Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեղքի քաղցր շշունջը


Գուրգեն Միքայելյան

Մեղքի քաղցր շշունջը

Դրամա մեկ գործողությամբ



ԳՈՐԾՈՂ ԱՆՁԵՐ


ՕՁ

ՍՈՆԱ

ԱՐԱ - Սոնայի ամուսինը

ԱՐԻՍ

ԱՆԻ – Արիսի կինը

ԴՐՎԱԳՆԵՐՈՒՄ` Աստված, հրեշտակ, սատանա, Եվա, Ադամ, Աննա



Հնչում է երաժշտություն: Վարագույրը բացվում է: Դիմակահանդես է: Մեկ-երկու րոպե հետո բոլորը գնում են՝ բացի մի կնոջից` Սոնայից: Վերջինս, որը միջին տարիքի է, գեղեցիկ կազմվածքով, մոտենում է հայելուն, հանում դիմակը և ինքնահիաց իրեն զննում: Վարսերը ուղղում է, աջ ու ձախ կողմերից իրեն դիտում, վերնաշապիկը հանում...

Լսվում է ինչ-որ մեկի ձայնը:


ՁԱՅՆ– Շապի՛կդ էլ հանիր:

ՍՈՆԱ– (Վախեցած) Ի՞նչ: (Այս ու այն կողմ նայելով՝ վերնաշապիկը արագ հագնում է):

ՁԱՅՆ– Մի՛ վախեցիր:

ՍՈՆԱ– Դու ո՞վ ես: Որտե՞ղ ես:

ՁԱՅՆ– Դարերը ոչինչ չեն փոխել: Դու նույն հրաշքն ես:

ՍՈՆԱ– Դարե՞րը:

ՁԱՅՆ– Այո՛: Բազում դարերը:

ՍՈՆԱ– Կատակ մի՛ արա: Դուրս եկ: Ո՞վ ես:

ՁԱՅՆ– Փորձիր հիշել:

ՍՈՆԱ– Քեզ չեմ տեսնում:

ՁԱՅՆ– Ձայնս պիտի որ հիշես:

ՍՈՆԱ– Շատ ինքնատիպ ձայն է:

ՁԱՅՆ– Ուրեմն հիշիր...

ՍՈՆԱ– Ինչքա՞ն հետ գնամ:

ՁԱՅՆ– Դարեր:

ՍՈՆԱ– Խելառի տեղ մի՛ դիր:

ՁԱՅՆ– Արյունը հիշողություն ունի...

ՍՈՆԱ– Ծանոթ երանգներ զգում եմ:

ՁԱՅՆ– Դրախտը հիշո՞ւմ ես:

ՍՈՆԱ– Լսել եմ:

ՁԱՅՆ– Խնձորը...

ՍՈՆԱ– Ի՞նչ ես ուզում ասել:

ՁԱՅՆ– Ես դրախտի օձն եմ: (Գալիս է շողշողուն շապիկով մի օձ):

ՍՈՆԱ– (Վախեցած) Սա երևի երազ է կամ ներկայացում:

ՕՁ– Մի՛ վախեցիր: Ես բարի մտքով եմ եկել:

ՍՈՆԱ– (Հեգնանքով) Խնձո՞րն ես հետ ուզում:

ՕՁ– Խնձորը հիմա ինձ ոչ ոք չի տա:

ՍՈՆԱ– Ուրե՞մն...

ՕՁ– Կարոտել եմ քեզ, հրե՛ արարած: Չեմ ուզում՝ լուսե մարմինդ թորշնի կույր հայացքի տակ:

ՍՈՆԱ– Չհասկացա:

ՕՁ– Եկել եմ, որ քեզ մի խորհուրդ էլ տամ:

ՍՈՆԱ– (Փոքր-ինչ սեթևեթելով) Հին կերածս դեռ չեն թողնում մարսել: Շնորհակալ եմ քո բարությունից:

ՕՁ– Ով երախտամո՜ռ...

ՍՈՆԱ– (Վարսերն ուղղելով և հայելուն նայելով) Էլ լափ չմնաց՝ գլխիս թափեցին:

ՕՁ– Պի՛ղծ արարածնե՜ր: (Երկու-երեք քայլի չափով մոտենում է կնոջը) Դու իսկապես որ գլուխգործոց ես:

ՍՈՆԱ– Ի՞նչ է մտքինդ:

ՕՁ– Ափսոս է այս չքնաղ մարմինը:

ՍՈՆԱ– Չեմ հասկանում:

ՕՁ– Ասում եմ՝ ափսոս է այս գեղեցկությունը: (Կինը հարցական հայացքով նայում է օձին) Ինչի՞ համար է այն:

ՍՈՆԱ– (Ծիծաղելով) Խնձոր կեր, կիմանաս:

ՕՁ– Չարաճճի կին: Մի՞թե դեռ չես զգացել, որ խնձորը հիմա նրան է պետք:

ՍՈՆԱ– Ո՞ւմ:

ՕՁ– Չե՞ս հասկանում:

ՍՈՆԱ– Ինչ շատ ես սիրում անհայտներով խոսել:

ՕՁ– Կյանքն է այդպիսին:

ՍՈՆԱ– Այդպիսի մարդու ես չեմ ճանաչում:

ՕՁ– Ճիշտ չէ:

ՍՈՆԱ– Երբ քիչ առաջ ինձ տեսար, ի՞նչ ասացիր: Առաջին խոսքդ ի՞նչ էր:

ՕՁ– «Շապի՛կդ էլ հանիր»,- ասացի:

ՍՈՆԱ– Այո՛: Ցանկացար տեսնել ավելին:

ՕՁ– Ճիշտ է: Նույնն են ցանկանում հիմա բոլորը՝ բացի նրանից:

ՍՈՆԱ– Թքած՝ այդ մեկի վրա:

ՕՁ– Այդպես դյուրին չէ:

ՍՈՆԱ– Ինչո՞ւ: Իմ ի՞նչ պետքն է այդ մեկը: Ի դեպ, դու ինձ անառակի տեղ մի՛ դիր. ես հավատարիմ ամուսին եմ: Մինչև հիմա միայն մեկ տղամարդ եմ տեսել, և միայն մեկ տղամարդ է, որ ինձ տեսնում է:

ՕՁ– Գիտեմ, դրա համար էլ ասում եմ, որ դյուրին չէ:

ՍՈՆԱ– Ինչո՞ւ:

ՕՁ– Որովհետև հիմա այդ մեկն է, որ քեզ... չի տեսնում:

ՍՈՆԱ– (Ապշահար) Ի՜նչ:

ՕՁ– Մի՞թե չես զգացել, որ նրա հայացքը այլևս այն չէ: Հիշո՞ւմ ես՝ մի ժամանակ որքան հրայրքոտ էր նա: Օձիքդ մի քիչ բացվում էր թե չէ, աչքերից կրակ էր թափվում: Գիշեր թե ցերեկ դու էիր մտքում, և քո համբույրն էր նա միայն տենչում:

ՍՈՆԱ– (Ինչ-որ հուշերով տարված) Հիշում եմ: (Բեմի ձախ կողմում վառվում է կապույտ լուսարձակ: Շղարշի հետևում գրեթե ստվերի պես ուրվագծվում են մի կին և մի տղամարդ: Նրանց շարժումներից երևում է, որ անում են այն, ինչ պատմում է օձը):

ՕՁ– Առջևդ ծնկած՝ հրե շուրթերով լիզում էր զիստերդ: Մարմինդ ի վեր դանդաղ սողում էր...

ՍՈՆԱ– Այո, այդպես էր:

ՕՁ– Մե՛րթ զեփյուռի պես շոյում էր կոնքերդ, մե՛րթ կրծքերիդ լույսը խմում:

ՍՈՆԱ– Ճիշտ է: Այդպես էր:

ՕՁ– Իսկ դու, հիշո՞ւմ ես, ինչպես էիր նույնը տենչում: Դառնում էիր հուր, բոցավառվում: Քեզ թվում էր, թե ուր որ է այրվող կիրքդ հրաբխի պես կժայթքի... Եվ օր չկար, որ դուք նույնը չտենչայիք:

ՍՈՆԱ– (Երանությամբ) Հիշում եմ:

ՕՁ– Երանելի ժամանակներ, երազ օրեր... (Ձախ կողմի լուսարձակը մարում է):

ՍՈՆԱ– Ի՞նչ ես ուզում ասել:

ՕՁ– Հուշե՜ր, հուշե՜ր, հուշե՜ր... Այդ օրերի հրից հիմա միայն մոխիր է մնացել, և ձեր կիրքը չունի այլևս այն հմայքը:

ՍՈՆԱ– Եվ ի՞նչ:

ՕՁ– Ձեր սերը հիմա սովորական մի պահանջ է՝ առօրեակա՜ն, կենցաղայի՜ն:

ՍՈՆԱ– Կյանքի օրենքն է այդպիսին:

ՕՁ– Փո՛ւչ գաղափար: (Կնոջ շուրջը պտտվելով` հիացագին նայում է նրան) Մի՞թե այս վսեմ մարմինը պիտի այլևս չիմաստավորվի:

ՍՈՆԱ– Հերիք է լեզվիդ տաղանդը փորձես: Ի՞նչ է ուզածդ:

ՕՁ– Ես ուզում եմ քո... աչքերը բացել: Անցած օրերը վերադարձնել:

ՍՈՆԱ– Լսի՛ր. ես այն միամիտ Եվան հիմա չեմ: Չեմ սիրում դատարկ կատակներ անել:

ՕՁ– Բնավ կատակ չէ: Ես քո անցյալը կվերադարձնեմ:

ՍՈՆԱ– Ուրախ կլինեմ:

ՕՁ– Եվ դու ցանկալի նորից կդառնաս նախկինի նման:

ՍՈՆԱ– (Լրջացած) Իսկապե՞ս: Սուտ չէ՞:

ՕՁ– Քո կրծքերի մեջ թեժ ու մոլեգին կրքի կրակը կրկին կվառվի, և կգան նորից ժամանակները այն երանելի:

ՍՈՆԱ– (Փոքր-ինչ մտածելուց հետո) Ասա խորհուրդդ: Ի՞նչ պետք է անեմ:

ՕՁ– Հասարակ մի բան: (Հնչում է դռան զանգը) Ահա, եկավ նա՝ քո ամուսինը:

ՍՈՆԱ– Ոչինչ: Կսպասի:

ՕՁ– Այսօրվա համար բավ է այսքանը: (Ուզում է գնալ):

ՍՈՆԱ– Դեռ կա՛ց: Սպասի՛ր: Ասա՝ երբ կգաս:

ՕՁ– Շուտով, շատ շուտով... չքնաղ արարած:


Օձը հեռանում է: Զանգը հնչում է նորից: Կինը գնում է դռան կողմը և վերադառնում ամուսնու` Արայի հետ:


ԱՐԱ– Ի՞նչ ես եփել: Տաքացրո՛ւ:

ՍՈՆԱ– Տաք է: Ես արդեն դուրս եմ գալիս:

ԱՐԱ– Շորերս արդուկեցի՞ր:

ՍՈՆԱ– (Հայելու առաջ հարդարվելով) Քանի՞ կտոր լինեմ: Թող մնա վաղը:

ԱՐԱ– (Բազկաթոռին նստելով, փոքր-ինչ հրամայական տոնով) Շո՛ւտ կգաս:


Սոնան դուրս է գալիս: Արան, գլուխը հետ գցած, ուզում է մի պահ հանգստանալ: Գալիս է օձը:


ՕՁ– Հոգնե՞լ ես: (Արան, անակնկալի եկած, վեր է թռչում և նայում օձին) Չե՞ս ճանաչում:

ԱՐԱ– Չէ՛:

ՕՁ– Քո բարերարն եմ... (Խոսքը մի փոքր երկարաձգելով՝ նայում է տղամարդու աչքերին) դրախտի օձը: (Տղամարդը սթափվելու համար գլուխը թափահարում է) Ես եմ: Երազ չէ, և դարձյալ գալուստս բարի է:

ԱՐԱ– Նո՞ր բան ես մոգոնել:

ՕՁ– Երախտամո՛ռ: Գոնե դու պիտի շնորհակալ լինեիր:

ԱՐԱ– Դրախտից քշվելու համա՞ր:

ՕՁ– Մի՞թե դու էլ չհասկացար, թե որն է իսկական դրախտը: Մի՞թե չհասկացար, թե ես քեզ ի՛նչ պարգևեցի:

ԱՐԱ– Հասկացա, ինչո՞ւ չէ:

ՕՁ– (Գլուխը տարուբերելով) Ապերա՛խտ: Մեկ այլ արարած ինձ կուռք կդարձներ...

ԱՐԱ– Հատուցո՞ւմ ես ուզում:

ՕՁ– Ես օձ եմ, օձ և ոչ թե մարդ...

ԱՐԱ– Ասացիր, որ գալուստդ բարի է:

ՕՁ– Ճիշտ է: Եկել եմ՝ սրտիդ անթեղը խառնեմ և առջևդ նոր մի աշխարհ բացեմ:

ԱՐԱ– Ավելի պա՞րզ:

ՕՁ– Քեզ կպարգևեմ մի այնպիսի կին, որ էլ չես փնտրի դրախտի ուղին:

ԱՐԱ– Ես ունեցել եմ այդպիսի մեկին:

ՕՁ– Գիտեմ: Նա լավն էր: Բայց հիմա այն չէ:

ԱՐԱ– Հետո՞: Շարունակիր:

ՕՁ– Նոր կին է քեզ պետք:

ԱՐԱ– Կուզես բաժանե՞լ:

ՕՁ– Ասացի՝ նոր կին և ոչ՝ ամուսին: (Տղամարդը մի պահ լռում է, ընկնում մտածմունքների մեջ) Ի՞նչ ես մտորում: Մի՞թե չես ուզում:

ԱՐԱ– Բայց դա կոչվում է... դավաճանություն:

ՕՁ– Ո՛չ: Դա կոչվում է սեր: Դա կոչվում է կյանք: Կոչվում է դրա՜խտ, որի դռները ինքդ կարող ես բացել քո առաջ:

ԱՐԱ– Գնով նենգությա՞ն:

ՕՁ– (Հեգնանքով) Օ՜, դու հողեղեն հավատարմությո՜ւն...

ԱՐԱ– Ինչո՞ւ ես հեգնում:

ՕՁ– Չեմ ուզում՝ կյանքդ զոհի մի ինչ-որ ունայն գաղափար: Մի՞թե չես ուզում կնոջ հրաշքը վայելել կրկին:

ԱՐԱ– Կին ունեմ, ասի:

ՕՁ– Ճիշտ է. ունեիր: Բայց նա դարձել է արդեն ամուսին...

ԱՐԱ– Ասա, թե իրականում ինչ է մտքինդ:

ՕՁ– Կասկածամի՛տ այր: Քեզ մի նոր կյանք եմ ուզում պարգևել: Սրտիդ հրայրքը նորից բորբոքել: Խոստովանիր, որ քո սիրտն էլ հաճախ հենց այդ է ուզում:

ԱՐԱ– Ասենք` ուզում է:

ՕՁ– Ինչո՞ւ ես հապա իզուր վարանում: Գետն ամեն անգամ գերան չի բերում...

ԱՐԱ– (Մի պահ լռելուց ու մտորելուց հետո) Ասացիր, թե ինձ...

ՕՁ– Այո՛, ասացի:

ԱՐԱ– Ոչ թե ամուսին, այլ կին, ասացիր:

ՕՁ– Այդպես ասացի, սակայն ուզում եմ մի փոքր ճշտել. այն հին, խելագար օրերը կրկին ապրելու համար քեզ նորություն է հիմա հարկավոր:

ԱՐԱ– Նոր կին, այսինքն:

ՕՁ– Նորության մեջ է կրքի գաղտնիքը:

ԱՐԱ– Եվ նորի՞ց սիրտս կվառի սիրո այն հրաշք հուրը:

ՕՁ– Ինձ նայիր հապա: (Տղամարդը նայում է: Օձը նրան անմիջապես հիպնոսում է) Իսկ հիմա՝ սրան: (Երազի պես հայտնվում է գրեթե մերկ մի կին: Ցածրաձայն հնչում է երաժշտություն: Կինը բարեմասնությունները ցուցադրող շարժումներով պարում է) Տես, թե ինչպիսի՜ ստինքներ ունի: Ինչ չքնաղ կոնքե՜ր: Շուրթերից հիմա կրակ կթափվի: Հապա շողացող զիստերին նայիր: Եթե իմանաս, թե ինչ կրքոտ է լինում անկողնո՜ւմ... (Տղամարդը, իրենից անկախ, ուզում է գնալ դեպի կինը, բայց օձը չի թողնում) Սպասի՛ր: Այդ ո՞ւր. նա դեռ քոնը չէ:


Կինը շարունակում է պարել: Արան հմայված նայում է: Հնչում է այլ երաժշտություն, և դիմակահանդեսը շարունակվում է: Օձն ու տղամարդը միանում են բեմ եկածներին: Օձը հերթով մոտենում է պարողներին և ականջներին ինչ-որ բան շշնջում: Քիչ անց բոլորը գնում են: Մնում են մի տղամարդ` Արիսը, և մի կին: Թեև նրանք դիմակներով են, բայց պարզ զգացվում է, որ կինը ծանոթ հերոսուհին է՝ Սոնան:


ԱՐԻՍ– Հանիր դիմակդ, խնդրում եմ: Ես ուզում եմ տեսնել քո չնաշխարհիկ դեմքը:

ՍՈՆԱ– Ի՞նչ գիտես` չնաշխարհիկ է: Չէ՞ որ չես տեսել:

ԱՐԻՍ– Զգում եմ: Դիմակն ընդամենը ծածկում է քո հմայքը. թաքցնել անկարող է:

ՍՈՆԱ– (Շոյված) Օ՜...

ԱՐԻՍ– Ընծայիր ինձ քո անունը, գեղեցկուհի:

ՍՈՆԱ– Եվ ի՞նչ կտա դա քեզ...

ԱՐԻՍ– Անմար մի լույս...

ՍՈՆԱ– Թե այդքանով կգոհանաս...

ԱՐԻՍ– Որպես սկիզբ...

ՍՈՆԱ– (Փոքր-ինչ սեթևեթելուց հետո) Ասենք, Սոնա:

ԱՐԻՍ– Սոնա... Հույս ունեմ, որ չխաբեցիր:

ՍՈՆԱ– Չխաբեցի: Բայց ավելին` հույս չունենաս: (Ձևացնում է, թե ուզում է գնալ):

ԱՐԻՍ– Սպասի՛ր, Սոնա: (Կինը կանգ է առնում) Հանի՛ր դիմակդ, խնդրում եմ:

ՍՈՆԱ– Ես ասացի՝ հույս չունենաս:

ԱՐԻՍ– (Մոտենում է կնոջը և նայում աչքերին) Խնդրում եմ, Սոնա:

ՍՈՆԱ– Իսկ ինչո՞ւ չես հանում նախ ինքդ: (Տղամարդը դիմակը հանում է) Անո՛ւնդ:

ԱՐԻՍ– Արի՛ս: (Մի քանի վայրկյան լուռ նայում են իրար աչքերի):

ՍՈՆԱ– Իմ հետևից էլ մի՛ գա, Արիս: (Դանդաղ հեռանում է):

ԱՐԻՍ– Ես քեզ կսպասեմ, Սոնա՛:

ՍՈՆԱ– Էլ մի՛ գա, Արի՛ս:

ԱՐԻՍ– Ես կսպասեմ, Սոնա՛...


Լույսը դանդաղ մարում և քիչ անց վառվում է: Բեմում Սոնան է, որը, բազմոցին նստած, ներկում է եղունգները: Գալիս է օձը:


ՕՁ– Ի՞նձ ես սպասում:

ՍՈՆԱ– (Օձին նայելով. սառը) Չէ՛:

ՕՁ– Նախորդ անգամ չէիր ուզում, որ գնամ: (Կինը, առանց ուշադրություն դարձնելու, շարունակում է եղունգները ներկել) Քեզ ի՞նչ պատահեց:

ՍՈՆԱ– Ոչինչ: Ինձ հանգիստ թող:

ՕՁ– Քեզ խորհուրդներ պիտի տայի:

ՍՈՆԱ– Մի՛ տուր: Շնորհակալ եմ:

ՕՁ– Չե՞ս ուզում, որ...

ՍՈՆԱ– (Ընդհատելով) Չէ՛:

ՕՁ– Տարօրինակ է: Մի՞թե չես ուզում...

ՍՈՆԱ– (Դարձյալ` ընդհատելով) Չէ՛:

ՕՁ– Զարմանալի է: Ես պիտի վերադարձնեի քո...

ՍՈՆԱ– Մի՛ վերադարձրու:

ՕՁ– Ինչ դժվար է ձեզ հետ: Արդեն ես էլ գլուխ չեմ հանում:

ՍՈՆԱ– Ավելի լավ է՝ գնաս:

ՕՁ– (Ֆշշացնելով) Երախտամո՜ռ:

ՍՈՆԱ– Ի՞նչ ես ուզում ինձնից:

ՕՁ– Ոչի՜նչ: Ես կգնամ, միայն ասա՝ ինչ պատահեց:

ՍՈՆԱ– Ոչինչ չի պատահել: Գնա՛: Չե՛մ ուզում:

ՕՁ– Միամիտի տեղ ինձ մի՛ դիր, Եվա՛:

ՍՈՆԱ– Ես Եվան չեմ:

ՕՁ– Գիտեմ: Քեզ հիմա ուրիշ անունով են կոչում, բայց, միևնույնն է, դու նույն Եվան ես:

ՍՈՆԱ– Ասենք թե այդպես է: Հետո՞:

ՕՁ– Հետո՝ ոչի՜նչ... Ես կգնամ: (Մի փոքր հեռանում է) Միայն թե ինձ ասա, Եվա՛, դու ինչո՞ւ չհանեցիր դիմակդ...

ՍՈՆԱ– (Անակնկալի եկած. ապշահար) Ի՞նչ...

ՕՁ– Ոչի՜նչ...


Սոնան մնում է քարացած-կանգնած: Հնչում է երաժշտություն: Դանդաղ քայլերով Սոնան հեռանում է: Քիչ անց գալիս է Արան:


ՕՁ– (Վերջինիս նայելով) Ինչո՞ւ ես եկել:

ԱՐԱ– Ո՞ւր գնաց նա:

ՕՁ– Նա չկա: Նա տեսիլք էր:

ԱՐԱ– Սո՛ւտ է: Ես նրան տեսա:

ՕՁ– Ու գիշերները չես քնում:

ԱՐԱ– Ասա ինձ նրա տեղը:

ՕՁ– Չեմ ասի:

ԱՐԱ– Ինչո՞ւ:

ՕՁ– Որովհետև դու կին ունես:

ԱՐԱ– Բայց դու ինքդ նրան ինձ մոտ բերիր: Դո՛ւ այս կրակը սրտիս մեջ վառեցիր:

ՕՁ– Դժգո՞հ ես:

ԱՐԱ– (Հապաղելով) Չգիտեմ:

ՕՁ– Օ՜, չգե՜տ հավատարմություն...

ԱՐԱ– Ինչո՞ւ դա արեցիր:

ՕՁ– Քեզ փորձելու համար:

ԱՐԱ– Եվ ի՞նչ:

ՕՁ– Դու չդիմացար: Քո հավատարմությունը փուչիկ էր. պայթեց:

ԱՐԱ– Ճիշտ է: Դիմանալ անհնար է: Դա ինձանից անկախ է լինում: Ես ցանկանում եմ նրան մտքիցս հանել, բայց մի անկասելի ուժ երազի պես ինձ մոտ է բերում: Կնոջս գրկելիս ես նրան եմ պատկերացնում:

ՕՁ– Մի՞թե քո կինը նրանից վատն է:

ԱՐԱ– Չէ, վատը չէ: Բայց իմ աչքերը, չգիտեմ ինչու, մի նոր պարտեզ են կամենում տեսնել: Ձեռքերս ուզում են նոր ծաղիկների թփեր գուրգուրել:

Ինձ թվում է, թե մի նոր, մի ուրի՜շ բույր եմ զգալու, մի նոր հրաշք եմ տեսնելու:

ՕՁ– Հապա քո կի՞նը…

ԱՐԱ– Նա էլի թող մնա իմը: Նա հիմա էլ այնպես քնքուշ է, ինչպես առաջ էր, պարզապես... Հասկացիր ինձ. սիրտս այնպես է նորություն ուզում, որ ինքս իմ առաջ արդեն անզոր եմ:

ՕՁ– Լա՜վ:

ԱՐԱ– Օգնիր ինձ: Այսպես ապրել ես անկարող եմ:

ՕՁ– Բարի՜: Ես քեզ կօգնեմ, Ադամ: Բայց դու պիտի սպասես:

ԱՐԱ– Ես Ադամը չեմ: Իմ անունը Արա է:

ՕՁ– Նշանակություն չունի: Պիտի սպասես:

ԱՐԱ– Ինչքա՞ն:

ՕՁ– Մինչև նրան համոզեմ:

ԱՐԱ– Երկա՞ր կտևի:

ՕՁ– Չգիտեմ: Կինը համոզել է սիրում:

ԱՐԱ– Իսկ եթե չհամոզվի՞:

ՕՁ– Այդ դեպքում ոչինչ դուրս չի գա: Բայց հիշիր, որ չհամոզվող կին չկա: Դա նուրբ գործ է, Ադամ: Երբեմն էլ՝ վտանգավոր:

ԱՐԱ– Ո՞րն է վտանգը:

ՕՁ– Հոնքն ուղղելիս կարող է դուրս գալ աչքը:

ԱՐԱ– Միայն թե ոչ այդ, Տե՛ր Աստված:


Միասին գնում են: Գալիս են Արիսը և Սոնան:


ԱՐԻՍ– Դու աստվածային ես, Սոնա: Մեղք կլինի, եթե միայն մեկինը լինես:

ՍՈՆԱ– Կնոջդ անունը ի՞նչ է:

ԱՐԻՍ– Անի: (Նայում է Սոնային): Ես քեզ խանդում եմ:

ՍՈՆԱ– (Ծիծաղում է) Նա իմ ամուսինն է:

ԱՐԻՍ– Նշանակություն չունի: Ես ուզում եմ, որ դու միմիայն իմը լինես:

ՍՈՆԱ– (Նորից` ծիծաղելով) Մի՞թե մեղք չէ, որ ես միայն մեկինը լինեմ...

ԱՐԻՍ– (Մոտենում է և, Սոնայի աչքերին նայելով, ձեռքերը դնում ուսերին) Ես էլ չեմ դիմանում, Սոնա: Քեզանով ամբողջովին կախարդված եմ:

ՍՈՆԱ– (Թեթևակիորեն փորձելով հրել) Թո՛ղ, Արիս...

ԱՐԻՍ– Նվիրիր ինձ քո գեղեցկությունը, Սոնա: Տուր ինձ քո եդեմական մերկությունը:


Սոնան հայացքը բարձրացնում, նայում է Արիսի աչքերին և, այլևս դիմադրելու անզոր, հանձնվում է: Նրանք գրկված համբուրվում են: Վառվում է կապույտ լույս: Իջնում է շղարշե վարագույր: Սոնան և Արիսը գրեթե չեն երևում:


ԱՐԻՍ– Դու հրաշք ես, Սոնա...

ՍՈՆԱ– Մի՛ շտապիր, Արիս...

ԱՐԻՍ– Ինձ թվում է՝ առաջին անգամ եմ տեսնելու կնոջ մերկություն: Սիրտս այնպե՜ս է թրթռում...

ՍՈՆԱ– Սպասիր, Արիս...

ԱՐԻՍ– Կարծես պատանի լինեմ: Աստված իմ...

ՍՈՆԱ– Քո շուրթերը այրում են իմ մերկությունը... Սա իսկապես որ վերադարձ է…


Վարագույրի հետևում լույսը մարում է: Նախաբեմ են գալիս Անին և օձը:


ՕՁ– Եթե իմանաս, թե քեզ ինչպես է տենչո՜ւմ... Թե ինչ հաճույք կպարգևի՜...

ԱՆԻ– Հետո՞ ինչ:

ՕՁ– Երբեք չես զղջա:

ԱՆԻ– Ես ամուսին ունեմ: Բարոյական կին եմ:

ՕՁ– Բոլոր կանայք էլ բարոյական են, և շատերը ամուսին ունեն...

ԱՆԻ– Ի՞նչ ես ակնարկում:

ՕՁ– Ափսոս ես, Եվա:

ԱՆԻ– Ասի, որ ես Եվան չեմ:

ՕՁ– (Անիի շուրջը պտտվելով) Ի՜նչ սքանչելի մարմին... (Աչքերին նայելով) Ինչպիսի՜ աչքեր...

ԱՆԻ– Դու, ինչ է, Էրոսի դե՞րն ես ստանձնել:

ՕՁ– Ես չեմ ասում՝ սիրիր:

ԱՆԻ– Ի՞նչ է հապա ուզածդ:

ՕՁ– Տրվի՛ր նրան, Եվա: Հանձնվի՛ր:

ԱՆԻ– Լռի՛ր: Անպատկա՛ռ:

ՕՁ– Երախտամո՛ռ...

ԱՆԻ– Ի՞նչ է նպատակդ:

ՕՁ– Ինչ որ առաջ էր՝ դրախտում:

ԱՆԻ– Ես դա էլ չհասկացա:

ՕՁ– Ափսո՜ս: (Անիի շուրջը նորից պտտվելով) Անկրկնելի կերտվածք...

ԱՆԻ– Լեզվիդ վաղուց եմ ծանոթ:

ՕՁ– Դա ես չեմ ասում, այլ նա՜...

ԱՆԻ– Ինչո՞ւ ինձ հանգիստ չես թողնում: «Ո՛չ, ո՛չ»-, ասում եմ: Գնա՛:

ՕՁ– Կզղջաս, Եվա: Մտածի՛ր: (Անին գնում է): Ես դեռ կգամ:


Վարագույրը բացվում է: Արան նստած է բազկաթոռին: Օձը մոտենում է նրան:


ՕՁ– Նա վաղը կսպասի քեզ:

ԱՐԱ– Իսկապե՞ս: Ե՞րբ: Որտե՞ղ:

ՕՁ– Կեսգիշերին: Քո ննջարանում:

ԱՐԱ– Բայց... Բայց... Ես վաղը քաղաքում չեմ լինելու: Եվ ինչո՞ւ իմ ննջարանում: Հապա կի՞նս:

ՕՁ– Նրան կուղարկես մոր մոտ, իսկ ինքդ քաղաքից չես գնա:

ԱՐԱ– (Տարակուսած) Բայց ինչո՞ւ ի՛մ ննջարանում:

ՕՁ– Դա է իմ կամքը:

ԱՐԱ– (Քիչ անց) Լավ: Թող այդպես լինի: Ուրեմն, վաղը՝ կեսգիշերին:

ՕՁ– Եվս մի պայման. դու ոչ թե կսպասես տանը, այլ կվերադառնաս ուղիղ կեսգիշերին:

ԱՐԱ– Թող քո կամքը լինի:

ՕՁ– Այդ գիշեր դու չպիտի ասես ոչ մի բառ ու չպիտի լինես քեզ նման:

ԱՐԱ– Կձգտեմ:

ՕՁ– Պիտի ջանաս նորություն լինել: Նորություն՝ ինքդ քեզ համար:

ԱՐԱ– Կփորձեմ:

ՕՁ– Եվս մի կարևոր մանրուք. ննջարանում պիտի լինի թանձր խավար:

ԱՐԱ– Այդպես կանեմ: Սակայն ասա, թե ինչու:

ՕՁ– Որովհետև դա է նրա կամքը:

ԱՐԱ– Թող այդպես լինի:

ՕՁ– Ու երբ հագենաս, կհեռանաս այնպես, ինչպես ներս ես մտել: Հիշիր՝ միայն խավարի մեջ, անձայն:

ԱՐԱ– Խորհրդավոր ինչ-որ վախ ես սիրտս ձգում:

ՕՁ– Հաճույքների կեսը, տղա՛ս, խորհրդավոր դողն է բերում:

ԱՐԱ– Լավ, թող լինի քո ասածով. վաղը՝ ուղիղ կեսգիշերին. խենթության պես:

ՕՁ– Եվ՝ հեքիաթի:

ԱՐԱ– Եվ՝ հեքիաթի: Օ՜, Տե՛ր Աստված, իրակա՞ն է սա, թե երազ...


Մթնում ու լուսավորվում է: Բեմում են օձը և Սոնան: Վերջինս պառկած է բազմոցին: Օձը նստած է բազկաթոռի վրա:


ՍՈՆԱ– Պատմիր առաջին կնոջ մասին: Նա իսկապե՞ս գեղեցիկ էր:

ՕՁ– Օ՜, Եվա: Նա հրաշք էր: Նրա գեղեցկությունն էր, որ Երկիրն իր ուղուց շեղեց...

ՍՈՆԱ– Ի՞նչ եղավ հետո, երբ Աստված նրան արարեց: Պատմիր մի քիչ:

ՕՁ– Այդ պատմությունը շատ է ծեծվել:

ՍՈՆԱ– Ոչինչ: Ես ուզում եմ լսել, այսպես ասած, ականատեսից:

ՕՁ– Լավ: Քեզ համար կպատմեմ այն, ինչը հաճախ թաքցնում են:

ՍՈՆԱ– Դեռ թաքցնելու բա՞ն կա:

ՕՁ– Չկա՛: Պարզապես ոմանք դա չեն ուզում ասել և չեն ուզում լսել:

ՍՈՆԱ– (Դերասանաբար) Ես սիրով կլսեմ:

ՕՁ– (Մի քանի վայրկյան դադարից հետո) Դա այսպես եղավ, Եվա: Նրան տեսնելուն պես միանգամից երեք հոգի սիրահարվեցին:

ՍՈՆԱ– (Ծիծաղելով) Ի՞նչ:

ՕՁ– Այո՛, Եվա: Երեք հոգի:

ՍՈՆԱ– (Մտերմիկ կատակով) Դե վերջ տուր, փչա՛ն:

ՕՁ– Ես լուրջ եմ ասում:

ՍՈՆԱ– Մյուս երկուսի՞ն որտեղից գտար: Մոռացա՞ր, որ այն ժամանակ աշխարհում միայն Ադամն էր:

ՕՁ– Ճիշտ է. միայն Ադամն էր: Եվ Եվան արարվեց միայն Ադամի համար, բայց նրան սիրահարվեցին երեք հոգի. Ադամը...

ՍՈՆԱ– Դա իմացա:

ՕՁ– Սատանան...

ՍՈՆԱ– Իսկապե՞ս: Տե՛ր Աստված...

ՕՁ– Այո՛, Եվա:

ՍՈՆԱ– Իսկ մյուսը՝ երրո՞րդն ով էր:

ՕՁ– Երրորդը, Եվա, հենց ինքն էր՝ Աստված:

ՍՈՆԱ– (Անհամբերությամբ) Հետո՞, հետո՞:

ՕՁ– Եվ այդ պահից էլ աշխարհում ամեն ինչ իրար խառնվեց:

ՍՈՆԱ– Շարունակի՛ր: Ի՞նչ եղավ հետո:

ՕՁ– Աստված իրեն կորցրեց: (Վառվում է բեմի ձախ կողմի լույսը: Կատարվում է այն, ինչ պատմում է օձը: Այնտեղ են Արարիչը և մի հրեշտակ):

ԱՍՏՎԱԾ– (Ինքն իրեն) Եվ մի՞թե դա կլինի սրբապղծություն:

ՀՐԵՇՏԱԿ– Ի՞նչը, Հայր Արարիչ:

ԱՍՏՎԱԾ– (Մտամոլոր) Ինքս ինձ հետ եմ խոսում: Ոչինչ:

ՀՐԵՇՏԱԿ– Ինչ-որ բան է քեզ պատահել, Տեր:

ԱՍՏՎԱԾ– (Քիչ անց) Ես երևի սխալ արեցի:

ՀՐԵՇՏԱԿ– Ի՞նչը:

ԱՍՏՎԱԾ– Նրան ես իզուր ստեղծեցի այդպես գեղեցիկ:

ՀՐԵՇՏԱԿ– Կնո՞ջը:

ԱՍՏՎԱԾ– Անունն իսկ լսելիս սիրտս դողում է:

ՀՐԵՇՏԱԿ– (Լսածին կարծես չհավատալով) Ի՞նչ ես ասում, Տեր:

ԱՍՏՎԱԾ– Բայց բանը միայն գեղեցկությունը չէ: Գերբնական կախարդանք կա նրա մեջ, ինչ-որ առեղծված: Զարթնեցնում է անզսպելի մի ցանկություն:

ՀՐԵՇՏԱԿ– Նա քո ստեղծածն է, Տեր:

ԱՍՏՎԱԾ– Ես ուզում եմ նրան տեսնել:

ՀՐԵՇՏԱԿ– Կարող եմ հենց հիմա կանչել: (Ուզում է գնալ):

ԱՍՏՎԱԾ– Սպասի՛ր: Մի՛ գնա: Ասենք, տեսա... (Բեմի ձախ կողմի լույսը մարում է: Վառվում է աջ կողմի լույսը, որտեղ Սոնան և օձն են):

ՍՈՆԱ– Մի՞թե Եվան իսկապես այդքան գեղեցիկ էր:

ՕՁ– Չլսեցի՞ր. բանը միայն գեղեցկությունը չէր: Նրա մեջ կախարդա՛նք կար, առեղծվա՜ծ: Աստված նրան ստեղծել էր իր ողջ հանճարի ուժով: Արարչության իր ողջ փորձն էր նա ընդերել: Արարչության գագաթն էր կինը:

ՍՈՆԱ– Իսկ Ադա՞մը: Ինչպե՞ս նրան ընդունեց Ադամը:

ՕՁ– Համբերություն չունես: Աստված չէր ուզում կնոջը տալ Ադամին և մոլորված էր... (Վառվում է ձախ կողմի լույսը):

ԱՍՏՎԱԾ– Խանդից իմ սիրտը կկանգնի: Առայժմ թող անբիծ մնա, կուսակա՛ն: (Հրեշտակին) Ասա նրանց, որ արգելում եմ ուտել պտուղն այն... (Վառվում է աջ կողմի լույսը):

ՍՈՆԱ– Դու ասացիր, որ կնոջը նաև սատանան էր սիրահարված:

ՕՁ– Այո՛: Բայց կինը նրան մոտենալ չէր թողնում, և սատանան այրվում էր:

ՍՈՆԱ– Հետո՞:

ՕՁ– Մի օր սատանան եկավ ինձ մոտ: (Գալիս է սատանան: Օձը դիմում է նրան) Ի՞նչն է քեզ բերել այստեղ, չար ոգի:

ՍԱՏԱՆԱ– Էլ չեմ դիմանում:

ՕՁ– Ի՞նչ է պատահել:

ՍԱՏԱՆԱ– Միամիտ մի՛ ձևացիր:

ՕՁ– Ասելիքդ ասա:

ՍԱՏԱՆԱ– Համոզի՛ր նրան:

ՕՁ– Որ ի՞նչ անի:

ՍԱՏԱՆԱ– Ուտի արգելված պտուղը: (Ժամացույցը սկսում է զարկել: Ձախ կողմի լույսը հանգչում է, աջ կողմինը` վառվում):

ՍՈՆԱ– (Ժամացույցի կողմը նայելով) Արդեն ժամն է: Պատմությունը մնաց անավարտ:

ՕՁ– Ո՛չ: Պատմությունը մնաց շարունակելի...

ՍՈՆԱ– (Փոքր-ինչ վախեցած) Անկեղծ ասա. դու ինձ չե՞ս խաբում:

ՕՁ– Նայիր աչքերիս, Եվա: (Սոնան նայում է օձի աչքերին) Նա քո անհաս, վաղեմի տենչն է… Չիրականացած երազը… Եվ այս գիշեր նա քոնն է… Ամբողջովին քոնը… (Զգացվում է, որ Սոնան հիպնոսված է) Հիշիր. միայն մթության մեջ և անսահման ազատ…


Կիսամշուշում հնչում է երաժշտություն: Դիմակահանդեսը շարունակվում է…

Բոլորը գնում են: Մնում են Արան և օձը:


ՕՁ– Ինչո՞ւ դիմակդ չես հանում:

ԱՐԱ– (Փոքր-ինչ անակնկալի եկած) Ի՞նչ:

ՕՁ– Ասում եմ` դիմակդ հիմա հարկավոր չէ:

ԱՐԱ– Հա՛: Ճիշտ ես: Մոռացել եմ: (Դիմակը հանում է):

ՕՁ– Ինչպե՞ս անցկացրիր գիշերը, Ադամ:

ԱՐԱ– Ասացի, որ իմ անունը Արա է:

ՕՁ– Տարբերություն չկա:

ԱՐԱ– Գիշե՜րը... Այս գիշերը հրաշալի էր: Հեքիաթի պես էր ու խենթության:

ՕՁ– Նա լա՞վն էր:

ԱՐԱ– Ոչ թե լավն էր, այլ՝ հրաշք:

ՕՁ– Մեղրալուսնիդ կնոջ նման:

ԱՐԱ– Ասա, ինչպես կուզես. նա պարզապես հիասքանչ էր:

ՕՁ– Համը շուրթերիդ է:

ԱՐԱ– Այդ համը ես վաղուց չէի զգում:

ՕՁ– Բնական է: Այլ կերպ չի լինում:

ԱՐԱ– Կարծես դա լիներ առաջին անգամ:

ՕՁ– Եվ, անշուշտ, չես ուզում, որ լինի վերջինը:

ԱՐԱ– Եթե ուզեմ էլ, անզոր կլինեմ...

ՕՁ– Գիտե՜մ: Ես ձեզ լա՜վ գիտեմ:

ԱՐԱ– Դու ե՞րբ նրան կբերես նորից:

ՕՁ– Ինչպե՞ս է կինդ՝ քո ամուսինը:

ԱՐԱ– Լավ է: Փառք Աստծո: (Հայացքը փախցնում է):

ՕՁ– Ամաչում ես աչքերիս նայել: Օ՜, հողեղեն հավատարմություն:

ԱՐԱ– Ասա՛, թե երբ կբերես:

ՕՁ– Համբերիր:

ԱՐԱ– Ինչքա՞ն:

ՕՁ– Մեկ ամիս:

ԱՐԱ– Ինչո՞ւ այդքան երկար:

ՕՁ– Այդպես է պահանջում... սիրո կախարդուհին:

ԱՐԱ– Եվ ինչո՞ւ է նրան պետք այդ ժամանակը:

ՕՁ– Այդ ժամանակը պետք է, որ քո սիրտը մնա պապակ:

ԱՐԱ– Ինչ դաժանն եք դուք:

ՕՁ– Երախտամո՜ռ:

ԱՐԱ– Ուրեմն՝ ե՞րբ:

ՕՁ– (Հեռանալով) Ուղիղ մեկ ամսից: Կեսգիշերին: Մթության մեջ... (Կարճատև դադարից հետո) Չմոռանաս դիմակ դնել...


Կրկին մթնում ու լուսավորվում է:

Բեմում են Արիսը և Սոնան: Վերջինս նստած է Արիսի ծնկներին:


ԱՐԻՍ– Ուր որ է կինս կգա:

ՍՈՆԱ– Հասկացա. ուզում ես՝ գնամ:

ԱՐԻՍ– Չեմ ուզում, բայց... (Համբուրում է):

ՍՈՆԱ– (Կանգնելով) Լավ: Այսօր էլ թող այսպես լինի: (Հագուստներն ուղղում է, շուրթերի ներկը՝ թարմացնում):

ԱՐԻՍ– Ե՞րբ կգաս:

ՍՈՆԱ– Եթե այսպես սառը հարցնես, երբե՛ք: (Պատրաստվում է գնալու):

ԱՐԻՍ– Սառը չեմ հարցնում:

ՍՈՆԱ– Ես բո՛ւթ եմ ու չե՛մ հասկանում:

ԱՐԻՍ– Ի՞նչ ասացի, որ վիրավորվեցիր:

ՍՈՆԱ– (Հեռանալով) Ցե՛, սիրելիս...


Սոնան գնում է: Քիչ անց գալիս է օձը:


ՕՁ– Եթե վերադառնա, այլևս չընդունես:

ԱՐԻՍ– Ինչո՞ւ:

ՕՁ– Ինչքա՞ն ժամանակ է, որ հանդիպում եք:

ԱՐԻՍ– Երկար:

ՕՁ– Չե՞ս զգում, որ նա այլևս այն հմայքը չունի:

ԱՐԻՍ– Ճիշտն ասած, ինձ թվում է, թե ես եմ փոխվել:

ՕՁ– Ո՛չ: Դու նույնն ես: Պարզապես քեզ արդեն նորություն է պետք:

ԱՐԻՍ– Այսինքն:

ՕՁ– Իբր չհասկացա՞ր:

ԱՐԻՍ– Բայց դա, ախր…

ՕՁ– Օ՜, հողեղեն իմաստնություն... Ձեր ամբողջ բարոյախոսությունն ընդամենը փչոց է:

ԱՐԻՍ– Ի՞նչ է մտքինդ:

ՕՁ– (Պատուհանի կողմը ցույց տալով) Նայիր հապա դիմացի պատշգամբին: (Արիսը նայում է ցույց տված ուղղությամբ) Տեսնո՞ւմ ես այն աղջկան:

ԱՐԻՍ– Տեսնում եմ:

ՕՁ– Ես կուզեի նրա զիստերն ի վեր գալարվել...

ԱՐԻՍ– Ճաշակդ վատը չէ:

ՕՁ– Խոստովանիր, որ կուզեիր նրան գրկել:

ԱՐԻՍ– Դեմ չէի լինի:

ՕՁ– Կուզեիր մերկությունը տեսնել:

ԱՐԻՍ– Կուզեի:

ՕՁ– Դու մերկություն շատ ես տեսել, բայց... Խոստովանիր. քեզ թվում է, թե նա ուրիշ է:

ԱՐԻՍ– Գուցե և այդպես է:

ՕՁ– Եվ հետաքրքիր է այդ նորությունը: Այդ նորությունը, օ՜... (Նայում է Արիսի աչքերին):

ԱՐԻՍ– Ի՞նչ է նրա անունը:

ՕՁ– Եվա:

ԱՐԻՍ– (Կախարդված) Նա կրքո՞տ է:

ՕՁ– Ո՛չ: Նա հրեղե՛ն է:

ԱՐԻՍ– Այդ հուրը անզուսպ ու մոլեգի՞ն է:

ՕՁ– Մե՛րթ` զեփյուռի պես ու մե՛րթ՝ սամումի:

ԱՐԻՍ– Մութ սենյակի մեջ նրան կտեսնե՞մ:

ՕՁ– Երբ որ նա մերկ է, մթությունն անգամ լույս է արձակում:

ԱՐԻՍ– (Վերև նայելով) Օ՜, Տեր Երկնավոր, ասա, ես ինչպե՞ս հիմա դիմանամ...


Վարագույրը փակվում է: Քիչ անց նախաբեմ են գալիս Անին և օձը:


ԱՆԻ– Դու ի՞նչ ես ինձանից ուզում:

ՕՁ– Խոստովանիր, որ այդ հարցը դու հիմա նաև քո սրտին ես տալիս:

ԱՆԻ– Ի՞նչ գիտես:

ՕՁ– Միայն դու չես, որ այդպիսին ես, Եվա: Բոլորի մեջ է այդ գենը: Այդ գենը արգելված պտուղի մեջ էր... Դու հիմա ուրիշի ոչ թե չես ուզում, այլ ընդամենը ջանում ես չուզել: Դու քո դեմ կռիվ ես տալիս, քեզ զսպում ու տանջում ես, որ չհանձնվես, ուրիշի չտրվե՛ս: Իրողությունը սա է, իսկ մնացածը հեքիաթ է, սո՛ւտ, հողեղեն հավատարմություն...

ԱՆԻ– Լա՛վ ես ասում:

ՕՁ– Ուզո՞ւմ ես, քեզ համար պատմեմ, թե ինչ եղավ հետո, երբ Եվան կերավ արգելված պտուղը:

ԱՆԻ– Հարկավոր չէ. գիտեմ:

ՕՁ– Ո՜չ: Իսկությունը չգիտես: Երևի լսել ես, որ նրան նաև ինքը՝ Արարիչն էր սիրահարված:

ԱՆԻ– (Զարմացած) Արարի՞չը:

ՕՁ– Ինչո՞ւ ես զարմանում: Այո՛, կինը ստեղծված էր Ադամի համար, բայց նրան սիրահարված էր նաև Արարիչը: Եվ ի՞նչ ես կարծում. նա ո՞ւմ առաջինը տրվեց:

ԱՆԻ– (Կարկամած) Մի՞-թե...

ՕՁ– Ի՞նչ, մի՞թե...

ԱՆԻ– Մի՞թե... Արարչին...

ՕՁ– Ո՜չ: Դա կլիներ չարյաց փոքրագույնը: Արարիչն էլ երկար տառապելուց հետո ի վերջո հասկացավ, որ անզոր է դիմանալ սիրո կրքին, և հրեշտակ ուղարկեց, որ կնոջը կանչի իր մոտ, բայց հրեշտակը նրան գտավ...

ԱՆԻ– Որտե՞ղ:

ՕՁ– Երևի հասկացար, որ Ադամի՛ գրկում չգտավ:

ԱՆԻ– Հասկացա... Բայց որտե՞ղ էր կինը: (Վառվում է բեմի ձախ կողմի լուսարձակը: Երևում են Աստված և հրեշտակը):

ՀՐԵՇՏԱԿ– Լեզուս չի պտտվում ասել, Տեր: Նա… Նա սատանայի գրկում էր:

ԱՍՏՎԱԾ– (Ուժեղ զայրույթով) Ի՜նչ... (Իրար հետևից մի քանի անգամ զարկում է կայծակ, լսվում է խլացուցիչ որոտ):

ՕՁ– Այո՛, կինը` Աստծո ամենաչքնաղ արարչությունը, առաջինը տրվեց սատանային:

ՀՐԵՇՏԱԿ– Երբ ես հասա, արդեն ուշ էր...

ԱՍՏՎԱԾ– (Աչքերից կարծես կրակ է ժայթքում) Նա բռնությա՞մբ էր տիրել Եվային:

ՀՐԵՇՏԱԿ– Ո՛չ: Եվան հանձնվել էր կամովին:

ԱՍՏՎԱԾ– Իսկ Ադա՞մը: Ո՞ւր էր Ադամը:

ՀՐԵՇՏԱԿ– Խնձորենու տակ նա անկողին էր հյուսել Եվայի համար...

ԱՍՏՎԱԾ– Ո՜վ, դժոխքի՛ զավակներ... (Վառվում է աջ կողմի լույսը):

ԱՆԻ– Հետո՞: Ի՞նչ եղավ հետո:

ՕՁ– Եվան վերադարձավ Ադամի մոտ: (Վառվում է ձախ կողմի լույսը: Այժմ այնտեղ Եվան և Ադամն են: Կինը մեղավորության զգացումով, գլուղը` կախ, կանգնած է Ադամի առաջ…)

Եվ սա սկիզբն էր: Միայն սկիզբը...

ԱՆԻ– Իսկ Աստվա՞ծ: Մի՞թե նա չէր կարողանում սաստել Եվային:

ՕՁ– Եվա՛ն... Մի մոռացիր, որ նա արդեն կերել էր արգելված պտուղը...


Գնում են: Մի կարճ ժամանակ հնչում է դիմակահանդեսի երաժշտություն…

Վարագույրը բացվում է: Բեմում են Արիսը և մի գեղեցիկ կին` Անան, որոնք դիմակները պահել են ձեռքներին: Գրեթե կրկնվում է համանման դրվագը:


ԱՐԻՍ– Ընծայիր ինձ քո անունը, գեղեցկուհի:

ԱՆՆԱ– Եթե չասե՞մ:

ԱՐԻՍ– Շատ կտխրեմ:

ԱՆՆԱ– (Շոյված) Օ՜...

ԱՐԻՍ– Դե, մի՛ տանջիր:

ԱՆՆԱ– Ասենք՝ Աննա:

ԱՐԻՍ– Աննա... Չքնա՛ղ կախարդուհի...

ԱՆՆԱ– (Ձևացնում է, թե ուզում է գնալ) Ցտեսություն, Արիս:

ԱՐԻՍ– Սպասի՛ր, Աննա: Մի՛ հեռացիր: (Մոտենում է և, Աննայի աչքերին նայելով, ցանկանում համբուրել):

ԱՆՆԱ– (Խուսափելով) Իմ հետևից էլ մի՛ գա, Արի՛ս:

ԱՐԻՍ– Ես քեզ կսպասեմ, Աննա՛:

ԱՆՆԱ– (Հեռանալով) Էլ մի՛ գա, Արի՛ս:

ԱՐԻՍ– Ես կսպասեմ, Աննա՛: (Հեռանում է հակառակ կողմով):


Գալիս են Արան և օձը:


ՕՁ– Գիտեմ. այս գիշեր էլ նա այնքան հրաշալի էր, ինչքան նախորդ անգամ:

ԱՐԱ– Այո՛, այդպես էր: Համը շուրթերիս է:

ՕՁ– Կարծես դա լիներ առաջին անգամ:

ԱՐԱ– Գրեթե այդպես էր. ինչպես որ կինս՝ առաջին գիշերը:

ՕՁ– Հրաշալի՜ է:

ԱՐԱ– Այսքան տարի կին սիրելուց հետո, պատկերացնո՞ւմ ես, նա նորություն էր:

ՕՁ– Պատկերացնում եմ:

ԱՐԱ– Ասա՛, ուրեմն, թե երբ կլինի հաջորդ հանդիպումը:

ՕՁ– Երբ դու ցանկանաս:

ԱՐԱ– (Ուրախացած ու զարմացած) Իսկապե՞ս:

ՕՁ– Կատակներ ես չեմ անում, թեև երբեմն սիրում եմ ձեռ առնել:

ԱՐԱ– (Տարակուսած) Չհասկացա:

ՕՁ– Չհասկանալու ի՞նչ կա: Ասացի՝ երբ ուզես:

ԱՐԱ– Տարօրինակ է:

ՕՁ– Դու կարող ես նրան սիրել ամեն օր, ինչպես սիրել ես մինչև հիմա:

ԱՐԱ– (Ապշած) Բայց ես նրան ընդամենը երկրորդ անգամ է, որ սիրում եմ:

ՕՁ– Երկրո՜րդ... Քեզ է թվում՝ երկրորդ:

ԱՐԱ– Իսկապես ես ինչ-որ բան չեմ հասկանում:

ՕՁ– Քանի՞ տարի է, որ ամուսնացել ես:

ԱՐԱ– Տասը:

ՕՁ– Արդեն տասը տարի դու նրան սիրում ես:

ԱՐԱ– Ո՞ւմ... Անիի՞ն:

ՕՁ– Անիին, խելո՛ք, դու չես սիրել դեռ ոչ մի անգամ:

ԱՐԱ– (Շանթահար) Ինչպե՜ս...

ՕՁ– Մի՛ զարմացիր. այդպես լինում է: Նա ոչ թե ձեր ասած Անին էր, այլ… քո կինը:

ԱՐԱ– (Իրեն կորցրած) Օ՜... Սատանա՛:


Բեմը մթնում ու լուսավորվում է:

Օձ և Սոնա:


ՕՁ– Նա ուրի՜շ է, Եվա՛: Եվ, հավատա, այնպիսին, ինչպիսին նա էր` քո երազը:

ՍՈՆԱ– Հետո՞ ինչ:

ՕՁ– Դու մի՞թե էլ չես ուզում նրան: Մի՞թե նա իսկապես հրաշք չԷր:

ՍՈՆԱ– Հրաշք էր, ցնորք էր: Ես վայելեցի այդ գիշերները, ինչպես իմ մեղրամիսը, բայց…

ՕՁ– Էլ ի՞նչ բայց: Տրվի՛ր նրան:

ՍՈՆԱ– Անպատկա՛ռ: Ես մի պահ թույլ եղա, և դու ինձ արդեն լրբի տեղ ես դնում:

ՕՁ– Այդպիսի բարոյականություն չի՛ լինում, Եվա՛:

ՍՈՆԱ– Ինչպիսի՞:

ՕՁ– Գիտեմ, դու քեզ փորձում ես համոզել, թե չես ուզում, թե նա քեզ չի հետաքրքրում, բայց ինձ չես խաբի:

ՍՈՆԱ– Ենթադրենք, թե ուզում եմ: Հետո՞:

ՕՁ– Դու հո գիտես, ինքը` Տերն էլ տարբերություն չի դնում. միևնույնն է՝ տրվում ես մտքում, թե իրականում:

ՍՈՆԱ– Բայց ես ուզում եմ բարոյական լինել:

ՕՁ– Ցանկանալ, բայց չանե՞լ: Չկա՛ այդպիսի բարոյականություն: Ասացի, չէ՞, որ միևնույնն է: Ես հո գիտեմ, թե դու քանի անգամ ես մտքում ցանկացել: Եվ կարո՞ղ ես չցանկանալ:

ՍՈՆԱ– (Վերև նայելով) Տեր Աստված, սա ի՞նչ է ինձանից ուզում: Ի՞նչ անեմ:

ՕՁ– Տրվի՛ր, Եվա՛: Տիրի՛ր: Աստված ինքը անգամ չդիմացավ այդ կրքին:

ՍՈՆԱ– Աստված... Նրա մասին դու ինչ-որ հեքիաթ էիր պատմում:

ՕՁ– Դա հեքիաթ չէր (Սոնայի շուրջը պտտվելով), հրեղե՛ն արարած... Աստված ինքն էլ մի օր հանձնվեց:

ՍՈՆԱ– Ո՞ւմ:

ՕՁ– Կրքի՛ն, Եվա: Կրքի՛ն:

ՍՈՆԱ– Քեզ համար ամեն ինչ կիրք է: Իսկ սե՞րը:

ՕՁ– Լա՛վ: Այդպես անվանենք. Աստված ինքը անգամ սիրուն չդիմացավ և հանձնվեց: Մի օր հանձնվեց...


Վառվում է բեմի ձախ կողմի լուսարձակը: Երևում է Եվան՝ հագին ծաղկե զգեստ: Լսվում է Աստծո ձայնը:


ՁԱՅՆ– Մի՛ գնա, Եվա: (Եվան, փոքր-ինչ վախեցած և այս ու այն կողմ նայելով, ուզում է ավելի արագ հեռանալ) Ասում եմ՝ մի՛ գնա:

ԵՎԱ– Ո՞վ ես դու: Ինչո՞ւ քեզ չեմ տեսնում:

ՁԱՅՆ– Ինքս չեմ ուզում, որ տեսնես:

ԵՎԱ– Տարօրինակ է: Ինչո՞ւ ես, ուրեմն, եկել:

ՁԱՅՆ– Որ քեզ տեսնեմ: (Փչում է քամի և Եվայի մարմինը տեղ-տեղ բացում: Եվան փորձում է իրեն ծածկել) Մի՛ ծածկիր, Եվա: Քո մերկությունը ավելի գեղեցիկ է, քան դրախտի բոլոր ծաղիկները միասին:

ԵՎԱ– Ի՞նչ գիտես: Դու տեսե՞լ ես իմ մերկությունը: Ճանա՞չ ես դրախտի բոլոր ծաղիկներին:

ՁԱՅՆ– Եթե իմանաս՝ ես որքա՜ն ծաղիկներից նեկտար առա...

ԵՎԱ– Ինչի՞ համար:

ՁԱՅՆ– Որքա՜ն չարչարվեցի, որ լույսը թանձրացնեմ…

ԵՎԱ– Քեզ չեմ հասկանում:

ՁԱՅՆ– Ես քո աչքերին տվեցի չտեսնված մի կախարդանք:

ԵՎԱ– Դո՞ւ: (Դարձյալ փչում է քամի: Եվան ուղղում է կրծքերի տերևները):

ՁԱՅՆ– Քեզ համար ես մի նոր տեսակի կրակ ստեղծեցի, ու հիմա ինքս էլ չգիտեմ, թե այդ տերևներն ու ծաղիկները ինչո՛ւ չեն վառվում քո մարմնի կրակից:

ԵՎԱ– Դու ինչ-որ խորհրդավոր ես:

ՁԱՅՆ– Վերցրո՛ւ գլխիդ պսակը, թող հուրհրան վարսերդ:

ԵՎԱ– Չէ՛: Այս պսակը ինձ նվիրել է Աստծո հրեշտակը:

ՁԱՅՆ– Նա այդպե՞ս է իրեն կոչել:

ԵՎԱ– Դու գիտես՝ նա ո՛վ է:

ՁԱՅՆ– Նա ոչ թե Աստծո հրեշտակը, այլ սատանա՛ն է:

ԵՎԱ– Ի՞նչ: Սո՛ւտ է: Չեմ հավատում:

ՁԱՅՆ– Դե՛ն նետիր այդ պսակը:

ԵՎԱ– Չէ՛: Սա նրա նվերն է:

ՁԱՅՆ– Եվա՛:

ԵՎԱ– Դու շատ տարօրինակ ես... (Ձայն է տալիս) Ադա՜մ... Ադա՜մ... (Վառվում է աջ կողմի լույսը):

ՍՈՆԱ– Հետո՞: Դու ասում էիր...

ՕՁ– Անհամբեր ես, Եվա, անհամբեր: Սա առավոտյան էր, բայց եղավ երեկո...

ՍՈՆԱ– Եվ Արարիչը...

ՕՁ– Այո: Ե՛վ Արարիչը:

ՍՈՆԱ– Եվ Եվան կամովին նրան հանձնվե՞ց:

ՕՁ– Օ՜, կին: Երբ խոսքը սատանայի մասին էր, դու այդպիսի հարց չտվիր...

ՍՈՆԱ– Բայց նա, նա չէ՞ որ Արարիչն էր:

ՕՁ– Հետո՞ ինչ:

ՍՈՆԱ– Չգիտեմ: Մի տեսակ... Ինչ-որ բան...

ՕՁ– Օ՜, զազրելի փիլիսոփայություն: Եվ դժգոհում եք, թե ինչու ամեն գեղեցիկ բան նախ սատանայի բաժին է դառնում...

ՍՈՆԱ– Ուրեմն...

ՕՁ– Այո՛, կամովին, առանց հմայանքի:

ՍՈՆԱ– Այսինքն՝ կարող էր նաև հմայա՞նք լինել:

ՕՁ– Հմայանք եղավ մեկ ուրիշ անգամ: Այդ պատմությունը դուք դարձրիք լեգենդ և կապեցիք Զևսի հետ:

ՍՈՆԱ– Հետաքրքիր է:

ՕՁ– Իրականում դա եղավ այսպես: Կնոջը մի օր լոգանքի պահին տեսավ հրեշտակներից մեկը...

(Վառվում է ձախ կողմի լույսը: Մի հրեշտակ կլանված նայում է հեռուն):

ՀՐԵՇՏԱԿ– Օ՜, իգական գեղեցկություն... Ի՜նչ հանճարեղ արարչություն: (Մնում է քարացած):

ՍՈՆԱ– Ու նա էլ քուն ու դադարը կորցրեց:

ՕՁ– Այո՛: Ինչպես ամեն մի զգայական արարած:

ՍՈՆԱ– Հետո՞:

ՕՁ– Նրա մտքում արդեն միայն կինն էր, բայց կինը նրան մոտիկ չէր թողնում: Չգիտեմ, ուզում էր տանջի, թե իսկապե՛ս չէր սիրում: Եվ մի օր, երբ հրեշտակը դարձյալ նայում էր լողացող կնոջը... (Օձը մոտենում է հրեշտակին) Չե՞ս դիմանում:

ՀՐԵՇՏԱԿ– Դիմանալու չէ:

ՕՁ– Գիտեմ:

ՀՐԵՇՏԱԿ– Տես, թե ինչ գեղեցկություն է:

ՕՁ– Տեսնում եմ, որ լավ մերկություն է:

ՀՐԵՇՏԱԿ– Չեմ հասկանում, թե ինչից է Աստված նրան ստեղծել:

ՕՁ– Դա կմնա հավերժական առեղծված: Ես գիտեմ միայն մի բան. արարչանյութին նա կախարդանք է խառնել: Մի անհատակ կախարդանք: Կնոջ գաղտնիքը դա է:

ՀՐԵՇՏԱԿ– Ինչո՞ւ ինձ մոտիկ չի թողնում այդ կախարդանքը:

ՕՁ– Դա՛ էլ առեղծված է, բայց ես կօգնեմ քեզ:

ՀՐԵՇՏԱԿ– Միշտ կմնամ երախտապարտ: (Նայում է օձին):

ՕՁ– Կախարդանքին կարելի է միայն կախարդանքով հաղթել:

ՀՐԵՇՏԱԿ– Ինչպե՞ս:

ՕՁ– Դու պիտի կերպափոխվես:

ՀՐԵՇՏԱԿ– Ի՞նչ դառնամ:

ՕՁ– Տես՝ ի՛նչ կա նրա շրջապատում:

ՀՐԵՇՏԱԿ– Նախանձում եմ ամեն ինչին:

ՕՁ– Իսկ ամենից շա՞տ:

ՀՐԵՇՏԱԿ– Ջրին, որ գրկել է նրան:

ՕՁ– Ուրիշ:

ՀՐԵՇՏԱԿ– Ծաղիկներին, որոնք այնքան մոտ են:

ՕՁ– Է՛լ:

ՀՐԵՇՏԱԿ– Կարապներին, որ լողում են շուրջը:

ՕՁ– Կարապների՜ն...

ՀՐԵՇՏԱԿ– Կարապների՛ն, այո՛:

ՕՁ– Կարապների՜ն... (Նայում է հրեշտակին):

ՀՐԵՇՏԱԿ– Ի՞նչ ես ուզում ասել:

ՕՁ– Արդեն ասացի:

ՀՐԵՇՏԱԿ– Դու ուզում ես, որ ես կարապի՞ փոխարկվեմ:

ՕՁ– Դա ե՛ս չեմ ուզում: Դա ուզում ես... դո՛ւ:

ՀՐԵՇՏԱԿ– (Վերև նայելով) Ո՜վ, Ամենազոր, մի՞թե չկա ուրիշ միջոց:

ՕՁ– Քո պարագայում դա միակ ելքն է: Ինքդ որոշիր` ուզում ես, թե չէ:

ՀՐԵՇՏԱԿ– (Հեռուն նայելով) Նա այնպես է ինձ հմայել, որ ես, ավա՜ղ... (Վառվում է աջ կողմի լույսը: Օձը գալիս է Սոնայի մոտ):

ՍՈՆԱ– Եվ նա համաձայնե՞ց:

ՕՁ– Ում սրտում էլ այդպիսի կրակ վառվեր, անկարող կլիներ չհամաձայնել:

ՍՈՆԱ– Հետո՞: (Վառվում է ձախ կողմի լույսը: Այժմ այնտեղ են կարապի փոխակերպված հրեշտակն ու Եվան, որը նստած է լճակի ափին):

ԿԱՐԱՊ– Արևը քո մարմինը կայրի: Թող, իմ ստվերով ծածկեմ այն: (Թևը բացում է և կնոջ մարմինը ստվերում):

ԵՎԱ– Օ՜, ինչ ճերմակ են քո փետուրները, ինչ մաքո՜ւր: (Կարապի պարանոցը շոյում է):

ԿԱՐԱՊ– Քո մարմինը չքնաղ է իմ տեսած բոլոր ծաղկաստաններից: Թող, քաղեմ քո ծաղիկները:

ԵՎԱ– Քո խոսքերը հաճելի են իմ լսած բոլոր խոսքերից...

ԿԱՐԱՊ– Դու երևի շոգում ես: Ես կհովհարեմ քո վճիտ մարմինը: (Թևով հովհարում է):

ԵՎԱ– Օ՜, ի՜նչ սքանչելի է: (Պառկում է) Որքա՜ն հաճելի զովք: (Զգացվում է, որ ուզում է նիրհել):

ԿԱՐԱՊ– Եվ ինչպիսի՜ երջանկություն... (Կինը քնում է: Գալիս է օձը):

ՕՁ– (Կնոջը նայելով) Ի՜նչ չքնաղ պատկեր... Իսկապես որ անհնար է դիմանալ:

ԿԱՐԱՊ– Ինչի՞ն:

ՕՁ– (Հեգնանքով) Հովհարելու ցանկությանը: (Կարապը նայում է նրան) Ժամանակ մի՛ կորցրու...

ԿԱՐԱՊ– Ի՞նչ անեմ:

ՕՁ– Ապո՛ւշ: Դու երևի մոռացել ես, որ կարապ չես:

ԿԱՐԱՊ– Չեմ մոռացել, բայց... սիրտս մի տեսակ:

ՕՁ– Ի՞նչ:

ԿԱՐԱՊ– Դա, ախր, կլինի...

ՕՁ– Դո՛ւ գիտես, հիմա՛ր: Բայց իմացիր, որ քեզ մնացել է ընդամենը մեկ ժամ: (Օձը հեռանում է: Վառվում է աջ կողմի լույսը: Սոնա և օձ):

ՍՈՆԱ– Եվ կարապը...

ՕՁ– Այո՛: Կարապը կնոջն առավ թևերի մեջ, և կինը երազում իրեն տեսավ ամպերի գրկում: Կարապը օրորեց նրան իր ձյունե փետուրների մեջ, և կինը իրեն զգաց ալիքների վրա: Այդ օրը կինը երազների մեջ հեքիաթներ տեսավ, իրական հեքիաթներ…


Լույսերը մարում են: Այս անգամ բեմը լուսավորվում է սովորականից ուշ: Բեմում Սոնան է: Նա, հայելու մոտ իրեն հարդարելով, պատրաստվում է տնից գնալու: Լսվում է ձայն:


ՁԱՅՆ– Նրա մո՞տ ես գնում:

ՍՈՆԱ– Այո՛, նրա մոտ:

ՁԱՅՆ– Մի՛ գնա:

ՍՈՆԱ– Չեմ կարող:

ՁԱՅՆ– Կարող ես, Սոնա: Մի՛ գնա:

ՍՈՆԱ– Ինչո՞ւ:

ՁԱՅՆ– Որովհետև բարոյական չէ: Դու ամուսին ունես: Հավատարիմ եղիր նրան:

ՍՈՆԱ– Մի ժամանակ հավատարիմ էի: Հետո...

ՁԱՅՆ– Գիտեմ: Ես դա գիտեմ:

ՍՈՆԱ– Ախր, մարմինս ձգում է:

ՁԱՅՆ– Մի՞թե նա լավն է քո ամուսնուց:

ՍՈՆԱ– Չգիտեմ: Գուցե լավը չէ, բայց սիրտս ինչ-որ նորություն է անձկում:

ՁԱՅՆ– Ընդամենը՝ այդքա՞ն:

ՍՈՆԱ– Հավանաբար:

ՁԱՅՆ – Իրականում դու նրանց չես սիրել, Սոնա:

ՍՈՆԱ– Գիտեմ:

ՁԱՅՆ– Քո ուզածն ընդամենը նորություն է եղել, ու երբ գտել ես այն, այդ նորությունը կորցրել է հմայքը, և դու, ի վերջո, համոզվել ես, որ գրեթե նույնն են բոլոր տղամարդիկ:

ՍՈՆԱ– Դու ասացիր՝ գրեթե: Տարբերություն ուրեմն կա: Իսկ գիտե՞ս, թե ինչպես է խելքահան անում այդ նորությունը: Ու եթե դա նորություն էլ չէ, միևնույնն է, թվում է, թե նորություն է լինելու:

ՁԱՅՆ– Բայց դրա համար արժի՞...

ՍՈՆԱ– Դու դա չես հասկանա: Ով չի ապրել այդ զգացումը, նա չի հասկանա: Իմ ամուսինը, այո՛, գուցե և լավն է նրանց բոլորից, բայց ես անզոր եմ, հասկանո՞ւմ ես: Այդ ցանկությունը իմ մեջ ծնվում է ինձանից անկախ, ու ես չեմ կարողանում այն խեղդել: Երբեմն ինձ զսպում եմ: Երդվում եմ, որ դա լինելու է վերջին անգամ, բայց... չգիտեմ որտեղից, ականջիս տակ հայտնվում է օձը...

ՁԱՅՆ– Իսկ մտածե՞լ ես, թե դու ուր ես այսպես գնում… Որքա՞ն է շարունակվելու այս դիմակահանդեսը:

ՍՈՆԱ– Իսկ դու մտածե՞լ ես, թե ինչ կլինի, եթե բոլորս հիմա հանենք մեր դիմակները...

ՁԱՅՆ– Ասված է՝ մի՛ շնացիր:

ՍՈՆԱ– Ու նաև ասված է, որ մտքում ցանկանալն իսկ արդեն շնանալ է: Ասված է՝ ուրիշի մի՛ ցանկացիր: Բայց դա անհնար է, հասկանո՞ւմ ես, անհնա՛ր:


Սոնան գնում է: Գալիս է Արիսը, նստում բազկաթոռին, վերցնում հեռախոսը և համար հավաքում:


ԱՐԻՍ– (Հեռախոսով) Վերջապես ավարտեցի. կարող եմ գալ... Ե՞րբ... Ավելի լավ է՝ երեկոյան... Ոչինչ, թող լինի մեկ ժամով: (Հեռախոսը դնում է):


Հնչում է ձայն:


ՁԱՅՆ– Էլ մի՛ արա, Արիս:

ԱՐԻՍ– Անկարող եմ:

ՁԱՅՆ– Դու գիտե՞ս՝ որքան տղամարդ է երազում, որ քո կինը գեթ մեկ անգամ լինի իրենը:

ԱՐԻՍ– Գիտեմ:

ՁԱՅՆ– Եվ, այդուհանդերձ, նա քեզ համար չունի այն գինը:

ԱՐԻՍ– Ես մեղավոր եմ: Ես ինձ չեմ ներում, բայց իրողությունը դա է: Այլևս չունի...

ՁԱՅՆ– Ինչո՞ւ:

ԱՐԻՍ– Պատասխանը բոլորը գիտեն: Դա բնական է. այլ կերպ լինել չի կարող... Ուրիշ կերպ մտածելը ինքնախաբեություն է:

ՁԱՅՆ– Ուրեմն, դուք բոլորդ գիտեք, որ դիմակահանդեսի մեջ եք, և խաղում եք ձեր խաղը:

ԱՐԻՍ– Ավելի լավ է, դու ասա ելքը...


Արիսը գնում է: Գալիս են Անին և օձը:


ՕՁ– Դու հիմա՛ր ես, հիմա՛ր, Եվա: Կյանքդ անցնում է: Կզղջաս:

ԱՆԻ– Քանի՜ անգամ ասեմ, որ չե՛մ ուզում դավաճանել: Ես հետո ինձ չեմ ների: Չեմ կարողանա նայել նրա աչքերին:

ՕՁ– Քո արածը նույնպես խաղ է: Նույնպես դիմակահանդես է: Չէ՞ որ դու իրականում այլ տղամարդու տենչում ես:

ԱՆԻ– Ասենք, այդպես է: Բայց ես իմ մեջ խեղդում եմ այդ զգացմունքը: Ես մնում եմ հավատարիմ:

ՕՁ– Սո՛ւտ է: Սխա՛լ է: Դա նույն մեղքն է: Եվ դա ե՛ս չեմ ասում, այլ ինքը՝ Արարիչը:

ԱՆԻ– Գիտեմ: Այդպես է ասված: Բայց ես չեմ կարող ընդունել, որ դրանք նույնն են: Չե՛մ կարող:

ՕՁ– Քո ընդունելով չէ: Քո կամենալով չէ:

ԱՆԻ– Բայց ես ի՞նչ մեղավոր եմ, որ կա մի մեծ սխալ... Ես ունեմ բարոյականության ի՛մ օրենքները:

ՕՁ– Ծիծաղելի բաներ մի՛ ասա. բարոյականության օրենքը մեկն է:

ԱՆԻ– Բայց որը չի գործում և չի՛ կարող գործել:

ՕՁ– Ճի՛շտ է:

ԱՆԻ– Ուրեմն ճիշտ է նաև, որ ես ընդունել եմ իմ չափանիշը...


Գնում են: Գալիս է Արան: Կրկին հնչում է նույն ձայնը:


ՁԱՅՆ– Գիտեմ, այն գիշերների մասին դու մինչև հիմա էլ ամոթով ես հիշում:

ԱՐԱ– Այո՛: Ամաչում եմ:

ՁԱՅՆ– Համոզվեցի՞ր, որ նրանց մեջ չկար տարբերություն: (Արան ամոթահար լռում է) Թեև, եթե ճշմարիտն ասենք, կար. քո կինը ավելի հմայիչ էր ու ավելի հեքիաթային, քան... քո կինը: Եվ նա ավելի լավն էր միայն ու միայն այն պատճառով, որովհետև քո կինը չէր:

ԱՐԱ– Այդպես էր, ճիշտ է: Բայց ո՞րն է իմ մեղքը: Ես իմ կնոջից, այո՛, իսկապես ստացա ավելին, քան... իմ կնոջից:

ՁԱՅՆ– Եվ գիտե՞ս՝ ինչու չզգացիր, որ նա քո հեքիաթայինը չէ:

ԱՐԱ– Չէ՛: Չգիտեմ:

ՁԱՅՆ– Որովհետև դու նրա նկատմամբ ընդամենը կիրք ունեիր: Այրող, կուրացնող կիրք և ոչ թե սեր:

ԱՐԱ– Թեկուզ և` այդպես: Իրողությունը, սակայն, իրողություն է. ես իմ կնոջից ստացա ավելին, քան... իմ կնոջից:

ՁԱՅՆ– Ես հասկանում եմ, որ դուք բոլորդ արդեն դարձել եք անուղղելի:

ԱՐԱ– Եթե խոսում ես դատելու համար և իսկապես դու արդարամիտ ես, դատելուց առաջ մեզ ցույց տուր ելքը...


Գնում է: Զրուցելով գալիս են Սոնան և օձը:


ՍՈՆԱ– Իսկ Ադամը այդ մասին չգիտե՞ր:

ՕՁ– Ադամը սկզբում կարծում էր, թե կինը սատանայի հետ չի լինի, որովհետև... նա սատանա է: Եվ կարծում էր, թե Աստված կնոջ հետ չի լինի, որովհետև... նա Աստված է:

ԱՐԱ– Եվ ինչո՞ւ էր կինը տրվում իրարից այդպես տարբեր էությունների:

ՕՁ– Որովհետև Աստծուց նա ստանում էր աստվածայինը, իսկ սատանայից...

Տարօրինակ է, բայց նրա համար նույնքան հաճելի էր նաև սատանան: Հաճելի էր ուժով իրեն գիրկն առնելու նրա վարքը: Գրավիչ էր՝ ինչ չէր գտնում Արարչի մեջ և Ադամի:

ՍՈՆԱ– (Փոքր-ինչ կատակով) Խե՜ղճ Ադամի:


Վառվում է բեմի ձախ կողմի լուսարձակը: Եվա և Ադամ:


ԱԴԱՄ– (Մոտենում է Եվային և ուզում փաղաքշել, բայց, ինչ-որ բույր առնելով, անհանգստանում է) Որտե՞ղ ես դու օծվել, Եվա: Այս ի՞նչ բույր է:

ԵՎԱ– Դա մեռոնի բույր է, Ադամ: Այդ բույրը ինձ դուր եկավ, և ես նրանով օծվեցի: Գիտեի, որ քեզ հաճելի կլինի:

ԱԴԱՄ– Մեռոնի՞: Որտեղի՞ց քեզ մեռոն: Մեռոն լինում է միայն Աստծո մոտ:

ԵՎԱ– Ճիշտ է: Միայն Աստծո մոտ է լինում: Նա մեզ մի սրվակ ուղարկել է: Ահա՛: (Զգացվում է, որ ստում է) Ինձ տվեց նրա հրեշտակը::

ԱԴԱՄ– (Թերահավատորեն) Տարօրինակ է:

ԵՎԱ– (Իբր՝ վիրավորված) Քեզ համար ամեն ինչ տարօրինակ է:

ԱԴԱՄ– (Եվայի թևին ինչ-որ բան տեսնելով ու շոշոփելով) Այս ի՞նչ կապույտ հետք է:

ԵՎԱ– Ինչ կասկածամիտն ես, Ադամ: Ճյուղ է դիպել:

ԱԴԱՄ– Սա մատնահետքերի նման է, Եվա: Եվ շատ նման է սատանայի մատնահետքերին...


Ձախ կողմի լուսարձակը մարում է: Վառվում է աջ կողմի լույսը:


ՍՈՆԱ– (Օձին) Եվ ի՞նչ արեց Ադամը, երբ իմացավ:

ՕՁ– Ադամը մահու չափ վշտացավ, սիրտը կոտրվեց, և մշտական կսկիծը պատեց նրան: Նա օրերով Եվայի հետ չէր խոսում, շաբաթներով հեռանում էր: Որոշում էր այլևս չներել, սակայն...

ԱՐԱ– Եվ հանդուրժե՞ց նրա վարքը:

ՕՁ– Ուրիշ ելք չուներ:

ՍՈՆԱ– Իսկ Ադամը հավատարի՞մ մնաց Եվային:

ԱՐԱ– (Ծիծաղելով) Այդ ժամանակ ուրիշ կին չկար:

ՕՁ– Դա կարևոր չէ: Օրերից մի օր Ադամն էլ տարվեց:

ԱՐԱ– (Զարմացած) Ումո՞վ:

ՕՁ– Եթերային հրեշտակով:

ՍՈՆԱ– Արդեն պարզ է, և ամեն բան ընկավ տեղը:

ԱՐԱ– Ինչպե՞ս դա եղավ:

ՕՁ– Մի օր Ադամը տեսավ ոգեղեն, անհաս այդ էակին, և սիրտը բռնկվեց:

ՍՈՆԱ– Եվ նա հասա՞վ այդ անհասին:

ՕՁ– Ո՛չ: Նա միշտ մնաց երազային:

ՍՈՆԱ– Եվ այդ խաղը շարունակվում է մինչև օրս:

ՕՁ– Եվ այդ խաղը շարունակվելու է հավիտյանս...


Բեմ են գալիս ներկայացման բոլոր կերպարները: Հնչում է երաժշտություն: Բոլորը դնում են դիմակներ: Դիմակահանդեսը շարունակվում է: Օձը մոտենում է նրանցից մի քանիսին և ականջներին ինչ-որ բան շշնջում: Հասկանալի է, որ ասում է գայթակղիչ խոսքեր:

Երաժշտությունը դադարում է: Հնչում է նույն ձայնը:


ՁԱՅՆ– Քողարկվելն արդեն անիմաստ է: Հանե՛ք դիմակները: (Մի քանի վայրկյան տիրում է լռություն):

ԱՆԻ– (Դիմակը հանելով) Դիմակի կարիք ես չունեմ: Եվ չեմ համարում, թե մեղք եմ գործել:

ԱՐԱ– (Նայելով ձայնի կողմը) Ու քեզ թվում է՝ մենք չգիտեի՞նք այս դիմակների ու դիմակահանդեսի մասին: Գիտեինք վաղուց: Պարզապես, մենք ընդունել ենք այս խաղը, այս ինքնախաբեությունը, որովհետև...

ԱՆՆԱ– Եվ ի՞նչ. դուրս եկավ, որ բոլորս…

ԱՐԻՍ– Ո՛չ: Ամենևի՛ն: Ընդամենը դուրս եկավ, որ այդպիսին կարող ենք լինել բոլորս: Կարող ենք լինել՝ անկախ մեզանից, որովհետև...(Անմիջապես իր ներկայությունն զգալ է տալիս օձը, որը, մի քանիսի շուրջը պտտվելով, ականջներին դարձյալ շշնջում է ինչ-որ խոսքեր):

ՍՈՆԱ– Այս դիմակահանդեսը մենք ընտրել ենք որպես միակ միջոց: Մի՛ հանեք, խնդրում եմ, դիմակները:

ԱՆԻ– Եվ սա եղավ լուծո՞ւմ:

ԱՆՆԱ– Ո՛չ: Սա լուծում չէ: (Վերև նայելով) Ես լուծո՛ւմ եմ ուզում: Արդա՛ր լուծում: Ձայն հանեք: Ո՞վ գիտի այդ լուծումը: (Նորից տիրում է լռություն):

ԱՅԼ ՁԱՅՆ ՎԵՐԵՎԻՑ– Ե՛ս... (Բոլորը նայում են վերև) Ե՛ս գիտեմ լուծումը:

ԱՐԱ– Դե խոսի՛ր, ասա՛:

ՎԵՐԵՎԻ ՁԱՅՆԸ– Լուծումը մեկն է: Միմիայն մեկը. խնդիրն այս չունի, չի ունենալու ընդհանուր լուծում... Թող ձեզանից ամեն մեկը ինքը գտնի լուծման իր տարբերակը...


Տիրում է երկարատև լռություն:

Վարագույրը դանդաղ փակվում է:


1234567891011121314151617
    Դիտվել է 814 անգամ
    12