Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այս տարի «Հայ ֆեստը» կրում է «Թատերական իրարանցում» խորագիրը

09.23.2014

2014թ.-ին «Հայ ֆեստ» 12-րդ միջազգային թատերական փառատոնը կկայանա հոկտեմբերի 1- 8-ին: Այդ մեկ շաբաթյա ժամանակահատվածում 18 երկրներից ժամանած 200 մասնակիցները կներկայացնեն ժամանակակից թատերական արվեստի զարգացումների այն որակները, որոնք ձեռք են բերել իրենց գործունեության ընթացքում:

Ինչպես սեպտեմբերի 23-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Հայ ֆեստ» փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը այդ միջոցառման ընթացքում կներկայացվեն թատերական ամենատարբեր ժանրերի ներկայացումներ՝ «և դրամատիկական, և պարային, և երաժշտական, և «storytelling», և վավերագրական, և ծաղրածուական, շարժման կամ ֆիզիկական թատրոններ և էլի որոշակի գեղարվեստական, նորարական ու փորձարարական հատկանիշներով աչքի ընկնող բեմադրություններ:

Ըստ փառատոնի նախագահի «Հայ ֆեստ 2014-ը» նախորդներից տարբերվում է այն բանով, որ առաջին անգամ այս ավանդական միջոցառման ժամանակ հանդես կգան միևնույն անունը կրող երկու տարբեր թատրոններ: Նախկինում նման համընկնումներ եղել են ներկայացումների կամ պիեսների դեպքերում: Սակայն այս անգամ նույնանուն թատրոններից մեկը ներկայացնում է Հունգարիան և կրում է «Լիվինգ փիկչերս» անվանումը, իսկ մյուս խումբը ներկայացնում է Անգլիան և կոչվում է «Լայվինգ փիկչեր»:

Անշուշտ միջոցառման փառատոնային ձևաչափում նույնանուն թատրոնների առկայությունը որպես նորարական շնչառության չափորոշիչ դիտարկելը դժվար զբաղմունք է, սակայն չի կարելի անտեսել, որ թե այդ և թե փառատոնի մյուս թատերախմբերի ներկայացումների նկատմամբ առկա է լինելու անսպասելիին, արվեստի լեզվով մտքին և սրտին հասանելիի հետ հանդիպելու հանդիսատեսի ակնկալիքը:

Այս տարվա «Հայ ֆեստ»-ի ընդգծված կողմերից է այն, որ ռուսական թատերական արվեստը կներկայացվի 4 ներկայացումներով, որոնցից մեկը կոչվում է «150 պատճառ հայրենիքը ատելու համար», որտեղ խոսքը այն մասին է, թե ինչպես էին մարդիկ ապրում Կոստանդնուպոլիսում և ինչպես բարբարոսները եկան և գրավեցին այն:

«Հայ-ֆեստ 2014-ը» աչքի կընկնի նաև ամենտարբեր տարիքային խմբերին հասցեագրված ներկայացումներով, ասաց փառատոնի նախագահը: Բացի այդ, այս տարի զգալի տեղ կզբաղեցնի պարսկական ներկայացումների ծրագիրը, որը աչքի կընկնի ոչ միայ ժանրերի բազմազանությամբ, այլև ներկայացումները հանդիսատեսին մատուցելու ձևաչափերով, օրինակ փառատոնի օրերին պարսիկ դերասանները հանդես կգան նաև բացօթյա ներկայացումներով:

Ինչ վերաբերում է հայկական թատրոնի առկայությանը, ապա փառատոնի նախագահը այն որակեց «հուսադրիչ, հետաքրքիր, կարևոր, նպատակասլաց» և նույն ոգով փնտրված բայց չբարձրաձայնված բառերի զգացմունքայնությամբ: Նրա ասելով դրանք ուսանողական երկու ներկայացումներ են, որոնց որակին համարժեք աշխատանքներ Արթուր Ղուկասյանը տեսել է «Գերմանիայի, Դանիայի, Ռուսաստանի բարձրակարգ թատերական դպրոցներում»: Նշենք, որ դրանցից մեկը տիկնիկային ներկայացում է, որը բեմադրել է դեռևս առաջին կուրսում սովորող Զառա Անտոնյանը:

Արթուր Ղուկասյանը նաև նշեց, որ փառատոնը կշարունակի «քիմիական թեման, էմոցիոնալ սինթեզը»,և ներկայացումների ընթացքում մեկ միասնական միջավար կձևավորի հերոսների և հանդիսատեսների համար: Եվ այդ ելակետից էլ, ինչպես նշեց նա, «Հայ ֆեստ-2014-ը» կրում է «Թատերական իրարանցում խորագիրը:

Ավելացնենք, որ «Հայ ֆեստ» փառատոնն անցկացվում է ՀՀ մակույթի նախարարության աջակցությամբ:


Հեղ.՝ ԹԱԳԼՈՒՐ

    Դիտվել է 491 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337>>հաջորդ