Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վրաստանում մեկնարկել է «Էքսկուրսիա թատրոններով» մասշտաբային նախագիծը


Վրաստանում հանրակրթական դպրոցներում սովորողների համար մեկնարկել է «Էքսկուրսիա թատրոններով» մասշտաբային նախագիծը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «newsgeorgia.ru»-ին:

Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության ու գիտության ևկրթության նախարարությունների նախաձեռնած միջոցառման գլխավոր նպատակն է պատանիների մեջ ներարկել սեր դեպի թատրոնը:

Վրաստանում բնակվող ցանկացած պարմանի և պարմանուհի, ով նախապես կլրացնի մշակույթի նախարարության պաշտոնական կայքում զետեղված համապատասխան հարցաթերթիկը, այդ նախագծի շրջանակներում հնարավորություն կստանա այցելել երկրի տարածքում գործող ցանկացած թատրոն, դիտել այդ մշակութային հաստատության կուլիսային կյանքը, լինել դերասանների դիմահարդարաններում, մոտիկից ուսումնասիրել ներկայացումների դեկորացիաները, ծանոթանալ ձայնային և լուսային տեխնիկայի աշխատանքին:

Դպրոցահասակ թատերասերները կշփվեն նաև այնպիսի մարդկանց հետ, ովքեր նրանց կպատմեն հետաքրքիր եղելություններ ու փաստեր թատրոնի մասին: Բացի այդ, նրանք կծանոթանան արխիվային նյութերի, ներկա կլինեն ներկայացումների փորձերին, կհանդիպեն դերասանների ու ռեժիսորների հետ:

Վրաստանի մշակույթի նախարար Միխայիլ Գեորգաձեի ասելով, այս նախագիծը շատ կարևոր է երիտասարդության մեջ ճիշտ ճաշակ ձևավորելու և արվեստի նկատմամբ սեր արթնացնելու համար: «Առաջին փուլում մեր նախաձեռնությանը միացան 11 թատրոն: Հետագայում մենք պլանավորում ենք այս նախագծի մեջ ներքաշել Վրաստանի բոլոր, հատկապես, տարածաշրջանների թատրոններին»,- նշել է նախարարը:

Ավելացնենք, որ դպրոցականների համար նախարարությունը որոշում է կայացրել, նրանցից թատրոնների տոմսերի պատվերներ ստանալու դեպքում, կատարել 50 տոկոս զեղջ:
    Դիտվել է 1079 անգամ
    123456789