Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բրեխտը դժգոհ էր, որ իր հերոսը անձնական երջանկությունը գերադասում է դասակարգային շահերից

11.15.2016

Մոսկվայի Պուշկինի անվան թատրոնում ռեժիսոր Յուրի Բուտուսովը բեմ է հանել Բրեխտի հազվադեպ ներկայացվող «Թմբուկները գիշերվա մեջ» պիեսը: Նշենք, որ Մոսկվայի թատրոններից Et Cetera –ն 10 տարի առաջ անդրադարձել Է գերմանացի դրամատուրգի այս գործին, սակայն դա աննկատ է անցել: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Յուրի Բուտուսովն այսօր մոսկվացի հանդիսատեսի համար ամենասիրելի ռեժիսորներից մեկն է: Հանդիսատեսի այդ ջերմ վերաբերմունքը բացատրվում է այն բանով, որ այնպիսի էքսպրեսիվ ներկայացումներ, որոնք իրականացվում են նրա մտահղացմամբ, ուրիշ որևէ մեկի մոտ չի հանդիպում: Նրա ներկայացումների մեջ զգացմունքներն առավել քան բաց են, պարերը՝ հիանալի, հնչում է ռոք... Եվ այդ ամենը, հանրագումարում սինթեզվելով բեմադրության ընդհանուր տրամաբանությանը, հանդիսատեսի հոգում առաջացնում է ըմբռնման ու ռեժիսորական մտահղացման նույնականություն:

«Թմբուկները գիշերվա մեջ» պիեսը Բրեխտի վաղ շրջանի ոչ ծավալուն ստեղծագործություններից է: Այն մի զինվորի մասին է, որը պատերազմից վերադարձել է իր սիրած աղջկա մոտ և հանդիպել դառն իրողությանը՝ աղջիկը չի սպասել նրան և ամուսնացել է ուրիշի հետ:

Այս բեմադրության մեջ Բուտուսովն առավել մեծ ուշադրություն է հատկացնում պիեսի սոցիալական ասելիքին, որը ներկայացման մեջ արտահայտվում է հասարակության անարդար կառուցվածքում, իսկ պատերազմն ու հեղափոխությունը գոյություն ունեն ներկայացման ծայրամասերում: Առաջին պլանում հուսահատությունն է, վախը, սերը, միայնակությունը, անտարբեր աշխարհում մարդու անհանգստությունը:

Սուր զգացողությունները ռեժիսորը կարողանում է ստանալ ամենահասարակ միջոցներով: Օրինակ, երկրորդ գործողության մեջ բոլոր հերոսները բեմի խորքից շարքով դանդաղ շարժվում են առաջ, իսկ քամին ավելի ու ավելի ուժեղ է ծածանում նրանց անձրևանոցների ու շրջազգեստների փեշերը: Եվ հանկարծ նրանք բոլորը քարանում են տեղում և միայն շատ թույլ սկսում են օրորվել՝ ճիշտ ինչպես կախաղան բարձրացվածներ...

Ընդհանրապես Բուտուսովի ներկայացման մեջ պլաստիկ շարժումները իրենց զգացմունքային դինամիզմով աչքի են ընկնում ասելիքի բազմաշերտությամբ:

Բրեխտն այս պիեսը գրել է Գերմանիայում 1918թ.-ին տեղ գտած հեղափոխությունից հետո, երբ հիասթափվելով քաղաքականությունից, սկսել է զբաղվել գրականությամբ:

«Թմբուկները գիշերվա մեջ»-ը այդ ժամանակաշրջանի նրա առաջին գործերից է: Կոմունիստ Բրեխտը հետագայում դժգոհ էր, որ իր հերոսը անձնական երջանկությունը գերադասում է դասակարգային շահերից: Սակայն Բուտուսովը, ընդհակառակը, իր բեմադրության մեջ հենց անձնականն է մղում առաջին պլան՝ կարծես ասելով, որ թող օրվա անց ու դարձը ներկայացնող կինոն արտացոլի հրդեհները, փլվող տները, իսկ հերոսը պետք է հանգիստ նստի հեռուստացույցի առջև իր նոր կազմած ընտանիքի հետ միասին:

Իսկ գլխավոր ասելիքը ռեժիսորն ավարտում է երևացող տիտրերով և հանդիսատեսը անմիջապես հասկանում է, որ ինքն էլ, ըստ էության նստած է «էկրանին» փոխարինող բեմի առջև և հաճելի ժամանցի է տրված թատրոնում: Իսկ ինչ-որ տեղ շատ հեռվում, գիշերվա մեջ ինչքան ցանկանում են թող հարվածեն թմբուկներին, որովհետև դրանք աղմկում են ոչ իրենց համար...
    Դիտվել է 823 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ