Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ուկրաինան չի մասնակցի «Եվրատեսիլ -2015»-ին

09.19.2014


ՈՒկրաինան հրաժարվել է մասնակցել 2015 թ.-ին Ավստրիայում կայանալիք «Եվրատեսիլ -2015» երաժշտական մրցույթին: Այդ մասին ուկրաինական «Առաջին ազգային» հեռուստաալիքի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Ուկրանիայի ազգային հեռուստաընկերությունը Եվրոպական հեռահաղորդակցության միության հետ երկկողմանի համաձայնությամբ որոշել է հրաժարվել «Եվրատեսիլ -2015» երաժշտական մրցույթին մասնակցելուց»:

Եվրոպական երգի մրցույթին մասնակցելուց հրաժարվելու պատճառը այդ երկրում տիրող անմխիթար ֆինանսական և քաղաքական իրավիճակն է և դրան գումարվող հակամարտությունը երկրի հարավ-արևելքում: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ուկրաինայի ազգային հեռուստատեսությունում հույս ունեն, որ 2016 թ.-ին նորից կմիանան համաեվրոպական այդ մրցույթին:

«Մենք հասկանում ենք, որ «Եվրատեսիլ»-ը հեղինակության և կերպար ձևավորելու նախագիծ է, սակայն մենք իրավունք չունենք ինչ-որ բան վատ կատարել: Իսկ լավի համար էլ անհրաժեշտ գումար չունենք»,- այսպես են հիմնավորել իրենց հրաժարումը Ազգային հեռուստատեսության ղեկավարները:

Հիշեցնենք, որ Կոպենհագենում կայացած «Եվրատեսիլ -2014» երգի մրցույթում Ուկրաինան ներկայացնող երգչուհի Մարիա Յարեմչուկը գրավել էր 6-րդ տեղը:
    Դիտվել է 516 անգամ