Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վառել է իրեն 80 հազար դոլար մրցանակ բերած վեպի նախորդ 5 տարբերակները

10.15.2014


Անգլերեն լեզվով հրատարակվող գրական ստեղծագործությունների հեղինակավոր Բուքերի մրցանակին (Man Booker Prize-ին) 2014 թ.-ին արժանացել է Ավստրալիացի գրող Ռիչարդ Ֆլենագանի «Դեպի հեռավոր հյուսիս տանող նեղ ճանապարհը» (The Narrow Road to the Deep North) վեպը:

Այդ մասին հայտարարությունը հնչել է երեքշաբթի՝ հոկտեմբերի 14-ին, Լոնդոնի «Հիլդհոլլ» ռատուշայում:

Մրցանակը Ֆլենագանին է հանձնել թագաժառանգ Չարլզի տիկին, Քորնուելի հերցոգուհի Քամիլլան: Գրողին է հանձնվել նաև 50 հազար ֆունթ սթերլինգի (80 հազար Դոլարի) կտրոն:

Հեղինակավոր մրցանակի մնացած 5 թեկնածուներին տրվել է 2,5 հազար ֆունթ սթերլինգ (4 հազար դոլար):

Ռիչարդ Ֆլենագանի «Դեպի հեռավոր հյուսիս տանող նեղ ճանապարհը» վեպի գործողությունները տեղի են ունենում 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ դաշնակիցների գերված զինվորների ճապոնական համակենտրոնացման ճամբարում: Անազատության մեջ հայտնված զինվորները կառուցում են Բիրման Թաիլանդին կապող երկաթգիծը, որը հայտնի է «Մահվան ճանապարհ» անունով: Հեղինակի հայրը եղել է այդ ճամբարի բանտարկյալներից մեկը: Այս գիրքը գրելու համար Ֆլենագանից պահանջվել է 12 տարի:

Գրողն ասել է, որ ինքը վառել է այս վեպի նախորդ 5 տարբերակները և ավելացրել. «Լավ գրողը լավ աղբամանի կարիք ունի»: Նա ասել է, որ իր հոր փորձը շատ է ազդել վեպի վրա: «Ինչ-որ մի որոշակի պահի ես հասկացա, որ եթե շարունակեմ գրել այս գիրքը, ապա ստիպված եմ լինելու այն ավարտել: Ես չեմ կարծում, որ ես առանձնահատուկ կերպով էի ցանկանում այն գրել, սակայն ես հասկացա, որ դա հենց այն գիրքն է, որը ես պետք է ավարտեմ, որպեսզի շարունակեմ գրել»,-ասել է Ֆլենագանը:

Նա նաև ասել է, որ իրեն տրված մրցանակային ֆոնդը հնարավորություն կտա շարունակել գրելը:

Բուքերի մրցանակի կարճ ցուցակում տեղ էին գտել այն ստեղծագործությունները, որոնք անդրադառնում են ներկա ժամանակաշրջանին: Նախկին մրցույթների ժամանակ այս մրցանակաբաշխության մեջ գերիշխում էին պատմական ստեղծագործությունները:

Նախկինում բրիտանական այս մրցանակը շնորհվում էր միայն անգլերեն լեզվով գրված Բրիտանիայում, Իռլանդիայում և Համագործակցության երկրներում ստեղծագործող հեղինականերին: Այս տարի մրցույթին մասնակցելու իրավունք էր տրվել ցանկացած երկրի գրողի, ով ստեղծագործում է անգլերեն:

2013 թ.-ին Բուքերյան մրցանակը շնորհվել էր նոր զելանդացի գրող Էլեոնորա Քաթոնին իր «Լուսատու» վեպի համար:
    Դիտվել է 847 անգամ