Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Չայկովսկուն նվիրված փառատոնի դրոշը ամրացվել է ֆիլհարմոնիայի տանիքին

Ռուսաստանում այս օրերին լայնորեն նշում են մեծ կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու ծննդյան 175-ամյակը: Տոնակատարությունները երբեմն ունենում են շատ ինքնատիպ բնույթ և կազմակերպական մեկնարկներ:

Օրինակ Սվերդլովսկի մարզում կոմպոզիտորի հոբելյանին նվիրված միջոցառումները սկսվեցին մարզային ֆիլհարմոնիայի տանիքին դրոշ բարձրացնելու արարողությամբ: Դրա համար մշակութային օջախի տանիք էին բարձրացել աշխարհահռչակ դաշնակահար Դենիս Մացուևը և այդ ֆիլհարմոնիայի տնօրեն Ալեքսանդր Կոլոտուրսկին: Այդ մասին «Ռոսիյսկայա գազետայի» տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

«Մենք բացում ենք փառատոն՝ «Չայկովսկին ավելի մոտ է, քան դու կարծում ես» խորագրով»,- ասել է Կոլոտուրսկին:

Հոբելյանի առթիվ ֆիլհարմոնիայում կազմակերպվել է Չայկովսկուն նվիրված ցուցահանդես, որին օժանդակել են կոմպոզիտորի ծննդավայր Կլին և Ալապաևսկ քաղաքներում գործող թանգարանները: Իսկ Դաշնակահար Մացուևը տանիքից ուղիղ իջել է բեմահարթակ և մեկ երեկոյի ընթացքում կատարել Չայկովսկու դաշնամուրային 3 կոնցերտները, որոնցից 3-րդը, ինչպես հայտնի է, կոմպոզիտորը չի հասցրել ավարտել և դա արել է մեկ այլ երգահան՝ Սերգեյ Տանեևը:

«Ես ուրախ եմ, որ կարողացա ջարդել այն կարծրատիպը, որ Չայկովսկին միայն մեկ դաշնամուրային կոնցերտ ունի: Նա պարզապես անհաջող երաժշտական ստեղծագործություններ չի ունեցել: Պյոտր Իլյիչը դասական երաժշտության մարգարիտ է»,- ասել է համերգի ավարտից հետո Դենիս Մացուևը:
    Դիտվել է 393 անգամ