Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը համագործակցությունը առաջ մղող ընդհանուր հարթակ է

06.28.2014

«Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնը (ՄԿՓ) հունիսի 27-ին կայացած մամլո ասուլիսում ներկայացրեց միջոցառման կազմակերպման և անցկացման աշխատանքներում իր գործընկերներին՝ ՀՀ-ում գործող մի շարք օտարերկրյա դեսպանությունների:

Այդ առթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև բանախոսություններով հանդես եկան Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը, ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Վիոլետա Տալանդիսը, Լեհաստանի դեսպանության Առաջին խորհրդական, Քաղաքական բաժնի ղեկավար Ռոբերտ Ռոկիցկին:

Մամլո ասուլիսը վարում էր «Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը:

Բանախոսները ներկայացրին իրենց կատարած կազմակերպական այն աշխատանքները, որոնց արդյունքում Երևանում կապահովվի իրենց երկրներում և միջազգային ասպարզում հայտնի կինոյի և մշակութային գործիչների ներկայությունը և մասնակցությունը, ինչպես նաև փառատոնի ընթացքում մի շարք ցուցադրությունների անցկացումը:

Օրինակ, Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ երևանյան կինոփառատոնում կիրականացվի հռչակավոր ռեժիսորներ Ամոս Գիտայի և Օթար Իոսելիանիի աշխատանքների հետահայաց,Երվանդ Ջանիկյանի և Անջելա Ռիչչի Լուկիի հեղինակած «Բարբարոս երկիր» վավերագրական ֆիլմի, Ժան Լյուք Գոդարի՝ Կաննի կինոփառատոնի մրցանակակիր «Adieu au Langage» կինոնկարի ցուցադրությունների ծրագրերը:

Իսկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ կինոփառատոնի շրջանակներում կիրականացվի Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ՝ համատեղ արտադրության դասընթաց-արվեստանոցը: Ըստ ծրագրի այն կունենա երեք բաղկացուցիչ՝ անհատական և խմբակային դասեր, նախագծերի ներկայացումներ և դրանց պաշտպանություն:

Նշենք, որ այդ դասընթացի համար ընտրվել է տասը նախագիծ` հինգը Հայաստանից և հինգը` Թուրքիայից, որոնք էլ կզարգացնեն իրենց սցենարական և արտադրական փաթեթները: Լավագույն նախագիծը կարժանանա 10,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգևի:

Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ (ՀԹԿՊ) ծրագիրը հիմնադրվել է 2008թ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի և Թուրքիայում գործող «Անադոլու Քյուլթուր» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով: Սա երկու երկրներում գործող կինոգործիչների միջև համագործակցությունը առաջ մղող ընդհանուր հարթակ է և միտված է խթանելու հայ և թուրք կինոգործիչների համատեղ կինոարտադրությունները: Անցած տարիների ընթացքում ՀԹԿՊ-ն աջակցել է 15 ֆիլմերի ստեղծման աշխատանքներին:

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:
    Դիտվել է 472 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758596061626364