Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Համերգ՝ նվիրված Կոմիտասի 145-ամյակին

08.26.2014

«Չեմ կարծում, որ արվեստագետը պիտի դիմի մշակույթի նախարարությանը, մշակույթի նախարարության ֆունկցիաներից մեկը արվեստագետին գտնելն է...» ,-վաղը՝ օգոստոսի 27-ին Կոմիտասի 145-ամյակին նվրված համերգից առաջ ասել է երգիչ, երգահան Վահան Արծրունին: Այդ մասին «Առավոտ» պարբերականի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Թերթը նշում է, որ հայ մեծ կոմպոզիտորին նվիրված միջոցառումը նախաձեռնել են մի խումբ նվիրյալներ, որոնք փորձում են նոր խոսք ասել՝ համախմբվելով «կոմիտասյան երևույթի շուրջը»:

Վահան Արծրունին նաև նշել է, որ այս համերգը կազմակերպելիս նախաձեռնողներին որևէ մեկը չի օգնել, բայց նաև ընդգծել է, որ Կոմիտասի 145-ամյակը պետք է այնպիսի տոն լինի, որ «ամբողջ ազգը ապրի այդ հանգամանքով»:

Ըստ թերթի համերգի մեկ այլ մասնակից՝ կոմպոզիտոր, դիրիժոր, հայկական վոկալի կատարող Գրիգոր Առաքելյանը նշել է, որ բոլոր դասական խմբերը Կոմիտասին ներկայացնում են որպես կոմպոզիտոր, իսկ իրենք իրենց նախաձեռնած համերգում փորձելու են «մատուցել կոմիտասյան մոտեցում և մտածողություն»: Նա նաև ընդգծել է, որ Կոմիտասն իրենց համար «ոչ թե զուտ կոմպոզիտոր է, այլ՝ մտածելակերպ»:

Ավելացնենք, որ համերգը կայանալու է Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Համերգին բացի Վահան Արծրունուց և Գրիգոր Առաքելյանից, հանդես կգան նաև Հասմիկ Բաղդասարյանը ( մեներգ), Էմմանուել Հովհաննիսյանը ( դուդուկ), Նելլի Մանուկյանը (ֆյետա):
    Դիտվել է 517 անգամ