Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դասական պարի բարձունքներից դեպի կինեմատոգրաֆիայի ստորոտներ

09.11.2014

Աշխարհահռչակ պարող, Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչեկոյի անվան երաժշտական թատրոնի առաջատար մենապարող Սերգեյ Պոլունինը որոշել է հրաժեշտ տալ բալետին և փորձել իր ուժերը կինեմատոգրաֆիայի ոլորտում: Այդ մասին թատրոնի տնօրեն Արա Կարապետյանի տարածած տեղեկատվությունը փոխանցում է ,,taglur.am,,-ը՝ հղում անելով ,,РИА Новости,,-ին:

,,Նա գնացել է Հոլլիվուդ, որտեղ պետք է սովորի դերասանական դպրոցում,, ,- ասել է Կարապետյանը և նշել, որ 25-ամյա Պոլունինը բալետում հասել է այն ամենին, ինչը որ կարող է երազել պարողը: ,, Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչեկոյի անվան երաժշտական թատրոնի դռները միշտ բաց կլինեն նրա առջև,, ,- ավելացրել է Կարապետյանը:

Իր կյանքը նոր ուղղությամբ շարունակելու պատրաստվող այս տաղանդավոր երիտասարդը ծնվել է Խերսոն քաղաքում և ավարտել է Կիևի խորեոգրաֆիայի ուսումնարանը: 13 տարեկան հասակում Ռուդոլֆ Նուրիևի հիմնադրամի հովանավորությամբ նա մեկնում է Լոնդոն և ընդունվում Թագավորական բալետի դպրոց, որն ավարտում է 17 տարեկան հասակում և ընդունվում Թագավորական բալետ, որտեղ էլ, 19 տարեկան հասակում, դառնում է այդ թատրոնի պատմության մեջ ամենաերիտասարդ առաջատար մենապարողը: Այնուհետև նա վերադառնում է Ռուսաստան և նույն կարգավիճակով ընդունվում աշխատանքի Մոսկովյան հայտնի երաժշտական թատրոնում:

Ավելացնենք, որ Սերգեյ Պոլունինը, գործնականում կատարել է դասական բալետում գոյություն ունեցող բոլոր առաջատար պարտիաները: Նա բազմաթիվ պարգևների ու մրցանակների դափնեկիր է:
    Դիտվել է 806 անգամ