Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Որսացել է առանց նախնական «բեմադրության»...

10.07.2017


Այսօր, հոկտեմբերի 7-ին, Մոսկվայի Մարիա Երմոլովայի տուն թանգարանում բացվել է Միխայիլ Գուտերմանի «Մեր ժամանակի թատրոնը» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Այդ մասին ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ցուցադրանքում տեղ է գտել լուսանկարչի 40 տարվա կատարած աշխատանքների ընտրանին:

Հազարավոր նկարները, որոնք Գուտերմանը կատարել է այդ 4 տասնամյակների ընթացքում ներկայացնում են ռուսական և օտարերկրյա թատրոնների առօրյան ու աշխատանքները՝ բեմադրությունների փորձերը, անդրկուլիսյան պատկերներ, փոքրիկ պատմություններ, անկեղծ, ոչ շինծու զգացմունքներ, որոնք լուսանկարիչը որսացել է առանց նախնական «բեմադրության»...

«Ես սովորական թատերական թղթակից եմ: Ես ձգտում եմ լուսանկարել այնպես, որպեսզի նրանք չտեսնեն, որ նկարում եմ, կամ էլ խնդրում եմ այնպիսի տեսք ընդունել, ասես ինձ չեն տեսնում»,- իր արվեստի գլխավոր նրբերանգներից մեկը բացահայտել է լուսանկարիչը:

Ավելացնենք, որ Գուտերմանը համարվում է մոսկովյան թատրոնների տարեգիրը: Նրա լուսանկարչական արխիվը ներառում Է Ռուսաստանի մայրաքաղաքի թատերական կյանքի ու արտիստների մասին անգնահատելի հարուստ տեղեկատվություն:
    Դիտվել է 808 անգամ