Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Միջազգային տոն՝ թատերական արվեստը մասսայականացնելու նպատակով


Մարտի 27-ին թատրոնի միջազգային օրը կայանալիք ներկայացումների համար Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում հանդիսատեսները տոմսերը կարող են ձեռք բերել 25-90 տոկոս զեղջով: Այս ակցիայի նախօրեին՝ մարտի 26-ին, ժամը 18:00-ին նախագծի պաշտոնական կայքում գնային քաղաքականության այդ մոտցմամբ կտեղադրվի առաջարկվող ներկայացումների և դրանց մուտքի տոմսերի զեղջված գների ցուցակը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «berkana-met.ru»-ին:

Ռուսական մեկ այլ կայք էլ՝ «teatral-online.ru»-ն, հայտնում է, որ մարտի 27-ին, ուղիղ կեսգիշերից՝ ժամը 00-ից հետո զեղջված գներով թատերական տոմսեր կարելի է ձեռք բերել նաև առաջիկա 3 ամիսների համար: Ընդ որում այդ վաճառքը կիրականացվի կեսգիշերային մեկնարկից հետո միայն 24 ժամվա ընթացքում: Ի դեպ, նշվում է, որ տոմսեր կարելի է գնել նաև էլեկտրոնային եղանակով:

Այս ակցիային մասնակցում են Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Նիժնի Նովգորոդի, Չելյաբինսկի, Պերմի, Դոնի Ռոստովի, Կրասնոդարի, Վորոնեժի, Եկատերինբուրգի, Լիպեցկի և այլ քաղաքների բազմաթիվ թատրոններ: Մոսկվայի թատրոններից մասնակիցների ցանկում արդեն գրանցվել են «Սատիրիկոն», Պոկրովսկու անվան երաժշտական, Արմեն Ջիգարխանյանի գլխավորությամբ գործող և Մայակովսկու անվան թատրոնները: Իսկ Պետերբուրգից ակցիային արդեն մասնակցելու հայտ են ներկայացրել Տովստոնոգովի անվան Մեծ դրամատիկական և «Լենսովետի» անվան թատրոնները:

Նախագիծը, որ հետապնդում է թատերական արվեստը մասսայականացնելու նպատակ, կրում է «Театр.Go» («Թատրոն. Go») անունը և Ռուսաստանում գործողության մեջ կդրվի 3-րդ անգամ: Կազմակերպիչների հիմնական նպատակն այն է, որ աշխատում են ճգնաժամի պայմաններում ներկայացումները մատչելի դարձնել բոլորի համար:

Հիշեցնենք, որ անցյալ տարի «Театр.Go» նախագծին Ռուսաստանում մասնակցել են 40 թատրոն: Այդ օրը 24 ժամում վաճառվել է 25 հազար տոմս: Տոմսերի արժեքը տատանվում էր 150-3000 ռուբլու միջակայքում:

    Դիտվել է 209 անգամ
    1234567