Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է հոլլիվուդյան բոլոր ժամանակների մեծագույն աստղերից մեկը

08.13.2014

Ամերիկացի դերասանուհի Լորեն Բեկոլը, ում Կինոյի ամերիկյան ինստիտուտը համարել է Հոլլիվուդի պատմության մեջ ամենամեծ դերասանուհիներից մեկը, մահացել է կյանքի 90-րդ տարում՝ կաթվածից: Այդ մասին «bbc.co.uk»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Դերասանուհին ծնվել է 1924 թ.-ին՝ Նյու-Յորքում:

Նրան համաշխարհային փառք են բերել այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Մեծ երազ»-ը, «Քի-Լարգո»-ն, «Ինչպես ամուսնանալ միլիոնատիրոջ հետ»-ը, «Հայելին երկու դեմք ունի»-ն և այլն:

Ընդհանրապես Լորեն Բեկոլը նկարահանվել է 30 ֆիլմերում:

Նկարահանման հրապարակներում նրա գործընկերներն են եղել ամերիկյան կինոյի այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Մերիլին Մոնրոն, Բարբարա Սթրեյզենդը, իր ամուսինը՝ Համֆրի Բոգարդը, ում հետ նա խաղացել է 4 ֆիլմերում:

Ի դեպ, այս ամուսինները միմյանց հետ ապրել են մինչև նրանց չի բաժանել անխուսափելին՝ մահը: Դա եղել է 1957թ.-ին, երբ վախճանվեց Համֆրի Բոգարդը: Նրանք ունեցել են երկու երեխա:

Ամուսնու մահից հետո Լորեն Բեկոլը ամուսնացել է երկրորդ անգամ՝ դերասան Ջեյսոն Ռոբարդսի հետ և նրանից ունեցել է ևս մեկ երեխա:

Նրա փառքի երկրորդ ալիքը եկավ 1996թ.-ին, երբ Բարբարա Սթրեյզենդի հետ նկարահանվեց «Հայելին երկու դեմք ունի» ֆիլմում:

Նշենք, որ 2009 թ.-ին Բեկոլը կինոյի զարգացման մեջ կատարած ներդրման համար արժաանացել է «Օսկար»-ի: Իր դերասանական կարիերայի ընթացքում նա արժանացել է երկու «Ոսկե գլոբուս»-ի, երկու թատերական «Թոնի», ինչպես նաև «Սեզար» մրցանակների:

1999թ.-ին ԱՄՆ-ի կինոյի ինստիտուտը Լորեն Բեկոլի անունը գրանցեց Հոլլիվուդի մեծագույն դերասանուհիների ցանկում՝ 20-րդ տեղում:
    Դիտվել է 554 անգամ