Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նախագահի 72-ամյա այրին ձերբակալվել է բանկային հաշիվները թաքցնելու պատճառով

10.01.2014

Ֆիլիպինների հետաքննությունների ազգային բյուրոյի աշխատակիցները այն տնից, որտեղ ապրում է երկրի նախկին ղեկավար, դիկտատոր Ֆերդինանդ Մարկոսի ընտանիքը, բռնագրավել են ոչ պակաս քան համաշխարհային գեղանկարչության 15 գլուխգործոցներ, որոնք կասկածվում է, որ ձեռք են բերվել պետական միջոցների հաշվին: Այդ մասին «gmanetwork.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Բռնագրավված կտավների մեջ են Պոլ Գոգենի («Նատյուրմոտ»), Ֆրանսիսկո Գոյայի («Մարկիզ Սանտա-Կրուզի դիմանակարը»), Միքելանջելո Բուոնարոտիի (Տիրամայրը երեխայի հետ»), Պաբլո Պիկասոյի («Պառկած կին VI») և այլ աշխատանքները: Ասենք, որ հետաքննությունների բյուրոյում դեռ պիտի պարզեն, արդյո՞ք բոլոր աշխատանքներն են գնված պետական փողերով և, որ դրանք իրո՞ք բնօրինակներ են: Այդ իսկ պատճառով կալանված նկարների իրական արժեքի մասին դեռ ոչինչ չի ասվում:

Մարկոսի 85-ամյա կինը ապրում է ֆիլիպինցի նախկին դիկտատորի՝ Սան Ջուան-Սիթիում գտնվող տանը, որն էլ իրավապահների կողմից ենթարկվել է խուզարկության ավելի քան 7 ժամ շարունակ:

Սկզբում դատարանը թույատրել է կալանել եվրոպացի վարպետների վրձնին վերագրվող 8 գեղանկար, սակայն խուզարկության ընթացքում հայտնաբերվել է մի սենյակ, որը լիքն է եղել Մարկոսի ընտանիքի կողմից ձեռք բերված արվեստի գործերով: Դրանց մեջ եղել են նաև Պիեռ Բոննարի, Քամիլ Պիսարոյի, Խուան Միրոյի և էլի մի շարք մեծ արվեստագետների գործեր:

Բոլոր բռնագրավված արվեստի գործերը այժմ տեղափոխվել և պահվում են Ֆիլիպինների կենտրոնական բանկում:

Ֆերդինանդ Մարկոսը (1917-1989) Ֆիլիպինների 10-րդ նախագահն էր: Նա երկրի ղեկավար է դարձել 1986 թ.-ին, որից հետո իր պաշտոնին մնացել է 21 տարի: Այդ տարիներից 15-ում նա իր նախագահությունն իրականացրել է երկրում սահմանված զինվորական դիկտատուրայի ռեժիմում: Ժողովրդական զանգվածային հուզումները ստիպեցին, որ 1986-ին Մարկոսը լքի երկիրը և ապաստան գտնի ԱՄՆ-ում: Այստեղ ապաստանելուց 3 տարի անց էլ նա վախճանվել է:

Փորձագետների կարծիքով Մարկոսն ու իր շրջապատը բռնատիրության ժամանակաշրջանում պետական միջոցներից յուրացրել են ավելի քան 10 մլրդ դոլար: Այդ գումարից պետական գանձարան է վերադարձվել միայն շատ փոքր մի հատված: Նշենք, որ նախագահի և նրա ընտանիքի անդամների բանկային հաշվեհամարներում հաշվառվել է շուրջ 6,5 մլրդ դոլար:

Նախագահ Մարկոսի մահից երկու տարի հետո նրա կինը՝ Իմելդա Մարկոսը վերադառնում է հայրենիք և սկսում զբաղվել քաղաքականությամբ: 2001 թ.-ին 72-ամյա այրին ձերբակալվում է պաշտոնական անձանց կաշառք տալու և շվեյցարական դրամատներում տարբեր բարեգործական հիմնադրամների անվան տակ ընտանիքի անդամներին պատկանող բանկային ոչ պակաս քան 4 հաշիվները թաքցնելու մեղադրանքով: Սակայն ձերբակալության օրն իսկ նա ազատ է արձակվում՝ ընդամենը 2400 դոլար գրավի դիմաց:

Իմելդան ժխտում է, որ իր նախկին ամուսինը միլիոնավոր դոլարները ձեռք է բերել անօրինական ճանապարհներով և պնդում է, որ նա բավականին հարուստ է եղել դեռ մինչև երկրի ղեկավար դառնալը:

Մարկոսների կլանը մինչև այսօր էլ ֆիլիպինցիների մի զգալի հատվածի մեջ վստահություն է վայելում: Հայրենիք վերադառնալուց հետո Իմելդան երեք անգամ ընտրվել է երկրի խորհրդարանի պատգամավոր: Վերջին անգամ նա ներկայացուցիչների պալատի անդամ է դարձել 2013 թ.-ին:
    Դիտվել է 474 անգամ
    <
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758