Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երաժշտությունը նյութականացրել են ավազի, ջրի և կրակի միջոցով

11.17.2014

Նյու-Յորքում բնակվող ռեժիսոր Շահիրիմ Դաուդը նկարահանել է մի տեսահոլովակ, որտեղ փորձել է ժամանակակից տեխնիկական միջոցների և տեխնոլոգիաների կիրառմամբ պատկերել երաժշտության ու հնչյունների տեսանելի պատկերը:

Այդ գաղափարը նրա մոտ ծնվել է այն ժամանակ, երբ աշխատելիս է եղել երաժիշտ Նիգել Սթենֆորդի վերաբերյալ տեսակլիպի վրա:

Սթենֆորդը պատմել է, որ նման տեսահոլովակ ստեղծելու գաղափարը ծնվել է դեռևս 1999 թ.-ին, երբ ինքն իմացել է սինեսթեզիայի մասին (այն մասանավորապես նախատեսում է մի սկզբունք, ըստ որի մարդը կարող է երաժշտությունն ընկալել գույնի միջոցով և հակառակը):

Իսկ 2003 թ.-ին Սթենֆորդը ծանոթանում է կիմատիկային, այն գիտությանը, որը ուսումնասիրում է ձայնը և նրանից առաջացող վիբրացիան:

10 տարի անց նա գալիս է Դաուդի մոտ և առաջարկում նկարահանել տեսահոլովակ՝ զանազան ֆիզիկական և կիմատիկական էֆեկտների փորձարկման ցուցադրմամբ: Երաժշտի կարծիքով տեսահոլովակի ստեղծման ամենից հետաքրքիր պահն այն է, որ նրա ձայնաերիզն ինքը գրել է տեսագրությունն ու դրա մոնտաժն ավարտելուց հետո:

Տեսահոլովակի նկարահանումները սկսվել են 2013 թ.-ի վերջին: Բոլոր փորձերը ընթացել են այնպես, ինչպես իրենք նախատեսել էին: Օրինակ, Խլադնիի ափսեում նախշերը ստանալու համար անհրաժեշտ է եղել հստակ որոշել, թե որքան պետք է լինի ավազի քանակը: Կամ ջրի ալիքաձև շիթը հավասարաչափ թափվելու տեսարանը ստանալու համար պահանջվել է այնպիսի ձայն, որի հաճախականությունը չպետք է համապատասխաներ նկարահանող խցիկի հաճախականությանը, հակառակ դեպքում ջրի շիթի ճկումները տեսագրության մեջ հավասարաչափ չէր պատկերվի: Իսկ ֆերոմագնիսական լուծույթի փորձարկման համար պարզվել է, որ անհրաժեշտ է չափազանց մեծ հզորության մագնիս, որը նրանք չէին կարող իրենց թույլ տալ:

Բայց այն, ինչ ստացվել է ավազի, ջրի ու կրակի միջոցով ձայնը տեսանելի դարձնելու փորձարարության արդյունքում, արժանի է ուշադրության:

Տեսանյութեր

Դիտվել է 694 անգամ