Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շ. Ազնավուր. «Ես չեմ պատրաստվում վերափոխվել»

07.25.2014

Սեպտեմբերի 20-ին, իր 90-ամյակի կապակցությամբ նախատեսված համերգային ծրագրի շրջանակներում, Շարլ Ազնավուրը հանդես կգա Նյու-Յորքում:Այդ մասին «mail.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

«Madison Square Garden» թատրոնի տնօրինությունը, որի բեմահարթակում հանդես է գալու մեծանուն երգիչը, հայտարարել է, որ սա հրաժեշտի համերգ է, որ սա Նյու-Յորքում երգչի վերջին ելույթն է և նշել է, որ սեպտեմբերի 20-ից հետո Ազնավուրը չի պլանավորում այլ ելույթներ ոչ Նյու-Յորքում, ոչ Ամերիկայի այլ քաղաքներում:

«Մի քանի տարի առաջ երկրորդական կարգի ոմն լրագրող հայտարարել էր, որ ես հեռանում եմ բեմից, թեև ես հայտարարել էի, որ պարզապես քիչ եմ հանդես գալու հյուրախաղերով»,- իր էլեկտրոնային հարցազրույցում պատասխանել է Ազնավուրը «Նյու-Յորք թայմս»-ի թղթակցին:

Այնուհետև երգիչը նշել է, որ անտեղյակության և չհասկանալու պատճառով լրագրողը «Քիչ աշխատել» և «բեմին հրաժեշտ տալ» արտահայտությունները նույնականացրել է:

«Այդ նորությունը այս ու այն կողմ է թռել կրակի արագությամբ: Իսկ ես ոչինչ չարեցի, որ սխալն ուղղվի, որովհետև ես սովորություն չունեմ մամուլին բարձրաձայն ժխտել»,-նշել է Շարլ Ազնավուրը:

Հայ մեծանուն երգիչը և կոմպոզիտորն ավելի քան 900 երգերի հեղինակ է: Նա ոչ միայն սեփական այլև ուրիշ երգահանների ստեղծագործությունների անգերազանցելի մեկնաբան-կատարող է: «Նոր գաղափարները, որոնք ծնվում են իմ մեջ, և դրանց վրա կատարած ամենօրյա աշխատանքի պատճառած բավականությունը, ես վստահ եմ, շուտով երգերիս քանակը 1000-ից կանցկացնեն»,- ասել է երգիչը ամերիկյան պարբերականին:

Նրա երգերի հաջորդ ժողովածուում տեղ կգտնեն ոչ միայն անցյալի ստեղծագործությունները, այլև բոլորովին նոր գործեր, որոնք կշոշափեն երգչի արդեն հայտնի երգերի համեմատությամբ բոլորովին նոր թեմաներ: «Ես չեմ վախենում ոչնչից, առավել ևս բառերից: Ես իմ յուրաքանչյուր երգի բառերի, երաժշտության, դրանց կատարման ձևերի մեջ միշտ գնացել եմ ռիսկի: Եվ հավատացեք, ես չեմ պատրաստվում վերափոխվել»,- ասել է Մեծ շանսոնյեն:
    Դիտվել է 568 անգամ