Գևորգ- Չես գա՞… Այգում ե՞ս գիշերելու:

Հասմիկ- Ինչո՞ւ այգում: Ինքնաթիռի չվերթը կեսգիշերին է: Ճիշտ օդակայն գնալուս ժամանակն է:

Գևորգ- (շշմած): Ո՞ւր ես թռչում:

Հասմիկ- Մարդկանց մոտ:

Գևորգ- Մամ…դա… դա նորմալ չէ: (Վերցնում է ճամպրուկը: Գնացինք:

Հասմիկ – Ճամպրուկը տեղը դիր, տղաս: Չհամարձակվես մորդ վրա բռնանալ:

Գևորգ - (Ճամպրուկը ցած է դնում, խորամանկելով): Լավ: Թող քո ասածը լինի: Գնանք, մեքենայով քեզ օդակայան կտանեմ:

Հասմիկ –(ծաղրանքով): Իսկ եթե մի ծանոթ հանդիպի, ի՞նչ ես ասելու, մորդ ո՞ւր ես տանում…

Գևորգ -(զսպված բարկությամբ): Իսկ եթե ծանոթ հանդիպի, մա-մա՜, կասենք, որ տուրիստական ճամփորդության ես մեկնում:

Հասմիկ – Պետք չէ:

Գևորգ- Ուրեմն ծանոթ-ընկերներին ասելու ենք, թե տղայի ու հարսի պատճառով տանից փախչո՞ւմ է:

Հասմիկ – Ծանոթ-ընկերներիդ կարող ես ասել ի~նչ ցանկանաս: Իսկ ինձ ուղեկցել՝ պետք չէ:

Գևորգ - Մենակ ե՞ս գնալու օդակայան:

Հասմիկ – (հապաղելով): Ես մենակ չեմ:

Գևորգ- (նստելով): Ախ, հա~, լավ հիշեցի: Այսօր դու ո՞ւմ հետ ես մտել սրճարան:

Հասմիկ- (զարմանքով): Դա՞ որտեղից գիտես:

Գևորգ - Ահա՜ խնդրե՛մ… Դու մոռանո՞ւմ ես, որ սրճարանն ու այս այգին ինձ են պատկանում, իմ սեփականությունն են: Սրճարանից զանգում ու ապշած ասում են, թե` մայրդ այստեղ փունջ է խմում մի բիձու հետ…

Հասմիկ- (հանդարտ): Իսկ դու ի՞նչ ասացիր: (Գևորգը լռում է:) Դու, իհարկե, ասիր, որ շփոթել եք, մայրս տանը նստած հեռուստացույց է դիտում… Այդպես չէ՞…

Գևորգ- (անտեսում է հարցը): Լավ, մամ ջան, ինչ եղավ՝ եղավ: Գնում ենք տուն: (Կանգնում, վերցնում է ճամպրուկը:) Անուշիկը քեզ է սպասում: Մոռացա ասել՝ այսօր հյուրեր ունենք: Անհարմար է, մեզ են սպասում:

Հասմիկ- Ես անցանկալի հյուր եմ, տղաս, դու գնա:

Գևորգ - Վերջ տուր: Եթե …ըմմ… մտերիմ ունես, նրան էլ հրավիրի, ես դեմ չեմ, որ դու քո … ըմմ… հին ընկերներին հանդիպես: Խնդրեմ, թող գա: Ո՞վ է նա:

Հասմիկ-Կարևոր չէ: Դրա կարիքը չկա:

Գևորգ -Ինչպե՞ս թե` կարևոր չէ… 60-ն անց մայրս, սրճարաններում հանդիպում է ինչ-որ մեկին, ու ես չպե՞տք է իմանամ, թե` ու՞մ հետ… Դու հասկանու՞մ ես ինչ ես անում…Դա կարող է սադրանք լինել, քեզ թակարդը գցելով կործանեն ինձ…(Խիստ, պահանջկոտ:) Ո՞վ է այդ մարդը:

Գևորգ Հայրապետյան- (ծառի ստվերից դուրս գալով): Ես եմ: (Մոտենում է):

Գևորգ -(ընկրկելով): Սա ո՞վ է… Այս մարդն ո՞վ է, մա…

Հասմիկ- (չի շտապում պատասխանել, ապա` հպարտության թույլ նշույլով): Նա գեներալ է:

Գևորգ - Գեներա՞լ… Հետո ի՞նչ… (Մորը՝ խիստ, պահանջկոտ:) Սա ո՞վ է, մա՜մ:

Հասմիկ –(հանդարտ, արժանապատվորեն ոտքի է կանգնում): Նա… նա իմ ամուսինն է:

Գևորգ - Ի…ի՛նչ… (Ճամպրուկը ձեռքից ցած է ընկնում):

Գևորգ Հայրապետյանը, երիտասարդի ապշած հայացքի ներքո, մոտենում, վերցնում է ծաղկեփունջը, հանձնում է Հասմիկին, ապա վերցնում է ճամպրուկը:

Գ.Հայրապետյան – (գորովալից): Ուշ է, սիրելիս, գնանք:

Հասմիկ – (վճռական, արժանապատվորեն): Իսկապես… Առանց այն էլ շատ ուշացանք: (Թևանցուկ է անում Գևորգին, ծառուղով հեռանում են):

Գևորգ- (գոռալով): Դու… Դուք այդ ի՞նչ եք անու~մ… Ես թույլ չեմ տա՛…Սրանց տեսե՛ք… (Կաղնուն մատնացույց անելով:) Ես կկտրե՛մ էս ծառը… քո խնդրանքով պահեցի, բայց արմատահան կանեմ էս փթած քոթուկը…

Գևորգն ու Հասմիկը մեխվում են տեղում :

Հասմիկ- (դանդաղ շրջվում է): Մի շտապիր, տղաս: Խորհրդակցիր դստերդ հետ… Ո՞վ գիտե, գուցե սա արդեն Անուշիկի՞ ծառն է… (Հեռանում են):

Սրճարանից տարածվում է երգը:

Կայտառ, թռչկոտելով ծառուղի են մտնում Արամն ու Մարիշը: Անցնելով նստարանին փլված, գլուխն ափերի մեջ առած Գևորգին, գալիս, փարվում են ծառին:

Մարիշ- Ես ծիածա՛ն եմ կամարված երկնքին ու երկրին…

Արամ- Ես գո՛ւյն եմ, ծիածանի յոթ գույնը…

Մարիշ- Ես բո՛ւյր եմ ծաղկի թերթերի վրա…

Արամ- Ես հովն եմ, որ քաղում է քո բույրը…

Մարիշ- Ես լո՛ւյս եմ, բռնի՛ր ի~նձ … (փախչում է):

Արամ – (Նրան հետապնդելով): Եղիցի լո՛ւուույս…


Երգն ուժգնանում է:

Վ ա ր ա գ ո ւ յ ր

2011 թ.




1234567
    Դիտվել է 767 անգամ
    1