Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թանկարժեք դիակ


Թանկարժեք դիակ

Կոմեդիա 2 գործողությամբ



Գործող անձեր՝



ՌՈԶԻ – անասնաբույժ

ՄԱԳԴԱԼԵՆԱ – օպերային երգչուհի

ԹԱՄԱՐԱ – լրագրող

ԱԼԵՔՍ – կենդանիներ վարժեցնող

ՎԱՐԴԳԵՍ – ոստիկանության քննիչ

ՂԵՎՈՆԴ – քահանա

ՋՈՒԼԻԱՆՆԱ – Ռոզիի մայրը







ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ


Ռոզիի բնակարանի հյուրասենյակը: Երեկո է: Հյուրասենյակը ձևավորված է տոնական: Ռոզիի ծննդյան օրն է: Առաստաղից կախված են տարբեր գույնի ժապավեններ և փուչիկներ: Սեղանը՝ տոնական զարդարանքով գտնվում է հյուրասենյակի ձախ կողմում: Վրան դրված են կոնյակի, օղու և հանքային ջրերի շշեր: Կենտրոնում մրգամանն է՝ լի մրգերով, իսկ կողքին, բյուրեղապակյա տարայի մեջ` կոնֆետների տեսականի: Կենտրոնական մասում դրված է բազմոցը: Բազմոցի վրա Թամարայի պայուսակն է: Բնակարանի դուռը կենտրոնական մասում է: Ձախ կողմում գտնվում է խոհանոցի դուռը, իսկ խոհանոցի դռան կողքին Ռոզիի ննջասենյակի դուռն է: Դռների մեջտեղում փոքրիկ սեղանիկ է դրված, վրան՝ տան հեռախոսը: Աջ կողմում, այդ դռներին զուգահեռ, գտնվում են լոգարանի և Ռոզիի մայրիկի ննջասենյակի դռները: Ննջասենյակի կողքից երևում է պատուհանը:

Բեմում Թամարան է՝ տոնական հագնված: Նրա պահվածքում նկատվում է շատ թույլ տղամարդկային շարժուձև: Թամարան խոհանոցից բերում է մի քանի ափսեներ և շարունակում է սեղանը ձևավորել: Ժպիտը դեմքին երգում է՝ «Ծնունդդ շնորհավոր» երգը: Այդ պահին հնչում է դռան զանգ և Թամարայի դեմքին հայտնվում է ժպիտ:


ԹԱՄԱՐԱ – Վերջապես եկավ… (Նայելով ժամին): Չնայած մի փոքր ուշացել է:

(Գնում է և դուռը բացում: Դրսից լսվում է տղամարդու դժբախտ ձայն, ով բեմում

չի երևում):

ՏՂԱՄԱՐԴՈՒ ՁԱՅՆ – Հացի փող կտա՞ք…

ԹԱՄԱՐԱ – Իհարկե… Մեկ րոպե սպասեք… (Պայուսակից թղթադրամ հանելով՝

տալիս է տղամարդուն): Խնդրեմ, հայրիկ ջան… (Փակում է դուռը, գալիս է ու

նստում սեղանի մոտ): Պատկերացնում եմ նրա ուրախության չափը: Երևի

մտածում էր, որ մենակ էր շնորհավորելու ինքն իրեն: Իսկ մենք ո՞ր օրվա համար

ենք, եթե նրան պետք է մենակ թողնենք: (Այդ պահին դարձյալ հնչում է դռան

զանգ: Թամարան տեղից ուրախ վեր է թռնում: Գնում է և դուռը բացում: Նվերների

տոպրակները ձեռքին, ուրախ տրամադրությամբ, տոնական էլեգանտ հագ ու

կապով և պայուսակն ուսին ներս է մտնում՝ Մագդալենան: Թամարան և

Մագդալենան համբուրվում են):

ՄԱԳԴԱԼԵՆԱ (նայելով շուրջը) – Մեր հոբելյարը դեռ չի՞ եկել…

(Տոպրակները և պայուսակը դնում է բազմոցին):

ԹԱՄԱՐԱ – Կարծում եմ, որ մի քիչ ուշացավ… Բայց անհանգստանալ պետք չէ…

Դու նստիր և քեզ զգա ինչպես քո տանը…

ՄԱԳԴԱԼԵՆԱ (նստելով) – Այստեղ ես ինձ միշտ էլ իմ տանն եմ զգում:

ԹԱՄԱՐԱ (նստելով) – Նա քիչ առաջ զանգահարեց և ասաց, որ քաղաքում

խայտառակ խցանումներ են, բայց հուսանք, որ շուտով կհասնի:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Դու նրան արդեն ասե՞լ ես անակնկալի մասին:

ԹԱՄԱՐԱ – Իհարկե, ոչ… Էլ ի՞նչ անակնկալ, եթե ասեի… Թող մտնի տուն և ևս մեկ

անգամ համոզվի, որ մենք աշխարհում նրա լավագույն ընկերուհիներն ենք: ՄԱԳԴԱԼԵՆԱ – Դու երևի ուզում էիր ասել քույրերը…

ԹԱՄԱՐԱ – Լավ ընկերուհին, լավ քրոջից, էլ ավելի լավ է:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Իհարկե… Բայց դու գիտես, չէ՞, որ նա էշի համառություն ունի:

Պատկերացնո՞ւմ ես, նա իր կենդանիների մասին ավելի շատ է մտածում, քան իր

անձնական կյանքի: Մեքենան էլ առել է հատուկ նրանց համար: Ասում է, որ եթե

հանկարծ նրանց մի բան պատահի, վայրկյանի արագությամբ օգնության հասնի:

Երևի վերջում էլ իր կենդանիների հետ ամուսնանա:

ԹԱՄԱՐԱ (ծիծաղելով) – Ամեն անգամ ձեր կռիվները լսելիս կյանքս կարծես նոր

գույնով է լցվում: Դուք ավելի շատ ձեր սերն ու հոգատարությունն եք ցույց

տալիս, քան կռվում եք:

ՄԱԳԴԱԼԵՆԱ– Ախր նա մեր մանկության ընկերուհին է ու լավ գիտենք նրա

համառությունը… Նրան բան հասկացնե՞լ կլինի:

ԹԱՄԱՐԱ – Դրա համար էլ փորձում եմ չհակառակվել… Միևնույնն է… Ժամանակի

իզուր կորուստ է:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Կարծես կյանքը սկսվում է իր այդ կենդանիներով ու հենց նրանցով

էլ ավարտվում է: Ախր ես նրա անձնական կյանքի մասին եմ մտածում:

ԹԱՄԱՐԱ – Դե, լա՜վ, լա՜վ… Մի բողոքիր… Մենք էլ մի բարի պտուղը չենք…

Մենք էլ ենք մեր անձնական կյանքը մոռացել ու ամբողջովին տրվել ենք

աշխատանքին:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Բայց մենք գոնե փորձում ենք: Իսկ նա դա էլ չի անում:

ԹԱՄԱՐԱ (վեր կենալով) – Հաստատ մեր կենդանիների հովանավորը կուշանա…

Ես ավելի լավ է սուրճ բերեմ… (Ժպիտով): Մի քիչ սրճվենք, մինչև նա կգա:

(Մտնում է խոհանոց):

ՄԱԳԴԱԼԵՆԱ (ձայնելով) – Չմոռանա՜ս… Սուրճը դառը կեփես…

ԹԱՄԱՐԱ (ներսից) – Դա մոռանալու բան չէ՜…

ՄԱԳԴԱԼԵՆԱ (ձայնելով) – Իսկ տիկին Ջուլիաննան ե՞րբ կվերադառնա...

Վերջիվերջո աղջկա ծննդյան օրն է…

ԹԱՄԱՐԱ (ներսից) – Ռոզին ասաց, որ նա առավոտյան զանգահարել է, շնորհավորել

ու ասել, որ սեմինարները դեռ շարունակվում են: Բայց ամեն բան կանի, որպեսզի

հասցնի գալ: Մայրն էլ է նրա նման կենդանիների գովազդներով զբաղված:

Կենդանիների մասին սեմինարը, ո՞րն է… (Դադար): Հա՜, ի դեպ… Դու ինչո՞ւ

ուշացար… Մենք Ռոզիին և տիկին Ջուլիաննային ենք մեղադրում, բայց դու էլ

հետևեցիր նրանց օրինակին:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Այսօրվա օպերային ներկայացումն առանձնահատուկ էր…

Սփյուռքից հատուկ հյուրեր էին հրավիրված: Իսկ վերջում, ինչպես միշտ…

Լուսանկարվել… Այս անգամ, հատուկ մեր հյուրերի պատվին կազմակերպված

էր հյուրասիրություն… Իսկ ես չէի կարող ներկա չլինել:

ԹԱՄԱՐԱ (ներսից) – Ներիր, իհարկե… Բայց ես այդպես էլ չկարողացա հասկանալ

օպերայի էությունը:

ՄԱԳԴԱԼԵՆԱ (ձայնելով) – Դա ոչ թե պետք է հասկանալ, այլ պետք է զգալ…

ԹԱՄԱՐԱ – Դրա համար էլ քո ներկայացումներին ներկա չեմ լինում… Որովհետև

դու ինձ, որպես Մագդալենա ավելի ես դուր գալիս, քան, որպես Անուշ կամ

Աիդա… (Սուրճի սկուտեղով ներս է մտնում):

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Օպերան ամեն մեկի խելքը բանը չէ: (Թամարան սկուտեղը դնում է

սեղանին): Թամարա, իսկ քո աշխատանքային օրը ո՞նց անցավ: (Ժպիտով): Երևի

պատգամավորների երդումներին էլի հավատացիր ու քո սուտ ռեպորտաժներով

մեր խեղճ ու կրակ ժողովրդին հույս տվեցիր, չէ՞…

ԹԱՄԱՐԱ (նստելով) – Դու կարծում ես, թե ինձ դո՞ւր է գալիս խաբելը… Բայց դե, ի՞նչ

անեմ… Դա էլ իմ աշխատանքն է… Ես դրանով եմ գումար աշխատում, ինչպես

դու քո օպերային ձայնով:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Հիշում եմ, որ մանկուց էիր երազում լրագրող դառնալ, որ միայն

բարի ու գեղեցիկ հոդվածներ գրեիր:

ԹԱՄԱՐԱ – Փոքր ժամանակ բոլորս էլ ամեն ինչ բարի ու գեղեցիկ ենք տեսնում:

(Այդ պահին լսվում է դռան ուժեղ բախոց: Հարվածն այնքան ուժգին է, որ կարծես

դուռն ուր որ է կջարդվի: Մագդալենան ու Թամարան զարմացած ու անորոշ

նայում են իրար):

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Սա ո՞վ է…

ԹԱՄԱՐԱ – Հավանաբար էլի մուրացկան է…

ՄԱԳԴԱԼԵՆԱ (զարմացած) – Ի՞նչ մուրացկան…

ԹԱՄԱՐԱ – Քիչ առաջ մի խեղճ մարդ եկավ… Փող էր ուզում: (Գնում է և դուռը

բացում: Այդ պահին շնչակտուր, իրար խառնված, գլուխը ձեռքերի մեջ առած,

կիսախելագար վիճակով, ներս է մտնում Ռոզին՝ տոնական հագ ու կապով և

պայուսակն ուսին: Պայուսակը գցում է բազմոցին, խառնված վիճակում մոտենում

է սեղանին, բացում է հանքային ջրի շշերից մեկը և հենց շշով անհագ խմում է:

Խառնված վիճակում նայում է տան տոնական ձևավորմանը: Թամարան և

Մագդալենան անորոշ հայացքներով նայում են իրար, հետո՝ Ռոզիին):

ՌՈԶԻ (գլուխը բռնած) – Չեմ հավատում:

ԹԱՄԱՐԱ և ՄԱԳԴԱԼԵՆԱ – Ինչի՞ն…

ՌՈԶԻ – Որ ընկավ…

ԹԱՄԱՐԱ և ՄԱԳԴԱԼԵՆԱ – Ո՞վ ընկավ…

ՌՈԶԻ – Էդ անասունը… (Արագ վազում է լոգարան):

ԹԱՄԱՐԱ (Մագդալենային) – Դու ինչ որ բան հասկանո՞ւմ ես…

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Հավանաբար կենդանիներին ինչ-որ բան է պատահել:

(Լոգարանից դուրս է գալիս Ռոզին՝ գլխին թրջոց դրած):

ՌՈԶԻ (դժբախտ) – Վե՜րջ… Վե՜րջ ամեն ինչին:

ԹԱՄԱՐԱ – Ռոզի, նորմալ կբացատրե՞ս մենք էլ հասկանաք, թե ինչ է եղել:

ՌՈԶԻ – Ես էլ չկա՜մ… Ձեր Ռոզին քիչ առաջ մեռա՜վ:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Ինչ որ լուրջ բա՞ն է պատահել…

ՌՈԶԻ (դժբախտ) – Կենդանինե՜րս…

ՄԱԳԴԱԼԵՆԱ (Թամարային) – Տեսա՞ր… Բա որ ասո՞ւմ էի… Նա իր չորքոտանի

բարեկամներին ավելի շատ է սիրում, քան մարդկանց…

ՌՈԶԻ (անէացած) – Դուք էլ ընկերուհի չունե՜ք…

ԹԱՄԱՐԱ – Աստվա՜ծ իմ… Ռոզի, չլինի՞ քո սիրելի Ծաղիկ կովը սատկել է…

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Կամ էլ Խանում ոչխարի ձագը սատկած է ծնվել:

ՌՈԶԻ (լացելով) – Չէ՜, չէ՜… Նրանք լավ են… Գնալո՜ւ եմ, գնալո՜ւ եմ…

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Դու միայն ասա, թե ուր ես ուզում գնալ:

ԹԱՄԱՐԱ – Ուր էլ գնաս, մենք քեզ հետ ենք:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Հա՜, հա՜… Մենք էլ կգանք քեզ հետ…

ՌՈԶԻ – Գնալու եմ բա՜նտ…

ԹԱՄԱՐԱ և ՄԱԳԴԱԼԵՆԱ (սառած) – Բա՞նտ…

ՌՈԶԻ – Հա՜, բա՜նտ… Ինձ ներում չկա՜…

ԹԱՄԱՐԱ – Ի՞նչ բանտ…

ՌՈԶԻ – Սովորական բանտ:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Ինչի՞ համար…

ՌՈԶԻ – Էդ անասունի…

ԹԱՄԱՐԱ – Ո՞ր մեկի… Հիմա դրանք շատ են:

ՌՈԶԻ – Խնդրում եմ, խոստացեք, որ ինձ չեք մատնի:

ԹԱՄԱՐԱ – Դու գժվե՞լ ես…Էս ինչե՞ր ես մտածում:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Բայց գոնե ասա, թե ի՞նչ է պատահել… Գուցե մի բանով

կարողանանք օգնել:

ԹԱՄԱՐԱ – Հա, ճիշտ է ասում Մագդալենան… Կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի

օգնենք քեզ:

ՌՈԶԻ – Դուք չեք կարող մեռածին հարություն տալ:

ԹԱՄԱՐԱ և ՄԱԳԴԱԼԵՆԱ – Մեռածի՞ն:

ՌՈԶԻ – Հա՜, մեռածի՜ն… Ինձ էլ իր հետ սպանեց էդ սրիկան:

ՄԱԳԴԱԼԵՆԱ (սառած) – Բայց դա ո՞նց է պատահել:

ԹԱՄԱՐԱ – Որ աչքովս էլ տեսնեմ, չեմ հավատա, որ դու մարդ ես սպանել:

ՌՈԶԻ – Թող անիծվի նոր գնած մեքենաս:

ԹԱՄԱՐԱ – Մեքենադ ի՞նչ կապ ունի:

ՌՈԶԻ – Ես մարդ եմ գցել մեքենայիս տակ:

ԹԱՄԱՐԱ և ՄԱԳԴԱԼԵՆԱ – O՜, my god… (Անէացած նստում են):

ՌՈԶԻ (ողբալով) – Իմ անասնաբուժական կլինիկան անտե՜ր է մնալու: Խե՜ղճ

կենդանիներս ի՞նչ պետք է անեն առանց ինձ:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Չեմ կարողանում հավատալ:

ԹԱՄԱՐԱ – Ախր դա հավատալու բան չէ, որ հավատանք:

ՌՈԶԻ – Իսկ մա՜յրս… Նա այս ցավին հաստատ չի դիմանա: Նա ո՞նց պիտի ապրի

առանց ինձ: Ամբողջ շենքում խայտառակ կլինի: Բոլորը նրան կծաղրեն, որ նրա

միակ աղջիկը մարդասպան է: (Հառաչելով): Աստվա՜ծ իմ… Ո՞ր մեղքիս համար:

Ո՞ր… (Ոխով): Թող անիծվի՛ էդ ակնոցավոր լակոտը:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Բայց դա ինչպե՞ս եղավ…

ԹԱՄԱՐԱ – Դո՞ւ էիր մեղավոր, թե՞ նա…

ՌՈԶԻ (արտասվելով) – Նա, նա էր մեղավոր… Նա եկավ ու ընկավ մեքենայիս տակ:

Գլուխը բռնած, վազելով դուրս եկավ շենքի անկյունից, իսկ ես չհասցրի

արգելակել: Ընկավ ու մեռա՜վ…

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Ձեր շենքի անկյունի՞ց…

ՌՈԶԻ – Հա… Երևի ինչ-որ տեղ էր շտապում, բայց… Բայց չհասցրեց…

ԹԱՄԱՐԱ – Ա՜յ քեզ խայտառակություն:

ՌՈԶԻ – Խայտառակությունը ո՞րն է… Կյանքս կործանվեց:

ԹԱՄԱՐԱ – Շատ մարդ է տեսե՞լ…

ՌՈԶԻ – Գոնե բախտս բերեց այնքանով, որ մի փոքրիկ տղա տեսավ, այն էլ «Մայրի՜կ»

գոռալով փախավ:

(Մագդալենան և Թամարան վազում են դեպի պատուհանը):

ԹԱՄԱՐԱ – Ո՞ր կողմում է դիակը:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Այստեղից ոչինչ չի երևում:

ՌՈԶԻ – Դիակն այդտեղ չէ, որ տեսնեք:

ՄԱԳԴԱԼԵՆԱ (ետ գալով) – Իսկ ո՞ւր է:

ԹԱՄԱՐԱ (ետ գալով) – Չլինի՞ ինքնակամ տարել ես դիահերձարան:

ՌՈԶԻ – Չէ՜, չէ՜… Ի՞նչ դիահերձարան:

ԹԱՄԱՐԱ և ՄԱԳԴԱԼԵՆԱ – Իսկ ո՞ւր է…

ՌՈԶԻ – Մեքենայիս մեջ:

ԹԱՄԱՐԱ և ՄԱԳԴԱԼԵՆԱ (սարսափած) – Մեքենայիդ մե՞ջ…

ՌՈԶԻ – Հա… Մեքենայիս մեջ նստած է:

ԹԱՄԱՐԱ և ՄԱԳԴԱԼԵՆԱ (կատվածահար) – Նստա՞ծ:

(Այդ պահին լսվում է դռան թակոց: Բեմում քար լռություն):

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Հիսո՜ւս Քրիստոս…

ԹԱՄԱՐԱ – Հավանաբար ոստիկանությունն է: Նրանք շան հոտառություն ունեն և

մագնիսական դաշտով միանգամից զգում են:

ՌՈԶԻ (վախով) – Վե՜րջ… Սա վե՜րջն է…

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Մի հուսահատվիր, ամեն ինչ լավ կլինի… Նրանք կհասկանան, որ

այս ամենը դու դիտմամբ չես արել, այլ, որ նա պատահական է ընկել մեքենայիդ

տակ: Դատարանում ամեն ինչ հաշվի են առնում:

ԹԱՄԱՐԱ – Քարոզներ կարդալու ժամանակ չկա: (Ռոզիին): Ռոզի՛, արագացրո՛ւ,

գնա, թաքնվիր ննջասենյակում: (Ռոզին մտնում է ննջասենյակ):

(Թամարան գնում է և դուռը բացում: Դրսից լսվում է կնոջ ձայն, ով բեմում չի

երևում):

ԿՆՈՋ ՁԱՅՆ – Մատաղի փող կտա՞ք:

ԹԱՄԱՐԱ – Իհարկե, մայրիկ ջան… Սպասեք: (Պայուսակից հանում է թղթադրամ և

մոտենում դռանը): Խնդրեմ… Մատաղն ընդունելի լինի: (Փակում է դուռը):

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Հիմա մեզ էլ է մատաղ անել հարկավոր:

ԹԱՄԱՐԱ – Փաստորեն միայն մենք դժբախտ չենք:

ՄԱԳԴԱԼԵՆԱ (ձայնելով) – Ռոզի՜, դուրս արի… Վտանգն անցավ:

ՌՈԶԻ (դուրս գալով) – Վտանգը դեռ նոր է սկսվելու:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Հանգստացիր… Ինչ-որ բան պետք է մտածենք: Վերջ ի վերջո ամեն

հարց էլ իր լուծումն ունի… Ուղղակի պետք է ելք գտնել:

ԹԱՄԱՐԱ – Ես նախնական ելքն արդեն մտածել եմ…

ՄԱԳԴԱԼԵՆԱ (ժպիտով) – Ա՜յ տեսնո՞ւմ ես, որ կարելի է ինչ-որ բան մտածել:

Խուճապահար վիճակը կարող է մեզ միայն խանգարել:

ՌՈԶԻ (հույսով) – Եվ ի՞նչ ես մտածել:

ԹԱՄԱՐԱ – Հիանալի ծրագիր:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Չլինի՞ նոր ռեպորտաժ է:

ԹԱՄԱՐԱ – Մի ծաղրիր, Մագդալենա: Դրա ժամանակը չէ:

ՌՈԶԻ (լացով) – Իմ կյանքը վերջացած է:

ԹԱՄԱՐԱ – Քո կյանքը դեռ նոր է սկսվել: (Գրկում է Ռոզիին: Հաստատակամ):

Աղջիկներ մենք պետք է թաքցնենք դիակը:

ՌՈԶԻ և ՄԱԳԴԱԼԵՆԱ (զգաստ) – Ի՞նչ…

ԹԱՄԱՐԱ – Սա միակ տարբերակն է:

ՄԱԳԴԱԼԵՆԱ (վախով) – Բաց ես վախենում եմ դիակին կպնել:

ԹԱՄԱՐԱ – Մագդալենա, մեռածը քեզ ոչինչ չի կարող անել: Քայլող մարդուց պետք է

վախենալ: Իսկական վտանգը նրանցից պետք է սպասես:

ՌՈԶԻ (Թամարային) - Ո՞ւր պետք է տանենք դիակը:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Ախր ուր էլ տանենք, երկար չենք կարող թաքցնել:

ԹԱՄԱՐԱ –Դե, սկզբնական քայլ կարելի է անել: Թաքցնենք, հետո մի բան կմտածենք:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Բայց որտե՞ղ պիտի թաքցնենք:

ՌՈԶԻ (հաստատ) – Այստեղ…

ՌՈԶԻ և ՄԱԳԴԱԼԵՆԱ (զգաստ) – Այստե՞ղ…

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Դու հաստատ գժվել ես, Թամարա...

ԹԱՄԱՐԱ (չլսելով Մագդալենային: Նայելով շուրջը) - Ուղղակի մեր հանգուցյալն ու

այս ուրախ տրամադրությունը իրար չեն համապատասխանում:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Ռոզի, մենք որոշել էինք քեզ անակնկալ մատուցել քո ծննդյան օրով:

ԹԱՄԱՐԱ – Չե՞ս հիշում, որ քեզանից բանալիներն ուզեցի, ասելով, իբր վիճել եմ

ծնողներիս հետ և որոշել եմ քեզ մոտ գիշերել: Ես այդ ամենը հորինել էի, որպեսզի

ես և Մագդալենան քեզ հետ միասին անցկացնեինք այս օրը:

ՌՈԶԻ – Շնորհակալ եմ ձեզանից, աղջիկներ… Դուք աշխարհի ամենալավ

ընկերուհիներն ենք… Բայց այդ մեռածն արդեն շնորհավորեց ծնունդս…

ՄԱԳԴԱԼԵՆԱ (վախով) – Աղջիկնե՜ր, բայց ես չեմ կարող կպնել դիակին…

ԹԱՄԱՐԱ (անվախ) – Ես ու Ռոզին կբարձրացնենք: Դե, Ռոզին արդեն սովոր է դիակ

տեղափոխել, իսկ իմ մասնագիտությունն էլ թույլ է տվել դիահերձարանում

հազարավոր դիակներ տեսնել:

ՌՈԶԻ – Շնորհակալ եմ, Թամարա… (Փաթաթվում է Թամարային: Մագդալենային):

ԹԱՄԱՐԱ - Ռոզի, արագացրու: Մենք չպետք է ժամանակ կորցնենք: Մագդալենա,

իսկ դու սպասիր այստեղ, որպեսզի դիմավորես մեր հանգուցյալին: (Ուզում են

գնալ):

ՌՈԶԻ (կտրուկ) – Թամարա, սպասի՛ր…

ԹԱՄԱՐԱ (կանգնելով) – Հիմա ի՞նչ է եղել:

ՌՈԶԻ – Սպասիր, սավան վերցնեմ, որպեսզի դիակը փաթաթենք մեջը, որ ոչ-ոք

չտեսնի: (Մտնում է ննջարան: Այնտեղից բերում է սպիտակ սավան):

ՄԱԳԴԱԼԵՆԱ (պատուհանից նայելով) – Աղջիկներ, ճանապարհը բաց է… Փողոցում

մարդ չի երևում: (Ուզում են գնալ: Այդ պահին Թամարան կանգնում է):

ԹԱՄԱՐԱ - Համարձակության համար պետք է խմենք, որպեսզի չզգանք այդ դիակի

ջերմությունը: (Մոտենում է սեղանին: Բացում օղու շշերից մեկը և լցնում է

բաժակները): Աղջիկներ, մոտեցեք: (Ռոզին և Մագդալենան մոտենում են):

ՌՈԶԻ – Մեզ հաջողություն: (Խմում են):

ԹԱՄԱՐԱ – Ռոզի, գնացինք… Աստված մեզ հետ: (Դուրս են գնում):

ՄԱԳԴԱԼԵՆԱ (մենակ) – Տեր Աստվա՜ծ, ո՞վ կմտածեր այսպիսի բան և հենց Ռոզիի

ծննդյան օրը: Ուղղակի սարսափելի է: (Մտնում է լոգարան: Հետո դուրս է գալիս

լոգարանից՝ սրբիչով մաքրելով երեսը: Սրբիչը նետում է աթոռներից մեկին և

հոգոց հանելով քայլում է ննջասենյակում: Այդ պահին հնչում է հեռախոսազանգ:

Մագդալենան մի պահ վեր է թռնում և վերցնում է լսափողը): Ալո՜… (Կեղծ

ժպիտով): Տիկին Ջուլիաննա՜… Իհա՜րկե, իհա՜րկե… Մեզ մոտ ամեն բան

ուղղակի հիանալի է… Դուք չեք պատկերացնում, թե Ռոզին ինչքա՜ն երջանիկ է:

Մենք նրան աշխարհի ամենալավ անակնկալն եք պատրաստել և նա

երջանկությունից պարզապես յոթերորդ երկնքում է: Չէ՜, չէ՜… Նա տանը չէ: Ներքև

է իջել, որպեսզի դիմավորի իր մյուս հյուրերին… Մենք այսօր մինչև լուսաբաց մի

լավ քեֆ ենք անելու: Դուք ինչպե՞ս եք: Ձեր սեմինարներին ինչպե՞ս են ընթանում:

Մի անհանգստացեք, նա ամեն ինչ էլ հասկանում է և ձեզանից չի նեղացել:

Հասկանում է, որ այդ սեմինարները ժամ ու պատարագ չունեն և Աստված գիտի,

թե երբ կվերջանան: Չէ՜, չէ՜… Շտապել պետք չէ… Ավելի լավ է հանգստացեք,

վաղն առավոտյան կգաք: Արդեն ուշ է… Պետք չէ այս ժամին ճանապարհ

ընկնել… Իհարկե, երբ Ռոզին գա, կասեմ, որպեսզի ձեզ անպայման զանգահարի:

(Դրսից լսվում են ինչ-որ շարժումների ձայներ: Մագդալենան հայացքը թեքում է

դեպի դուռը): Այո, անպայման կասեմ, տիկին Ջուլիաննա: (Դնում է լսափողը):

(Գնում է դեպի դուռը: Բացում է, նայում է դուրս և վախից աչքերը փակելով գալիս

է ու նստում բազմոցին):

(Այդ պահին ներս են մտնում Ռոզին և Թամարան, սպիտակ սավանը մեջ

փաթաթած դիակը բերելով: Նրանք բռնել են դիակի երկու ծայրերից: Դուռն

ուղղակի ոտքով ծածկում են և այն մնում է կիսաբաց):

ՌՈԶԻ - Ի՜նչ էլ ծանր է էս անիծվածը: (Գալիս են և կանգնում բազմոցի դիմաց):

ԹԱՄԱՐԱ – Մի կողմ անցիր, Մագդալենա…

ՌՈԶԻ – Դու մեզ խանգարում ես… (Մագդալենան բացում է աչքերը և տեսնում դիակը

դեմ առ դեմ: Վախից վեր է թռնում բազմոցից: Նվերների տոպրակներն ու

պայուսակները վերցնում է և դնում աթոռներից մեկին: Ռոզին ու Թամարան

դիակը պառկեցնում են բազմոցին: Թամարան զզվանքով վերցնում է աթոռի

վրայի սրբիչը և սրբվում):

ԹԱՄԱՐԱ – Ես պիտի էլի խմեմ…

ՌՈԶԻ և ՄԱԳԴԱԼԵՆԱ (զզվանքով) – Մենք էլ… (Թամարան լցնում է բաժակները և

նորից խմում են):

ՄԱԳԴԱԼԵՆԱ (նայելով դիակին) – Տեսնես սա ո՞վ է, սրա տերերն ովքե՞ր են…

ԹԱՄԱՐԱ – Ովքեր ուզում են թող լինեն… Միևնույնն է կեղտի մեջ ենք թաղվել;

ՌՈԶԻ (նստելով) – Աղջիկներ, բայց ինչ մե՜ղք էր:

ԹԱՄԱՐԱ – Քիչ առաջ անիծում էիր, հիմա էլ արդեն խղճո՞ւմ ես:

ՌՈԶԻ – Ախր երիտասարդ էր ու գեղեցիկ… Նրան մի քանի անգամ տեսել էի այս

կողմերում:

ԹԱՄԱՐԱ և ՄԱԳԴԱԼԵՆԱ – Դու նրան ճանաչո՞ւմ ես…

ՌՈԶԻ – Չէ, չէ… Չեմ ճանաչում… Պարզապես նրան ամեն անգամ տեսնելիս,

ինձ հետ ինչ-որ տարօրինակ բան էր կատարվում… Երբ նրան պատահաբար

հանդիպում էի, կարծես մոռանում էի, որ պետք է գնամ աշխատանքի, կամ

բարձրանամ տուն, եթե տեսնում էի աշխատանքից վերադառնալիս: Իսկ նա…

Նա էլ էր ինձ տեսնելիս մի պահ կանգ առնում և ուշադիր ու ժպիտով նայում …

Բայց համարձակություն չէր ունենում մոտենալ և խոսել;

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Երա՜նի համարձակվեր… Այդ դեպքում այսպիսի բան չէր լինի,

որովհետև նա կարող էր մեզ հետ նշել քո ծնունդը, բայց ոչ որպես դիակ:

ՌՈԶԻ – Ախր նա շատ համակրելի տղամարդ էր: Լինում էին դեպքեր, երբ ես էի

ցանկանում նրան մոտենալ, բայց իմ համարձակությունն էլ չէր ներում: Իմ ու նրա

անհամարձակությունը սպանեց նրան: (Արտասվում է):

ԹԱՄԱՐԱ (կտրուկ) – Աղջիկներ, հերի՛ք է չեղած ռոմանտիկայով զբաղվեք: Եկեք

սթափ ուղեղով հասկանաք, թե սրան ի՞նչ պիտի անենք: Նա մեր Ռոզիին

դժբախտացրեք, իսկ դուք նստել եք ու երջանկությո՞ւն եք երևակայում:

(Բացում է դիակի երեսը և ապտակում է դիակին ու ձեռքերով շորերը մաքրում):

ՌՈԶԻ – Խելագարվե՞լ ես… Էս ի՞նչ ես անում…

ԹԱՄԱՐԱ – Իսկ ինքը որ արեց, լա՞վ էր…

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Մի՛ վիճեք… Կռվելով նրան էլ չենք կարող կենդանացնել:

ՌՈԶԻ – Աղջիկներ… Դիակի երեսին նայեք… Լրիվ ցեխոտվել է: Պետք է գոնե երեսը

մաքրենք:

ԹԱՄԱՐԱ - Ինչպիսի՜ խայտառակություն…

ՌՈԶԻ – Անկախ ամեն ինչից մենք գոնե պետք է հարգենք նրան:

ՄԱԳԴԱԼԵՆԱ - Ճիշտ է, նա դարձավ դժբախտության պատճառ, բայց ամեն դեպքում

նա իր կամքով չի մահացել:

ՌՈԶԻ (դուրս գալով ռոմանտիկայից) – Լավ էլ իր ցանկությամբ մահացավ… Ինքը

եկավ ու ընկավ մեքենայիս տակ:

ԹԱՄԱՐԱ – Ա՜խ, այդ քո մեքենան… Քեզ հազար անգամ զգուշացրի, որ դու լավ

վարորդ չես, որ մի օր գլխիդ փորձանք ես բերելու: Իսկ դու քո համառությամբ ոչ-

ոքի չլսեցիր: Տեսա՞ր, թե քո համառությունը մեզ ուր հասցրեց:

ՌՈԶԻ – Լա՜վ եք անում… Շատ լավ եք անում, որ ինձ էս ճակատագրական պահին

մեղադրում եք և փորձում եք էս դիակին պաշտպանել:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Ռոզի, հանգստացիր ու հասկացիր, թե ինչեր ես խոսում: Եթե մենք

քեզ մեղադրեինք, ապա էս պահին քո կողքին չէինք լինի: Ճիշտ է, մի փոքր քո

մեղավորությունն է, որ էս տղամարդը դիակ դարձավ և հիմա քո բազմոցին ու քո

ծննդյան սեղանի շուրջ հավիտյան ննջում է, բայց ես ու Թամարան քեզ հաստատ

մենակ չենք թողնի:

ՌՈԶԻ (նայելով իր տոնական հագ ու կապին) – Աղջիկներ, ես պիտի

զգեստափոխվեմ… Պետք է հարգել մեր անհայտ դիակի գոնե հիշատակը: Չի

կարելի նրան այսպես տոնական ներկայանալ:

ԹԱՄԱՐԱ – Նա հաստատ դրանից չի նեղանա, Ռոզի…

ՌՈԶԻ – Ոչինչ, ես գոնե կիմանամ, որ հարգում եմ նրա հիշատակը:

(Մտնում է ննջասենյակ):

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Խե՜ղճ դիակ… Երևի նրան հիմա իր հարազատները փնտրում են:

ԹԱՄԱՐԱ (ուշադիր նայում է դիակի ցեխոտ երեսին): Մագդալենա, բայց Ռոզին

ճիշտ է ասում… Արժե գոնե նրա երեսը լվանալ: Ո՞վ է տեսել, որ տանը կեղտոտ ու

մրոտ հանգուցյալ պահեն: Հիմա թրջոց կբերեմ: (Մտնում է լոգարան):

ՄԱԳԴԱԼԵՆԱ (մենակ) - Մեզ չէր խանգարի դառը սուրճը: (Մտնում է խոհանոց):

(Բեմը դատարկ է: Այդ պահին տան դռան արանքից, որը մնացել էր կիսաբաց,

երևում է քահանա Ղևոնդի գլուխը: Հայացքով նայում է աջ ու ձախ: Հետո սև

վեղարը հագին, ավետարանը թևի տակ դրած և ձեռքին մի մեծ խաչ, ներս է

մտնում: Առաջ է գալիս, տարօրինակ նայում է շուրջբոլորը և բազմոցին նկատում

է սպիտակ սավանով փաթաթված, բայց երեսը բաց դիակին:Խաչակնքում է երեսը:

Ձեռքի մեծ խաչով խաչակնքում է նաև դիակին: Հետո խաչը մոտեցնում է տան

պատերին ու իրերին: Մոտենում է սեղանին: Իրեն օղի է լցնում, նայում է դիակին,

բաժակը բարձրացնում է վեր և խմում):

ՂԵՎՈՆԴ - Հիսո՜ւս Քրիստոս, լուսավորիր այս դժբախտ տղամարդու հոգին: Օրհնիր

նրա ընտանիքը: Հույս ու հավատ ներշնչիր: (Այդ պահին լոգարանից, ձեռքին՝ թաց

սրբիչ, հորանջելով ներս է մտնում՝ Թամարան: Տեսնելով Ղևոնդին,

ինքնամոռաց ճչում է, սրբիչը շպրտում է Ղևոնդի երեսին և ներս վազում լոգարան:

Ղևոնդը վախից խաչը պարզում է դեպի լոգարանի դուռը): Մեղա՜, մեղա՜…

Սատանա՞ էր, ի՞նչ էր… (Թամարայի ճիչը լսելով խոհանոցից արագ ներս է

վազում՝ Մագդալենան, երկու ձեռքով ամուր պահած սուրճի դատարկ բաժակը:

Ղևոնդը վախից խաչը պարզում է դեպի Մագդալենան): Էլի սատանա՜…

(Մագդալենան այդ տեսնելով կատվածահար եղած բղավում է և ներս վազում

խոհանոց: Ղևոնդը վախից ընկնում է դիակի վրա և գետնին ընկած, Թամարայի

շպրտած սրբիչով սրբում է իր ճակատը): Սա դժո՜խք է, տուն չէ՜… (Այդ պահին

ննջասենյակից դուրս է վազում Ռոզին՝ տնային խալաթը հագնելով և տեսնում է

դիակի վրա նստած Ղևոնդին: Ղևոնդը նկատում է, որ դիակի վրա է նստել,

գոռալով վեր է թռնում և խաչը պարզում է դեպի Ռոզին: Ռոզին այդ տեսարանը

տեսնելով, լեղապատառ ճիչ է արձակում և վազում է ննջասենյակ): Հիսո՜ւս

Քրիստոս… Տեր Աստվա՜ծ… Այս տունը բոլոր չարքերից և հատկապես վերջին

կիսամերկ սատանայից ազատիր: Շնորհակալ եմ քեզ, որ վերջապես այս մրոտ

հանգուցյալին ազատեցիր այս դժոխքից: (Այդ պահին ննջասենյակի, լոգարանի և

խոհանոցի դռներից միաժամանակ երևում են Ռոզիի, Թամարայի և

Մագդալենայի գլուխները: Ղևոնդն այդ տեսնելով, վախից փակում է աչքերը և

խաչը պարզում օդում): Անհետացե՜ք էլեգանտ, կիսամերկ ու հորանջող

սատանաներ: (Աղջիկները առաջ են գալիս: Ղևոնդը քարացած նայում է: Հետո

կանգնում նրանց դիմաց ու խաչը պարզում աղջիկներին): Հեռացե՜ք… Հեռացե՜ք…

ՌՈԶԻ – Մենք սատանաներ չենք:

ԹԱՄԱՐԱ – Լսեցի՞ր, այ սև սատանա… Մենք սատանաներ չենք:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Մենք սովորական աղջիկներ ենք:

ՂԵՎՈՆԴ (ետ-ետ գնալով, հոգոց հանելով նստում է)– Ես եկել եմ աղոթելու հոգու նրա

համար: (Աղջիկները զգաստանում են և վախվորած նայում են իրար): ՌՈԶԻ – Ո՞ւմ հոգու համար… (Կանգնում է բազմոցի դիմաց, որ փակի դիակին):

ՂԵՎՈՆԴ – Ցեխոտ հանգուցյալի…

ԹԱՄԱՐԱ (կտրուկ) – Հա՜, հա՜… Մեր հանգուցյալը ցեխոտ է… Մենք ուզում էինք

նրան լվանալ: (Գետնին ընկած սրբիչը վերցնում է և զզվելով մաքրում դիակի

երեսը):

ՄԱԳԴԱԼԵՆԱ (կտրուկ) – Նա շինարարությունում էր աշխատում… Երկրորդ

հարկից ընկել է ցեխով լի տարրայի մեջ և մահացել:

ՌՈԶԻ (լացելով) – Իմ սիրելի հանգուցյալը: (Թամարան և Մագդալենան միանում են

ողբին):

ՂԵՎՈՆԴ – Հանգստացեք, դստրիկներս… Ես հասկանում եմ ձեր վիշտը… Այսքան

երիտասարդ և այսքան դժբախտ, որ ընկել է ցեխի տարրայի մեջ և մահացել:

Շնորհակալ եմ, որ վստահեցիք մեր եկեղեցուն և հրավիրեցիք ինձ, որպեսզի ես

աղոթեմ այս մարդու հոգու համար և նրա մեղքերին թողություն տամ: Մեր

եկեղեցին լավագույն եկեղեցին է և մեր աղոթքները վայրկյանի արագությամբ տեղ

են հասնում բարձրյալին: Դստրիկներս, ես Ղևոնդ Վերո Սրբազան Պճաքչյանն եմ:

ԹԱՄԱՐԱ – Բայց ինչպե՞ս եք ներս մտել, հայր սուրբ…

ՂԵՎՈՆԴ – Դուռը բաց էր, ես էլ ներս մտա:

(Ռոզին արագ գնում է և փակում դուռը):

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Ներեցեք, տեր հայր… Բայց ո՞վ է ձեզ հրավիրել…

ՂԵՎՈՆԴ – Մի տառապյալ կին զանգեց և հրավիրեց… Ես այնքան հուզվեցի, որ

անգամ չհարցրի, թե ով է… Հավանաբար հանգուցյալի կինն էր… (Նայելով

աղջիկներին): Իսկ ձեզանից ո՞վ է նրա կինը… (Աղջիկները վախով ու անորոշ

նայում են իրար: Հետո տեսնելով Ռոզիի տնավարի վիճակը փաթաթվում են

Ռոզիին և ողբագին հեկեկում են: Ռոզին ոչինչ չհասկանալով զարմացած մնում է

կանգնած):

ԹԱՄԱՐԱ (կտրուկ, առաջ բերելով Ռոզիին) – Ահա նրա տառապյալ կինը, տեր

հայր… Չե՞ք տեսնում, թե ի՜նչ վիճակում է խեղճը: Այնքա՜ն էլ լացել, որ վրան էլ

ուժ չի մնացել:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Նրանք շատ սիրով ամուսիններ էին… Ոչ մի օր առանց իրար չէին

կարող ապրել; Բայց այդ շինարարության ցեխը բաժանեց նրանց:

(Ռոզին ստիպված մտնում է դժբախտ կնոջ կերպարի մեջ և մոտենում է դիակին):

(Դիակի վրայից վերցնում է սրբիչը և զզվելով մաքրում է դիակի երեսը):

ՌՈԶԻ (ողբագին) – Ա՜խ, սիրելիս… Ո՞ւմ էիր վատություն արել… (Ծնկում է):

ՂԵՎՈՆԴ (աղջիկներին) – Դստրիկներս, հանգստացրեք այս կնոջը, այլապես նա

վերջին ուժերն էլ կկորցնի:

ԹԱՄԱՐԱ (բարձրացնելով Ռոզիին) – Ռոզի, սիրելիս, վեր կաց… Քեզ այդքան մի

տանջիր:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Հասկանում ենք և կիսում ենք քո վիշտը: (Ռոզիին նստացնում են

սեղանի մոտ: Հանքային ջուր է լցնում Ռոզիին և Ռոզին խմում է):

ՂԵՎՈՆԴ (Թամարային և Մագդալենային) – Դստրիկներս, իսկ դո՞ւք ովքեր եք…

(Թամարան և Մագդալենան անորոշ նայում են իրար):

ԹԱՄԱՐԱ (կտրուկ) – Ես հանգուցյալի մանկության ընկերուհին եմ: Պատկերացնո՞ւմ

եք, տեր հայր, մենք առաջին դասարանից իրար հետ ենք սովորել: Նա շատ

օրինակելի ու պարկեշտ աշակերտ էր դպրոցում: Նրանից գոհ էին բոլոր

ուսուցիչները և ասում էին, որ նա ապագայում կդառնա իր գործի հզոր

մասնագետ:

ՌՈԶԻ (լալագին) – Եվ այդպես էլ եղավ… Իմ սիրելի ամուսինը պրոֆեսո՜ր էր…

Իսկական պրոֆեսո՜ր…

ՂԵՎՈՆԴ – Իսկ շինարարության ցեխերի մեջ ի՞նչ գործ ուներ:

(Աղջիկները կարկամում են և նայում իրար):

ՄԱԳԴԱԼԵՆԱ (կտրուկ)- Իմ եղբայրը ճարտարապետ էր: Նա էր գծագրել այդ

շինարարության հատակագիծը: Գնացել էր տեսնելու, թե ամեն ինչ իր

գծագրությամբ են կառուցո՞ւմ, թե՞ չէ:

ՂԵՎՈՆԴ – Հազար ափսոս, որ ևս մեկ հիանալի մասնագետի կորցրինք…

ՄԱԳԴԱԼԵՆԱ (լալագին) – Ի՜նչ հիանալի մասնագետ եղբայր կորցրի… Հիշում եմ, թե

ինչքա՜ն էինք կռվում փոքր ժամանակ: Նա մանկուց էր երազում ճարտարապետ

դառնալ:

ՂԵՎՈՆԴ – Դուք նրա քո՞ւյրն եք…

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Այո, նրա հորեղբոր աղջիկն եմ: (Երեքով ողբում են):

(Ղևոնդը նրանց լացին զուգահեռ խաչով խաչակնքում է դիակը):

ՂԵՎՈՆԴ – Դստրիկներս…. Ես պետք է աղոթեմ տան բոլոր անկյուններում, որտեղով

քայլել է մեր հանգուցյալը: (Նայելով շուրջը): Որտե՞ղ է խոհանոցը…

ՌՈԶԻ (ցույց տալով խոհանոցի դուռը) – Սա է, տեր հայր…

ՂԵՎՈՆԴ – Ես պետք է խոհանոցում աղոթեմ, որտեղ նա հաց է կերել և ուտելուց

առաջ աղոթել է բարձրյալին… Ներեցեք… (Մտնում է խոհանոց):

(Աղջիկները կտրուկ ընդհատում են ողբը):

ԹԱՄԱՐԱ – Աղջիկներ, էս ցնդածն ո՞վ է…

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Տեր հայր, Վերո սրբազան Ղևոնդ Պճաքչյանը…

ՌՈԶԻՆ – Ես էլ սկզում կարծեցի, թե այս անիծյալ դիակն է հարություն առել և հոգին

սև շորերով շրջում է տանը:

ԹԱՄԱՐԱ – Չեմ հասկանում, թե նա ո՞նց է իմացել;

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Չլսեցի՞ք… Նա ասած երևի նրա տառապյալ կինն է զանգել:

(Թամարան ու Մագդալենան նայում են Ռոզիին):

ՌՈԶԻ – Բայց ես նրա կինը չեմ, ինչպես գիտեք: Այնպես որ ինձ մի նայեք: Ես ոչ մի

տեղ էլ չեմ զանգել:

ԹԱՄԱՐԱ (անմեղ) – Ես էլ չեմ զանգել:

ՄԱԳԴԱԼԵՆԱ (միամիտ) – Ես էլ…

ԹԱՄԱՐԱ – Այդ դեպքում, ինչպե՞ս է հայտնվել այստեղ… Ինչպե՞ս է իմացել, որ այս

տանը դիակ կա:

ՌՈԶԻ– Ես այդպես էլ գիտեի:

ԹԱՄԱՐԱ և ՄԱԳԴԱԼԵՆԱ – Ի՞նչ գիտեիր…

ՌՈԶԻ – Ես գիտեի, որ հարևաններից պրծում չէինք ունենա… Երբ նրանք ինչ-որ

տարօրինակ բան են նկատում, միանգամից տարածում են այդ լուրը:

Հանգիստ չունեմ այս անիծյալ բամբասկոտ հարևաններից:

ԹԱՄԱՐԱ – Բայց հարևանները ինչո՞ւ են զանգել այս քահանային, եթե ոչ

ոստիկանություն:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Ա՛յ հենց դա էլ փորձում ենք պարզել:

(Խոհանոցից «Ալելուիա» երգելով դուրս է գալիս Ղևոնդը):

ՂԵՎՈՆԴ (Ռոզիին) – Տիկին, այս պահից ձեր հանգուցյալ ամուսնու հոգին, առաջին

փուլի համաձայն, մի փոքր խաղաղվեց: (Մատների շարժումներով հասկացնում

է, որ գումար տա):

ՌՈԶԻ – Այո՜, այո՜… Իհա՜րկե… (Պայուսակից գումար է հանում և տալիս Ղևոնդին):

(Ղևոնդը մի տեսակ դժգոհ դեմքով նայում է փողին):

ՂԵՎՈՆԴ – Առաջին փուլի համար այս գումարը բավարար է: (Գումարը դնում է

ավետարանի էջի մեջ): Սակայն ես պետք է տան բոլոր անկյուններում աղոթեմ,

անգամ լոգարանում, որտեղ նա լվացվել է և լողացել:

ՌՈԶԻ (դժբախտ) – Իսկ դա թա՞նկ արժե…

ՂԵՎՈՆԴ – Նայած ձեր բնակարանի սենյակների քանակի: Մի անհանգստացեք

անուշիկս: Քանի որ նա ճարտապետ էր և հնարավոր է, որ մեր սուրբ եկեղեցու

հատակագիծը նա է գծագրել, ով իմանա: Այդ կապակցությամբ ես եկեղեցական

զեղչեր կանեմ, որոնք նոր են գործում մեր եկեղեցում և վերջում ձեզ

կներկայացնեմ հաշիվը: (Աղջիկները դժբախտ նայում են իրար): Որտե՞ղ է

լոգարանը, դստրիկս… (Աղջիկները միաժամանակ ձեռքով ցույց են տալիս

լոգարանի դուռը): Ներեցեք, ես շատ չեմ ուշանա: (Մտնում է լոգարան):

ԹԱՄԱՐԱ – Հայր սուրբ եմ ասել, հա՜… Մեռնելը դարձրել են փողի աղբյուր:

ՌՈԶԻ – Զուգարանն էլ են դարձրել բիզնես:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Սրա նմանները ոչ թե աղոթում են մարդկային կյանքի փրկության

համար, այլ երազում են, որ շատ ու շուտ մարդիկ մեռնեն, որ իրենց բիզնեսը

ծաղկի:

ՌՈԶԻ (դժբախտ) – Աղջիկնե՜ր… Այս հանգուցյալը ինձ վրա շատ թանկ է նստում…

(Ապտակում է դիակին): Սրիկա՜…

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Ի՞նչ ես անում… Հիմա էլ դո՞ւ խելագարվեցիր…

(Այդ պահին լսվում է դռան թակոց: Աղջիկները վախեցած զգաստանում են):

ՌՈԶԻ (ծաղրական) – Էս մեկն էլ երևի դրախտի պահակն է… Եկել է, որպեսզի նա էլ

գումար ուզի, որ հանգուցյալ ամուսնուս դրախտի V.I.P համարներից մեկը տա:

ԹԱՄԱՐԱ – Ես ձեր հե՛րն եմ անիծել:

(Դռան թակոցը կրկնվում է և դրսից լսվում է Վարդգեսի ձայնը):

ՎԱՐԴԳԵՍ (դրսից) – Բացե՜ք դուռը… Արագացրե՜ք…

ԱՂՋԻԿՆԵՐԸ – Ո՞վ է…

ՎԱՐԴԳԵՍ (դրսից) – Ոստիկանությո՜ւնից է:

ԱՂՋԻԿՆԵՐԸ (խուճապահար) – Հիսո՜ւս Քրիստոս…

ՎԱՐԴԳԵՍ (դրսից) – Արագացրե՜ք, ասացի…

ԹԱՄԱՐԱ (ձայնելով) – Սպասե՜ք մեկ րոպե, պարոն ոստիկան… (Ռոզիին և

Մագդալենային): Աղջիկներ, արագացրե՛ք… Դիակը պիտի թաքցնե՛նք…

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Ախր ես վախենում եմ…

ԹԱՄԱՐԱ – Ոչինչ, դու միայն աղոթիր, դա մեզ հիմա պետք է: (Մագդալենան սկսում

է աղոթել: Թամարան նայում է շուրջը): Մագդալենա, արագացրո՛ւ,

զգեստապահարանի դուռը բացիր…

ՄԱԳԴԱԼԵՆԱ (վախով) – Դիակն էնտե՞ղ եք մտցնելու:

ԹԱՄԱՐԱ – Հիմա ամենահարմար տեղը դա է: (Մագդալենան բացում է

զգեստապահարանի դուռը: Թամարան և Ռոզին դիակի երկու ծայրերից բռնում

են, տանում են և մտցնում զգեստապահարանի մեջ ու դուռը փակում են):

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Իսկ էն հայր սո՞ւրբը…

ԹԱՄԱՐԱ – Նա վտանգավոր չէ… Կարևորը, էս ոստիկանից ազատվենք:

ՎԱՐԴԳԵՍ (դրսից) – Չե՞ք լսում, ի՞նչ է… Ինչո՞վ եք այդտեղ զբաղված:

ԹԱՄԱՐԱ – Բանալին ենք փնտրում, պարո՜ն ոստիկան… (Ռոզիին և Թամարային):

Աղջիկնե՛ր, պետք է փոխենք դեմքներիս արտահայտությունը… Ժպտացե՛ք…

(Աղջիկները կեղծ ժպտում են: Ինքն էլ է ստիպված ժպտում): Մի մոռացեք, թե

այսօր ինչի համար էինք հավաքել… Եվ հենց էս պահից ծնունդ ենք անում…

(Մագդալենան և Թամարան նստում են սեղանի մոտ, արագ լցնում են

բաժակները: Կեղծ ժպտում: Թամարան մազերը հավաքում է և փաթաթում գլխին):

Ռոզի, դուռը բացիր, բայց ժպիտով: (Ռոզին սառած ժպիտով գնում և բացում

դուռը: Ներս է մտնում Վարդգեսը՝ ոստիկանական համազգեստով):

ՎԱՐԴԳԵՍ (նայելով շուրջը) – Ի՞նչ է կատարվում այստեղ…

ՌՈԶԻ (կեղծ ժպիտով) – Ներս եկեք, պարոն ոստիկան… Եկեք և մասնակցեք մեր

միջոցառմանը: (Մագդալենան և Թամարան խփում են բաժակները և երջանիկ

խմում: Վարդգեսը տեսնելով այդ վիճակը փոխում է դեմքի դաժան

արտահայտությունը):

ԹԱՄԱՐԱ – Պարոն ոստիկան, չեք պատկերացնում, թե ինչքա՜ն կարևոր պահի եք

եկել…

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Այն էլ, ի՜նչ կարևոր…

ՎԱՐԴԳԵՍ (առաջ գալով)– Արդեն պատկերացնում եմ… (Ներկայանալով): Վարդգես

Ֆրանգուլյան… Ավագ լեյտենանտ: (Ռոզին վախով մնում է ետևում կանգնած):

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Պաշտում եմ բոլոր կոչումները, պարոն Վարդգես: (Կանգնում է և

բռնում Վարդգեսի ձեռքից): Համեցեք սեղանի շուրջ, մի բաժակ խմենք միասին:

(Վարդգեսին նստեցնում է սեղանի մոտ: Թամարան հայացքով Ռոզիին

հասկացնում է, որ մտնի լոգարան և տեսնի, թե այնտեղ ինչ է կատարվում: Ռոզին

մտնում է լոգարան):

ՄԱԳԴԱԼԵՆԱ (Վարդգեսին) – Ի՞նչ կխմեք…

ՎԱՐԴԳԵՍ – Ներեցեք իհարկե, բայց ես այստեղ խմելու համար չեմ եկել:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Ինչի համար որ եկել եք, էլի կասեք… Պարզապես առաջարկում եմ

գոնե մեկ բաժակ խմենք միասին:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Հուսով եմ, որ չեք մերժի մեզ նման կանանց: (Էրոտիկ հայացքով

նայում է Վարդգեսին: Թամարան զարմացած նայում է Մագդալենային):

ՎԱՐԴԳԵՍ (շոյված) – Ինչպե՞ս կարելի է մերժել ձեզ նման գեղեցկուհուն:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Դե, ուրեմն ես առաջարկում եմ կոնյակ:

(Լոգարանից դուրս է գալիս Ռոզին և կանգնում մեջքով նստած Վարդգեսին ու

ձեռքի շարժումներով ցույց է տալիս, որ տեր հայրը աղոթում է):

ՎԱՐԴԳԵՍ (Մագդալենային) – Ներեցեք… Իսկ դուք ո՞վ եք…

ՄԱԳԴԱԼԵՆԱ (էլեգանտ կեցվածքով) – Ես այս տան տիրուհին եմ… (Ցույց տալով

տնավարի հագնված Ռոզիին): Իսկ սա, իմ սպասուհին է: (Ռոզիին): Ռոզի, մեզ

կոնյակ լցրու: (Ռոզին կոնյակ է լցնում: Մագդալենան ձեռքը պարզում է

Վարդգեսին): Մագդալենա…

ՎԱՐԳԴԵՍ (համբուրելով ձեռքը) – Շա՜տ հաճելի է….

ՄԱԳԴԱԼԵՆԱ (նայելով Թամարային) – Ծանոթացեք… Քույրս է… Նա նոր է

վերադարձել Անգլիայից…

ՎԱՐԴԳԵՍ – Շատ հաճել է:

ԹԱՄԱՐԱ (ձեռքը պարզելով Վարդգեսին) – Թամարա… (Վարդգեսն համբուրում է

Թամարայի ձեռքը):

ՌՈԶԻ (Թամարային) – Օրիորդ, իսկ ձեզ կոնյակ լցնե՞մ…

ԹԱՄԱՐԱ – Իհարկե, իհարկե… (Ռոզին կոնյակ է լցնում Թամարային): Ես էլ պետք է

խմեմ, մեր բարձրաստիճան հյուրի հետ: (Խփում են բաժակները և խմում):

ՎԱՐԴԳԵՍ – Ճիշտ ասած, մեր բաժին զանգահարեցին ձեր շենքից և մեզ բողոք

ներկայացրին: (Աղջիկները վախից քարանում են):

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Բողո՞ք… Մեր շենքի՞ց…

ՎԱՐԴԳԵՍ – Այո, այո… Ձեր հարևանները նկատել են, որ դուք ինչ-որ դիակ եք

բարձրացրել ձեր տուն և այն էլ շատ տարօրինակ կերպով: Ասացին, որ դիակը

բարձրացնելիս, ինչ-որ գաղտնի բաներ եք խոսել միջացքում, բայց թե ինչ, նրանք

չեն կարողացել լսել, որովհետև խոսել եք ցածրաձայն:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Դիա՞կ… Աստվա՜ծ իմ… Այդ ինչե՞ր եք ասում, պարոն լեյտենանտ…

Դիակը խաղ ու պար չէ և ոչ էլ ասեղ, որ կարողանաք թաքուն բերել տուն: Եվ

հետո, ըստ տրամաբանության, ի՞նչ է նշանակում թաքուն կերպով դիակ բերել

տուն:

ՎԱՐԴԳԵՍ – Եթե անկեղծ ասեմ, դա ինձ էլ զարմացրեց… Բայց իմ աշխատանքն էր,

գալ և պարզաբանել ամեն հարց…

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Դե իհարկե… Ես հարգում եմ ոստիկանների կարգապահ

աշխատանքը:

ՎԱՐԴԳԵՍ – Ես պետք է ստուգեմ սենյակը…

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Խնդրե՜մ, խնդրե՜մ… Ես ձեզ անձամբ կուղեկցեմ, պարոն

լեյտենանտին: (Մագդալենան և Վարդգեսը մտնում են սենյակ):

ԹԱՄԱՐԱ (կամաց) – Ռոզի՜, փորձանքի մեջ ենք:

ՌՈԶԻ – Աստվա՜ծ չանի, որ նա տեսնի այդ քահանային:

ԹԱՄԱՐԱ– Երեքով հայտնվելու ենք բանտում:

ՌՈԶԻ – Պետք է մի բան մտածել:

ԹԱՄԱՐԱ (մտածելով) – Ռոզի, քնաբեր ունե՞ս…

ՌՈԶԻ – Քնաբերն ի՞նչ ես անում…

ԹԱՄԱՐԱ – Որ ասեմ, ես եմ խմելու, կհավատա՞ս… Արագացրո՛ւ, նայի՛ր, քանի էդ

երկուսից մեկը չի հայտնվել:

(Ռոզին նայում է պայուսակի մեջ և այնտեղից հանում է փոքրիկ սրվակով

հեղուկ քնաբար և տալիս է Թամարային):

ՌՈԶԻ – Վերցրու… (Թամարան վերցնում է): Ի՞նչ ես ուզում անել…

ԹԱՄԱՐԱ – Բանտ գնալու վտանգն եմ կանխում: (Հեղուկից մի քիչ լցնում է

Վարդգեսի բաժակի մեջ և կոնյակ ավելացնում):

ՌՈԶԻ (սարսափով) – Դու գժվե՞լ ես:

ԹԱՄԱՐԱ –Եթե էսպես մի փոքր էլ շարունակվի, հաստատ կգժվեմ… (Սրվակը

տալիս է Ռոզիին: Սենյակից դուրս են գալիս՝ Մագդալենան ու Վարդգեսը: Ռոզին

սրվակը արագ դնում է խալաթի գրպանը):

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Տեսնո՞ւմ եք, պարոն լեյտենանտ, որ անիմաստ բամբասանքներ են:

Մեր շենքի բնակչությունն ուղղակի ահավոր է… Նրանք նախանձում են մեզ:

Քանի որ տարին մի քանի անգամ գնում ենք Անգլիա ու ետ գալիս: Ես օպերային

երգչուհի եմ և հաճախ եմ հրավերներ ստանում Անգլիայից: Իսկ քույրս՝ լրագրող

է… Դե, գիտեք լրագրողների կյանքը: Նրանք հայտնվում են ամենուր և այն էլ

անսպասելի պահերին:

ԹԱՄԱՐԱ – Պարոն լեյտենանտ… Տեսնո՞ւմ եք, թե ինչ օրերում ենք ապրում: Անգամ

հարևաններն են նախանձում հարևանների հաջողություններին…

Ես առաջարկում եմ, մեկ բաժակ էլ խմել:

ՎԱՐԴԳԵՍ - Ես աշխատաքի մեջ եմ… Հուսով եմ գիտեք, թե ինչքան բարդ ու

պատասխանատու է ոստիկանի աշխատանքը:

ԹԱՄԱՐԱ – Բայց այսօր Մագդալենայի ծննդյան օրն է: (Մագդալենան զարմացած

նայում է Թամարային): Տեսնո՞ւմ եք, թե ինչպես ենք զարդարել հյուրասենյակը:

(Մագդալենան շարունակում է գրավիչ հայացքով նայել Վարդգեսին):

ՄԱԳԴԱԼԵՆԱ - Ես համոզված եմ, որ մենք կյանքում էլի կհանդիպենք և տա

Աստված, որպեսզի հանդիպենք ավելի հատաքրքիր ու գրավիչ վայրերում:

ՎԱՐԴԳԵՍ (գերված) – Դե, եթե պնդում եք… Բայց վերջին անգամ… Ես ասացի, չէ՞,

որ աշխատանքի մեջ եմ:

ԹԱՄԱՐԱ – Իհա՜րկե, իհա՜րկե… Տեսեք, ես արդեն լցրել եմ ձեր բաժակը: (Վարդգեսը

նստում է: Խփում են բաժակները և ուզում են խմել, այդ պահին լոգարանից լսվում

է Ղևոնդի «Ալելուիա» հոգևոր երգի ձայնը: Վարդգեսը բաժակը դնում է սեղանին

և հայացքով թեքվում է դեպի լոգարանի դուռը):

ՎԱՐԴԳԵՍ – Սա ո՞վ է… Ձեր տանն էլի՞ մարդ կա…

ՌՈԶԻ (անէլանելի) – Տեր հայրն է…

ՄԱԳԴԱԼԵՆԱ (կտրուկ) – Այո, այո, հայրս է… Նա քահանայի շորեր է հագնում և

ամբողջ օրը հոգևոր երգեր է երգում, աղոթում է Աստծուն, որ Աստված մահացած

եղբորս հոգին հավերժությանն արժանացնի: Վերջերս կարծես խելագարվել է…

Դուրս է գալիս փողոց և բոլոր հարևաններին քարոզում է և ասում, որ նրանք

բոլորն էլ դիակներ են, բայց նա կաղոթի նրանց հոգու փրկության համար…

Հայրիկիս վիճակը շա՜տ լուրջ է…

ՎԱՐԴԳԵՍ – Բայց ձեր հայրը լավ է երգում…

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Տաղանդավորները միշտ էլ դժբախտ կյանք են ունենում:

ԹԱՄԱՐԱ – Եթե հայրիկիս մի վատ բան պատահի, ես չեմ դիմանա…

(Սրբում է արցունքները):

ՎԱՐԴԳԵՍ (Մագդալենային)– Եկեք խմենք ձեր հայրիկի առողջության և ձեր ծննդյան

օրվա կապակցությամբ: (Խմում են):

(Այդ պահին լոգարանից դուրս է գալիս Ղևոնդը՝ խաչը առաջ պարզած):

ՂԵՎՈՆԴ – Ես աղոթեցի նաև լոգարանում, որտեղ նա լվացվել է և լողացել…

Այժմ հավանականությունն էլ ավելի մեծացավ, որ նա կվայելի դրախտի

անզուգական օդը: (Տեսնելով Վարդգեսին): Ողջույն, որդյակս…

(Աղջիկները մնում են տեղում քարացած):

ՎԱՐԴԳԵՍ – Նստեք, նստեք, հայրիկ ջան:

ՂԵՎՈՆԴ – Ոչ, որդյակս… Ես դեռ գործս չեմ վերջացրել: Պետք է նաև սենյակներում

աղոթեմ, որտեղ նա հանվել է ու քնել:

ՎԱՐԴԳԵՍ – Ո՞վ…

ՂԵՎՈՆԴ – Հանգուցյալը:

ՎԱՐԴԳԵՍ (նայելով շուրջը) – Ներեցեք, ի՞նչ հանգուցյալ…

ՂԵՎՈՆԴ – Այն, որ ճարտարապետ էր և շինարարության երկրորդ հարկից ընկել է

ցեխով լի տարրայի մեջ ու մահացել: (Վարդգեսի զարմացած նայում է

Մագդալենային: Մարդգալենան հայացքով տխրության միմիկաներ է անում:

Ղևոնդը նայում է բազմոցին և տեսնում, որ դիակը չկա): Իսկ որտե՞ղ է դիակը…

Քիչ առաջ այստեղ ննջում էր:

ՎԱՐԴԳԵՍ – Որտե՞ղ…

ՂԵՎՈՆԴ – Այս բազմոցին: (Նստում է բազմոցին և ավետարանը դնում կողքին):

ՎԱՐԴԳԵՍ (անլուրջ) – Երևի հարություն է առել:

ՂԵՎՈՆԴ – Նա չէր կարող այսքան շուտ հարություն առնել, քանի որ ես տան բոլոր

անկյուններում դեռ չեմ աղոթել:

ՎԱՐԴԳԵՍ – Նա ձեր տղա՞ն էր…

ՌՈԶԻ (կամաց, վախով) -Վե՜րջ… Կորա՜ծ ենք…

ՂԵՎՈՆԴ – Այո… Նա իմ զավակներից էր…

(Աղջիկները հանգիստ հոգոց են հանում):

ՄԱԳԴԱԼԵՆԱ (Ղևոնդին) – Հայրիկ, եկեք գնանք սենյակ, որպեսզի այնտեղ էլ

աղոթեք:

ՂԵՎՈՆԴ – Իհարկե, դստրիկս… Աղոթքը պարտադիր է:

ԹԱՄԱՐԱ (ուրախ) – Այո, այո… Շա՜տ լավ միտք է:

ՌՈԶԻ (կամաց) – Սրանից ավելի լավ միտք չէր էլ կարող լինել:

(Մագդալենան և Ղևոնդը մտնում են Ռոզիի մայրիկի ննջասենյակ: Ավետարանը

մնում է բազմոցին):

ՎԱՐԴԳԵՍ – Խե՜ղճ հայրիկ…

ԹԱՄԱՐԱ – Նրա աչքին երևում է, որ մահացած եղբորս դիակը դեռ բազմոցի վրա է

դրված: Եվ նա այսպես ամեն օր տան բոլոր անկյուններում աղոթում է:

ՎԱՐԴԳԵՍ (հորանջելով) – Ա՜յ քեզ պատմություն… (Կանգնելով): Ներեցեք, որ ձեզ

անհանգստացրի… Հիմա արդեն պարզ է, որ ձեր հարևաններն էլ են տարօրինակ

երևակայությամբ:

ԹԱՄԱՐԱ – Այո, հայրս նրանց վրա էլ է ազդել:

ՎԱՐԴԳԵՍ – Եթե իմ օգնության կարիքը կունենք, խնդրում եմ, ցանկացած հարցով

դիմեք: Ես պատրաստ եմ օգնել ձեզ, ինչով կարողանամ:

ԹԱՄԱՐԱ (դժբախտ) – Շնորհակալություն, պարոն լեյտենանտ:

ՎԱՐԴԳԵՍ (գրպանից հանում է այցեքարտը) – Խնդրեմ, սա իմ այցեքարտն է…

Կարող եք զանգահարել ցանկացած ժամի… Ես շուրջօրյա եմ աշխատում: (Ուզում

է գնալ: Թամարան ուղեկցում է նրան դռան մոտ: Այդ պահին Վարդգեսն

ուշաթափվում է և ընկնում գետնին):

ՌՈԶԻ (սարսափով) – Աստվա՜ծ իմ… Կարո՞ղ է մահանա…

ԹԱՄԱՐԱ – Չի մահանա: Դեղն է ազդել: (Սենյակից դուրս է գալիս Մագդալենան և

տեսնելով այդ վիճակը, թույլ ճիչ է արձակում): Կամա՛ց…

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Ի՞նչ է պատահել նրան:

ԹԱՄԱՐԱ– Չե՞ս տեսնում… Արջի քուն է մտել:

ՄԱԳԴԱԼԵՆԱ (սարսափով) – Նա՞ էլ է մահացել: (Գլուխը բռնելով): Աստվա՜ծ իմ,

իբր մեկ դիակը քիչ էր, հիմա էլ՝ երկրորդը… Աղջիկներ, դուք պատկերացնո՞ւմ եք,

թե մենք ինչի մեջ ենք ընկել:

ԹԱՄԱՐԱ – Այս դիակը ժամանակավոր է:

ՌՈԶԻ – Նա չի մեռել: Ուղղակի ստիպված էինք ժամանակավոր ազատվել նրանից:

ՄԱԳԴԱԼԵՆԱ (անհանգիստ) – Լեյտենանտի հետ ի՞նչ եք արել:

ԹԱՄԱՐԱ – Առանձնապես ոչինչ: Ուղղակի քնաբեր ենք տվել:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Դուք խելագարվե՞լ եք:

ԹԱՄԱՐԱ – Մենք կխելագարվեինք այն ժամանակ, երբ նա տեսներ իսկական

դիակին:

ՌՈԶԻ – Եթե իմանայինք, որ այդքան հեշտ կազատվեինք նրանից, այդ անիծյալ

քնաբերը չէինք տա:

ԹԱՄԱՐԱ – Բայց որտեղի՞ց իմանայինք… Մենք գուշակներ չենք:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Այս քնաբերն ինչքա՞ն ժամանակ է ազդում:

ՌՈԶԻ – Դե, կենդանիներն այնքան էլ շատ չեն քնում… Իսկ մարդիկ՝ չգիտեմ:

ԹԱՄԱՐԱ և ՄԱԳԴԱԼԵՆԱ – Ո՞նց թե… Այդ ի՞նչ քնաբեր ես տվել:

ՌՈԶԻ –Անքուն ոչխարների համար է նախատեսված: Որ ժամանակին քնեն, որպեսզի

ծննադաբերության ժամանակ առողջ գառնուկներ ծնվեն:

ԹԱՄԱՐԱ (սասափով) – Հիսո՜ւս Քրիստոս…

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ եք արել օրենքի աշխատողի հետ:

ՌՈԶԻ (արդարանալով) – Բա ի՞նչ անեինք… Ստիպված էինք: Խայտառակ վիճակում

էինք հայտնվել: Ի՞նչ է… Ուզո՞ւմ էիր, որ երեքով, ձեռք-ձեռքի բռնած գնայինք

բա՞նտ…

ՄԱԳԴԱԼԵՆԱ - Մեզ բանտ նստելն էլ է քիչ: Հիմա հաստատ կգնանք բանտ, ոչ թե մեկ

դիակի, այլ՝ երկու դիակի համար:

ՌՈԶԻ – Մի անհանգստացեք… Լեյտենանտը հաստատ չի մեռնի: Ոչխարները իրենց

շատ լավ են զգում զարթնելուց հետո: Նրանք սկսում են վազվզել և խոտն ավելի

հաճույքով են արածում:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Բայց սա մարդ է, ոչ թե՝ ոչխար… Քիչ հետո կզարթնի ու էդ

ժամանակ՝ մնաս բարո՜վ օպերա:

ՌՈԶԻ – Մնաք բարո՜վ իմ ընկեր կենդանիներ…

ԹԱՄԱՐԱ – Մնաք բարո՜վ իմ սիրելի հոդվածներ…

ՌՈԶԻ (տխուր)– Ա՜յ քեզ խայտառակություն… Անծանոթ տղամարդու դիակ: Ոչխարի

քնաբեր դեղ խմած, արջի քուն մտած լեյտենանտ և վերջապես կաշառակեր ու

մեռելների հաշվին ապրող քահանա: Եվ այդ ամենը իմ ծննդյան օրը:

ՂԵՎՈՆԴ (ներսից) – Դստրիկներս, ես վերջացրի… Բոլորդ եկեք այստեղ: Վերջին

փուլը պետք է միասին աղոթենք:

(Աղջիկները խուճապի են մատնվում):

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Լեյտենատի մարմինը պետք է թաքցնենք, քանի էդ քահանան չի

տեսել:

ՌՈԶԻ – Բայց որտե՞ղ…

ԹԱՄԱՐԱՆ (կտրուկ) – Պետք է տանեք լոգարան: Հիմա ամենահարմար տեղը դա է:

Զգեստապահարանն արդեն զբաղված է, իսկ լոգարանում արդեն աղոթք է արված,

այնպես որ տեր հայրն այնտեղ էլ չի մտնի:

ՌՈԶԻ (ձայնելով) – Տեր հայ՜ր, դուք մի քիչ երկար աղոթենք, որպեսզի համոզված

լինեմ, որ ամուսնուս հոգին հաստատ կվայելի դրախտի անզուգական օդը: Ես

գումարը կավելացնեմ, ինչքան պետք է:

ՂԵՎՈՆԴ (ներսից) – Ինչպես կասեք, դստրիկս…Ինչքան երկա՜ր աղոթեմ, այնքան

ավելի լա՜վ:

ԹԱՄԱՐԱ – Սրան էլ էսպիսի բան է պետք: (Թամարան և Ռոզին վերցնում են

լեյտենանտի մարմինը):

ՌՈԶԻ – Տնաշենն ինչքան էլ ծանր է: (Մարմինը տանում են լոգարան):

ՄԱԳԴԱԼԵՆԱ (տխուր) – Միայն սա էր պակաս: (Նստում է բազմոցին: Նկատում է

ավետարանը: Դնում է բազմոցի անկյունում: Հետո հիշում է, որ այնտեղ դիակ է

դրած, զզվելով տեղից վեր թռնում է անհանգիստ քայլում է հյուրասենյակով մեկ):

(Մոտենում սեղանին: Օղի է լցնում և ագահորեն խմում է): Գուցե սա օգնի, որ

չհասկանամ, թե ո՞վ, ինչո՞ւ և որտե՞ղ…

(Լոգարանից դուրս են գալիս՝ Ռոզին և Թամարան):

ԹԱՄԱՐԱ – Սա էլ այսպես…

ՄԱԳԴԱԼԵՆԱ (ծաղրանքով) – Սա էլ այսպե՜ս… Դուք ավելի լավ է մտածեք, թե ի՞նչ

պատասխան եք տալու լեյտենատին, երբ զարթնի… Եթե իհարկե զարթնի:

ԹԱՄԱՐԱ (Ռոզիին) – Աղոթելուց հետո, տեր հայրը կգնա: Եվ երբ գնա, մենք

լեյտենանտի մարմինը կտեղափոխենք քո սենյակ:

ՌՈԶԻ – Դուք ուզում եք, որ իմ մահճակալին անծանոթ տղամա՞րդ պառկի…

ԹԱՄԱՐԱ – Ավելի լավ է այնտեղ պառկի, քան լոգարանի սառը սալիկներին: Մեզ

հերիք է, այսքան դժբախտությունները… Չենք ուզում հիմա էլ գրիպ ընկած

լեյտենանտ բուժենք:

ՌՈԶԻ – Միայն ոչ իմ մահճակալին… Խնդրում եմ, գոնե բազմոցին պառկեցնենք…

(Գնում է և իր ննջասենակից բերում է մի քանի տուփ դեղեր, ներարկիչ և

բժշկական այլ պարագաներ):

ԹԱՄԱՐԱ – Սրանք ինչի՞ համար են:

ՌՈԶԻ – Որ զարթնի ու տեսնի, որ մենք փորձել ենք նրան առաջին օգնություն

ցույց տալ:

ՂԵՎՈՆԴ (ներսից) – Դստրիկնե՜րս, դե եկեք… Ես աղոթքի վերջին փուլն ավարտեցի:

Եկեք վերջում միասին աղոթենք

(Աղջիկները հուսահատ նայում են իրար):

ԲՈԼՈՐԸ – Ճարներս ի՞նչ… (Մտնում են Ռոզիի մայրիկի ննջասենյակը: Սենյակից

լսվում է «Ալելուիա» հոգևոր երգը):

(Բեմը դատարկ է: Այդ պահին կամաց բացվում է զգեստապահարանի դուռը և

սպիտակ սավանով փաթաթված, բայց գլուխը դեպի դուրս, չորեքթաթ դուրս է

գալիս դիակ Ալեքսը: Ալեքսը մեջքը բռնելով շարունակում է չորեքթաթ քայլել:

Տարօրինակ և անորոշ հայացքով նայում է շուրջը: Ալեքսը երգը լսելով՝

խաչակնքում է երեսը և չորեքթաթ հասնում է հյուրասենյակի կենտրոն):

ՂԵՎՈՆԴ (ներսից) – Դստրիկնե՜րս… Սպասե՜ք, ավետարանը բերեմ: Պետք է նաև

այն համբուրեք: (Դուրս է գալիս սենյակից և տեսնում սպիտակ սավանով ու

չորեքթաթ քայլող Ալեսքին: Ղևոնդը կատվածահար եղած և աչքերը վախից դուրս

պրծած մնում է քարացած կանգնած: Ալեքսը հազում է):

ՂԵՎՈՆԴ (գոռալով) – Օգնեցե՜ք… Դիակն հարություն է առել… (Գլուխը բռնած

վազում է խոհանոց: Ալեքսը վազում է լոգարան: Լոգարանից լսվում է Ալեքսի

գոռոցը և լոգարանային պարագաներից մի քանիսի ջարդ ու փշուրի ձայները):


Վարագույրն իջնում է


ՎԵՐՋ ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ



ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ


Ռոզիի բնակարանի հյուրասենյակը: Նույն երեկոն է: Գործողությունը շարունակվում է այն նույն պահից, որտեղ ավարտվել էր: Բեմը դատարկ է: Լոգարանում ձայները լռել են, իսկ խոհանոցից լսվում է Ղևոնդի բարձր ձայնը՝ «Հիսուս Քրիստոս» կանչելով: Ռոզիի մայրիկի ննջասենյակից միասին դուրս են վազում՝ Ռոզին, Թամարան և Մագդալենան:

ՌՈԶԻ – Հայր սո՞ւրբ… (Նայում է շուրջը):

ՄԱԳԴԱԼԵՆԱ– Սուրբ Ղևոնդ Տեր-Պճաքչյան, ձեզ ի՞նչ պատահեց…(Նայում է շուրջը):

ԹԱՄԱՐԱ – Տեր Քահանա, դուք ձեզ լա՞վ եք զգում… (Նայում է շուրջը):

(Խոհանոցից լսում է Ղևոնդի ձայնը: Ուզում են մտնել խոհանոց, այդ պահին խաչը

առաջ պարզած, խոհանոցից ներս է մտնում՝ Ղևոնդը):

ՂԵՎՈՆԴ – Չա՜ր քեզ, սև սատանա… Չա՜ր քեզ, սև սատանա… (Աղջիկները վախով

ետ են գնում: Մտնում է Ռոզիի մայրիկի սենյակ: Աղջիկները ուզում են ետևից

մտնել սենյակ: Ղևոնդը նորից խաչը առաջ պարզած դուրս է գալիս Ռոզիի

մայրիկի սենյակից): Ողորմա՜ծ տեր… Ողորմա՜ծ տեր… (Աղջիկները վախով ետ

են գնում: Ղևոնդը մտնում է Ռոզիի ննջասենյակ):

ՌՈԶԻ – Խելագարվե՞լ է, ի՞նչ է…

ԹԱՄԱՐԱ – Սա խելագարվող պտուղը չէ… Երևի նոր բիզնեսի մտահաղացումն է:

ՄԱԳԴԱԼԵՆԱ (ձայնելով) – Տեր հա՜յր, ի՞նչ է պատահել:

(Ղևոնդը դուրս է գալիս Ռոզիի սենյակից և ուզում է մտնել լոգարան: Այդ պահին

աղջիկները վտանգը զգալով շրջապատում են Ղևոնդին և կանգեցնում նրան):

ՌՈԶԻ – Սպասե՜ք, մեկ րոպե… Այս ի՞նչ եք դարձրել տունը:

ԹԱՄԱՐԱ – Սա ձեզ համար դժոխք չէ՛:

ՂԵՎՈՆԴ – Այս տունը դժոխքից էլ է վատը: Ես իմ աչքով տեսա այդ սարսափը:

ՄԱԳԴԱԼԵՆԱ (կամաց, Թամարային և Ռոզիին) – Չլինի՞ քնած լեյտենանտին է

տեսել:

ԹԱՄԱՐԱ (կամաց) – Բայց ե՞րբ հասցրեց…

ՂԵՎՈՆԴ – Ես տեսա՜ այդ դիակին:

ՌՈԶԻ (կամաց) – Հաստատ այդ լեյտենանտին նկատի ունի:

ԹԱՄԱՐԱ (Ղևոնդին) – Հանգստացեք և եկեք նստեք, տեր հայր: (Ղևոնդին նստեցնում

է սեղանի մոտ: Հանքային ջուր է լցնում և տալիս նրան):

ՂԵՎՈՆԴ (խմելով) – Աստվա՜ծ փրկի… Աստվա՜ծ փրկի…

ՌՈԶԻ – Աստված միշտ էլ փրկում է…

ՄԱԳԴԱԼԵՆԱ (Ղևոնդին) – Բայց ինչի՞ց փրկի:

ՂԵՎՈՆԴ – Հոգիներից… (Աղջիկները նայում են իրար):

ՌՈԶԻ (կամաց, աղջիկներին) – Փաստորեն քնած լեյտենատին դեռ չի տեսել:

ՄԱԳԴԱԼԵՆԱ (կամաց) – Լավ է, որ գոնե էս մի փորձանքից ենք պրծել:

ՌՈԶԻ (իբր տխուր) – Հանգուցյալ ամուսնուս հոգին երևի արդեն դրախտում է…

Չէ՞ որ դուք երաշխավորեցիք, որ նա կվայելի դրախտի անզուգական օդը:

ՂԵՎՈՆԴ – Ես տեսա՜ նրան… Ես նրան իմ աչքերով տեսա՜…

ԹԱՄԱՐԱ – Ի՞նչ եք տեսել, հայր սուրբ…

ՂԵՎՈՆԴ – 30 տարի է ծառայում եմ եկեղեցում, սակայն այսպիսի բան դեռ չէի տեսել:

ՌՈԶԻ (համբերությունը հատած) – Ի՞նչ եք տեսել… Կասե՞ք, վերջապես…

ՂԵՎՈՆԴ – Ձեր հագուցյալ ամուսնու հոգին:

(Աղջիկները սարսափած նայում են իրար):

ԹԱՄԱՐԱ – Տե՜ր հայր, դուք խելագարվե՞լ եք:

ՂԵՎՈՆԴ – Չե՛մ խելագարվել… Ես տեսա, թե նա ինչպես էր չորեքթաթ ման գալիս:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Որտե՞ղ…

ՂԵՎՈՆԴ – Հյուրասենյակում: (Գնում է և մատով ցույց տալիս այն նույն տեղը, որտեղ

տեսել էր դիակին): Ահա՛, հենց այստեղ էր:

ՌՈԶԻ (անէացած) – Աստվա՜ծ իմ…

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Հիսո՜ւս Քրիստոս:

ԹԱՄԱՐԱ – Տեր հայր, դուք ավելի լավ է ձեր աղոթած աղոթքների գումարը հաշվեք,

մենք կվճարենք, իսկ դուք հեռացեք: Մնացածի համար մենք կաղոթենք:

ՌՈԶԻ – Տեր Ղևոնդ, ճիշտ է ասում Թամարան: Գնացեք տուն, լոգանք ընդունեք և

փորձեք հանգստանալ: Տեղից էլ համարյա կեսգիշեր է:

ՂԵՎՈՆԴ – Ես խելագա՜ր չեմ, դստրիկներս:

ԹԱՄԱՐԱ (ծաղրական) – Երևի այնքան աղոթեցիք, որ հոգին համբարձվեց երկինք:

ՌՈԶԻ – Տեր հայր, ինչքա՞ն պետք է վճարեմ:

(Ղևոնդը գրպանից հանում է փոքրիկ էլեկտրական հաշվիչ):

ՂԵՎՈՆԴ – Հիմա կհաշվեմ… (Հաշվում է: Աղջիկները թաքուն ծիծաղում են):

450 դոլլար:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Աշխարհի վե՞րջն է, ի՞նչ է:

ՌՈԶԻ – Բայց ինչո՞ւ այդքան թանկ:

ՂԵՎՈՆԴ – Երկու սենյակները, խոհանոցը և լոգարանը: Յուրաքանչյուրը 100 դոլլար:

ԹԱՄԱՐԱ – Իսկ այն 50 դոլլա՞րը:

ՂԵՎՈՆԴ – Բայց չէ՞ որ ես հյուրասենյակի պատերն էլ օրհնեցի: Պատերի գինը

50 տոկոս զեղչ է:

ԹԱՄԱՐԱ (կամաց, աղջիկներին) – Ասում էի, չէ՞, որ էս քահանան կաշառակեր է:

Եկեղեցին էլ են դարձրին եկամտի աղբյուր: Սրա նմանների պատճառով է, որ

ժողովուրդը հավատը կորցրել է դեպի եկեղեցին և կարծում են, որ բոլորն են

այդպիսին:

ՌՈԶԻ (Ղևոնդին) – Մենք հիմա կվճարենք: Միայն մեզ հանգիստ թողեք: (Պայուսակից

գումարը հանում է և տալիս է Ղևոնդին):

ՂԵՎՈՆԴ (ժպիտով) – Շնորհակալ եմ, դստրիկներս:

ԱՂՋԻԿՆԵՐԸ – Խնդրե՜մ, խնդրե՜մ:

ՌՈԶԻ – Ես ձեզ կուղեկցեմ: (Տանում է դեպի դուռը):

ՂԵՎՈՆԴ – Դստրիկներս, եթե իմ օրհնության կարիքն էլի ունենաք, անպայման

կդիմեք: Մեր եկեղեցին միշտ պատրաստ է ձեզ օգնել; (Տալով այցեքարտը): Սա իմ

այցեքարտն է: (Ռոզին վերցնում է այցեքարտը):

ՌՈԶԻ – Շնորհակալություն: (Ղևոնդը դուրս է գնում: Ռոզին հետ է գալիս):

ԹԱՄԱՐԱ – Աչքերիս չեմ հավատում:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Հավատա՜, հավատա՜… Հրաշքներ միշտ էլ լինում են:

ՌՈԶԻ – Բայց ես չհասկացա, թե էս քահանան, որտեղի՞ց էր հայտնվել:

ԹԱՄԱՐԱ – Սրան նմանները յուրահատուկ հոտառություն ունեն: Միանգամից

հայտնվում են այնտեղ, որտեղից փողի հոտ է գալիս:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Ինչ լավ է, որ էս մի ցավից պրծանք:

ԹԱՄԱՐԱ – Բայց դեռ երկու ու ավելի մեծ ցավեր ունենք:

ՌՈԶԻ (դժբախտ) – Հա՜, ճի՜շտ է… Սպիտակ սավանով փաթաթված դիակը և արջի

քուն մտած լեյտենանտը:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Աղջիկներ, եկեք մտածենք, թե ինչ պետք է անենք դիակի հետ… Քիչ

հետո այդ լեյտենատը կարթնանա:

ՌՈԶԻ – Որ արթնացավ, վե՜րջ…

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Էս անգամ հաստատ բանտում կհայտնվենք:

ՌՈԶԻ – Երկու դեպքում էլ բանտում ենք հայտնվելու:

ԹԱՄԱՐԱ (ուրախ) – Աղջիկներ, ես մտածել եմ, թե ինչ կարելի է անել, որպեսզի

ազատվենք տարիների կալանքից:

ՄԱԳԴԱԼԵՆԱ (տխուր) – Մեզ ոչինչ էլ չի փրկի… Միայն լեյտենանտի պարագան

հերիք է:

ԹԱՄԱՐԱ – Քթներդ մի կախեք… Ասացի, ես փայլուն ծրագիր ունեմ…

ՄԱԳԴԱԼԵՆԱ (հույսով) – Երևի ինչ-որ արտասովոր բան ես մտածել, չէ՞… Որպեսզի

կյանքերս, վերջնականապես կործանվի:

ԹԱՄԱՐԱ – Աղջիկներ, թույլ կտա՞ք խոսեմ… Ավելի լավ է այդպես, քան մեկ

անծանոթ դիակի ու մեկ քնած լեյտենատի հետ, ամեն վայրկյան սպասել ինչ-որ

նոր փորձանքի: Միևնույնն է, արդեն կեղտի մեջ ենք թաղվել: Ինչ էլ որ ասեմ,

հաստատ ավելի լավ տարբերակ է, քան այսպես:

ՌՈԶԻ և ՄԱԳԴԱԼԵՆԱ – Համակ ուշադրությամբ լսում ենք քեզ, օրիորդ Թամարա:

ԹԱՄԱՐԱ (պաշտոնական) – Ժամը քանի՞սն է…

ՌՈԶի (նայելով ժամին) – Համարյա կեսգիշեր է:

ԹԱՄԱՐԱ – Հոյակա՜պ է… Տեսնո՞ւմ եք, նույնիսկ ժամանակն է աշխատում հօգուտ

մեզ:

ՌՈԶԻ և ՄԱԳԴԱԼԵՆԱ (անհամբեր) – Հետո՜… Հետո՜…

ԹԱՄԱՐԱ – Հետո այն, որ այս ժամին փողոցում դժվար թե մարդիկ լինեն:

ՄԱԴԳԱԼԵՆԱ – Փողոցի մարդիկ ի՞նչ կապ ունեն մեր անծանոթ դիակի հետ:

ՌՈԶԻ – Եվ լոգարանում քնած լեյտենանտի:

ԹԱՄԱՐԱ – Այն, որ նրան չեն տեսնի

ՌՈԶԻ – Ո՞ր մեկին… Ո՞վ պիտի տեսնի, կամ չտեսնի…

ԹԱՄԱՐԱ – Խոսքս դիակի մասին է: Իսկ երբ առավոտյան լույսը բացվի, մենք էլ ոչ մի

կապ չենք ունենա նրա հետ:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Ոչինչ չեմ հասկանում:

ՌՈԶԻ – Կարո՞ղ ես ավելի պարզ բացատրել հանճարեղ մտահաղացումդ:

ԹԱՄԱՐԱ – Մենք հիմա մեր դիակին կհանենք, կտանենք լոգարան, մի լավ

կլողացնենք, որպեսզի մատնահետքերը մաքրվեն: Որից հետո, նրան թաքուն

կիջենցնենք փողոց և կթողնենք շենքի անկյունում: Իսկ առավոտյան բամբասկոտ

հարևանները կնկատեն դիակը, կզանգեն ոստիկանություն, նրանք կգան և

կտեսնեն դիակին: Այս տարբերակն այս պահին ամենահարմարն է: Մեր բանտ

գնալու հավանականությունը կքչանա:

ՌՈԶԻ և ՄԱԳԴԱԼԵՆԱ – Բռավո՜… Դու հանճա՜ր ես… (Թամարան գլուխ է տալիս):

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Նման ապուշություն ես դեռ չէի լսել: (Թամարան խոժոռում է դեմքը):

Դու չպետք է լրագրող դառնայիր… Դու պետք է կառավարությունում աշխատեիր,

որպեսզի պրոֆեսիոնալ կերպով քողարկեիր սպանությունները:

ԹԱՄԱՐԱ – Աղջիկներ, սա հարմար տարբերակ է… Միևնույնն է, բանտից չենք

խուսափելու… Բայց այսպես կարող ենք գոնե հույս ունենալ, որ հնարավոր է

չպարզվի ոչինչ:

ՌՈԶԻ – Ոստիկաններից ազատվել չի լինում:

ԹԱՄԱՐԱ – Հրաշքներ միշտ էլ լինում են:

ՄԱԳԴԱԼԵՆԱ (վախով) – Ախր համարձակությունս չի հերիքի դիակ լողացնեմ:

ՌՈԶԻ – Ես կլողացնեմ… Ինչպես այս ճաշը եփել եմ, այնպես էլ կփորձեմ ձեզ ազատել

գլխացավանքից, աղջիկներ: Ի՞նչ տարբերություն, մեռած մարդը, թե՞ սատկած

ոչխարը կամ կովը:

ԹԱՄԱՐԱ (Մագդալենային) – Ոչ բոլորը հակումներ ունեն դիակների հանդեպ:

Մագդալենա, դու միայն ցեխոտ շորերը կլվանաս, որպեսզի վերջում մաքուր

հագցնենք մեր դիակին:

ՄԱԳԴԱԼԵՆԱ (սարսափած) – Աստվա՜ծ իմ, սարսափելի՜ է…. Աղջիկներ, ասենք թե

այդ դիակից մի կերպ ազատվեցինք…. Իսկ այն քնած լեյտենա՞նտը…

ԹԱՄԱՐԱ – Թող էս անիծյալ գլխացավանքից ազատվենք, հետո կմտածենք: ՄԱԳԴԱԼԵՆԱ – Էդ լեյտենանտը ավելի վտանգավոր է, որովհետև զարթնելու է: Իսկ

այս պարագայում դեռ ամենաանվտանգը մեր դիակն է:

ՌՈԶԻ – Հնարավոր է, որ լեյտենանտը զարթնելուց հետո ոչինչ չհիշի… Նրան կարող

ենք խաբել և ասել, որ միամիտ ուշաթափվեց: (Ցույց տալով սեղանի անկյունում

դրված դեղերն ու ներարկիչը): Դե, այս դեղերն ու ներարկիչն էլ կապացուցեն, որ

փորձել ենք նրան օգնել:

ԹԱՄԱՐԱ (պատրաստակամ) – Դե լավ, աղջիկներ: Հիմա ամեն րոպեն թանկ է…

Պետք է ժամանակ չկորցնենք: (Գնում է զգեստապահարանը: Բացում է դուռը և

մի պահ մնում է քարացած: Հետո գլուխը մտցնում է զգեստապահարանը և ճչում):

(Փակում է դուռը և մեջով կպնում է դռանը):

ՌՈԶԻ (սարսափահար) – Ի՞նչ եղավ…

ԹԱՄԱՐԱ – Չա՜ր քեզ, սև սատանա…. Չա՜ր քեզ, սև սատանա…. (Խաչակնքում է

երեսը):

ՄԱԳԴԱԼԵՆԱ (հիասթափված) – Հիմա էլ սա՞… Իբր տեր հայրը մեզ քիչ էր, հիմա էլ

դո՞ւ ցնդեցիր:

ԹԱՄԱՐԱ – Նա փախել է:

ՌՈԶԻ և ՄԱԳԴԱԼԵՆԱ – Ո՞վ…

ԹԱՄԱՐԱ – Դիակը:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Դու հո աննորմա՞լ չես:

ԹԱՄԱՐԱ – Փաստորեն էդ քահանան ճիշտ էր զառանցում:

ՌՈԶԻ - Ոնց որ հիմա էլ դու ես զառանցում:

ԹԱՄԱՐԱ – Ես սպանելու եմ էդ քահանային: Էնքան աղոթեց, որ դիակը փախավ:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Արի էս կողմ… Ու հերիք է ապուշություններ դուրս տաս: (Մի կողմ է

տանում Թամարային: Բացում է զգեստապահարանի դուռը: Քարացած նայում:

Ճչում է, փակում դուռը և կանգնում է մեջքով դեպի դուռը):

ՌՈԶԻ – Հիմա էլ դո՞ւ,Մագդալենա:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Էդ քահանան երևի սատանա էր, ոչ թե հոգևոր հայր:

ԹԱՄԱՐԱ – Տեսա՞ր… Բա որ ասո՞ւմ էի…

ՌՈԶԻ – Լսե՜ք, դուք հո չե՞ք գժվել… Ո՞նց կարող էր դիակն ինքն իրեն փախնել:

ԹԱՄԱՐԱ և ՄԱԳԴԱԼԵՆԱ – Երկինք է համբարձվել:

ՌՈԶԻ (Մագդալենային մի կողմ տանելով) – Արի էս կողմ: Հերիք է հեքիաթներ

պատմեք: (Բացում է դուռը: Տեսնում է ու ճչում: Փակում է դուռը և սարսափար

վազում է ու նստում բազմոցին): Չեմ հավատո՜ւմ… Աստվա՜ծ իմ…

ԹԱՄԱՐԱ – Դու կարծում ես մե՞նք ենք հավատում:

ՌՈԶԻ (աչքերը փակելով) – Ես չարքերին չեմ հավատո՜ւմ: (Նկատում է կողքին

դրված ավետարանը, որը Ղևոնդը մոռացել էր բազմոցին: Ավետարանը

վերցնում է և պարզում օդում): Աստվա՜ծ ջան… Մեզ փրկիր այդ չար հոգիներից:

ԹԱՄԱՐԱ – Էդ հայր Ղևոնդը երևի կախարդ էր:

(Մագդալենան տարօրինակ նայում է աղջիկներին):

ԹԱՄԱՐԱ – Քեզ ի՞նչ պատահեց, Մագդալենա…

ՌՈԶԻ – Հանկարծ չխելագարվե՛ս… Որովհետև մեր վիճակն ավելի կվատանա:

ՄԱԳԴԱԼԵՆԱ– Ո՞վ է արել….

ՌՈԶԻ և ԹԱՄԱՐԱ – Ի՞նչը:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Ձեզանից ո՞վ է թաքցրել դիակը:

ՌՈԶԻ– Դու ուզում ես ասել, որ մե՞նք…

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Այո՛, հենց դո՛ւք… Եթե չեմ սխալվում դիակները չեն քայլում:

ԹԱՄԱՐԱ – Մենք պատրաստվում էինք դիակը լողացնել ու տանել փողոց:

ՌՈԶԻ – Ինչպե՞ս ես կարողանում մեզ կասկածել: Չէ՞ որ մենք այսքան ժամանակ

իրար հետ էինք: Այդ ե՞րբ հասցրինք, որ չտեսար:

(Մագդալենան գլուխն առնում է ձեռքերի մեջ և մտածում):

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Գիտեք, բայց լավ է, որ դիակն անհետացել է: Գուցե այդ քահանայի

մատը խառն է այս հարցում, բայց այսպես ավելի լավ է: Այդ դիակը ինքն իրեն մեզ

ազատեց փորձանքից:

ԹԱՄԱՐԱ – Հաստատ այդ քահանան է գողացել դիակը, որպեսզի մեզ շանտաժի

ենթարկի:

ՌՈԶԻ – Նա գիտի, որ հանգուցյալի կինը ես եմ: Ինչո՞ւ պիտի այդպես աներ, երբ

արդեն բավականաչափ փող ստացավ:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Աղջիկներ, մենք արդեն զառանցում ենք: Ի՞նչ է, չտեսա՞ք, որ այդ

քահանան մեր աչքի առաջ հեռացավ: Եթե այսպես շարունակվի, մենք ոչ թե

բանտում կհայտնվենք, այլ՝ հոգեբուժարանում:

ԹԱՄԱՐԱ – Մենք իսկապես սկսում ենք ցնդել: Այնքան եք անիմաստ զառանցում, որ

անգամ մեր տեսածին չենք հավատում:

ՌՈԶԻ – Լավ… Իսկ ո՞նց կարելի է բացատրել այս պատմությունը:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Հավանաբար նա չի մահացել: Ուշքի է եկել և երբ տեսել է, որ ուրիշ

վայրում է, վեր է կացել ու գնացել:

ԹԱՄԱՐԱ – Բայց ե՞րբ…

ՌՈԶԻ (հավատով) – Ինչ լավ կլինի, որ այդպես եղած լինի:

ԹԱՄԱՐԱ – Ոչինչ էլ լավ չէ… Դա կարող է նոր խնդիր առաջացնել:

ՌՈԶԻ – Դու կուզեիր, որ նա իրոք մեռա՞ծ լիներ:

ԹԱՄԱՐԱ – Եթե նա չի մեռել, ինչպես մենք ենք ենթադրում, ապա կարող է գնալ

ոստիկանություն և բողոքել: Նա արդեն գիտի տան հասցեն:

ՌՈԶԻ – Բայց նա կարող է և չբողոքել:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Միևնույնն է, մենք չենք խուսափի ոստիկանությունից, որովհետև

նրանցից մեկն արդեն արջի քուն է մտել լոգարանում:

ՌՈԶԻ և ԹԱՄԱՐԱ (դժբախտ) – Ճիշտ է:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Եկեք գոնե այդ լեյտենանին, բերենք ու պառկեցնեք բազմոցին: Երևի

նա արդեն գրիպ է կպել:

ՌՈԶԻ – Հա, հա… Քահանան արդեն գնացել է և վախենալու ոչինչ չունենք:

(Աղջիկները գնում են լոգարան և ներս մտնում: Դադար: Լոգարանից

միաժամանակ լսվում են աղջիկների բղավոցները և մեկ առ մեկ դուրս են վազում

լոգարանից: Ռոզին՝ իր ննջասենյակ, Թամարան՝ խոհանոց, իսկ Մագդալենան՝

Ռոզիի մայրիկի ննջասենյակ: Բեմը դատարկ է: Այդ պահին Թամարան

խոհանոցից դուրս է հանում գլուխը):

ԹԱՄԱՐԱ (շշուկով) – Աղջիկնե՜ր… (Դռներից երևում են Ռոզիի և Մագդալենայի

գլուխները):

ՌՈԶԻ և ՄԱԳԴԱԼԵՆԱ – Ի՞նչ…

ԹԱՄԱՐԱ – Դո՞ւք էլ տեսաք այն, ինչ ես:

ՌՈԶԻ – Տեսա, բայց չեմ հավատում:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Էդ քահանան ոչ թե երևի, այլ՝ հաստատ սատանա էր:

ՌՈԶԻ – Հիմա ես էլ համոզվեցի: (Աղջիկները դուրս են գալիս):

ԹԱՄԱՐԱ – Նա ցանկացել էր դիակը գողանալ, բայց երևի չի հասցրել ու լոգարան

է մտցրել:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Բայց այդ դեպքում էլ լեյտենանտին տեսած կլիներ:

ՌՈԶԻ – Ճիշտ է… Բայց նա մեզ լեյտենանտի մասին ոչինչ չասաց:

ԹԱՄԱՐԱ – Եվ չէր էլ ասի: Քանի որ կմատներ իրեն:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Աղջիկներ, հիմա ի՞նչ պետք է անենք:

ԹԱՄԱՐԱ – Ինչպես պայմանավորվել էինք: Այսինքն լեյտենանտին հիմա կբերենք և

կպառկեցնենք բազմոցին, իսկ դիակին էլ կլողացնենք: Այդ քահանան մեզ օգնեց

գոնե այնքանով, որ դիակին բերել ու հասցրել է լոգարան: (Պատրաստակամ):

Աղջիկներ, անցնում ենք գործի: Մենք չպետք է ժամանակ կորցնենք: (Աղջիկները

մտնում են լոգարան: Այնտեղից մի կերպ բերում են Վարդգեսի մարմինը և

պառկեցնում բազմոցին):

ՄԱԳԴԱԼԵՆԱ (վախով) – Աղջիկներ, ես հիմա ավելորդ եմ լոգարանում:

ԹԱՄԱՐԱ (ծիծաղով) – Ավելորդ չես… Դու էլ աղոթիր, որ մեր դիակն էլի չփախնի:

(Աղջիկները մտնում են լոգարան: Բեմը դատարկ է: Լոգարանից լսվում է ջրի

խշշոց: Այդ պահին ետ է գալիս ՝ Ղևոնդը և տարօրինակ նայում է դատարկ տանը):

ՂԵՎՈՆԴ (ձայնելով) – Դստրիկնե՜րս… Մոռացա ավետարանս վերցնել: (Առաջ է

գալիս և բազմոցին պառկած տեսնում է քնած Վարդգեսին: Խաչակնքում է երեսը):

Հիսո՜ւս Քրիստոս: Հին դիակի հոգին չորեքթաթ փախավ, հիմա էլ նո՞ր դիակ է

հայտնվել: (Նկատում է Վարդգեսի գլխի մոտ դրված ավետարանը: Վախով

ուզում է վերցնել): Հաստատ սա էլ է սատանա… Կարո՞ղ է սրա հոգին էլ փախնի:

(Մի քանի անգամ վախով ուզում է վերցնել; Ետ է քաշվում: «Ալելուիա» կանչելով

կամ մոտենում է: Այդ պահին Վարդգեսը ձեռքերը վեր է պարզում և հորանջում:

Ղևոնդը վախից կատվածահար եղած գոռալով ընկնում է գետնին: Վարդգեսը

նստելով և աչքերը տրորելով նայում է Ղևոնդին: Ղևոնդը վախից խաչը պարզում

է դեպի Վարդգեսը): Չմոտենա՛ս, անիծյա՜լ… Ֆո՜ւ, ֆո՜ւ, ֆո՜ւ… (Վարդգեսը

տարօրինակ նայելով Ղևոնդին ուզում է կանգնել: Այդ պահին Ղևոնդը գոռում է և

Վարդգեսը հանկարծակիի եկած ետ է ընկնում: Ղևոնդի գոռոցին զուգահեռ,

լոգարանից լսվում են աղջիկների բղավոցները: Հիստերիկ գոռոցով, մերկ, սրբիչը

գոտկատեղին փաթաթած, լոգարանից հյուրասենյակ է վազում Ալեքսը՝ գլուխը

բռնած: Ղևոնդը և Վարդգեսը վախից գոռում են և կանգնում քարացած: Ղևոնդը

խաչը պարզում է դեպի Ալեքսը): Դիակը հարություն է առել… Մեղա՜, մեղա՜…

(Այդ պահին լոգարանից, հիստերիկացած իրար ետևից դուրս են վազում

աղջիկները՝ ոտաբոբիկ, կոշիկներն ամուր գրկած: Տեսնելով Ալեքսին՝ սրբիչով

փաթաթված, խաչը առաջ պարզած Ղևոնդին և կանգնած ու հորանջող

Վարդգեսին՝ քարացած մնում են կանգնած):

ԱՂՋԻԿՆԵՐԸ – Հիսո՜ւս Քրիստոս… (Կոշիկները գցում են հատակին):

(Ալեքսը նայում է երեք թրջված աղջիկներին: Ղևոնդին՝ խաչը առաջ պարզած և

հորանջող Վարդգեսին, սիրտը բռնում է և ուշաթափվում: Աղջիկները վազում են

դեպի Ալեքսը):

ՂԵՎՈՆԴ (գոռալով) – Չմոտենա՜ք, դա սատանա: (Վարդգեսը հորանջելով նստում է

բազմոցին և շարունակում է աչքերը տրորել):

ՌՈԶԻ (թափահարելով Ալեքսին) - Զարթնի՜ր, քեզ ասում եմ, այ թանկարժեք դիակ…

Չփորձե՛ս, էլի մեռնել…

ՄԱԳԴԱԼԵՆԱ (թափահարելով Ալեքսին) – Չփորձե՜ս մեր կյանքը կործանել:

ԹԱՄԱՐԱ (թափահարելով Ալեքսին) – Եթե մեռնես՝ կսպանե՜մ:

(Վարդգեսը վեր է կենում և օրորվելով քայլում է հյուրասենյակում):

ՎԱՐԴԳԵՍ – Ես որտե՞ղ եմ: (Ղևոնդը վախից անցնում է սենյակի մյուս կողմը):

ՂԵՎՈՆԴ – Դժոխքի դարպասների մոտ:

ՎԱՐԴԳԵՍ – Ինչպե՞ս եմ հայտնվել այստեղ: Ի՞նչ է կատարվում ինձ հետ:

(Բռնում է գլուխը և շարունակում է քայլել):

ԹԱՄԱՐԱ (թափահարելով Ալեքսին) – Հազիվ կենդանացե՜լ էիր… Էս անգամ ինչո՞ւ

մեռար:

(Մագդալենան սեղանի վրայից վերցնում է հանքային ջրի շիշը և լցնում Ալեքսի

երեսին: Ալեքսն ուշքի է գալիս և նայում շուրջբոլորը):

ԱԼԵՔՍ – Ես որտե՞ղ եմ…

ՎԱՐԴԳԵՍ (օրորվելով) – Ես որտե՞ղ եմ… (Անորոշ նայում է շուրջը: Հետո գալիս է ու

պառկում բազմոցին):

ԱԼԵՔՍ (նայելով իրեն)– Ես դեռ չե՞մ մեռել:

ՌՈԶԻ – Հույս էլ չունենաս մեռնելու:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Բա էդ անելու բա՞ն էր, որ արեցիր, ա՛յ անաստված:

ՎԱՐԴԳԵՍ – Ես ի՞նչ գործ ունեմ էստեղ…

ՌՈԶԻ (Վարդգեսին) – Հանգիստ պառկեք և հանգստացեք, պարոն լեյտենանտ:

(Ննջասենյակից վերմակ է բերում և գցում Վարդգեսի վրա: Այսպես ավելի լավ է,

որ հանկած գրիպ չկպնեք):

ՂԵՎՈՆԴ (նայելով Ալեքսին, Ռոզիին) – Դստրիկս, սա ձեր հանգուցյալ ամուսինը չէ՞,

ում հոգու համար աղոթում էի:

ԹԱՄԱՐԱ (վախեցած նայելով Վարդգեսին) – Լռե՜ք…

ՄԱԴԳԱԼԵՆԱ – Այնքան լավ աղոթեցիք, որ զարթնեց:

ԱԼԵՔՍ (վախեցած) – Ես իսկապես մեռե՞լ էի:

ԹԱՄԱՐԱ–Դուք էլ լռե՛ք և անցեք հագնվելու: Գիշերային ակումբում չեք: (Ռոզիին):

Ռոզի, այս մարդու շորերը բեր:

ՌՈԶԻ – Ախր թաց են:

ՄԱԳԴԱԼԵՆԱ - Չհասցրի լվանալ:

ԹԱՄԱՐԱ – Ոչինչ, թող այդպես հագնվի և հեռանա այստեղից:

ՌՈԶԻ (կտրուկ) – Սպասե՛ք… Հարկավոր չէ, որ հիմա էլ նա հիվանդանա: Նա մեզ

առողջ վիճակում է պետք:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Դե, ուրիշ շոր տուր թող հագնի, մինչև իր շորերը չորանան: (Հագնում

է կոշիկը): Հիմա մենք էլ կմրսենք:

ՌՈԶԻ – Ախր հարմար ոչինչ չունեմ:

ԹԱՄԱՐԱ (կոշիկները հագնելով) – Եթե լավ ման գաս, մի բան կգտնես:

ՌՈԶԻ (Ալեքսին) – Եկեք ինձ հետ: (Հագնում է կոշիկները և Ալեքսի հետ մտնում են

Ռոզիի ննջասենյակ):

ՎԱՐԴԳԵՍ (ձայնելով) – Օ՜յ, գլուխս… Ի՞նչ է կատարվում ինձ հետ: (Անընդհատ

շուռումուռ է գալիս բազմոցին պառկած: Թամարան և Մագդալենան վախով

նայում են իրար: Ղևոնդը նույնպես: Վարդգեսն ուզում է վեր կենալ բազմոցից):

ԹԱՄԱՐԱ – Խնդում եմ պառկեք… Ձեզ հիմա հանգստանալ է պետք:

ՂԵՎՈՆԴ – Դստրիկներս, այս ոստիկանն ինչո՞ւ է բազմոցին պառկած հառաչում:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Նա մեր հյուրն է, հայր սուրբ… Պարզապես իրեն մի քիչ վատ է զգում:

ՂԵՎՈՆԴ–Հավանաբար նրա մեջ չար ոգի կա…Ես հիմա կաղոթեմ նրա հոգու համար:

ԹԱՄԱՐԱ և ՄԱԳԴԱԼԵՆԱ (կտրուկ) – Ո՛չ… Շնորհակալ ենք:

ՂԵՎՈՆԴ – Բայց նա աղոթքի կարիք է զգում:

ԹԱՄԱՐԱ – Նա առանց ձեր աղոթքների էլ մի կերպ կապրի:

(Ննջասենյակից դուրս է գալիս՝ Ռոզին):

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Ռոզի, ինչպե՞ս են գործերն այնտեղ:

ՌՈԶԻ – Կիսամերկ լինելուց ավելի լավ է:

ՂԵՎՈՆԴ (ինչ-որ բան փնտրելով) – Աստվա՜ծ իմ, ո՞ւր է:

ԹԱՄԱՐԱ – Հիմա ի՞նչ եք փնտրում, հայր սուրբ…

ՂԵՎՈՆԴ – Իմ սուրբ ավետարանը: (Հիշելով): Ա՜խ, հա… բազմոցին է: (Ուզում է

մոտենալ և վերցնել: Այդ պահին լսվում է Վարդգեսի խռռոցը: Ղևոնդը ետ է

քաշվում: Հետո գալիս է ու վերցնում է ավետարանը: Աղջիկները տարօրինակ

նայում են իրար, հետո՝ քնած Վարդգեսին):

ԹԱՄԱՐԱ (Ղևոնդին)–Շատ է հոգնել մեր հյուրը: Երկար ճանապարհ է կտրել, անցել:

ՌՈԶԻ (կամաց, Մագդալենային) – Սա չի ուզում գնա՞:

ՄԱԳԴԱԼԵՆԱ (կամաց) – Մի պրոբլեմ էլ, սա է:

ՌՈԶԻ (բարձր) – Տեր հայր, ինձ թվում է, արժե, որ դուք հենց հիմա…

ՂԵՎՈՆԴ (կտրուկ) - Իհակե, արժե էլի աղոթել: Քանի որ վերջին պահին տարօրինակ

իրադարձություններ են կատարվում այս տանը:

(Աղջիկները ֆռռացնում են աչքերը):

ԹԱՄԱՐԱ – Դուք ավելի լավ է գնաք… Մենք ինքներս կաղոթենք:

ՂԵՎՈՆԴ – Դստրիկներս, ես պետք է ավարտին հասցնեմ աղոթքս… Եկեղեցում

պետք է վերջնական հաշվետվություն ներկայացնեմ, որ ամեն ինչ կարգին է:

Այլապես այսպես կիսատ թողնելը սխալ է: Եկեղեցին երբ իմանա, ինձ

կհեռացնի աշխատանքից և ուրիշին կուղարկի:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Հիմա էլ ուրի՞շը պիտի գա:

ԹԱՄԱՐԱ – Չէ՛, չէ՛… Ավելի լավ է դուք աղոթենք, քանի եկել եք:

ՌՈԶԻ – Բայց ես էլ գումար չունեմ…

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Ես կվաճարեմ:

ՂԵՎՈՆԴ (ոգևորված) – Երևի նորից սկսենք լոգարանից: Որովհետև նա այնտեղից

դիվահար եղած դուրս թռավ: Պետք է անհետացնենք չարիքի հետքերը:

(Խաչն առած պարզած, «Ալելուիա» կանչելով մտնում է լոգարան: Աղջիկները

հոգոց հանելով նստում են սեղանի մոտ):

ԹԱՄԱՐԱ – Սրանից պրծում չունենք:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Ախր մենակ սա չէ: Բա էս խռռացնող լեյտենանտն ու հարություն

առած անիծյալը:

ՌՈԶԻ – Երկուսն էլ փորձանք են դառնալու մեր գլխին, ա՛յ կտեսնեք:

ԹԱՄԱՐԱ – Հնարավոր է, որ էդ կենդանացածը գնա ու ոստիկանությունում բողոքի:

ՄԱԴԳԱԼԵՆԱ (հիշելով) – Ռոզի, ո՜նց էի մոռացել:

ՌՈԶԻ – Ի՞նչը…

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Մայրիկիդ… Նա զանգել էր, իսկ ես ասացի, որ քեզ կասեմ, որ դու

անպայման կզանգահարես նրան: Տո խե՜լք էր մնացել, որ հիշեի…

ՌՈԶԻ – Խե՜ղճ մայրիկ… (Վերցնելով լսափողը, զանգում է): Ալո՜…Ալո՜… Մա՞մ… Հա,

մամ ջան… Իհարկե, տանն ամեն ինչ կարգին է… (Դադար): Անակնկա՞լ, ի՞նչ

անակնկալ, մամ… (Լոգարանից «Օգնիր, տեր Աստված» կանչելով, դուրս է գալիս՝

Ղևոնդը): Չէ, չէ, մամ ջան… Ի՞նչ եկեղեցի էս կեսգիշերով: (Անհանգիստ): Մամ, ես

քեզ մի քիչ հետո կզանգեմ: (Կտրուկ դնում է լսափողը: Ղևոնդը մտնում է Ռոզիի

մայրիկի ննջասենյակ):

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Ի՞նչ անակնկալ էր մայրդ…

ՌՈԶԻ – Էդ քահանան թողե՞ց, որ իմանայի… Ոչինչ, ես վաղը կիմանամ… Մենք հիմա

ավելի մեծ պրոբլեմներ ունեք:

ԹԱՄԱՐԱ – Պետք է մտածել, թե ինչ կարելի է անել էս լեյտենանտի հետ:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Թող դեռ զարթնի կորոշենք:

ՌՈԶԻ (ժպիտով) – Ամենակարևորը մեր հանգուցյալը, էլ հանգուցյալ չէ: Այսինքն, դա

նշանակում է, որ մենք հանցագործներ չենք ու բանտ չենք նստի:

(«Օրհնիր, տեր Աստված» կանչելով Ռոզիի մայրիկի ննջասենյակից դուրս է

գալիս՝ Ղևոնդը և մտնում է խոհանոց):

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Իսկ եթե այս քահանան, մեր խռռացնող լեյտենանտին ամեն բան

պատմի՞:

ԹԱՄԱՐԱ (ջղային) – Ես հիմա էդ քահանային այս տնից դուրս կշպրտեմ: (Ուզում է

գնալ խոհանոց: Ռոզին և Մագդալեն ետ են պահում նրան):

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Հանգստացիր… Հազիվ ամեն ինչ կարգավորվում է, իսկ դու ուզում

ես նորի՞ց գործը փչացնել:

ՌՈԶԻ – Թամարա, քահանան ոչինչ էլ չի կարող ասել, որովհետև ոչինչ էլ չի տեսել:

ԹԱՄԱՐԱ – Շատ լավ էլ տեսել է:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Բայց ապացույցներ չունի:

ՌՈԶԻ – Որովհետև մեր հանգուցյալը, էլ հանգուցյալ չէ: (Ժպիտով): Նա իսկական

տղամարդ է: (Այդ պահին,Ռոզիի սենյակից դուրս է գալիս Ալեքսը՝ Ռոզիի

հագուստներից մեկը հագած: Թամարան և Մագդալենան, ապուշ կտրած

հայացքով նայում են Ալեքսին և քմծիծաղ տալիս):

ԱԼԵՔՍ – Ներեցեք… Կարելի՞ է:

ՌՈԶԻ – Իհա՜րկե, իհա՜րկե… Համեցեք: (Աղջիկներին: Կամաց): Ինչո՞ւ եք ծիծաղում:

Ամոթ է: Ես տղամարդու շորեր չունեմ: Ուրիշ էլ ի՞նչ պիտի հանգներ այդ մարդը:

Այս տանը միայն ես ու մայրս ենք ապրում, եթե չեք մոռացել:

ԱԼԵՔՍ (նստելով սեղանի մոտ) – Ներեցեք, ես ի՞նչ եմ անում ձեր տանը: (Խոհանոցից

դուրս է գալիս Ղևոնդը՝ «Օրհնիր Աստված» կանչելով և մտնում է Ռոզիի սենյակ:

Ալեքսի մոտ երևում են կրճատեսության նշաններ: Սկսում է ինչ-որ բան փնտրել):

Իսկ որտե՞ղ է ակնոցս…

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Երևի դրսում եք կորցրել:

ԱԼԵՔՍ – Բայց դուք չասացիք… Ինչպե՞ս եմ հայտնվել այստեղ:

ԹԱՄԱՐԱ (խորամանկորեն) – Դուք ընկել էիք ավտոյի տակ:

(Ռոզին և Մագդալենան վախեցած նայում են Թամարային):

ՌՈԶԻ և ՄԱԳԴԱԼԵՆԱ – Չասե՛ս…

ԹԱՄԱՐԱ - Մենք ձեզ տեսանք փողոցում ընկած և բերեցինք այստեղ, որպեսզի

փրկենք ձեր կյանքը: (Ռոզին և Մագդալենան հանգիստ շունչ են քաշում):

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Եվ ինչպես տեսնում եք, դա մեզ հաջողվեց:

ԱԼԵՔՍ – Բայց ես ոչինչ չեմ հիշում:

ԹԱՄԱՐԱ – Դե, դա բնական է… Դուք չէիք էլ կարող ոչինչ հիշել:

ՌՈԶԻ – Բայց դուք մի անհանգստացեք… Կարևորը ձեզ ոչինչ չի եղել:

(Ռոզին ափսե է դնում Ալեքսի դիմաց: Մագդալենան կոնյակ է լցնում բոլորին,

իսկ Թամարան՝ միրգ է կտրատում):

ԱԼԵՔՍ (տեսնելով Վարդգեսին) – Իսկ սա ո՞վ է…

ԹԱՄԱՐԱ – Մեր անհաջող հյուրն է:

ՌՈԶԻ (կտրելով խոսքը) – Խնդրեմ, հյուրասիրվենք: (Բարձրացնում են բաժակները):

ԹԱՄԱՐԱ – Դե, ի՜նչ… Բարի վերադարձ, նոր կյանք:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Ձեզ զգացեք, ինչպես ձեր տանը: Շատ հաճելի է… Ես Մագդալենան

եմ՝ օպերային երգչուհի…

ԱԼԵՔՍ (համեստ) – Ինձ էլ է հաճելի: Ամբողջ կյանքում սիրել եմ արվեստը:

ԹԱՄԱՐԱ – Իսկ ես Թամարան եմ ՝ լրագրող… Աշխատում եմ տարբեր խավի

մարդկանց հետ: Ճիշտ է… Ճիշտն ու սուտը խառնվել են իրար, դրա համար

ժողովուրդը շատ անգամ լրագրողների խոսքերին չի հավատում: Բայց դա ինձ չի

խանգարում միշտ կանգնել ճշմարտության կողքին:

ԱԼԵՔՍ - Շատ հաճելի է, նոր ծանոթություններ հաստատել նաև լրագրողների

բնագավառում: Իսկ ես Ալեքսն եմ… Աշխատում եմ կրկեսում…

ԱՂՋԻԿՆԵՐԸ – Կրկեսո՞ւմ…

ԱԼԵՔՍ – Այո, կրկեսում… Ես կենդանիներ եմ վարժեցնում:

ՌՈԶԻ (երջանիկ) – Օ՜… Ինչպիսի զուգատիպությո՜ւն: Ուրեմն դո՞ւք էլ եք սիրում

կենդանիներին:

ԱԼԵՔՍ – Դե, իհարկե… Նրանք իմ կյանքի մի մասն են կազմում:

ՌՈԶԻ – Իսկ ես՝ Ռոզին եմ… Շատ հաճելի է: Իմ կյանքն էլ է անցում կենդանական

աշխարհում: Ես անասնաբույժ եմ: (Ալեքսը հիացած ժպտում է): Ինչպես մարդիկ,

այնպես էլ կենդանիները զգում են սիրո, հոգատարության և բուժման կարիք:

Եվ գիտե՞ք ինչն է հետաքրքիր… Որ շատ անգամ կենդանիներն ավելի հոգատար

են և սրտակից, քան մարդիկ:(Թամարան և Մագդալենան հիացական ժպտում են):

ԹԱՄԱՐԱ (կամաց, Մագդալենային) – Իրար գտել են:

ԱԼԵՔՍ (կկոցած աչքերով նայում է Ռոզիին) - Բայց ես ձեզ ինչ-որ տեղ հանդիպել եմ:

ՌՈԶԻ – Այո, մենք շատ ենք հանդիպել փողոցում, բայց ոչ մի անգամ առիթ չենք

ունեցել, որպեսզի խոսենք և ավելի լավ ճանաչենք իրար:

ԱԼԵՔՍ (ավելի մոտ գնալով Ռոզիին) – Ա՜խ, հա՜… Ես ձեզ հիշեցի…

ԹԱՄԱՐԱ – Դե, եկեք խմենք մեր ծանոթության կենացը:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Սիրելի Ալեքս… Այսօր նաև Ռոզիի ծննդյան օրն է: Մենք այդ առիթով

էինք հավաքվել:

ԱԼԵՔՍ – Շնորհավո՜ր… (Խփում են բաժակները և խմում):

(Այդ պահին Ռոզիի սենյակից դուրս է գալիս՝ Ղևոնդը):

ՂԵՎՈՆԴ – Դստրիկներս, ես վերջացրի աղոթքը: (Տեսնելով մեջքով նստած Ալեքսին):

Իսկ այս նոր գեղեցկուհին ո՞վ է… (Գալիս է առաջ տեսնում Ալեքսին): Մեղա՜,

մեղա՜… Այս ի՞նչ այլասերվածություն է:

ՌՈԶԻ – Հանգստացեք, տեր հայր… Եկեք մեզ հետ խմեք:

ՂԵՎՈՆԴ – Ո՛չ մի դեպքում… Ես այստեղ չարչարվում եմ, ջանք ու եռանդ չեմ

խնայում, որպեսզի օրհնեմ այս տունը և անհետացնեմ բոլոր չարքերին, իսկ դուք

այստեղ այլասերվածությա՞մբ եք զբաղվում:

ԹԱՄԱՐԱ – Մենք շատ երջանիկ ենք և շնորհակալ ենք ձեզնից, ձեր աղոթքների

համար:

ՂԵՎՈՆԴ – Եկեղեցին չի ընդունում համասեռամոլությունը:

ԱԼԵՔՍ (նայելով իր շորերին) – Բայց ես համասեռամոլ չեմ:

ՌՈԶԻ – Ճիշտ է ասում: Նա իսկական տղամարդ է:

ՂԵՎՈՆԴ – Այսպիսի իսկական տղամարդ առաջին անգամ եմ տեսնում:

ԹԱՄԱՐԱ – Նրա շորերը թաց են: Չորանում են: Խեղճ Ալեքսը սառեց:

(Ղևոնդը Ալեքսին ավելի մոտ է գնում):

ՂԵՎՈՆԴ (Ռոզիին) – Դստրի՜կս… Սա ձեր ամուսինը չէ՞, ով դիակ էր, բայց հետո

հարություն առավ:

ԱԼԵՔՍ (տարօրինակ) – Ի՞նչ ամուսին…

(Այդ պահին Վարդգեսը տեղից կտրուկ վեր ելնում):

ՎԱՐԴԳԵՍ (գոռալով) – Դիա՜կը… (Բոլորը վախից վեր են կենում): Ես հիշեցի՜…

Դիա՜կը՝ սպիտակ սավանով փաթաթված:

ԱԼԵՔՍ (հիշելով) – Պապի՜կ ջան…

(Աղջիկները տարօրինակ նայում են մեկ Ալեքսին, մեկ՝ Վարդգեսին):

ՂԵՎՈՆԴ (Վարդգեսին) – Բայց մեր դիակը հարություն է առել, պարոն ոստիկան:

ԱԼԵՔՍ – Իմ սիրելի պապի՜կը… (Գլուխը բռնած լացակումաց քայլում է

հյուրասենյակում):

ՌՈԶԻ (անորոշ) – Հիմա ի՞նչ է կատարվում…

ՎԱՐԴԳԵՍ (վեր կենալով) – Ո՞ւր է դիակը… Որտե՞ղ եք թաքցրել:

ՂԵՎՈՆԴ – Պարոն ոստիկան, մեր դիակ՝ նա էր… (Ցույց է տալիս Ալեքսին): Բայց նա

արդեն դիակ չէ:

ՎԱՐԴԳԵՍ (նայելով Ալեքսին) – Էս համասեռամոլն ո՞վ է:

ՂԵՎՈՆԴ – Մեր նախկին դիակը: Բայց իմ աղոթքները օգնեցին և նա հարություն

առավ Քրիստոսի նման:

ՎԱՐԴԳԵՍ – Հայրիկ ջան, հասկանում եմ, որ ձեր տղան մահացել է երիտասարդ

հասակում, բայց հավատացեք, որ կյանքը դեռ շարունակվում է: (Աղջիկները

վախով նայում են իրար):

ՂԵՎՈՆԴ (տխուր) – Այո, իմ տղան ավտովթարի զոհ դարձավ այն ժամանակ, երբ ես

դեռ նոր էի ձեռնադրվում, որպես քահանա: Իսկ նրա մահից հետո, ես հասկացա,

որ իմ ամբողջ կյանքը պետք է նվիրեմ եկեղեցուն, որպեսզի գոնե այդպես մոտ

լինեմ տղայիս: (Աղջիկները զարմացած նայում են իրար):

ԹԱՄԱՐԱ (Մագդալենային, կամաց) – Փաստորեն մենք այնքան էլ չենք խաբել:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Եթե մի քիչ էլ շարունակվի, մենք կմատնվենք:

ՎԱՐԴԳԵՍ (Ղևոնդին) – Բայց ձեր աղջիկները ձեր կողքին են և դուք պետք է

շարունակեք ապրել ձեր դստրիկներով:

ՄԱԳԴԱԼԵՆԱ (կտրուկ, բարձր) – Տեր հայրի՜կ, մենք ձեզ շատ ենք սիրում և հարգում:

ՎԱՐԴԳԵՍ – Այ տեսնո՞ւմ եք, թե նրանք ինչքա՜ն հոգատար են:

ՂԵՎՈՆԴ – Դստրիկներս, ես արդեն աղոթել եմ այս տանը, որպեսզի դուք հանգիստ

ապրեք:

ԱՂՋԻԿՆԵՐԸ (սառած ժպիտներով) – Շնորհակալություն:

ՎԱՐԴԳԵՍ – Պարզապես այս տունը շատ տարօրինակ է… Այն պահից ինչ մտել եմ

այս տուն, ինձ մոտ ինչ որ տարօրինակ զգացում է, որ կարծես ես էլ եմ հարություն

առել:

ՂԵՎՈՆԴ – Հարությունը ոչ թե դուք եք առել, այլ այս կիսատղամարդը…

(Ցույց է տալիս Ալեքսին: Ցույց տալով նաև Ռոզիին): Այս տիկինը շատ էր կապված

ամուսնու հետ և ես չկարողացա անտարբեր մնալ նրա ցավին և ամեն բան արեցի,

որ այս ընտանիքը չդժբախտանա:

ԱԼԵՔՍ (տարօրինակ նայելով Ղևոնդին) – Չեմ հասկանում, թե ես ո՞ւմ ամուսինն եմ:

(Ռոզին վտանգը զգալով փաթաթվում է Ալեքսին: Ալեքսը փորձում է ետ գնալ,

Ռոզին ամուր գրկում է և չի թողնում):

ՌՈԶԻ – Սիրելի՜ս… (Ավելի ամուր է փաթաթվում Ալեքսին):

ՎԱՐԴԳԵՍ – Ես դժվարանում եմ տարբերել, թե ո՛վ է կինը և ո՛վ է ամուսինը:

(Մտածելով): Ուրեմն այս տղամարդ կինը, այս տան սպասուհու ամուսի՞նն է:

ՂԵՎՈՆԴ (զարմանքով)– Ի՞նչ սպասուհի, պարոն ոստիկան: Նա այս տան տիրուհի է:

(Աղջիկները կարկամած նայում են իրար: Ալեքսն ազատվում է Ռոզիից և

շարունակում է գլուխը բռնած նայել շուրջբոլորը):

ՎԱՐԴԳԵՍ – Ո՞նց թե… (Ցույց տալով Մագդալենային): Իսկ ձեր դստրիկն ո՞վ է:

ՄԱԳԴԱԼԵՆԱ (կտրուկ) – Ես այս բնակարանը պատրաստվում եմ գնել իմ

սպասուհուց և արդեն ինձ զգում եմ այս տան տիրուհին:

ԱԼԵՔՍ (գլուխը ձեռքերի մեջ առած) – Իմ պապի՜կը… Իմ պապի՜կը… (Նայելով

զգեստին): Ես այսպես չեմ կարող գնալ հանգուցյալ պապիկիս հրաժեշտ տալու:

ՂԵՎՈՆԴ – Էլի՞ հանգուցյալ կա… Պետք է անպայման աղոթել:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Տեր հայր, մե՛կ րոպե… (Պայուսակից գումար է հանում և տալիս է

Ղևոնդին): Էլ պետք չէ աղոթել:

ՎԱՐԴԳԵՍ (կասկածաքով) – Էս տունը շատ տարօրինակ է: Տարօրինակ

հարաբերություններ… Տարօրինակ հարևաններ… Ամենուր հանգուցյալներ են

ու հոգիներ: Հավանաբար հարևանները չեն սխալվել: (Ալեքսին): Ներեցեք,

երիտասարդ, չգիտեմ ինչ… Ի՞նչ հանգուցյալի մասին եք խոսում:

ԱԼԵՔՍ – Պապիկի՜ս… Ես համոզված եմ, որ նա անհամբեր սպասում էր ինձ, իսկ ես

չկարողացա գնալ նրա մոտ:

ՎԱՐԴԳԵՍ (աղջիկներին) – Փաստորեն այդ հանգուցյալ պապիկի՞ն եք գաղտագողի

բերել այս տուն: Հավանաբար հարևանները նրա դիակն են տեսել:

ԱԼԵՔՍ (նայելով) – Ուրեմն իմ պապիկն այստե՞ղ է:

ՌՈԶԻ – Չէ՛, սիրելիս… Քո պապիկը մեր տանը չէ… Նա իր տանն է:

ՂԵՎՈՆԴ – Մեղա՜, մեղա՜… Ես աղոթում եմ հոգիների փրկության համար, դուք

այստեղ նոր դիակնե՞ր եք բերում:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Լսե՛ք, պարոն լեյտենատ… Մենք արդեն ասացինք, չէ՞, որ այդ դիակի

հետ ոչ մի կապ չունենք:

ՎԱՐԴԳԵՍ (Ալեքսին) – Երիտասարդ չգիտեմ ինչ… Ո՞վ է սպանել ձեր պապիկին:

(Կասկածով նայելով Թամարային և Մագդալենային): Այս կանա՞յք:

ԱԼԵՔՍ – Ոչ… Իմ պապիկին չեն սպանել, այլ ինձ էին ուզում սպանել:

ՄԱԳԴԱԼԵՆԱ (կամաց)– Վա՜խ, տեր Աստվա՜ծ…

ՎԱՐԴԳԵՍ – Ո՞վ էր ուզում ձեզ սպանել…

ՌՈԶԻ (կամաց) – Մամա՜ ջան…

ՎԱՐԴԳԵՍ – Այս կանա՞յք…

ԹԱՄԱՐԱ (կամաց) – Վե՜րջ ամեն ինչին:

ԱԼԵՔՍ – Ո՜չ… (Աղջիկները ժպտում են): Այս կանայք փրկեցին իմ կյանքը: Ինձ գցել

էին մեքենայի տակ և փախել:

ՂԵՎՈՆԴ – Ես էլ ձեզ հարություն տվեցի:

ՌՈԶԻ (փաթաթվելով Ալեքսին) – Շնորհակալ եմ, տեր հայր, որ ամուսնուս

կենդանացրիք: (Ալեքսն ազատվում է Ռոզիից):

ԱԼԵՔՍ – Ի՞նչ ամուսին:

ՌՈԶԻ – Սիրելիս, դու երևի մոռացել ես ամեն ինչ… Ոչինչ ժամանակի ընթացքում

կհիշես մեր սերը:

ՎԱՐԴԳԵՍ (համբերությունը հատած) – Վե՜րջ… Այստեղ ինչ-որ գաղտնիք կա,

որը պետք է անհապաղ պարզել: Այս տունը իրոք դժոխքի նման է: Որովհետև ինձ

հետ էլ է ինչ-որ ահասկանալի բան կատարվում: Ես կարծես, ես չլինեմ:

ԹԱՄԱՐԱ – Պարոն լեյտենանտ, դուք երբ եկաք, ձեզ վատ զգացիք, իսկ մենք

փորձեցինք ձեզ էլ օգնել, ինչպես Ալեքսին: (Ցույց տալով սեղանի վրայի դեղերն ու

ներարկիչը): Խնդրեմ նայեք… Մենք ձեզ առաջին օգնություն ենք ցույց տվել:

ՎԱՐԴԳԵՍ – Չեմ ուզում ոչինչ լսել… Դուք հենց հիմա ինձ հետ կգաք

ոստիկանություն:

ՂԵՎՈՆԴ (խաչը վերև պարզելով) – Սո՜ւրբ Հիսուս Քրիստոս, օգնի՜ր մեզ…

ԹԱՄԱՐԱ – Դուք իրավունք չունեք մեզ հետ այդպես վարվելու առանց փաստացի

ապացույցների:

ՎԱՐԴԳԵՍ – Շատ լավ: Ապացույցները կտեսնեք շուտով: (Դուրս է գնում):

ԱԼԵՔՍ – Իմ սիրելի պապի՜կը…

ՌՈԶԻ (փաթաթվելով Ալեքսին) – Սիրելիս, այդքան մի տխրիր… Հասկանում եմ, որ

ցավալի է, բայց դե, ի՞նչ կարող ենք անել:

ԱԼԵՔՍ (ազատվելով Ռոզիից) – Խնդրում եմ, հանգիստ թողեք ինձ:

ՂԵՎՈՆԴ – Երիտասարդ, ինչո՞ւ եք ձեր կնոջ հետ այդպես վարվում: Նա մտածում է

ձեր մասին և ձեզ հետ միասին տանջվում է: Դուք չէիք կարող պատկերացնել, թե

նա ինչպե՜ս էր տառապում, երբ դուք մեռել էիք:

ԱԼԵՔՍ – Բայց ես ամուսնացած չեմ:

ՂԵՎՈՆԴ – Հավանաբար դուք այնքան ծանր եք տարել ձեր մահը, որ մոռացել եք ձեր

կողակցին:

ՌՈԶԻ – Այո, իմ սիրելին շատ ցրված է դարձել վերջերս:

ՄԱԳԴԱԼԵՆԱ (կտրուկ) – Տեր հայր… Ինձ թվում է, որ դուք պետք է աղոթեք նաև մեր

պապիկի հոգու հանգստության համար: Ես ու եղբայրս շատ ծանր եք տանում

նրա մահը:

ՂԵՎՈՆԴ (Ալեքսին) – Ձեր քույրիկի՞ս էլ չեք հիշում:

ԱԼԵՔՍ – Բայց նա իմ քույրը չէ:

ՂԵՎՈՆԴ (հոգոց հանելով) – Երևում է, դուք կորցրել եք ձեր հիշողությունը:

ԹԱՄԱՐԱ – Քո մանկության ընկերուհո՞ւն էլ ես մոռացել:

ԱԼԵՔՍ – Ես խելագար չեմ և հիշողության կորուստ էլ չունեմ:

ՂԵՎՈՆԴ – Ինչ լավ է զավակս, որ սկսում եք հիշել:

ԱԼԵՔՍ – Տեր հայր… Ես աղջիկների հետ նոր եմ ծանոթացել…(Ցույց տալով Ռոզիին):

Նրա ծննդյան օրով:

ՂԵՎՈՆԴ (տխուր) – Փաստորեն ամեն բան դեռ լուրջ է:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Տեսնո՞ւմ եք, հայր սուրբ… Հիմա շատ հարմար պահ է, որպեսզի

շարունակեք ձեր աղոթքները: Եղբորս հիշողության և մեր սիրելի հանգուցյալ

պապիկի հոգու համար:

ԹԱՄԱՐԱ – Այս անգամ էլ ես կվճարեմ աղջիկները: Հավանաբար ձեր գումարներն

արդեն վերջացան:

ՌՈԶԻ և ՄԱԳԴԱԼԵՆԱ – Այո…

ՂԵՎՈՆԴ – Հիմա էլ կարելի է սկսել խոհանոցից: (Խաչը պարզած մտնում է

խոհանոց: Աղջիկները նայում են Ալեքսին: Ալեքսը վախից ետ է գնում):

ԱԼԵՔՍ – Ես խելագար չեմ: Հիշողության կորուստ էլ չունեմ… Ինչո՞ւ եք ինձ այդպիսի

վայրենի հայացքով նայում:

ԹԱՄԱՐԱ – Ձեր պատճառով մենք սննկացանք:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Եվ ձեր պատճառով մենք կարող էինք բանտում հայտնվել:

ԱԼԵՔՍ – Բայց ես ի՞նչ մեղավոր եմ:

ԹԱՄԱՐԱ – Եթե դուք չմեռնեիք, մենք մեր խնայողությունները չէինք վատնի:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Եթե դուք մի քիչ էլ խոսեինք, մենք հիմա կալանավորված կլինեինք:

(Խոհանոցից լսվում է Ղևոնդի «Ալելուիա» երգի ձայնը):

ԱԼԵՔՍ (միամիտ) – Բայց ես ամուսնացած չեմ… Հորեղբոր աղջիկ էլ չունեմ…

Մանկության ընկերուհի ունեմ: (Նայելով Թամարային): Բայց դա դուք չեք: Չեմ

հասկանում, թե այդ քահանան ինչո՞ւ է կարծում, թե ես խելագարվել եմ ու

հիշողության կորուստ ունեմ:

(Խոհանոցից դուրս է գալիս Ղևոնդը և մտնում է Ռոզիի ննջասենյակ):

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Այդ քահանան՝ սուրբ Ղևոնդ Տեր Պճաքչյանը, պետք է իմանա, որ

ես ձեր հորեղբոր աղջիկն եմ:

ԹԱՄԱՐԱ – Իսկ ես ձեր մանկության ընկերուհին:

ՌՈԶԻ – Ես էլ ձեր կինը և այս տան տիրուհին: Իսկ լեյտենանտի, այդ Վարդգես

Ֆրանգուլյանի համար, ես էլի պետք է մնամ ձեր կինը, ուղղակի, որպես

սպասուհի:

ՄԱԳԴԱԼԵԱ – Իսկ ես այս տան նոր տիրուհին:

ԹԱՄԱՐԱ – Ես էլ Անգլիայից եկած, Մագդալենայի քույր…

ԱԼԵՔՍ – Բայց ինչի՞ համար:

ԹԱՄԱՐԱ – Որպեսզի բոլորով բանտ չգնանք:

ԱԼԵՔՍ (սարսափով) – Բա՞նտ… Աստվա՜ծ իմ… Իսկ պապիկիս դիա՞կը:

ԹԱՄԱՐԱ – Այ տեսնո՞ւմ եք: Երբ այս վիճակը վերջանա, դուք էլ կգնաք ձեր

հանգուցյալ պապիկի մոտ: Դե, նկատի ունեմ, որ կգնաք նրան հրաժեշտ տալու:

ԱԼԵՔՍ – Բայց խաբեության համար են ձերբակալում, ոչ թե՝ ճշմարտությունն ասելու:

ԹԱՄԱՐԱ – Հիմա հակառակն է: Ժամանակները փոխվել են:

ՌՈԶԻ – Եթե դուք մեզ չօգնեք, ապա լեյտենանտը կարող է մտածել, որ մենք էինք

ցանկանում ձեզ սպանել:

ԱԼԵՔՍ – Բայց ես նրան արդեն ասացի, որ դուք միայն փրկել եք կյանքս:

ՌՈԶԻ – Մեր հարևանները բամբասկոտ են ու նախանձ: Նրանք ինչեր ասես, որ չեն

հորինի լեյտենանտի մոտ, որպեսզի մեզ վատություն անեն:

(Այդ պահին Ռոզիի սենյակից դուրս է գալիս՝ Ղևոնդը: Ռոզին նրան տեսնելով

արագ գրկում է Ալեքսին և երկուսով միամիտ ընկնում են բազմոցին: Ղևոնդը

օրհնելով կանգնում է):

ԹԱՄԱՐԱ – Այ տեսնո՞ւմ եք, հայր սուրբ, թե ինչքա՜ն հզոր են ձեր աղոթքները:

ՂԵՎՈՆԴ – Աստվա՜ծ օրհնի… Աստվա՜ծ օրհնի… (Մտնում է լոգարան):

ՌՈԶԻ (կանգնելով, շոյված) – Ներեցեք, Ալեքս… Ես չէի ուզում: Միամիտ ստացվեց:

ԱԼԵՔՍ (գերված) – Ոչինչ, ոչինչ…

ՂԵՎՈՆԴ (լոգարանից)– Հա՜յր մեր… Օրհնի՜ր նրանց պապիկի հոգին:

ԱԼԵՔՍ – Ա՜խ, իմ սիրելի պապի՜կը… Նա մահացել է, իսկ ես դեռ նրա կողքին չեմ:

Անիծյալ լինի այդ ավտովթարը: Ես գնում էի պապիկիս հոգեհանգստին… Եվ հենց

նրանց շենքի մոտ պատահեց այդ դժբախտությունը: Երևի պապիկս նեղացել է

ինձանից: Ես չհասցրի բարձրանալ վերև և տեսնել իմ սիրելի, Վոլոդյա պապիկին:

ՌՈԶԻ (զգաստացած) – Վոլոդյա պապիկի՞ն:

ԱԼԵՔՍ – Այո, այո… Ես նրան շատ էի սիրում: Նա տատիկիս հետ նոր էր

տեղափոխվել այդ շենք: Նրանք երջանիկ ամուսիններ էին: Իր 90 ամյակի

կապակցությամբ հայրս էր նրանց նվիրել այդ բնակարանը:

ՌՈԶԻ – Դուք Վոլոդյա պապիկի թո՞ռն եք:

ԱԼԵՔՍ – Այո… Միակ և սիրելի:

ՌՈԶԻ – Բայց նա ե՞րբ է մահացել;

ԱԼԵՔՍ – Այսօր առավոտյան:

ՌՈԶԻ (տխուր) – Խե՜ղճ Վոլոդյա պապիկ… Ներեցեք, ես չգիտեի, որ նա մահացել է: ԱԼԵՔՍ – Դուք իմ պապիկին ճանաչո՞ւմ եք:

ՌՈԶԻ – Իհարկե, ճանաչում եմ… Նա մեր վերևի հարևանն է:

ԹԱՄԱՐԱ և ՄԱԳԴԱԼԵՆԱ (նայելով վերև) - Վերևո՞ւմ էլ դիակ կա:

ԹԱՄԱՐԱ – Թոռնիկը՝ ներքևում:

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Պապիկը՝ վերևում:

ԱԼԵՔՍ (նայելով վերև) - Իմ Վոլոդյա պապիկը վերևո՞ւմ է:

ՂԵՎՈՆԴ (դուրս գալով լոգարանից) – Վոլո՞դյա… (Ալեքսին): Զավակս, դուք ասացիք,

Վոլո՞դյա… (Ալեքսը գլխով տխուր դրական շարժում է անում: Ղևոնդը

ծոցագրպանից հանում է փոքրի գրանցման գրքույկը, նայում է և մնում

քարացած): Փաստորեն ինձ հրավիրել էին, որպեսզի ես աղոթեի պապիկի, այլ ոչ

թե թոռնիկի հոգու համար:

ՌՈԶԻ – Տեր հայր, դուք ուզում էիք ասել, որ պետք է գնայիք Վոլորդյա պապիկի

բնակարան և մեկ հարկ շփոթել եք ու եկել եք ի՞մ տուն:

ՂԵՎՈՆԴ – Կարծես թե այո, դստրիկս: Պարզապես երբ մտա ձեր բնակարան, թոռնիկ

դիակը՝ ձեր ամուսինը մեռած պառկած էր բազմոցին՝ սպիտակ սավանով

փաթաթված և ես մտածեցի, թե ճիշտ եմ եկել;

ԹԱՄԱՐԱ – Դրա համար պետք էր ճշտել, նոր աղոթել:

ՂԵՎՈՆԴ – Դստրիկս, ես ի՞նչ մեղավոր եմ, երբ ինձ հեռախոսով ասացին, որ

հանգուցյալի անունը Վոլոդյա է: (Ռոզիին): Տիկին, ախր դուք ինձ չասացիք ձեր

ամուսնու անունը:

ՌՈԶԻ – Իմ սիրելի ամուսինը, երբ իմացավ իր պապիկի մահվան մասին, ինքն էլ էր

ուզում մեռնել, բայց դուք նրան փրկեցիք մահվանից: (Փաթաթում է Ալեքսին):

Սիրելի՜ս:

ԹԱՄԱՐԱ – Ում էլ այդքան փող տաս հաստատ մեռածին կկենդանացնի:

ՂԵՎՈՆԴ – Զավակներս, ինձ պետք է վճարեք նաև աղոթքի վերջին փուլի համար:

ԹԱՄԱՐԱ – Հա, ճիշտ է… Այս անգամ ես պետք է վճարեի: (Պայուսակից գումար է

հանում և տալիս Ղևոնդին):

ՂԵՎՈՆԴ (Ալեքսին)- Երիտասարդ, եկեք բարձրանաք վերև… Ես պետք է աղոթեմ

ձեր պապիկի հոգու համար:

ԹԱՄԱՐԱ (ծաղրանքով, Ալեքսին) – Իմիջայլոց դա թանկ արժե:

ԱԼԵՔՍ – Բայց ես հիմա մոտս գումար չունեմ:

ՂԵՎՈՆԴ – Ոչ մի խնդիր: (Ալեքսը մեղմ ժպտում է): Կձևակերպենք, որպես վարկ՝ ձեր

ստորագրությամբ: (Ալեքսի ժպիտը քարանում է):

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Տեր հայր… Իսկ եթե աղոթքի այս փուլը դուրս հանե՞նք ձեր

ծրագրերից: Չէ՞ որ դուք այս տանն արդեն աղոթեցիք պապիկի հոգու համար:

Հավանաբար նա արդեն ստացել է մեղքերի թողություն:

ՂԵՎՈՆԴ – Ոչ մի դեպքում, դստրիկս… Ապառիկ աղոթքն այնքան ուժ չունի, որքան

կանխիկը: Ես պետք է աղոթեմ հենց նրա բնակարանում: (Ալեսքին):Երիտասարդ,

ձեր պապիկի բնակարանում նոր սենյակներ ավելաված չե՞ն:

ԱԼԵՔՍ – Չէ, չէ… Ամեն ինչ այնպես է, ինչպես այստեղ:

ՂԵՎՈՆԴ – Դե, ուրեմն ավել գումար չեք վճարի: Ընդամենը 450 դոլլար: (Շտապ):

Գնացինք, գնացինք… (Ուզում են գնալ: Ալեքսը նկատի հագի կնոջ զգեստը):

ԱԼԵՔՍ – Ներեցեք, բայց ես չեմ կարող այսպես ներկայանալ հանգուցյալ պապիկիս:

Նրա հոգին իմ մասին ի՞նչ կմտածի: Ես պետք է զգեստափոխվեմ: (Մտնում է

լոգարան):

ՂԵՎՈՆԴ – Երիտասարդ, ես բարձրանում եմ վերև և սպասում եմ ձեզ: Առանց ձեր

ստորագրության ոչ մի աղոթք: (Ռոզիին): Տիկին, մեկ հարկ վերև, չէ՞:

ՌՈԶԻ – Այո… Ուղիղ իմ բնակարանի վերևը:

ԹԱՄԱՐԱ (կիսածիծաղով) – Տեր հայր, հանկարծ էլի չշփոթեք և ուրիշ բնակարան

մտնեք:

ՂԵՎՈՆԴ (ինքն իրեն) – Ուղիղ մեկ հարկ վերև… Ուղիղ մեկ հարկ վերև…

(Դուրս է գնում):

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Աչքերիս չեմ հավատում:

ՌՈԶԻ – Ա՜յ քեզ խայտառակություն: Տեսնո՞ւմ եք, թե Աստծո անվան տակ ինչե՜ր են

անում:

ԹԱՄԱՐԱ – Սրա նմանները աղոթում են, որ ոչ թե մարդ լավանա, այլ՝ մեռնի: Որ

սենյակների քանակը հաշվելով բարձրացնեն տոկոսադրույքը:

(Այդ պահին արագ ներս է մտնում Վարդգեսը՝ ձեռքին մի քանի թղթեր):

ՎԱՐԴԳԵՍ (նայելով շուրջը) - Որտե՞ղ են ձեր չմեռած ամուսինը և իրեն քահանա

երևակայող ու ձեր հանգուցյալ ամուսնուն հարություն ձեր տվող հայրը:

ՌՈԶԻ – Մեկը վերևում է, մյուսը՝ լոգարանում:

(Վարդգեսը նայում է մեկ լոգարանի դռան, մեկ՝ վերև):

ԹԱՄԱՐԱ (վերևը ցույց տալով) – Գնացել է դիակի մոտ:

ՎԱՐԴԳԵՍ (սառած) – Վերևո՞ւմ էլ դիակ կա…

ՄԱԳԴԱԼԵՆԱ – Վերևում իսկական դիակն է:

ՎԱՐԴԳԵՍ – Չեմ հասկանում, թե ինչ է կատարվում այս շենքում: Ամենուր դիակներ

են: (Նստում է բազմոցին և թղթերին է նայում: Աղջիկները անորոշ նայում են

իրար): Ավելի լավ… Նրանք չեն տեսնի և չեն տխրի:

ԹԱՄԱՐԱ – Դուք ի՞նչը նկատի ունեք, պարոն լեյտենանտ:

ՎԱՐԴԳԵՍ – Տիկնայք, դուք հենց հիմա ինձ հետ գալիս եք ոստիկանություն:

ՌՈԶԻ – Ինչի՞ համար:

ՎԱՐԴԳԵՍ - Կգնանք այնտեղ կիմանաք:

ՄԱԴԳԱԼԵՆԱ – Բայց մենք հանցագործներ չենք:

ՎԱՐԴԳԵՍ – Դա դեռ հարց է:

ՄԱԴԳԱԼԵՆԱ – Բայց դուք իրավունք չունեք առանց հիմնավոր ապացույցների մեզ

բաժին տանել:

ՌՈԶԻ – Մենք կբողոքենք:

ԹԱՄԱՐԱ – Այո, այո… Մենք կբողոքենք:

ՎԱՐԴԳԵՍ – Հարևաններն արդեն բողոքել են և տվել են իրենց ստորագրությունները:

(Թղթերը թափահարելով): Ահա, փաստացի ապացույցները: Բայց դուք մի

անհանգստացեք… Եթե անմեղ եք, ուրեմն վախենալու ոչինչ չունեք: Չնայած իմ

տեսածներից և լսածներից հետո, ես մի փոքր կասկածում եմ: (Պատրաստակամ):

Արագացրե՛ք, վե՛ր կացեք:

ՌՈԶԻ – Գնամ զգեստափոխվեմ… Տնային խալաթով ամոթ է:

ՎԱՐԴԳԵՍ – Ձեր գեղեցկությունն այնտեղ ոչ մեկին հետաքրքիր չէ, տիկին: Դուք չեք

գնում նորաձևության մրցույթի մասնակցելու:

ԹԱՄԱՐԱ (կամաց) – Աստվա՜ծ իմ…

ՄԱԳԴԱԼԵՆԱ (կամաց) – Ա՜յ քեզ խայտառակություն:

ՌՈԶԻ (կամաց) – Սա իմ «ամենալավ» ծննդյան օրն էր:

ՎԱՐԴԳԵՍ (ձեռքը դեպի դուռը) – Բարի ճանապարհ, տիկնայ՜ք… (Դուրս են գնում):

(Բեմը դատարկ է: Այդ պահին ուրախ տրամադրությամբ ներս է մտնում՝

Ջուլիաննան: Հագնված է դասական և էլեգանտ, ինչպես հագնվում են ինչ-որ

հանդիպման գնալիս: Բարձրակրունկ կոշիկներով: Լայնեզր գլխարկով:

Պայուսակն ուսին: Պարանոցին և ձեռքերին տարբեր գույների աքսեսուարներ:

Մեկ ձեռքին՝ հովհար, իսկ մյուսին՝ ճամփորդական ճամպրուկ, որը ետևից

սահեցնելով բերում է):

ՋՈՒԼԻԱՆՆԱ (երջանիկ) – Անակնկա՜լ… (Նկատում է, որ սենյակը դատարկ է:

Նայում է աջ ու ձախ: Ճամպրուկը դնում է գետնին, իսկ պայուսակն ու հոնվհարը

բազմոցին: Բազմոցի վրա նկատում է աղջիկների պայուսակները և նվերների

տոպրակները: Ժպտում է: Մոտենում է սեղանին և իրեն օղի է լցնում և խմում):

(Ձայնելով): Սիրելի՜ս… Սիրելի՜ս, որտեղ ես: Ռոզի՜… Վերջապես հասցրի գալ,

որպեսզի շնորհավորեմ ծնունդդ: (Լոգարանից լսվում է ջրի խշշոց):

(Ջուլիաննայի հայացքն ուղղում է դեպի լոգարանի դուռը և շարունակում է

ժպտալ: Լայնեզր գլխարկը հանելով մտնում է իր ննջասենակ: Ջրի խշշոցը

կտրվում է: Ննջասենյակից լսվում է Ջուլիաննայի ձայն: Ոչ այնքան տաղանդավոր

երգում է «Պույ-պույ մկնիկ»-ի երգը: Ջուլիաննայի ձայնը լսելով Ալեքսը

լոգարանից գլուխը դուրս է հանում):

ԱԼԵՔՍ (կիսակամաց) – Աղջիկնե՜ր… (Նկատում է, որ սենյակը դատարկ է: Նկատում

է հատակին դրված ճամպրուկը: Դուրս է գալիս լոգարանից: Հագին միայն

տաբատն է: Մազերը թաց են: Մի ձեռքին իր վերնաշապիկն է, իսկ մյուսին՝ Ռոզիի

զգեստն է, որը հագել էր:Գալիս է կենտրոն: Նայում է ճամպրուկին: Ննջասենյակից

շարունակում է հնչել Ջուլիաննայի կիսատաղանդ երգը: Ալեքսը մտնում է Ռոզիի

մայրիկի ննջասենյակ: Ջուլիաննայի ձայնը կտրվում է: Դադար: Սենյակից

գնդակի նման դուրս է թռչում Ջուլիաննան՝ լայնեզր գլխարկը հանած և պահած

դեպի կրծքերը):

ՋՈՒԼԻԱՆՆԱ (ինքնամոռաց ձայնով) – Օգնեցե՜ք… (Ննջասենյակից թշվառական

հայացքով և վերնաշապիկն ու Ռոզիի զգեստը ձեռքին, դուրս է գալիս ՝ Ալեքսը և

նայում Ջուլիաննային: Ռոզիի զգեստը թաքցնում է ետևում, որպեսզի Ջուլիաննան

չտեսնի):

ԱԼԵՔՍ (համեստ) – Բարև ձեզ:

ՋՈՒԼԻԱՆՆԱ – Դուք ո՞վ եք…

ԱԼԵՔՍ (առաջ գալով) – Ալեքսը…

ՋՈՒԼԻԱՆՆԱ (ետ-ետ գնալով) – Չմոտենա՜ս… Սրիկա՛…

ԱԼԵՔՍ – Ներեցեք… Իսկ նրանք ո՞ւր են…

ՋՈՒԼԻԱՆՆԱ – Ձեզ ինչ:

ԱԼԵՔՍ - Իսկ դուք ո՞վ եք…

ՋՈՒԼԻԱՆՆԱ – Այստեղ հարցեր, ես եմ տալիս: (Ալեքսն ուզում է էլի առաջ գալ):

(Ջուլիաննան սեղանից վերցնում է դանակը և սպառնում նրան): Ասացի,

չմոտենա՜ս… Ավազա՛կ:

ԱԼԵՔՍ (համեստ) – Ոնց կասեք: (Կանգնում է):

ՋՈՒԼԻԱՆՆԱ – Ե՞րբ եք մտել այս տուն:

ԱԼԵՔՍ – Քիչ առաջ:

ՋՈՒԼԻԱՆՆԱ – Ուրեմն դուք չե՞ք թաքցնում…

ԱԼԵՔՍ – Իհարկե ոչ, տիկին:

ՋՈՒԼԻԱՆԱ – Իսկ ինչպե՞ս եք մտել:

ԱԼԵՔՍ – Ես չեմ մտել… Ինձ բերել են:

ՋՈՒԼԻԱՆՆԱ (ինքն իրեն) – Ես Ռոզիից այդպիսի բան չեմ հավատում: (Բարձր):

Ո՞վ է բերել:

ԱԼԵՔՍ – Աղջիկները:

ՋՈՒԼԻԱՆՆԱ – Ի՞նչ աղջիկներ…

ԱԼԵՔՍ – Սրտացավ:

ՋՈՒԼԻԱՆՆԱ – Ինչպե՞ս պատահեց, որ դուք չեք եկել, բայց ձեզ բերել են:

ԱԼԵՔՍ – Որովհետև այդ ժամանակ ես դիակ էի, իսկ հետո հարություն առա:

ՋՈՒԼԻԱՆՆԱ (խաչակնքելով երեսը) – Չա՜ր քեզ, սև սատանա… Իսկ ինչո՞ւ եք

կիսամերկ…

ԱԼԵՔՍ – Սպասում էի, որպեսզի շորերս չորանային: Բայց ես արդեն պատրաստվում

էի հեռանալ: Հանգուցյալ պապիկս ինձ է սպասում:

ՋՈՒԼԻԱՆՆԱ (ետ գնալով) – Հիսո՜ւս Քրիստոս: (Հովհարը վերցնում է բազմոցից: Մի

ձեռքով բռնել է դանակը, իսկ մյուսով՝ հովհարը և սպառնում է Ալեքսին: Նկատում

է Ռոզիի զգեստը): Արագացրեք, այդ շորերը դրեք բազմոցին: (Ալեքսը Ռոզիի

զգեստը դնում է բազմոցին): Ձեր պապի՞կն էլ է հարություն առել:

ԱԼԵՔՍ – Չէ… Նա իսկապես մահացել է

ՋՈՒԼԻԱՆՆԱ – Իսկ ո՞վ է ձեզ նման հանցագործին հարություն տվել:

ԱԼԵՔՍ – Տեր հայրը:

ՋՈՒԼԻՆՆԱ – Դժոխքից միանգամից եկել եք այստե՞ղ…

ԱԼԵՔՍ – Տիկին… Երբ ես դեռ մեռած էի, այդ բարի աղջիկները իմ դիակը բերեցին

այստեղ: Հետո, բոլորովին պատահական եկավ տեր հայր, սուրբ Ղևոնդ

Պճաքչյանը և այնքան աղոթեց սենյակներում, խոհանոցում և լոգարանում, որ

հոգիս ետ եկավ: Հետո հայտնվեց ավագ լեյտենանտ՝ Վարդգես Ֆրանգուլյանը և

ուզում էր այդ երեք անմեղ հրեշտակներին բանտ տաներ: (Ջուլիաննան ապշում

է): Բանտից խուսափելու համար, տեր հայր, Ղևոնդ Պճաքչյանի համար

Թամարան դարձավ իմ մանկության ընկերուհին, Մագդալենան՝ իմ հորեղբոր

աղջիկ, չնայած ես հորեղբայր չունեմ, իսկ Ռոզին՝ իմ հավատարիմ կինը, ով

մազերը պոկում էր, երբ ես մեռել է: (Ջուլիանան վատացած բռնում է սիրտը):

Իսկ ավագ լեյտենանտ՝ Վարդգես Ֆրանգուլյանի համար, Թամարան էլի մնաց իմ

մանկության ընկերուհին: Նրա բախտը բերեց, իր գործը հեշտ էր: Մագդալենան՝

Ռոզիի փոխարեն դարձավ այս տան իսկական տիրուհին: Իսկ իսկական տան

տիրուհին, այսինքն՝ Ռոզին, դարձավ տան կեղծ տիրուհու Մագդալենայի

սպասուհին: (Ջուլիաննան վատացած նստում է բազմոցին): Իսկ ես ստիպված

դարձա մեկ տան իսկական տիրուհու ամուսինը, մեկ էլ՝ սպասուհի դարձած

տիրուհու ամուսինը: Ում տեր հայր Ղևոնդ Պճաքչյանը օրհնել էր, այս տունը

դարձնելով բիզնեսի կառավարման միջազգային կենտրոն: Որտեղ ամեն մի

քառակուսի մետրը դոլլարներ արժեր: Այսինքն, ես այդ բախտավոր դիակն էի, ով

վերածնվեց: Իսկ վերևի հարկում իմ սիրելի պապիկն է մահացել և փոխարինել է

ինձ՝ դառնալով իսկական հանգուցյալ: (Ջուլիաննան ուշաթափվում է և ընկնում

բազմոցին: Ալեքսը վազում է դեպի Ջուլիաննան): Տիկի՜ն, խնդրո՜ւմ եմ… Հիմա էլ

դուք չմեռնե՜ք: (Վազում է խոհանոց: Բեմը դատարկ է: Ներս է մտնում՝ Ղևոնդը):

ՂԵՎՈՆԴ – Երիտասարդ, արագացրեք… Ես չեմ ուզում առանց ձեր

հովանավորության սկսել աղոթքի առաջին փուլը: (Առաջ է գալիս և նկատում է

Ջուլիաննային: Խաչակնքում է երեսը): Մեղա՜… Մեղա՜…

(Մոտենում է Ջուլիաննային): Էլի դիա՞կ է ծնվել: (Ձեռքերն իրար հպելով): Լավ էլ

հարուստ դիակ է երևում: (Բռնում է Ջուլիաննայի ուսերից և սկսում է կամաց

շարժել): Տիկին, դո՞ւք էլ եք մեռել: (Խոհանոցից դուրս է վազում Ալեքսը՝ ջրի

բաժակը ձեռքին: Տեսնելով Ղևոնդին՝ կանգնում է):

ԱԼԵՔՍ – Տեր հա՞յր… Դուք ի՞նչ եք անում այստեղ… Ինչպե՞ս չեք ամաչում:

ՂԵՎՈՆԴ – Երիտասարդ, ի՞նչ ամոթ կա նրանում, որ ես ցանկանում եմ ստուգել, թե

մահվան որ փուլում է այդ տիկինը:

ԱԼԵՔՍ – Դուք ճանաչո՞ւմ եք այս տիկնոջը:

ՂԵՎՈՆԴ – Միայն այնքանով, որ արդեն դիակ է:

ԱԼԵՔՍ – Հավանաբար այս կինն էլ է հասցեները շփոթել: Եկել է, որ ուրիշի տանը

մահանա:

ՂԵՎՈՆԴ – Կարելի է գտնել նրա հարազատներին, որպեսզի խոսենք հոգեհանգստի

աղոթքի վճարման մասին:

ԱԼԵՔՍ – Դուք աղջիկների չե՞ք տեսել…

ՂԵՎՈՆԴ – Ոչ…

ԱԼԵՔՍ (ջուրը լցնելով Ջուլիաննայի վրա) – Տիկի՜ն… Խնդրո՜ւմ եմ ձեզ, մի

մահացե՜ք…

ՂԵՎՈՆԴ (ետ պահելով Ալեքսին) – Մի խանգարեք դիակին: Թողեք հանգիստ հոգին

խաղաղվի: (Ջուլիաննան ուշքի գալիս և նստում բազմոցին: Ղևոնդը սարսափած է

ետ է գնում: Խաչը պարզում է դեպի Ջուլիաննան): Մեղա՜, մեղա՜… Դեռ չաղոթած,

այս դիակն էլ հարություն առավ:

ՋՈՒԼԻԱՆՆԱ (բարձր) – Հանցագործնե՜ր…

ԱԼԵՔՍ – Ինչ լավ է, որ դուք չմահացաք:

ՋՈՒԼԻԱՆՆԱ - Լռե՜ք… (Ալեքսը լռում է):

ՂԵՎՈՆԴ – Տիկին, դուք ինչո՞ւ էիք ուրիշի տանը մահացել;

ՋՈՒԼԻԱՆՆԱ – Անամո՛թ քահանա… Երևի դուք եք ամուսնացրել նրանց, չէ՞…

ՂԵՎՈՆԴ – Ի՞նչ ամուսնություն, տիկին… Ես այստեղ եկել եմ, ոչ թե ամուսնացնելու,

այլ՝ մեռածների հոգիների համար աղոթելու:

ՋՈՒԼԻԱՆԱ – Ինչո՞ւ եք ամուսնացրել աղջկաս և այս կիսամերկ մեյմունին:

ԱԼԵՔՍ (զարամացած) – Ուրեմն դուք Ռոզիի մա՞յրն եք…

ՂԵՎՈՆԴ (Ալեքսին, զարմացած) – Նա ձեր զոքա՞նչն է…

ԱԼԵՔՍ (միամիտ) – Բայց ես ամուսնացած չեմ…

ՋՈՒԼԻԱՆՆԱ – Խաբեբա՜… Դու ինքդ քիչ առաջ ասացիր, որ Ռոզիի ամուսինն ես:

ԱԼԵՔՍ - Ես նրա ամուսինը չեմ…

ՂԵՎՈՆԴ – Ինչպե՞ս թե ամուսինը չեք… Իսկ տիկին Ռոզին ո՞վ է… Ձեր սիրուհի՞ն:

ՋՈՒԼԻԱՆՆԱ (ապտակելով Ալեքսին) – Տակա՜նք…

ԱԼԵՔՍ (բռնելով այտը) – Ա՜խ…

ՂԵՎՈՆԴ – Եթե ամուսնանալու հարց կա, ես սիրով պատրաստ եմ… Պարզապես դա

ավելի թանկ արժե: Որովհետև այս պարագայում ես գործ ունեմ մարդկանց

ճակատագրերի երաշխավորման հետ, իսկ դիակների հարցում

պարտականություն վերցնելու խնդիր չկա:

ԱԼԵՔՍ (բարձր) – Պարոն քահանա՜… Բավակա՜ն է սակարկեք: Դուք շուկայում չեք:

(Ջուլիաննային): Տիկին… Իսկ ձեր աղջիկը աշխարհի ամենալավ ու բարի աղջիկն

է: Ափսոս, որ դուք այդպես էլ ոչինչ չհասկացաք: Երանի թե ձեր ասածները

իրականություն լինեին և ես ամուսնացած լինեի նրա հետ: (Արագ հագնում է

վերնաշապիկը: Մտածելով): Գիտե՞ք, բայց դուք ինձ հետաքրքիր միտք տվեցիք:

Իմ սիրելի պապիկի հոգին կխաղաղվի, երբ ինձ այս կյանքում երջանիկ տեսնի:

Դա նրա վերջին ցանկությունն էր: (Ուզում է դուրս վազել: Ջուլիաննան Ալեքսին

ետ է պահում):

ՋՈՒԼԻԱՆՆԱ – Այդ ո՞ւր եք փախնում:

ԱԼԵՔՍ – Ես չեմ փախնում… Ես գնում եմ փնտրելու իմ երջանկությունը: Գնում եմ

գտնեմ ձեր աղջկան և ամուսնության առաջարկություն անեմ: Ես դա նրան ուզում

էի ասել, այն ժամանակ, երբ առաջին անգամ հանդիպեցի փողոցում: Պարզապես

ամեն անգամ համարձակությունս չէր հերիքում: Նա փրկեց իմ կյանքը, իսկ ես էլ

նրա կյանքը կլցնեմ սիրո փրկությամբ: (Դուրս է վազում):

ՋՈՒԼԻԱՆՆԱ (ձայնելով) – Սպասի՜ր, այ կենդանացած դիակ… (Դուրս է վազում):

ՂԵՎՈՆԴ (մենակ) – Չհասկացա՜… Ես հիմա պիտի աղոթեմ Վոլոդյա պապիկի հոգու

համա՞ր, թե՞ նորապսակների երջանիկ ապագայի: (Գոռալով): Սպասե՜ք…

(Մոտենում է սեղանին: Սեղանից վերցնում է մի քանի հատ կոնֆետ):

(Դնում է ծոցագրպանը: Ձայնելով): Սպասե՜ք… Առանց ինձ ի՞նչ հարսանիք…

(Դուրս է վազում):

Վարագույրն իջնում է


ՎԵՐՋ
























12345678910111213141516171819202122232425262728293031323334
    Դիտվել է 710 անգամ
    1