Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դերասանուհին մահացել է բժիշկների անփութության և դանդաղկոտության պատճառով

11.11.2014

Ամերիկացի դերասանուհի Ջոան Ռիվերզը զոհվել է բժիշկների դանդաղկոտության և անփութաջանության պատճառով: Այդ մասին համացանցային «TMZ» պարբերականի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:
Նյու-Յորք նահանգի առողջապահության և սոցիալական ապահովության փորձագետները հիվանդի պատմության գրառումներում չեն գտել նրա քաշը ստուգելու մասին պարտադիր գրանցումը՝ մինչև նրան ուժեղ ներգործող հանգստացնող պրոպոլ պրեպարատի ներարկումը: Բացի այդ, համակարգիչների տվյալները վկայում են, որ ներարկված դեղի չափաքանակը գերազանցել է թույլատրելի առավելագույն նորմը:

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ փորձագետներին հաջողվել է պարզել, որ բժիշկները ժամանակին չեն նկատել հիվանդի ինքնազգացողության վատանալը և շարունակել են պլանավորված արարողությունները, թեև Ռիվերզի արյան մեջ թթվածնի մակարդակը կտրուկ ընկել է:

Ավելի վաղ ոստիկանության բաժանմունքում հայտնել էին, որ դերասանուհին մահացել է թթվածնի սուր անբավարարության և դրան հաջորդած ուղեղին հասցված անուղղելի վնասի հետևանքով:

Հայտնի կատակերգուհին և հեռուստահաղորդավարուհին վախճանվել է սեպտեմբերի 4-ին, Նյու-Յորքում, 81 տարեկան հասակում: Օգոստոսի 28-ին, Նյու-Յորքի կլինիկաներից մեկում նրա ձայնալարերի հյուսվածքների հետ կապված արարողության ժամանակ, Ռիվերզի սիրտը կանգ է առել և նրան արագ տեղափոխել են «Mount Sinai» բժշկական կենտրոն, սակայն նրան չի հաջողվել վերակենդանացնել:

Ջոան Ռիվերզը ծնվել է Նյու-Յորքում, 1933 թ.-ին: 1960-ական թվերից նա սկսել է հանդես գալ մասսայականություն վայելող հեռուստահաղորդումներում: 1968 թ.-ին առաջին անգամ մուտք է գործել նաև կինոյի ոլորտ: Առաջին ֆիլմը որտեղ նա նկարահանվել է «Լողորդ» կինոնկարն է: Վերջին ֆիլմը, որտեղ նա հանդես էր գալիս, նկարահանվել է 2012 թ.-ին և ուներ «Մեռնելու աստիճան գեղեցիկ» վերնագիրը:

    Դիտվել է 779 անգամ