Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայկական թատրոնը եվ շեքսպիրյան հիվանդությունը (Ֆելիետոն)


Ողջ երկրում բռնկած բազմատեսակ համաճարակների պես թատրոններում նույնպես տարածվեց արտասովոր հիվանդություն: Դա մի տարօրինակ, չլսված հիվանդություն էր: Բանն այն է, որ վարակվելով այդ ախտով՝ բոլորը ցանկանում էին բեմադրել Շեքսպիր: Քանի որ այն սուր վարակիչ էր, ուստի սկսվեց յուրօրինակ մրցակցություն: Առաջին հայացքից թվում էր, թե դա ավելի քան բնական է. ուրիշ ո՞վ, եթե ոչ աշխարհի ամենամեծ թատերգուն՝ Շեքսպիրը: Ի՞նչ է, մայրաքաղաքային թատրոնները, թողած հանճարեղ ողբերգուին ու կատակերգակին, բեմ հանեին ինչ-որ Պողոս Պողասյանի՝ հայրենական արտադրության, կասկածելի որակի պիեսնե՞րը: Հապա ասեք Շեքսպիր և… Պողոս Պողոսյան: Ասեք՝ Համլետ… Օթելլո… Օֆելյա… Ռոմեո և… Ինքս էլ արդեն անհարմար զգացի այս անունների կողքը դնել տեղական ծագման որևէ անուն: Նայենք նաև հանդիսատեսի աչքերով: Այդ ո՞ր քաղաքակիրթ, զարգացած հանդիսատեսը, թողած Համլետին, Օթելլոյին, Ռոմեոյին, կցանկանա դիտել այդ ինչ-որ Պողոս Պողոսյանի Գևորգին, Վարդուհուն, Վահանին…

Կարճ ասած՝ պատմության մեջ գուցե առաջին անգամ պիտի գործածենք «արդարացված հիվանդություն» արտահայտությունը, որովհետև հարցին նայենք աջից, թե ձախից, վերևից, թե ներքևից, Շեքսպիրի դեմ դուրս գալ չենք կարող: Վերջապես, բարեկամներս, հանցանք հո չե՞ն գործում. բեմադրում են… Շեքսպիր: Եվ սա արդեն դարձավ վարկի, հեղինակության հարց: Էլ ի՞նչ թատրոն, եթե չի բեմադրել Վիլյամին: Եվ շեքսպիրյան ներկայացումների ազդագրերն աճեցին սնկերի նման: Մեծն անգլիացուն իրար հետևից բեմադրեցին երկրի ոչ միայն բոլոր քաղաքների թատրոնները, այլև՝ իրար հարևան, դուռ-դրկիցները: Հավանաբար նախատեսված էր, որ հանդիսատեսը պիտի x թատրոնում դիտի «Համլետը» և, այնտեղից դուրս գալով, շտապի մտնել y թատրոնը՝ նույն ներկայացումը ևս մեկ անգամ վայելելու համար: Դե, ինչ կա որ. չէ՞ որ դրանք տարբեր բեմադրիչների գործեր են՝ տարբեր դերասանների դերակատարմամբ: Ախր նրանք՝ այդ տարբեր բեմադրիչները, կարող են այդ գործին տալ տարբեր մեկնաբանություններ, Շեքսպիրին ներկայացնել մի այլ լույսի տակ:

Իսկ հանդիսատեսների լայն շրջանակներն էլ, գիտեք, գժվում են այս նոր մեկնաբանությունների համար: Եվ, անշուշտ, տրամաբանական է, որ այդ մեկնաբանությունները ներկայացվեն կողք կողքի գտնվող թատրոններում, որպեսզի մի տեղից մյուսը հասնելու ընթացքում հանդիսատեսը դրանք հանկարծ չմոռանա: Վերջապես կա նաև դերասանների հարցը. այդ ո՞վ մանկուց չի երազել խաղալ շեքսպիրյան դերեր: Դե եկ, թատրոն, ու քար գցիր դերասանի երազանքի վրա: Այսպես՝ հիվանությունը խորացավ, և պարզվեց, որ քիչ, շատ քիչ է, երբ ամեն թատրոն Շեքսպիրից ունի ընդամենը մեկ գործ: Բանը հասավ նրան, որ մայրաքաղաքի ամենահայտնի դրամատիկական թատրոնն իր շենքի ճակատին փակցրեց շեքսպիրյան ներկայացումների (ոչ ավել, ոչ պակաս) չորս ազդագիր… Դե հիմա թող ասեն, թե հայ թատրոններում իշխում է գավառական մտածողությունը: Ինքս անձամբ նրանց քթին դեմ կտամ այդ ազդագրերը: Չէ մի. ինչ-որ Պողոս Պողոսյան, հայրենական արտադրության պիես, հայկական թատերգություն, որը ոչ միայն երկու ոտքով կաղում է, պակասամիտ է, այլև… Էլ ի՞նչ՝ այլև: Հապա ասեք Շեքսպիր… Եվ քանի որ տվյալ թատրոնը գավառական չէ և շատ քիչ կապ ունի հայկական թատերգության հետ, առաջարկում եմ, որ կատարվի անվանափոխություն և այսուհետև այն կոչվի ոչ թե մայրաքաղաքի դրամատիկական թատրոն, այլ, օրինակ՝ Շեքսպիրի անվան միջազգային թատրոն: Իսկ պատկերն ամբողջացնելու համար նշեմ, որ այս պահին նրա խաղացանկում ընդհանուր թվով կա շեքսպիրյան հինգ ներկայացում…

Դառնանք հիվանդությանը, որը խորացավ ավելի, և Շեքսպիր բեմադրելը դարձավ արդիականության չափանիշ: Եթե բեմադրում ես «Համլետ», և Օֆելյային ոչ թե խեղդում ես ջրում, այլ, օրինակ՝ նետում ես Էյֆելյան աշտարակից՝ ցուցաբերելով թարմ, արդիական մոտեցում, ուրեմն հաղթահարել ես գավառականության սահմանը և ունես միջազգային «կարգավիճակ»: Դրանից էլ հեշտ բա՞ն… Ահա, թե որքան հեշտ էր «վարկանիշ» ձեռք բերելը: Թե չէ վախեցնում են, բարդացնում. ձեռք մեկնել Շեքսպիրին, հանդգնել բեմադրել «Համլետ»… Ի՞նչ մի հանդգնելու բան է. համապատասխան երաժշտություն, զգեստներ, բեմական ձևավորում, և ներկայացման հաջողությունը կիսով չափ երաշխավորված է: Իսկ դուք ասում եք՝ Պողոս Պողոսյան: Չէ մի… Դե, եթե այդպես հեշտ է հաջողության հասնելը՝ բեմադրելով մեծերին, այլևս ինչո՞ւ վարանել: Եվ այնքան շատացան շեքսպիրյան ներկայացումները, որ դրանք ըստ խաղացանկերի խաղալու համար ժամանակը կարծես չբավականացրեց. որոշվեց կազմակերպել շեքսպիրյան շաբաթներ: Ապա պակաս թվացին նաև շաբաթները, և կազմակերպվեցին շեքսպիրյան ամիսներ: Ամբողջ երկրի թատերական հասարակայնությունն սկսեց ապրել Շեքսպիրով: Ամեն քաղաքում, ամեն գավառում, ամեն բեմում հնչում էր՝ Համլետ, Օթելլո, Ռոմեո… Իսկ տղեկները, ինչպես տասնիններորդ դարում, աղջիկների հետևից բացականչում էին. «Կուսանոց մտիր, Օֆելյա»:

-Ի՞նչ ես բեմադրում:- Հարցնում էիր ծեր բեմադրիչին, և նա հպարտությամբ պատասխանում էր.
-«Համլետ»:
-Ի՞նչ ես խաղում:- Հարցնում էիր տարեց դերասանին, և նա հպարտությամբ պատասխանում էր.
-Օթելլո:
-Ո՞ր ներկայացումն ես դիտել:- Հարցնում էիր երիտասարդ հանդիսատեսին, և նա հպարտությամբ ասում էր.
-«Մակբեթը»:
Իսկ հիմա մեկ անգամ ևս ասեք Պողոս Պողոսյան…

Հիվանդությունը, սակայն, այսպես խորանալով, ունեցավ տարօրինակ դրսևորում: Եվ քիչ է ասել՝ տարօրինակ: Բանն այն է, որ հայրենական արտադրության թատերգությունից երես թեքած այս թատրոնները, նրանից դժգոհելով և բեմադրելով օտար հեղինակների, մեծ ձգտում ունեին ցուցադրելու իրենց նվիրվածությունը ազգային բեմին: Կսկիծ ու ցավ էր թափվում նրանց շուրթերից, երբ խոսում էին ազգային թատերգության մասին: Ախ, ոնց էին մտահոգ, ոնց էին կամենում զարգացնել ազգային թատերգությունը: Լսելով աղեկտուր այդ խոսքերը՝ անմիջապես համոզվում էիր, որ այդ միտքը նրանց հանգիստ չի տալիս, չի թողնում քնել ոչ մի գիշեր: Ինչպե՞ս, ինչպե՞ս զարգացնել ազգային թատրոնը, որն ունի գավառական մակարդակ, կաղ է ոչ միայն երկու ոտքով, այլև պակասամիտ է… Հապա ասեք ոչինչ չասող Պողոս Պողոսյան… Իսկ հիմա նայեք հիշյալ թատրոնի ճակատին, որտեղ տիրաբար «բազմած» են շեքսպիրյան ներկայացումների չորս ազդագրերը… Ահա թե ինչպես պետք է ազատվել գավառական մակարդակից: Ահա թե ինչպես պետք է զարգացնել ազգային թատերգությունը…

Հեղինակ՝ Գուրգեն Միքայելյան
    Դիտվել է 1020 անգամ
    1234