Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Գլադիատոր»-ի դերասանը Թուրքիայում նկարահանել է փաստերը խեղաթյուրող կինոնկար

01.23.2015

Ավստրալիացի դերասան Ռասել Քրոուի «Ջուր որոնողը» կինոնկարը մեծ աղմուկ է բարձրացրել հայկական և հունական սփյուռքում: Դարդանելի ճակատամարտի մասին պատմող ժապավենի ծանուցման մեջ ներկայացվում է, որ ժապավենը փաստավավերագրական է, պատմում է հայերի և հույների ցեղասպանության մասին: Սակայն դեկտեմբերին Ավստրալիայում և Թուրքիայում անդրանիկ ցուցադրություններից հետո հանդիսատեսները պարզել են, որ ֆիլմն, իրականում, պատմական եղելությունները ներկայացնում է խեղաթյուրված, իսկ թուրքերն էլ՝ այնտեղ հանդես են գալիս որպես... զոհեր: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «akunq.net»-ին:

Հայկական և հունական սփյուռքը նամակներով դիմել է տարբեր լրատվամիջոցների, ինչպես նաև ֆիլմի արտադրության պատասխանատուներին՝ պահանջելով չցուցադրել պատմական փաստերը խեղաթյուրող թրքամետ կինոնկարը:

Սփյուռքի հայկական «Հորիզոն» շաբաթաթերթը նշում է, որ այդ ֆիլմը ոտնահարում է Ցեղասպանությունը վերապրած հայերի և հույների սերունդների զգացմունքները: «akunq.net»-ը մեջբերելով այդ շաբաթաթերթում տպագրված նամակներից մեկի տողերը, նշում է, որ«Եթե նկարահանվեր մի ժապավեն, որտեղ Ադոլֆ Հիտլերը կներկայացվեր որպես հերոս, իսկ հրեաները՝ ահաբեկիչ, բոլորը ջլախտի կմատնվեին»:

Պարբերականը գրում է, որ «Ջուր Որոնողը» ֆիլմը այդ ձևով ոչ միայն խեղաթյուրում է փաստերը, այլև գոտեպնդում է Թուրքիային՝ թույլ տալով նրան «շարունակելու ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը»:

Այս կինոնկարը Ռասել Քրոուն բեմադրել և նկարահանել է Թուրքիայում: Նա նաև գլխավոր դերակատարն է, իսկ խաղընկերները հիմնականում թուրք դերասաններ են:

Հաղորդվում է, որ ֆիլմն ավստրալիական վարձույթում արդեն հավաքել է 10 մլն դոլարի եկամուտ:

Այժմ հայ և հույն հանրությունները սպասում են հոլլիվուդյան աստղի պատասխանին՝ իր նկարահանած այս ֆիլմի առնչությամբ:
    Դիտվել է 691 անգամ