Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վախճանվել է Playboy» հանդեսի հիմնադիր և հրատարակիչ Հյու Հեֆները

09.28.2017

Ամերիկյան լրատվամիջոցները, հղում անելով հայտնի հրատարակչության «Twitter»-ի էջին, տեղեկացնում են, որ 91 տարեկան հասակում իր առանձնատանը, մերձավորների շրջապատում կյանքից հեռացել է «Playboy» հանդեսի հիմնադիր և հրատարակիչ Հյու Հեֆները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը:

«Իմ հայրը ապրել է բացառիկ և ազդեցիկ կյանքով, որպես զանգվածային լրատվության և մշակույթի վիրտուոզ, որպես մարդ, որը կանգնած է եղել ժամանակակից մի քանի նշանակալից սոցիալական և մշակութային շարժումների, խոսքի ազատության, քաղաքացիական իրավունքների և սեռական ազատությունների թիկունքում: Նա կանխորոշել է կյանքի կերպը և բնույթը, որը դրված է եղել պատմությանը հայտնի և կայուն հանդեսի՝ «Playboy»-ի բնույթի հիմքում»,- հայտարարել է Հյու Հեֆների որդին՝ Քուփերը, որը «Playboy Enterprises» ընկերության գործադիր տնօրենն է:

Հյու Հեֆները ծնվել է 1926թ.-ի ապրիլի 9-ին, Չիքագոյում: Բանակում ծառայելուց հետո որոշ ժամանակ աշխատել է «Esquire» հանդեսի գովազդի բաժնում, ապա՝ որոշել է ստեղծել սեփական հանդեսը:

«Playboy» հանդեսի առաջին համարը լույս է տեսել 1953թ.-ին, որի շապիկին պատկերված էր Մերիլին Մոնրոն:
Կյանքի վերջին շրջանը Հեֆներն անցկացրել է իր առանձնատանը՝ զվարճանալով երիտասարդ կանանց հետ: Նա չէր ամաչում և հայտարարում էր, որ աշխույժ կյանք վարելու իր կենսունակությունը պահպանում է օգտվեով վիագրայից:

Այդ առանձնատունը, որ կոչվում էր «Playboy Mansion», 2016թ.-ին նա վաճառեց 100 մլն դոլարով: Այս պահին նրա կարողությունը գնահատվում է 50 մլն դոլար:

Ավելի քան 50-ամյա հրատարակչական գործունեության ընթացքում «Playboy»-ը իր էջերում հրատարակել է նաև բազմաթիվ համաշխարհային մեծության գրողների՝ Ջոն Ափդայք, Յան Ֆլեմինգ, Գաբրիել Գարսիա Մարկես, Քուրթ Վոնենգութ և այլք:

Այսօր «Playboy»-ը հրատարակվում է մի քանմի լեզուներով և տարածվում է ամբողջ աշխարհում: 2015թ.-ին հանդեսը հայտարարեց, որ հրաժարվում է իր տպագիր տարբերակում հրապարակել մերկ բնօրդների լուսանկարներ: Այդ քայլին հրատարակչությունը դիմեց «PG-13» վարկանիշի և անչափահասների շրջանում հանդեսը վաճառելու իրավունք ստանալու համար:, Սակայն մեկ տարի անց տպագիր հրատարակությունը կրկին անցավ իր նախկին ձևաչափին:
    Դիտվել է 620 անգամ