Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Բեռլինի արջեր»-ը շնորհվում էին բացառապես հոլլիվուդյան ֆիլմերին

08.24.2014


2015թ.-ի փետրվարի 5-ից 15-ին կայանալիք Բեռլինի միջազգային կինոփառատոնում պատվավոր մրցանակի կարժանանա գերմանացի լեգենդար ռեժիսոր Վիմ Վենդերսը: Նրան «Ոսկե արջ» մրցանակ կշնորհվի կինեմատոգրաֆում ունեցած մեծ ներդրման համար: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

«Մենք ցանկանում ենք մեր հարգանքն արտահայտել Վիմ Վենգերին, ժամանակակից հեղինակային կինոյի փառաբանված հեղինակներից մեկին: Նրա ստեղծագործությունները բազմակողմանի և բազմաժանր են, նա հանդիսանում է և կինեմատոգրաֆիստ, և լուսանկարիչ, և գրող»,- նշվում է փառատոնի տնօրեն Դիթեր Քոսլիկի մամլո հաղորդագրության մեջ:

Վիմ Վենդերսը համարվում է նրանցից մեկը, ով 70-ական թվականներին հիմնեց 20-րդ դարի գերմանական հեղինակային կինոն: Նա աշխատել է նաև ԱՄՆ-ում, Հարավային Ամերիկայում: Նկարահանել է ինչպես գեղարվեստական, այնպես էլ վավերագրական մոտ 60 ֆիլմ: Դրանցից առավել հայտնիներն են «Ալիսան քաղաքներում» (1974), «Ժամանակի ընթացքում» (1976), «Երկինքը Բեռլինի վրա» (1987) և այլ ֆիլմեր:

Առաջիկա Բեռլինալեում փառատոնի շրջանակներում կանցկացվի այս նշանավոր կինոբեմադրիչի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:

Առաջին Բեռլինալեն տեղի է ունեցել 1951թ.-ի հունիսի 6-ին՝ ԱՄՆ-ի բանակի սպա Օսքար Մարթեյի նախաձեռնությամբ, ով դաշնակից զորքերի կողմից զբաղվում էր կինեմատոգրաֆիայի խնդիրներով: Այն ժամանակ մրցանակները կոչվում էին «Բեռլինի արջեր», որոնք շնորհվում էին բացառապես հոլլիվուդյան ֆիլմերին:

Բեռլինալեն սկսել են ավելի ու ավելի հաճախ համեմատել Կաննի ու Վենետիկի փառատոնների հետ: Այսօր այն, նույնպես, արդեն, աչքի է ընկնում իր մասնակիցների ու հյուրերի ներկայացուցչական կազմով:

2015թ.-ին կայանալիք փառատոնը թվով 65-րդ է: Ամեն անգամ այս հեղինակավոր միջոցառման ժամանակ ցուցադրվում է 400 կինոժապավեն, սեանսերի ժամանակ վաճառվում է մինչև 300 հազար տոմս: Սա աշխարհում կազմակերպվող բոլոր կինոփառատոների հաճախելիության ամենաբարձր ցուցանիշն է:
    Դիտվել է 677 անգամ