Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վրացի հոգևորականները դեմ են, բայց «KaZantip»-ը այսօր երեկոյան կմեկնարկի

08.20.2014


Վրաստանի սևծովյան Անակլիա քաղաքում այսօր երեկոյան տեղի կունենա « KaZantip/Anaklia» երաժշտական փառատոնի բացումը, որին, ընդհանուր առմամբ կմասնակցեն էլեկտրոնային երաժշտության շուրջ 200 օտարերկրյա լավագույն կատարողներ: Այդ մասին «newsgeorgia.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Վրաստանում «KaZantip»-ն անցկացվում է առաջին անգամ, թեև այն համարվում է ավանդական և ունի նախորդ համանման միջոցառումների անցկացման «Z 22» թվագրություն, որը նշանակում է, որ փառատոնն արդեն ավելի քան 20 անգամ տեղի է ունեցել: Բանն այն է, որ « KaZantip»-ը նախկինում անցկացվել է Ղրիմում, սակայն կապված Ոկրաինայում տեղի ունեցող դեպքերի հետ, այն կազմակերպիչները տեղափոխել են Վրաստանի տարածք:

Սակայն, ինչպես հաղորդում է «interfax»-ը, ըստ ամենայնի Վրաստանում բոլորը չէ, որ կիսում են այդ միջոցառումը իրենց երկրում անցկացնելու գաղափարը: Դա նման որոշում կայացնելուց հետո, արդեն մի քանի անգամ, արտահայտվել է հասարակական բողոքի ձևերով, որոնցից վերջինը տեղի է ունեցել երեքշաբթի՝ օգոստոսի 19-ին:

Բողոքի ցույցը տեղի է ունեցել Զուգդիդի քաղաքում՝ հոգևորականների մասնակցությամբ: Նրանք քաղաքի Աստվածամոր տաճարում պատարագ են մատուցել, որից հետո երթով ուղևորվել փառատոնի անցկացման վայր՝ Անակլիա քաղաք:

«Վերջին ժամանակներում հաճախ են հնչում հայտարարություններ այն մասին, որ եկեղեցին դեմ է զվարճանքներին և փառատոներին: Սակայն դա այդպես չի, քանի որ եկեղեցին դեմ է ամենաթողությանը և անբարոյականությանը»,- ասել է հոգևոր առաջնորդ Թեոդորը:

Իսկ փառատոնի կազմակերպիչները պնդում են, որ բողոքողները հավաստի տեղեկատվություն չունեն, թե ինչ է իրենից ներկայացնում «KaZantip»-ը:

«Այստեղ այնպիսի բան չի կատարվում, որ մենք Աստծուց մեր հոգիների փրկություն խնդրենք»,- հայտարարել է «Հանրապետություն-Z» կամ «KaZantip»-ի նախագահ Նիկիտա Մարշունոկը:
Սպասվում է, որ այս փառատոնին, որը կշարունակվի մինչև օգոստոսի 30-ը, կմասնակցի 40-50 հազար հանդիսատես, այդ իսկ պատճառով կարգի պահպանությամբ այստեղ կզբաղվեն առնվազն հազար ոստիկան:

«Հանրապետություն-Z» կամ «KaZantip» էլեկտրոնային երաժշտական փառատոնը մասշտաբներով ամենամեծն է նախկին ԽՍՀՄ-ի տարածքում: Այն առաջին անգամ անցկացվել է 1992թ.-ին՝ Ղրիմում:
    Դիտվել է 519 անգամ