Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վախճանվել է «ֆրանսիական կինոյի գլխավոր արտիստուհի» Միշել Մորգանը

12.21.2016


«Ֆրանսիական կինոյի ամենագեղեցիկ աչքերը հավերժ փակվեցին»: Այս խոսքերով երեքշաբթի օրը հարազատները լրատվամիջոցներին հայտնեցին 96-ամյա աշխարհահռչակ դերասանուհի Միշել Մորգանի մահվան մասին:

Հոգեհանգիստը կկայանա ուրբաթ օրը, Փարիզի Նեյի-սյուր-սեն արվարձանի եկեղեցում: Միշել Մորգանը կհուղարկավորվի նույն օրը՝ Մոնպառնասի գերեզմանոցի իրենց ընտանեկան գերեզմանատանը:

Նա նկարահանվել է 65 ֆիլմերում : Փառքը նրան գտել է 18 տարեկան հասակում, երբ 1938թ.-ին նկարահանվեց Մարսել Կարնեի «Մշուշների ափը» ֆիլմում: 26 տարեկանում «Կնոջ լավագույն դերակատար»անվանակարգում արժանացել է Կանի միջազգային կինոփառատոնի մրցանակին: Ֆրանսիացի կինոսիրողները բազմիցս նրան ճանաչել են «տարվա ամենամասսայական դերասանուհի»:

«Ավելի քան կես դար Միշել Մորգանը եղել է ֆրանսիական կինոյի գլխավոր արտիստուհին» ,-ասել է նշանավոր ռեժիսոր Քլոդ Լելուշը, ով 1975 թ.ին արտիստուհուն նկարահանել է «Կատուն և մուկը» ֆիլմում:

1980-ականներից դերասանուհին դադարել է նկարահանվել և սկսել է զբաղվել գեղանկարչությամբ, խաղացել է թատրոնում:

Ֆրանսիան բարձր է գնահատել Մորգանի վաստակը: Նա այդ երկրի բարձրագույն՝ Պատվո լեգիոնի շքանշանակիր է: Բացի այդ 1992 թ.-ին արժանացել ֆրանսիական կինոյի բարձրագույն «Սեզար» մրցանակին: Նրա անունով աստղ կա Հոլլիվուդի Փառքի ճեմուղում:

«Միշել Մորգանը էլեգանտության, հմայքի, լեգենդի մարմնացում է եղել շատ սերունդների համար»,- իր ցավակցական խոսքում նշել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
    Դիտվել է 350 անգամ