Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թռիչք քաղաքի վրայով


Թռիչք քաղաքի վրայով

Թատերախաղ-ներշնչանք 3 մասից ` ըստ Մարկ Շագալի ,Թռիչք քաղաքի վրայովե գեղանկարի


Գործող անձինք`

Բժիշկ- Մոտ քառասուն տարեկան

Աղջիկ- Քսան տարեկան


Ամբողջ գործողությունն ընթանալու է աղջկա «դիտակետից», իսկ նա կույր է, ուրեմն հանդիսատեսը, ինչպես և կույր աղջիկը, ոչինչ չի տեսնում, այլ լսում է ձայներ, զգում բույրեր… Մի խոսքով գործ ունենք հանդիսատեսի ենթագիտակցության հետ:


Մաս ı

Գործողության վայրը` հիվանդասենյակ: Կատարյալ մթության մեջ ամենասկզբից լսվում է, թե ինչպես է տղամարդու ձայնը կարդում հատված Թոմաս Էլիոթի «Մարինա» պոեմից Նա շարունակում է կարդալ այնքան ժամանակ, քանի դեռ դահլիճ մտնող վերջին հանդիսականը չի տեղավորվել: Երբ դահլիճի ձայները խաղաղվում են, տղամարդը դադարեցնում է ընթերցանությունը։

Բժիշկ- Ինչ ծովեր ինչ ափեր ինչ ժայռեր գորշ և ինչ կղզիներ

Ինչ ջրեր են նավը ողողում

Ինչ սոճու բույր և կեռնեխի երգ մշուշի միջով

Ինչ պատկերներ են վերադառնում

Ախ դուստր իմ…

Սոճու բուրմունք, անտառի մշուշ

Եվ այս վայրում տարրալուծված,

Ի~նչ է այս դեմքը, ավելի աղոտ և ավելի վառ,

Այս զարկերակը, ավելի թույլ և ավելի ուժեղ,

Տրվա՞ծ թե Փոխառված, աստղերից անգամ հեռու

և աչքից անգամ մոտ

Շշուկներ և նվաստ ծիծաղ տերևների և շտապող

ոտքերի արանքում

Քնի ներքո, որտեղ բոլոր ջրերն են հատվում,

Ցռկահեծանը ճաքել է ցրտից, ներկը շոգից է

Ճագում:

Ինքս եմ ստեղծել, մոռացել եմ և վերստին հիշել…

Բժիշկ- Լույսը միացնեմ: Արդեն տառերը չեն երևում:

Լսվում են բժշկի ոտնաձայները, լույսի միացման ձայնը, սակայն բեմը շարունակում է մնալ մթության մեջ:

Բժիշկ- Այսպես ավելի լավ է, ուր էի հասել…

Աղջիկ- …Մոռացել և վերստին հիշել…

Բժիշկ-… Ինքս եմ ստեղծել, մոռացել եմ և վերստին հիշել…

Այս մարմինը, այս դեմքը, այս կյանքը,

Որն ապրում եմ ժամանակի մի աշխարհում, որ վեր

Է ինձնից:

Թող հանձնեմ կյանքս այս կյանքին,

Արթնացածներին,

Բաժան շուրթերին, հույսին, նոր նավերին

Ի՞նչ Ծովեր, ի՞նչ Ափեր ու գրանիտե կղզիներ`

Ատաղձներիս դեմ

Ի՞նչ Կեռնեխ է կանչում մշուշի միջով

Դուստր իմ:


Ձայնը շարունակում է կարդալ, ընթերցանությանը զուգահեռ բեմում թույլ լույս է հայտնվում և աղոտ երևացնում հայացքը մի կետի հառած, անշարժ կանգնած ճերմակազգեստ աղջկան:

Աղջիկ- Ես վախենում եմ…(Մթություն)

Բժիշկ- Հանգստացիր, չեղավ, չեղավ, եկ կողքիս նստիր։

Աղջիկ- Հոգնել եմ:

Բժիշկ- Այ այսպես, նստիր, հիմա քեզ համար թեյ կբերեմ, իսկ վաղը, այ կտեսնես, զբոսնելու ես ծառերի ստվերում (կատակելով) և, ով գիտե, միգուցե ինձ անգամ չես էլ հրավիրելու քեզ հետ զբոսնելու հաճույքը վայելելու:

Աղջիկ- Ես քեզ սիրում եմ…

Բժիշկ- Ի՞նչ:

Աղջիկ- Սիրում եմ քեզ:

Բժիշկ- Ներիր, մեկ անգամ էլ, լավ չլսեցի:

Աղջիկ- Սի-րու-մ եմ…

Բժիշկ- Ես քեզ հետ եմ:

Աղջիկ- Գիտեմ:

Բժիշկ- Ես երբեք, երբեք, ինչ էլ, որ պատահի… դու դա գիտես:

Աղջիկ- Գիտեմ, գիտեմ… (հրճվանքով սկսում է կրկնօրինակել բժշկի ձայնը) Իսկ վաղը, այ կտեսնես, զբոսնելու ես ծառերի ստվերում… (լիաթոք ծիծաղում են):

Դադար: Աղջիկը կտրուկ լրջանում է:

Աղջիկ- Խոստացի՛ր…

Բժիշկ- Ինչը, թեյ՞ը, խոստանում եմ, հիմա կբերեմ:

Աղջիկ- Ոչ, ես խոսում եմ…

Բժիշկ- Վե՛րջ, արդեն եռում է, մի փոքր էլ համբերիր, այն արդեն եռում է:

Աղջիկ- Ա աայո, իհարկե, կսպասեմ: Եռու՞մ է… պարում է, թեյը պարում է: (Աղջիկն ասես սպասումը լցնելու համար սկսում է մարմնով թեյի եռման պրոցեսը վերարտադրել, ինչը վերածվում է մի զվարճալի պար-էտյուդի):

Լսվում է բաժակին թեյի գդալի դիպչելու զնգզնգոց, ինչից հասկանալի է դառնում, որ բժիշկը թեյը բերեց:

Աղջիկ- Դեռ պարում է…

Բժիշկ- Տա՞ք է /փչելով հովացնում է/:

Աղջիկ- Լավ է բուրում, կիտրոն էլ ես բերել:

Բժիշկ- Իհարկե, հիմա կտրատեմ ու…

Աղջիկ- Ո՛չ, մի կտրատիր, կեսն եմ ուզում, այդպես տուր… /կծում է ամբողջական կիտրոնը/

Բժիշկ- Ըըըըմ, նորից…

Աղջիկ- Ի՞նչ է որ, ինքդ փորձիր ու համոզվիր, (դարձյալ կծելով) թե որքան, շատ, շաաատ, անտանելի-… թթու է (քրքջում է): Անհնարին, աներևակայելի թթու…

Բժիշկ- Վերջ, վերջացրու:

Աղջիկ- … երբ կծում ես մեծ ու պիրկ կիտրոնը: Լսիր, թե ինչպիսի ձայն է գալիս, երբ կիտրոնը ընկնում է ատամներիս տակ ու պտղահյութը աջ ու ձախ է ցայտում:

Բժիշկ- Ես ոչինչ չեմ լսում, ես փակել եմ ականջներս, կարող ես բլբլալ որքան ուզում ես:

Աղջիկ- Ասում եմ` պատկերացրու թթու հյութը, որ տարածվում է բերա¬նում: Հետո շարունակում է հոսել կոկորդից…Ու ու ու, փշաքաղվում ես ողջ մարմնով, չէ՞։ (ծիծաղում է )

Բժիշկ- (զայրույթ ձևացնելով) Վերջ, այլևս ոչ մի կիտրոն:

Աղջիկ- Ես վախենում եմ (Մթություն) , իսկ եթե… Իսկ եթե հանկարծ: Դու միշտ կողքիս կլինե՞ս:

Բժիշկ- Քեզ ի՞նչ եղավ, սպասիր:

Աղջիկ- Սպասիր…խավարում չեն ապրում, միայն սպասում են, այստեղ ամեն բան այնքան անհեթեթ է, ժամանակն` անորոշ: Այս օրը..., այն երբեք չի ավարտվի: Ե՞րբ եմ ազատվելու այս վիրակապից….

Բժիշկ- Վաղը:

Աղջիկ- (Կտրուկ) Ես կտեսնե՞մ:

Բժիշկ- (Կարճ և հատու) Այսպես ուրեմն, ի՚նձ լսիր, ես արել եմ այն ամենը, ինչ կարող էր անել մի սովորական բժիշկ… սիրող մարդն իր սիրելիի ամար: Հիմա քո հերթն է, դու պետք է ինձ օգնես:

Աղջիկ- ...ինչպե՞ս:

Բժիշկ- Հավատա։ Դու պետք է հավատաս:

Աղջիկ- Մտքերս լողում են…

Բժիշկ- /խորը հոգոց.../

Աղջիկ- Ամեն ինչ լողում է…ծովը…

Բժիշկ- Դու ասում էիր, որ ծովը սիրում ես կրկնակի…

Աղջիկ- Այո, սիրում էի սուզվել ծովում…ես ճարպկորեն լողում էի ձկների հետևից, ասես ինքս էլ մի ձուկ դարձած…դա անկարագրելի զգացողություն էր ու այնժամանակ դեռ չգիտեի, որ դրա անունն ազատություն է:

Բժիշկ- Իսկ հետո երբ մեծացար, դարձար իմ ջրահարսը,: Գիտես, հին հնդկական հեքիաթներում մարդիկ այլակերպվում են ձկների, իսկ իմ ձուկը այլակերպվել է ու վերածվել չքնաղ ջրահարսի:

Աղջիկ- Քո շունչը նման է ծովին…. Երևի պատմել եմ քեզ, մի օր որոշեցի բռնել ու տուն բերել մետքսանման ձկնիկներից մեկին, որ լուսաբացին նրա հետ լողափ գնայինք ու արևի լոգանք ընդունեինք:

/ծովի ալեբախումի ձայներ/

Աղջիկ- Նրանք ամեն անգամ խույս էին տալիս…

Բժիշկ- Երևի չգիտեին` որքան տաք էր արևը, որքան հաճելի՝ շիկացած ավազին թավալվելը:

Աղջիկ- Միայն մեկ անգամ ինձ հաջողվեց, բայց…

/ճայերի ձայներ/

Աղջիկ- /Տագնապած/ Ճայերն ուզում են ձկնիկներին ուտել…ճայերը չար են…

Բժիշկ- Ոչ, նրանք սեթևեթ են, նրանք ընդամենը ուզում են ծովի հայելում իրենց տեսնել։

Աղջիկ – Հայելուց վախենում եմ: /Կտրուկ/ Վախենում եմ: /Մթություն/

Բժիշկ- Ի՞նչ:

Աղջիկ-…Վախենում եմ…

Բժիշկ-(Կարճ և հատու) Կտեսնես, ա՞յս ես ուզում լսել….

Աղջիկ- Վախենում եմ…. տեսնել:

Լռություն:

Աղջիկ- Այո, վախենում եմ, իսկ եթե չկարողանա՞մ, միգուցե ոչինչ պետք չէր անել:

Բժիշկ- Ուշքի եկ…

Աղջիկ- Իսկապես, ինչեր եմ ասում, տարօ¬րինակ է, քիչ առաջ ինչ ասես կզոհեի մանկութ¬յանս պատկերները դարձյալ տեսնելու համար, մեր այգին, աչքերս խուտուտ տվող արևը… Ոչ, չեմ ուզում, ոչինչ հարկավոր չէր անել, այսպես ավելի լավ է, ես այսպես էլ երջանիկ կլինեի, չէ՞որ դու կողքիս ես, ինձ էլ ի՞նչ է պետք:

Բժիշկ- Վե΄րջ տուր: Վերջ: Վախենում ես…. Իսկ ի՞նչ է վախը, գիտե՞ս, ոչ, չգիտես, ուզու՞մ ես իմանալ, ուզու՞մ ես /շրխկոց/ : Լսու՞մ ես, սա չէ վախը, /պայթյուն/, ոչ էլ սա և ոչ ամպրոպի դղրդյունը….

Աղջիկ- /տագնապահար այս ու այնկողմ գցվելով Ոչ, ոչ, ես ամպրոպը սիրում եմ, ես դրանից երբեք չեմ վախեցել:

Բժիշկ- Ուրեմն լսիր ինձ, աշխարհում ամեն ինչ կա` փոթորիկներ ու երկրաշարժներ, ծիածան ու հյուսիսափայլը, ու էլի լավ ու վատ շատ բաներ: Վախը չապրելն է ու այս ամենը չտեսնելը: Ասում ես` լա՞վ է այդպես, ուզում ես չապրել, ուզում ես թաքնվել քո աշխարհում, որին հարմարվել ես, բայց այն իրական չէ, իրական չէ, հասկանում ես, այլ հնարովի: Բաց դուռդ վերջապես, բաց ու տես:

Աղջիկ- Խոսի՛ր, խոսի՛ր, խնդրում եմ, քո ձայնն ինձ ուժ է տալիս:

Բժիշկ- Իհարկե, ես մեղավոր եմ, ես օգնել եմ քեզ հորինել այդ աշխարհը, բայց այն ավելի գեղեցիկ չէ, քան իրականությունն` անգամ իր աղետներով հանդերձ: Այո, սկզբում անսովոր կլինի, տարօրինակ, բայց մենք ամեն ինչ կհաղթահարենք միասին, ամեն ինչ, ինչու՞ չես ուզում հավատալ: Գիտե՞ս ինչն է սարսափելի` սիրելիի աչքերին չնայելը ու օրեցօր հուսահատվելը, որ անզոր ես նրան բացարձակ երջանիկ դարձնել…

Աղջիկ- Քո ձայնում տագնապ կա…

Բժիշկ- /դադար/ Ների՛ր…. ես տաքացա, ներիր։ Արդեն ընթրելու ժամն է, դու քաղցած ես, ես հիմա:

Աղջիկ- Քաղցած չեմ, ոչ,ես ուտել չեմ ուզում…

Բժիշկ- Ապուրը ինքս եմ պատ¬րաս¬տել, դու պետք է այն ուտես,

Աղջիկ- Ոչ ես քաղցած չեմ:

Բժիշկ- ...Եվ մի հակաճառիր։ Եթե ուզում ես ամեն ինչ լավ լինի, պետք է խոստանաս հնազանդվել բժշկիդ բոլոր ցուցումներին ու հրահանգներին՝ ժամանակին ճաշել, ժամանակին պառկել հանգստանալու, քիչ մտածել, շատ խոսել, երբեմն-երբեմն, ոչ, որքան հնարավոր է հաճախակի ասել, որ սիրում ես քո բժշկին, ով հիմա քեզ կարճ ժամանակով կլքի՝ իր մյուս ավելի հնազանդ ու լսող հիվանդներին այցելելու համար: Դու ինձ լսու՞մ ես: Ասում եմ ես հիմա անցնեմ…

Աղջիկ- (Նմանակելով )…անցնեմ հիվանդասենյակներով և անմիջապես կվերադառնամ…

Աղջիկ, Բժիշկ- …/միասին/ Լա՞վ… (ծիծաղում են):

Բժիշկ- ... Իսկ ետդարձին քեզ համար մրգեր կբերեմ:

Լսվում է, թե ինչպես է բժիշկը դեռևս սենյակում ետուառաջ անում:

Աղջիկ- Ինչ-որ բա՞ն ես փնտրում:

Բժիշկ- Բանալիներս եմ կորցրել:

Աղջիկ- Կարո՞ղ եմ օգնել:

Բժիշկ- Ոչ, ես ինքս:


Աղջիկը այնուամենայնիվ գործի է անցնում և կարճ ժամանակ անց գտնում դրանք:

Բժիշկ- Ինչպե՞ս գտար:

Աղջիկ- Տրամաբանորեն: Դուք որտե՞ղ էիք փնտրում, պարոն բժիշկ:

Բժիշկ- Դե… որտեղ սովորություն ունեմ դնելու:

Աղջիկ- Իսկ ես որոնում էի այնտեղ, ուր դու սովորաբար չես լինում: Առավոտյան, երբ ներս մտար, քայլերդ ուղղեցիր դեպի լուսա¬մուտը, հետո էլ ներս մտած բուժքրոջը հանդիմանեցիր, թե լուսամուտագոգին դրված վարդերի ջուրը ե՞րբ է վերջին անգամ փոխվել: Ես զարմացա` դու նման բաներով սովորաբար չես հետաքր¬քրվում…

Բժիշկ- Քո տրամաբանությունն ապշեցնում է:

Աղջիկ- Որովհետև միրգ հաճախ եմ ուտում: Գնու՞մ ես:

Բժիշկ- Այո:

Մթնում է մի պահ:

Աղջիկ- Ո΄չ, խնդրում եմ, մի փոքր էլ մնա΄, ուզում եմ էլի զրուցենք;

Բժիշկ- Ես շուտ կվերադառնամ:

Աղջիկ- Ինձ մենակ մի’ թող, ես…

Բժիշկ- /ետ է գալիս/:

Աղջիկ – Ասա ինձ, պատուհանից ի՞նչ է երևում:

Բժիշկ- Քաղաքն է:

Աղջիկ- Չէ, պատմի’ր:

Բժիշկ- Դե, ճիշտ մեր քաղաքի պես. լիքը շենքեր կան ու ամեն պատուհան մի գույն ունի: Այնտեղ էլ մարդիկ կան, որ մեկ-մեկ գժվում են ու սկսում են ուտել այն բոլորը ծաղիկները, որոնք մի օր խնամքով աճեցրել էին: Մի պատուհան բացվեց, դեղին ժպիտով պապիկը ծաղիկներ է խժռում ու կրկնում` Ես խելագար չեմ, ես հոգնել եմ… /պապիկի խոսքերը կրկնում է ասես արձագանքի պես/:

Աղջիկ- Դու քաղաքը չես սիրում: Լավ, լեռներից պատմիր դու այնքան հաճախ ես բարձրանում այնտեղ:

Բժիշկ- Հնարամիտ ես, գիտես ինձ ինչպես կողքիդ պահել:

Աղջիկ- Դե լավ, լավ, մի դժգոհիր, ինքդ էլ սիրում ես այդ մասին խոսել, այնպես չէ՞:

Բժիշկ- Ինչպես կարելի է չսիրել…

Աղջիկ- /սպասում է/…

Բժիշկ- Լեռներու՞մ, լեռներում… Այնտեղ այնքան օդ կա, այնքան ներդաշնակություն, որ դու էլ քեզ զգում ես բնության մի մասնիկը, ոչ թե մասնիկը, այլ հենց բնությունը:Քեզ պատմե՞լ եմ, մի անգամ լեռներում մերկացա /ծիծաղելով/, հա հա, հավատում ես: Գագաթից գահավիժող քամին ասես մաշկազերծ արեց, զարկերակներս այնպես փքվեցին, որ թվաց` ուր որ է կպայթեն: Սիրտս սկսեց չտեղավորվել կրծքավանդակում: Ու ասես ամեն ինչ` քամին, քարերը, ձեռքիս ափի մեծության թավշյա սարդերն ու ահռելի թիթեռները ըմբոստացան քաղաքակրթության մոգոնած տարօրինակ կապանքների դեմ: Ես միացա նրանց կանչին, հագուստս ասես զսպաշապիկ էր դարձել ու դրանից ազատվելու կրքոտ ցանկություն ունեցա: Առատ անձրևից հետո էր: Առատ թթվածնի պարանից բռնված աժդահա թիթեռները. հսկա սարդերն ու ես ազատ էինք վերջապես: Բարձրունքը դարձել էր հեշտ ու անդիմադրելի… Այդ պահին ես վերագտա իմ մեջ տիեզերքը…/Սթափվելով/ Դու ինձ լսու՞մ ես:

Աղջիկ- (հրճվանքով) այն էլ այնպես, ինչպես միայն ես կարող եմ քեզ լսել: Պատմիր, ես կլանում եմ քո ձայնը, ես այն շոշափում եմ մարմնիս բոլոր զգայարան¬ներով:

Բժիշկ- Ուրեմն կրկնիր` ինչ ասացի վերջում:

Աղջիկ- Ասացիր…/երկար լռում է…/ասացիր` սիրում ես…

Բժիշկ-Վե՞րջ:

Աղջիկ- Վերջ, դե, ասենք, կարող ես չհամաձայնել…

Բժիշկ- Ըմմմ, շատ մեծահոգի եք (դուրս գալու ոտնաձայներ)…

Աղջիկ- Շու΄տ կվերադառնաս:

Բժիշկ- Մինչև մի լավ կկարոտես:

Աղջիկ- Միրգը չմոռանաս…

Բժիշկ- Հիշում եմ: Իսկ դու ապուրը վերջացրու:

Նրա հեռանալուց հետո աղջիկը փորձում է շարունակել ուտել ապուրը և, ասես ինչ-որ բան մտաբերելով, սկսում է «էտյուդ ապուրի հետ»` ամեն գդալը խաղարկելով վեր է ածում արարողության` ասես մենությունը լցնելու համար: Նա միաժամանակ խոսում է ինչ-որ երևակայական կերպարի հետ։

- Այս մի գդալը և վերջ:

- Ոչ, մայրիկ, քաղցած չեմ:

- Իհարկե քաղցած ես, դու պարզապես չես գիտակցում, հապա նայիր` որքան գեղեցիկ տեսք ունի ապուրը:

- Ոչ, այն գեղեցիկ չէ, այն սպիտակ է, ես չեմ սիրում սպիտակ կերակուր¬ներ:

- Օ, դու արդեն տարբերակու՞մ ես գույները, ո՞վ է սովորեցրել…Այդքան փոքրիկ ես և արդեն...

- Ոչ, մայրիկ, ես արդեն մեծ եմ, ի՞նչ է, դու չե՞ս նկատում: «Ո՞ր գույնն ես ավելի շատ սիրում,- հրճվանքով հարցրեց մայրիկը,- ասացի` կապույտ, որովհետև ամպերն այդ գույնն ունեն:- Իրո՞ք,- հարցրեց նա,- հապա երկինք նայիր, մի՞թե ամպերը սպիտակ չեն: Նայեցի, միգուցե և այդպես էր, բայց, -Միևնույն է, ես կապւյտն եմ սիրում,- ասացի: Իսկ քո շրթներկը կարմիր է բալի պես, ես կարմիրն էլ եմ սիրում, և ես սիրում եմ, երբ դու քո տոնական ալ կարմիր շրթներկով ժպտում ես ինձ, ասես բալի հյութը ուր որ է կկաթի ժպիտիցդ: Անուշիկս,- ասաց մայրիկը, ինձ գրկեց ու համբուրեց։ Հետո ես պոկվեցի մայրիկի գրկից և սկսեցի վազել, ես երջանիկ էի, քանի որ մայրիկն ինձ չստիպեց ուտել ապուրը և հետո ես կարողացել էի նրան ուրախացնել իմ «իմացությամբ»: Ես պարզապես սիրում էի, երբ մայրիկը ժպտում էր, նա այնքան գեղեցիկ էր։ Ու ես ոգևորության մեջ նրա գրկից պոկվելով վազեցի…. ես… ես չնկատեցի, թե ինչպես սայթաքեցի…այգում մացառներ կային, սուր ու չոր մացառներ, որ պատառոտեցին դեմքս… ես լսեցի մայրիկի սրտակեղեք ճիչը, վազող մարդկանց աղմուկ, մեքենայի ձայներ… մթություն…խավար… Այդ օվանից ի վեր ես այլևս չտեսա մայրիկիս կարմիր ժպիտը…

Հիշում ես մա, երբ փոքր էի, դու ամեն գիշեր հեքիաթներ էիր պատմում խորհրդավոր ձայնով, այնքան պատկերավոր, որ ամեն կերպար շունչ ու հոգի էր առնում: Հիմա այդ կերպարները դարձյալ կենդանացել են ու ինձ հետապնդում են, որովհետև, ասում են` ոչ ոք մեզ չհավատաց, միայն դու հավատացիր ու հետո միայն քո ժապավեններն էին մեզ դուր գալիս, մյուս մանուկներինը մի տեսակ խամրած էին, խղճուկ: Իսկ ես վաղուց չունեմ աըդ ժապավենները, մամ։

Օդում տարածվում է բժշկի օծանելիքի բույրը, աղջիկը կանգ է առնում:

Աղջիկ- Այստե՞ղ ես:

Բժիշկ- Այո, ինչպե՞ս լսեցիր, փորձեցի քեզ չխանգարել, դու պարում էիր…

Աղջիկ- Օծանելիքիդ բույրից:

Բժիշկ- Իսկապես՞, իսկ այն դուրեկա՞ն է:

Աղջիկ- Քոնն է: Ինչու՞ չթակեցիր դուռը:

Բժիշկ-/Գնում է հետ ու դուռը թակում/։

Աղջիկ- Այո՞

Բժիշկ- Ըըըը

Աղջիկ- Ես զբաղված եմ:

Բժիշկ- Առաջարկում եմ միասին փորձենք..... (զգուշորեն,դեռ դռան առաջ կանգնած) Դու պարու՞մ էիր:

Աղջիկ- Ե՞ս… Այնպիսի զգացողություն ունեմ, իբր բեմում եմ, ու բոլորը ինձ են նայում, իսկ ես... Ես ոչ ոքի չեմ տեսնում, ոչ ոքի չեմ տեսնում: /դադար/ Պարում էի…

Բժիշկ- Միայնա՞կ:

Աղջիկ- Քեզ հետ:

Բժիշկ- Օ, դա հրավե՞ր է, թույլ տվեք ընդունել այն, օրիորդ:

Պարում են: Երաժշտության ներքո իրար ականջի ինչ-որ յուրօրինանակ երգ-բանաստեղծություն են շշնջում , որից միայն հատ ու կենտ բառեր են հասնում մեր ականջին։

Երաժշտությունը դադարում է

Բժիշկ- Մթնել է:

Աղջիկ- Չգիտեմ օրը երբ է սկսում, երբ է ավարտվում…

Բժիշկ- Քնեն՞նք

Աղջիկ- Շարունակիր թռչունների հեքիաթը:

Բժիշկ- Որտե՞ղ էինք հասել՞

Աղջիկ- Նրանք իրենց բույնն էին կառուցում կամուրջին:

Բժիշկն սկսում է խոսել, աղջիկը աստիճանաբար հորանջում է:

Բժիշկ- Իմ տունը կամուրջն է: Դրա աջ թևից ծնվում է արևը, իսկ ձախում` հանգչում: Ես ամեն առավոտ արթնացնում եմ արևին, ու նրա համար օրորոցային երգում` ամեն երեկո: Ես ամեն կեսգիշերին ամենաբարձր սյան վերելքներից հսկում եմ քո քունը ու խոստանում աստղերին, որ մի օր….(Տղամարդու ձայնը, աստիճանաբար արձագանքելով, մարում է հեռվում):

Լույսը մարում է: Ետնավարագույրին ընկած լույսը երևացնում է գիշերային երկինք ու քնած աղջկան: Խավար:

Վերջ առաջին մասի




Մաս II

Բեմը լուսավորվում է: Հանդիսատեսն առաջին անգամ տեսնում է բժշկին։ Նա հրահանգներ է տալիս բանվորներին, ովքեր սենյակ են բերում կահույքի կտորները։ Հասկացվում է, որ նոր բնակարան է: Բժշկի շարժումները մատնում են, որ անհամբեր է և ինչ-որ մեկին է սպասում: Դռան զանգ: Նա նետվում է դեպի դուռը և աղջկա ձեռքերից բռնած ուղեկցում է ներս: Առաջին վայրկյաններին անհասկանալի է` աղջիկը տեսնու՞մ է, թե` ոչ: Իրականում երկար սպասված «վաղը»ից արդեն բավական ժամանակ է անցել: Նա հրավիրում է աղջկան նստելու նոր տեղավորած կահույքին և սպասողական հա¬յաց¬քով նրան է նայում: Պետք է նշել, որ աղջկան ևս հանդիսատեսը, կարելի է ասել, առա¬ջին անգամ է տեսնում` վառ լույսն է պատճառը, թե վերադարձած տեսողությունը, հա¬մե¬նայն դեպս աղջիկը բոլորովին այլ տեսք ունի։ Նա, թեև ավելի խնամված է այժմ, և ավելի ինքնուրույն, բայց պակասում է նախկին լույսը:


Բժիշկ - Դե՞, քեզ դու՞ր է գալիս:

Աղջիկ- (Անտարբերությամբ) Լավ է, ճաշակով է, հարմարավետ:

Բժիշկ- Ուրե՞մն…

Աղջիկ- Ինչ՝ ուրեմն:

Բժիշկ- Այսօր ևեթ կտեղափոխվենք այստեղ:

Աղջիկ- (լռում է )

Բժիշկ- Լռում ես, հոգնա՞ծ ես երևի, գուցե բնակարանի գույները քեզ դուր չեն գալիս, միգուցե կահու՞յքը այն չէ, ես այն դուրս կթափեմ, մենք երկար ենք սպասել այս պահին, բայց դու….

Աղջիկ- Սպասիր, ես չեմ կարող…

Բժիշկ- (Ասես աստիճանաբար զգալով վտանգը) Այսօր ոչ՞, լավ ուրեմն վաղը, վաղն առավոտյան մենք…

Աղջիկ- (կտրուկ) Ոչ թե մենք, այլ դու:

Բժիշկ- (Չհասկանալով, կամ չցանականալով հասկանալ) Արի նստենք, գիտե՞ս, ես շատ երկար փնտրեցի, քաղաքի բոլոր խանութներում, որպեսզի գտնեմ թավշյա վարագույրներ` ամպերի դաջվածքներով, վաճառողները զարմանքով բացատրեցին, որ, նման բան գրեթե չի լինում: Դե, ես էլ, ի՞նչ ես կարծում, պատվիրեցի։

Աղջիկ- Բժիշկ, ես շնորհակալ եմ, Դուք միշտ էլ հոգատար եք եղել և միշտ կատարել եք Ձեր խոստումները, բայց դա երեխայություն է, հարկ չկար այդքան չարչարվել:

Բժիշկ- (Ցանկանալով շեղել խոսակցությունը) Այո, երևի թե հարկավոր էր քեզ հարցնել, ես պարզապես անակնկալ էի ուզում պատրաստել: Եվ հետո քեզ վերջերս գրեթե անհնար է տանը գտնել, հաճախ զանգահարում եմ, չես պատասխանում: Հասկանում եմ, երևի շատ ես տարված նոր աշխատանքով, կամ էլ պատրաստվում ես մեր նոր համատեղ կյանքին… կանայք երկար ժամանակ են ծախսում մանրուքների վրա, գիտեմ…..

Աղջիկ- Ոչ, ես պետք է ասեմ…

Բժիշկ- Ներիր, շփոթվածությունից անգամ մոռացա հարցնել ինչպես ես, ինչպե՞ս է կյանքդ, նոր ընկերներ ունես երևի... այն օրը հիշու՞մ ես, ասես շրջապատում ամեն ինչ առաջին անգամ էիր տեսնոււմ, շոշափում էիր, փորձում վերհիշել: Հետո նայեցիր ինձ ու հարցրիր` ով եմ ես: Դու ոչ մի կերպ չէիր կարողանում հավատալ, որ դա ես եմ: (Վերջնականորեն հուսահատվելով) Մենք որոշեցինք, ավելի շուտ դու խնդրեցիր ու մենք վճռեցինք, որ ճիշտ կլինի, որ դու միառժամանակ առանձին ապրես: Ասացիր որ հաճախակի կայցելես:

Աղջիկ- Բժիշկ, խնդրում եմ, լսե՛ք….

Բժիշկ- Բժի՞շկ, դա ինչ տոն է, գուցե նորի՞ց ծանոթանանք: /Քնքշանքով փորձելով մոտենալ/ Մոռացիր, ես այլևս քո բժիշկը չեմ...

Աղջիկ-/Մի տեսակ շփոթված ու մեղմացած/ Բայց ես առաջ էլ սովորություն ունեի քեզ այդպես դիմելու:

Բժիշկ- Այո, բայց հիմա մի տեսակ պաշտոնական հնչեց, դե լավ, կարևոր չէ, երևի ինձ թվաց:

Աղջիկ- Ո՛չ, Դուք միշտ էլ իրականը երևակայականից տարբերելու մեծ տաղանդ եք ունեցել:

Բժիշկ- Աստված իմ, որտեղի՞ց այդ հեգնանքը, ինձ համար և իրականությունը և երազը միշտ էլ դու ես եղել, և կաս:

Աղջիկ- Ամեն ինչ այլ ընթացք ստացավ և ես քեզ պիտի ասեմ..

Բժիշկ- /Վերջապես վճռելով/ Նա բարետե՞ս է, երիտասա՞րդ:

Աղջիկ- …Ես վաղուց էի փորձում քեզ ասել, ներիր, բայց դու միշտ էլ վարպետորեն կարողացել ես շեղել զրույցի ընթացքը: /Ասես սկսելով նեղվել/ Այո, և առհասարակ քո ձայնում, քո շարժումներում, աչքերում ինչ-որ պարտադրող, պարտավորեցնող բան կա: Դու միշտ էլ ինձ հետ երեխայի պես ես վարվել` կե՛ր ապուրը, պառկի՛ր քնելու, այս արա, այն արա, ես երեխա չեմ և ոչ էլ…. ոչ էլ հաշմանդամ: Ես իրավունք ունեմ սիրելու նրան, ում ինքս կընտրեմ:

Բժիշկ- Այո, միանգամայն իրավունք ունես:

Աղջիկ- Ծաղրու՞մ ես….

Բժիշկ- Հանգստացիր, մի՛ բղավիր, դա կարող է վնասել քո առողջությանը:

Աղջիկ- Ահա, դարձյալ, հարկավոր չէ ինձ հանգստացնել, ես խելագար չեմ և ոչ էլ հիվանդ եմ…

Բժիշկ- Այո… այսինքն ուզում էի ասել... Միրգ վերցրու, թարմ է, առավոտյան եմ գնել, միգուցե… միգուցե հիշես ծիծաղը, նարնջի ցայտերից ծնված….

Աղջիկ- Գիտե՞ս, ինձ հոգնեցրել է, այո, հոգնեցրել է վերացական աշխարհում ապրելը: Ամեն ինչ իրական է, ամեն ինչ ռեալ` ահա մի սեղան, ահա մրգաման, գրքեր, բնակարան, իրական մարդիկ, իրական, հասկանու՞մ ես, ոչ վերացական։ Նրանք գեղեցիկ են, տգեղ, գեղեցիկ կամ տգեղ… Ես դեռ մանկուց վախեցել եմ ծերությունից, ես շտապում էի, այն օրն էլ, այն անիծյալ օրն էլ ես շտապեցի: Եվ բոլորն էլ շտապում են` հեծանիվներն էլ, մայրիկը` իսկ ապուրը, զզվելի սպիտակ ապուրը կսառչի, իսկ քնելու ժամը կանցնի, իսկ եղբայրը շուտով …. Հոգնել եմ (Վերցնում է պայուսակը ու ուզում է հեռանալ): Ես ուզում եմ ապրել: Քեզնից դեղերի հոտ եմ առնում, այս բնակարանից էլ: Այս պատերից, այս ամենը ինձ հիվանդասենյակ է հիշեցնում և քո օծանելիքի բույրը, ներիր, բայց ի զորու չէ ծածկել այս սրտխառնոց առաջացնող, այս անտանելի հոտը, որից ես ինձ այնքան հուսահատ ու անպաշտպան եմ զգում: Այս հոտն անգամ ինձ պարտավորեցնում է…

Բժիշկ- (հուսահատ շարժումներ է անում, ասես չի էլ լսել այդ ամենը) Մ՛ի գնա:

Աղջիկ- (չարացած նայելով) Պիտի արգելե՞ս:

Բժիշկ- Նա քեզ սիրու՞մ է, այնքան՝ որքան ե՞ս:

Աղջիկ- Կատակու՞մ ես:

Բժիշկ- Ոչ, բնավ... նա ի՞նչ է ասում, կսիրի՞ քեզ ինչ էլ որ պատահի, այսինքն միշտ կողքիդ կլինի՞:

Աղջիկ- Ծիծաղելի ես դառնում…

Բժիշկ- Ես … ես քեզ չեմ ուզում ցավ պատճառել և ոչ էլ… ինձ ճիշտ հասկացիր, ես ուզում եմ քեզ ապահով ձեռքերում տեսնել և միայն երջանիկ…. Մի խոսքով, քանի օր է զանգահարում էի, որպեսզի քեզ մի շատ կարևոր բան հայտնեմ: Մի քանի օր է, ինչ իմ դարակում շատ կարևոր փաստաթղթեր կան, այսինքն, ոչ, ես այդ մասին վաղուց գիտեի, բայց ...

Աղջիկ- Բավական է… (դուրս է գնում, կանգնում է) Էժանագին միջոցներով մի փորձիր ինձ պահել: Փաստաթղթեր՞ ասում ես, սպասիր գուշակեմ, նոր կլինիկայում աշխատելու պայմանագիր է երևի, ավելի բարձր աշխատավարձով: Մեծ հեռանկարներ, նոր հորիզոններ, շնորհավորում եմ…

Բժիշկ- Հեգնում ես…

Աղջիկ- Աաաա, երևի հրավեր ունես արտերկրից, ավելի լավ, կմեկնես, ինձ չես տեսնի այլևս: Ասում են` հեռավորությունն ու ժամանակը մոռացության լավագույն դեղամիջոցն են: Սպասիր, իսկ գուցե թատրոնի տոմսե՞ր ես գնել/աղջիկն սկսում է անզուսպ ծիծաղել/

Բժիշկ- .. իսկ մեր աշխարհը, մտապատկերները, մեր տանգոն…

Աղջիկ- Ես հուսահատված էի: Դա իմ հիվանդ երևակայությունն էր:

Բժիշկ- Իսկ ես՞, ես է՞լ քո երևակայությունն էի (Երբ գլուխը բարձրացնում է, աղջիկն արդեն հեռացել է)

Բժիշկը մոտենում է դարակին, հանում թղթերը, մեկ անգամ էլ կարդում,

Բժիշկ- Իսկ քո վերջին հետազոտության պատասխանները …ցավոք, բնավ երևակայության արդյունք չեն…

Զայրույթի նոպայի մեջ հանկարծակի բղավում է, պատռում է թղթերը, թափում աջ ու ձախ,սայթաքում է դրանց վրա, ընկնում…

Վերջ երկրորդ մասի

Մաս ııı

Դարձյալ բժիշկի տանը: Բաց պատուհանի դիմաց անշարժ նստած է բժիշկը: Վարագույրը տատանվում է քամուց: Ամեն ինչ երազային է թվում, անիրական:

Մտնում է աղջիկը: Ինչպես առաջին գործողությունում` նա ճերմակ հագուստով է: Նա նստում է բժիշկի դիմաց, թեև հայացքն այլ կողմում է: Այնպես որ չի հասկացվում` աղջիկը տեսնում է, թե` ոչ:

Աղջիկ- Բարև:

Բժիշկ- Բարև:

Աղջիկ- Որքան լուսավոր է այստեղ:

Բժիշկ- Այո։

Աղջիկ- ԵՎ ինչ լավ է, որ տանն ես:

Բժիշկ- Ես տանն եմ:

Աղջիկ- Գիտեմ:

Բժիշկ- Գիտեմ:

Աղջիկ- Զբաղված չէի՞ր, չխանգարեցի՞:

Բժիշկ- Ոչ ես հիմա այլևս զբաղված չեմ լինում։ /դադար/ Պատահականություն է, թե կանխազգացում, մի խոսքով, այսօր դարձյալ նույն գիրքն ընկավ ձեռքս, էջանիշն էլ նույն տեղում էր, ինչ վերջին ընթերցանության ժամանակ էի դրել: Հիշու՞մ ես, անձրև էր գալիս, դու, լուսամուտագոգին թևերդ հենած, լսում էիր:

Աղջիկ- Ամեն ինչ լողում է….

Բժիշկ- Դու լուսամուտը հանկարծակի բացեցիր ու արագորեն ներխուժած սառը քամին թերթեց գրքի էջերը:

Աղջիկ- Ես մտածում էի թռչելու մասին (մոտենում է լուսամուտին, նայում դուրս): Լուսամուտից այսքան փոքրիկ քաղա՞քն է երևում:

Բժիշկ- Այո:

Աղջիկ- Քաղաքը ստվարաթղթի՞ց է: Շենքերը կարմի՞ր են:

Բժիշկ- Անձրևից է: Փորձություն է անձրևը քաղաքի համար:

Աղջիկ- Գիտեմ, կդիմանա, որ անձրևը սիրի իրեն: Կարմիրով ներկված ստվարա¬թղթե մեծ ու փոքր մանրիկ շենքերը համառ են, ասես հերոսաբար ջանում են չտապալվել, անգամ` չերերալ անձրևից կակղած հիմքերի վրա:

Բժիշկ- Հիշու՞մ ես:

Աղջիկ- Անձրև՞ը: Ինչ ես ասում, ես այն ամենուրեք կհիշեմ: Հոտից:

Բժիշկ- Աշխարհում ամեն ինչ կա, բաց դուռդ, բակում նստիր, տես:

Աղջիկ- Թող հիշեմ:

Բժիշկ- Որպեսզի գա:

Աղջիկ- Որպեսզի դուռը թակի, որ հարցնեմ` ով է:

Բժիշկ- Որ հապաղի…

Աղջիկ- Որ տատանվեմ, որ բացեմ դռան պատուհանիկը:

Բժիշկ- Որ շփոթվի:

Աղջիկ- Որ ժպտամ:

Բժիշկ- Որ ժպտա:

Աղջիկ- Ու վերջապես բացեմ դուռը:

Բժիշկ- Որ կայանա ծիսակարգը:

Աղջիկ- Որ հիշեմ: Աշխարհում ամեն ինչ կա…

Բժիշկ- Բաց դուռդ, բակում նստիր, տես;

Աղջիկ- Ես այն ժամանակ հիշելու ժամանակ չունեցա անգամ, անգամ` կարոտելու: Թող հիշեմ:


Աստիճանաբար ուժեղացող լույսը ասես աներևույթ է դարձնում բեմն ու հերոսներին: Միայն պատուհանի շրջանակն է երևում և քամուց պարող, թավշյա ամպերի դաջվածքներով վարագույրը: Լուսամուտից ներս են թափանցում քաղաքից եկող և աստիճանաբար սաստկացող ձայները և վիդեոպրոեկցիայի միջոցով երևում են Շագալի` քաղաքի վրայով թևածող սիրահարները:




Վարագույր


2007

123456
    Դիտվել է 885 անգամ
    1