Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նա նաև կոտորել է տանտիրոջ համար վառելափայտ, եղել՝ ջրկիրը

01.13.2015

Գրականության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր նշանավոր բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկու աքսորման ժամանակաշրջանին նվիրված թանգարանը Արխանգելսկի մարզի Նորինսկ գյուղում կբացվի ապրիլ ամսին: Այդ մասին նահանգապետ Իգոր Օռլովի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Նահանգապետի ասելով գյուղական համեստ տունը, որտեղ անցել է բանաստեղծի աքսորի ժամանակաշրջանը, վերականգնվել է: «Վստահ եմ, այս տեղը կդառնա ձգողական վայր բոլոր նրանց համար ովքեր սիրում են Բրոդսկուն»,-նշել է Օռլովը:

Խրճիթի սրահը, որտեղ Տաիսիա Պեստերևան օթևանել է ապագա համաշխարհային մեծությանը, վերականգնվել է պատմական լուսանկարների միջոցով: Թանգարանի ստեղծման համար ընդհանուր առմամբ իրացվել է 4,5 մլն ռուբլի:
Իոսիֆ Բրոդսկին ձերբակալվել է 1964 թ.-ին՝ մեղադրվելով ձրիակերության մեջ: Լենինգրադի քաղաքային դատարանը նրան դատապարտել է 5 տարվա աքսորի:

Արխանգելսկի մարզում խնամքով են վերաբերում բանաստեղծի հիշատակին: Ամեն տարի Կոնոշսկի շրջանում, որտեղ իր աքսորն է անցկացրել բանաստեդծը կազմակերպվում են նրան նվիրված միջոցառումներ, գրական երեկույթներ, քննարկումների ակումբներ, կոնֆերանսներ:

Բրոդսկին աքսորավայրում թեև բանաստեղծություններ է գրել և նույնիսկ տպագրվել տեղի թերթում, սակայն հանապազօրյա հաց վաստակել է տեղի ֆերմայում բանվորություն անելով, կոլխոզի մեխանիզատորի օգնական աշխատելով, տեղի կենցաղի տան համար շրջիկ լուսանկարիչ ծառայելով: Գյուղերում նա պատվերով լուսանկարել է հարսանիքներ, թաղումներ, ընտանեկան հանդիսություններ, արել է նաև ֆոտոներ փաստաթղթերի համար: Նա նաև կոտորել է տանտիրոջ համար վառելափայտ, եղել՝ ջրկիրը:

Ժամանակակիցները վկայում են, որ քաղաքային կյանքին սովոր բանաստեղծը դժվար է տարել գյուղական կյանքի անհարմարությունները և գյուղացու ֆիզիկական ծանր աշխատանքը: Հենց այդ ժամանակ էլ բանաստեղծի մոտ ի հայտ են գալիս սրտի հետ կապված հիմնախնդիրներ:

Աքսորավայրում Բրոդսկին, այնուամենայնիվ, կարողացել է պահպանել իր կապը գրքերի ու գրական տպագիր խոսքի հետ, նա հաճախ էր ժամանակը անցկացնում շրջանային գրադարանում:

Չնայած աքսորավայրում նրան հասած զրկանքներն ու ապրումները ծանր էին, սակայն հետագայում Բրոդսկին այդ ժամանակաշրջանը հիշում էր ջերմությամբ: «Իմ կյանքի լավագույն փուլերից մեկը: Եղել են ոչ ավելի վատերը: Բայց ավելի լավ, հավանաբար, չի եղել»,- գրել է նա:

1972 թ.-ին բանաստեղծը ստիպված էր մշտապես հեռանալ հայրենիքից:

Բրոդսկին մահացել է 1996թ.-ին, Նյու-Յորքում:
    Դիտվել է 394 անգամ
    1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556575859606162636465666768697071727374757677787980818283