Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նկարահանվում է ֆիլմ Պանամայի օֆշորի մասին

07.07.2016

Ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սոդերբերգը նախապատրաստվում է նկարահանել ֆիլմ վերջերս մեծ աղմուկ հանած պանամայական օֆշորի մասին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «hollywoodreporter.com»-ին:

Ֆիլմի սցենարը գրում է Սքոթ Բերնսը, ում հետ Սոդերբերգն արդեն աշխատել է «Ինֆորմատորը» (2009թ.) և «Կողմնակի ազդեցություն» (2013թ.) գեղարվեստական կինոնկարների արտադրության ժամանակ: Նշենք, որ Սոդերբերգի հետ միասին ներկա կինոնախագծի պրոդյուսերներությունը ստանձնել են ևս երկու կինոարտադրողներ՝ Լոուրենս Գրեյը և Մայքլ Շուգարը:

Կինոնկարի հիմքում դրվելու է լրագրող Ջեյք Բերնսթայնի «Գաղտնիության աշխարհ» գիրքը:

Այս հեղինակը օժանդակել է հրապարակել Պանամայական օֆշորի մասին ավելի քան 11 մլն փաստաթուղթ: Իսկ գրքում նա անդրադառնում է այն թեմային, թե ինչպես են համաշխարհային էլիտայի հարուստ և ազդեցիկ ներկայացուցիչները օգտվել պանամայական «Mossack Fonseca» իրավաբանական ֆիրմայի ծառայություններից:

Սպասվում է, որ ֆիլմը կանդրադառնա քաղաքական էլիտայի ներկայացուցիչների և հայտնի մարդկանց ֆինանսական խորամանկ գործարքներին, աշխարհի խոշոր բանկերի անօրինական գործունեությանը:

Նշենք, որ Բերնսթայնի գրքում բացահայտվում է նաև այն դերակատարությունը, որ ունեցել են ամերիկյան ընկերությունները և քաղաքացիները այդ աղմկահարույց գործում և ցույց է տալիս, թե ինչպես են տարբեր երկրների մի խումբ լրագրողներ պատրաստել «Պանամայական փաստաթղթեր»-ի հրատարակությունը:

Օֆշորի մասշտաբային ուսումնասիրությամբ զբաղվել են մի քանի հրատարակչություններ ու կազմակերպություններ, որոնց թվում «Suddeutsche Zeitung», «Organized Crime and Corruption Reporting Project» (OCCRP), «International Consortium of Investigative Journalists» (ICIJ), «The Guardian» և այլ պարբերականներ:

« Mossack Fonseca» ընկերության տվյալների շտեմարանից արտահոսքի պատճառով լրատվություն հայտնվեց այն մասին, որ Պանամայի օֆշորի մեջ մասնակցություն ունեն նաև համաշխարհային մակարդակի շատ առաջնորդներ, որոնք զբաղվել են կեղտոտ փողերի լվացմամբ և խուսափել են հարկերից:

Ավելացնենք, որ Պանամայի օֆշորային աղմուկի մեջ շոշափվում են նաև ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր անձանց, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա ընտանիքի անդամների անուններ:

Հիշեցնենք նաև, որ տեղական զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն Ջեյք Բերնսթայնի հրապարակած 11 մլն փաստաթղթերում կան նաև Հայաստանի քաղաքացություն ունեցող անձանց անուններ:
    Դիտվել է 471 անգամ