Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ազնավուրը ձայնագրությունները և ողջ աշխատանքը հայտարարեց անորակ...

Ֆրանսիական շանսոնի ամենաավագ ներկայացուցիչը՝ Շարլ Ազնավուրը թողարկել է իր նոր, թվով 51-րդ ձայնագրությունների ալբոմը: Այն կրում է «Encores» խորագիրը, որը թարգմանաբար նշանակում է «Հրավեր «Բիս»-ով»: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Երգիչն այս ձայնապնակը երկրպագուներին է հանձնում իր ծնդյան տարեդարձի նախօրեին (Մայիսի 22):

Ասենք, որ 91 ամյակը բոլորող երգիչը ցուցաբերում է ոչ միայն աներևակայելի երիտասարդական ավյուն, այլև ստեղծագործական մեծ արդյունավետություն: Վերջին ալբոմը, նա թողարկել է ընդամենը 4 տարի առաջ՝ 2011 թ.-ին: Սակայն սա էլ դեռևս Շարլ Ազնավուրի անհավանական աշխատունակության վերջնական ցուցանիշը չի: Պարզվում է, որ երգիչն արդեն գրեթե ավարտին է հասցրել նաև նոր երգերի մեկ այլ ժողովածու: Այդ մասին խոսելով՝ նա նշել է, որ թեև «ընդունված չի նոր աշխատանքի թողարկման ժամանակ այդպես խոսելը, սակայն արդեն պատրաստ են հաջորդ ձայնապնակի երգերը, մնացել է միայն կատարել մի քանի ձայնագրություններ...»

Ազնավուրը շատ մանրակրկիտ է աշխատել իր նոր երգերի վրա: Ալբոմն արդեն ամբողջությամբ ձևավորված էր և այն պետք է, ըստ նախնական պլանի, թողարկվեր դեռ անցյալ տարի՝ նոյեմբերին: Սակայն երգիչն այդ ձայնագրությունները և ողջ աշխատանքը հայտարարեց անորակ և ամեն ինչ իրականացրեց նորից: Ընդ որում, փոխելով ոչ միայն իր այս գործի պրոդյուսերին, այլև գործարանը, որը պետք է թողարկեր ձայնապնակի տիրաժային խմբաքանակը:

Ի դեպ, Շարլ Ազնավուրը մինչև այժմ թողարկել է 180 մլն ձայնապնակ:

Նոր ձայնագրությունների ժողովածուում տեղ են գտել այնպիսի երգեր, որոնք ունեն ինքնակենսագրական բնույթ և պատմում են կոմպոզիտորի և երգիչի մասին: Նա անդրադառնում է իր համար դժվարին 40-50-ական թվականներին: Երգերից մեկը, որ կոչվում է «Ֆաննիի մոտ հյուրընկալվելիս», նվիրված է պատերազմին և ֆրանսիական Դիմադրության Շարժմանը: Նշենք, որ այդ շարժման հետ կապ են ունեցել նաև նրա ծնողները, որի մասին, ընդհանրապես, Շարլը, սակայն, հազվադեպ է խոսում:

Մեկ այլ երգ էլ նվիրված է Էդիտ Պիաֆին, ով Շարլ Ազնավուրի առջև բացեց ճանապարհը դեպի մեծ բեմ: Այդ երգի վերնագիրն է «Աղջնակից մինչև Պիաֆ»: «Աղջնակ»-ը փոքրամարմին Էդիտ Պիաֆի մականուններից է:

«Այո, ալբոմը փոքր ինչ կարոտաբաղձալի է, սակայն ես ինքս այդպիսին եմ, թեև, սովորաբար, նույնիսկ, մերձավորներիս չեմ ցուցադրում տրամադրությունս: Ի դեպ, ձայնապնակս սկզբնական տարբերակում կոչվում էր «Կարոտաբաղձություն»,- ասել է Ազնավուրը:

Այս ձայնապնակի նորույթներից է նաև այն, որ երգերի վերադաշնակումն առաջին անգամ կատարել է ինքը և քննադատների կողմից արժանացել դրական գնահատականի: Թեև պետք է նշել, որ Ազնավուրը խնդիրներ ունի կապված նոտաների լիարժեք տիրապետման հետ: Դրա հետ միասին մասնագետները նաև նշում են, որ 91 ամյակը բոլորող երգչի ձայնը բացահայտորեն թուլացման նշաններ է ցույց տալիս: «Այո, երբեմն ձայնս դավաճանում է ինձ: Բայց համերգներիս ժամանակ ես նախապես այդ մասին զգուշացնում եմ հանդիսատեսիս: Նոր ալբոմում ես բոլորովին չեմ փորձում քողարկել այդ անկատարությունները»,- ասում է երգիչը:

Բայց և այնպես, Ազնավուրը միանգամայն հաջող երգում է հզոր ոկալ տվյալներով օժտված 26-ամյա բրիտանացի Բենջամին Քլեմենթինի հետ: Նրանք միասին կատարում են «Պետք է իմանալ» երգի անգլերեն տարբերակը, որը Ազնավուրը ավելի վաղ կատարել է ֆրանսիացի հայտնի երգիչ Ջոնի Հոլլիդեի հետ:

Երկու օր հետո՝ մայիսի 7-ին Շարլ Ազնավուրը համերգով հանդես է գալու Մադրիդում, այնուհետև, օգոստոսին նախատեսվում է հանդիպում Բեյրութի երաժշտասերների հետ, սպտեմբերին կկայանա նրա մեգհամերգների շարքը Փարիզի սպորտի հսկայական դահլիճում, որտեղ, ի դեպ, երգիչն իր կարիերայի մեջ հանդես է գալու առաջին անգամ...

Ավելացնենք, որ Շարլ Ազնավուրը, ավարտել է աշխատանքը 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ զավթիչների կողմից Նորմանդիան գրավելու մասին պատմող՝ «Անանունավորների երգը» նոր երաժշտական ներկայացման համար, որի ցուցադրությունը նախատեսված է 2016 թ.-ին:
    Դիտվել է 454 անգամ