Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այսօր մեկնարկում է Կաննի 68-րդ միջազգային կինոփառատոնը

Այսօր՝ Մայիսի 13-ին, Ֆրանսիական Կանն քաղաքում բացվում է հերթական 68-րդ միջազգային կինոփառատոնը: Այս անգամ Լազուրե ծովափին հեղինակավոր կինոստուգատեսը կմեկնարկի ֆրանսիացի կինոռեժիսոր Էմմանուել Բերկոյի «Գլուխը բարձր պահած» դրամայով, որը բացահայտում է պատանեկան դժվար տարիքի հանցավորության թեման: Իսկ փառատոնի ավարտը տեղի կունենա մեկ և կես շաբաթ անց՝ մեկ այլ ֆրանսիական կինոժապավենով՝ կինոռեժիսոր Լյուկ Ժակի «Սառույց և երկինք» ֆիլմով: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով ՞ «РИА новости»-ին:

Այս տարի կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում ընդգրկվել են 19 ֆիլմեր: Այստեղ առանձնահատուկ հետաքրքրությամբ են սպասում Ֆրանսիայում առաջին անգամ ցուցադրվելիք Ջորջ Միլլերի «Խելակորույս Մաքսը: Կատաղության ճանապարհ» էպոպեային, որը հետապոկալիպսիսային ֆիլմի շարունակությունն է:

Կաննի փառատնի ժյուրին այս տարի գլխավորում են ամերիկացի ռեժիսորներ, սցենարիստներ և պրոդյուսերներ Ջոել և Իթան Քոեն եղբայրները: Այս հանձնաժողովի կազմում են նաև ֆրանսիացի և անգլիացի դերասանուհիններ Սոֆի Մարսոն և Սիեննա Միլլերը, կանադացի և մեքսիկացի ռեժիսորներ Քսավյե Դոլանը և Գիլերմո դել Տորոն, ամերիկացի դերասան Ջեյք Ջիլենհոլը:

Կաննի միջազգային կինոփառատոնն աշխարհի ամենամեծ և ազդեցիկ կինոֆորումն է, որին ամեն տարի մայիսին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած հազարավոր պրոֆեսիոնալ կինոգործիչներ, հայտնի դեմքեր, մամուլի ներկայացուցիչներ: Վերջին 15 տարում Կաննի փառատոնին մասնակցող ֆիլմերի թիվն ավելացել է գրեթե երկու անգամ:

    Դիտվել է 449 անգամ