Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տունը նվեր է ստացել քառորդ միլիոն կտոր թանգարանային առարկա

11.05.2015


Ռուսաստանում կկառուցեն Արտասահմանյան Ռուսաստանի (ռուսական սփյուռքի-խմբ.) թանգարան: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Այսօր, ելույթ ունենալով Մոսկվայում ընթացող հայրենակիցների կոնգրեսում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ այդ թանգարանը «կդառնա Ալեքսանդր Սոլժենիցինի անվան Արտասահմանյան Ռուսաստանի տան մի մասը և իր հավաքածոյով ու տեխնիկական հագեցվածությամբ կմտնի Ռուսաստանի լավագույն թանգարանների մեջ»:

Պուտինը տեղեկացրել է, որ իր գործունեության անցած 20 տարիների ընթացքում Արտասահմանյան Ռուսաստանի տունը նվեր է ստացել քառորդ միլիոն կտոր թանգարանային առարկաներ, արխիվային փաստաթղթեր, գրքեր, նշանավոր նկարիչների աշխատանքներ, ինքնագրերի հավաքածոներ և գրողների, արվեստագետների, հասարակական գործիչների ու մտածողների վերաբերյալ զանազան փաստաթղթեր:

Ռուսաստանի նախագահը հատուկ ընդգծել է, որ եղած հարուստ նյութը վստահաբար հաստատում է այն միտքը, որ «չնայած դժվար, հաճախ դրամատիկ իրավիճակներին, մեր մարդիկ օտարության մեջ արել են ամեն ինչ, որպեսզի իրենց սերունդները երբեք չմոռանան, թե որտեղից են նրանք իրենց ծնունդով»:

Նա նաև շեշտել է, որ բոլոր փոխանցված թանգարանային արժեքները գտնվում են պետական պահպանության տակ և, որ ռուսաստանյան արտասահմանի այդ անգին ժառանգությունը «ինչպես և ցանկացել են դրանց հեղինակները և ստեղծողները, պետք է ծառայեն Ռուսաստանին», այդ երկրի մարդկանց և ապագա սերունդներին:
    Դիտվել է 886 անգամ