Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

ՄՈՌԱՑՎԱԾ ԺԱՄԱՑՈՒՅՑԻ ԱՀԱԶԱՆԳԸ


Գուրգեն Միքայելյան

Մոռացված ժամացույցի ահազանգը

Դրամա երկու գործողությամբ









ԳՈՐԾՈՂ  ԱՆՁԵՐ



ՄԱՐԻ – իշխանուհի

ՆԱՆԵ – նրա սպասուհին և ընկերուհին

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ

ԿԱԽԱՐԴԱՆՔ

ԱՐԵԳ – ասպետ

ՍԻՐԱԿ – նրա համհարզն ու ընկերը

ՍԵՆ – դեսպան

ԾԱՌԱ

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱ



ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ



Իշխանուհու սենյակ: Տիրուհին, որ կլինի 50-55 տարեկան, անհանգիստ ապրումների մեջ է: Քայլում է աջ ու ձախ, մի պահ կանգնում է, ապա մոտենում պատուհանին և նայում դուրս: Ներս է գալիս սպասուհին՝ Նանեն: Իշխանուհին անմիջապես դիմում է նրան:



ԻՇԽԱՆՈՒՀԻ– Վահանը չեկա՞վ:

ՆԱՆԵ– Դեռ ոչ, տիրուհի:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Ինչո՞ւ է այսքան ուշանում, Տե՛ր Աստված:

ՆԱՆԵ– Չի ուշանում, տիկին. բավականին ճանապարհ է:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Ճիշտ է. բավականին ճանապարհ է: Գնալ-գալու համար մի ամբողջ... հավերժություն է պետք:

Ժամանակն ինչո՞ւ է այսքան դանդաղ անցնում, Նանե:

ՆԱՆԵ– Որովհետև քո սիրտը շատ արագ է տրոփում, տիկին:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Իմ սիրտը այլևս չի դիմանում, Նանե: Որոշված է արդեն. այսօր կամ երբեք: (Պատյանից հանում է դաշույնը):

ՆԱՆԵ– (Վախեցած) Ի՞նչ ես ասում, տիկին:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Էլ չեմ դիմանում: Այլևս չեմ կարող: Եթե չօգնի ինձ այդ կախարդը, ինքնասպան կլինեմ:

ՆԱՆԵ– Վանի՛ր չար մտքերը: Ինքնասպանությունը մեծագույն մեղք է: Կանիծվես: Դժոխքի բաժին կդառնաս:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Ես հիմա էլ դժոխքում եմ: Ո՞վ ինձ անիծեց: Ո՞վ գցեց այս կրակների մեջ:

Դու լսած կա՞ս, որ երբևէ եղած լինի նման դեպք: Ես արդեն հիսունն անց եմ: Պատկերացնո՞ւմ ես. հիսունն անց պառավը հանկարծ...

Սա անեծքներից դաժանագույնն է: Խայտառակություն...

ՆԱՆԵ– Ամեն ինչ էլ պատահում է. սիրտը սիրո համար է:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Սե՞ր: Սա սեր չէ, Նանե: Ծաղրուծանակ է: Չար դևերի խաղ: (Զգում է սրտի ծակոց և ձեռքը տանում կրծքին): Թե իմանաս՝ ո՜նց է բաբախում, ո՜նց է թպրտում...

Կարծես տասնհինգ տարեկան լինի: Քսան: Քսանհինգ...

ՆԱՆԵ– Սրտի տարիքը երկրային ժամերով ու տարեցույցներով չի որոշվում: Նա ուրիշ ժամանակների տիրույթում է ապրում, և այլ է նրա ժամանակային հաշվարկը:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Բայց իմ մարմինը ա՛յս ժամանակի մեջ է: Ու ողջ դժբախտությունն էլ այն է, որ խախտվել են ու չեն համընկնում իմ մարմնի ու սրտի, մարմնի ու հոգու ժամանակները... (Կարճատև դադարից հետո) Նա քանի՞ տարեկան կլինի, Նանե:

ՆԱՆԵ– Քսանհինգից ոչ ավել:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Իմ ո՞ր մեղքի համար... (Դաշույնը լայնքով սեղմում է կրծքին): Որոշված է. թող չտրվի ինձ երկնային հավերժությունը. թող իմ տեղը լինի հալված կուպրի ու թեժ կրակների մեջ, միայն թե մեկ օր, ընդամենը մեկ օր ես վայելեմ նրա սերը: Վայելեմ, ինչպես քսան, քսանհինգ տարեկան օրիորդ: Անհուն սիրով ու տարփանքով նետվեմ նրա գիրկը: Այրվեմ սիրո կրակների մեջ: Հալվեմ, դառնամ հրե աղջիկ: Ծով կարոտով նրան գրկեմ: Նրան տրվեմ, նրան տիրեմ... Ընդամենը մեկ օր, Նանե, ընդամենը մեկ օր...

(Լսվում է ձիու խրխինջ: Իշխանուհին իսկույն վազում է դեպի պատուհանը): Վահանն է: Շտապի՛ր: Շո՛ւտ արա: (Սպասուհին վազելով գնում է: Տիրուհին խոսում է մտքում): Եթե չբերի նա այդ էլիքսիրը, որն ինձ կդարձնի քսան տարեկան, սա կլինի իմ վերջին առավոտը: (Անհանգիստ, անհամբեր այս ու այն կողմ է քայլում: Քիչ անց Նանեն վերադառնում է: Նրա տեսքից անմիջապես զգացվում է, որ ասելիքն ուրախ լուր է):

ՆԱՆԵ– Տիրուհի...

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Շո՛ւտ ասա, Նանե: Էլ ուժ չմնաց:

ՆԱՆԵ– Դու գոհ կլինե՞ս, եթե երիտասարդությունը քեզ վերադարձվի ոչ թե մեկ օրով, այլ... ընդամենը կես:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Ես չեմ վարանի նույնիսկ ակնթարթ: Թող լինի այդպես. կես օրվա դիմաց տալիս եմ իմ ողջ մնացյալ կյանքը ու նաև… ամբողջ հավերժությունը:

ՆԱՆԵ– Իսկ եթե կիսվի այդ կեսն է՞լ, տիկի՛ն:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Շատ-շատ կցավեմ սիրո ժամերի սղության համար, սակայն... ինչ արած:

ՆԱՆԵ– Իսկ եթե տրվի միմիայն... մի ժա՞մ:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Ես համբերություն էլ չունեմ, Նանե: Թեկուզ և՝ կե՛ս ժամ:

ՆԱՆԵ– Լոկ մե՛կ րոպե...

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Նույնիսկ մեկ վայրկյան... Կմեռնեմ նրա շուրթերին գամված, կրծքին սեղմված: Մի՞թե կա ուրիշ այդպես գեղեցիկ, երանելի մահ...

ՆԱՆԵ– Գուցե և չկա, սակայն այս անգամ բախտը քո հանդեպ եղավ, իմ տիկին, անչափ բարեհաճ...

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Ուր որ է արդեն սիրտս կպայթի: Շո՛ւտ արա, խոսի՛ր:

ՆԱՆԵ– (Գրպանից փոքր սրվակ հանելով) Այս էլիքսիրը կվերադարձնի քո երիտասարդությունը ամբողջ... յոթ շաբաթ:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– (Ուրախությունից միանգամից այլափոխվում է): Իսկապե՞ս, Նանե: Դու չե՞ս կատակում:

ՆԱՆԵ– Ինչպե՞ս կարող եմ, տիրուհի, անել այդքան չար կատակ:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Ես ճի՞շտ լսեցի. ամբողջ... յոթ… շաբա՞թ:

ՆԱՆԵ– Յոթ շաբաթ: Այո՛:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Ինձ նայիր, Նանե:

ՆԱՆԵ– Նայում եմ, տիկին:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– (Կատակով) Ճիշտ ասա, Նանե, ես դեռ... չե՞մ գժվել: Դեռ չե՞մ ցնորվել: (Զվարթորեն ծիծաղում են): Դե տուր, շուտ արա:(Սրվակը վերցնում է): Ամբողջ յոթ շաբաթ: Դա կարծես ամբողջ հավերժություն է... (Պատրաստվում է էլիքսիրը խմելու): Ո՜վ երանություն... Ընդունի՛ր, սեր իմ, քո գիրկն եմ գալիս:


Էլիքսիրը խմում է: Հնչում է համապատասխան երաժշտություն: Նանեն մեծ հայելին շրջում է նրա կողմը և աննկատ անհետանում…
Իշխանուհին կերպարանափոխվում է, երիտասարդանում…

Այժմ նա բեմում մենակ է: Հուզված, անհանգիստ քայլում է…



ԻՇԽԱՆՈՒՀԻ– Հենց հիմա կգնամ, առջևը կծնկեմ, սիրտս ոտքերի տակ կդնեմ ու կասեմ, որ ես բոլոր բջիջներով, մինչև արյանս վերջին կաթիլը սիրահարված եմ իրեն: Կասեմ՝ ես քոնն եմ և ուժ այլևս չունեմ, որ ծնկներս ուղղեմ: Բարձրացրո՛ւ ինձ, կասեմ, աղերսում եմ: Դարձրու քոնը...(Մոտենում է դռանը, որ դուրս գա, բայց հանկարծ մի երիտասարդ աղջիկ ճանապարհը փակում է):

ԱՂՋԻԿ– (Խիստ տոնով) Սպասի՛ր: Այդ ո՞ւր:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Նրա մոտ:

ԱՂՋԻԿ– Հե՛տ դարձիր: Չե՛մ թողնի:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– (Զարմացած) Ինչո՞ւ:

ԱՂՋԻԿ– Որովհետև քեզ վայել չէ:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Չեմ հասկանում:

ԱՂՋԻԿ– Ի՞նչ կա չհասկանալու: Քեզ նման օրիորդին վայել չէ, որ ծնկի: Աղերսել. դա՛ էր պակաս:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Բայց իմ ոտքերը իրենք իրենց ծալվում են: Նրա մոտ են տանում: Ես չեմ դիմանում:

ԱՂՋԻԿ– Ես քեզ կօգնեմ: Դիմացիր մի քիչ:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Բայց ո՞վ ես դու:

ԱՂՋԻԿ– Փորձիր հիշել: Մի ժամանակ մենք անբաժան էինք:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Եվ մի օր էլ ես քեզ լքեցի՞:

ԱՂՋԻԿ– Ո՛չ, ես քեզ լքեցի:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Եվ...

ԱՂՋԻԿ– Եվ այդ օրից ուզում ես ծնկներդ ծալել, աղերսել...

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Մի՛ երկարացրու, խնդրում եմ: Ես շտապում եմ:

ԱՂՋԻԿ– Ես քո Գոռոզությունն եմ:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– (Թևաթափ: Զգալով, որ նրա դեմ անզոր է): Դու ինչո՞ւ եկար:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– Ես ոչ թե եկա, այլ գլուխ բարձրացրի: Ես քո ներսում էի: Ես նույն քո անձն եմ: Ես Մարին եմ: Իշխանուհի Մարին:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Գոնե մեկ օր, մեկ ժամ ուշանայիր:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– Ո՛չ: Դա բացառված է: Այդպես չի լինում:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Բայց ես առանց նրա չեմ կարող: Հասկանո՞ւմ ես: (Փորձում է Գոռոզությանը մի կողմ հրել. խստությամբ):  Ես պիտի գնա՛մ:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– (Նրան հետ է հրում): Ո՛չ: Չպիտի՛ գնաս:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Փրկի՛ր ինձ, Տեր Աստված: Օգնիր, որ հաղթեմ այս բռնակալին:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– Հասկացի՛ր, օրիո՛րդ, իշխանուհի Մարի՛. վայել չէ քեզ, որ խոնարհվես, ինչ-որ մեկից սեր աղերսես:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Ախր նա ինչ-որ մեկը չէ: Նա իմ սրտի ասպետն է, հոգուս տիրակալը:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– (Բարկությամբ) Ի՜նչ...

Մեր խոսակցությունը արդեն ավարտվեց: Հիշի՛ր, իշխանուհի, որ ես միշտ (ցույց է տալիս դռան կողմը) այստեղ եմ, մշտարթուն պահակի պես՝ դռան մոտ կանգնած և քեզ երբեք չպիտի՛ թողնեմ, որ գնաս: (Դուրս է գալիս):

ԻՇԽԱՆՈՒՀԻ– (Արտասվալից) Այս ի՜նչ դաժան կատակ է, Տեր: Հիմա ես ի՞նչ անեմ:



Հանկարծ զվարթ աղմուկով ու քրքիջով ներս են գալիս երեք գեղեցիկ աղջիկներ:




ԱՌԱՋԻՆ ԱՂՋԻԿ– Ի՜նչ ես սուգ ու շիվան անում: Դա ի՞նչ մի հարց է:

ԵՐԿՐՈՐԴ ԱՂՋԻԿ– Քո այդ ասպետին ես ինքս կբերեմ քո ոտքը:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Ծաղրո՞ւմ ես:

ԵՐԿՐՈՐԴ ԱՂՋԻԿ– Կբերեմ` քթից բռնած, հետևիցս քարշ տալով: Կգա, առջևդ կծնկի և… (Հեգնանքով) «Իմ թագուհի՛,- կասի,- ահա սիրտս...»: (Ներս եկած աղջիկները քրքջում են): Հը՞: Այդպես կուզե՞ս:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Ասենք՝ ուզեցի:

ԵՐՐՈՐԴ ԱՂՋԻԿ– Ինչո՞ւ` թերահավատորեն: Դու մեզ կասկածո՞ւմ ես:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Դուք չասացիք, թե ովքեր եք:

ԱՌԱՋԻՆ ԱՂՋԻԿ– Ես այսպես էլ կարծում էի: (Մյուսներին) Սա մեզ իսպառ մոռացել է:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Մեղավոր եմ:

ԱՌԱՋԻՆ ԱՂՋԻԿ– (Իշխանուհուն) Գիտե՞ս` ինչից կռահեցի:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Լուռ կլսեմ:

ԱՌԱՋԻՆ ԱՂՋԻԿ– Որովհետև նրա մոտ ես ուզում վազել, առջևը ծնկել...

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Իսկ եթե հիշեի՞...

ԵՐԿՐՈՐԴ ԱՂՋԻԿ– Իսկ եթե հիշեիր, ինձ, օրինակ, կասեիր. «Տեսնո՞ւմ ես նրան՝ այն հպարտ ասպետին. գնա, հոգու հետ խաղա: Մի լավ ձեռք առ դրան»:

ԵՐՐՈՐԴ ԱՂՋԻԿ– Իսկ ինձ… «Այդ ասպետի հետ զվարճանալ եմ ուզում, բեր, հետևիցս քարշ տամ»,- կասեիր: (Ծիծաղ):

ԱՌԱՋԻՆ ԱՂՋԻԿ– Իսկ ինձ… «Ես ուզում եմ, որ ասպետն այն իմ ստրուկը լինի: Գնա,- կասեիր,- շղթայած ինձ մոտ բեր նրան»: (Ներս եկած աղջիկները դարձյալ քրքջում են):

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Ճիշտ է, իսկապես մի ժամանակ ես տալիս էի նման հրամաններ, սակայն, մեղքս ինչ թաքցնեմ, արդեն վաղուց մոռացել եմ հրաման տալ աղջիկներին ձեզ պես նազուն, որոնց անգամ... չեմ էլ հիշում:

ԱՌԱՋԻՆ ԱՂՋԻԿ– Ես Մարին եմ, իշխանուհի:

ԵՐԿՐՈՐԴ ԱՂՋԻԿ– Ես էլ:

ԵՐՐՈՐԴ ԱՂՋԻԿ– Ես էլ:

ԵՐԿՐՈՐԴ ԱՂՋԻԿ– Մենք բոլորս էլ նույն Մարին ենք: Պարզապես ես (նազանքով) Հրապուրա՜նքն եմ քո:

ԵՐՐՈՐԴ ԱՂՋԻԿ– Ես՝ քո անպարտ Սեթևեթա՜նքը:

ԱՌԱՋԻՆ ԱՂՋԻԿ– Իսկ ես, տիրուհի, ես՝ Կախարդա՜նքդ:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– (Աղջիկների հետ հերթով ողջագուրվում է): Ա՜խ, սիամական իմ երկվորյակներ, ո՜նց եմ կարոտել...

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ– Հիմա ի՞նչ անենք:

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ– Դուք առայժմ մի՛ խառնվեք: Նախ՝ թողեք ես գնամ և մի քանի օր այնպես՝ իբր պատահաբար, զբոսնեմ այնտեղ, որտեղ նա սովորաբար որս է անում: Այդպես մի քանի օր աչքին կերևամ, թեթևակի կժպտամ և... հո՛պ. առաջին փորձից թե ուռկանս չընկավ, երկրորդ-երրորդից հո չի՞ խուսափի... (Ծիծաղելով բոլորը գնում են):


Լսվում է մեղմ երաժշտություն և ժամացույցի ձայն. «Թիկ-թակ, թիկ-թակ, թիկ-թակ...»:

Գալիս են մի երիտասարդ ասպետ՝ Արեգը, և նրա համհարզը՝ Սիրակը:



ՍԻՐԱԿ– Այս երկու օրը դու շատ փոխված ես, ասպե՛տ:

ԱՍՊԵՏ– Ինձ համար ամբողջ աշխարհն է փոխված:

ՍԻՐԱԿ– Մարմի՞նդ է տկար:

ԱՍՊԵՏ– Սիրտս է խոցված: Խոցված է դաժան, անգութ նիզակով:

ՍԻՐԱԿ– Եվ ե՞րբ դա եղավ:

ԱՍՊԵՏ– Երեկ, կեսօրին, գետակի ափին: Ես նստած էի, և հանկարծ ջրից ելավ մի փերի...

ՍԻՐԱԿ– Հետո՞:

ԱՍՊԵՏ– Հանգիստ մոտեցավ, ինձ թվաց՝ ժպտաց: Եվ կարծես երկար նիզակ կար ձեռքին:

ՍԻՐԱԿ– Եվ խոցե՞ց նա քեզ:

ԱՍՊԵՏ– Նա իր ողջ ուժով նիզակը խրեց ուղիղ սրտիս մեջ, սիրալիր ժպտաց, ապա հետ քաշեց:

ՍԻՐԱԿ– Դու ինչ-որ դաժան երազ ես տեսել:

ԱՍՊԵՏ– Ու երբ հետ քաշեց, տեսա, որ սիրտս նա իր սլաքի ծայրին է առել:

ՍԻՐԱԿ– Այդ պատճառո՞վ ես այսպես մտահոգ:

ԱՍՊԵՏ– Եթե տեսնեիր՝ ինչպե՜ս է սիրտս թպրտում նրա նիզակի վրա...

ՍԻՐԱԿ– Ի՞նչ արեց ապա:

ԱՍՊԵՏ– Ապա նա գնաց՝ սիրտս շամփրած:

ՍԻՐԱԿ– Եղել է պատրանք. զուր մի՛ վշտանա:

ԱՍՊԵՏ– Չէի վշտանա, եթե դա լիներ իսկապես պատրանք, և չտեսնեի այլևս նրան:(Անսպասելիորեն կանգնում է): Նայի՛ր. ահա նա: (Համհարզը նույնպես կանգնում և ուշադիր նայում է): Ո՞ւմ վրաններն են այնտեղ, չգիտե՞ս:

ՍԻՐԱԿ– Եթե թույլատրես, իսկույն կիմանամ:

ԱՍՊԵՏ– Գնա՛, շո՛ւտ արա: (Համհարզը գնում է: Արեգը խոսում է՝ անթարթ հայացքը ուղղած հեռուն): Ո՞վ ես դու արդյոք, որտեղի՞ց եկար, ո՜վ գեղեցկուհի: Երկնքի՞ց իջար, թե կյանք ես առել այս ծաղիկներից: (Լարված, աշխարհից ու ինքն իրենից վերացած՝ շարունակում է նայել):

Ա՜խ, դու այդ որքա՜ն անուշ ես ժպտում: Երա՞զ ես, տեսի՞լք, թե՞ մարդ-հրեշտակ: (Տիրում է կարճատև լռություն): Շտապի՛ր, Սիրակ, հետ դարձիր արագ. էլ չեմ համբերում: (Քիչ անց վազելով գալիս է Սիրակը):

ՍԻՐԱԿ– Նրա անունը Մարի է, ասպե՛տ: Իշխանուհին է Ցնորք ամրոցի:

ԱՍՊԵՏ– Ցնորք ամրոցի ցնորք դիցուհի...

ՍԻՐԱԿ– Ինչո՞ւ ես այդպես հուզվում, իմ ասպետ, կարող ես գնալ և ասպետաբար նրա հետ խոսել:

ԱՍՊԵՏ– Սիրտս անսովոր մի վախ է մտել:

ՍԻՐԱԿ– Քեզ նման քաջի՞:

ԱՍՊԵՏ– Եթե տեսնեիր՝ սիրտս ինչպես է նրա նիզակի վրա թպրտում...

ՍԻՐԱԿ– Տեր Աստված, մի՞թե խոսում է ինձ հետ Արեգ ասպետը:

ԱՍՊԵՏ– Թե նրան գտնես, ինձ մոտ կբերես:

ՍԻՐԱԿ– Ո՞ւմ՝ նրան, իշխան:

ԱՍՊԵՏ– Արեգին, Սիրա՛կ, Արեգ ասպետին:

ՍԻՐԱԿ– Աստված է վկա, դու կախարդված ես:

ԱՍՊԵՏ– (Հայացքը Մարիից չկտրելով) Ես ամբողջ հոգով տենչում եմ նրան, և իմ մտքի մեջ միմիայն նա է:

Ուզում է գնալ... Ո՛չ, էլ չեմ կարող... Սպասիր մի պահ: (Գնում է Մարիի կողմը: Նրա հետևից գնում է նաև համհարզը):



Քիչ անց գալիս են սպասուհին՝ Նանեն, Գոռոզությունը, Սեթևեթանքը, Հրապուրանքը և Կախարդանքը՝ Իշխանուհու հետ:




ԻՇԽԱՆՈՒՀԻ– (Նանեին) ...Եվ տեսա՝ դանդաղ, վեհերոտությամբ ինձ է մոտենում:

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ– Ու ես շուտափույթ դերիս մեջ մտա:

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ– Ես նազկտացի:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– Քիթս ցցեցի:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Եվ հավատա, որ պարզ լսում էի՝ ինչպես է նրա սիրտը բաբախում: Եթե իմանաս` ինչ երանելի պահ էր ինձ համա՜ր...

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– Ու սիրտս այնպե՜ս,  այնպե՜ս  էր ցնծո՜ւմ…

ՆԱՆԵ– Հետո՞, տիրուհի, ի՞նչ եղավ հետո:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– «Ասպետական ողջույն՝ չքնաղ իշխանուհուն»,– շիկնելով ասաց, գլուխ խոնարհեց:

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ– Ու ես շոյվեցի:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– Պատասխանեցի:

ԿԱԽԱՐԴԱՆՔ– Ու երբ նա նորից նայեց աչքերիս, հասկացա, որ իմ թակարդն է ընկած:

ՆԱՆԵ– Ապա՞, տիրուհի:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Ապա զգացի, որ կամենում է սեր խոստովանել:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– Բայց երբ ինձ նայեց, լեզուն կարկամեց, ու միտքը փոխեց:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– «Օրիորդ գեղանի,– ասաց երկյուղած,– չե՞ս ասի, թե որ կողմով են գնում դեպի Ձորավան»: «Այս կողմով»,– ասի:

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ– Եվ հեռանալու պահին մի թեթև նրան ժպտացի:

ԿԱԽԱՐԴԱՆՔ– Ու համոզվեցի, որ նա վաղ թե ուշ կվերադառնա:

ՆԱՆԵ– Բայց դու, տիրուհի, դու ինչո՞ւ նրան իսկույն չասացիր, որ նույն կրակը և քեզ է այրում:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– Ինչպե՞ս. առաջին իսկ հանդիպմա՞նը:

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ– Առանց նազկտալո՞ւ:

ԿԱԽԱՐԴԱՆՔ– Սա մի շատ նրբին խաղ է, հարգելիս: Ամեն բան ունի իր ժամանակը:



Գալիս է մի պաշտոնյա՝ Սենը:



ՊԱՇՏՈՆՅԱ– Ազնի՛վ տիրուհի, Սիրակ անունով ինչ-որ մի համհարզ բերել է երկտող՝ ընդունելություն հայցելով այսօր: (Բոլորը, անակնկալի եկած, նայում են իրար):

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Հիմա կիմանանք` ով է ուղարկել…



Գնում է: Նրա հետևից գնում են նաև մյուսները: Կարճ ժամանակ անց գալիս են Արեգը և Սիրակը:



ԱՍՊԵՏ– Ինչպե՞ս: Միանգամից մերժե՞ց: Ասաց՝ չե՞մ վերցնում:

ՍԻՐԱԿ– Ո՛չ, ասպետ: Նախ հաղորդեց, որ սպասեմ մի քիչ:

ԱՍՊԵՏ– Հետո՞:

ՍԻՐԱԿ– Քիչ հետո եկավ սպասավորը և ասաց. «Օրիորդը այսօր հոգնած է սաստիկ»: «Հե՞տ դառնամ»,- ասի: Իսկ նա թե. «Մի քիչ, կուզես, սպասիր»: Գնաց ու եկավ. «Երկտողը տուր ինձ, ինքս կտանեմ»:

ԱՍՊԵՏ– Դու չտվեցի՞ր:

ՍԻՐԱԿ– Տվեցի, սակայն քիչ անց հետ բերեց, թե. «Օրիորդը հիմա ժամանակ չունի. դու վաղը արի»: Այն է, ես արդեն, խիստ վիրավորված, հետ էի դառնում, երբ ինձ մոտեցավ մեկ այլ ծառայող: «Ներողություն է խնդրում տիրուհին սպասեցնելու համար անտեղի,– ասաց սիրալիր: – Ուր որ է հիմա նա քեզ կընդունի»:

ԱՍՊԵՏ– Սակայն չընդունե՞ց:

ՍԻՐԱԿ– Բավական երկար ես սպասեցի, ապա, տեսնելով, որ հույս էլ չկա, գլխիկոր դարձա:

ԱՍՊԵՏ– Մի՞թե նա այդպես ինձ ձեռք է առնում: (Լսվում է ձիու խրխինջ: Արեգն ու Սիրակը նայում են ձայնի կողմը: Գալիս է Սենը՝ որպես դեսպան):

ԴԵՍՊԱՆ– Ասպե՛տ քաջարի, հայցում է ներում մեծն տիրուհին, որ ամոթալի թյուրիմացություն եղավ  այսպիսի:

ԱՍՊԵՏ– Թյուրիմացությո՞ւն:

ԴԵՍՊԱՆ– Այո, ազնիվ այր: Չկար և ոչ մի պատճառ: Տիրուհին ասաց, որ ներողություն իր կողմից խնդրեմ և երկտողն ինքս քեզնից վերցնեմ:

ԱՍՊԵՏ– (Մտախոհ) Ինչ-որ բան ինձ դուր բնավ չի գալիս, բայց որ օրիորդը այդպես է ուզում, երկտողը ինքդ նրան փոխանցիր: (Երկտողը տալիս է դեսպանին):

ԴԵՍՊԱՆ– (Վերցնելով և գլուխ խոնարհելով) Ներում եմ հայցում, բարեսիրտ ասպետ, մեկ անգամ ևս:



Սենը գնում է: Գնում են նաև Ասպետն ու Արեգը:

Գալիս են իշխանուհին, Նանեն, Գոռոզությունը, Հրապուրանքը, Սեթևեթանքն ու Կախարդանքը: Գոռոզությունը կարդում է ասպետի երկտողը:



ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– «...Ու ես հիմա, ամբողջովին քեզանով տարված, միայն քո սերն է, որ փափագում եմ, օրիորդ: Իմ սիրտը, առջևդ ծնկած, քո սերն է խնդրում ասպետաբար...»

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ– Ասում էի, չէ՞... Ասում էի, չէ՞...

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Հետո՞, հետո՞:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– (Կրկնում է): «Իմ սիրտը, առջևդ ծնկած...»

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Դա արդեն կարդացիր:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– Մի՛ խանգարիր: Ուրեմն. «Իմ սիրտը, առջևդ ծնկած...» (Դադար է տալիս):

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Առա՛ջ անցիր:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– (Բարկությամբ) «Մի՛ խանգարիր»,- ասում եմ: (Նույն տոնով) «Իմ սիրտը, առջևդ ծնկած, քո սերն է խնդրում ստրկաբար...»

ՆԱՆԵ– Դու նոր «ասպետաբար» կարդացիր:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– Հա, ճիշտ է՝ ասպետաբար:

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ– Հետո՞:

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ– (Հեգնանքով) Օ՜, տառապյալ ասպետ, օ՜...

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– «Քո գեղեցկությամբ ես կախարդված եմ կարծես...»

ԿԱԽԱՐԴԱՆՔ– Բայց ինչո՞ւ՝ կարծես: Մի՞թե դեռ չի հասկացել, որ իսկապե՛ս կախարդված է:

ՆԱՆԵ– Տեր Աստված, մի՞թե հիմա դա է կարևոր:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Ի սեր Աստծո, թողեք` շարունակի:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– «…Եվ իմ կյանքը առանց քեզ ոչինչ է»:

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ– Խե՜ղճ երիտասարդ:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– «Մի՛ մերժիր իմ սերը, խնդրում եմ: Ես սպասում եմ: Սպասում անհամբեր»:

ՆԱՆԵ– (Իշխանուհուն)  Դե, ժամանակ մի՛ կորցրու. պատասխանիր անմիջապես:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– (Մտորելով) Բայց ի՞նչ պատասխանեմ:

ՆԱՆԵ– Ինչպես թե՝ ի՞նչ:

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ– Հա՛: Ինչո՞ւ ես զարմանում: Ի՞նչ պատասխանի:

ՆԱՆԵ– (Իշխանուհուն) Չեմ հասկանում. դո՞ւ չէիր ուզում, որ...

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– (Սպասուհուն) Դու, ինչ է, ուզում ես, որ առաջին իսկ առաջարկությունից հետո գիրկս բացե՞մ:

ՆԱՆԵ– (Իշխանուհուն) Ախր դու էիր...

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Ես հո չեմ ասում, թե մերժում եմ: Պարզապես...

ՆԱՆԵ– Ի՞նչ:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Որքան էլ ուզեմ...

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– Ես չեմ թողնի, որ առաջին իսկ առաջարկությունն ընդունի:

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ– Դա՛ էր պակաս:

ՆԱՆԵ– Ի՞նչ անի հապա: Ախր այդքան ժամանակ...

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– Նշանակություն չունի: Համաձայնել ես չեմ թողնի: Վե՛րջ: (Տիրում է կարճատև լռություն):

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Հիմա ի՞նչ անեմ:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– Մերժի՛ր:

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ– Չէ, ավելի լավ է՝ մի քանի օր դեռ սպասի: Պատասխան չտա:

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ– Հետո՞:

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ– Հետո կասի, որ մտածում է:

ԿԱԽԱՐԴԱՆՔ– Հետո՞:

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ– Հետո ասպետը կհիշեցնի, որ պատասխանի է սպասում:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Հետո՞:

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ– Հետո կասես, որ պատասխանել ես, բայց... սուրհանդակը տեղ չի հասել:

ՆԱՆԵ– Հետո՞:

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ– Հետո կպատասխանի:

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ– Բայց ի՞նչ պատասխանի:

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ– Դե, ի՞նչ պիտի պատասխանի: Մի երկտողով կհայտնի, որ մերժում է: Մյուսով՝ որ չի կողմնորոշվել: Երրորդով...

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ– (Կարծես մտքում ինչ-որ միտք է փայլատակել): Լսեք... Իսկ եթե դրա փոխարեն պարզապես մի ներկայացում սարքե՞նք:(Բոլորը նայում են նրան):

ԿԱԽԱՐԴԱՆՔ– Ներկայացո՞ւմ:

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ– Հա՛: Մի լավ ներկայացում. խանդի տեսարան: Արևս վկա, ոչինչ այդպիսի արդյունք չի տալիս:

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ– (Իշխանուհուն) Հը՞, ի՞նչ կասես: Կարծես վատ բան չմոգոնեց:

ՆԱՆԵ– Աստված կսիրեք, դրա ժամանակը չէ:

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ– Ճի՛շտ ժամանակն է: Ճի՛շտ:



Բոլորը գնում են: Լսվում է ժամացույցի ձայնը. «Թիկ-թակ, թիկ-թակ, թիկ-թակ...»:

Գալիս են Արեգը և Սիրակը:



ԱՍՊԵՏ– (Խռովքով) Նա ինձ իր ձեռքով գինի մատուցեց և ապա ժպտաց կողքիս իշխանին:

ՍԻՐԱԿ– Դրա մեջ վատ բան չեմ տեսնում, ասպետ:

ԱՍՊԵՏ– Եթե տեսնեիր՝ ի՜նչ ջերմությամբ է խոսում նրա հետ...

ՍԻՐԱԿ– Բայց չէ՞ որ ինքն էր հրավիրել քեզ:

ԱՍՊԵՏ– Երբ զգաց, որ ես, սաստիկ վրդովված, արդեն ուզում եմ թողնել հեռանալ, ասաց, որ անչափ հաճելի է իմ ներկայությունը:

ՍԻՐԱԿ– Ի՞նչ կուզես ավել:

ԱՍՊԵՏ– Երբ ակնարկեցի, որ մինչ օրս դեռ չի պատասխանել, ասաց, որ թեև ինձ շատ հարգում է, սակայն չի կարող ընդունել ազնիվ իմ առաջարկը:

ՍԻՐԱԿ– Գուցե փորձե՞լ է:

ԱՍՊԵՏ– Եվ հետո այնպես քաղցրությա՜մբ նայեց...

ՍԻՐԱԿ– Հետո՞...

ԱՍՊԵՏ– Չգիտեմ, Սիրակ: Բան չեմ հասկանում: Գուցեև գինու ազդեցությունն էր. ընդհարվեցի ես այն իշխանի հետ, թողեցի եկա:



Լսվում է ձիու դոփյուն: Գալիս է իշխանուհու դեսպան Սենը:



ԴԵՍՊԱՆ– (Արեգին) Իշխանուհին, ասպետ, ներում է խնդրում, որ հրավերքըը հանկարծ այսպիսի ընթացք ունեցավ:

ԱՍՊԵՏ– Հաղորդիր նրան, որ մեղավոր եմ ինձ զգում նույնքան:

ԴԵՍՊԱՆ– Եվ ասաց, որ շատ ցավում է հիմա քո սերը իզուր մերժելու համար:

ԱՍՊԵՏ– Հաղորդիր, որ իր ցավը չնչին է իմ ցավի առաջ:

ԴԵՍՊԱՆ– Ու ասաց նաև, որ մտածելու ժամանակ դու տաս… Թեև չի կարող, մեկ է, չմերժել... (Կարճատև դադար) Բայց ասաց նաև, որ քեզ պես ասպետ ինքը չի տեսել... (Արեգը և Սիրակը տարակուսած նայում են իրար: Արեգը հանկարծ փոխվում է: Զգացվում է, որ ներքուստ սաստիկ վրդովվում է: Նրա մեջ գլուխ է բարձրացնում վիրավորված ինքնասիրությունը: Դառնում է խստաբարո):

ԱՍՊԵՏ– (Դեսպանին) Գնա՛ և հայտնի՛ր քո իշխանուհուն, որ ես կարող եմ գլուխ խոնարհել իմ սիրո առաջ: Կարող եմ ծնկել, կյա՛նքս տալ իրեն, սակայն կամակոր խաղերը նման չեմ տանի բնա՛վ:

ԴԵՍՊԱՆ– Ասպե՛տ...

ԱՍՊԵՏ– Բա՛վ է: Ավարտվեց: Ես չեմ հանդուրժի, որ սերն իմ դառնա խաղի առարկա: Եվ...

ԴԵՍՊԱՆ– Ասպե՛տ...

ԱՍՊԵՏ– (Բղավելով) Լռի՛ր, անպատկառ, երբ խոսում եմ ես: (Դեսպանը խեղճացած լռում է): Ուրեմն, հայտնի՛ր քո իշխանուհուն, որ, սիրելուց զատ, իմ սիրտը գիտի նաև չսիրել: Որ, հարգելուց զատ, իմ սիրտը գիտի նաև չհարգել: Որ մեծարելո՛ւց, պաշտելո՜ւց բացի, նա գիտի նաև... խիստ արհամարհել:



Արեգը և Սիրակը գնում են աջ կողմով, դեսպանը` ձախ:

Քիչ անց գալիս են իշխանուհին, Գոռոզությունը, Հրապուրանքը, Սեթևեթանքը, Կախարդանքը և Սենը: Զգացվում է, որ վերջինս կատարվածի մասին արդեն հաղորդել է:



ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– Ինչ-ի՜նչ...

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ– Ոչինչ. ինձ տեսավ թե չէ, նորից կդառնա նույն հունցած կավը:

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ– (Հեգնանքով) Հիմա արդեն ես նրա համար մի յուրահատո՜ւկ ձևով կնազեմ: (Գայթակղիչ նազանքով քայլում է):

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Իսկ կարո՞ղ է հանկարծ...

ԿԱԽԱՐԴԱՆՔ– Չհավատաս: Իմ ճանկերից ազատվելն այդքան դյուրին չէ: Պարզապես վիրավորվել է, տաքացել: Հանգստանա, կանցնի:



Վարագույրը դանդաղ փակվում է:



ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ



Բեմում ամեն ինչ այնպես է, ինչպես նախորդ դրվագում էր: Չկա միայն դեսպանը:




ԻՇԽԱՆՈՒՀԻ– Սիրտս տխուր է. արդեն քանի օր է` չի գալիս, չի երևում:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– Ինչպես երևում է, խորն է վիրավորված:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Դե գործե՛ք, արե՛ք մի բան...

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ– Առանց նրա ներկայության` ես ոչինչ անել չեմ կարող: Անզոր եմ:

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ– Ես էլ: Երբ նայող չկա, պիտանի չեմ: (Իշխանուհին նայում է Կախարդանքին: Սա նույնպես գլուխը ամոթահար կախում է):

ԿԱԽԱՐԴԱՆՔ– Ինձ պետք է, որ թեկուզ մեկ րոպե, մեկ վայրկյան նրան հանդիպեմ, այլապես...

ԻՇԽԱՆՈՒՀԻ– (Հուսալքված) Ես ի՞նչ հիմա անեմ:

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ– Գուցե բոլորս միասին...

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– Ի՞նչ:

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ– Նրա մոտ գնանք: (Տիրում է լռություն: Բոլորը մտածում են):

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ– Անկեղծ ասած՝ ես համաձայն եմ: Ախր, առանց նրա՝ իմ գոյությունը անիմաստ է, ինքնանպատակ:

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ– Իսկ ես լրիվ ավելորդ եմ:

ԿԱԽԱՐԴԱՆՔ– Իմ ձեռք ու ոտքը կարծես կապված լինեն, շղթայված... Այ, եթե հնարավորություն լինի նրան հանդիպելու...

ԻՇԽԱՆՈՒՀԻ– (Գոռոզությանը) Դո՛ւ խոսիր: Ի՞նչ կասես:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– Ես դեմ եմ: Ես չեմ գա:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Իսկ եթե այս անգամ էլ առանց քեզ...

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– Դուք գիտեք: Բայց ես վախենում եմ, որ առանց ինձ` դուք ձեզ այնպես պահեք, որ հետո ողջ կյանքում զղջաք:

ԿԱԽԱՐԴԱՆՔ– Իսկ գուցե դեռ չշտապենք: Ոչ թե նրա մոտ գնանք, այլ սպասենք հարմար պահի, հանդիպելու հարմար առիթի…

ԻՇԽԱՆՈՒՀԻ– (Հոգոց հանելով) Սպասենք:



Գնում են: Լսվում է ժամացույցի ձայնը. «Թիկ-թակ, թիկ-թակ, թիկ-թակ…»:

Բեմը մթնում ու լուսավորվում է:

Գալիս են Արեգը  և Սիրակը:




ՍԻՐԱԿ– Դու միշտ տխուր ես, Ասպետ, ինքնամփոփ, մենակ:

ԱՍՊԵՏ– Առանձնություն է սիրտս միշտ փնտրում:

ՍԻՐԱԿ– Որ մենակ մնա իշխանուհու հե՞տ:

ԱՍՊԵՏ– Որ մենակ մնա ինքն իր վշտի հետ: Թախծի, երազի և… ցավից ոռնա:

ՍԻՐԱԿ– Խռովված է հոգիդ:

ԱՍՊԵՏ– Խենթացած է հոգիս: Ցնորվա՛ծ: Գժվա՛ծ: Գիտե՞ս, ինչ-որ անսովոր կատաղություն է երբեմն ինձ պատում: Վիրավոր սիրտս պատեպատ խփվում, գազանի նման ճաղերն է կրծում:

ՍԻՐԱԿ– Սերը միշտ այդպես անգութ է զարկում:

ԱՍՊԵՏ– Ո՛չ միայն զարկում... Շանթահարում է: Բայց հիմա միայն, միայն սիրուց չէ, որ ես այրվում եմ:

ՍԻՐԱԿ– Է՞լ ինչից, ասպետ:

ԱՍՊԵՏ– Անզորությունի՛ց, Սիրակ, անզորությունի՛ց... Երանի նրան, ով տեսնում է իր հակառակորդին: Ով, սուր վերցրած, կարող է նրան մարտակոչ նետել: Ով մոլեգնությամբ կարող է մահու կռվի մեջ մտնել... Ջարդել, կործանել, այրել, մոխրացնել... Երանի նրան, ով ելք է տեսնում:

ՍԻՐԱԿ– Մի՞թե այլևս ելք չկա հիմա:

ԱՍՊԵՏ– Եթե տեսնեիր՝ արհամարհանքով նա ինչպես նայե՜ց...

ՍԻՐԱԿ– Ե՞րբ, որտե՞ղ, իշխան:

ԱՍՊԵՏ– Ճանապարհին: Այսօր: Գոռոզ հպարտությամբ կողքովս անցավ...

ՍԻՐԱԿ– (Փորձելով կատակել) Եվ այս անգամ էլ արհամարհանքի նետո՞վ նա խոցեց:

ԱՍՊԵՏ– Արհամարհանքի նիզակո՛վ, Սիրակ... Եվ հիմա սիրտս ոռնում է անզոր: Վիրավորված է իմ սիրտը այնպե՜ս... Ես կարծես լինեմ նվաստ մի ստրուկ...

ՍԻՐԱԿ– Ուշքի՛ եկ, ասպետ: Հիշիր, թե ով ես:

ԱՍՊԵՏ– Հիշում եմ, Սիրակ: Հիշում եմ, սակայն... Եթե իմանաս… Եթե իմանաս՝ ես ոնց եմ... սիրո՜ւմ… Երբեմն ուզում եմ ծնրադիր գնալ ու սեր աղերսել: Թող իմը լինի թեկուզ և մեկ օր, թեկուզ և մեկ ժամ, թեկուզ մեկ... վայրկյան:

ՍԻՐԱԿ– Սթափվի՛ր, ասպետ: Մի՛ թող, որ հույզը առաջնորդի քեզ:

ԱՍՊԵՏ– Երբեմն էլ այնպե՜ս, այնպե՜ս եմ ուզում, որ մի հրաշքով ախոյան դառնա: Ես հենց նույն օրը պատերազմի փող կհնչեցնեմ: Մարտի կնետվեմ գազանի նման...

ՍԻՐԱԿ– Նրան բռնությամբ տիրելու համա՞ր...

ԱՍՊԵՏ– Ո՛չ, բնա՛վ, Սիրակ: Որ ծնկի բերեմ նրա այդ համառ Գոռոզությանը:

ՍԻՐԱԿ– Ինձ թվում է, որ դու քեզ այլևս չես տիրապետում: Անսա՛ խորհուրդը բանականության:

ԱՍՊԵՏ– Իմ սրտում հիմա գոռ փոթորիկ է: Խառնված են իրար սեր, արհամարհանք, խանդ, նվաստություն ու... կատաղություն:

ՍԻՐԱԿ– Եվ դա` մերժվելո՞ւց:

ԱՍՊԵՏ– Անզորությունի՛ց, Սիրակ, անզորությունի՛ց...



Գնում են: Քիչ հետո գալիս են իշխանուհին, Գոռոզությունը, Հրապուրանքը, Սեթևեթանքը և Կախարդանքը:



ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– (Իշխանուհուն) Հը՞, տիրուհի, գո՞հ ես հիմա:

ԿԱԽԱՐԴԱՆՔ– Ասում էի, չէ՞, որ իմ ճանկերից էլ չի ազատվի:

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ– Տեսա՞ք, թե ոնց էր նայում ինձ:

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ– (Ինչպես միշտ՝ նազկտալով) Հապա` ի՜նձ...

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– Թող հասկանա, որ ես չեմ հանդուրժի ինձ հետ այդ տոնով խոսել:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Լավ, բայց մինչև ե՞րբ մենք պիտի այսպես կռվի մեջ լինենք:



Գոռոզությունը, Հրապուրանքը, Սեթևեթանքը և Կախարդանքը՝ միասին.



– Մինչև որ մենք մեզ լիովին...

ԿԱԽԱՐԴԱՆՔ– Սիրտ ու հոգով...

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ– Բոլոր բջիջներով...

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ– Բոլոր հյուլեներով...

Միասին.

– Զգանք բավարարված:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Հիմա ի՞նչ. այսպես ինքնագոհ նստենք սպասե՞նք: Ախր ես ցանկանո՛ւմ եմ նրան:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– Համբերի՛ր, ասում ենք: Ամեն ինչ ունի իր ժամանակը:

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ– Համ էլ ինչո՞ւ նստենք սպասենք:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Ի՞նչ անենք հապա:

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ– Ի՞նչ պիտի. զվարճանանք: (Մոտենում է հայելուն և սկսում իրենով հիանալ):

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ– Ճիշտ է ասում. եկեք մի քիչ էլ կատակներ անենք:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Ո՞ւմ հետ:

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ– Էլ ո՞ւմ պիտի. նրա՛:

(Լսվում է մարտափողի ձայն, և անմիջապես հևասպառ ու վախեցած ներս է գալիս սպասուհին):

ՆԱՆԵ– Տիրուհի՛, տիրուհի՛...

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Ի՞նչ պատահեց: Խոսի՛ր:

ՆԱՆԵ– Մեզ մարտի են կոչում, տիրուհի:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Ովքե՞ր:

ՆԱՆԵ– Չգիտեմ: Սենը հիմա կպարզի:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– Այ քեզ զվարճությո՜ւն:

ԿԱԽԱՐԴԱՆՔ– (Նանեին) Զինվորները շա՞տ են:

ՆԱՆԵ– Մի ամբողջ անտառ:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– (Հուզված) Ո՞վ կսպասեր: Հիմա ի՞նչ անենք:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– (Իշխանուհուն) Մեր ուժերը չե՞ն հերիքի:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Դժվար թե:

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ– (Վախեցած) Եկեք օգնություն խնդրենք:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– Ումի՞ց: (Տիրում է լռություն):

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ– (Քիչ անց) Ճիշտ է ասում. եկեք օգնություն խնդրենք:

ԿԱԽԱՐԴԱՆՔ– Ումի՞ց:

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ– (Երկյուղածությամբ) Նրանից... Ասպետից...

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– Արեգի՞ց: (Հևասպառ ներս է գալիս Սենը):

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Այս ի՞նչ անակնկալ է, Սեն:

ՍԵՆ– Անհավատալի է, տիրուհի:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– Ո՞վ է մարտակոչ նետել:

ՍԵՆ– Նա...

ԿԱԽԱՐԴԱՆՔ– Նա՞:

ՍԵՆ– Այո, օրիորդ, նա՝ Արեգը:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– (Ապշած) Արե՞գը:

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ– (Սենին) Խոստովանիր, որ դու լսում էիր և կատակում ես:

ՍԵՆ– Չեմ կատակում:

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ– Աչքովս տեսնեմ, չեմ հավատա:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Դու չե՞ս սխալվում: Դա իսկապե՞ս նրա զորքն է:

ՍԵՆ– Այո՛, տիրուհի: Ինձ ասացին` նա անձամբ է առաջնորդում:

ԿԱԽԱՐԴԱՆՔ– Այդպիսի բան հնարավոր չէ, բացառվա՛ծ է:

ՍԵՆ– Դա արդեն փաստ է:

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ– Չլինի՞ ինքն է կատակում:

ՍԵՆ– Ի՞նչ կատակ: Սա ավելի քան լուրջ է:

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ– Ուրեմն հաստատ խելագարվել է:

ԿԱԽԱՐԴԱՆՔ– Հնարավոր է: Այդպես լինում է:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Իսկ ի՞նչ է ուզածը:

ՍԵՆ– Կարծում եմ՝ քեզ գերել:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– Թող մտքովն իսկ չանցնի, թե ես կհանձնվեմ:

ՍԵՆ– Երևի անցնում է, դրա համար էլ եկել է զորքով:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Ո՞վ կսպասեր, Տեր Աստված:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– Առաջարկը ընդունելու ինչպիսի ցանկություն էլ ունենայի, հիմա հո չե՛մ կարող:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Դա խայտառակություն կլինի, անպատվություն:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– Եվ մնում է մի բան միայն. ակն ընդ ական, ատամն ընդ ատաման:

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ– Այ քեզ կատա՜կ:

ՆԱՆԵ– Ախր ասում էի, որ սիրո հետ խաղ չեն անի:

ԿԱԽԱՐԴԱՆՔ– Երևալով` չափն անցել ենք:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Ի՞նչ անենք հիմա:

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ– Երբ հնչում են մարտափողերը, ես անելիք այլևս չունեմ: (Հեռանում է):

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ– Ինձ ոչ ոք հիմա չի նայի: (Գնում է Սեթևեթանքի հետևից):

ԿԱԽԱՐԴԱՆՔ– Իմ ձեռք ու ոտքը նորից կապվեցին: (Նույնպես կաշկանդված քայլերով գնում է):

ԻՇԽԱՆՈՒՀԻ– (Գոռոզությանը. ընկճված) Մեզ թողեցին մենակ:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– Մտքովդ իսկ չանցնի հանձնվել: Լսո՞ւմ ես: Պայքարելու ենք մինչև վերջ: Քանի դեռ ոտքի վրա ենք:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– (Հնազանդ) Լսում եմ, քույր իմ, լսում եմ:



Բոլորը գնում են: Լսվում է ժամացույցի ձայնը. «Թիկ-թակ, թիկ-թակ, թիկ-թակ...»:

Գալիս են Արեգը և Սիրակը:



ՍԻՐԱԿ– Արդեն հինգերորդ օրն է:

ԱՍՊԵՏ– Հինգերորդը և վերջինը: Այսօր իսկ կընկնեն բոլոր դռները:

ՍԻՐԱԿ– Ես զարմացած եմ, իշխան: Այսպիսի կատաղի պայքար տեսնում եմ առաջին անգամ:

ԱՍՊԵՏ– Ինչո՞ւ նա չի ուզում հանձնվել, Սիրակ:

ՍԻՐԱԿ– Որովհետև նա էլ ունի իր հպարտությունը:

ԱՍՊԵՏ– Կկոտրե՛մ ես այդ հպարտությունը, ծնկի՛ կբերեմ:

ՍԻՐԱԿ– Մթագնել է քո գիտակցությունը: Ուշքի՛ եկ, իշխա՛ն: Տես՝ ինչ ես անում:

ԱՍՊԵՏ– Վճռված է արդեն: (Արագ հեռանում է: Սիրակը հետևում է նրան):



Լսվում է կոտրվող դարպասների ճռինչ, զինվորների աղմուկ, սրերի զնգոց...

Քիչ անց գալիս են իշխանուհին, Նանեն և Գոռոզությունը:




ԻՇԽԱՆՈՒՀԻ– Ո՞ւմ մտքով կանցներ, թե բանն այսպիսի ընթացք կունենա:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– (Ընկճված, հուսահատ) Ես կոտրված եմ արդեն, տապալված: (Դանդաղ հեռանում է):

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Երանի թե նա իր դաշույնը իմ սրտի մեջ խրեր: Թող ոտնատակ տար: Կախեր պարսպից: Հավատա, որ ես այսպես անարգված ու նվաստացած չէի զգա ինձ:

ՆԱՆԵ– Հասկանում եմ քեզ:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Դու տեսա՞ր, թե ինչ հայացքով նայեց: Պատկերացնո՞ւմ ես. հինգ օրվա դաժան մարտերից հետո նա եկավ, կանգնեց իմ դռան առաջ և... ոչինչ չասաց: Բանակը առավ և լուռ հեռացավ: Ինչի՞ համար էր կռիվը, Նանե:

ՆԱՆԵ– Քե՛զ համար, օրիորդ:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Բայց նա հետ դարձավ: (Հասկանալով, որ կատարվել է էլ ավելի վատ բան, քան ինքը մինչև հիմա կարծել է) Նա երե՞ս թեքեց ինձանից, Նանե: Նա ինձ... չի՞ ուզում: Չի՞ ցանկանում ինձ... Օ՜, անիծյալ կյանք: Կխելագարվեմ ես հիմա, Նանե: Ես ինձ կսպանեմ: (Տիրում է կարճատև լռություն): Ո՛չ, չեմ հանդուրժի: Կատարվածը այս ես չե՛մ հանդուրժի...

ՆԱՆԵ– Մխիթարվիր դու նրանով, օրիորդ, որ այս ամենով նա ընդամենը քեզ պատասխանեց:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Այլ բան է հիմա ինձ տանջում, Նանե: Ախր նա թողեց... Թողեց հեռացավ: Ինձ լքե՛ց, Նանե: Ինձնից հեռացավ...

ՆԱՆԵ– Բայց կարող էր և շատ ավելի վատ ավարտ ունենալ:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Ավելի դաժան ավարտ չի՛ լինում:

ՆԱՆԵ– Եղածը արդեն եղած է, օրիորդ:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– (Զգացվում է, որ գլխում ինչ-որ միտք է ծագել): Եղած է, այո՛, բայց ոչ ավարտված...



Լույսերը մարում են: Մթության մեջ հնչում է երաժշտություն…

Քիչ անց լուսավորվում է:

Սիրակը արթնացնում է քնած ասպետին:




ՍԻՐԱԿ– Արթնացի՛ր, արթնացի՛ր, ասպետ. ժամ չէ քնելու:

ԱՍՊԵՏ– Ինչո՞ւ այսպես վաղ:

ՍԻՐԱԿ– Մահ տարաժամն է դռանը ծնկած:

ԱՍՊԵՏ– (Սթափվելով) Ի՞նչ է պատահել:

ՍԻՐԱԿ– Շուրջկալի մեջ ենք բոլորս ընկել:

ԱՍՊԵՏ– Ի՞նչ…

ՍԻՐԱԿ– Գիշերս գաղտուկ և անակնկալ պաշարման մեջ են ամրոցը առել:

ԱՍՊԵՏ– Դու լո՞ւրջ ես ասում:

ՍԻՐԱԿ– Կատակը արդեն գերեվարված է:

ԱՍՊԵՏ– Ո՞վ է պաշարել:

ՍԻՐԱԿ– Իշխանուհին, ասպետ:

ԱՍՊԵՏ– (Ապշած) Իշխանուհի՞ն: Մարի՞ն:  Չի կարող պատահել:

ՍԻՐԱԿ– Արդեն պատահել է:

ԱՍՊԵՏ– Երազ չե՞մ տեսնում: Մի՞թե լսածս իրողություն է:

ՍԻՐԱԿ– Ավելի ճիշտ բան չեմ կարող ասել:

ԱՍՊԵՏ– Սակայն որտեղի՞ց նրան այդքան զորք:

ՍԻՐԱԿ– Դրոշակներից հասկանում եմ, որ օգնող է եղել:

ԱՍՊԵՏ– Ա՛յ քեզ պատուհա՜ս:

ՍԻՐԱԿ– Նա ուղարկել է նաև դեսպանին:

ԱՍՊԵՏ– (Սկսում է հագնվել): Կանչի՛ր, թող ներս գա: (Սիրակը գնում է և քիչ անց վերադառնում Սենի հետ):

ԴԵՍՊԱՆ– (Խոնարհվելով) Մեծ իշխանուհին իր ողջույններն է հղել ասպետին:

ԱՍՊԵՏ– Բայց արժե՞ր արդյոք այդքան հասարակ ողջույնի համար բերել այսքան զորք:

ԴԵՍՊԱՆ– Իշխան, զորքերը բարեկամություն ու սեր են բերել:

ԱՍՊԵՏ– Սրերի ծայրի՞ն:

ԴԵՍՊԱՆ– Ո՛չ, ասպետ. իրենց սրտերի խորքերում:

ԱՍՊԵՏ– Պարզաբանի՛ր միտքդ:

ԴԵՍՊԱՆ– Իշխանուհին, ասպետ, բնավ էլ կռվի մտադրությամբ չի եկել այստեղ:

ԱՍՊԵՏ– Ինչի՞ համար են հապա զորքերը:

ԴԵՍՊԱՆ– Սա պատասխանն է քո մարտակոչի: Ապացույցն է, որ ինքը պարտված չէ...

ԱՍՊԵՏ– Հանելուկ է ինչ-որ:

ԴԵՍՊԱՆ– Իշխանուհին, ասպետ, առաջարկում է շուտ մոռանալ այն, ինչ որ եղել է: Նա ընդունում է քո առաջարկը:

ԱՍՊԵՏ– Ո՞ր առաջարկը:

ԴԵՍՊԱՆ– Իհարկե` սիրո:

ԱՍՊԵՏ– (Զարմացած) Ինձ խելագարի տե՞ղ է նա դրել, թե ձեռք է առնում:

ԴԵՍՊԱՆ– Ո՛չ մեկը և ո՛չ մյուսը, իշխան:

ԱՍՊԵՏ– Նշանակում է՝ ինքն է ցնորվել:

ԴԵՍՊԱՆ– Վայել չէ, ասպետ...

ԱՍՊԵՏ– Իսկ ինչպե՞ս է նա պատկերացնում. պաշարված բերդից ես իրեն սիրո ողջույն եմ հղում ու սե՞ր խոստանում: Կամ գուցե սիրո երդո՞ւմ եմ տալիս:

ԴԵՍՊԱՆ– Բայց չէ՞ որ, իշխան, դո՛ւ առաջինը սուր բարձրացրիր: Եվ ի՞նչ ես կարծում. մի՞թե կարող էր նա քեզ սեր հղել որպես պատվազուրկ եղած մի աղջիկ:

ԱՍՊԵՏ– Ինքդ ասացիր, որ նա ինձ ողջույն ու սեր է հղել:

ԴԵՍՊԱՆ– Այո՛: Բայց ոչ թե որպես օրիորդ անարգված, այլ իշխանուհի: Զորքերն էլ միայն հավաստումն են սրա: Նա ընդամենը խոսում է քեզ հետ, հավասարն ինչպես հավասարի հետ:

ԱՍՊԵՏ– Նա եկել և իմ բերդն է պաշարել:

ԴԵՍՊԱՆ– Իբրև պատասխան:

ԱՍՊԵՏ– Իսկ եթե մերժե՞մ:

ԴԵՍՊԱՆ– Իշխան, տիրուհին խնդրել է քեզ իր սերը հաղորդել...

ԱՍՊԵՏ– Շամիրամի՛ պես:

ԴԵՍՊԱՆ– Բնա՛վ: Ո՛չ, ասպետ:

ԱՍՊԵՏ– Չպատասխանեցիր իմ հարցին, դեսպան: Եթե չընդունե՞մ իր առաջարկը:

ԴԵՍՊԱՆ– Ես կհաղորդեմ քո պատասխանը:

ԱՍՊԵՏ– Ուրեմն հայտնի՛ր քո իշխանուհուն, որ իմ մտքով էլ չի անցնում կնքել սիրո դաշնագիր: Որ այն, ինչ եղավ, անցած է անդարձ: Որ սերը...  Սերը այսպես չեն հղում:

ԴԵՍՊԱՆ– Կհաղորդեմ, ասպետ, խոսքդ բառ առ բառ: (Գլուխ խոնարհելով՝ հեռանում է):

ՍԻՐԱԿ– Իշխան, բայց չէ՞ որ այն, ինչ եղել է, անցած չէ բնավ: Ինչո՞ւ դու տվիր նման պատասխան: Մի՞թե չէր լինի, որ դադարեցներ նա պաշարումը, և դուք հաշտվեիք:

ԱՍՊԵՏ– Ես դա փորձելու համար ասացի:

ՍԻՐԱԿ– Ի՞նչը փորձելու:

ԱՍՊԵՏ– Եթե նա սեր է ուզում իսկապես, և այս քայլը լոկ պատասխան է ինձ, իր զորքերը հետ իսկույն կտանի: Իսկ թե ոչ, Սիրակ, կնշանակի, որ նա եկել է իրոք գերելու: Թեկուզ և՝ սիրո՛ համար գերելու:

ՍԻՐԱԿ– (Վերև նայելով) Ո՞վ կսպասեր, Տեր իմ, այս ի՞նչ դուրս եկավ...



Մի պահ տիրում է լռություն: Քիչ անց հեռվից լսվում է գրոհի նետված զինվորների աղմուկ…

Արեգն ու Սիրակը գնում են: Լսվում է ժամացույցի ձայնը. «Թիկ-թակ, թիկ-թակ, թիկ-թակ...»:

Գալիս են Գոռոզությունը, Հրապուրանքն ու Սեթևեթանքը: Զգալի է, որ որոշ ժամանակ անցել է:

Գոռոզությունը, հայելուն նայելով, քայլում է աջ ու ձախ, շրջվում, իրեն նայում թիկունքից: Հրապուրանքն ու Սեթևեթանքը զբաղված են իրենց արդ ու զարդերով:




ՀՐԱՊՈՒՐԱՆՔ– Բայց այսպես ամենևին հետաքրքիր չէ: Ես արդեն ձանձրանում եմ:

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ– Ճշմարիտն ասած՝ ես էլ: Ո՞ւմ համար եմ զարդարվում:

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ– Պարապությունից մարդ չգիտի, թե ինչ անի:

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ– Մի քիչ էլ այսպես որ շարունակվի, իմ սիրտը կճաքի:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– Ոչինչ, ոչինչ. մի քիչ էլ համբերեք:

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ– Եվ ի՞նչ է լինելու «մի քիչ»-ից հետո:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– Բերդն արդեն ընկնում է:

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ– Իսկապե՞ս:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– Հաստա՛տ:

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ– Ասենք թե ընկավ: Հետո՞

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– Հետո ես կգերեմ նրան:

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ– Բայց գերվելուց հետո նա այն վիճակը կունենա՞, որ... պետքական լինի:

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ– Հա, իսկապես: Դու նրան այն օրը հո չե՞ս գցի, որ...

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– Չէ: Ի՞նչ եք ասում: Ես նրան ընդամենը... (Նայում է ներս եկած ծառային): Ես նրան զինաթափ կանեմ ու կասեմ (ծառային). «Այդ դո՞ւ էիր վրաս սուր բարձրացրել»:

ԾԱՌԱ– (Անակնկալի եկած, կատարվածը չհասկանալով) Ե՜ե՞ս...տի՜ի՜ր...

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– Ծնկի՛ր հապա: Ներողություն խնդրի՛ր:

ԾԱՌԱ– (Անմիջապես ծնկելով) Ներողություն, տիրուհի: Ես... (Մի պահ բոլորը լռում են):

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ– Բայց այսպես մի տեսակ այն չէ:

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ– Իսկապես: Մեր ուզածը, ինձ թվում է, մի ուրիշ բան է:

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ– Գուցե լավ կլինի, եթե նա չծնկի:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– Չծնկի՞: Այդ դեպքում ինչի՞ համար է մեր այս կռիվը:

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ– Չգիտեմ: Ծնկած, գետնաքարշ տղամարդ ու... հրապուրա՜նք, սե՜ր: Մի տեսակ չի լինում:

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ– Հա: Իսկապես: Ես ստրուկի՞ համար պիտի նազեմ:

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ– Եվ, ճշմարիտն ասած, եթե ես իմանայի, որ նա այսպես շուտ ծնկի է գալու, ամենևին...

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– Ի՞նչ անենք հապա: Անկեղծ որ ասեմ, այսպես շուտ ծնկելն իմ դուրն էլ չեկավ:

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ– Միանգամից ամեն բան արժեքից զրկվեց: Դարձավ անիմաստ:

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ– Եվ առանց ռոմանտիկայի...

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– Դե լավ: Այդ դեպքում թող չծնկի: Փորձենք մեկ ուրիշ տարբերակ: (Մինչ այս պահը մե՛րթ մեկին, մե՛րթ մյուսին ապշահար նայող ծառային նշան է անում, որ կանգնի):

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ– (Ծառային) Դե ինչ, ասպետ, հիմա՞ ինչ կասես:

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ– Նայիր աչքերիս հապա: Շուրթերիս, ուսերիս, կոնքերիս... Հը՞...

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ– (Ծառային քսմսվելով) Դե, դե... Քեզ հանգիստ պահիր:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– Տեսա՞ր, որ, ի վերջո, շղթայեցի: Չգիտեի՞ր՝ ում դեմ ես սուր մերկացնում:

ԾԱՌԱ– Ես...

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– Լռի՛ր:

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ– Լռի՛ր ու միայն (կոտրատվելով) նայիր...

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ– (Ծառայի աչքերին նայելով) Հը՞: Դե ասա մի բան:

ԾԱՌԱ– (Անսպասելիորեն փոխված, կարծես սիրահարված) Բառ չեմ գտնում, օրիորդ:

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ– Օ՜...

ԾԱՌԱ– Ինչ-որ մի բան հանկարծ աշխարհում փոխվեց: Ինչ-որ մի բան հանկարծ միանգամից շրջվեց: (Ուզում է մոտենալ Հրապուրանքին):

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– Դե՛, դե՛... (Ծառային հետ է քաշում):

ԾԱՌԱ– (Հրապուրանքին) Օրիո՛րդ...

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– Քեզ համար ես ի՞նչ օրիորդ: Ասա տիրուհի:

ԾԱՌԱ– (Հմայված նայում է Հրապուրանքին): Օրիո՛րդ:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– Խաղը ավարտվեց, ստրո՛ւկ: Չափդ ճանաչի՛ր:

ԾԱՌԱ– Օրիո՛րդ:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– Ծնկի՛ր, անզգամ:

ԾԱՌԱ– Երբե՛ք: Բնա՛վ: (Բոլորը զարմացած նայում են իրար):

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– Դու հանդգնում ես ինձ չենթարկվե՞լ:

ԾԱՌԱ– Ինչ-որ մի բան, օրիորդ, աշխարհում փոխվեց: Հրամայիր գնալ, քեզ համար բերել սարեր գանձերի. հրամայիր փոխել ուղին աստղերի. հրամայիր  սիրտս սիրո գառան պես քեզ համար զոհել, և կկատարեմ... Բայց ստրուկի պես ծնկել քո առաջ... Ո՛չ, երբե՛ք, բնա՛վ... (Դարձյալ բոլորը ապշած նայում են մեկմեկու...  Ներս է գալիս Սենը):

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– (Խորհրդավոր տոնով. Սենին) Դադարեցրե՛ք կռիվը...



Սենը դուրս է գալիս: Լսվում է նահանջ ազդարարող փողի ձայն:

Լույսերն աստիճանաբար մարում են և վառվում բավական ուշ:

Բեմում են իշխանուհին, Նանեն, Գոռոզությունը, Հրապուրանքը, Սեթևեթանքն ու Կախարդանքը: Նրանցից յուրաքանչյուրն զբաղված է իրեն բնորոշ ինչ-որ գործով:




ՀՐԱՊՈՒՐԱՆՔ– Այս ի՞նչ ստացվեց: Ո՞վ կսպասեր:

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ– Ամեն օր՝ նույն միապաղաղ գորշությունը: Զզվելի՛ է:

ԿԱԽԱՐԴԱՆՔ– Ես երևի արդեն ինքնասպան լինեմ:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– (Նանեին) Այսօր չորրո՞րդ օրն է, որ կռիվը դադարեցրել ենք:

ՆԱՆԵ– Երրորդ է, օրիորդ:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– (Ինչ-որ բան մտորելով) Հավանաբար դեռ շուտ է:

ՆԱՆԵ– Ինչի՞ համար:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Հաշտության:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– Դու ուզում ես նրա հետ հաշտվե՞լ:

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ– Հա՛: Ինչո՞ւ պիտի չուզի:

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ– Ես, ինչ է, կյանքս այս պատերի մե՞ջ պիտի անցկացնեմ:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– (Գոռոզությանը) Դու ախր չես հասկանում, որ ես...

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– Ի՞նչ:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Սիրում եմ այդ... անաստվածին:

ԿԱԽԱՐԴԱՆՔ– Գիտենք: Նա էլ քեզ է սիրում:

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ– Ես արդեն ոչինչ չեմ հասկանում: Ոչինչ:

ՆԱՆԵ– Դուք ե՞րբ եք վերջապես դադարեցնելու այս անհեթեթ խաղը: (Տիրում է լռություն: Ժամացույցը ութ անգամ զարկում է):

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ– Արդեն ժամը ութն է:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– (Ժամացույցին նայելով) Ամսի քանի՞սն է, այսօր, Նանե:

ՆԱՆԵ– Տասներկուսն է, օրիորդ:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– (Անակնկալից վեր է թռչում): Տասներկո՞ւսը:

ՆԱՆԵ– Այո, տիրուհի:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– (Սարսափահար) Ո՞ր ամսի տասներկուսը:

ՆԱՆԵ– Վեցերորդ ամսի:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– (Կարծես շանթահար` գլխին զարկում, ծնկում է ու բղավում): Ա՜... Ա՜... Տե՛ր Աստված, Տե՛ր Աստված...

ՆԱՆԵ– Ի՞նչ պատահեց, տիրուհի:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Ես այս ի՜նչ արեցի, Տեր Աստվա՛ծ... (Ողբում է):

ՆԱՆԵ– Տիրուհի...

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Այս ի՜նչ արեցի...

ՆԱՆԵ– Օրիորդ...

ԻՇԽԱՆՈՒՀԻ– (Արտաքուստ հանդարտված. խելքը կարծես գցած) Այսօր ամսի քանի՞սն է, Նանե:

ՆԱՆԵ– (Զարմացած, որ նույն հարցը տալիս է նորից) Տասներկուսն է, օրիորդ:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– (Ողբաձայն) Տասներկուսն է, Նանե: Տասներկուսն է արդեն... Ժամանակը ե՞րբ անցավ... Ե՞րբ անցավ, Նանե:

ՆԱՆԵ– Ո՞ր ժամանակը, տիրուհի:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Ա՜... Նանե: Դու էլ ես մոռացել: Դու էլ ես մոռացել...  Վաղը՝ ժամը ութին, լրանում է իմ յոթ շաբաթը...

Ինձ մնաց ընդամենը մեկ օր: Միմիայն մեկ օր...

ՆԱՆԵ– (Իշխանուհուն մոտենալով, կարեկցանքով) Ի՞նչ կհրամայես, տիրուհի:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Դեսպան ուղարկիր շտապ իմ ասպետի մոտ: Թող ասի նրան... Ողջ պատմությունը թող պատմի նրան և ասի, որ ինձ... Որ մնացել է ինձ միայն մեկ օր: Միմիայն մեկ օր... Թող որ իմ կողմից ծնրադիր ներում հայցի նրանից... Թող ասի նրան, որ սպասում եմ... Որ սպասում եմ... Ծնրադիր խնդրում...

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– (Փոքր-ինչ երկյուղած) Բայց պե՞տք է արդյոք:

ԻՇԽԱՆՈՒՀԻ–  Կորե՛ք գրողի ծոցը բոլորդ: Սատանայի՛ հետ դաշն կնքեցեք:

ԿԱԽԱՐԴԱՆՔ– (Հեռանալով, վիրավորված) Առանց այդ էլ ես ավելորդ էի:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ– (Հետևում է Կախարդանքին): Ինչպես կկամենաս...

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ– Ե՞ս էլ, իմ քույրիկ:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Ոչ մեկիդ ոտքը ինձ մոտ չտեսնեմ, ձայնը չլսեմ:

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ– Եվ` ի՞մ:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– (Մազերը խառնշտորելով, դեմքին թափելով) Ինձ պետք չէ հիմա այլևս ոչինչ... Այլևս ոչինչ՝ բացի նրանից... (Նանեին) Էլ մի՛ ուշացրու: Դեսպանին ասա՝ նժույգը ընտրի ամենից ընտիր: Փոթորկի նման թող որ սլանա: Ասա, որ մնաց ինձ միայն մեկ օր... (Սեթևեթանքն ու Հրապուրանքը դուրս են գալիս ձախ դռնով, Նանեն` աջ):



Վարագույրը փակվում է և բացվում:

Բեմում ամեն ինչ այնպես է, ինչպես ներկայացման սկզբում էր: Իշխանուհին և Նանեն սպասողական անհանգիստ վիճակում են:




ԻՇԽԱՆՈՒՀԻ– Ինչո՞ւ է այսքան ուշանում, Տե՛ր Աստված:

ՆԱՆԵ– Չի ուշանում, տիրուհի, բավականին ճանապարհ է:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Ճիշտ է. բավականին ճանապարհ է: Գնալ-գալու համար մի ամբողջ... հավերժություն է պետք: (Նայում է ժամացույցին): Ժամանակն ինչո՞ւ է այսքան արագ անցնում, Նանե: Ինձ մնաց ընդամենը քսան ժամ:

Ձեռքս քնքշորեն կդնեմ ուսին, կփարվեմ կրծքին, սիրո խոսքեր, լուսե խոսքեր կշշնջամ: Ներողություն կխնդրեմ: Կասեմ՝ այս մեկ օրում թող բուժեմ քո բոլոր վերքերը... Կասեմ... (Լսողությունը լարելով) Ձիու դոփյո՞ւն էր...

ՆԱՆԵ– Ո՛չ, տիրուհի՛, քեզ թվաց:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Կասեմ. «Այս մեկ օրվա համար զոհել եմ իմ ողջ մնացյալ կյանքը և գուցե` ամբողջ... հավերժությունը»: Կասեմ… Կհասցնե՞մ ամբողջն ասել: Չեմ հասցնի: Լուռ կգրկեմ, կնայեմ աչքերին, և նա կհասկանա ինձ առանց բառերի: Ես միայն կնայեմ նրա աչքերին... (Լսվում է ձիու խրխինջ): Նա եկավ, Նանե, նա... (Վազում է պատուհանի մոտ: Կոտրված) Ո՛չ, Նանե... Նա չեկավ: Եկավ դեսպանը: (Քիչ անց ներս է գալիս Սենը: Իշխանուհին անհամբերությամբ նայում է նրան): Հը՞: Խոսի՛ր, շո՛ւտ արա:

ՍԵՆ– (Մռայլ) Ասպետը ինձ... մերժեց, տիրուհի:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– (Էլ ավելի կոտրված. ոտքի վրա հազիվ կանգնելով) Մերժեց... Ասպետը...

ՍԵՆ– Ասաց. «Կան մեղքեր, որոնք չեն ներվում ո՛չ մեկին, երբե՛ք...» :

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Դու հայտնեցի՞ր, որ ես...

ՍԵՆ– Հայտնեցի, օրիորդ, բայց նա ինձ ասաց, որ սերն իր խորն է եղել առավել:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Եվ հայտնեցի՞ր, որ ինձ մեկ օր է միայն...

ՍԵՆ– Նա ասաց, որ քեզ կարող էր ներել, եթե այդքան խոր սիրով չսիրեր: «Կներեի,- ասաց,- եթե ինձ համար նա եղած լիներ մի ինչ-որ աղջիկ: Կներեի,- ասաց,- թե ուզելով լիներ...»:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Խո՜րն է վիրավորվել... (Հուսահատ) Ես ի՞նչ անեմ, Նանե:

ՆԱՆԵ–  Թույլ տուր, տիրուհի, մի անգամ էլ ես խոսեմ նրա հետ:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Խոսի՛ր, Նանե: Խոսի՛ր: Գնա՛: Շտապի՛ր:



Բեմից բոլորը գնում են: Լսվում է քառատրոփ սլացող ձիու դոփյուն...

Քիչ անց գալիս են Նանեն և ինչ-որ զինվորական պաշտոնյա:




ԶԻՆՎՈՐԱԿԱՆ– Ասպետը քիչ առաջ դուրս եկավ բերդից:

ՆԱՆԵ– Օգնիր ինձ գտնել, աղաչում եմ քեզ, և երախտապարտ կմնամ հավետ:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ– Տիկին, ամրոցում ոչ ոք չգիտի, թե նա ուր գնաց:

ՆԱՆԵ– Դուրս եկավ մենա՞կ:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ– Ո՛չ: Համհարզի հետ:

ՆԱՆԵ– Եվ ոչինչ չասա՞ց: Ոչ մի բա՞ռ, իշխան:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ– Անձամբ ինձ՝ ոչինչ:

ՆԱՆԵ– Եվ անհնա՞ր է միտքը կռահել:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ– Նա շատ թախծոտ էր, մռայլ, ինքնամփոփ: Ինձ թվում է՝ նա ինքն էլ չգիտեր՝ ուր պիտի գնա:

ՆԱՆԵ– (Վերև նայելով) Ո՜վ, Տեր Երկնավոր, ցույց տուր մի ուղի:



Հեռանում են:

Գալիս են իշխանուհին և Նանեն:




ԻՇԽԱՆՈՒՀԻ– Ես ինքս հիմա ճանապարհ կընկնեմ: Սար ու ձոր ոտքիս տակ կտամ անկանգ: Ու թե, Աստված տա, հանդիպեմ հանկարծ, կասեմ... Կասեմ. «Ես ոչինչ չեմ ուզում քեզնից: Ոչինչ չեմ ուզում, բացի մի բանից...»: Կասեմ. «Թույլ տուր ինձ... Ինձ թույլ տուր միայն` քո կրծքին փարված ավանդեմ հոգիս»:



Մյուս կողմով գնում են:
Գալիս են Արեգը և Սիրակը:




ԱՍՊԵՏ– Սիրտս թունավոր մի որդ է կրծում: Ես ինչո՞ւ, Սիրակ, նրան մերժեցի: Եղա փոքրոգի: Վարվեցի, ինչպես խռովկան տղա: Ո՛չ ասպետաբար: Իսկ նա ինձ համար...

ՍԻՐԱԿ– Հիմա էլ ուշ չէ. պատրաստ եմ իսկույն նժույգ հեծնելու: (Պատրաստվում է, որ գնա):

ԱՍՊԵՏ– Սպասիր, Սիրակ: Այս անգամ ես էլ...



Վազելով գնում են:

Գալիս են Մարին և Նանեն:




ՆԱՆԵ– Ոչ մի երիվար չէր դիմանա մեզ. վարում էինք մենք խելահեղորեն:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Հիմա էլ ինքս կվազեմ, Նանե: Կվազեմ՝ քանի ուժ կա ոտքերիս, շունչ կա շուրթերիս:

ՆԱՆԵ– Ես կգամ քեզ հետ: Կլինեմ քեզ հետ ես միշտ, տիրուհի:

ԻՇԽԱՆՈՒՀԻ – Ուր որ է արդեն մութը կպատի: Ինձ մնաց միայն մի գիշեր, Նանե: Միայն մի գիշեր...

ՆԱՆԵ– Գուցե և Աստված ողորմած լինի:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Արի բարձրանանք սարալանջը այս: Եթե ինչ-որ տեղ նշմարվի կրակ, ես իսկույն կիջնեմ, կվազեմ իսկույն...



Գնում են:

Աստիճանաբար իջնում է գիշերը:

Գալիս են Արեգը և Սիրակը: Երկնքում առկայծում են աստղերը, երևում է լուսինը:




ԱՍՊԵՏ– Նա ինձ է փնտրում: Նա դուրս է եկել՝ չիմանալով, թե ուր պիտի գնա և որտեղ փնտրի...

ՍԻՐԱԿ– Ինչպես մենք, ասպետ:

ԱՍՊԵՏ– Եկ ձայն տանք նրան: Ողջ ուժով ձայնենք անունը նրա:


Երկուսով միասին ձայն են տալիս.

– Մա-րի՜... Մա-րի՜... Մա-րի՜...



Հեռանում են: Գալիս են Մարին և Նանեն:




ԻՇԽԱՆՈՒՀԻ– Գիշերը արդեն կես եղավ, Նանե, և չվառվեց ոչ մի կրակ...

ՆԱՆԵ– Աստված թող տա՝ լուսաբացը լինի բարի: (Հոգնած նստում է):

ԻՇԽԱՆՈՒՀԻ–  Իսկ թե հանկարծ լուսաբացն էլ այս չար լինի, կասես նրան, որ փափագն իմ այն էր միայն, որ մեկ անգամ, վերջին անգամ իրեն տեսնեմ... Իրեն տեսնեմ գեթ մեկ վայրկյան... Իսկ թե հանկարծ այնպես լինի, որ չտեսնեմ, իմ անունից դու կաղերսես՝ իր ձեռքերով հողը դնի... Իր ձեռքերով շիրիմ կապի... Եվ ինձ, կասես, որպես պատան՝ թող որ գոնե պատմուճանը նվիրի նա... (Տիրում է լռություն: Մեկ-երկու րոպե հնչում է տխուր երաժշտություն):



Գնում են: Գալիս են Արեգը և Սիրակը:




ԱՍՊԵՏ–Շտապենք, Սիրակ, էլ չեմ դիմանում:

ՍԻՐԱԿ– Բայց ո՞ւր գնանք, ո՞ր կողմը:

ԱՍՊԵՏ– Ուր կտանի սիրտս: Թե չգտնեմ նրան, ինձ չեմ ների երբեք: Մի անգամ էլ ձայն տանք:


Ձայն են տալիս.

– Մա-րի՜... Մա-րի՜... Մա-րի՜...



Գնում են: Մի կարճ ժամանակ բեմը մնում է դատարկ…

Գալիս են Մարին և Նանեն: Մարին քայլում է հազիվ, կաղալով:




ՆԱՆԵ– Շա՞տ է ցավում:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Ցավելը՝ ոչինչ: Էլ չեմ կարողանում քայլել:

ՆԱՆԵ– (Մարիի ոտնաթաթը շոշափելով) Հավանաբար դուրս է ընկել: Լավ կլինի, որ նստես:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Չէ, Նանե: Ես պիտի գնամ: Երևի արդեն ժամանակն է...

ՆԱՆԵ– Ինչի՞:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Որ գնամ ծնկած:

ՆԱՆԵ– Այս քարերի մեջ ծնկած հեռու չես գնա:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Կսողամ հետո: Սողալով կգնամ:

ՆԱՆԵ– Բայց ո՞ւր, մինչև ո՞ւր:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Գոնե մինչև այն ժայռի շուրթը: Կհասնեմ այնտեղ ու, քարին նստած, կսպասեմ նրան: Էլ աչք չեմ թարթի. կնայեմ անթարթ...

(Փոքր-ինչ հետո) Ինձ առաջին անգամ տեսավ այնտեղ՝ գետի ափին: (Երկար ժամանակ հուշերով տարված, ամեն ինչից վերացած՝ նայում է այդ կողմը): Ինձ կամփոփեք այնտեղ: Այն ծառի տակ, որտեղ նա նստած էր: Եվ կծածկեք նրա տրորած հողով: (Քիչ անց) Ինչքա՞ն մնաց, Նանե:

ՆԱՆԵ– (Գրպանի ժամացույցին նայելով) Մեկ ժամ, տիրուհի:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Ընդամենը մեկ ժամ... Միայն մեկ ժամ... Տուր ինձ ժամացույցը:



Նանեն ժամացույցը տալիս է նրան: Լսվում է ժամացույցի ձայնը. «Թիկ-թակ, թիկ-թակ, թիկ-թակ…»:

Լուսինը ծածկվում է ամպերով: Մթության մեջ հեռվից լսվում է Արեգի և Սիրակի ձայնը.



– Մա-րի՜... Մա-րի՜... Մա-րի՜...



Տիրում է լռություն…

Արևը ծագում ու բարձրանում է: Մարին և Նանեն նույն սպասողական վիճակում նստած են ժայռի պռնկին: Լռությունը խախտում է Նանեն:




ՆԱՆԵ– Արևը բարձրացավ արդեն: Ինչքա՞ն մնաց, տիրուհի:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Կես ժամ, Նանե: Մնաց կես ժամ...



Լսվում է թռչունների ծլվլոց, գետի մեղմ խշշոց, որը փոխվում է տխուր երաժշտության: Լսվում է ժամացույցի ձայնը. «Թիկ-թակ, թիկ-թակ, թիկ-թակ...»: Դարձյալ տիրում է լռություն, որը կրկին խախտում է Նանեն:




ՆԱՆԵ– Տիրուհի...

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Քառորդ ժամ, Նանե: Մնաց քառորդ ժամ... Մի՞թե նա չի գա... Չէ, Նանե, կգա: Նա հաստա՛տ կգա: Ա՜խ, ի՜նչ արագ է այս ժամանակն անցնում... Կհասցնի՞ նա գալ...



Նախորդ դրվագը կրկնվում է. լսվում է թռչունների ծլվլոց, գետի խշշոց, տխուր երաժշտություն:

Բեմի վերևից կախվում է ժամացույց, որով հանդիսատեսները նույնպես հետևում են ժամանակի ընթացքին: Լսվում է ժամացույցի ձայնը. «Թիկ-թակ, թիկ-թակ, թիկ-թակ...»:

Տիրում է լռություն...




ՆԱՆԵ– Խոսի՛ր: Ասա՛ մի բան, տիրուհի:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Հինգ րոպե, Նանե, հինգ րոպե... (Լարված, աշխարհից վերացած՝ նայում է հեռուն: Հնչում է նույն տխուր երաժշտությունը: Մնում է չորս րոպե): Ես գիտեմ, որ նա գալու է, Նանե: Գալու է հաստատ: Պարզապես նա... ուշանում է... (Սպասուհին մոտենում է նրան և թևանցուկ անում): Նայի՛ր. երկու հոգի իջնում են... (Աշխուժացած) Այդ նա՛ է, Նանե՛... Նա՛ է...

ՆԱՆԵ– Ո՞ր կողմից, տիրուհի:

ԻՇԽԱՆՈՒՀԻ–  Ա՛յն կողմից, ա՛յն… Տեսա՞ր...

ՆԱՆԵ– (Ուշադիր նայելով) Չէ՛, տիրուհի...

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Ինչպե՞ս չես տեսնում: (Ուրախացած) Այդ նա՛ է: Գալիս է... (Աչքը ինչ-որ կետից չկտրելով` ժամացույցը տալիս է Նանեին): Վերցրո՛ւ, Նանե: Տես` ինչքա՞ն մնաց:

ՆԱՆԵ– Երկու րոպե, օրիորդ:

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Երկու րոպե... Ա՜խ, երկու րոպե միայն... Դե շտապի՛ր, վազի՛ր, շո՛ւտ արա: (Ծնկում է ժայռի պռնկին): Հիմա տեսնո՞ւմ ես, Նանե: Հիմա տեսնո՞ւմ ես:

ՆԱՆԵ– (Ուրախացած) Հիմա տեսնում եմ, օրիորդ: Արդեն տեսնում եմ: Մեր կողմն է գալիս: Արագ վազում է...

ԻՇԽԱՆՈՒՀԻ– (Ցավով) Ոտքը քարին դիպավ: Ընկավ...

ՆԱՆԵ– Վեր կացավ: Վազում է...

ԻՇԽԱՆՈՒՀԻ– (Անհամբերությունից չգիտի, թե ինչ անի: Նանեից ժամացույցը վերցնում ու նայում է): Ա՜խ, մեկ րոպե մնաց: Տե՛ր Աստված, գոնե մեկ րոպե կանգնեցրու ժամանակը... (Լսվում է ժամացույցի ձայնը. «Թիկ-թակ, թիկ-թակ, թիկ-թակ...»: Կես րոպեն անցնում է: Մարին ծնկած ավելի է մոտենում ժայռի եզրին և սպասում շունչը պահած: Մնում է տասնհինգ վայրկյան): Դե, մի քիչ էլ վազիր: Արդեն հասնում ես... Մի փոքր էլ... (Մնում է հինգ վայրկյան: Արեգը հեռվից ձայնում է):

ԱՍՊԵՏ– Մարի՛...

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Արե՛գ... (Մնում է երկու վայրկյան: Ձախ կողմից վազելով գալիս է Արեգը):

ԱՍՊԵՏ – Մարի՛...

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Արե՛գ...



Վերջին կանչի հետ՝ վերջին վայրկյանին, Մարին ժայռից նետվում է դեպի Արեգը, սակայն... արդեն ուշ է. իշխանուհին, արդեն մահացած, ընկնում է ասպետի ոտքերի առջև...

Արեգը, չհասցնելով նրան բռնել, կարծես ոտքերը կոտրված, ծնկում է իր սիրո առաջ և գրկում նրա անշունչ մարմինը...

Նանեն և Սիրակը դանդաղ քայլերով գալիս, կանգնում են նրանց գլխավերևում: Տիրում է լռություն: Տխուր երաժշտության հնչյունների ներքո վարագույրը դանդաղ փակվում է:







Ծանոթություն: Պիեսի նյութը վերցված է մի պատմությունից, որը, ամենայն հավանականությամբ, ժողովրդական զրույց է` իսահակյանական միջամտությամբ: Ինչպես գրում է Արմենուհի Ինճիկյանը, այս գործը «եղել է Իսահակյանի գրելիք նյութերի շարքում: Պատմել է համառոտ բովանդակությունը մեկ էջում և սկսել գեղարվեստական մշակումը»: (Ա. Իսահակյան. «Ծանոթ և անծանոթ էջեր», Երևան, «Արևիկ», 1988, էջ 323): Սակայն  աշխատանքն այդպես էլ մնացել է:


12345678910111213141516
    Դիտվել է 734 անգամ
    12