Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այսօր Հունաստանում մեկնարկում է Պատրայի մեծ դիմակահանդեսը

01.17.2015


Այսօր Հունաստանի Պելոպոնես թերակղզու հյուսիս-արևմտյան մասում գտնվող Պատրա քաղաքում բացվում է այդ երկրում ամենամասսայական դիմակահանդեսը: Քաղաքի փողոցներով կանցնի մունետիկը և կազդարարի միջոցառման սկիզբը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА Новости»-ին:

Սակայն իրերի անհաջող դասավորության պատճառով դիմակահանդեսի բացումը և փակումը հավանաբար հնարավոր չի լինի հեռարձակել հեռուստատեսությամբ: Նման անհաջողություն այս միջոցառման պատմության վերջին 30 տարվա մեջ դեռ չէր արձանագրվել:

Բանն այն է, որ հունվարի 25-ին Հունաստանում նշանակված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ և լրատվամիջոցները քաղաքական այդ կարևոր գործընթացի լուսաբանման հարցերին շատ ավելի մեծ նշանակություն և ուշադրություն են հատկացնում :

Պատրայի դիմակահանդեսին մասնակցում են ոչ միայն պելոպոնեսցիները, այլև բազմաթիվ հյուրեր ու տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ: Միայն դիմակահանդեսի վերջին շաբաթվա ընթացքում Պատրա են ժամանում ավելի քան 300 հազար զբոսաշրջիկներ, որը 1,5 անգամ գերազանցում է տեղի բնակչության թվաքանակը:

Ամենուր վաճառվում են դիմակներ, կեղծամեր, գույնզգույն զգեստներ, սրճարանները լցված են ուրախ ժամանց վայելող մարդկանց բազմություններով:

Միջոցառումները, որոնց ընթացքում նախատեսվում են ամենազանազան մշակութային իրադարձություններ, կշարունակվեն մինչև Մեծ պասի սկիզբը, որը Հունաստանում սկսվում է փետրվարի 22-ից: Պատրայի միջոցառման ավարտը կպսակվի հսկայական երթով, որին կմասնակցեն ամենատարբեր հանդերձներով ու դիմակներով կերպարանափոխված տասնյակ հազարավոր մարդիկ:

Անցյալ տարի դիմակահանդեսի եզրափակիչ շքերթին մասնակցել է 30 հազար մարդ, համապատասխան բեմականացումներով անցել է 125 շարժական բեմահարթակ: Գունեղ երթը կավարտվի Պատրայի ծովախորշում դիմակահանդեսի Արքայի խրտվիլակն այրելով:

180 տարվա պատմություն ունեցող դիմակահանդեսի բոլոր ծախսերը կատարվում են հովանավորների նվիրատվություններով:

Նշենք, որ այս դիմակահանդեսի ծագումնաբանության հիմքում ընկած են Պատրայի հետ ավանդական առևտրատնտեսական սերտ կապեր պահպանող իտալական Վենետիկ քաղաքում անցկացվող այսպիսի միջոցառումների հին ավանդույթները:
    Դիտվել է 789 անգամ