Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայաստանը նույնպես հավանություն է տվել ֆիլմի ցուցադրությանը ՄԱԿ-ում

Երեքշաբթի Միացյալ ազգերի (ՄԱԿ) կազմակերպության շտաբ-բնակարանի Դագ Համմերշելդի անվան գրադարանի դահլիճում ցուցադրվել է ռուսաստանցի ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի «Բրեստի ամրոցը» ֆիլմը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА Новости»-ին:

Ֆիլմի ցուցադրությունը կայացել է Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-ամյա հեբելյանական տոնակատարության ծրագրի շրջանակներում:

Մարդկության պատմության մեջ ամենամեծ ու արյունալի պատերազմին առնչվող ֆիլմերի ցուցադրության կազմակերպման գաղափարը իրականացվել է ՄԱԿ-ում Ռուսաստանի և Բելոռուսի ներկայացուցչությունների նախաձեռնությամբ, որին հավանություն են տվել նաև նախկին խորհրդային հանրապետություններից Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Թուրքմենիան:

Ֆիլմը ցուցադրվել է ռուսերեն լեզվով՝ անգլերեն սուբտիտրերով:

Ֆիլմն անդրադառնում է մեծ պատերազմի սկզբի մի քանի ժամերին :

Բրեստի ամրոցը, որ իր վրա է ընդունել այդ ահարկու հարվածի առաջին ծանրությունը, ֆաշիստական զորքերը նախատեսել էին գրավել ընթացքից և միանգամից: Սակայն նրանք ստիպված են եղել այդտեղ մարտեր մղել գրեթե մեկ ամբողջ շաբաթ, իսկ որոշ խորհրդային զինվորներ էլ հարձակմանը կարողացել են դիմանալ և դիմադրություն ցույց տալ գրեթե մի ողջ ամիս:

Նշենք, որ ֆիլմի ցուցադրությանը ներկա են եղել նաև ՄԱԿ-ում Գերմանիան, Իսպանիան և Իտալիան ներկայացնող դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, որոնց երկրները Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին միացյալ ճակատով հանդես էին գալիս ԽՍՀՄ-ի դեմ սանձազերծած պատերազմում:

Ավելացնենք, որ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի առթիվ կազմակերպված կինոցուցադրության շրջանակներում «Բրեստի ամրոցը» երկրորդ ֆիլմն է: Մինչ այդ, դեռ փետրվարին, այս նույն ձևաչափով ցուցադրվել է «Մարտի են գնում միայն ծերունիները» հայտնի կինոժապավենը:
    Դիտվել է 730 անգամ