Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

2014 թ.-ի արտադրության լավագույն ռուսական ֆիլմը «Արևի հարված»-ն է

01.24.2015


Նախօրեին Մոսկվայում, «Մոսֆիլմ» կինոընկերության ամենամեծ, առաջին տաղավարում կայացել է «Զոլոտոյ օրյոլ» («Ոսկե արծիվ») կինոմրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Այն թվով 13-րդն էր: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին:

Միջոցառումը բացել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, ով նաև ներկայացրել է երկրի ղեկավարի ողջույնի խոսքը:

«Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում գլխավոր մրցանակի համար պայքարել են 5 ֆիլմեր՝ Ստանիսլավ Գովորուխինի «Weekendа»-ն, Անդրեյ Զվյագինցևի «Լևիաֆան»-ը, Անդրեյ Կոնչալովսկու «Փոստատար Ալեքսեյ Տրոպիցինի սպիտակ գիշերները», Աննա Մելիքյանի «Աստղ»-ը, և Նիկիտա Միխալկովի «Արևի հարված»-ը:

2014 թ.-ի լավագույն ֆիլմ է ճանաչվել Նիկիտա Միխալկովի «Արևի հարված» գեղարվեստական կինոնկարը: Այս կինոնկարի երաժշտությունը նույնպես ճանաչվել է լավագույնը և «Ֆիլմի լավագույն երաժշտություն» անվանակարգում կոմպոզիտոր Էդուարդ Արտեմևը ստացավ իր մրցանակը:

«Կինոյում լավագույն կնոջ դերակատար» անվանակարգում մրցանակը բաժին է հասել «Լևիաֆան» ֆիլմում նկարահանված Ելենա Լյադովային, իսկ նույն անվանակարգում, բայց տղամարդ դերասանի համար մրցանակը շնորհվել է «Կինո Ալեքսեևի մասին» ֆիլմում գլխավոր դերակատար Ալեքսանդր Զբրուևին:

«Լավագույն հեռուստատեսային ֆիլմ կամ մինիսերիալ» է ճանաչվել Վլադիմիր Խոտինենկոյի «Չար ոգիներ»-ը (մինչև 10 սերիա):

«Լավագույն հեռուստասերիալ» անվանակարգում (10 սերիայից ավելի) հաղթել է ռեժիսոր Վալերի Տոդորովսկու «Հալոցք» կինոնկարը: Իսկ այս ֆիլմում նկարահանված Վիկտորիա Իսակովան արժանացել է «Հեռուստատեսության լավագույն արտիստուհի» մրցանակին: Տղամարդկանցից լավագույնը ճանաչվել է Եվգենի Ցիգանովը, ով նույնպես նկարահանվել էր «Հալոցք» սերիալում:

Հայտնի կինոռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինը մրցանակի արժանացավ ռուսական կինեմատոգրաֆիայում կատարած ներդրման համար:

Գովորուխինը, ով նաև ՌԴ Պետդումայի մշակույթի հանձնաժողովի նախագահն է, ընդհանուր առմամբ նկարահանել է 15 գեղարվեստական և 4 հրապարակախոսական ֆիլմ: Նա նաև 14 սցենարի և 3 գրքի հեղինակ է:

Մրցանակաբաշխության ժամանակ «Մոսֆիլմ» կինոստուդիայում հանդիսության հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգել են կյանքից օրերս հեռացած դերասանուհի Ռիմա Մակարովայի և օպերային երգչուհի Ելենա Օբրազցովայի հիշատակը:
    Դիտվել է 672 անգամ