Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հյուսիսային Կորեան ԱՄն-ին առաջարկել է հակերային գրոհի գործը հետաքննել համատեղ

12.22.2014


Կորեայի –ժողովրդադեմոկրատական հանրապետության (ԿԺԴՀ )իշխանություններն ԱՄՆ-ին առաջարկել են միասին հետաքննել «Sony Pictures» կինոընկերության վրա հակերային գրոհի գործը: Այդ մասին Հյուսիսային Կորայի կենտրոնական տեղեկատվական գործակալության հաղորդումը փախանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «Interfax»-ին:

Հաղորդագրության մեջ նշվում է ԿԺԴՀ-ի Արտաքին գործերի նախարարության մտահոգությունն այն մասին, որ նման հետաքննություն անցկացնելու առաջարկությունից հրաժարվելու դեպքում «անխուսափելի լուրջ հետևանքներ կծագեն»:
Նշենք, որ, ընդհանրապես, Հյուսիսային Կորեայում շատ սուր արձագանք է գտել կինոկատակերգության նկարահանման փաստը և այն դիտարկվում է, որպես այդ երկրի ղեկավարին հասցված անձնական վիրավորանք:

Հիշեցնենք, որ Սեթ Ռոգենի և Ջեյմս Ֆրանկոյի մասնակցությամբ նկարահանված «Հարցազրույց» կինոկատակերգությունը, ներկայացնում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Չեն Ինին:

Այն ցուցադրում է, թե ինչպես երկու ամերիկացի լրագրողներ պատրաստվում են հարցազրույց ունենալ առաջնորդի հետ, սակայն ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունից հանձնարարություն են ստանում սպանել նրան:

Այս ֆիլմի սյուժեն դեռ ամռանից սկսել էր անհանգստացնել Հյուսիսային Կորեայի պաշտոնյաներին և նրանք ֆիլմը նկարահանող «Sony» ընկերությունից դեռ այն ժամանակ պահանջում էին դադարեցնել կինոնկարի արտադրությունը:

Ֆիլմը արտադրվեց, սակայն ցուցադրությունն, այնուամենայնիվ, չկայացավ: Դրա պատճառը հակերների կողմից արված հայտարարություններն են կինոնկարը ցուցադրող կինոթատրոններում ահաբեկչական գործողություններ կատարելու վերաբերյալ:

Այս ֆիլմի ցուցադրության հետ կապված աղմուկի առիթով հայտարարությամբ հանդես է եկել նույնիսկ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ով ասել է, որ «Մենք չենք կարող ապրել մի հանրության մեջ, որտեղ բռնակալը թելադրում է գրաքննության կանոնները: Թեև խոսքն ընդամենը կատակերգության մասին է»:
    Դիտվել է 510 անգամ