Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ամերիկացի հայտնի պարողը համաձայնվել է ընդունել նաև Լատվիայի քաղաքացիություն

12.23.2016

Օրերս Լատվիայի սեյմը Քաղաքացիության, միգրացիայի և հասարակության համախմբման հանձնաժողովին է փոխանցել այս երկրում ծնված, իսկ այսօր ԱՄՆ-ի քաղաքացի, հայտնի պարող և դերասան Միխայիլ Բարիշնիկովին Լատվիայի քաղաքացիություն շնորհելու հարցը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «interfax.ru»-ին:

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների Բարիշնիկովին Լատվիայի հանդեպ ունեցած հատուկ ծառայությունների համար քաղաքացիություն շնորհելու մասին որոշման նախագիծը սեյմ է ներկայացվել խորհրդարանական բոլոր խմբակցությունների կողմից:

Քաղաքացիության շնորհման հանձնաժողովի նախագահ Իլմար Լատկովսկիսը հայտնել է, որ այս որոշումը կյանքի կոչելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքելու խնդիրները կլուծվեն մեկ ամսում, այդ իսկ պատճառով սեյմում համապատասխան վերջնական որոշման կայացումը կարող է լինել մեկ ու կես ամիս հետո:

Բարիշնիկովը արձագանքել է հայրենիքի այս որոշմանը և նամակով իր համաձայնությունն ու ցանկությունն է հայտնել Լատվիայի քաղաքացի դառնալու կապակցությամբ:

Բարիշնիկովը ծնվել է Ռիգայում, 1948թ.-ին: Ավարտել է Ռիգայի խորեոգրաֆիայի ուսումնարանը, 15 տարեկանում ընդունվել է Լենինգրադի (այսօր՝ Սանկտ-Պետերբուրգի) Վագանովայի անվան խորեոգրաֆիայի ուսումնարան: 1974թ.-ին մեկնելով հյուրախաղերի՝ մնացել է Կանադայում և հրաժարվել է վերադառնալ ԽՍՀՄ: Դրանից հետո տեղափոխվել է ԱՄՆ: Այստեղ նա դարձել է բալետի հայտնի պարող:

2015թ.-ին Բարիշնիկովը Ռիգայի Նոր թատրոնում խաղացել է լատվիացի հայտնի ռեժիսոր Ալվիս Հերմանիսի «Բրոդսկի/Բարիշնիկով» ներկայացման մեջ: 2016թ.-ին Լատվիայի ազգային օպերայի ու բալետի թատրոնում կայացել է նրա «Նամակ մարդուն» մենաներկայացման պրեմիերան:
    Դիտվել է 345 անգամ