Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ֆրանկեշտեյնին մարդ դարձնելու նվազագույն հնարավորությունն իսկ բացառվում է

08.03.2016

Ապրիլյան պատերազմից հետո ընդհանրապես, իսկ օգոստոսի 1-ի իր ելույթով՝ մասնավորապես, ՀՀ նախագահը կարծես հաստատեց, որ ինքը հայտնվել է ճշմարտության տարածքից հեռու մի անկյունում և խոսելով հետևանքների մասին՝ չփորձեց անդրադառնալ երկրի համար աղետ կանխագուշակող պատճառներին:

Սերժ Սարգսյանի,ՀՀ-ն ղեկավարած նախորդ նախագահների և բոլորիս դժբախտությունն այն է, որ 1988թ.-ին սկսված ղարաբաղյան ազատագրական պայքարն իր ծիրի մեջ ընդգրկեց նաև «շուկայական հարաբերություններ» կոչվող չարաբաստիկ սոցիալ-հասարակական բաղդրիչը, որը մինչև այսօր էլ չի սերտաճում հայրենիքի ազատագրման գաղափարախոսությանը, դեռ ավելին դիմադրում է դրան, արգելափակում դրա բնականոն զարգացման հնարավորությունները:

Չնայած այդ ճչացող անհամատեղելիությանն ու դրա հետևանքով ահագնացող սոցիալական և հասարակական բացասական ֆոնին , միևնույնն է, նոր կյանք ձևավորելու չգրված «հին» օրենքներն ու «բարոյականությունը» շարունակում են վայրենի շուկայական հարաբերությունների, թալանի, կոռուպցիայի ձևով պահպանել պատերազմող պետության և հայի իսկական նկարագրի համար անընդունելի գայլային սկզբունքները:

Եվ այդ սկզբունքները անձնավորված են ՀՀ երեք նախագահների՝ Լևոն Տեր Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կերպարներում: Դա փաստ է, բայց դա նաև հայության մեծագույն խայտառակությունն է, քանի որ այդ երեք նախագահներն են հանդիսանում «Հայաստանի 3-րդ Հանրապետություն» վերնագրով կտավի հեղինակները (նմանը՝ նմանին կծնի) : Կտավ, որն ամբողջական տեսք է ստացել և անկախությունից 25 տարի անց, հեղինակային ցանկացած նոր վրձնահարված, արդեն, ուղղակի, տաֆտալոգիա է:

Բայց ինչ կարող ես անել, եթե երեք նախագահների կերտած և սոցիալական նկարագրով Ֆրանկեշտեյնի նմանված ստեղծագործությունը հիմա կարիք ունի մարդուն հարիր դիմահարդարման: Ցավոք, ի դժբախտություն սեփական անձի և իր ընտանիքի, դիմահարդարի անշնորհակալ գործը ստանձել է այդ արդյունքին հասած հեղինակներից մեկը՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Անշուշտ, նախագահն ինքն էլ լավ գիտի, որ իր ձեռամբ Ֆրանկեշտեյնին մարդ դարձնելու նվազագույն հնարավորությունն իսկ բացառվում է (Ֆրանկեշտեյնը միշտ էլ Ֆրանկեշտեյն է) :

Բացի այդ, պարզից էլ պարզ է, որ հայկական Ֆրանկենշտեյնին հրաժեշտ տալու ժամանակն առավել քան հասունացել է և հիմա օրակարգում նոր, առավել ընդունելի և հասարակայնորեն տանելի կերպար գեներացնելու խնդիր կա:

Առավել քան հստակ է, որ Արցախի ազատագրված տարածքները հանձնել-չհանձնելու խնդրի հետ նաև հայոց 3-րդ հանրապետությունում հաստատված օլիգոպոլ սոցիալ քաղաքական կառուցվածքի ու հարաբերությունների խնդրին էին միտված «Սասնա Ծռեր» ապստամբական ջոկատի և Հայաստանի «լիբանանահայ քաղաքացի» Ժիրայր Սեֆիլյանի բողոքները:

Դժվար չի ենթադրել, որ, ի տարբերություն Սերժ Սարգսյանի օգոստոսի 1-ի ելույթում արված թափանցիկ ակնարկի, Արցախում կռված և Հայաստանում երկար տարիներ բնակվող Սեֆիլյանը կարող է այն քչերից մեկը լինել, որը հնարավորություն ունի ոչ միայն իրավիճակը գնահատել միջէթնիկական և այլ խնդիրների պատճառով հավերժական պատերազմների մեջ տառապող արաբական աշխարհի փորձով, այլև դրանց բռնապետական ռեժիմների և Հայաստանի միջև եղած ընդհանրություններն ու տարբերությունները տարբերակելով, համեմատության արդյունքում նոր մոտեցումների հանգելով: Մի՞թե կարելի է այդքան քամահրանքով վերաբերվել տարածաշրջանում լարվածության օջախի հիմնախնդիրներին քաջատեղյակ մարդու սոցիալական, հասարակական և, վերջապես քաղաքական հոտառությանը: Մեծ շռայլություն չի՞ արդյոք սեփական վերլուծական քաղաքական տեխնոլոգիաների արդյունքում երկիրը Կովկասի հետնախորշի վերածողի, արտագաղթի հետևանքով՝ ժողովրդագրական կոլապսի եզրին հասցնողի համար:

Շուտով կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների, ապա նաև՝ ՀՀ ԱԺ ընտրություններ: Հայաստանի քաղաքական կուսակցությունների վարկաբեկված և գունազրկված համապատկերում աստիճանաբար, բայց ամուր վճռականությամբ ի հայտ է եկել հասարակական պատվեր իրականացնելու հավակնություններով օժտված նոր ուժ՝ «Հիմնադիր խորհրդարանը» և դա, ինչպես ցանկացած ոլորտում, ի հայտ եկող նոր հնարավորություն է, որը հանդիպում է հնի եռանդուն դիմադրությանը:

Ավելին, հայրենիքում ավելի ու ավելի հեղինակազրկվող և, ինքնահաստատման ապարդյուն փորձեր կատարող մյուս ավանդական քաղաքական և համեմատաբար նոր ուժերի փոխարեն, համահայկական թարմ և արդիական կառույցի վերածվելու ակնհայտ և հիմնավորված նշաններ է ցույց տալիս հենց այդ նորաստեղծ և իրեն ընդդիմադիր հայտարարած կառույցը (հիշենք թեկուզ «Սասնա Ծռերին», Երևանի փողոցներ դուրս եկած ժողովրդին, Ժիրայր Սեֆիլյանին և մյուս քաղբանտարկյալներին Փարիզում աջակցության ցույցի ելած ֆրանսահայերին կամ հայտնի կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի հայտարարությունը այդ ամենի վերաբերյալ ֆիլմ նկարահանելու մասին):

Ինչպես պիտի արձագանքեին լուրջ մրցակցի վերածվելու ակնհայտ նշաններ ու գործելակերպ որդեգրած այդ նորաստեղծ կազմակերպությանը Հայաստանը կառավարող քաղաքական ուժերը, նրանց հետ դաշինքի մեջ մտած և համագործակցող կազմակերպությունները : Անշուշտ միայն և միայն «դիվանագիտորեն»՝ լռելյայն, բայց ներքին անհանդուրժողականությամբ, գուցե նաև նախանձով...

Հուլիսի 17-31-ի տագնապահարույց օրերին նրանց պատած համատարած լռությունը ասես հասկացրեց, որ նորի հետ հարաբերությունները հստակեցնելու և քաղաքական դաշտում նրա տեղը որոշելու մենաշնորհը միայն և միայն իշխանությունների գործն է: Եվ իշխանությունները այդ որոշումը կայացրին:

Նրանք գեներացրին հուլիսի 17-31-ի իրադարձությունները:

Հայաստանը շարունակում է ապրել 1996թ.-ի նախագահական ընտրությունների արդյունքում և նույնիսկ դրանից առաջ, արմատացած և հետագայում զարգացում ստացած քաղաքական բանսարկությունների, կոպիտ ուժի, կոռուպցիայի և օրինազանցության նկատմամբ երկակի ստանդարտների տիրույթում (ի դեպ, 1996թ.-ին նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանն էլ հուլիսի 17-31-ին ասպարեզում չերևաց):

Եվ այս ամենը առավել քան անհանգստացնող է:

Ու՞ր է գնում Հայաստանը: Կամ ավելի ճիշտ՝ ու՞ր են ուղղորդում Հայաստանի 3-րդ հանրապետությանը այսօրվա իշխանությունները՝ տեղական ինքնակառավարման և դրան հաջորդող օրենսդիր մարմնի ընտրությունների նախաշեմին:



Հեղինակ՝ «ԹԱԳԼՈՒՐ»
    Դիտվել է 784 անգամ