Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռուսաստանի զինված ուժերը հանդես են եկել նոր մշակութային նախաձեռնությամբ

12.29.2014


Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը (ՊՆ) պլանավորում է 2015թ.-ին անցկացնել զինվորական երաժշտական համույթների միջազգային մրցույթ, որը համեմատելի կլինի Եվրատեսիլի հետ: Այդ մասին Ռուսաստանի ՊՆ-ի մշակույթի վարչության ղեկավար Անտոն Գուբանկովի տեղեկատվությունը հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА Новости»-ին:

«Մենք հիանալի նախագիծ ունենք, որի իրականացումը կսկսենք եկող տարի: Կարելի է ասել, որ դա կլինի Եվրատեսիլի նման, բայց բանակային յուրահատկությամբ: Մենք ցանկանում ենք մոսկովյան բեմի վրա հավաքել զինվորական երգի ու պարի առաջատար համույթներ ողջ աշխարհից»,- հայտարարել է Գուբանկովը:

Նա բացատրել է, որ ի տարբերություն մեկ այլ հայտնի «Սպասկայա բաշնյա» միջազգային զինվորական երաժշտական մրցույթի՝ զինվորական Եվրատեսիլում կներկայացվեն վոկալ և պարային համարներ:

Նա նաև հույս է հայտնել, որ չնայած միջազգային բարդ իրավիճակին, այնուամենայնիվ, բոլոր հրավիրված համույթները կընդունեն իրենց հրավերը:

Նշենք, որ 2014 թ.-ի սեպտեմբերին Մոսկվայում կայացած «Սպասկայա բաշնյա» միջազգային զինվորական երաժշտական փառատոնում առաջին անգամ հանդես եկած Հայաստանը ներկայացրել են «Մենք» հիմնադրամի ներքո գործող «Երևանյան թմբուկներ» թմբկահարների խումբը՝ Սոֆի Դևոյանի ղեկավարած «Արմելադ» պարային համույթի հետ համատեղ:
    Դիտվել է 783 անգամ