Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ցարի և պարուհու սիրո պատմությունը և Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերը

10.15.2014

Սանկտ-Պետերբուրգցի կինոռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելը նախապատրաստվում է նկարահանանել ֆիլմ ռուսական ցար Նիկոլայ 2-րդի և ժամանակի կայսերական բալետի հայտնի պարուհի Մաթիլդա Քշեսինսկայայի սիրո պատմության վերաբերյալ: Այդ մասին մի շարք ռուսական լրատվամիջոցների տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ռեժիսորը նշել է, որ այդ պատմության նկարահանման համար պատրաստված դեկորացիաներից մեկը՝ Ուսպենսկի տաճարի կրկնօրինակն այնքան տպավորիչ է, որ արժանի է, որ վերածվի թանգարանի: Այն պատրաստվել և այժմ էլ գտնվում է Պետերբուրգի «Սեվերնայա» գործարանում: Նախատեսված է, որ տաճարին վերաբերող համապատասխան տեսարանները հենց գործարանային տարածքում էլ կնկարահանվեն:

Իսկ գլխավոր հերոսուհու դերակատարի մասին Ուչիտելը հայտնել է իր համոզմունքը, որ այն պետք է խաղա, անպատճառ, բալետի այնպիսի պարուհի, ով օժտված է հիանալի դրամատիկական ունակություններով: Նա նույնիսկ նշել է, որ Քշեսինսկայայի դերակատարը պետք է ունենա նույնպիսի որակներ, ինչպիսին, օրինակ, ուն 2014թ-ի փետրվարի 7-ին Սոչիի օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ խաղաղության աղավնու պարը կատարողը՝ պարուհի Դիանա Վիշնյովան: Իսկ թե ով վերջնականապես կհաստատվի այդ դերում, ռեժիսորն այժմ գաղտնի է պահում:

Մասնագիտական շրջանակներում կինոնկարի հետաքրքրական անակնկալներից մեկն էլ այն է, որ այստեղ կերպարներից մեկը կմարմնավորի Բեռլինի թատրոնի գեղարվեստական ղեկավար, աշխարհահռչակ ռեժիսոր Թոմաս Օսթերմայերը: Ի դեպ, Ուչիտելը նշում է, որ թատրոնի ռեժիսորը, պարզվում է, որ նաև հետաքրքիր կինոդերասան կարող է լինել:

Ավելացնենք, որ ֆիլմի համար գնվել է 17 տոննա գործվածքեղեն: Իսկ որպեսզի ոսկե իրերը հավաստի տեսք ունենան, բոլոր անհրաժեշտ նյութերի պատրաստումը պատվիրվել է Հնդկաստանում:
    Դիտվել է 714 անգամ