Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այստեղ արտասահմանից հյուրեր չեն գալիս և այստեղից օտար երկրներ չեն մեկնում

12.22.2015

Ռուսաստանցի պրոդյուսեր և կինովավերագրող Վիտալի Մանսկին հնարավորություն է ունեցել նկարահանել նոր վավերագրական ֆիլմ, որտեղ ներկայացվում աշխարհի ամենափակ երկրում՝ Հյուսիսային Կորեայի հանրապետությունում ապրողների կյանքը:

Թեև այսօր կինոնկարը միջազգային կինոփառատոներում նվաճում է ամենատարբեր մրցանակներ, բայց և այնպես Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետության մշակույթի նախարարությունը նոտա է հղել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն՝ պահանջելով դադարեցնել և արգելել ֆիլմի ցուցադրությունը:

«Արևի ճառագայթներում» վավերագրական կինոնկարը 8 տարեկան դպրոցահասակ աղջնակի մասին է, ում անունն է Զին Մի և ով ապրում է երկրի մայրաքաղաք Փհենյանում:

Աղջիկը դպրոցում սովորում է շատ ջանադրաբար և նախապատրաստվում է ընդունվել պիոներական կազմակերպության մեջ:
Թեև ֆիլմի սցենարը պարտադրված միջավայրի ու հերոսների մասին գրել են հյուսիսկորեացիները, բայց ռեժիսոր Մանսկին նկարահանումների ընթացքում աշխատել է պարզաբանել, թե ինչպե՞ս է ապրում Հյուսիսային Կորեայի հասարակությունը: Հասարակություն, որն իր երկրում հնարավորություն չունի շփվել այլ մշակույթներ ներկայացնող օտարերկրացիների հետ կամ հաղորդակցվել Կորեայի սահմաններից անդին ապրող մյուս հասարակությունների հետ:

Այստեղ արտասահմանից հյուրեր չեն գալիս և այստեղից օտար երկրներ չեն մեկնում: Հյուսիսային Կորեան փակ հասարակություն է և ամեն ինչ գտնվում է պետության աչալուրջ վերահսկողության ներքո: Այստեղ էլեկտրոնային տեղեկատվության համաշխարհային ցանցը արգելքի տակ է, իսկ ողջ բնակչության լրատվական սպասարկումն իրականացվում է միայն երկու պետական հեռուստաալիքների և 3 թերթերի միջոցով:

Մանսկին Փհենյանում եղել է 3 անգամ: 2013թ.-ին նրան ուղեկցել են դպրոց և հնարավորություն տվել ընտրելու իր ապագա ֆիլմի հերոսուհուն:

Ֆիլմի ապագա փոքրիկ հերոսուհին՝ Զին Մին ռեժիսորին ասել է, որ իր հայրը լրագրող է, իսկ մայրը՝ աշխատում է գործարաններից մեկի ճաշարանում: Նրանց ընտանիքը ապրում է մեկ սենյականոց բնակարանում՝ իր երկու տատիկների ու պապիկների հետ միասին:

Սակայն, երբ սկսվել են ֆիլմի նկարահանումները, պարզվել է, որ աղջկա հայրն այլևս լրագրող չի, այլ՝ օրինակելի և ցուցադրական կարի ֆաբրիկայի ինժեներ, իսկ մայրը դարձել է սոյայի կաթ թողարկող օրինակելի ու ցուցադրական ձեռնարկության աշխատակցուհի: Նրանց ընտանիքը ապրում է ոչ թե մեկ սենյականոց բնակարանում, այլ երկրի մայրաքաղաքի ամենապատվավոր թաղամասերից մեկի շատ ընդարձակ ու հարմարավետ բնակարանում: Սակայն, քանի որ սցենարը չէր նախատեսում նկարահանել պապիկներին ու տատիկներին, ապա, բնականաբար, նրանք նոր տանը չեն երևացել:

Վիտալի Մանսկին նկարահանումների ժամանակ այդ տան տարբեր հատվածներում նկատել է որոշակի նշաններ, որոնք ցույց են տվել, որ բնակարանը նոր է հարդարվել: Ասենք, նոր է եղել նաև կահույքը, որի դարակները դատարկ էին... Դատարկ է եղել նաև ողջ շենքը, քանի որ այն բնակեցված չէր, իսկ վերելակն էլ գործարկվել է զուտ ֆիլմի նկարահանումների առիթով:

Նկարահանողները որևէ ինքնուրույն քայլ կատարելու կամ ուշադրությունն այլ կողմ շեղելու հնարավորություն չեն ունեցել: Ամեն ինչ արվել է աչալուրջ հսկիչների հայացքի ներքո: Նույնիսկ նրանց արգելվել է առանց ուղեկցողի դուրս գալ հյուրանոցից: Իսկ նկարահանող խմբի անդամների կողմից հսկողությունից խուսափելու ցանկացած քայլ մատնվել է անհաջողության:

Այնուամենայնիվ, Մանսկու խմբին հաջողվել է ինչ-ինչ կադրեր նկարահանել գաղտնի՝ հյուրանոցի սենյակի վարագույրի ետևից, ինչ-որ մի չեղքի արանքից: Եվ, որքան էլ զարմանալի է, սակայն նրա կինոնկարի առավել հետաքրքրական կադրերը հենց դրանք էլ ստացվել են:

Ի դեպ, գաղտնի նկարահանումների շնորհիվ «Արևի ճառագայթներում»-ը ստացվել է որպես ֆիլմ՝ ֆիլմի մասին:

Պարտադրված սյուժեի փոխարեն Մանսկին ցուցադրում է իրենը՝ հաճախ միևնույն դրվագը ներկայացնելով մի քանի կրկնօրինակմամբ, որը, ասես, ավելի է ընդգծում պարտադված սցենարի անիմաստ լինելը: Օրինակ, մի այդպիսի տեսարանում կարի ֆաբրիկայի արտադրամասի պետը իժեներին զեկուցում է, որ պլանը կատարվել է 150 տոկոսով, իսկ հաջորդ կրկնօրինակում նա սկսում է խոսել է 200 տոկոսից:

Ֆիլմում կան կադրեր, որտեղ Զին Մին ծնողների հետ պետք է ճաշի: Սեղանին տարբեր ուտեստներ են դրված, որոնք պոլիէթիլենային փաթեթներով բերվել էին և համապատասխան հարդարմամբ դրվել ափսեների մեջ: Հերոսուհու ընտանիքի անդամները վախենում էին ձեռք տալ, առավել ևս ուտել դրանք: Նկարահանողներին ուղեկցողները փորձում էին նրանց համոզել, որպեսզի ավելի համարձակ շարժվեն, սակայն ընտանիքի անդամները դրան ի պատասխան կասկածանքով լի հայացքներ էին նետում այս ու այն կողմ... Հյուսիսային Կորեայում սննդամթերքը տրվում է կտրոններով:

Վիտալի Մանսկին նշում է, որ իր ֆիլմը «ոչ միայն Հյուսիսային Կորեայի և ոչ այնքան Հյուսիսային Կորեայի մասին է», որքան փակ հասարակության: Այն մասին, թե ինչպե՞ս է իրեն զգում մարդն այդպիսի միջավայրում, ինչու՞ է ենթարկվում տոտալիտար համակարգին, ի՞նչն է նրան առաջնորդում՝ վա՞խը, թե՞ մեկ այլ բան, որը հաջորդում է վախին...
    Դիտվել է 266 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431>>հաջորդ